Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ /26-50 ՀՈ ...

28.02.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.06.1996  -ից մինչեւ   28.02.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 05.02.99թ թիվ ՀՕ-284 օրենք)

i

ԳԼՈՒԽ 5.
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

Հոդված 26. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման կարգը

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ժամը 22.00-ին փակում է քվեատուփի և կտրոնների արկղի ճեղքերը, դուրս է հրավիրում տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք չունեցող բոլոր անձանց և փակում տեղամասային կենտրոնը: Նշված գործողությունները իրականացնելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովը սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով`

1) հաշվվում, սահմանված կարգով մարվում և զմռսվում են չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և ետ վերադարձված քվեաթերթիկները.

2) հաշվվում է ընտրողների ընդհանուր թիվը` ընտրողների ցուցակի հիման վրա.

3) հաշվվում է քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը` ընտրողների ցուցակում առկա ստորագրությունների հիման վրա, որից հետո նշված ցուցակը զմռսվում է.

4) բացվում է քվեատուփը: Հանձնաժողովի նախագահը քվեատուփից հանում է մեկ քվեաթերթիկ, բարձրաձայն հայտարարում է քվեաթերթիկի վավերականությունը կամ սահմանված նմուշին համապատասխանությունը, իսկ վավերական քվեաթերթիկի դեպքում` թե ում օգտին է քվեարկված: Այնուհետև քվեաթերթիկը փոխանցում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի կարծիքին դեմ լինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն, որը դրվում է քվեարկության: Առկայության դեպքում` քվեարկության արդյունքով, իսկ առարկություն չլինելու դեպքում` իր հայտարարության համաձայն, հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկը դնում է համապատասխան թեկնածուի օգտին, «բոլորի դեմ» «անվավեր» կամ «չսահմանված նմուշի» քվեաթերթիկների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ քվեաթերթիկը: Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկների համար: Քվեաթերթիկների տեսակավորումը իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու համար այլ առարկաներ:

Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ներկայությամբ մեկ առ մեկ հաշվում է անվավեր ճանաչված, չսահմանված նմուշի քվեաթերթիկների, բոլորին դեմ քվեարկված ձայների, ինչպես նաև յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը: Նշված արդյունքների հիման վրա հաշվվում է քվեատուփում առկա սահմանված նմուշի վավերական քվեաթերթիկների և թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը:

Հաշվարկված քվեաթերթիկները, ըստ տեսակավորման, փաթեթավորվում և զմռսվում են:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները կատարվում են նշված հերթականությամբ, ընդ որում, յուրաքանչյուր գործողություն կատարվում է նախորդն ավարտելուց և համապատասխան արձանագրություն կազմելուց հետո: Նշված գործողություններից յուրաքանչյուրի վերաբերյալ հանձնաժողովի նիստին ներկա անդամների ստորագրությամբ կազմվում է առանձին արձանագրություն` երկու օրինակից, որոնցից մեկը զմռսվում է հիմք հանդիսացող փաստաթղթերի հետ:

Առանձին արձանագրությունների տվյալների հիման վրա կազմվում է տեղամասում քվեարկությունների արդյունքների ամփոփիչ արձանագրություն` երկու օրինակից:

Քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության մեջ գրանցվում է`

1) ընտրողների ընդհանուր թիվն ըստ ընտրողների ցուցակի.

2) գրանցված ու քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվն ըստ ստորագրությունների.

3) տեղամասային ընտրական հանձնաժողովին տրված քվեաթերթիկների թիվը.

4) մարված քվեաթերթիկների թիվը.

5) քվեատուփում առկա սահմանված նմուշի վավերական քվեաթերթիկների թիվը.

6) անվավեր քվեաթերթիկների թիվը.

7) չսահմանված նմուշի քվեաթերթիկների թիվը.

8) բոլոր թեկնածուներին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

9) յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը.

10) թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը:

Հաշվարկվող և արձանագրության մեջ գրանցվող թվերը հայտարարվում են բարձրաձայն:

Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և կնքվում` հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում է քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:

Քվեարկության ավարտից մինչև արդյունքների ամփոփիչ արձանագրության կազմելը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:

Նիստի վերջում հանձնաժողովի նախագահը հրապարակում է քվեարկության արդյունքները:

Թեկնածուի վստահված անձի կամ հավատարմագրված օտարերկրյա դիտորդի պահանջով նրան տրվում է քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:

Քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը փակցվում է տեղամասային կենտրոնում` տեսանելի տեղում, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության մեկ օրինակը, կտրոնների արկղը և զմռսված ընտրական փաստաթղթերն անհապաղ ներկայացնում է համայնքային ընտրական հանձնաժողով:

 

Հոդված 27. Անվավեր քվեաթերթիկները

 

Անվավեր են համարվում մեկից ավելի թեկնածուի օգտին տրված ձայներով, թեկնածուի օգտին տրված և միաժամանակ «բոլորին դեմ եմ» տողում նշում կատարված, մեկ թեկնածու քվեարկելու դեպքում «կողմ եմ» և «դեմ եմ» բառերի դիմաց միաժամանակ նշում կատարած կամ չկատարած, ինչպես նաև ավելորդ նշումներով կամ գրառումներով քվեաթերթիկները:

Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը լուծում է ընտրական հանձնաժողովը` քվեարկությամբ:

 

Հոդված 28. Չսահմանված նմուշի քվեաթերթիկները

 

Չսահմանված նմուշ են համարվում սահմանված նմուշից տարբերվող կամ հանձնաժողովի կողմից որոշված վստահված անձանց ստորագրությունները չպարունակող քվեաթերթիկները:

Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը լուծվում է քվեարկությամբ` ընտրական հանձնաժողովի կողմից:

 

Հոդված 29. Համայնքային ընտրական հանձնաժողովում կտրոնների հաշվառման կարգը

 

Կտրոնների հաշվումը սկսելուց առաջ համայնքային ընտրական հանձնաժողովը համայնքային ընտրական հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում է ընտրական տեղամասերից ստացված անհրաժեշտ փաստաթղթերի և կտրոնների արկղերի առկայությունը, զմուռսի ամբողջականությունը, ամփոփիչ արձանագրությունների համապատասխանությունը սահմանված պահանջներին, համապատասխան գրառումներ է կատարում գործավարության մատյանում:

Այնուհետև համայնքային ընտրական հանձնաժողովը հաշվում է տեղամասերից ստացված կտրոնների արկղերում առկա կտրոնները: Այդ տվյալներն ամփոփ և ըստ տեղամասերի ամրագրվում են արձանագրության մեջ, որը կազմվում է երկու օրինակից:

Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և և կնքվում` հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում է կտրոնների հաշվման արձանագրությանը:

Հաշվելուց հետո կտրոնները փաթեթավորվում և զմռսվում են ըստ տեղամասերի:

Քվեարկության ավարտից մինչև կտրոնների հաշվման արձանագրություն կազմելը համայնքային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:

Նիստի վերջում համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահը հրապարակում է կտրոնների հաշվման արդյունքները:

Թեկնածուի վստահված անձի կամ հավատարմագրված օտարերկրյա դիտորդի պահանջով նրան տրվում է կտրոնների հաշվման արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությունով ու հանձնաժողովի կնիքով:

Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահը կտրոնների հաշվման արձանագրությունը, տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունները, զմռսված կտրոնները և տեղամասերից ստացված ընտրական փաստաթղթերն անմիջապես ուղարկում է մարզային ընտրական հանձնաժողով:

 

Հոդված 30. Մարզային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների ամփոփման կարգը

 

Մարզում քվեարկությունների արդյունքների ամփոփումը սկսելուց առաջ մարզային ընտրական հանձնաժողովն իր նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում է համայնքային ընտրական հանձնաժողովներից ստացված անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, արձանագրությունների համապատասխանությունը սահմանված պահանջներին, համապատասխան գրառումներ է կատարում գործավարության մատյանում:

Մարզային ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների հիման վրա ամփոփում է քվեարկության նախնական արդյունքները մարզում` թեկնածուներից յուրաքանչյուրի օգտին տրված ձայների թիվը, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը:

Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում քվեարկության նախնական արդյունքներն արձանագրվում, մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից հրապարակվում և պաշտոնական հեռագրով ուղարկվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Մարզում քվեարկության նախնական արդյունքներն արձանագրելուց հետո մարզային ընտրական հանձնաժողովը ճշտում է համայնքային ընտրական հանձնաժողովի կտրոնների հաշվման արձանագրության տվյալների համապատասխանությունը յուրաքանչյուր տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների տվյալներին:

Առանձին տեղամասերում նշված տվյալների անհամապատասխանության դեպքում, մարզային ընտրական հանձնաժողովի առնվազն 4 անդամի կամ Հանրապետության Նախագահի առնվազն 2 թեկնածուի վստահված անձանց գրավոր պահանջով մարզային ընտրական հանձնաժողովը ստուգում է համապատասխան ընտրական տեղամասում (տեղամասերում) քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության և համայնքային ընտրական հանձնաժողովի կտրոնների հաշվման արձանագրության տվյալների համապատասխանությունը միմյանց և քվեարկության փաստացի տվյալներին: Ստուգումներին կարող են մասնակցել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությանը և համայնքային ընտրական հանձնաժողովի կտրոնների հաշվման արձանագրությանը կցված հատուկ կարծիքի հեղինակները և այդ հանձնաժողովների նախագահները:

Ստուգման արդյունքում անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում մարզային ընտրական հանձնաժողովը կազմում և տվյալ տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման և համայնքային ընտրական հանձնաժողովի կտրոնների հաշվման, ճշտված արձանագրությունը, որին կցվում է տեղամասային և համայնքային ընտրական հանձնաժողովների սկզբնական արձանագրությունները: Ճշտված արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և կնքվում` հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե հանձնաժողովի որևէ անդամ ճշտված արձանագրությունների տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է ճշտված արձանագրությունը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում է ճշտված արձանագրությանը:

Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անհամապատասխանությունը սույն հոդվածով նախատեսված դեպքերում ճշտելով և, ըստ յուրաքանչյուր տեղամասի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով պարզելով արձանագրությունների տվյալների անճշտությունները և դրանց ազդեցությունը յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների քանակի վրա, մարզային ընտրական հանձնաժողովը կազմում է մարզում քվեարկության վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրություն` երկու օրինակից, նշելով ամփոփ և ըստ տեղամասերի հետևյալ տվյալները`

1) ընտրողների ընդհանուր թիվն ըստ ընտրողների ցուցակի.

2) գրանցված ու քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվն ըստ ստորագրությունների.

3) արկղերում առկա կտրոնների թիվը.

4) տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված քվեաթերթիկների թիվը.

5) մարված քվեաթերթիկների թիվը.

6) քվեատուփերում առկա սահմանված նմուշի վավերական քվեաթերթիկների թիվը.

7) անվավեր քվեաթերթիկների թիվը.

8) չսահմանված նմուշի քվեաթերթիկների թիվը.

9) բոլոր թեկնածուներին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

10) յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը.

11) թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը.

12) յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը:

Մարզում քվեարկության վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և կնքվում` հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում է մարզում քվեարկության վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:

Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և կնքվում` հանձնաժողովի նախագահի կողմից:

Մարզում քվեարկության վերջնական արդյունքները հրապարակվում են, որից հետո համապատասխան արձանագրության մեկ օրինակը մարզային ընտրական հանձնաժողովում հավաքված բոլոր ընտրական փաստաթղթերի հետ մարզային ընտրական հանձնաժողովի նախագահն անձամբ ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով` ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 5 օր հետո:

Թեկնածուի վստահված անձի կամ հավատարմագրված օտարերկրյա դիտորդի պահանջով նրան տրվում է մարզում քվեարկության վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրությունից քաղվածք մարզում քվեարկության արդյունքների ամփոփ տվյալների մասին` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:

 

Հոդված 31. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրության արդյունքների ամփոփման կարգը

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարզային ընտրական հանձնաժողովներից ստացված մարզերում քվեարկության նախնական արդյունքների հիման վրա պարզում և հրապարակում է Հանրապետության Նախագահի ընտրության նախնական արդյունքները` ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 60 ժամ հետո:

Մարզերում քվեարկության վերջնական արդյունքների ամփոփ տվյալների հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ, կազմում է Հանրապետության Նախագահի ընտրության ամփոփիչ արձանագրությունը, նշելով ամփոփ և ըստ մարզերի հետևյալ տվյալները`

1) ընտրողների ընդհանուր թիվն ըստ ընտրողների ցուցակի.

2) գրանցված ու քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվն ըստ ստորագրությունների.

3) արկղերում առկա կտրոնների թիվը.

4) տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված քվեաթերթիկների թիվը.

5) մարված քվեաթերթիկների թիվը.

6) քվեատուփերում առկա սահմանված նմուշի վավերական քվեաթերթիկների թիվը.

7) անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը.

8) չսահմանված նմուշի քվեաթերթիկների թիվը.

9) բոլոր թեկնածուների դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

10) յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը.

11) թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը.

12) յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը:

Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և կնքվում` հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում է ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:

Թեկնածուի վստահված անձի պահանջով նրան տրվում է Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:

Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրության հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրության օրվանից ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

1) Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին.

2) քվեարկության երկրորդ փուլ նշանակելու մասին.

3) ընտրությունն անվավեր ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին.

4) ընտրությունը չկայացած ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին:

Ընդունված որոշումը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և կնքվում հանձնաժողովի նախագահի կողմից:

Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է որոշումը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում է որոշմանը:

Թեկնածուի վստահված անձի պահանջով նրան տրվում է Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների ամփոփման որոշման պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:

 

i
Հոդված 32. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները Հանրապետության Նախագահ ընտրվելու, քվեարկության երկրորդ փուլ նշանակելու մասին

 

Հանրապետության Նախագահ ընտրված է համարում այն թեկնածուն, որը ստացել է թեկնածուների օգտին տրված ձայների կեսից ավելին:

Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու և նրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա քվեարկությունից հետո տասնչորսերորդ օրը անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուն: Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:

Եթե երկրորդ փուլում քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

 

Հոդված 33. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին

 

Հանրապետության Նախագահի ընտրությունը ցանկացած փուլում անվավեր է ճանաչվում, եթե`

1) որևէ թեկնածուի օգտին տրված ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը գումարային առումով էապես ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է` հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները և պարզել ընտրված թեկնածուին.

2) ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի կամ քվեարկության գաղտնիության այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:

 

Հոդված 34. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրությունը չկայացած ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին

 

Հանրապետության Նախագահի ընտրությունը համարվում է չկայացած, եթե ընտրության արդյունքում Հանրապետության Նախագահ չի ընտրվել:

Հանրապետության Նախագահ չի ընտրվում, եթե քվեարկվել է մեկ թեկնածու, որը`

1) չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ ձայներ.

2) մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքների ամփոփումը մահացել է:

 

Հոդված 35. Ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումը

 

Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները հրապարակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության օրվանից հետո ոչ ուշ, քան ութերորդ օրը:

 

ԳԼՈՒԽ 6.
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i
Հոդված 36. Հերթական ընտրության նշանակման և անցկացման ժամկետներն ու կարգը

 

Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ:

Հանրապետության նախագահի ընտրության օրը հայտարարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հերթական ընտրությունը նախապատրաստվում և անց է կացվում սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 37. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովների կազմավորման ժամկետները

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է ընտրության օրվանից առնվազն 90 օր առաջ:

Մարզային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են ընտրության օրվանից առնվազն 80 օր առաջ:

 

Հոդված 38. Ընտրական տեղամասերի ձևավորման ժամկետները

 

Համայնքների բաժանումն ընտրական տեղամասերի իրականացվում է ոչ ուշ, քան ընտրության օրվանից 50 օր առաջ:

 

Հոդված 39. Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման ժամկետները

 

Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներ կազմավորվում են ընտրության օրվանից առնվազն 30 օր առաջ:

 

Հոդված 40. Թեկնածուների առաջադրման, գրանցման ժամկետները

 

Կուսակցության (կուսակցությունների միավորման) կամ նախաձեռնող խմբի կողմից Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում ընտրության օրվանից ոչ շուտ, քան 90 օր առաջ և ոչ ուշ, քան 75 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

Թեկնածուների առաջադրումը պաշտպանելը սկսվում է ընտրությունից 70 օր առաջ և ավարտվում ընտրության օրվանից 50 օր առաջ` ժամը 18.00-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջադրումը պաշտպանելու փաստաթղթերն ընդունում է մինչև առաջադրումը պաշտպանելու ժամկետի ավարտը:

Թեկնածուների գրանցումը սկսվում է ընտրության օրվանից 50 օր առաջ և ավարտվում ընտրության օրվանից 30 օր առաջ:

 

ԳԼՈՒԽ 7.
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՈՐ ԵՎ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 41. Նոր ընտրության նշանակումը

 

i

Եթե հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո քառասուներորդ օրը անցկացվում է նոր ընտրություն:

Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Այդ ժամկետում անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու կամ մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում անցկացվում է նոր ընտրություն:

Նոր ընտրությունն անցկացվում է խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելուց հետո` քառասուներորդ օրը:

Նոր ընտրություն անցկացվում է նաև սույն օրենքի 33 և 34 հոդվածներով նախատեսված դեպքերում:

Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը և գրանցումը նոր ընտրության ժամանակ կատարվում է սույն օրենքի 45 հոդվածով նախատեսված ժամկետներում:

Նոր ընտրություն անցկացնելու օրը հայտարարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

Հոդված 42. Նոր ընտրության անցկացման կարգը

 

Նոր ընտրությունն անցկացվում է հերթական ընտրության համար սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 43. Արտահերթ ընտրության նշանակումը

 

i

Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 57 հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո քառասուներորդ օրը անցկացվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն:

Եթե սույն օրենքի 33 հոդվածով նախատեսված հիմքերով Սահմանադրական դատարանի կողմից որոշում է կայացվում Հանրապետության Նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու և Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու մասին, ապա սույն օրենքով սահմանված կարգով անցկացվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն:

Արտահերթ ընտրություն անցկացնելու օրը հայտարարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

Հոդված 44. Արտահերթ ընտրության համար ընտրական հանձնաժողովների կազմավորման ժամկետները

 

Մարզային ընտրական հանձնաժողովները կարող են վերակազմավորվել կամ կազմավորվել ընտրության օրվանից 30 օր առաջ:

Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները կարող են վերակազմավորվել կամ կազմավորվել ընտրության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ:

 

Հոդված 45. Թեկնածուների առաջադրումն ու գրանցումն արտահերթ ընտրության ժամանակ

 

Արտահերթ ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ:

Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրության օրվանից ոչ շուտ, քան 27 օր առաջ և ուշ, քան 24 օր առաջ մինչև ժամը 18.00-ն:

Թեկնածուների առաջադրումը պաշտպանելը սկսվում է ընտրությունից 22 օր առաջ և ավարտվում ընտրությունից 15 օր առաջ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջադրումը պաշտպանելու փաստաթղթերն ընդունում է մինչև առաջադրումը պաշտպանելու ժամկետի ավարտը:

Թեկնածուների գրանցումն սկսվում է ընտրությունից 15 օր առաջ և ավարտվում ընտրությունից ոչ ուշ, քան 10 օր առաջ:

 

Հոդված 46. Արտահերթ ընտրության անցկացման կարգը

 

Արտահերթ ընտրությունն անցկացվում է հերթական ընտրության համար սույն օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 8.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i
Հոդված 47. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 48. Հանրապետության Նախագահի ընտրության օրը

 

Հանրապետության Նախագահի ընտրության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 49. Անցումային դրույթ

 

Մինչև Երևանի թաղային համայնքների ձևավորումը Երևանի համայնքային ընտրական հանձնաժողովների լիազորություններն իրականացնում են քաղաքապետարանի տարածքային բաժիններին համապատասխան ստեղծվող ընտրական հանձնաժողովները:

 

Հոդված 50. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

i

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

30 մայիսի 1996թ.

 

 

pin
ՀՀ 30.04.1996
N ՀՕ-58 օրենք