Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ /1-25 ՀՈԴ ...

28.02.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.06.1996  -ից մինչեւ   28.02.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 05.02.99թ թիվ ՀՕ-284 օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
30 ապրիլի 1996 թ.

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հանրապետության Նախագահի ընտրության հիմունքները

 

i

Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

i

Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով:

i

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:

 

Հոդված 2. Ընտրական համակարգը

 

Հանրապետության Նախագահի ընտրության ժամանակ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը համարվում է մեկ մեծամասնական ընտրատարածք:

Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացնելու համար հանրապետության տարածքը բաժանվում է մարզային, Երևանի քաղաքային և համայնքային ընտրական տարածքների:

Համայնքի տարածքը բաժանվում է հերթական համարակալմամբ ընտրական տեղամասերի:

Ընտրական տեղամասեր կազմակերպվում են նաև արտասահմանում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում:

Յուրաքանչյուր ընտրական տեղամասում ընտրողների թիվը չի կարող գերազանցել երեք հազարը: Եթե համայնքում ընտրողների թիվը պակաս է հազարից, ապա այդ ընտրական տարածքում ստեղծվում է մեկ ընտրական տեղամաս: Այն դեպքում, երբ համայնքն իր մեջ ընդգրկում է մեկից ավելի բնակավայր, ապա մարզային ընտրական հանձնաժողովը կարող է սահմանել նաև տեղամասեր ընտրողների այլ թվաքանակով:

 

Հոդված 3. Ընտրական իրավունքը

 

Հանրապետության Նախագահ ընտրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները:

Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:

Հանրապետության Նախագահի ընտրությանը քաղաքացիները մասնակցում են անմիջականորեն, կամքի ազատ արտահայտմամբ: Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք:

i

Կալանքի տակ գտնվող անձանց ընտրելու և ընտրվելու իրավունքը կասեցվում է մինչև կալանքից նրանց ազատվելը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի որևէ սահմանափակում, բացի օրենքով նախատեսված դեպքերից, արգելվում է և հետապնդվում է օրենքով:

 

Հոդված 4. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը

 

Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները), կուսակցությունների միավորումները և ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 5. Ընտրության նախապատրաստման և անցկացման հիմունքները

 

Հանրապետության Նախագահի ընտրությունը նախապատրաստվում և անցկացվում է Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված կարգով:

Հանրապետության Նախագահի ընտրությունը նախապատրաստում և անցկացնում են կենտրոնական, մարզային, Երևանի քաղաքային, համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները: Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովն իրականացնում է մարզային ընտրական հանձնաժողովի համար սահմանված լիազորությունները:

Ընտրության նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող միասնական հիմնադրամից, որը ձևավորվում է պետական միջոցներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր մուծումներից, ինչպես նաև ընտրական գրավից:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական ձեռնարկությունները և կազմակերպությունները ընտրական հանձնաժողովներին պարտավոր են տրամադրել շենքեր և անհրաժեշտ գույք, նպաստել ընտրության նախապատրաստմանն ու անցկացմանը:

Ընտրական հանձնաժողովների` իրենց իրավասության շրջանակներում ընդունած որոշումները պարտադիր են պետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների համար:

 

Հոդված 6. Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական հիմնադրամը

 

Հանրապետության Նախագահի թեկնածուները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործել անձնական և իրենց նախընտրական հիմնադրամում առկա միջոցները:

Հանրապետության Նախագահի թեկնածուն նախընտրական քարոզչությունը կազմակերպելու համար իր կամ լիազորված անձի անունով կարող է ստեղծել թեկնածուի նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց (բացի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, պետական մասնակցությամբ ձեռնարկությունների) կամավոր մուծումներից, բայց ոչ ավելի յուրաքանչյուր ֆիզիկական անձի համար 100.000 դրամից, իսկ իրավաբանական անձի համար` 1.000.000 դրամից: Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվարկային հաշիվը բացվում է նույն բանկում, որտեղ բացված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրության միասնական հիմնադրամի հաշվարկային հաշիվը:

Ընտրությունից ոչ ուշ, քան երկու ամիս հետո, թեկնածուները կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացնում իրենց նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների ծախսումների մասին հայտարարագիր, որը հրապարակվում է մամուլում:

Հանրապետության Նախագահ ընտրվելու, ինչպես նաև թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ ստանալու դեպքերում նշված թեկնածուների ընտրական գրավը ետ է վերադարձվում, իսկ ընտրությունից հետո նրանց նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո երկամսյա ժամկետում թեկնածուի հայեցողությամբ փոխանցվում են այն կուսակցության (կուսակցությունների) հաշվին, որի առաջադրմամբ նա գրանցվել է, կամ օգտագործվում են բարեգործական նպատակներով: Երկամսյա ժամկետը լրանալուց հետո թեկնածուների նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

Թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից պակաս ձայներ ստանալու դեպքում Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական հիմնադրամում ընտրությունից հետո մնացած միջոցները և ընտրական գրավը փոխանցվում են պետական բյուջե:

Ընտրությունն անվավեր ճանաչելու դեպքում թեկնածուների ընտրական գրավը ետ է վերադարձվում, իսկ նրանց նախընտրական հիմնադրամում ընտրությունից հետո մնացած միջոցները սառեցվում են մինչև նոր ընտրության համար թեկնածուների գրանցումը: Նոր ընտրության համար կրկին գրանցված թեկնածուները կարող են օգտագործել նախորդ ընտրության ժամանակ ստեղծած իրենց հիմնադրամներում մնացած միջոցները: Եթե նոր ընտրության ժամանակ թեկնածուն չի գրանցվել, ապա նրա հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

 

Հոդված 7. Հանրապետության Նախագահի ընտրության նախապատրաստման և անցկացման հրապարակայնությունը

 

Ընտրական հանձնաժողովները կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ընտրողներին տեղեկացնում են իրենց կազմի, գտնվելու վայրի, աշխատաժամերի, ինչպես նաև ընտրության նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման հետ կապված գործունեության մասին:

Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում իրավունք ունեն ներկա գտնվել թեկնածուների վստահված անձինք, հավատարմագրված օտարերկրյա դիտորդները և լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Ընտրական հանձնաժողովները թեկնածուների վստահված անձանց, հավատարմագրված օտարերկրյա դիտորդների և լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկայության համար ապահովում են հավասար պայմաններ:

Թեկնածուի վստահված անձը, հավատարմագրված օտարերկրյա դիտորդներն ու լրատվության միջոցների ներկայացուցիչներն իրավունք ունեն անարգել ծանոթանալ ընտրական հանձնաժողովների որոշումներին և արձանագրություններին, անել քաղվածքներ:

 

ԳԼՈՒԽ 2.
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

i
Հոդված 8. Ընտրական հանձնաժողովների կազմավորումը և նրանց աշխատանքների կազմակերպումը

 

Ընտրական հանձնաժողովների կազմավորման, նրանց կազմում փոփոխություններ կատարելու և աշխատանքները կազմակերպելու հետ կապված հարցերը կարգավորվում են սույն օրենքով և «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության կազմակերպումը և վերահսկողությունն իրականացնող մարմին է, որը`

1) տնօրինում է ընտրության միասնական հիմնադրամի միջոցները, դրանք բաշխում ըստ հանձնաժողովների, վերահսկում է ընտրական հանձնաժողովներին շենքերով և կահավորանքով, այլ անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովելը.

2) ընդունում և հրապարակում է ընտրության նախապատրաստման, կազմակերպման և անցկացման, քվեարկության արդյունքների ամփոփման համար անհրաժեշտ միջոցառումների և դրանց իրականացման կարգի վերաբերյալ օրենքին չհակասող հրահանգներ և որոշումներ, վերահսկում դրանց կատարման ընթացքը.

3) վերահսկում է պետական լրատվական միջոցների կողմից Հանրապետության Նախագահի թեկնածուներին, նրանց առաջադրած կուսակցություններին (կուսակցությունների միավորումներին) և նախաձեռնող խմբերին նախընտրական քարոզչության` սույն օրենքով սահմանված հնարավորությունների ապահովումը.

4) սահմանում է ընտրական փաստաթղթերի, քվեաթերթիկների, քվեատուփերի և կտրոնների արկղերի ձևերը, կնիքների նմուշները, փաստաթղթերի լրացման և դրանց պահպանման կարգը.

5) սահմանում է յուրաքանչյուր մարզային ընտրական հանձնաժողովի հերթական համարը.

6) լսում է ընտրական հանձնաժողովների և համապատասխան պետական մարմինների հաղորդումներն ընտրության նախապատրաստման և անցկացման հետ կապված հարցերի մասին.

7) փոխում է քվեարկության տեղը` քվեարկության անցկացումը տեխնիկապես անհնարին լինելու դեպքում.

8) ապահովում է մարզային ընտրական հանձնաժողովներին անհրաժեշտ ընտրական փաստաթղթերով.

9) քննարկում է ստորադաս ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումներն ու գանգատները, վերանայում կամ վերացնում օրենքին հակասող նրանց որոշումները.

10) գրանցում է Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրող կուսակցություններին (կուսակցությունների միավորումներին) և նախաձեռնող խմբերին.

11) սահմանում է ժամկետային զինծառայության մեջ գտնվող և ուսումնավարժական հավաքներ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու և այդ ցուցակներով քվեարկություն անցկացնելու կարգը.

12) գրանցում և վկայականներ է տալիս Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված անձանց, օրենքով նախատեսված դեպքերում մերժում, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում նրանց գրանցումը, գրանցում և վկայականներ է տալիս Հանրապետության Նախագահի թեկնածուների վստահված անձանց.

13) կազմակերպում է Հանրապետության Նախագահի թեկնածուների կենսագրական տվյալների հրապարակումը.

14) ամփոփում և հաստատում է Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքները` մարզային ընտրական հանձնաժողովների կողմից ստացված տվյալների հիման վրա, ընտրությունից հետո մեկամսյա ժամկետում պաշտոնապես հրապարակում դրանք` ըստ մարզերի և համայնքների, օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում անվավեր կամ չկայացած է ճանաչում ընտրությունը, որոշում է կայացնում Հանրապետության Նախագահ ընտրվելու կամ չընտրվելու մասին.

15) հավատարմագրում է լրատվության միջոցների ներկայացուցիչներին և օտարերկրյա դիտորդներին.

16) ընտրում և ետ է կանչում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալին և քարտուղարին.

17) դիմում է համապատասխան իրավասու պետական մարմիններին` սույն օրենքի խախտման դեպքերում.

18) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 10. Մարզային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

Մարզային ընտրական հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում մարզում ստորադաս ընտրական հանձնաժողովների կողմից սույն օրենքի կատարման նկատմամբ.

2) կազմավորում է համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներ և փոփոխություններ կատարում դրանց կազմում.

3) տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացմամբ հաստատում է տեղամասերը` նշելով վերջիններիս քվեարկության վայրը (տեղամասի կենտրոնը).

4) սահմանում է տեղամասերի հերթական համարները` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան.

5) համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով, ընտրական փաստաթղթերով, սահմանված կարգով կազմակերպում է ընտրության նախապատրաստման և անցկացման անհրաժեշտ միջոցառումներ, վերահսկում դրանց կատարման ընթացքը, ինչպես նաև համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ապահովումը շենքերով, կահավորանքով, տրանսպորտով, էլեկտրական հոսանքով և այլ անհրաժեշտ միջոցներով.

6) հետևում է համապատասխան հանձնաժողովներին ընտրողների ցուցակների հատկացմանը, համընդհանուր ծանոթացման համար դրանց ներկայացմանը.

7) քննարկում է ստորադաս ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումներն ու գանգատները, վերանայում կամ վերացնում է ստորադաս ընտրական հանձնաժողովների` օրենքին հակասող որոշումները.

8) պարզում և ամփոփում է քվեարկության արդյունքները մարզում և դրանք ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով, սույն օրենքով նախատեսված դեպքում` անցկացնում ստուգումներ.

9) ընտրում և ետ է կանչում մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալին և քարտուղարին.

10) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 11. Համայնքային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

Համայնքային ընտրական հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից սույն օրենքի կատարման նկատմամբ.

2) քննարկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումներն ու գանգատները, վերանայում կամ վերացնում է օրենքին հակասող նրանց որոշումները (բացառությամբ քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումների).

3) հետևում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընտրողների ցուցակների կազմմանը, կազմում է ընտրողների ցուցակներն ըստ տեղամասերի և հանձնում դրանք տեղամասային ընտրական հանձնաժողովներին, հետևում վերջիններիս կողմից համընդհանուր ծանոթացման համար այդ ցուցակների ներկայացմանը.

4) ապահովում է քվեարկության շենքերի, խցիկների, քվեատուփերի համար անհրաժեշտ այլ միջոցների նախապատրաստումը.

5) կազմում է կտրոնների հաշվման արձանագրությունը և այն ներկայացնում մարզային ընտրական հանձնաժողով.

6) ընտրում և ետ է կանչում համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալին և քարտուղարին.

7) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 12. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովը`

1) ապահովում է ընտրողների ցուցակներին ազատ ծանոթանալու հնարավորությունը.

2) ընդունում և քննարկում է ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ գանգատները և լուծում դրանցում փոփոխություններ կատարելու հարցը.

3) ընտրողներին տեղեկացնում է տեղամասային կենտրոնի գտնվելու վայրի, ընտրության օրվա, հանձնաժողովի աշխատաժամերի մասին.

4) կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում դրա արդյունքները տեղամասում և այն ներկայացնում համայնքային ընտրական հանձնաժողով.

5) ընտրում և ետ է կանչում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալին և քարտուղարին.

6) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 13. Ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների գանգատարկման կարգը

 

i

Ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները, բացի քվեարկության արդյունքների և կտրոնների հաշվման ամփոփման վերաբերյալ որոշումներից և գործողություններից, կարող են գանգատարկվել վերադաս ընտրական հանձնաժողով կամ դատարան:

Քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումները և կտրոնների հաշվման վերաբերյալ համայնքային ընտրական հանձնաժողովների որոշումները գանգատարկվում են մարզային ընտրական հանձնաժողով, իսկ քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ մարզային ընտրական հանձնաժողովների որոշումները` կենտրոնական ընտրական հանձնաժողով:

i

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները (բացառությամբ ընտրության արդյունքների վերաբերյալ որոշումների) և գործողությունները կարող են գանգատարկվել գերագույն դատարան, որը կոլեգիալ կարգով կայացնում է վերջնական որոշումներ:

i

Ընտրության արդյունքների հետ կապված վեճերը լուծում է Սահմանադրական դատարանը:

 

ԳԼՈՒԽ 3.
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 14. Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը

 

Հանրապետության Նախագահի թեկնածու կարող են առաջադրել կուսակցությունները (կուսակցությունների միավորումները) և ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` քաղաքացիական նախաձեռնության կարգով:

Կուսակցությունը (կուսակցությունների միավորումը) Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքն իրականացնում է իր բարձրագույն մարմնի համապատասխան որոշումը (կուսակցությունների միավորման ղեկավար մարմնի որոշումը), իսկ քաղաքացիները` քաղաքացիական նախաձեռնությունը համապատասխան նախաձեռնող խմբի կողմից կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու և որպես առաջադրող գրանցվելու միջոցով:

Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության բարձրագույն մարմնի որոշումը (կուսակցությունների միավորման ղեկավար մարմնի որոշումը) պարտադիր պետք է պարունակի առաջադրվող թեկնածուի վերաբերյալ սույն հոդվածով սահմանված տվյալները: Կուսակցության (կուսակցությունների միավորման) մշտապես գործող ղեկավար մարմինը կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցելու համար ներկայացնում է ոչ ավելի քան երկու լիազոր ներկայացուցչի տվյալներ:

Ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կենտրոնական ընտրական հանձնաժողովից կարող է ստանալ քաղաքացիական նախաձեռնության իրականացման համար անհրաժեշտ պաշտոնաթերթիկներ:

Քաղաքացիական նախաձեռնությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցելու համար ներկայացվում են`

1) նախաձեռնող խմբի մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված անհրաժեշտ տեղեկություններ.

2) քաղաքացիական նախաձեռնությունը պաշտպանող առնվազն 1000 ընտրողի ստորագրություն պարունակող, Հանրապետության Նախագահի թեկնածուի սահմանված կարգով լրացված առաջադրման պաշտոնաթերթիկներ.

3) նախաձեռնող խմբի ոչ ավելի քան երկու լիազոր ներկայացուցչի տվյալներ:

Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման յուրաքանչյուր պաշտոնաթերթիկ իր մեջ ընդգրկում է Հանրապետության Նախագահի թեկնածուի վերաբերյալ սույն հոդվածով սահմանված տվյալները: Քաղաքացիական նախաձեռնությունը պաշտպանող յուրաքանչյուր ընտրող առաջադրման պաշտոնաթերթիկներում ստորագրում է անձամբ:

Յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների միավորում) կամ նախաձեռնող խումբ իրավունք ունի առաջադրելու Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու:

Կուսակցությունների և նախաձեռնող խմբերի կողմից Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում սույն օրենքով սահմանված ժամկետում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, հավաստիանալով կուսակցության (կուսակցությունների միավորման) բարձրագույն մարմնի որոշման վավերականության մեջ կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով նախաձեռնող խմբի կողմից ներկայացված առնվազն 1000 ստորագրությունների վավերականության մեջ, կուսակցությանը (կուսակցությունների միավորմանը) կամ նախաձեռնող խմբին` ի դեմս կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված նրանց լիազոր ներկայացուցիչների, առաջադրումը պաշտպանելու ժամկետից մեկ օր առաջ հանձնում է Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները` պարտադիր նշելով ստացող լիազոր ներկայացուցչի ազգանունը, անունը և տվյալ անձին որպես լիազոր ներկայացուցիչ գրանցելու հիմքը: Քաղաքացիական նախաձեռնության կարգով նախաձեռնող խմբի կողմից առաջադրման պաշտոնաթերթիկներում ներկայացված ստորագրությունների վավերականությունը ստուգվում է սույն օրենքի 16 հոդվածով սահմանված կարգով:

Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը կազմակերպող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների միավորում) կամ նախաձեռնող խումբ ինքն է որոշում այն անձանց, ում վստահում է առաջադրումը պաշտպանելու համար ստորագրություններ հավաքելը` նրանց տալով վկայագիր:

Հանրապետության Նախագահի թեկնածուն համարվում է առաջադրված, եթե նրա առաջադրումը պաշտպանել են առնվազն 25 հազար ընտրող` իրենց ստորագրություններով:

Թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկում յուրաքանչյուր ընտրող ստորագրում է անձամբ:

Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման փաստաթղթերում և առաջադրումը պաշտպանելու յուրաքանչյուր պաշտոնաթերթիկում առաջադրողի կողմից նշվում է թեկնածուի ազգանունը, անունը, ծննդյան տարեթիվն ու ամիս-ամսաթիվը, բնակության վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը), կուսակցական պատկանելությունը:

 

Հոդված 15. Թեկնածուների գրանցումը

 

Հանրապետության Նախագահի յուրաքանչյուր թեկնածու կարող է գրանցվել մեկ կուսակցության (կուսակցությունների միավորման) կամ մեկ նախաձեռնող խմբի առաջադրմամբ:

Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման փաստաթղթերն ընդունվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որը քննարկում է նրանց գրանցման հարցը, եթե առաջադրումը պաշտպանելու համար սույն օրենքով սահմանված ժամկետում ներկայացվել են`

1) թեկնածուի առաջադրումը պաշտպանելու համար սույն օրենքի 15 հոդվածի պահանջներով լրացված փաստաթղթերը.

2) թեկնածուի կողմից ընտրության միասնական հիմնադրամի հաշվին երկու միլիոն դրամ ընտրական գրավ մուծելու անդորրագիրը.

3) տեղեկանք վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.

4) տեղեկանք վերջին տասը տարում թեկնածուի բնակության վայրի մասին.

5) վերջին մեկ տարում թեկնածուի եկամուտների հայտարարագիրը.

6) որոշակի կուսակցության (կուսակցությունների միավորման) կամ նախաձեռնող խմբի առաջադրմամբ գրանցվելու համաձայնության մասին թեկնածուի գրավոր հայտարարությունը, որը ներկայացվում է անձամբ կամ օրենսդրությամբ սահմանված կարգով` իր կողմից լիազորված անձի միջոցով:

Եթե Հանրապետության Նախագահի առաջադրված թեկնածուն գտնվում է կալանքի տակ, ապա սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են ընտրությունից 60 օր առաջ: Այդ փաստաթղթերը ներկայացնելիս գրավոր հայտարարություն է ներկայացվում առաջադրված թեկնածուի կալանքի տակ գտնվելու մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստաթղթերը ստանալուց անմիջապես հետո դիմում է գերագույն դատարան` կալանքի տակ գտնվող Հանրապետության Նախագահի առաջադրված թեկնածուի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ: Գերագույն դատարանը եռօրյա ժամկետում կոլեգիալ կարգով վերջնական որոշում է կայացնում նշված հարցի վերաբերյալ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված անձանց գրանցման հարցը քննարկում է, եթե գերագույն դատարանը որոշում է կայացրել խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ:

Հանրապետության Նախագահի առաջադրված թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունվելուց հետո, մինչև առաջադրված թեկնածուի գրանցումը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով իրավունք ունի մասնակցել առաջադրված թեկնածուն կամ նրա կողմից լիազորված անձը:

Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է, եթե`

1) թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում սույն օրենքի 16 հոդվածով սահմանված կարգով ստուգման հետևանքով վավերական ստորագրությունների թիվը պակաս է 25 հազարից.

2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են ակնհայտ կեղծիքներ.

3) թեկնածուի վրա տարածվում են Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված անձի գրանցումը մերժում է հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով:

Հանրապետության Նախագահի առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավը ետ է վերադարձվում:

Թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց համաձայն թեկնածուի վրա տարածվում են Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները:

Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում նրա ընտրական գրավը և նախընտրական հիմնադրամում առկա միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

i

Թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում կարող է գանգատարկվել գերագույն դատարան:

i

Գանգատը ստանալուց հետո գերագույն դատարանը կոլեգիալ կարգով հնգօրյա ժամկետում կայացնում է վճիռ, որը վերջնական է:

Թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անօրինական ճանաչելու մասին գերագույն դատարանի որոշման հիման վրա անձը ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու:

i

Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցված անձը ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից և ուսումնավարժական հավաքներից:

i

Հանրապետության Նախագահի առաջադրված թեկնածուի գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունվելուց, ինչպես նաև նրա գրանցումից հետո, նշված անձը դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ որոշումը վերջնական է:

i

Հանրապետության Նախագահի առաջադրված թեկնածուի գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունվելուց, ինչպես նաև նրա գրանցումից հետո, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կարող է կիրառվել միայն գերագույն դատարանի որոշմամբ: Գերագույն դատարանը նշված հարցի վերաբերյալ կոլեգիալ կարգով եռօրյա ժամկետում կայացնում է վերջնական որոշում: Հանրապետության Նախագահի գրանցված թեկնածուի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում թեկնածուի գրանցումը ճանաչվում է ուժը կորցրած և նրա ընտրական գրավը ետ է վերադարձվում, իսկ նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

Թեկնածուների գրանցման մասին հաղորդագրությունը հրապարակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

Հոդված 16. Թեկնածուի առաջադրման և նրա առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում ընտրողների ստորագրությունների վավերականության ստուգման կարգը

 

Թեկնածուի առաջադրման և առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներն իրենցից ներկայացնում են համարակալված գրքույկներ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է տպարանային եղանակով 500 համարակալված տող` ընտրողների ազգանվան, անվան, բնակության վայրի, անձնագրի համարի և ստորագրության համար: Առաջադրման և առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկի յուրաքանչյուր էջում նշվում է գրքույկի համարը:

Առաջադրման պաշտոնաթերթիկի յուրաքանչյուր էջի վերջում նախատեսվում է առանձին տող` կենտրոնական ընտրական հանձնաժողովից առաջադրման պաշտոնաթերթիկները ստացող ընտրողի ստորագրության համար:

Առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկների յուրաքանչյուր էջի վերջում նախատեսվում է առանձին տող` ստորագրությունները հավաքող պատասխանատու անձի ստորագրության համար: Առաջադրումը պաշտպանելու յուրաքանչյուր պաշտոնաթերթիկի վերջում նախատեսվում է առանձին տող` ստորագրությունները հավաքող պատասխանատու անձի ազգանվան, անվան, մշտական բնակության վայրի, անձնագրի համարի և ստորագրության համար:

Յուրաքանչյուր ընտրող քաղաքացիական նախաձեռնությունն իրականացնելու համար կարող է ստանալ 3 առաջադրման պաշտոնաթերթիկ: Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների միավորման) կամ նախաձեռնող խմբի լիազորված անձանց տրվում է առաջադրումը պաշտպանելու 80 պաշտոնաթերթիկ:

Անվավեր են համարվում կեղծված կամ ընտրելու իրավունք չունեցող անձին պատկանող ստորագրությունները, ինչպես նաև այն ընտրողների ստորագրությունները, որոնց տվյալները պաշտոնաթերթիկում սխալ են լրացված:

Ստորագրությունների վավերականությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը ճշտում է յուրաքանչյուր պաշտոնաթերթիկում ստորագրությունների փաստացի քանակի երկու տոկոսի ընտրանքային ստուգման միջոցով: Այդ նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը`

1) վիճակահանության` իր սահմանած կարգով ստանում է տվյալ պաշտոնաթերթիկում ստորագրությունների փաստացի քանակի երկու տոկոսը կազմող ստորագրությունների համարները: Վիճակահանության ժամանակ օգտագործվում է տվյալ պաշտոնաթերթիկում առկա ստորագրությունների համարների թվային շարքը: Արձանագրությամբ ամրագրվում են յուրաքանչյուր պաշտոնաթերթիկի ստուգման ենթակա ստորագրությունների համարները` համապատասխան ընտրողի տվյալներով.

2) իր կողմից սահմանված կարգով ստուգում և հայտնաբերված անվավեր ստորագրությունների մասին կազմում է արձանագրություն` նշելով համապատասխան գրքույկի համարը, ստորագրությունների համարները և ընտրողի տվյալները.

3) ստորագրությունների ընդհանուր թվի երկու տոկոս կազմող ստորագրությունների քանակում վավերական և անվավեր ստորագրությունների հարաբերակցությունը համամասնորեն տարածում է տվյալ թեկնածուի առաջադրման կամ առաջադրումը պաշտպանելու համար ներկայացված ստորագրությունների ընդհանուր թվի վրա` ստանալով ստորագրությունների ընդհանուր թվում վավերական և անվավեր ստորագրությունների քանակը: Ստուգման արդյունքների մասին կազմվում է արձանագրություն:

Թեկնածուի կամ նրա լիազորված անձի պահանջով նրան անմիջապես տրվում են ստորագրությունների վավերականության ստուգման վերաբերյալ բոլոր արձանագրությունների պատճենները:

 

Հոդված 17. Թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

 

Թեկնածուն կարող է հանել իր թեկնածությունը` հրաժարականի մասին դիմում ներկայացնելով կենտրոնական ընտրական հանձնաժողով ոչ ուշ, քան քվեարկությունից հինգ օր առաջ: Երկրորդ փուլում թեկնածուի կողմից իր թեկնածությունը հանելու դեպքում նրա փոխարեն քվեարկության երկրորդ փուլին մասնակցում է առաջին փուլում հաջորդ առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ եթե այդպիսին չկա, ապա երկրորդ փուլում քվեարկվում է մեկ թեկնածու:

Հրաժարականի մասին դիմումի հիման վրա թեկնածուի գրանցումը ուժը կորցրած է ճանաչվում և նրա ընտրական գրավը ետ է վերադարձվում, իսկ թեկնածուի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները հրաժարականի մասին դիմումը ներկայացնելուց հետո երկամսյա ժամկետում օգտագործվում են բարեգործական նպատակներով` թեկնածուի հայեցողությամբ: Երկամսյա ժամկետը լրանալուց հետո հրաժարականի մասին դիմում տված թեկնածուի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

Թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում նրա մահվան, ինչպես նաև սույն օրենքի 15 հոդվածի տասնհինգերորդ մասով կամ 19 հոդվածի տասներորդ մասով նախատեսված դեպքում: Եթե նշված դեպքերի հետևանքով թեկնածուի գրանցումը ճանաչվել է ուժը կորցրած երկրորդ փուլի քվեարկությունից ոչ ուշ, քան հինգ օր առաջ, ապա երկրորդ փուլին մասնակցում է առաջին փուլում հաջորդ առավել կողմ ձայներ ստացած թեկնածուն, իսկ եթե այդպիսին չկա, ապա երկրորդ փուլում քվեարկվում է մեկ թեկնածու: Եթե նշված դեպքի հետևանքով թեկնածուի գրանցումը ճանաչվել է ուժը կորցրած երկրորդ փուլի քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում, ապա քվեարկվում է մեկ թեկնածու:

Եթե թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել մահվան, ինչպես նաև սույն օրենքի 19 հոդվածի տասներորդ մասով նախատեսված դեպքում, ապա նրա ընտրական գրավը և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

 

Հոդված 18. Վստահված անձինք

 

Գրանցումից հետո թեկնածուի շահերը համապատասխան ընտրական հանձնաժողովներում ներկայացնելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով, թեկնածուի ներկայացմամբ, գրանցվում են երկուսից ոչ ավելի վստահված անձ` յուրաքանչյուր ընտրական հանձնաժողովի հաշվարկով: Վստահված անձանց տրվում է վկայական:

Վստահված անձինք ներկայացնում են թեկնածուի շահերը պետական և այլ մարմինների հետ փոխհարաբերություններում, իրավունք ունեն ներկա գտնվել համապատասխան ընտրական հանձնաժողովների նիստերին:

Հանձնաժողովի նիստին կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ:

Վստահված անձի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը և նոր անձի գրանցումն իրականացվում է թեկնածուի դիմումի հիման վրա:

Վստահված անձինք համապատասխան ընտրական հանձնաժողովների նիստերում ունեն խորհրդակցական ձայնի իրավունք:

Վստահված անձը չի կարող լինել որևէ ընտրական հանձնաժողովի անդամ:

 

Հոդված 19. Նախընտրական քարոզչությունը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հանրապետության Նախագահի թեկնածուները, կուսակցությունները (կուսակցությունների միավորումները) և նախաձեռնող խմբերն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում իրականացնել անարգել քարոզչություն առաջադրված թեկնածուների օգտին կամ դեմ:

Իրավապահ մարմինները, զորամասերը, զինվորական կազմակերպությունները, ընտրական հանձնաժողովների անդամներն իրավունք չունեն Հանրապետության Նախագահի թեկնածուների օգտին կամ դեմ քարոզչություն իրականացնել:

Ընտրական հանձնաժողովներին հատկացված շենքերում քարոզչությունը կամ այդ նպատակներով միջոցառումներ կազմակերպելն արգելվում է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրության միասնական հիմնադրամի միջոցների սահմաններում ապահովում է Հանրապետության Նախագահի թեկնածուների, նրանց առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների միավորումների) և նախաձեռնող խմբերի համար պետական լրատվության միջոցներից անվճար օգտվելու հավասար հնարավորություններ:

Պետական ռադիոյով և մամուլով Հանրապետության Նախագահի թեկնածուների, նրանց առաջադրող կուսակցությունների (կուսակցությունների միավորումների) կամ նախաձեռնող խմբերի անվճար նախընտրական քարոզչությունն իրականացվում է հավասար հիմունքներով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ծավալով:

Հանրապետության Նախագահի թեկնածուները իրավունք ունեն հավասար հիմունքներով օգտվել 90-ական րոպե տևողությամբ անվճար հեռուստատեսային ուղիղ եթերաժամից: Հանրապետության Նախագահի թեկնածուի համաձայնությամբ այդ եթերաժամից կարող է օգտվել նրան առաջադրած կուսակցությունը (կուսակցությունների միավորումը) կամ նախաձեռնող խումբը:

Հանրապետության Նախագահի թեկնածուները, նրանց առաջադրած կուսակցությունները (կուսակցությունների միավորումները) կամ նախաձեռնող խմբերը կարող են օգտվել պետական լրատվության միջոցներից թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին նաև վճարովի հիմունքներով` հեռուստաեթերով հանդես գալու համար, բայց ոչ ավելի, քան 180 րոպե, իսկ ռադիոյով և մամուլով` ոչ ավելի, քան կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված անվճար ծավալի կրկնապատիկը:

Կուսակցությունները (կուսակցությունների միավորումները), նախաձեռնող խմբերը, Հանրապետության Նախագահի թեկնածուներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կազմակերպել հանրահավաքներ, երթեր, հանդիպումներ ընտրողների հետ և զանգվածային այլ միջոցառումներ:

Կուսակցությունները (կուսակցությունների միավորումները), նախաձեռնող խմբերը, Հանրապետության Նախագահի թեկնածուներն իրավունք ունեն անարգել տպագրել և տարածել պաստառներ, թերթիկներ, քարոզչական բնույթի այլ տպագիր նյութեր:

i

Նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուներին արգելվում է անձամբ կամ իրենց անունից այլ անձանց միջոցով, ընտրողներին զանգվածաբար հատկացնել դրամ, սննդամթերք, ապրանքներ կամ այլ նվերներ: Այդ փաստի կապակցությամբ դիմումը գերագույն դատարանը կոլեգիալ կարգով քննարկում և հնգօրյա ժամկետում վերջնական որոշում է կայացնում փաստի առկայության մասին: Գերագույն դատարանի կողմից այդ փաստի հաստատման դեպքում թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում:

Նախընտրական քարոզչությունը սկսվում է ընտրության օրվանից 30 օր առաջ:

Քվեարկության օրն արգելվում են քարոզչությունը, ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր կազմակերպելը, տեղամասային կենտրոնի շուրջ մարդկանց խմբերով հավաքվելը:

 

ԳԼՈՒԽ 4.
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

Հոդված 20. Ընտրողների ցուցակները

 

Ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Համայնքում տեղական ինքնակառավարման մարմինները (Երևան քաղաքում, մինչև թաղային համայնքների կազմավորումը, Երևանի քաղաքապետարանը) կազմում են Հանրապետության Նախագահի ընտրության ընտրողների ցուցակ, որում ընդգրկվում են համայնքում մշտապես բնակվող, ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Համայնքային ընտրական հանձնաժողովները կազմում են ընտրողների ցուցակներն ըստ տեղամասերի և հատկացնում դրանք տեղամասային ընտրական հանձնաժողովներին երեք օրինակից: Յուրաքանչյուր ընտրող ընդգրկվում է միայն մեկ ընտրական տեղամասի ցուցակում:

Ընտրողների ցուցակներում, ըստ բնակության վայրի, հերթական համարների տակ լրացվում են ընտրողների ազգանունը, անունը, հասցեն, ծննդյան տարեթիվը (18 տարեկան ընտրողների ծննդյան տարեթվի դիմաց լրացվում է նաև ծննդյան ամիսը և ամսաթիվը):

i

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները Հանրապետության Նախագահի ընտրության ընտրողների ցուցակներում ընդգրկում են հյուպատոսական հաշվառման կանգնած ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

 

Հոդված 21. Ընտրողների ցուցակների հրապարակումը և դրանցում առկա անճշտությունների վերաբերյալ դիմումների քննարկման կարգը

 

Ընտրողների ցուցակները համընդհանուր ծանոթացման են ներկայացվում ընտրությունից առնվազն 15 օր առաջ:

i

Ցուցակում հայտնաբերված առանձին անճշտությունների վերաբերյալ գանգատները տեղամասային ընտրական հանձնաժողովը քննության է առնում երկօրյա ժամկետում, իսկ ընտրության նախորդ օրը` անհապաղ: Հանձնաժողովն անհրաժեշտ շտկումներ է կատարում ցուցակում կամ մերժում գանգատը` դիմողին հանձնելով որոշման պատճենը:

i

Քվեարկության օրը ցուցակներում փոփոխություններ կամ լրացումներ կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, եթե ընտրողը ներկայացնում է իր անձնագիրը` հաշվառման վերաբերյալ համապատասխան նշումով: Ընտրողների ցուցակում լրացումները կատարվում են հանձնաժողովի նախագահի կողմից լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով` յուրաքանչյուր ընտրողի անվան դիմաց հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ: Լրացուցիչ ցուցակում ընտրողների համարները շարունակում են հիմնական ցուցակի համարակալումը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի կամ նրա նախագահի որոշումները կարող են գանգատարկվել դատարան: Դատարանի որոշման հիման վրա ընտրողների ցուցակում շտկումը հանձնաժողովը կատարում է անհապաղ:

 

Հոդված 22. Քվեաթերթիկները

 

Քվեաթերթիկում այբբենական կարգով նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, կուսակցական պատկանելությունը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը), կուսակցության (կուսակցությունների միավորման) անվանումը, որի առաջադրմամբ, տվյալ թեկնածուն գրանցվել է, իսկ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրման դեպքում` «Քաղաքացիական նախաձեռնություն» բառերը:

Քվեաթերթիկն ունի իրենից հեշտությամբ անջատվող կտրոն, որը նախատեսված է տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով կնքելու, ընտրողի կողմից ստորագրելու և ընտրողների ցուցակում ընտրողի համարը նշելու համար:

 

Հոդված 23. Ընտրական փաստաթղթերի հանձնումը և ընդունումը ընտրական հանձնաժողովներում

 

Ընտրական փաստաթղթերն ընտրական հանձնաժողովներում հանձնվում և ընդունվում են գործավարության մատյաններում պարտադիր գրառմամբ, հանձնողի ու ընդունողի ստորագրություններով և ստացական տալու միջոցով փաստն արձանագրելով:

Քվեաթերթիկները հատկացվում են ընտրական հանձնաժողովներին` ընտրողների ցուցակային թվից 5 տոկոս ավելի քանակով:

Ընտրական բոլոր փաստաթղթերը քվեարկության արդյունքների ամփոփումից հետո հինգ օրվա ընթացքում մարզային ընտրական հանձնաժողովի միջոցով ուղարկվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապահովում է նշված փաստաթղթերի պահպանությունն ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո երկու ամսվա ընթացքում:

 

Հոդված 24. Քվեարկության տեղը և ժամանակը

 

Քվեարկությունն անցկացվում է ընտրության օրը, ժամը 8.00-ից մինչև 22.00-ն, տեղամասային կենտրոններում:

 

Հոդված 25. Քվեարկության կազմակերպումը և անցկացումը

 

Քվեարկությունը կազմակերպվում է տեղամասային կենտրոններում` հատուկ առանձնացված շենքերում, որտեղ գաղտնի քվեարկության համար պետք է կահավորված լինեն բավարար թվով խցիկներ` յուրաքանչյուր 500 ընտրողի հաշվով 1 խցիկ կամ 1 սենյակ, տեղադրված պետք է լինեն ընտրողների գրանցման և քվեաթերթիկների հատկացման աշխատանքային սեղաններ (յուրաքանչյուր 1000 ընտրողին առնվազն մեկ սեղան):

Քվեատուփը և կտրոնների արկղը պետք է տեղադրված լինեն տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց մեծ մասի համար տեսանելի տեղում:

Քվեարկության օրվանից երկու օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է այն վստահված անձանց ցուցակը (1 թեկնածու` 1 վստահված անձ սկզբունքով), որոնք նախօրոք գրավոր դիմել են քվեաթերթիկների վրա իրենց ստորագրություններով քվեաթերթիկների վավերականությունը հավաստելու ցանկությամբ: Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է նշված վստահված անձանց ստորագրությունների նմուշները: Վստահված անձինք քվեաթերթիկների վավերականությունն իրենց ստորագրությամբ հավաստում են հանձնաժողովի ներկայությամբ` միաժամանակ: Վստահված անձինք ստորագրում են քվեաթերթիկի հակառակ կողմի վրա: Դրանից անմիջապես հետո հանձնաժողովի նախագահը կնքում է քվեաթերթիկների կտրոնները հանձնաժողովի կնիքով: Կնիքը չպետք է դուրս գա կտրոնի սահմաններից: Քվեաթերթիկների վավերացումը տեղի է ունենում քվեարկության նախորդ օրը:

Նախքան քվեարկության սկսվելը հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում և արձանագրում է այն անդամներին, որոնք քվեարկության օրն իրականացնելու են ընտրողների գրանցումը (յուրաքանչյուր 1000 ընտրողին երկուական անդամ), քվեաթերթիկների հատկացումը (յուրաքանչյուր 1000 ընտրողին երկուական անդամ), կտրոնների վերահսկումը (երկու անդամ), ինչպես նաև որոշում է նրանց հերթափոխային աշխատանքի ժամակարգը:

Քվեարկության օրը հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ու քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում, փակում և կնքում է քվեատուփը, ինչպես նաև կտրոնների արկղը, որից հետո քվեաթերթիկների հաշված քանակությունը հանձնում է քվեաթերթիկների հատկացման համար պատասխանատու անձանց, իսկ ընտրողների ցուցակը` ընտրողների գրանցման համար պատասխանատու անձանց` համապատասխան գրանցում կատարելով գործավարության մատյանում:

Քվեարկության ներկայացած յուրաքանչյուր ընտրող գրանցվում է գրանցման համար հանձնաժողովի պատասխանատու անդամի մոտ գտնվող ցուցակում: Գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամը ստուգում է ընտրողի անձնագիրը, կամ անձնագրին փոխարինող այլ փաստաթուղթը, ընտրողների ցուցակում կամ լրացուցիչ ցուցակում գտնում է նրա անունը և հերթական համարը, լրացնում է ընտրողների ցուցակում անձնագրի կամ անձնագրին փոխարինող այլ փաստաթղթի տվյալները, որի դիմաց ընտրողը ստորագրում է:

Ընտրողներին քվեաթերթիկ հատկացնող հանձնաժողովի անդամն ընտրողին հանձնում է քվեաթերթիկը, կտրոնի վրա նշելով ընտրողի համարն ընտրողների ցուցակում: Ընտրողը ստորագրում է կտրոնի վրա:

Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի քվեարկության խցիկում կամ սենյակում:

Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի քվեարկության խցիկ կամ սենյակ հրավիրել այլ անձի, որը չի կարող լինել վստահված անձ կամ ընտրական հանձնաժողովի անդամ:

Բացի նշված դեպքից` քվեաթերթիկը լրացնելու, քվեարկության խցիկում կամ սենյակում որևէ այլ անձի ներկայությունն արգելվում է:

Քվեաթերթիկում ընտրողը նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմաց, որին կողմ է: Եթե ընտրողը դեմ է բոլոր թեկնածուներին, ապա նա նշում է կատարում թեկնածուների անուններից հետո գտնվող «բոլորին դեմ եմ» տողում:

Հանրապետության Նախագահի մեկ թեկնածուի քվեարկվելու դեպքում, ընտրողը նշում է կատարում «կողմ եմ» բառի դիմաց, եթե կողմ է քվեարկում, և «դեմ եմ» բառի դիմաց` եթե դեմ է քվեարկում:

Ընտրողը լրացված քվեաթերթիկը ծալված վիճակում քվեարկության խցիկից կամ սենյակից դուրս է բերում և, մոտենալով կտրոնների համար հանձնաժողովի պատասխանատու անդամին, նրա ներկայությամբ անջատում է կտրոնը քվեաթերթիկից և հանձնում կտրոնը նրան: Վերջինս հավաստիանալով, որ կտրոնի վրա առկա է ընտրական տեղամասի կնիքը, ընտրողի ստորագրությունը և ընտրողների ցուցակում նրա համարը, գցում է կտրոնը կտրոնների համար նախատեսված արկղի մեջ, որից հետո միայն բացում է քվեատուփի ճեղքը` հնարավորություն տալով ընտրողին քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ:

Քվեախցիկից դուրս եկած ընտրողը պարտավոր է քվեարկել:

i

Օտարերկրյա պետություններում հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հանրապետության Նախագահի ընտրությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում:

Ընտրությունից հինգ օր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ է ուղարկում Հանրապետության Նախագահի գրանցված թեկնածուների տվյալները: Դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ապահովում է քվեաթերթիկների պատրաստումը` սույն օրենքի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, սույն օրենքով սահմանված կարգով, նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում է ընտրությունը, ամփոփում քվեարկության արդյունքները, կազմում արձանագրություն, որի տվյալները պաշտոնական հեռագրով անհապաղ ուղարկում է կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նշված արձանագրությունը բոլոր ընտրական փաստաթղթերի հետ զմռսված վիճակում հատուկ փոստով ուղարկում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Զորամասերում և հիվանդանոցներում տեղամասային կենտրոններ չեն ստեղծվում:

Ժամկետային զինծառայության մեջ գտնվող և ուսումնավարժական հավաքներ անցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քվեարկում են մարզային ընտրական հանձնաժողովի կողմից որոշված տեղամասային կենտրոններում:

 

 

pin
ՀՀ 30.04.1996
N ՀՕ-58 օրենք