Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐՈՂ Է ԱՐԴՅՈ՞Ք ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՐՈՂ Է ԱՐԴՅՈ՞Ք ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԴԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ թիվ ՎԴ/4354/05/19

    դատարանի որոշում                       2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4354/05/19

Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան

    Դատավորներ`        Ա. Սարգսյան

                                      Ա. Պողոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Ք. Մկոյան

 

2023 թվականի փետրվարի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.05.2021 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «Ի Էմ Սի» ՓԲ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի` Կոմիտեի Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 25.04.2019 թվականի թիվ 1013223 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 25.04.2019 թվականի թիվ 1013223 ստուգման ակտը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 23.12.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.05.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.12.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 25-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածները, 144-րդ հոդվածի 1-ին մասը և 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անդրադարձ չի կատարել վերաքննիչ բողոքի հիմքերին, ինչի արդյունքում խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի և 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի պահանջները: Վերաքննիչ դատարանն ինքնուրույն լրացրել է բողոքի հիմքը, ըստ այդմ` որոշման հիմքում դրել է փաստարկներ, որոնք որևէ կերպ քննության առարկա չեն դարձվել Դատարանում և չեն դրվել հայցադիմումի հիմքում: Տվյալ դեպքում սույն գործով վարչական ակտի հիմքում դրված փաստական հանգամանքների և վարչական ակտի հիմնավորվածության շուրջ վեճ առկա չէ:

Կողմերի միջև առկա վեճը և Կոմիտեի կողմից բերված վերաքննիչ բողոքն ամբողջովին վերաբերում են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի և «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին, մինչդեռ Վերաքննիչ դատարանը սույն գործով կայացված որոշմամբ նշված հարցերին որևէ անդրադարձ չի կատարել և կողմերի միջև առկա վեճի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել: Արդյունքում բողոքում բարձրացված հարցերը այդպես էլ իրենց պատասխանը չեն ստացել: Վերաքննիչ դատարանը դուրս գալով վերաքննիչ բողոքի և կողմերի միջև առկա վեճի սահմաններից, բողոքը մերժելու հիմքում դրել է նոր հանգամանքներ և փաստարկներ, որոնց վերաբերյալ կողմերի միջև վեճ առկա չէ:

Եթե Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ էր համարում անդրադառնալ իր որոշմամբ նշված փաստարկին առ այն, որ ստուգող տեսուչները որևէ կերպ չեն հիմնավորել այն հանգամանքը, որ բացակայում է վերջիններիս կողմից ստուգվող ժամանակաշրջանում օտարվող բնակարանների 1քմ-ի շուկայական արժեքը պարզելուն միտված գործողություններ կատարելու վերաբերյալ որևէ ապացույց, որով կհիմնավորվեր Ընկերության կողմից ստուգվող ժամանակաշրջանում օտարված բնակարանների 1քմ-ի օտարման արժեքների միջև 20 տոկոսից ավել գնային շեղումների առկայությունը, ապա Վերաքննիչ դատարանը գործի քննությամբ նախ պետք է պարզեր նշված հանգամանքը, այնուհետև իր պատճառաբանությունը դներ կայացված որոշման հիմքում: Ավելին, եթե Վարչական դատարանում անդրադարձ չի կատարվել նշված փաստարկին, Վերաքննիչ դատարանը պետք է կիրառեր դատական ակտը բեկանելու և նոր քննության ուղարկելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.05.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի նախագահի 31.10.2017 թվականի թիվ 1013223 հանձնարարագրով հանձնարարվել է Ընկերությունում ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա հարկային մարմին ներկայացված հաշվետվությունների, հաշվարկների և այլ փաստաթղթերի արժանահավատությունը պարզելու, ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու նպատակով անցկացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում (Վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 344):

2) Կոմիտեի Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության կողմից 25.04.2019 թվականին կազմվել է 1013223 ակտը, որով արձանագրվել են շահութահարկի և ավելացված արժեքի հարկի մասով խախտումներ: Ստուգման ակտի 4-րդ կետով /Ավելացված արժեքի հարկ/ արձանագրվել է «(...) «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի ստուգման արդյունքում պարզվեց, որ ընկերության կողմից ստուգվող ժամանակաշրջանում օտարված բնակարանների 1քմ-ի օտարման արժեքների միջև առկա է 20 տոկոսից ավել գնային շեղումներ: Ընկերության կողմից ստուգվող ժամանակաշրջանում անշարժ գույքի իրացման գործարքներից առաջացող ԱԱՀ-ի գումարներն արտացոլվել են գործարքների կատարման (պայմանագրի կնքման) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներում` օտարման պայմանագրային արժեքներով: Բնակարանների 1քմ-ի օտարման արժեքների 20 տոկոսից ավել շեղումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերության կողմից անշարժ գույքերի օտարման գործարքների հիմնական մասը դիտվել է որպես գերակա հանրային շահերով հասարակության և պետության կարիքների համար օգտագործված սեփականության դիմաց ֆիզիկական անձանց հատուցում, սակայն տվյալ ֆիզիկական անձանց հետ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման պայմանագրերը (այսուհետ` փոխհատուցման պայմանագիր) կնքվել է «ՍԻԹԻ ԱԵՆԹՐ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի կողմից, ուստի ֆիզիկական անձանց օտարված սեփականության դիմաց անշարժ գույքով հատուցող համարվում է ոչ թե «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն, այլ «ՍԻԹԻ ՍԵՆԹՐ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ՍՊԸ-ն: (...) վերը նշված անշարժ գույքերի օտարման գործարքների մասով կիրառելի չէ «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի 2-րդ պարբերությամբ սահմանված դրույթները (իրավախախտման պահին գործող խմբագրության):

Արդյունքում խախտվել Է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-կետի (իրավախախտման պահին գործող խմբագրության) պահանջները...:» (հատոր 1-ին, գ.թ. 10-17):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի և 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի պահանջները, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին. կարող է արդյո՞ք ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը դատական ակտ կայացնել այնպիսի հիմքով, որը քննության առարկա չի դարձվել ՀՀ վարչական դատարանում և վկայակոչված չէ վերաքննիչ բողոքում` վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի համաձայն` հայցադիմումը պետք է բովանդակի հայցվորի պահանջը, այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը և հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցվորը հայցի հիմքը և (կամ) առարկան կարող է փոփոխել նախնական դատական նիստի ընթացքում կամ դատաքննություն նշանակելու մասին վարչական դատարանի որոշումը ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում: Հայցի հիմքը և (կամ) առարկան կարող են փոփոխվել գործը քննող վարչական դատարանի ընդդատության սահմաններում:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխություն, եթե այն հանգեցնում է հայցի էության փոփոխության:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տնօրինչականության կամ դիսպոզիտիվության սկզբունքը հանդիսանում է երաշխիք շահագրգիռ անձանց համար ընտրելու իրենց իրավունքների պաշտպանության եղանակը: Մասնավորապես անձը, ընտրելով դատական պաշտպանության եղանակը, վարչական դատավարությունում ընտրում է կոնկրետ հայցատեսակը, արդյունքում ինքնուրույն որոշում է հայցի հիմքը և առարկան, իսկ դատաքննության արդյունքում կայացված դատական ակտի հետ անհամաձայնության պարագայում բողոքարկում է դատական ակտը` համապատասխանաբար որոշելով բողոքի հիմքը և ձևակերպելով պահանջը: Վերոգրյալը դիտարկելով վարչական դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ նշված երկու սկզբունքները հակասության մեջ չեն գտնվում, այլ կարող են փոխլրացնել միմյանց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական դատավարությունում կողմերից մեկը հանդիսանում է հանրային իշխանական լիազորություններով օժտված անձ և անհրաժեշտ է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման համար նվազագույնի հասցնել վերջինիս սխալները, ինչն իրականացվում է մի քանի եղանակներով: Այսպես.

1) Վարչական դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով: Նշվածից հետևում է, որ թեև դատարանը պարտականություն է կրում անդրադառնալ դատավարության մասնակիցների ներկայացրած բոլոր ապացույցներին, միջնորդություններին, առաջարկություններին, բացատրություններին և առարկություններին, սակայն սահմանափակված չէ դրանցով:

2) Վարչական դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Այսինքն` դատարանը, կաշկանդված չլինելով վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով, ձեռնարկում է համարժեք միջոցներ` գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու համար: Ընդ որում, անհրաժեշտ է փաստել, որ վարչական դատավարությունը պետք է ընթանա այնպես, որ բացահայտվեն գործի իրական փաստերը: Նշված առաքելությունն իրականացնելու համար դատարանն օժտված է համապատասխան լիազորություններով, որոնք պետք է համարժեք օգտագործվեն քննարկվող գործառույթն իրականացնելու համար: Ըստ այդմ, գործի իրական փաստերը բացահայտելը վարչական դատարանի ոչ թե հայեցողական լիազորությունն է, այլ պարտականությունը:

3) Վարչական դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները:

i

4) Վարչական դատարանը պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները: Նշված լիազորությունը նույնպես բխում է այն հանգամանքից, որ դատարանը կրում է գործի իրական փաստերն ամբողջությամբ բացահայտելու պարտականություն (տե՛ս, Ա/Ձ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ սկզբունքի համատեքստում դատարանները ունեն ակտիվ դերակատարություն գործի փաստական հանգամանքները պարզելու և դատավարության մասնակիցներին օժանդակելու հարցում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու` վարչական դատարանին ուղղված օրենսդրական պահանջը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի համաձայն` դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու` վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք` որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, հայցադիմումը ներկայացնում են ձևական սխալներով, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները կամ ճիշտ չեն տարբերակում հիմնական ու ածանցյալ պահանջները կամ ներկայացնում են ոչ բավարար փաստական տվյալներ: Նշված դեպքերում վարչական դատարանի` դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ հայցադիմումներում առկա ձևական սխալները մատնանշելու, ինչպես նաև ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու, հիմնական և ածանցյալ պահանջները տարբերակելու, ոչ բավարար փաստական տվյալները համալրելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացման դատարանի իրավունքը սահմանափակված է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունն ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/5525/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական դատավարությունում հայցվորը չի կրում հայցադիմումում հայցի իրավական հիմքերը մատնանշելու օրենսդրական պարտականություն: Օրենսդիրը հայցվորի համար սահմանել է պարտականություն` հայցադիմումում մատնանշել միայն իր պահանջը և այն հիմնավորող փաստարկները: Մյուս կողմից, վարչական մարմինների ոչ իրավաչափ վարչական ակտերի, գործողությունների և անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների դատական պաշտպանությունն արդյունավետ դարձնելու և վերջիններիս նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները հնարավորինս մեղմելու նպատակով օրենսդիրը վարչական դատարանին օժտել է ակտիվ դերակատարությամբ: Ըստ այդմ, վարչական դատարանը պարտավոր է ինքնուրույն որոշել վեճի լուծման համար կիրառելի ենթակա իրավական նորմերը, ապա ձեռնարկել համարժեք միջոցներ` գործն ի պաշտոնե քննելու համար: Վճռաբեկ դատարանի նշված եզրահանգումը բխում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի կարգավորումից, որով սահմանվում է, որ վարչական դատարանը նախնական դատական նիստում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը:

Այսպես, օրինակ` վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում նախնական դատական նիստում պարզելով վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը, վարչական դատարանը մատնանշման իր լիազորությունն իրացնելիս պարտավոր է քննարկման առարկա դարձնել վարչական ակտի իրավաչափության վրա ազդեցություն ունեցող հնարավոր բոլոր հանգամանքները, այդ թվում` արդյո՞ք պահպանվել են այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացակարգային բոլոր կանոնները, և արդյո՞ք ճիշտ են մեկնաբանվել ու կիրառվել վարչական ակտի հիմքում ընկած նյութական իրավունքի նորմերը: Այլ կերպ ասած` վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում վարչական դատարանը, անկախ հայցվորի կողմից վկայակոչված իրավական հիմքերից, պետք է մատնանշի նաև ողջամտորեն հնարավոր բոլոր այն իրավական նորմերը, որոնց խախտումը կարող է հիմք հանդիսանալ վարչական ակտի անվավերության համար և առաջարկի հայցվորին դրանք համալրել համապատասխան փաստական տվյալներով: Միաժամանակ հաշվի առնելով տնօրինչականության սկզբունքի բովանդակությունը և դրա կիրառելիությունը նաև վարչական դատավարությունում, Վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս հետագա դատավարական գործողությունների իրականացման ժամանակ վարչական դատարանը կաշկանդված է շահագրգիռ անձի կամահայտնությամբ: Մասնավորապես` այն դեպքում, երբ հայցվորը դատարանի կողմից մատնանշման լիազորության իրականացումից հետո պնդում է, որ վարչական ակտի իրավաչափությունը գնահատվի միայն որոշակի իրավական նորմի և ըստ այդմ ներկայացված փաստական հանգամանքների շրջանակներում, վարչական դատարանը գործի հետագա քննությունը պետք է իրականացնի և գործն ըստ էության լուծող դատական ակտում վարչական ակտի իրավաչափությունը գնահատի միայն այդ իրավական և փաստական հիմքերի շրջանակներում: Մինչդեռ այն դեպքում, երբ հայցվորը ևս գտնում է, որ դատարանը վարչական ակտի իրավաչափությունը պետք է ստուգի ամբողջ ծավալով, դատարանը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում պարտավոր է ձեռնարկել ողջամտորեն հնարավոր բոլոր միջոցները վարչական ակտի իրավաչափությունն ամբողջ ծավալով գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներն ու տեղեկությունները ձեռք բերելու ուղղությամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքը դրսևորվում է նաև վերաքննության փուլում (տե՛ս, Ա/Ձ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով որոշումը):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, այդ խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները, բողոք բերող անձի պահանջը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքը վերաբերում է բացառապես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, այլ խոսքով, կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն. այս դատավարական սկզբունքը վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում սեփական նախաձեռնությամբ և ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի իրավական հիմքերը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ թեև վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար, սակայն չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես` փոխել հայցի հիմքը և կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել (տե՛ս, ՀՀ առողջապահության նախարարությունն ընդդեմ «Ռեվերդի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը, Արայիկ Գրիգորյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/7994/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.12.2022 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (»ex officio») սկզբունքի բովանդակությունը հանգում է հետևյալին. վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ դատարանը, մի կողմից` չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն` առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Իսկ մյուս կողմից` վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նաև վերաքննիչ բողոքի այդ հիմքը` այս պարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով:

i

Փաստորեն, վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի ուժով վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար` անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե` ոչ: Իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վկայակոչված չէ այնպիսի հիմք, որի վերաբերյալ վարչական դատարանում քննություն չի իրականացվել, ապա վերաքննիչ դատարանը չի կարող դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից և կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված և վարչական դատարանում քննության առարկա չդարձված հիմքով (տե՛ս, Ա/Ձ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ և 144-րդ հոդվածների համակարգային վերլուծությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` ի պաշտոնե իրականացնել բողոքի քննություն, իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտել բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերը նշված դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե վերաքննիչ դատարանը սահմանափակվի զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնա այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ: Այդուհանդերձ, հիշատակված դրույթների նման մեկնաբանումը չի նշանակում բողոքի յուրաքանչյուր հիմքում ներառված ցանկացած փաստարկի գնահատում և վերլուծում: Բողոքը քննող դատարանը բողոքի հիմքերում ներառված փաստարկներին պետք է անդրադառնա այն հաշվով, որ նախ դրանք լինեն վերաբերելի բողոքի հիմքերին, և այդ փաստարկներն ունենան ազդեցություն բողոքի հիմքը կամ հիմքերը հիմնավորված համարելու տեսանկյունից (տե՛ս, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն ընդդեմ ՀՀ քննչական կոմիտեի թիվ ՎԴ/4169/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը, դիմելով Դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 25.04.2019 թվականի թիվ 1013223 ստուգման ակտը:

Դատարանը, բավարարել է Ընկերության հայցը` արձանագրելով, որ «(...) «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի վերը նշված նորմի կարգավորման առարկան գերակա հանրային շահերով հասարակության և պետության կարիքների համար օտարված սեփականության սեփականատիրոջ և սեփականությունը ձեռք բերողի միջև ֆինանսական պարտավորությունների /բեռի/ բաշխումն է: Այս նորմի բովանդակությունը հանգում է նրան, որ այդ իրավահարաբերություններում օրենսդիրը օտարված սեփականության սեփականատիրոջն ազատում է ֆինանսական պարտավորությունների բեռից` ֆինանսական պարտավորությունները վերապահելով սեփականությունը ձեռք բերողին: Այս նորմը, դատարանի գնահատմամբ, որևէ կերպ չի սահմանում այն սուբյեկտային կազմը, ում նկատմամբ կիրառելի է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի 2-րդ պարբերության նորմը: «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի նորմի կարգավորման առարկան միանգամայն այլ է, քան «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի 2-րդ պարբերության նորմի կիրառելիության սուբյեկտային կազմի սահմանումը: Ավելին, դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությունը չի բովանդակում որևէ այլ նորմ, որը կսահմաներ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի 2-րդ պարբերության նորմի կիրառելիության սուբյեկտային կազմը, կսահմանափակեր այն սուբյեկտների շրջանակը, ում նկատմամբ կիրառելի է նշված նորմը: (...) Հայցվոր «Ի Էմ Սի» ՓԲԸ-ը, չհանդիսանալով գերակա հանրային շահերով հասարակության և պետության կարիքների համար օտարված սեփականության ձեռք բերողը, որպես հատուցում տրված բնակարանների օտարման գործարքների կապակցությամբ իրավասու էր ավելացված արժեքի հարկը վճարել ըստ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի 2-րդ պարբերության, այն է` որպես հարկվող շրջանառություն դիտարկելով բնակարանների համարժեք փոխհատուցման չափը` օտարված գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը»:

Վերաքննիչ դատարանը մերժել է Կոմիտեի վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ «(...) քննարկվող դեպքում ստուգումն իրականացնող հարկային տեսուչները 25.04.2019 թվականի թիվ 1013223 ստուգման ակտում արձանագրելով այն փաստը, որ «Ի Էմ Սի»» ՓԲԸ-ում կատարված ստուգման արդյունքում պարզվեց, որ ընկերության կողմից ստուգվող ժամանակաշրջանում օտարված բնակարանների 1 քմ-ի օտարման արժեքների միջև առկա են 20 տոկոսից ավել գնային շեղումներ, որևէ կերպ չեն հիմնավորել վերը նշված հանգամանքը, մասնավորապես` բացակայում է վերջիններիս կողմից ստուգվող ժամանակաշրջանում օտարվող բնակարանների 1 քմ-ի շուկայական արժեքը պարզելուն միտված գործողություններ կատարելու վերաբերյալ որևէ ապացույց, որով կհիմնավորվեր ««Ի Էմ Սի»» ՓԲ ընկերության կողմից ստուգվող ժամանակաշրջանում օտարված բնակարանների 1 քմ-ի օտարման արժեքների միջև 20 տոկոսից ավել գնային շեղումների առկայությունը: (...) Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ վարչական մարմնի կողմից չի իրականացվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ վարչարարություն, որն էլ հանգեցրել է հայցվոր ընկերության իրավունքների խախտմանը»:

Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն վարչական գործով Դատարանը անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք Ընկերությունը` որպես «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի իմաստով փոխհատուցող համարվող անձ, կարող է օգտվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի 2-րդ պարբերությամբ սահմանված արտոնությունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առանցքային խնդիրը հանդիսացել է այն սուբյեկտների շրջանակը, որոնց վրա տարածվում է սույն վարչական գործով կիրառված իրավական ակտերի, մասնավորապես` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի և «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի գործողությունը: Գործի քննության արդյունքում Դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ հայցվոր Ընկերությունը, չհանդիսանալով գերակա հանրային շահերով հասարակության և պետության կարիքների համար օտարված սեփականության ձեռք բերողը, որպես հատուցում տրված բնակարանների օտարման գործարքների կապակցությամբ իրավասու էր ավելացված արժեքի հարկը վճարել ըստ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի 2-րդ պարբերության, այն է` որպես հարկվող շրջանառություն դիտարկելով բնակարանների համարժեք փոխհատուցման չափը` օտարված գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը, ինչի արդյունքում հայցը բավարարել է:

Կոմիտեն, բողոքարկելով Դատարանի վճիռը և վերաքննիչ բողոքում շեշտադրելով այն փաստը, որ Ընկերության կողմից կատարված գործարքների մասով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի 2-րդ պարբերությունը կիրառելի չէ, ներկայացրել է նույն դիրքորոշումն առ այն, որ հայցը ենթակա է մերժման:

Վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել, որ Կոմիտեի կողմից ներկայացվել են դատաքննության ընթացքում ներկայացված փաստերը և արտահայտվել է վերջինիս դիրքորոշումը նշված արդեն իսկ հաստատված փաստերի վերաբերյալ: Վերաքննիչ բողոքն ըստ էության կրկին վերաբերել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի 2-րդ պարբերության կիրառելիության սուբյեկտային կազմին և կիրառման առանձնահատկություններին:

Վերոգրյալ փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, իր որոշմամբ եզրահանգելով, որ վարչական մարմնի կողմից չի իրականացվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ վարչարարություն, ինչը հանգեցրել է Ընկերության իրավունքների խախտման, ըստ էության, դուրս է եկել վերաքննության սահմաններից, քանի որ սույն գործը Դատարանում քննվել է միայն այն հիմքով, թե արդյո՞ք Ընկերությունը կարող է օգտվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի 2-րդ պարբերությամբ սահմանված արտոնությունից: Այլ կերպ ասած` Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերին և չներկայացնելով համապատասխան եզրահանգումներ ներկայացված հիմնավորումների վերաբերյալ, անդրադարձել է վարչական ակտի հիմնավորվածության հարցին, որը սակայն քննության առարկա չի դարձվել Դատարանում և չի վկայակոչվել վերաքննիչ բողոքում:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը սեփական նախաձեռնությամբ դուրս է եկել Դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես` փոխել է հայցի հիմքը և կայացրել դատական ակտ այնպիսի իրավական և փաստական հիմքերով, որոնք Դատարանում քննության առարկա չեն դարձվել և վկայակոչված չեն եղել վերաքննիչ բողոքում: Ավելին` Վերաքննիչ դատարանը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար և քննության առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքի հիմքերը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու և դրանց հիման վրա գործի փաստերն ի պաշտոնե պարզելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.05.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Ք. Մկոյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 7 փետրվարի 2023 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809934461

 

Միասնական կայք` 27.11.23-10.12.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.02.2023
N ՎԴ/4354/05/19
Որոշում