Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԻ Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/3547/05/20

    Վարչական գործ թիվ ՎԴ/3547/05/20             2022 թ.

Նախագահող դատավոր` Ա. Թովմասյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                                      Ք. Մկոյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Լ. Հակոբյան

Հ. Բեդևյան

 

2022 թվականի սեպտեմբերի 7-ին

գրավոր ընթացակարգով քննելով` ըստ հայցի Համլետ Հովհաննիսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձ` Կարինե Ալբերտյան` ՀՀ ոստիկանության 14.04.2020 թվականի «Ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ նախազգուշացման մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Համլետ Հովհաննիսյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համլետ Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության 14.04.2020 թվականի «Ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ նախազգուշացման մասին» որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Ազրոյան) (այսուհետ` Դատարան) 26.11.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.02.2021 թվականի որոշմամբ Դատարանի 26.11.2020 թվականի վճռի դեմ Համլետ Հովհաննիսյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համլետ Հովհաննիսյանը (ներկայացուցիչ` Ալբերտ Կանդալյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ, 133-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը, ՀՀ սահմանադրական դատարանի 28.01.2016 թվականի ՍԴՈ-1290 որոշումը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չի արժանացել բողոքաբերի կողմից ներկայացված միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել միջնորդության մեջ տեղ գտած այն հանգամանքը, որ սույն վարչական գործով Դատարանի 26.11.2020 թվականի վճիռը հայցվորն ստացել է 03.12.2020 թվականին: Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ սույն գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու վերջնաժամկետը 03.01.2021 թվականն էր, և Ամանորյա ոչ աշխատանքային օրերի հետ համընկնելու պայմաններում` բողոքաբերը միայն 08.01.2021 թվականին է վերաքննիչ բողոքը հանձնել փոստային կապի ծառայություն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/3547/05/20 վարչական գործով կայացված 26.02.2021 թվականի Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը»:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն դեպքում Վճռաբեկ դատարանի խնդիրն է մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու իր սահմանադրական գործառույթի շրջանակներում պարզել. արդյո՞ք Վերաքննիչ դատարանի 26.12.2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ խախտվել է հայցվոր Համլետ Հովհաննիսյանի` դատարանի մատչելիության իրավունքը` հաշվի առնելով, մասնավորապես, նշված իրավունքի արդյունավետ իրացումն ապահովող հետևյալ չափանիշները.

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման արդարացում,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

i

- դատական ակտի դեմ ներկայացված բողոքի ընդունելիության պայմանները, այդ թվում` բողոքարկման ժամկետները, չպետք է գերակայեն կամ խոչընդոտեն դատարանի մատչելիության իրավունքի ապահովման երաշխիքները (նշված չափանիշները, մասնավորապես, տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 12.07.2019 թվականի ՍԴՈ-1293 որոշման մեջ):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) դատարանի մատչելիությունը ճանաչել է որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Կոնվենցիա) 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր, որի միջոցով ապահովվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված երաշխիքներից օգտվելու հնարավորությունը: Միաժամանակ, անդրադառնալով դատարան դիմելու համար ներպետական օրենքներով սահմանված ժամկետային սահմանափակումներին` Եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ օրենքով սահմանված ժամկետում դատարան դիմելու պահանջն ինքնին անհամատեղելի չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ: Նման պահանջը, ըստ Եվրոպական դատարանի, հետապնդում է արդարադատությունը պատշաճ իրականացնելու և, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքը պահպանելու իրավաչափ նպատակ:

Եվրոպական դատարանը, մասնավորապես, դատարան դիմելու ժամկետային սահմանափակումների առնչությամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, համաձայն որի` դատարան դիմելու օրենքով սահմանված ժամկետները, որոնք դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումներ են, ծառայում են մի քանի նպատակի, այն է` ապահովել իրավական որոշակիությունը, հավանական պատասխանողներին պաշտպանել ժամկետանց հայցերից և թույլ չտալ որևէ անարդար լուծում, ինչը կարող է տեղի ունենալ, եթե դատարաններն ստիպված լինեն գնահատել հեռավոր անցյալում տեղի ունեցած փաստերն այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են ժամանակի հոսքի պատճառով դառնալ ոչ արժանահավատ (տե՛ս, Եվրոպական դատարանի Stubbings and Others v. United Kingdom գործով 22.10.1996 թվականի վճիռը, գանգատ թիվ 22083/93 և այլն, կետ 51): Եվրոպական դատարանը միևնույն ժամանակ արձանագրել է, որ դատարանի մատչելիության իրավունքը վտանգվում է, եթե դատավարական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ իրականացման նպատակին և խոչընդոտում են անձի վեճի ըստ էության քննությանն իրավասու դատարանի կողմից (տե՛ս, Եվրոպական դատարանի Zubac v. Croatia գործով 05.04.2018 թվականի վճիռը, գանգատ թիվ 40160/12, կետ 98):

Ինչ վերաբերում է դատարանի մատչելիության իրավունքի իրացմանը վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններում և դատական ակտերի բողոքարկման ժամկետային սահմանափակումներին, Եվրոպական դատարանը բազմիցս իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ Կոնվենցիան մասնակից պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ: Այնուամենայնիվ, եթե նման դատարաններ գոյություն ունեն, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխիքները պետք է կիրառվեն նաև այս ատյաններում` մասնավորապես, այն առումով, որ նշված հոդվածը հայցվորների համար երաշխավորում է դատարանի մատչելիության արդյունավետ իրավունք (տե՛ս, Եվրոպական դատարանի Zubac v. Croatia գործով նույն վճիռը, կետ 80):

Միաժամանակ, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու իրավունքից օգտվելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ ձևով տեղեկացել են իրենց համար պարտականություն առաջացնող կամ իրավունքները կամ օրինական շահերը խախտող դատական ակտի մասին: Հակառակ դեպքում, դատարանները կարող են զգալիորեն կրճատել բողոքարկման ժամկետը կամ նույնիսկ անհնարին դարձնել ցանկացած բողոք ներկայացնելը` ուշացնելով իրենց որոշումների հանձնումը կողմերին: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց` ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և դրա հիմքերին` դրանով անձին ընձեռելով անհրաժեշտության դեպքում բողոք ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, Եվրոպական դատարանի Miragall Escolano and others v. Spain գործով 25.04.2000 թվականի վճիռը, գանգատ թիվ 38366/97 և այլն, կետ 37):

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 15.12.2004 թվականի «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության մասին» Rec(2004)20 հանձնարարականի 2.c կետի համաձայն` ֆիզիկական և իրավաբանական անձանց պետք է տրամադրվի ողջամիտ ժամկետ վարչական ակտը դատական կարգով բողոքարկելու համար: Պետություններից պահանջում է սահմանել ողջամիտ ժամկետներ վարչական ակտը դատական կարգով վիճարկելու համար` դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակի համար: Հանձնարարականը չի սահմանում որևէ կոնկրետ ժամկետ վարչական ակտի իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու համար` նման ժամկետի սահմանումը թողնելով պետությունների հայեցողությանը:

Նշված հանձնարարականի 4i կետի համաձայն` վարչական ակտի վիճարկման արդյունքում կայացված դատական ակտը, առնվազն կարևոր գործերով, պետք է բողոքարկման ենթակա լինի ավելի բարձր ատյանում: Յուրաքանչյուր իրավական համակարգում դատական ակտերի բողոքարկման իրավունքը պետք է երաշխավորվի ողջամիտ ժամկետում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, վերը նշված դիրքորոշումներին ու չափանիշներին համապատասխան, սահմանել է վարչական ակտը դատական կարգով բողոքարկելու, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանի ու ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտերը բողոքարկելու ողջամիտ ժամկետներ` ապահովելով իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքի իրացումը:

i

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե նույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:

i

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո գործն ըստ էության լուծող դատական ակտը հանձնվում է դատավարության մասնակիցներին: Դատավարության մասնակիցներից որևէ մեկի ներկա չլինելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկվում է նրան:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

Վերը նշված նորմերով սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ դատական ակտի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված մեկամսյա դատավարական ժամկետի հաշվարկման համար ելակետ է հանդիսանում բողոքարկվող` գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման պահը: Միաժամանակ, օրենսդիրը որպես նշված դատավարական ժամկետում բողոք բերելու իրավունքի արդյունավետ իրացման իրավական երաշխիք` բողոքարկվող դատական ակտը կայացրած դատարանի համար սահմանել է դատական ակտն առնվազն հրապարակմանը հաջորդող օրը դատավարության մասնակիցներին ուղարկելու պարտականություն:

Ապահովելով ողջամիտ հարաբերակցություն գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման դատավարական ժամկետի սահմանման և դրանով հետապնդվող` իրավական որոշակիությունն ու կանխատեսելիությունն ապահովելու իրավաչափ նպատակի միջև` օրենսդիրը սահմանել է նաև այդ ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն` երաշխավորելով դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումը:

i

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է:

Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված մեկամսյա ժամկետի վերականգնման ընթացակարգն ու հիմքերն ամրագրված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածում:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Նույն հոդված 4-րդ մասի համաձայն` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է դատարանում այն ստացվելու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում` առանց դատավարության մասնակիցների ծանուցման, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

i

Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու իրավական հետևանքը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելն է:

Հարկ է նկատել, որ հարգելիության հիմքերի օրենսդրական ամրագրման անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանը 22.12.2015 թվականի ՍԴՈ-1249 որոշման մեջ ամրագրել է. «...մի կողմից, օրենսդրորեն օբյեկտիվորեն հնարավոր չէ թվել բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու հիմքում ընկած հանգամանքների հարգելիության բոլոր դեպքերը, մյուս կողմից, սակայն, ելնելով դատական հայեցողության իրավաչափ սահմանափակման անհրաժեշտությունից` նպատակահարմար կլինի հարգելիության որոշակի խումբ հիմքեր օրենսդրորեն ամրագրել: ... բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու որոշ հիմքերի իրավական ամրագրումը կնպաստի տվյալ իրավահարաբերության արդյունավետության, ինչպես նաև դատարանների հանրային-իրավական վարքագծի կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը»:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց: Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով (տե՛ս, Նարինե Չարչյանը և մյուսներն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/11139/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.09.2021 թվականի որոշումը):

Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմանը` ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ նշված իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:

i

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը, Ժաննա Միրզոյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի ղեկավարի թիվ ՎԴ/0100/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.07.2017 թվականի որոշումը):

i

ՀՀ սահմանադրական դատարանը 16.10.2012 թվականի ՍԴՈ-1052 որոշմամբ հիմնավորված չի համարել բողոքարկվող դատական ակտի փաստացի ուշ ստանալու հիմքով բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդություն ներկայացնելու դեպքում դատարաններին լայն հայեցողական լիազորության տրամադրումը: Նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ երբ բողոք բերելու համար օրենքով սահմանված ողջամիտ ժամկետը խախտվում է բողոք բերող անձից անկախ պատճառներով, այդ թվում` դատարանի կողմից դատական ակտի պատճենն օրենքով նախատեսված ժամկետից ավելի ուշ կողմին հանձնելու պատճառով, իրավունքի ուժով /ex jure/ բաց թողնված ժամկետը պետք է համարվի հարգելի, այլ ոչ թե այդ հարցի լուծումը թողնվի դատարանի հայեցողությանը: Միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինի ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 22.12.2015 թվականի ՍԴՈ-1249 որոշմամբ ամրագրել է, որ որպես ընդհանուր կանոն, այն պարագայում, երբ բողոքը բերվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, ապա բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունն օբյեկտիվորեն առկա իրավական անհրաժեշտություն է, հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է` հնարավորություն տալ իրավասու մարմնին քննության առարկա դարձնել միջնորդության մեջ ներառված խնդրանքը: Միևնույն ժամանակ, որպես հատուկ կանոն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի դեպքերում դատական ակտը բողոքարկելու համար օրենսդրությամբ սահմանված ժամկետը բաց թողնելը պայմանավորված չէ անձի կամքով, առաջացել է անձից անկախ պատճառներով, ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ այդպիսի դեպքերում ներկայացված միջնորդությունը բավարարելը համապատասխան դատական ատյանի պարտականությունն է հանդիսանում:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 26.04.2016 թվականի ՍԴՈ-1268 որոշմամբ որոշել է. «1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի` «Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը...» դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062 և ՍԴՈ-1254 որոշումներում նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, և վերջինից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով (ex jure) ճանաչվում է հարգելի:

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի հայեցողությանը և համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով (ex jure) չի ճանաչվում հարգելի:

i

3. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1249 և ՍԴՈ-1254 որոշումներում նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորվում է բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար սահմանված ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելը»:

i

Նշվածի համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանը, 08.12.2017 թվականի ՍԴՈ-1394 որոշմամբ գտել է, որ.

ա/ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը դատարանի մեղքով օրենքով սահմանված ժամկետում հասանելի չի դարձել կամ չի հանձնվել իրավասու սուբյեկտին, ապա վերադաս դատական ատյան բողոք բերելու համար հիմք պետք է ընդունել օրենքով նախատեսված ժամկետն ամբողջությամբ` առանց դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով /այդ թվում` էլեկտրոնային/ հասանելի դարձնելու համար սահմանված ժամկետի հաշվառման,

բ/ նման պարագայում, երբ բողոքաբերի կողմից հստակ փաստարկված ու հիմնավորված է, որ դատական ակտը դատարանի թերացման արդյունքում օրենքով սահմանված ժամկետում հասանելի չի դարձել կամ չի հանձնվել իրավասու սուբյեկտին, ապա բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jսre) պետք է համարվի հարգելի` առանց միջնորդության ձևական պահանջի ու դրա հայեցողական քննարկումների,

գ/ ՀՀ օրենսդիրը, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ներկա պահանջները, ելնելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների անմիջական գործողության երաշխավորման անհրաժեշտությունից, դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի հետագա բարեփոխումների համար հիմք պետք է ընդունի այն սկզբունքը, որ բողոք բերողի համար երաշխավորվի դատական ակտի բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետն ամբողջությամբ` առանց դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով /այդ թվում` էլեկտրոնային/ հասանելի դարձնելու համար սահմանված ժամկետի հաշվառման:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 02.02.2021 թվականի ՍԴՈ-1575 որոշմամբ, հաշվի առնելով նաև իր մի շարք որոշումներով (ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249) արտահայտած այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի` այն բոլոր դեպքերում, երբ բողոք բերելու համար օրենքով սահմանված ողջամիտ ժամկետը խախտվում է բողոք բերող անձից (նրա կամքից) անկախ պատճառներով, իրավունքի ուժով (ex jure) բաց թողնված ժամկետը պետք է համարվի հարգելի, այլ ոչ թե այդ հարցի լուծումը թողնվի դատարանի հայեցողությանը, ձևավորված այդպիսի իրավակիրառ պրակտիկայի պայմաններում բացառվում է նաև դատարանների կողմից «հարգելի պատճառի» գնահատման այնպիսի ազատությունը, ինչը կհանգեցնի բողոք բերող անձի կամքից անկախ պատճառներով բաց թողնված ժամկետը հարգելի չհամարելուն:

Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի կարգավորումները և հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի ու ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի բողոքարկման համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը կարող է վերականգնվել միայն այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց թողած շահագրգիռ անձը ներկայացրել է տվյալ ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ գրավոր միջնորդություն` նշելով այդ ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառները) և վերջինիս հարգելի բնույթը: Այսինքն` համապատասխան միջնորդության առկայությունը պարտադիր նախապայման է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու համար, և որևէ բացառություն այս ընդհանուր կանոնից չի կարող լինել` անկախ այն պատճառներից, որոնք պայմանավորել են համապատասխան դատավարական ժամկետի բացթողումը:

i

Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249, ՍԴՈ-1268, ՍԴՈ-1394 և ՍԴՈ-1575 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու հիմնական խմբի, այն է` հիմքեր, որոնց առկայության դեպքում դատարանի հայեցողությանն է թողնված ժամկետը բաց թողնելու պատճառի հարգելիության գնահատումը, և հիմքեր, որոնց առկայության դեպքում ժամկետը բաց թողնելու պատճառի հարգելիության գնահատումը դատարանի հայեցողության տիրույթում չէ, բաց թողնված ժամկետը վերականգնելը դատարանի պարտականությունն է, և այդ ժամկետը ենթակա է վերականգնման իրավունքի ուժով (ex jure): Բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը ենթակա է վերականգնման իրավունքի ուժով, ի թիվս այլնի, բոլոր այն դեպքերում, երբ ժամկետը բաց է թողնվել դատարանի կողմից դատական ակտն օրենքով նախատեսված ժամկետից ավելի ուշ դատավարության մասնակցին ուղարկելու պատճառով: Նշված մոտեցման հիմքում այն տրամաբանությունն է, որ չնայած ստորադաս դատարանի դատական ակտը հրապարակվելու պահից մեկ ամսվա ընթացքում բողոք ներկայացնելու ժամկետային սահմանափակման առկայությանը` բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին հնարավորություն պետք է ընձեռվի դատական ակտին հասու դառնալուց հետո ողջամիտ ժամկետում արդյունավետորեն իրացնելու բողոք բերելու իր սահմանադրական իրավունքը:

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում գտնում է, որ եթե վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված` բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությամբ ներկայացված է միաժամանակ և՛ ժամկետը բաց թողնելու այնպիսի պատճառ, որի գնահատումը դատարանի հայեցողության շրջանակում է, և՛ այնպիսի պատճառ, որի առկայության դեպքում ժամկետը ենթակա է վերականգնման իրավունքի ուժով, ապա անկախ բողոքաբերի կողմից նշված` դատարանի կողմից գնահատման ենթակա պատճառի հարգելիության հանգամանքից, բաց թողնված ժամկետը ենթակա է վերականգնման իրավունքի ուժով: Այլ կերպ` եթե բաց թողնված ժամկետը ենթակա է վերականգնման իրավունքի ուժով, ապա նույնիսկ միջնորդությամբ նշված` դատարանի հայեցողական գնահատման տիրույթում գտնվող պատճառի անհարգելի լինելու դեպքում, միջնորդությունը պետք է բավարարվի: Ավելին, նման իրավիճակում այլևս բացակայում է միջնորդությամբ նշված` ժամկետը բաց թողնելու այն պատճառի հարգելիությունը գնահատելու անհրաժեշտությունը, որի գնահատումը դատարանի հայեցողության շրջանակում է:

Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ վերը նշված հանգամանքներում բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության մերժումը` դրանում նշված պատճառը դատարանի հայեցողության շրջանակներում անհարգելի գնահատելու հիմնավորմամբ, անհամաչափ միջամտություն է բողոք բերող անձի` դատարանի մատչելիության իրավունքին:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` 26.11.2020 թվականին Դատարանի վճռով հայցը մերժվել է (հատոր 2, գ.թ. 109-121): Հայցվոր Համլետ Հովհաննիսյանը դատական ակտի հրապարակմանը ներկա չի եղել (հատոր 2, գ.թ. 107, դատական նիստի արձանագրություն), որպիսի պայմաններում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածին համապատասխան նշված վճռի օրինակը դատավարության մասնակիցներին ուղարկելու վերջնաժամկետը հրապարակմանը հաջորդող օրն էր` 27.11.2020 թվականը: Գործում առկա չէ, սակայն, ապացույց առ այն, որ բողոքարկվող վճիռը հայցվորին ուղարկվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում: Գործում առկա ստացման-հանձնման փոստային հետադարձ ծանուցագրի համաձայն` Դատարանի 26.11.2020 թվականի վճիռը հայցվորի կողմից ստացվել է 03.12.2020 թվականին (հատոր 2, գ.թ. 123): Վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 08.01.2021 թվականին (հատոր 3, գ.թ. 107):

Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Համլետ Հովհաննիսյանը` միաժամանակ միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար սահմանված ժամկետն այն պատճառաբանությամբ, որ բողոքաբերը վիճարկվող դատական ակտն ստացել է 03.12.2020 թվականին, որից հետո դիմել է 18.11.2020 թվականի համակարգչային ձայնագրման կրկնօրինակը տրամադրելու խնդրանքով, որպիսի կրկնօրինակն անհրաժեշտ էր վերաքննիչ բողոքն ամբողջական ներկայացնելու համար: 18.11.2020 թվականի դատական նիստի համակարգչային ձայնագրման կրկնօրինակը տրամադրվել է 30.12.2020 թվականին: Վերաքննիչ բողոքը ներկայացնելու վերջնաժամկետը համընկել է Ամանորյա ոչ աշխատանքային օրերի հետ, իսկ հաջորդող աշխատանքային օրը 08.01.2021 թվականն է եղել (հատոր 3, գ.թ. 86):

Վերաքննիչ դատարանի 26.02.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել էր հետևյալ պատճառաբանությամբ. «... Դատավարական ժամկետները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությամբ հայցվորը` որպես դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու հիմնավորում նշում է, դատական ակտի բողոքարկման օրենսդրությամբ սահմանված ժամկետն իր կողմից բաց է թողնվել 18.11.2020 թվականի դատական նիստի արձանագրության ձայնագրությունը ստանալու նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկված լինելու հանգամանքով պայմանավորված: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից ձեռնարկված գործողությունները որևէ ձևով չէին կարող օբյեկտիվ անհնարինություն կամ օբյեկտիվ աննպատակահարմարություն ստեղծել սույն վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 26.11.2020 թվականի վճիռը բողոքարկելիս: Եթե նույնիսկ Հայցվորը գտնում էր, որ 18.11.2020 թվականի դատական նիստի արձանագրության ձայնագրությունը կարող է էական նշանակություն ունենալ Դատարանի կողմից թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի խախտումները հիմնավորելու տեսանկյունից, ապա վերջինս զրկված չէր վերաքննիչ բողոքը օրենքով սահմանված ժամկետում ներկայացնելուց հետո քննարկվող արձանագրության ձայնագրության ուսումնասիրությամբ ի հայտ եկած նոր հանգամանքների հիմքով իր դիրքորոշումները Վերաքննիչ դատարանին ներկայացնելու, այդ թվում` վերաքննիչ բողոքի լրացում ներկայացնելու հնարավորությունից...» (հատոր 3, գ.թ. 108-112):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` տարիներով, ամիսներով, շաբաթներով կամ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է այդ ժամկետի սկիզբը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան օրը: (...)

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտման օրը դրան հաջորդող աշխատանքային օրն է, բացառությամբ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների:

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքը սահմանում է տոների և հիշատակի օրերը` միաժամանակ ամրագրելով, թե դրանցից որն է ոչ աշխատանքային օր: «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված ոչ բոլոր տոներն ու հիշատակի օրերն են համարվում ոչ աշխատանքային օրեր, այլ միայն այն տոն և հիշատակի օրերը, որոնք օրենսդիրը հիշյալ օրենքով հստակ նախատեսել է որպես ոչ աշխատանքային օր:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Ամանոր և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն). բոլոր նշված օրերը ոչ աշխատանքային օրեր էին:

Նույն օրենքի 1.1-րդ կետի համաձայն` Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին. այս օրը ևս ոչ աշխատանքային օր էր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 26.11.2020 թվականի վճիռը հայցվորի կողմից ստացվել է 03.12.2020 թվականին (հատոր 2, գ.թ. 123), վերաքննիչ բողոքը փոստային առաքման եղանակով ՀՀ վերաքննիչ վարչական դատարան է ուղարկվել 08.01.2021թ. (հատոր 3, գ.թ. 107)` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 1.1-րդ հոդվածներով սահմանված ոչ աշխատանքային օրերին հաջորդող աշխատանքային օրը: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործով հիմնավորվում է բողոքարկվող դատական ակտը Համլետ Հովհաննիսյանի կողմից իր կամքից անկախ պատճառով ուշ ստանալու հանգամանքը, ինչպես նաև այն, որ հայցվոր Համլետ Հովհաննիսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 26.11.2020 թվականի վճիռն ստանալու պահից մեկամսյա ժամկետում` մեկամսյա ժամկետի վերջին օրվան

/վերջին օրը` 04.01.2021 թվականը, ոչ աշխատանքային օր էր/ հաջորդող աշխատանքային օրը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից բաց թողնված դատավարական ժամկետը ենթակա էր վերականգնման իրավունքի ուժով, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանից այլևս չէր պահանջվում գնահատել նիստի ձայնագրության կրկնօրինակն ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառի հարգելիությունը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, բաց թողնված դատավարական ժամկետն իրավունքի ուժով վերականգնելու հիմքի առկայության պայմաններում, գնահատել է նիստի ձայնագրության կրկնօրինակն ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառի հարգելիությունը և մերժել բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը` նշված պատճառը գնահատելով որպես ոչ հարգելի:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ բաց թողնված դատավարական ժամկետն իրավունքի ուժով վերականգնելու հիմքի առկայության պայմաններում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության մերժումը և դրա արդյունքում վերաքննիչ բողոքի վարույթ ընդունման մերժումը անհամաչափ միջամտություն է հայցվոր Համլետ Հովհաննիսյանի` դատարանի մատչելիության իրավունքին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի 26.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Լ. Հակոբյան

Հ. Բեդևօաֆ

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 7 սեպտեմբերի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809946051

 

Միասնական կայք` 27.11.23-10.12.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.09.2022
N ՎԴ/3547/05/20
Որոշում