Սեղմել Esc փակելու համար:
«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈ ...

 

16.12.2023 -

 

050.0285.061211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011512

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2011 թվականի թիվ 285-Ն

 

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 17/01 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 240-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 241-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 6
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ, ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

69. Կենտրոնական բանկն` ի դեմս լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման, վարում է իր կողմից տրամադրված լիցենզիաների գրանցամատյանը (ձևը սահմանվում է` համաձայն Հավելված 12-ի), որը բաց է համընդհանուր ծանոթացման համար և, որում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները.

1) Լիցենզավորված անձի անվանումը,

2) Լիցենզիայի տեսակը և համարը,

3) Լիցենզիան տրամադրելու մասին որոշման ամսաթիվը և համարը,

4) Լիցենզիայի տրման ամսաթիվը,

5) Լիցենզավորված անձի գտնվելու վայրը,

6) Վճարահաշվարկային գործունեության իրականացման վայրը,

7) տեղեկություններ` լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման և ուժը կորցրած ճանաչելու մասին,

8) տեղեկություններ` տրամադրված կոդի և այդ կոդի անվավեր ճանաչելու հիմքերի մասին,

9) տեղեկություններ` մասնաճյուղի անվանման, գտնվելու վայրի, գործունեության վայրի, հաշվառման վկայականի համարի, հաշվառման համարի, հաշվառման ամսաթվի, գործունեության դադարեցման մասին:

(69-րդ կետը փոփ. 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 7
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

70. Լիցենզիան օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, անընթեռնելի դառնալու և այլն), ոչնչանալու կամ կորելու դեպքում` վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ դիմում է ներկայացնում լիցենզիայի կրկնօրինակը ստանալու և կորստի մասին Կենտրոնական բանկի կայքում հրապարակելու համար: Դիմումին կցվում է լիցենզիայի բնօրինակը (օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում), լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, եթե օրենքով նախատեսված է տուրքի վճարում:

71. Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրում է կորած, ոչ պիտանի դարձած կամ ոչնչացած լիցենզիայի կրկնօրինակը` դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում:

72. Կորած լիցենզիան գտնելու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը գտնված լիցենզիան վերադարձնում է Կենտրոնական բանկ:

73. Լիցենզիայի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

74. Լիցենզիայի կրկնօրինակի կորստի, ոչնչացման կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիցենզիայի նոր կրկնօրինակը տրամադրվում է սույն գլխով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 8
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

75. Վճարահաշվարկային կազմակերպության գտնվելու վայրի, գործունեության վայրի, անվանման փոփոխման կամ վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի տեսակի փոփոխման դեպքում Վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է այդ փոփոխությունների Օրենքով սահմանված կարգով հաստատվելու օրվանից 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ` կցելով հետևյալ փաստաթղթերը.

ա) Վերաձևակերպման վերաբերյալ դիմում,

բ) Համապատասխան փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր,

գ) Վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրված լիցենզիայի բնօրինակը,

դ) Պետական տուրքի վճարման անդորրագիրը:

76. Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է Վճարահաշվարկային կազմակերպության կողմից սույն կանոնակարգի 75-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից մեկամսյա ժամկետում:

77. Լիցենզիայի վերաձևակերպման հայտերը Կենտրոնական բանկի կողմից մերժվում են Օրենքի 20.1 հոդվածի 1-ին մասի ա), բ) և դ) կետերով նախատեսված դեպքերում:

 

ԳԼՈՒԽ 9
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

78. Վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր են Կենտրոնական բանկ գրանցման/հաշվառման ներկայացնել ստորև նշված փոփոխությունները` այդ փոփոխությունները կազմակերպության կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում.

1) Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղի գտնվելու վայրի և (կամ) գործունեության վայրի փոփոխությունները,

2) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները:

(78-րդ կետը փոփ. 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

79. (79-րդ կետն ուժը կորցրել է 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 9(1) ԳՐԱՆՑՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

(9.1-ին գլուխը լրաց. 14.10.16 թիվ 169-Ն, փոփ. 20.12.16 թիվ 240-Ն որոշումներ)

 

79.1 Վճարահաշվարկային կազմակերպությունը լիցենզիա ստանալուց հետո սույն կետում նշված փոփոխությունները տեղի ունենալու դեպքում` փոփոխության օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում.

1) Վճարահաշվարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող նոր ներքին իրավական ակտերի ընդունման կամ գործող ներքին իրավական ակտերի փոփոխության դեպքում` նոր ընդունված ներքին իրավական ակտերը կամ գործող ներքին իրավական ակտերի փոփոխությունները և այդ փոփոխությունները ներառող ներքին իրավական ակտերը (վճարահաշվարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող կանոնակարգերը, կարգերը, ընթացակարգերը և նմանատիպ այլ փաստաթղթերը),

2) Վճարահաշվարկային կազմակերպության կամ նրա մասնաճյուղի` սույն կանոնակարգի 4-րդ և 5-րդ գլուխներով սահմանված գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության և անվտանգության կամ տեխնիկածրագրային պահանջների յուրաքանչյուր փոփոխության դեպքում` այդ փոփոխությունների վերաբերյալ գրություն, որը պարունակում է հայտարարություն այն մասին, որ փոփոխված գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածությունը, տեխնիկածրագրային պահանջները և (կամ) անվտանգությունը համապատասխանում են սույն կանոնակարգի 4-րդ և 5-րդ գլուխներով սահմանված չափանիշներին,

3) Վճարահաշվարկային կազմակերպության կանոնադրությունում իրականացված փոփոխություն(ներ)ի և/կամ լրացում(ներ)ի կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու դեպքում` տեղեկանքում նշելով Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում գրանցված` իր կանոնադրության վերջին փոփոխության ամսաթիվը:

79.2 Վճարահաշվարկային կազմակերպությունը լիցենզիա ստանալուց հետո սույն կանոնակարգի Հավելված 2-ով և Հավելված 3-ով, ինչպես նաև Հավելված 5-ի Ձև 2-ով սահմանված տեղեկանքի 2.3-րդ, 3.6-րդ, 3.8-րդ, 3.9-րդ, 4.1-րդ կետերով կամ 5-9-րդ կետերով սահմանված տեղեկություններում փոփոխությունները տեղի ունենալու դեպքում` փոփոխության օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Կենտրոնական բանկ: Ընդ որում, ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու համար Կենտրոնական բանկը կարող է դիմել համապատասխան իրավասու մարմիններին` պահպանելով ձեռք բերված տեղեկատվության գաղտնիությունը:

79.3. Մինչև 2023 թ.-ի փետրվարի 1-ը գործող վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր են ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել իրենց 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների և ղեկավարների դատվածություն ունենալու (ներառյալ` այդ դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու) վերաբերյալ հաշվետվություն` համաձայն սույն կանոնակարգի հավելված 15-ի: Ընդ որում` դատվածությունը պետք է առաջացած լինի 2019 թվականի հուլիսի 27-ից հետո ընկած ժամանակահատվածում:

(79.3-րդ կետը լրաց. 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 10
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

80. Անձին որպես ղեկավար գրանցելու, ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու համար Վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին միջնորդագիրը` համաձայն Հավելված 5-ի Ձև 1-ի և ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի Ձև 2-ի,

1.1) ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում նաև` անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,

2) կառավարման իրավասու մարմնի որոշումը ղեկավարների նշանակման կամ ղեկավարների կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ (առկայության դեպքում),

3) այն դեպքում, երբ սույն կանոնակարգը ուժի մեջ մտնելու պահին վճարահաշվարկային կազմակերպությունն ունի ներդիրով գրանցված ղեկավար, ապա ներկայացվում է նաև կազմակերպության մոտ առկա ներդիրի բնօրինակը.

4) հիմնավորումներ և (կամ) վերլուծություններ ղեկավարի կողմից համապատասխան պարտականությունները կատարելու ունակության, արդյունավետ գործունեություն իրականացնելու հնարավորության, ինչպես նաև որակավորման և մասնագիտական չափանիշներին ղեկավարի համապատասխանության մասին: Հիմնավորումները և (կամ) վերլուծությունները պետք է հնարավորություն տան Կենտրոնական բանկին համակողմանի կերպով գնահատել ղեկավարների` որակավորման և մասնագիտական սահմանված պահանջներին համապատասխանությունը:

(80-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 355-Ն, 05.05.15 թիվ 107-Ն, 14.12.2022 թիվ 219-Ն որոշումներ)

81. Ղեկավարների գրանցումը ներառում է.

1) թեկնածուի մասնագիտական համապատասխանության գնահատում` սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացվող տեղեկատվության (ներառյալ` որակավորման չափանիշներին համապատասխանության վերաբերյալ հավաստիացում), ինչպես նաև օրենքով սահմանված մերժման հիմքերի ուսումնասիրության միջոցով,

2) թեկնածուի հետ հարցազրույցի անցկացում` սույն կանոնակարգով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին վերջինիս համապատասխանությունը ստուգելու նպատակով` բացառությամբ սույն կանոնակարգի 82.1 կետով սահմանված դեպքերի:

(81-րդ կետը փոփ. 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

82. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 81-րդ կետով սահմանված հարցազրույցի անցկացման օրվա վերաբերյալ նախապես տեղեկացնում է թեկնածուին:

(82-րդ կետը փոփ. 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

82.1. Սույն կանոնակարգի 81-րդ կետով սահմանված ընթացակարգով գրանցելիս ղեկավարների թեկնածուները հարցազրույցի կարող են չհրավիրվել Կենտրոնական բանկի կարծիքով հիմնավորված դեպքերում:

(82.1-ին կետը լրաց. 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

83. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարները գրանցվում են Կենտրոնական բանկի որոշմամբ, սույն կանոնակարգի 80-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում: Ընդ որում` ղեկավարների գրանցման որոշման ընդունմամբ ղեկավարը միաժամանակ համարվում է որակավորման վկայական ունեցող` համաձայն «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

(83-րդ կետը փոփ. 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

84. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի պաշտոնը(ները) կարող է (են) զբաղեցվել ժամանակավոր պաշտոնակատարների կողմից և (կամ) թափուր մնալ ոչ ավելի, քան երեք ամիս` սկսած Վճարահաշվարկային կազմակերպության կողմից ղեկավարին պաշտոնից փաստացի ազատելու պահից:

(84-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 355-Ն որոշում)

85. Նշված եռամսյա ժամկետը սահմանվում է տվյալ ղեկավարի պաշտոնին նշանակվող բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների համար, այսինքն` միևնույն պաշտոնին նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, ինչպես նաև տվյալ պաշտոնի թափուր մնալը չի ընդհատում կամ վերսկսում եռամսյա ժամկետը:

86. Մինչև երեք ամիս ժամկետով ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը նախապես գրավոր տեղեկացնում է Կենտրոնական բանկին տվյալ ժամանակավոր պաշտոնակատարի մասին` ներկայացնելով ժամանակավոր պաշտոնակատարի անունը, ազգանունը և անձնագրի տվյալները, հանրային ծառայության համարանիշը (հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը), կրթության և վերջին 10 տարվա աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ (եթե ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Կենտրոնական բանկի կողմից գրանցված անձը, ապա կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկությունները չեն ներկայացվում):

(86-րդ կետը փոփ. 14.10.16 թիվ 169-Ն, 10.12.2018 թիվ 208-Ն, 14.12.2022 թիվ 219-Ն որոշումներ)

87. Կենտրոնական բանկն իրավասու է չընդունել սույն կանոնակարգի 86-րդ կետի համաձայն ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, այդ մասին գրավոր ձևով տեղեկացնելով վճարահաշվարկային կազմակերպությանը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով անձը` որպես վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, չի կարող պատշաճ կերպով իրականացնել իր պարտականությունները: Այդ դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է Կենտրոնական բանկի գրավոր տեղեկացումը ստանալու պահից եռօրյա ժամկետում ազատել նշված անձին այդ պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից:

(87-րդ կետը փոփ. 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

88. (88-րդ կետն ուժը կորցրել է 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

89. (89-րդ կետն ուժը կորցրել է 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

90. (90-րդ կետն ուժը կորցրել է 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

91. Անձին որպես ղեկավար գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի որոշմամբ, եթե.

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, անարժանահավատ կամ չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի, այդ թվում` Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին,

2) անձը չի համապատասխանում օրենքով և սույն կանոնակարգով ղեկավարի նկատմամբ սահմանված պահանջներին:

(91-րդ կետը փոփ. 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

92. (92-րդ կետն ուժը կորցրել է 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

93. Սույն կանոնակարգի 21-րդ կետի համաձայն` կազմակերպությանը Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա տրամադրելիս կազմակերպության ղեկավարների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի հիման վրա Կենտրոնական բանկը միաժամանակ գրանցում է Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարին սույն կանոնակարգի 117-րդ կետով սահմանված չափանիշների բավարարման դեպքում: Ընդ որում, Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի փոփոխության դեպքում` նոր ղեկավարն աշխատելու իրավունք է ստանում սույն գլխի համաձայն` Կենտրոնական բանկում գրանցվելու պահից, հաշվի առնելով ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ սույն կանոնակարգով սահմանված պայմանները:

(93-րդ կետը փոփ. 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

94. Վճարահաշվարկային կազմակերպությունն իր հաշվապահական հաշվառման իրականացման գործընթացը կարող է հանձնել հաշվապահական հաշվառում իրականացնող կազմակերպությանը (ընկերությանը)` կնքելով համապատասխան պատվիրակման պայմանագիր:

(94-րդ կետը փոփ. 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

95. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարները գրանցված և որակավորված են համարվում մինչև տվյալ վճարահաշվարկային կազմակերպությունում համապատասխան պաշտոնում գրանցումից հանելու մասին Կենտրոնական բանկի որոշման ուժի մեջ մտնելը:

(95-րդ կետը փոփ. 05.05.15 թիվ 107-Ն, 14.12.2022 թիվ 219-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ 11
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

96. Կենտրոնական բանկի որոշմամբ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարը հանվում է գրանցումից, եթե.

1) վճարահաշվարկային կազմակերպությունը դիմել է համապատասխան միջնորդությամբ,

2) խախտվել են օրենքներով և այլ իրավական ակտերով ղեկավարների նկատմամբ սահմանված պահանջները,

3) ղեկավարը զրկվել է որակավորումից:

(96-րդ կետը փոփ. 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

97. Կազմակերպությունն իր ղեկավարներին աշխատանքից ազատելու դեպքում, համապատասխան փոփոխությունները տեղի ունենալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է դիմել Կենտրոնական բանկ` ղեկավարին գրանցումից հանելու միջնորդությամբ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր (գրանցումից հանելու պատճառների հիմնավորումներով),

2) իրավասու մարմնի որոշումը կամ համապատասխան արձանագրությունից քաղվածք` փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ` թեկնածուի առկայության դեպքում:

97.1. Եթե Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարը հանվել է գրանցումից սույն կանոնակարգի 96-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա, ապա ղեկավարին գրանցումից հանելու Կենտրոնական բանկի որոշման ընդունման պահից երեք տարվա ընթացքում չի կարող գրանցվել որպես սույն կանոնակարգի Հավելված 5-ի Ձև 2-ի 1.2 ենթակետում նշված կազմակերպությունների ղեկավար:

(97.1-ին կետը լրաց. 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 12
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ, ԿԱՄ ԱՆՎԱՆՄԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

98. Վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է գործունեություն իրականացնել միայն իր գլխամասի և Կենտրոնական բանկում հաշվառված մասնաճյուղերի տարածքում` բացառությամբ սույն կարգի 49-րդ կետով սահմանված դեպքերի, ինչպես նաև տեղադրված ՖԳԻԱՍ-ներով, որոնց միջոցով գործարքների կատարումն իրականացվում է ավտոմատ` հաճախորդի կողմից մուտքագրված անմիջական հրահանգների համաձայն: Անկախ ՖԳԻԱՍ-ի տեղադրման վայրից` վճարահաշվարկային կազմակերպությունը չի կարող ՖԳԻԱՍ-ի միջոցով իրականացնել կանխիկ արտարժույթի մուտքագրման կամ տրամադրման գործառնություններ:

(98-րդ կետը փոփ. 28.11.2023 թիվ 198-Ն որոշում)

99. Մասնաճյուղերի բացման դեպքում Վճարահաշվարկային կազմակերպությունը պետք է դրանք Կենտրոնական բանկ ներկայացնի հաշվառման:

100. Վճարահաշվարկային կազմակերպության կողմից տեղադրված (կազմակերպության համակարգին միացված) ՖԳԻԱՍ-ների հաշվառումը կատարվում է Կենտրոնական բանկ համապատասխան հաշվետվության ներկայացման միջոցով:

(100-րդ կետը փոփ. 28.11.2023 թիվ 198-Ն որոշում)

101. Վճարահաշվարկային կազմակերպությունը, իր մասնաճյուղերի գտնվելու կամ գործունեության վայրի կամ անվանման փոփոխման, ինչպես նաև նոր մասնաճյուղերի բացման դեպքում պարտավոր է այդ մասին որոշումը ներկայացնել Կենտրոնական բանկ հաշվառման` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) մասնաճյուղ բացելու դիմում` համաձայն Հավելված 8-ի կամ գտնվելու կամ գործունեության վայրի կամ անվանման փոփոխման դիմում` համաձայն Հավելված 9-ի,

2) կազմակերպության կառավարման իրավասու մարմնի համապատասխան որոշումը կամ համապատասխան արձանագրությունից քաղվածք,

3) գրավոր հայտարարություն` նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին,

4) Համապատասխան փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր,

5) սույն կանոնակարգի 18-րդ կետի 10-րդ և 11-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը: Գյուղապետարանի շենքում կամ հեռահաղորդակցման օպերատորի տարածքում բացվող մասնաճյուղերի դեպքում` սույն կանոնակարգի 18-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը չեն ներկայացվում, որի փոխարեն, համապատասխանաբար, ներկայացվում են սույն կանոնակարգի 30-րդ կետում կամ 32-րդ կետում սահմանված պայմանագրերի պատճենները,

6) սույն կանոնակարգի 43-րդ կետում սահմանված պահանջներին բավարարող հիմքեր:

(101-րդ կետը փոփ. 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

102. Օտարերկրյա պետությունում մասնաճյուղ ստեղծելիս Վճարահաշվարկային կազմակերպությունը ստանում է Կենտրոնական բանկի համաձայնությունը` ներկայացնելով սույն կանոնակարգի 101-րդ կետի 1-4-րդ ենթակետերում սահմանված փաստաթղթերը, իսկ համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում գրանցվելուց (լիցենզավորվելուց, արտոնագրվելուց կամ համապատասխան գործունեություն իրականացնող կազմակերպության հետ գործակալության կամ տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված նման այլ պայմանագիր կնքելուց) հետո հաշվառվում է Կենտրոնական բանկում` ներկայացնելով գրանցման (լիցենզավորման, արտոնագրման, պայմանագրի կնքման) փաստը հավաստող փաստաթղթերը:

103. Անհրաժեշտության դեպքում, Կենտրոնական բանկի պահանջով Վճարահաշվարկային կազմակերպությունը ներկայացնում է օտարերկրյա պետության վճարահաշվարկային ոլորտը կարգավորող իրավական ակտերը:

104. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 101-րդ կամ 102-րդ կետերով սահմանված փաստաթղթերը ստանալու պահից մեկամսյա ժամկետում հաշվառում է փոփոխությունները կամ մերժում է հաշվառումը:

105. Կենտրոնական բանկը մերժում է դիմումը, եթե առկա են Օրենքի 20.1 հոդվածում նախատեսված հիմքերը: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում գրանցումը չմերժելու կամ նշված ժամկետը կասեցնելու մասին Վճարահաշվարկային կազմակերպությանը չտեղեկացնելու դեպքում փոփոխությունները համարվում են գրանցված:

106. Կենտրոնական բանկը հաշվառում է մասնաճյուղը և տալիս է հաշվառման վկայական` համաձայն Հավելված 7-ի, իսկ մերժելու դեպքում Վճարահաշվարկային կազմակերպությանը ուղարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշում:

 

ԳԼՈՒԽ 13
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

107. Վճարահաշվարկային կազմակերպության կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված աշխատանքի կանոնակարգում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու դեպքում Վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը և աշխատանքի կանոնակարգում իրականացված լրացումները և/կամ փոփոխությունները` այդ փոփոխությունները կազմակերպության կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Կենտրոնական բանկ` համաձայնեցման:

108. Աշխատանքի կանոնակարգում փոփոխությունների և (կամ) լրացումների իրականացման համար Վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

1) կազմակերպության աշխատանքի կանոնակարգում լրացումների և/կամ փոփոխությունների իրականացման համար դիմում` կազմակերպության կառավարման իրավասու մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,

2) կազմակերպության կառավարման մարմնի որոշումը` աշխատանքի կանոնակարգում լրացումների և (կամ) փոփոխությունների իրականացման վերաբերյալ,

3) աշխատանքի կանոնակարգի համապատասխան փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր և փոփոխման անհրաժեշտության հիմնավորումը:

109. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 108-րդ կետով նախատեսված աշխատանքային կանոնակարգում լրացումներ և/կամ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը կամ մերժում է համաձայնության տրամադրումը: Որոշակի փաստեր պարզելու նպատակով տասնհինգօրյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կասեցվել մինչև 1 ամիս ժամկետով:

110. Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի 109-րդ կետում նշված ժամկետում դիմումը չմերժելու կամ կասեցնելու մասին Վճարահաշվարկային կազմակերպությանը չտեղեկացնելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված: Կենտրոնական բանկը մերժում է համաձայնության տրամադրումը, եթե լրացումները և/կամ փոփոխությունները հակասում են Օրենքին կամ այլ օրենքներին, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերին, սույն կանոնակարգի դրույթներին:

111. Վճարահաշվարկային կազմակերպության կառավարման մարմնի կողմից հաստատված աշխատանքային կանոնակարգում լրացումներ և/կամ փոփոխություններ կատարելու` Կենտրոնական բանկի կողմից տրված համաձայնության դեպքում կազմակերպության անհատական գործին կցվում են սույն կանոնակարգի 108-րդ կետով սահմանված փաստաթղթերը:

112. Կենտրոնական բանկը մերժում է աշխատանքային կանոնակարգում լրացումներ և/կամ փոփոխություններ կատարելու մասին համաձայնության տրամադրումը, եթե առկա են սույն կանոնակարգի 23-րդ կետով սահմանված հիմքերը: Այս դեպքում Կենտրոնական բանկը մերժման հիմքերի մասին գրությամբ տեղեկացնում է Վճարահաշվարկային կազմակերպությանը:

 

ԳԼՈՒԽ 14
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

(14-րդ գլուխը խմբագրվել է 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

 

113. Ղեկավարները պետք է բավարարեն «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներին, սույն կանոնակարգով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին, ունենան վճարահաշվարկային կազմակերպության կողմից սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանության վերաբերյալ հավաստիացում և գրանցվեն Կենտրոնական բանկում:

114. Ղեկավարների որակավորման չափանիշներին համապատասխանության ստուգման գործընթացը կազմակերպում է վճարահաշվարկային կազմակերպությունը` համաձայն ներքին կանոնակարգերի: Վճարահաշվարկային կազմակերպությունները պետք է ունենան և Կենտրոնական բանկ ներկայացնեն կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված ներքին կանոնակարգ, որով առնվազն պետք է սահմանվեն ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշները, դրանց համապատասխանության գնահատման սկզբունքները և ընթացակարգերը, որակավորման չափանիշներին համապատասխանության ստուգման գործընթացը պատվիրակելու դեպքում` որակավորող կազմակերպությանը ներկայացվող չափանիշները և ընտրության կարգը, ինչպես նաև ղեկավարների գրանցման մերժման հիմքերը ստուգելու գործընթացները և վերջիններիս նկատմամբ սահմանված պահանջների պահպանման մեխանիզմները:

115. Վճարահաշվարկային կազմակերպությունը, համաձայն ներքին կանոնակարգերի, ղեկավարների որակավորման չափանիշներին համապատասխանության ստուգման գործընթացը կազմակերպում է ինքնուրույն կամ պատվիրակում է որակավորող կազմակերպությանը:

116. Նոր ստեղծվող վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների որակավորման չափանիշներին համապատասխանության ստուգման գործընթացն իրականացվում է հիմնադիրների կամ հիմնադիրների որոշմամբ` որակավորող կազմակերպության կողմից:

117. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարները բավարարում են Կենտրոնական բանկի կողմից սահմանված ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներին, եթե բավարարում են սույն կանոնակարգի 118-րդ կետի պահանջներին:

118. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարը պետք է.

1) ունենա բարի համբավ, ազնվություն, անաղարտություն,

2) ունենա բավարար կրթություն, հմտություններ և փորձառություն, առողջ դատելու և անկախ որոշումներ կայացնելու ունակություն, պատկերացնի կազմակերպության գործունեության բիզնես մոդելը և միջավայրը, իր դերն ու պարտականությունները` տվյալ պաշտոնին համապատասխանելու համար:

119. Կենտրոնական բանկը կարող է վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների համար սահմանել տվյալ պաշտոնին համապատասխան միջազգային որակավորում ունենալու պահանջ, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով վճարահաշվարկային կազմակերպության կառավարումը տվյալ ոլորտում արդյունավետ չի իրականացվում:

 

ԳԼՈՒԽ 15
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

(15-րդ գլուխն ուժը կորցրել է 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

(15-րդ գլուխը փոփ. 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 16
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԹԵՍՏԵՐԸ

(16-րդ գլուխն ուժը կորցրել է 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 17
ԹԵՍՏԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

(17-րդ գլուխն ուժը կորցրել է 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 18
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

(18-րդ գլուխն ուժը կորցրել է 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 19
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

151. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները կարող են իրականացնել հայկական դրամով և (կամ) արտարժույթով ֆիզիկական և իրավաբանական անձանցից և (կամ) անձանց ուղղված վճարումների ընդունումը և/կամ կատարումը` առանց բանկային հաշիվների, այն է`

1) վճարողներից հայկական դրամով կամ արտարժույթով դրամական միջոցներ (կանխիկ կամ անկանխիկ) և շահառուների օգտին վճարում կատարելու կարգադրության ընդունում և կատարման ապահովում, այդ թվում` հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա պայմանագրի կողմ հանդիսացող անձից դրամական միջոցներ և որոշակի ցանկով սահմանված շահառուների օգտին վճարում կատարելու կարգադրության ընդունում և կատարում,

2) շահառու հանդիսացող հաճախորդներին ուղղված հայկական դրամով կամ արտարժույթով դրամական միջոցների/վճարումների ընդունում կամ կատարում (կանխիկ կամ անկանխիկ), այդ թվում` հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա պայմանագրի կողմ հանդիսացող շահառուի օգտին վճարումների հավաքագրում (օրինակ` կոմունալ վճարումների, բյուջեին ուղղված վճարումների ընդունում):

152. Սույն կանոնակարգի 151-րդ կետում նշված ծառայությունների կատարումը կարող է իրականացվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության մասնաճյուղային ցանցի, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու իրավասություն ունեցող այլ կազմակերպության կամ դրամական (փողային) փոխանցումների համակարգերի միջոցով, ինչպես նաև սույն կանոնակարգի 151-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ծառայությունների կատարում` ՖԳԻԱՍ-ների միջոցով, միայն հայկական դրամով:

(152-րդ կետը փոփ. 28.11.2023 թիվ 198-Ն որոշում)

153. Արտարժույթով միջոցների փոխանցումների իրականացման դեպքում վճարման ենթակա գումարների ընդունումը վճարողներից և/կամ վճարման ենթակա գումարների տրամադրումը շահառուներին դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության կողմից իրականացվում են հետևյալ կանոնների համաձայն.

1) Միջոցների փոխանցման վճարող հանդիսացող հաճախորդից արտարժույթով փոխանցում կատարելու կարգադրությունը ընդունելիս, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը փոխանցվող գումարը հաճախորդից ընդունում է (հաճախորդի կողմից վճարվում է) կարգադրությունում նշված արտարժույթով, իսկ հաճախորդի ցանկության դեպքում, եթե այլ բան սահմանված չէ տվյալ դրամական (փողային) փոխանցումների համակարգի կանոններով, փոխանցվող գումարը կարող է ընդունվել (վճարվել) ՀՀ դրամով` կազմակերպության կողմից սահմանված փոխարժեքով,

2) Միջոցների փոխանցման շահառու հանդիսացող հաճախորդին արտարժույթով վճարում կատարելու կարգադրությունը ստանալիս, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը վճարվող գումարը հաճախորդին տրամադրում է կարգադրությունում նշված արտարժույթով, իսկ շահառուի ցանկության դեպքում, եթե այլ բան սահմանված չէ տվյալ դրամական (փողային) փոխանցումների համակարգի կանոններով, վճարվող գումարը կարող է տրամադրվել ՀՀ դրամով` կազմակերպության կողմից սահմանված փոխարժեքով:

154. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը պարտավոր է հաճախորդին տրամադրել մատուցված յուրաքանչյուր ծառայության կատարման վերաբերյալ անդորրագիր, բացառությամբ հաճախորդի կողմից անդորրագիրը իր կողմից չստանալու վերաբերյալ հստակ կամարտահայտության դեպքում:

155. Սույն կանոնակարգի 153-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերում սահմանված փոխարկման գործառնությունների իրականացման դեպքում հաճախորդին տրամադրվող անդորրագրում, ինչպես նաև հաճախորդի կողմից ներկայացված դրամական փոխանցման կատարման (դրամական փոխանցման ստացման) կարգադրությունում փոխանցման արժույթով գումարը նշելուց բացի, պետք է նշված լինեն փոխարժեքը և հաճախորդից ընդունված (հաճախորդին տրամադրված) գումարը ՀՀ դրամով:

156. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը իրավասու չէ պարտադրել իր հաճախորդին կատարել կամ ընդունել վճարումը ՀՀ դրամով, եթե միջոցների փոխանցումը կատարվում է արտարժույթով: Դրամական (փողային) փոխանցման հետ կապված ծառայության միջնորդավճարները պետք է կատարվեն միայն ՀՀ դրամով:

157. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը կարող է իրականացնել սույն կանոնակարգի 153-րդ կետում նշված գործառնությունները, եթե հաճախորդների համար տեսանելի տեղում տեղադրել է հայտարարություն, որ փոխանցվող կամ վճարվող գումարը կարող է ընդունվել կամ վճարվել ՀՀ դրամով` միայն հաճախորդի ցանկության դեպքում:

158. Սույն կանոնակարգի 153-րդ կետում նշված գործառնություններից տարբերվող այլ փոխարկման գործառնությունները դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը կարող է իրականացնել միայն համապատասխան լիցենզիայի (արտարժույթի դիլերային առուվաճառքի կամ արտարժույթի առուվաճառքի) առկայության դեպքում:

159. ՀՀ դրամով փոխանցումների իրականացման դեպքում վճարման ենթակա գումարների ընդունումը վճարողներից և վճարման ենթակա գումարների տրամադրումը շահառուներին դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության կողմից իրականացվում են միայն ՀՀ դրամով:

160. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը պարտավոր է հաճախորդներին ապահովել պիտանի (ոչ հնամաշ) Հայաստանի Հանրապետության դրամանիշերով:

161. Վճարահաշվարկային ծառայությունների մատուցման համար հիմք են հանդիսանում համապատասխան փաստաթղթերով (վճարահաշվարկային ծառայությունների մատուցման կանոնակարգով, դրամական (փողային) փոխանցումների համակարգերի կանոններով, պայմանագրերով) սահմանված գրավոր կարգադրությունները (թղթային, էլեկտրոնային):

162. Աշխատանքի ընթացքում Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության աշխատակիցները պարտավոր են ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և կրել լուսանկարով այցեքարտ, որտեղ պետք է նշված լինեն լիցենզավորված անձի անվանումը, աշխատակցի անունը, ազգանունը:

163. Աշխատանքային ժամերի ընթացքում Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության դրամարկղում չեն կարող գտնվել այլ անձինք, որոնք չեն հանդիսանում տվյալ կազմակերպության աշխատակից:

164. (164-րդ կետն ուժը կորցրել է 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 20
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

165. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողությունը կասեցվում է Օրենքի 27-րդ հոդվածի առաջին մասի դ) կետի և 7-րդ մասի հիման վրա:

166. Այն դեպքում, երբ լիցենզիան կասեցվում է Օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա, Վճարահաշվարկային կազմակերպության դիմումը քննարկվում է այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Այն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում չքննարկվելու դեպքում դիմումը համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը կասեցված` Վճարահաշվարկային կազմակերպության կողմից նշված ժամկետով:

167. Լիցենզիայի գործողության կասեցման մասին Վճարահաշվարկային կազմակերպության դիմումի հիման վրա Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից:

168. Վճարահաշվարկային կազմակերպության կողմից Կենտրոնական բանկ ներկայացված լիցենզիայի գործողության կասեցման դիմումի մեջ նշված առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 12 ամիսը:

169. Լիցենզիայի գործողության կասեցման մասին Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու համար Վճարահաշվարկային կազմակերպությունն իր դիմումին կից Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցման գործընթացը հիմնավորող և պարզաբանող տեղեկություններ` կազմված ամփոփ տեղեկանքի ձևով, որը պետք է ներառի.

1) Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցման պատճառները` տնտեսագիտական հիմնավորմամբ,

2) Վճարահաշվարկային կազմակերպության կողմից լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշման ընդունման պահին Վճարահաշվարկային կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը,

3) այլ տեղեկություններ` ըստ անհրաժեշտության կամ Կենտրոնական բանկի պահանջի:

170. Լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ Վճարահաշվարկային կազմակերպության դիմումը կարող է մերժվել, եթե լիցենզիայի գործողության կասեցումը կհանգեցնի ֆինանսական համակարգի ապակայունացմանը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

171. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված` կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից:

172. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ուժի մեջ մտնելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում տեղեկատվություն`

1) կազմակերպության կողմից լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշման ընդունման պահին կազմակերպության հաշվապահական հաշվեկշռի վերաբերյալ,

2) այլ տեղեկություններ` ըստ անհրաժեշտության կամ Կենտրոնական բանկի պահանջի:

173. Լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից լիցենզավորված անձը ժամանակավորապես զրկվում է վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իր բոլոր իրավունքներից` միաժամանակ շարունակելով կատարել իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները:

174. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը նշված որոշումը հրապարակվում է առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում:

 

ԳԼՈՒԽ 21
ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

175. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Օրենքի 27-րդ հոդվածի առաջին մասի ե) կետի և 7-րդ մասի հիման վրա:

176. Այն դեպքում, երբ լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա` Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմումին կից լիցենզավորված կազմակերպությունը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի հայտարարագիր` պարտատերեր չունենալու վերաբերյալ: Պարտատերերի առկայության կամ Կենտրոնական բանկի ստուգման արդյունքում դրանց հայտնաբերման դեպքում Վճարահաշվարկային կազմակերպության կողմից պարտատերերի պահանջները բավարարելու անհնարինության պարագայում Կենտրոնական բանկի կողմից նախաձեռնվում է պարտատերերի պահանջների բավարարման գործընթաց` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի համաձայն:

177. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Վճարահաշվարկային կազմակերպության դիմումը կարող է մերժվել, եթե լիցենզիայի գործողության ուժը կորցնելը կհանգեցնի ֆինանսական համակարգի ապակայունացմանը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

178. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում տեղեկատվություն`

1) կազմակերպության կողմից լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշման ընդունման պահին կազմակերպության հաշվապահական հաշվեկշռի վերաբերյալ,

2) այլ տեղեկություններ` ըստ անհրաժեշտության կամ Կենտրոնական բանկի պահանջով:

179. Օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները խախտելու համար կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու գործընթաց նախաձեռնելիս Կենտրոնական բանկը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում կազմակերպության` դրամական (փողային) փոխանցումների գծով պարտատերերի ի հայտ բերման ուղղությամբ: Վերջիններիս առկայության դեպքում պարտավորությունների մարումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով:

180. Լիցենզիայի գործողությունն ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից լիցենզավորված անձը զրկվում է վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իր բոլոր իրավունքներից` միաժամանակ շարունակելով կատարել իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանած ընթացակարգի համաձայն:

181. Կենտրոնական բանկի խորհուրդն ուժը կորցրած է ճանաչում վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան նաև վճարահաշվարկային կազմակերպության լուծարման դեպքում:

 

ԳԼՈՒԽ 22
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

182. Հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորությունները կատարելու համար անբավարար միջոցներ ունենալու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունն այդ մասին 1(մեկ) օրվա ընթացքում ծանուցում է Կենտրոնական բանկին:

183. Սույն կանոնակարգի 182-րդ կետով սահմանված ծանուցումը ստանալուց հետո Կենտրոնական բանկի խորհուրդը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունները կասեցնելու վերաբերյալ:

184. Հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորությունները կատարելու համար անբավարար միջոցներ ունենալու փաստը Կենտրոնական բանկի կողմից բացահայտելու դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունները կասեցնելու վերաբերյալ:

185. Վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունները կասեցնելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 1 օրվա ընթացքում, Վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում սահմանված ձևի հաշվետվություն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) պարտատերերի ցուցակը, որում պետք է նշված լինեն նրանց անունները (անձնագրի տվյալները) կամ անվանումները, բնակության (գտնվելու) վայրը, պարտավորությունների չափը` ըստ արժույթների և տեսակների: Այդ ցուցակում պետք է ներառվի նաև այն պարտատերերի վերաբերյալ տեղեկություններ, որոնց նկատմամբ պարտավորությունների կատարման ժամկետը չի լրացել,

2) պարտավորությունների կատարումը ապահովելու անհնարինության պատճառը/պատճառները:

186. Հաճախորդ պարտատերի նկատմամբ պարտավորություններն ամբողջությամբ կատարելուց հետո Վճարահաշվարկային կազմակերպությունը եռօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

187. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 186-րդ կետում նշված հաշվետվությունը վերլուծելուց հետո անհրաժեշտության դեպքում մեկօրյա ժամկետում տեղում ստուգում կատարելու միջոցով հետևում է պարտավորությունների մարման գործընթացի կազմակերպմանը:

 

ԳԼՈՒԽ 23
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

188. Սույն կանոնակարգի 6-րդ կետը ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 7-ից, իսկ մինչ այդ Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կամ դրանց կազմի փոփոխությունների գրանցման վերաբերյալ միջնորդագրերը և տվյալ գործընթացի շրջանակներում սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ միջբանկային համակարգչային ցանցի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով, ընդ որում ղեկավարների և նրանց գործունեության վերաբերյալ տեղեկանքները ներկայացվում են էքսել ֆորմատով, իսկ սույն կետում նշված մյուս փաստաթղթերը,Փի Դի Էֆե ֆորմատով:

189. Վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարները, որոնք պաշտոնավարել են Կենտրոնական բանկի կողմից տրամադրված ներդիրների հիման վրա, համարվում են գրանցված ներդիրի տրամադրման օրվանից: Ղեկավարների փոփոխության դեպքում` ներդիրը համարվում է ուժը կորցրած, փոփոխությունը գրանցվում է նոր կարգի համաձայն` ՀՀ ԿԲ նախագահի որոշմամբ: Եթե ներդիրում ընդգրկված անձանցից որևէ մեկը շարունակում է պաշտոնավարել, փոփոխության գրանցման որոշման մեջ ներառվում է դրույթ, վերջինիս պաշտոնավարումը շարունակելու վերաբերյալ:

190. Այն Վճարահաշվարկային կազմակերպությունները, որոնք ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացել են դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների և/կամ վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների գործունեության լիցենզիա(ներ), ապա լիցենզիայի(ների) վերաձևակերպման դեպքում ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվում է նոր լիցենզիա սույն կանոնակարգի Հավելված 6-ի համաձայն:

191. Վճարահաշվարկային կազմակերպությունը, վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղը, վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարը պարտավոր են բավարարել սույն կանոնակարգի 27-րդ կետի բ) ենթակետի, 42-րդ, 43-րդ և 162-րդ կետերով սահմանված պահանջներին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում:

192. Վճարահաշվարկային կազմակերպության այն ղեկավարները, ովքեր նախկինում ստացել են վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի որակավորման վկայական և գրանցվել են որպես վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում պետք է բավարարեն սույն կանոնակարգի 116-րդ կետի աղյուսակի 2-րդ կետում կամ սույն կանոնակարգի 150-րդ կետում նշված որակավորումներից, դիպլոմներից կամ հավաստագրերից առնվազն մեկը ունենալու պահանջին: Ընդ որում, վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի կողմից սույն կանոնակարգի 116-րդ կետի աղյուսակի 2-րդ կետում կամ սույն կանոնակարգի 150-րդ կետում նշված որակավորումներից, դիպլոմներից կամ հավաստագրերից առնվազն մեկը ստանալու դեպքում` վճարահաշվարկային կազմակերպությունը դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկին, տվյալ անձին, սույն կանոնակարգի 144-րդ կետի համաձայն, որակավորման վկայական տրամադրելու համար:

(192-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 355-Ն, 05.05.15 թիվ 107-Ն որոշումներ)

 

(հավելվածը խմբ. 15.07.14 թիվ 195-Ն որոշում)

 

(հավելվածը փոփ. 07.02.12 թիվ 37-Ն որոշում)

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.10.2011
N 285-Ն
Որոշում