Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԱՐՈՐԴԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԱՐՈՐԴԸ ԿԱՐՈՂ Է ՎԱՐՉԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ  

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/7696/05/18

    Վարչական գործ թիվ ՎԴ/7696/05/18             2023թ.

Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան

    Դատավորներ`        Ա. Թովմասյան          

                                       Կ. Ավետիսյան                      

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Լ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ք. Մկոյան

 

2023 թվականի հունվարի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վարդան Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.03.2020 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Վարդան Մկրտչյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայության 17.05.2018 թվականի թիվ 1808053177 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վարդան Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 17.05.2018 թվականի թիվ 1808053177 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 12.02.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.03.2020 թվականի որոշմամբ Վարդան Մկրտչյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 12.02.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Մկրտչյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասը, վարչական իրավախախտումը կատարելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը (այսուհետ նաև` ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի որոշում):

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ բողոք բերող անձը պատասխանատվության է ենթարկվել ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի որոշմամբ չնախատեսված ճանապարհային նշանի պահանջները չպահպանելու համար, այնինչ Ծառայության 17.05.2018 թվականի թիվ 1808053177 որոշման մեջ նշվել է, որ անձը խախտել է ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի որոշման 5.15.1 կետով նախատեսված «իրավական նորմը»:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.03.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության կամ կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ծառայության 17.05.2018 թվականի թիվ 1808053177 որոշմամբ Վարդան Մկրտչյանը ենթարկվել է վարչական տույժի` 5.000 (հինգ հազար) ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 4):

2. Ծառայության 17.05.2018 թվականի թիվ 1808053177 որոշման համաձայն` BMW (ԲՄՎ) մակնիշի 35 AX 162 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 03.05.2018 թվականին, ժամը 15:04-ին, ք. Երևան, Վ. Համբարձումյան/Երզնկյան/Բաղրամյան խաչմերուկի հատվածում երթևեկել է «Երթևեկության ուղղությունը գոտիներով» ճանապարհային նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով (հատոր 1-ին, գ.թ. 4):

3. Վարդան Մկրտչյանի` Ծառայության վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1808064915, 1808059112, 1808058546, 1808053826, 1808053177, 1808049543, 1808040552 որոշումների վարչական կարգով բողոքարկման արդյունքում Ծառայության պետ Ե. Կարապետյանի 20.06.2018 թվականի որոշմամբ Վարդան Մկրտչյանի բողոքը չի բավարարվել, իսկ նշված որոշումները թողնվել են անփոփոխ (հատոր 1-ին, գ.թ. 5):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքարկվող դատական ակտում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 124-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

 

Սույն դեպքում Վճռաբեկ դատարանի խնդիրն է օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական գործառույթի շրջանակներում պարզել. արդյո՞ք տրանսպորտային միջոցի վարորդը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե այդ ճանապարհային նշանի պատկերը հաստատված չէ ՀՀ օրենսդրությամբ` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Վերը նշված իրավական խնդիրը Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել իրավական որոշակիության ու կանխատեսելիության սկզբունքների համատեքստում` մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի նորմը մեկնաբանելով նշված սկզբունքների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով:

Իրավական որոշակիությունը պահանջում է, որ իրավական կանոնները լինեն հստակ և ճշգրիտ, և նպատակ ունենան ապահովելու, որ իրավիճակներն ու իրավական հարաբերությունները լինեն կանխատեսելի (տե՛ս, Վենետիկի հանձնաժողովի 04.04.2011 թվականի «Իրավունքի գերակայության վերաբերյալ» CDL-AD(2011)003rev զեկույց, կետ 46):

i

Սահմանադրական դատարանը 15.11.2019 թվականի թիվ ՍԴՈ-1488 որոշման մեջ արտահայտել է դիրքորոշում առ այն, որ իրավական որոշակիությունը նաև իրավական անվտանգության կարևոր բաղադրիչ է, որով, ի թիվս այլնի, ապահովվում է նաև վստահությունը հանրային իշխանության և նրա հաստատությունների նկատմամբ և իրավական պետությունում բացառապես որոշակի` կանխատեսելի, հստակ և բոլորի համար մատչելի օրենսդրական կարգավորումների միջոցով պետք է երաշխավորվի առկա իրավակարգի հետագա գոյության նկատմամբ վստահության պաշտպանությունը: Հանրային իշխանության կողմից որոշակիության սկզբունքի խախտումն ուղղակիորեն ազդում է օրենքի գերակայության սկզբունքի վրա և էականորեն նվազեցնում է իրավական պետության կայացածության աստիճանը:

Իրավական օրենքի` որպես իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքների իրացման անհրաժեշտ նախապայմանի կարևորությունը բազմիցս շեշտադրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան):

Ըստ Եվրոպական դատարանի` ներպետական իրավունքում իրավական հիմքի առկայությունն ինքնին բավարար չէ օրինականության սկզբունքը բավարարելու համար: Իրավական հիմքը պետք է ունենա որոշակի որակ, այն է` պետք է համապատասխանի իրավունքի գերակայությանը և պետք է բացառի կամայականությունը (տե՛ս, East West Alliance Limited v. Ukraine, թիվ 19336/04 գանգատով Եվրոպական դատարանի 23.01.2014 թվականի վճիռը, կետ 167):

Օրինականության սկզբունքը ենթադրում է, որ ներպետական իրավունքի կիրառելի դրույթները բավականաչափ մատչելի, ճշգրիտ և կանխատեսելի պետք է լինեն իրենց կիրառության մեջ (տե՛ս, օրինակ` Lekic v. Slovenia, թիվ 36480/07 գանգատով Եվրոպական դատարանի մեծ պալատի 11.12.2018 թվականի վճիռը, կետ 95):

Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի վարքագիծը կարգավորող իրավական նորմերը պետք է բավարարեն որոշակիության պահանջներին, ինչը հնարավորություն կտա անձանց հստակորեն կանխատեսել իրենց որոշակի վարքագծի հետևանքները:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության միասնական կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոններով:

Նույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները (...):

ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշման Հավելված 1-ի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոններով սահմանվում է ճանապարհային երթևեկության միասնական կարգ` Հայաստանի Հանրապետության տարածքում` (...) կարգավորելով երթևեկությունը կարգավորող նշանները:

Վերը նշված նորմերի բովանդակությունից բխում է, որ անձը կրում է ճանապարհային երթևեկության միայն այն կանոններին ենթարկվելու պարտականություն և ըստ այդմ` կարող է պատասխանատվության ենթարկվել ճանապարհային երթևեկության միայն այն կանոնների խախտման համար, որոնք սահմանել է ՀՀ կառավարությունը` «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` ճանապարհային երթևեկության միասնական կարգը սահմանելու իր լիազորության շրջանակներում:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի նորմը դրանով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշները սահմանում է բլանկետային դիսպոզիցիայի միջոցով, որի բովանդակությունը բացահայտվում է այլ նորմատիվ իրավական ակտերում: Այն դեպքում, երբ նորմի դիսպոզիցիան ունի բլանկետային բնույթ, դրա` որոշակիության պահանջներին համապատասխանությունը հնարավոր է պարզել միայն այն նորմատիվ իրավական ակտերի հետ համակարգային ամբողջության մեջ, որոնք ապահովում են համապատասխան իրավակարգավորման դիսպոզիցիայի (իրավախախտման օբյեկտիվ կողմի հատկանիշների) ամբողջականությունը:

Օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված դիսպոզիցիայի բովանդակությունը բացահայտվում է հետևյալ իրավական ակտերի հետ ամբողջության մեջ:

i

ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի «ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշման (այսուհետ նաև` ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի թիվ 1699-Ն որոշում) Հավելված 3-ով սահմանված են ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները: Նշված որոշման Հավելված 3-ի 3-րդ կետի համաձայն` ճանապարհային նշանը ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոց է, որն ունի վահանակի տեսք ու որոշակի ձև, և որի վրա կատարված են այնպիսի նշումներ ու մակագրություններ, որոնք ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկացնում են ճանապարհային պայմանների և երթևեկության ռեժիմների, բնակավայրերի ու այլ օբյեկտների գտնվելու վայրի մասին:

ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի թիվ 1699-Ն որոշման Հավելված 3-ի 7-րդ կետի համաձայն` (...) նշանների մեջ փոփոխությունների կատարման դեպքում դրանք չպետք է փոխեն նշանների հիմնական բնութագրերը: Նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման Հավելված 1-ը սահմանում է նույն Հավելված 1-ի 167-րդ կետով նախատեսված` թվով 8 խումբ ճանապարհային նշանների սպառիչ ցանկը և յուրաքանչյուր նշանի նկարագրի միջոցով բացահայտում դրա բովանդակությունը: Միաժամանակ, ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ, յուրաքանչյուր ճանապարհային նշանի բնութագրին ու բովանդակությանը համապատասխան, ամրագրվում է տվյալ ճանապարհային նշանի պատկերը` նկարի տեսքով:

Այսպիսով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի նորմը մեկնաբանելով իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված նորմում «ճանապարհային նշան» եզրույթը վերաբերում է բացառապես այն ճանապարհային նշաններին, որոնք ՀՀ կառավարությունը սահմանել է 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ, և համապատասխանում են այն բնութագրին ու կոնկրետ պատկերին, որը հաստատված է ՀՀ կառավարության կողմից նույն որոշմամբ: Ճանապարհային երթևեկության մեջ այնպիսի ճանապարհային նշանի կիրառումը, որն իր բովանդակությամբ ու պատկերով չի համապատասխանում ՀՀ կառավարության նշված որոշմամբ սահմանված ու նկարագրված ճանապարհային նշանի բովանդակությանն ու պատկերին, կհանգեցնի իրավական որոշակիության ու կանխատեսելիության սկզբունքների խախտման:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է ենթարկվել այն ճանապարհային նշանի պահանջին, որը սահմանված է ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման Հավելված 1-ի «Ճանապարհային նշաններ» բաժնում, համապատասխանում է նշված որոշմամբ նկարագրված բովանդակությանն ու հաստատված պատկերին: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով թիվ ՎԴ/2110/05/19 վարչական գործով 19.08.2022 թվականի իր որոշմամբ արտահայտված դիրքորոշումը, գտնում է, որ անձը կարող է Օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ճանապարհային նշանի պահանջը խախտելու համար ենթարկվել վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ խախտվել է ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման Հավելված 1-ի «Ճանապարհային նշաններ» բաժնում նկարագրված և այդ որոշմամբ հաստատված պատկերին համապատասխանող ճանապարհային նշանի պահանջը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Վարդան Մկրտչյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության` վարչական տույժ նշանակելու մասին 17.05.2018 թվականի թիվ 1808053177 որոշումը, որով վերջինս վարչական պատասխանատվության է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» ճանապարհային նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ երթևեկելու համար:

Դատարանի 12.02.2019 թվականի վճռով Վարդան Մկրտչյանի` Ծառայության վարչական տույժ նշանակելու մասին 17.05.2018 թվականի թիվ 1808053177 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը մերժվել է: Դատարանն, անդրադառնալով հայցադիմումում բերված այն փաստարկին, որ տույժը կիրառվել է մի նշանի պահանջ չպահպանելու համար, որը նախատեսված չէ ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններով, նշել է, որ Որոշում 1-ով պարզապես հաստատված է 5.15.1 նշանի տիպային ձևը, ինչը չի նշանակում, որ նշանի կարգավորումները չեն տարբերվել տիպային ձևում տրված կարգավորումներից:

Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի 17.05.2018 թվականի վճիռը, նշել է, որ իրավախախտման որոշմամբ վերագրված է 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու հանգամանքը և տվյալ դեպքում այն հատուկ թելադրանքի նշան է, որը որևէ աղերս չունի հետադարձը թույլատրող ճանապարհային նշանի հետ: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ պատահական չէ, որ Կանոնների հատուկ թելադրող նշաններ բաժնում սահմանված է, որ 5.15.1 նշանը ցույց է տալիս գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով, այսինքն նշանի բնութագիրը հստակ ենթադրում է, որ նշանով պետք է սահմանվեն թույլատրելի ուղղությունները: Հետևաբար, հետադարձը տվյալ նշանով որպես երթևեկության թույլատրելի ուղղություն սահմանելը վերը նշվածով որևէ կերպ չի բացառվում:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն դեպքում հայցվորի արարքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցակազմի օբյեկտիվ տարրերի առկայությունը պարզելու համար, ի թիվս այլնի, պահանջվում է պարզել. Արդյոք ճանապարհային նշանը, որի պահանջի խախտում վերագրվել է հայցվորին, սահմանված է ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման Հավելված 1-ի «Ճանապարհային նշաններ» բաժնում և համապատասխանում է նշված որոշմամբ ամրագրված` տվյալ ճանապարհային նշանի բնութագրին ու կոնկրետ պատկերին:

ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված` ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների «Տրանսպորտային միջոցների դասավորությունը երթևեկելի մասում» բաժնի 51-րդ կետի համաձայն. «Ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» (...)»: Հատուկ թելադրանքի նշան է 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով», որը ցույց է տալիս գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով:

ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ ամրագրվել է նաև այս ճանապարհային նշանի պատկերը. այն է` պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:

Մինչդեռ, գործում առկա ապացույցների հետազոտման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային նշանը, որի պահանջի խախտումը վերագրվել է հայցվորին, չի համապատասխանում ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված վերը նկարագրված պատկերին: Ի տարբերություն վերջինիս` իրավախախտումն արձանագրած տեսանյութում պատկերված ճանապարհային նշանն ունի հետևյալ պատկերը. ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ: Այսինքն` խնդրո առարկա ճանապարհային նշանն արդյունք է 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի վրա պատկերի, պարամետրի փոփոխության, որպիսի փոփոխությունը, սակայն, ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի թիվ 1699-Ն որոշման Հավելված 3-ի 7-րդ կետի պահանջին համապատասխան, հաստատված չէ ՀՀ կառավարության կողմից:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարդան Մկրտչյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել այն ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, որը չի համապատասխանում այն բնութագրին ու կոնկրետ պատկերին, որը հաստատված է ՀՀ կառավարության կողմից 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ: Ըստ այդմ` վերը նշված իրավական դիրքորոշումներին համապատասխան Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերջինս չուներ այդ ճանապարհային նշանին ենթարկվելու պարտականություն, որպիսի պայմաններում այդ ճանապարհային նշանի պահանջը չկատարելը չէր կարող հիմք հանդիսանալ Վարդան Մկրտչյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

Վերոհիշյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտը վարչական մարմինն ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ, որպիսի հանգամանքն այդ վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք է, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ Դատարանի և Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև սույն գործով դատական ծախսերի բաշխման հարցին:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

i

Նկատի ունենալով այն, որ Վարդան Մկրտչյանն ինչպես սույն գործով հայցադիմումը, այնպես էլ վերաքննիչ բողոքը ներկայացնելիս մինչև 01.01.2020 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է եղել պետական տուրքի վճարման պարտականությունից և պետական տուրք չի վճարել ինչպես հայցադիմումը դատարան ներկայացնելու, այնպես էլ վերաքննիչ բողոքի համար, հետևաբար հայցապահանջը բավարարվելու դեպքում Ծառայությունը, Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում, չի կարող կրել ինչպես հայցադիմումի, այնպես էլ վերաքննիչ բողոքի համար սահմանված, սակայն չվճարված պետական տուրքը պետությանը հատուցելու պարտականություն:

Նման պայմաններում սույն գործով հայցադիմում և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

Միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ 01.01.2020 թվականից գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով Վարդան Մկրտչյանը վճռաբեկ բողոքի համար արդեն վճարել է 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարդան Մկրտչյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ծառայության կողմից:

i

Բացի այդ, Ծառայությունից հօգուտ Վարդան Մկրտչյանի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների համաձայն, ենթակա է բռնագանձման գործի քննության հետ կապված այլ ծախսի` Վարդան Մկրտչյանի ներկայացուցչի վճարի հատուցման գումարը: Ընդ որում, հատուցման չափը որոշելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը: Անի Դավթյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6377/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումներին համապատասխան, սույն դեպքում հիմք ընդունելով, մասնավորապես, ներկայացուցչի կատարած աշխատանքի ծավալը (հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների ներկայացում), Վարդան Մկրտչյանի և Մհեր Հակոբյանի միջև 13.07.2018 թվականին կնքված իրավախորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված` ներկայացուցչին վճարման ենթակա գումարի չափի և վիճարկվող վարչական ակտով առաջադրված տուգանքի գումարի չափի հարաբերակցությունը` Վճռաբեկ դատարանը ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի ողջամիտ չափ է համարում պայմանագրում նշված 50.000 ՀՀ դրամը: Հետևաբար Ծառայությունից հօգուտ Վարդան Մկրտչյանի անհրաժեշտ է բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի հատուցման գումար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.03.2020 թվականի որոշումը և փոփոխել այն. Վարդան Մկրտչյանի հայցը բավարարել` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 17.05.2018 թվականի թիվ 1808053177 որոշումը ճանաչել անվավեր:

2. Հայցադիմում և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը համարել լուծված:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Վարդան Մկրտչյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Վարդան Մկրտչյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Լ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ք. Մկոյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 26 հունվարի 2023 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809924426

 

pin
Վճռաբեկ դատարան
26.01.2023
N ՎԴ/7696/05/18
Որոշում