Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 68-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ թիվ

    դատարանի որոշում                            ՎԴ/13116/05/21

    Վարչական գործ թիվ ՎԴ/13116/05/21            2023թ.

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Լ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Ք. Մկոյան

 

2023 թվականի մարտի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հմայակ Կյատիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Հմայակ Կյատիկյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության` Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36բ շենքի 95-րդ հասցեում վտարմանն ուղղված գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հմայակ Կյատիկյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ ոստիկանությանը ձեռնպահ մնալ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36բ շենքի 95-րդ հասցեում վտարմանն ուղղված գործողություններ կատարելուց:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 30.12.2021 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.03.2022 թվականի որոշմամբ Հմայակ Կյատիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.12.2021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հմայակ Կյատիկյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելը մերժել է այն հիմնավորմամբ, որ հայցադիմումին կից չի ներկայացվել հայցվող գործողությունը վարչական մարմնի կողմից մերժելու մասին որևէ ապացույց:

Բողոք բերած անձի` ՀՀ ոստիկանության կողմից վտարման գործողություններից ձեռնպահ մնալու վերաբերյալ խնդրանքը մերժվել է, որի վկայությունն այն է, որ տարածքն ազատելու օրը ոստիկաններն այցելել են վիճելի տարածք հավանաբար վտարելու համար:

Ակնհայտ է, որ նման պայմաններում հայցվող գործողությունը մերժելու մասին որևէ գրավոր փաստաթուղթ ներկայացնելու պահանջը ձևական է, իսկ գործի փաստերից ակնհայտ է, որ փաստացի այդ պահանջը վարչական մարմինը մերժել է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 24.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 78-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

- արդյո՞ք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով` վարչական մարմնի գործողություններից ձեռնպահ մնալու պահանջով գործողության կատարման հայց ներկայացնելու համար պարտադիր նախապայման է այդ գործողություններից ձեռնպահ մնալու պահանջով նախապես տվյալ վարչական մարմին դիմելը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հստակեցնել հայցադիմումի ընդունումը մերժելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված լիազորության իրացման պայմանները:

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) հիմնվում է այն տրամաբանության վրա, որ անձի դատական պաշտպանության անհրաժեշտություն կարող է առաջանալ ոչ միայն այն դեպքում, երբ անձի իրավունքն արդեն իսկ խախտվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ակտերի և գործողությունների արդյունքում, այլ նաև այն դեպքում, երբ առկա է որոշակի գործողությունների կատարման վտանգ, որի արդյունքում կարող է խախտվել անձի իրավունքը:

Նշված տրամաբանությունն է արտահայտված Օրենսգրքի 3-րդ հոդվածում և, մասնավորապես, Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասում:

Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով. (...):

Շարունակելով նշված տրամաբանության հետևողական իրացումը` օրենսդիրը, որպես Օրենսգրքի 3-րդ հոդվածի արդյունավետ իրացումն ապահովող իրավական երաշխիք, Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասում գործողության կատարման հայցատեսակի ամրագրման միջոցով նախատեսել է այն դատավարական գործիքակազմը, որը շահագրգիռ անձի կողմից ենթակա է կիրառման, երբ վերջինս դատական պաշտպանության անհրաժեշտություն ունի ընդդեմ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների այն գործողությունների կատարման վտանգի, որը կարող է խախտել իր իրավունքը: Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

Վերը նշված նորմերից բխում է, որ վարչադատավարական կարգով անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության` վարչական արդարադատության մարմինների գործառույթը հանգում է ոչ միայն խախտված իրավունքի վերականգնմանը, այլ նաև իրավունքի խախտման կանխարգելմանը: Օրենսդիրը, երաշխավորելով անձի դատական պաշտպանությունը նաև այն դեպքում, երբ առկա է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ձեռնարկվող` անձի իրավունքներին միջամտող գործողության վտանգ, նպատակ է հետապնդում անձի սուբյեկտիվ իրավունքի պաշտպանությունն ապահովել` տվյալ գործողության կատարմամբ անձի սուբյեկտիվ իրավունքի հնարավոր խախտումը կանխելու միջոցով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողության կատարման հայցատեսակի (որոշակի գործողությունից ձեռնպահ մնալու պահանջի մասով) պարագայում հայցվորի իրավական նպատակը վարչական մարմնի ենթադրյալ ոչ իրավաչափ գործողության կանխարգելումն է, նախականխումն է: Այսինքն` այս հայցատեսակը (որոշակի գործողությունից ձեռնպահ մնալու պահանջի մասով) ունի կանխարգելիչ, նախականխիչ գործառույթ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործողության կատարման հայցին, նշել է, որ գործողության կատարման հայցով անձը վարչական մարմնից կարող է պահանջել դրսևորել միայն այնպիսի վարքագիծ (թե՛ ակտիվ, թե՛ պասիվ), որը չդրսևորելը խախտում է կամ անմիջականորեն կարող է խախտել նրա` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները: Հետևաբար գործողության կատարման հայցով անձը կարող է վարչական մարմնից պահանջել կատարել այնպիսի գործողություններ կամ ձեռնպահ մնալ այնպիսի գործողությունների կատարումից, որոնց համապատասխանաբար կատարումը կամ չկատարումը կարող են ապահովել անհրաժեշտ պայմաններ անձի իրավունքների իրականացման համար կամ վերացնել վերջինիս իրավունքների իրականացման խոչընդոտները: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործողության կատարման հայցով դատարան դիմած անձի հայցադիմումի ընդունելիության փուլում վարչական դատարանը պարտավոր է պարզել, թե պահանջվող վարքագիծը վարչական մարմնի կողմից չդրսևորելը կարող է արդյո՞ք առերևույթ ոտնձգել վերջինիս իրավունքներին և օրինական շահերին: Մասնավորապես` վարչական դատարանը գործողության կատարման հայցադիմումի ընդունելիության փուլում պարտավոր է բացահայտել, թե հայցվորի կողմից ակնկալվող վարքագիծը կարող է արդյո՞ք. (ա) առերևույթ ապահովել անհրաժեշտ պայմաններ անձի իրավունքների իրականացման համար կամ (բ) առերևույթ վերացնել այդ իրավունքների իրականացման խոչընդոտները (տե՛ս, Շուշանիկ Տրդատյանն ընդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերով հանձնաժողովի թիվ ՎԴ/6072/05/14 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 29.07.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը միևնույն ժամանակ արձանագրում է, որ անկախ նրանից` շահագրգիռ անձը դատական պաշտպանության է դիմում արդեն խախտված իրավունքի վերականգնման, թե խախտման առկա վտանգը կանխարգելելու նպատակի համար, անձի` դատական պաշտպանության դիմելու իրավունքը ծագում է վեճի առկայության դեպքում միայն: Վեճի առանցքային բաղադրիչը կողմերի միջև առկա տարաձայնությունն է, ինչը դրսևորվում է նրանում, որ մի կողմը` իր ակտիվ կամ պասիվ վարքագծով, չի ընդունում մյուս կողմի պահանջը: Հանրային իրավահարաբերություններից ծագող վեճը ենթադրում է տարաձայնություն հանրային իշխանության և մասնավոր անձի միջև:

Հանրային իշխանության մարմինների և մասնավոր անձանց միջև հանրային իրավական հարաբերություններ ծագում են կա՛մ հանրային իշխանության մարմինների նախաձեռնությամբ, կա՛մ մասնավոր անձանց նախաձեռնությամբ: Ըստ այդմ` հանրային իշխանության մարմինների և մասնավոր անձանց միջև հանրային իրավահարաբերություններից բխող վեճեր օբյեկտիվորեն կարող են առաջանալ կա՛մ այն դեպքում, երբ հանրային իշխանության մարմինն իր նախաձեռնությամբ իրականացնում է վարչարարություն` ընդունում է վարչական ակտ, նորմատիվ իրավական ակտ, կատարում է անձի համար փաստական հետևանքներ առաջացնող գործողություն կամ դրսևորում է անգործություն, կա՛մ այն դեպքում, երբ հանրային իշխանության և մասնավոր անձի միջև հանրային իրավահարաբերությունները ծագում են վերջինիս նախաձեռնությամբ, այն է` ֆիզիկական կամ իրավաբանական անձը հանրային իշխանության մարմնից հայցում է բարենպաստ վարչական ակտի ընդունում կամ որոշակի գործողության կատարում: Այս իրողությամբ պայմանավորված, ի թիվս այլնի, օրենսդիրը սահմանել է տարբեր հայցատեսակներով դատարան դիմելու անհրաժեշտ նախապայմանները:

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 2-րդ մասով, 3-րդ մասով (այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով) սահմանված հայցատեսակների պարագայում վեճն առաջանում է հանրային իշխանության մարմնի կողմից ընդունված և ուժի մեջ մտած միջամտող վարչական ակտի գոյության փաստի ուժով: Ըստ այդմ` վիճարկման հայցով դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտ նախապայմանն ուժի մեջ մտած միջամտող վարչական ակտի գոյության փաստն է ինքնին, և դրանով պայմանավորված` դատական պաշտպանության իրավունքն իրացնելու համար նախապես վարչական մարմին դիմել չի պահանջվում:

Օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայցի պարագայում անձը հանրային իշխանության մարմինների հետ հանրային իրավահարաբերությունների մեջ է մտնում իր նախաձեռնությամբ, և հանրային իրավահարաբերություններից բխող վեճ կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ անձը համապատասխան բարենպաստ վարչական ակտը հայցել է հանրային իշխանության մարմնից: Ըստ այդմ` պարտավորեցման հայցի պարագայում դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտ և պարտադիր նախապայմանը նախապես վարչական մարմին դիմելն ու մերժումն ստանալն է: Հակառակ դեպքում, առկա չէ դատական պաշտպանություն հայցելու հիմքը` հանրային իրավահարաբերություններից բխող վեճը:

Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի (միայն որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասով) պարագայում ևս հանրային իրավահարաբերությունների ծագման նախաձեռնողը ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, ով հանրային իշխանության մարմնից հայցում է համապատասխան գործողության կատարում, որպիսի պարագայում վեճ կարող է ծագել անձի կողմից վարչական մարմին համապատասխան պահանջով դիմելու պայմաններում միայն: Ըստ այդմ` այս հայցատեսակի դեպքում ևս դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտ և պարտադիր նախապայմանն անձի կողմից նախապես համապատասխան գործողության կատարումն իրավասու վարչական մարմնից հայցելն է:

Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործողության կատարման հայցի (որոշակի գործողությունից ձեռնպահ մնալու պահանջի մասով) պարագայում հանրային իշխանության մարմնի և մասնավոր անձանց միջև հանրային իրավահարաբերություններ ծագում են, և ըստ այդմ` նրանց միջև վեճ առաջանում է հանրային իշխանության մարմնի նախաձեռնությամբ: Հանրային իշխանության մարմնի կողմից` անձի համար փաստական հետևանքներ առաջացնող գործողություն ձեռնարկելու իրական վտանգն արդեն իսկ բավարար հիմք է վեճի ծագման, հետևաբար նաև` դատական պաշտպանության դիմելու համար:

Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցի պարագայում (սպառված գործողությունը և անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով) հանրային իշխանության մարմնի և մասնավոր անձանց միջև հանրային իրավահարաբերություններ ծագում են, և ըստ այդմ` նրանց միջև վեճն առաջանում է հանրային իշխանության մարմնի նախաձեռնությամբ: Հետևաբար, այդ հայցատեսակի պարագայում (սպառված գործողությունը և անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով) դատական պաշտպանության իրավունքն իրացնելու համար սկզբնապես վարչական մարմին դիմել չի պահանջվում:

Վերոհիշյալ վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առանձին հայցատեսակների պարագայում մինչև ՀՀ վարչական դատարան դիմելը համապատասխան պահանջով սկզբնապես վարչական մարմին դիմելու (նաև մերժում ստանալու) պայմանի սահմանումն ինքնանպատակ չէ. նման պայմանի բավարարումն ուղղված է վեճի կամ վիճելի իրավահարաբերության «ձևավորմանը», քանի որ դատական պաշտպանության դիմելու համար անհրաժեշտ է վարչական մարմնի անհամաձայնությունն անձի պահանջին: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ հանրային իշխանության մարմնի և անձի միջև տարաձայնությունն առկա է հանրային իշխանության մարմնի նախաձեռնությամբ ընդունված վարչական ակտի, կատարված գործողության կամ գործողություն ձեռնարկելու իրական վտանգի կապակցությամբ, մինչև ՀՀ վարչական դատարան դիմելը նախապես վարչական մարմին դիմելու պայմանն ինքնանպատակ է, քանզի նշված դեպքերում արդեն իսկ ձևավորված է դատական պաշտպանության իրավունքն իրացնելու անհրաժեշտ պայմանը` կողմերի միջև վեճը:

Ելնելով մինչև ՀՀ վարչական դատարան դիմելը համապատասխան պահանջով նախապես վարչական մարմին դիմելու վերը նշված նպատակից` օրենսդիրը որպես դատական պաշտպանության իրավունքի իրացման նախապայման վարչական մարմին դիմելու պահանջը սահմանել է միայն այն դեպքերում, երբ դեռևս հանրային իշխանության մարմին-մասնավոր անձ տարաձայնությունը, անհամաձայնությունը որևէ կերպ դրսևորված չէ: Ըստ այդմ` օրենսդիրը նման նախապայման չի սահմանել այն դեպքերում, երբ վարչարարությունն իրականացվում է վարչական մարմնի նախաձեռնությամբ, այն է` վերջինիս կողմից ընդունված է վարչական ակտ, կատարված է որոշակի գործողություն կամ ձեռնարկվում է որոշակի գործողություն, որը ենթադրաբար խախտում է կամ կարող է խախտել շահագրգիռ անձի իրավունքը, քանզի այս դեպքերում կողմերի միջև վեճն արդեն իսկ առկա է ընդունված վարչական ակտի, կատարված գործողության կամ ձեռնարկվող գործողության առնչությամբ շահագրգիռ անձի անհամաձայնության դրսևորման (այդ թվում արտահայտված` դատարան դիմելու միջոցով) ուժով:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` հաշվի առնելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հայցատեսակի (որոշակի գործողություններից ձեռնպահ մնալու պահանջի մասով) պարագայում համապատասխան գործողությունները ձեռնարկվում են վարչական մարմնի նախաձեռնությամբ, և այդ գործողություններին շահագրգիռ անձի` դատական պաշտպանության դիմելու միջոցով արտահայտված անհամաձայնությունը բավարար է վեճի առկայությունը փաստելու համար` օրենսդիրը չի սահմանել մինչև դատական պաշտպանություն հայցելը` ձեռնարկված գործողության կատարումից ձեռնպահ մնալու պահանջով նախապես իրավասու վարչական մարմին դիմելու պահանջ: Նման պահանջի սահմանումը կլիներ ինքնանպատակ, քանզի խնդրո առարկա պարագայում վեճն արդեն իսկ առկա է ձեռնարկվող գործողությունների իրական վտանգի գոյության և այդ գործողություններին շահագրգիռ անձի անհամաձայնության ուժով:

Օրենսդրի նման մոտեցումն արտահայտված է նաև Օրենսգրքի 72-րդ հոդվածում:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել` գործողության կատարման հայցի դեպքում`

ա. մեկամսյա ժամկետում` վարչական մարմնի կողմից գործողության կատարումը մերժելու մասին իրազեկվելու պահից,

բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը,

գ. եռամսյա ժամկետում այն պահից, երբ դիմում է ներկայացվել հայցվող գործողությունը կատարելու համար, եթե առկա չեն սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերը:

Օրենսգրքի 72-րդ հոդվածը, սահմանելով յուրաքանչյուր հայցատեսակով ՀՀ վարչական դատարան դիմելու առանձին ժամկետներ և ամրագրելով այդ ժամկետների հաշվարկման ելակետերը, անուղղակիորեն սահմանում է նաև այդ հայցատեսակներով ՀՀ վարչական դատարան դիմելու նախապայմանները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետները վերաբերում են Օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված գործողության կատարման հայցին` միայն որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասով: Ըստ այդմ` այս նորմերով անուղղակիորեն սահմանված` ՀՀ վարչական դատարան դիմելու նախապայմանները ևս վերաբերում են Օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված գործողության կատարման հայցին` միայն որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ո՛չ գործողության կատարման հայցի բովանդակությունը սահմանող` Օրենսգրքի 68-րդ հոդվածում, ո՛չ Օրենսգրքի 72-րդ հոդվածում, ո՛չ որևէ այլ նորմում սահմանված չէ գործողության կատարումից ձեռնպահ մնալու պահանջով դատարան դիմելու համար նույն պահանջով նախապես վարչական մարմին դիմելու պայման:

Այսպիսով հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային իրավահարաբերությունների մասնավոր սուբյեկտը կարող է որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջով գործողության կատարման հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան` առանց նախապես դիմելու համապատասխան վարչական մարմին` գործողության կատարումից ձեռնպահ մնալու պահանջով:

 

Անդրադառնալով Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով ամրագրված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքին («նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնք չվերացնելն արգելք է գործի քննության համար»)` Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի մատնանշած սխալները չվերացնելը հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք է միայն այն դեպքում, երբ սխալները չվերացնելն արգելք է գործի քննության համար: Ըստ այդմ` ՀՀ վարչական դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է վերլուծության ենթարկի.

- արդյո՞ք վերացված է (են) այն սխալը (սխալները), որը (որոնք) հիմք են հանդիսացել հայցադիմումը վերադարձնելու համար. դրանք վերացված են մասամբ, թե՞ ամբողջությամբ,

- արդյո՞ք պահպանված է սխալները վերացնելու համար` Օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տասնհինգօրյա ժամկետը կամ ներկայացված է նշված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն,

- արդյո՞ք տվյալ սխալը չվերացնելն արգելք է գործի քննության համար:

Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի նորմի պատշաճ կիրառման նպատակի համար, մասնավորապես, կարևորվում է «արգելք է գործի քննության համար» ձևակերպման բովանդակության բացահայտումը:

Վճռաբեկ դատարանը նշված ձևակերպումը հարկ է համարում դիտարկել Օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված` գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի, նույն Օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանված, ինչպես նաև գործը քննության նախապատրաստելու փուլում դատարանի լիազորությունների լույսի ներքո:

i

Օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված` վարչական դատավարության սկզբունքի բովանդակությունը հետևողականորեն հստակեցվել է ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներում: Մասնավորապես, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex officio) սկզբունքը, մասնավորապես, դրսևորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանին ընձեռված իրավական հնարավորությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդված) (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շիրակի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք` Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ, Հասմիկ Գասպարյաններ, թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է արտահայտել առ այն, որ նշված սկզբունքը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:

Գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի համաձայն` դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու` վարչական դատարանի պարտականությամբ (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

Այս դատավարական սկզբունքի արդյունավետ և պատշաճ իրացումն ապահովելու համար օրենսդիրը ՀՀ վարչական դատարանին վերապահել է որոշակի լիազորություններ: Մասնավորապես, Օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է դատարանի` դատավարության մասնակիցներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաև դատավարությունում չներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանցից, ապացույցներ պահանջելու իրավասությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է այն գործողությունների շրջանակը, որոնք դատարանը կատարում է գործը քննության նախապատրաստելիս: Մասնավորապես, վարչական դատարանը նախնական դատական նիստում

(...)

5) կողմերի հետ քննարկում և որոշում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը: Ապացուցում պահանջող փաստերի շրջանակը որոշելը նախապատրաստական փուլում չի սահմանափակում վարչական դատարանի իրավունքը դատաքննության փուլում պահանջելու այլ ապացույցներ.

(...)

7) կողմերի միջնորդությամբ, ինչպես նաև իր նախաձեռնությամբ պահանջում է անհրաժեշտ ապացույցներ (...):

Վերոնշյալ իրավակարգավորումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումը վերադարձնելիս դատարանի արձանագրած սխալը չշտկելը կարող է արգելք հանդիսանալ գործի քննության համար, եթե այդ սխալը գործնականում չի կարող շտկվել գործը քննության նախապատրաստելու փուլում կատարվող գործողությունների շրջանակներում և գործի փաստական հանգամանքները դատարանի կողմից ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրացման միջոցով:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Հմայակ Կյատիկյանը հայց է ներկայացրել Դատարան` պահանջելով պարտավորեցնել ՀՀ ոստիկանությանը ձեռնպահ մնալ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36բ շենքի 95-րդ հասցեում վտարմանն ուղղված գործողություններ կատարելուց:

Դատարանը հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը վերադարձրել է` պատճառաբանելով, որ հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց այն փաստի վերաբերյալ, որ հայցվորը «համապատասխան գործողությունից ձեռնպահ մնալը սկզբնապես հայցել է պատասխանողից, ինչպես նաև` Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված որևէ ապացույց վարչական մարմնի կողմից մերժում ստանալու վերաբերյալ»: Դատարանը պատճառաբանել է նաև, որ Դատարանը տեղեկություն չունի արդյոք ՀՀ ոստիկանությունը ձեռնարկել է վտարման ուղղված գործողություններ, թե ոչ:

Հայցադիմումի ընդունումը մերժվել է Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, քանի որ «հայցվորի կողմից կրկին ներկայացված հայցադիմումին կից չի ներկայացվել հայցվող գործողությունը մերժելու մասին որևէ ապացույց, ինչպես նաև որևէ ապացույց, որ պատասխանողը ձեռնարկել է վտարման ուղղված գործողություններ թե՞ ոչ, կամ տրամադրել է նոր ժամկետ տարածքը ինքնակամ ազատելու համար»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Հմայակ Կյատիկյանի վերաքննիչ բողոքը, նշել է, որ Դատարանի 20.12.2021 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում այն չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ, ուստի դրա պահանջը ենթակա է եղել կատարման (եթե կողմը ցանկանում է, որ հայցադիմումն ընդունվի դատարանի վարույթ)` որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջ: Մինչդեռ, կրկին ներկայացված հայցադիմումին նույնպես չի կցվել հայցվող գործողությունը մերժելու մասին որևէ ապացույց, ինչպես նաև չի ներկայացվել ապացույց, որ պատասխանողը ձեռնարկել է վտարման ուղղված գործողություններ: Այսինքն` սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի վերադարձման հիմք հանդիսացած թերությունները, իսկ նման թերությունները չվերացնելն արգելք է գործի քննության համար:

Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով նշված դիրքորոշումը, գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

Սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ Դատարանի դիրքորոշման` որոշակի գործողություններից ձեռնպահ մնալու պահանջով գործողության կատարման հայց ներկայացնելու պարագայում հայցվորից` որպես դատական պաշտպանության իրավունքի իրացման նախապայման, պահանջվում է սկզբնապես տվյալ գործողության կատարումից ձեռնպահ մնալու պահանջ ներկայացնել իրավասու վարչական մարմին և դատական պաշտպանության դիմել միայն վարչական մարմնի մերժումն ստանալու դեպքում:

Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ Դատարանի նման դիրքորոշումը ըստ էության հիմնված է Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի նորմերի վրա: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի վերը նշված դիրքորոշումներին համապատասխան` այդ նորմերը կիրառելի չեն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ներկայացված այն հայցատեսակի նկատմամբ, որի շրջանակներում անձը ոչ թե հայցում է որոշակի գործողության կատարում, այլ իրավական նպատակ է հետապնդում կանխել իր նկատմամբ ձեռնարկվող գործողությունների կատարումը, որոնք կարող են խախտել իր իրավունքը:

Բացի այդ` Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջով ՀՀ վարչական դատարան դիմելու պարագայում օրենսդիրը չի սահմանել նույն պահանջով նախապես վարչական մարմին դիմելու և վերջինիս մերժումն ստանալու նախապայման: Ըստ այդմ` խնդրո առարկա հայցապահանջով դատարան դիմելու դեպքում հայցվորը չի կրում` վարչական մարմին նախապես դիմելու և վերջինիս մերժումն ստանալու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականություն: Հետևաբար, կրկին ներկայացված հայցադիմումին կից նշված ապացույցները չներկայացնելն արգելք չէր գործի քննության համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցադիմումի ընդունումը մերժելով հայցվորի կողմից այնպիսի փաստերի վերաբերյալ ապացույցներ չներկայացնելու պատճառաբանությամբ, որոնք ներկայացնելու պարտականություն հայցվորը չի կրում, անհամաչափորեն սահմանափակվում է վերջինիս դատարանի մատչելիության իրավունքը:

Ինչ վերաբերում է, Դատարանի 20.12.2021 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ մատնանշված հաջորդ սխալին, այն է` վտարման գործողության կատարված չլինելու (լինելու) վերաբերյալ ապացույց չներկայացնելուն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշվածը հանգամանք է, որը Դատարանը հնարավորություն ուներ պարզելու գործը քննության նախապատրաստելու փուլում դատավարական համապատասխան գործիքակազմի կիրառմամբ: Հետևաբար, նման սխալը չշտկելը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` արգելք չէր գործի քննության համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, սույն գործով 30.12.2021 թվականին կայացնելով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, սահմանափակել է Հմայակ Կյատիկյանի դատարանի մատչելիության իրավունքը, ինչի արդյունքում խաթարվել է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բուն էությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 30.12.2021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Լ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Ք. Մկոյան

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809968580

 

pin
Վճռաբեկ դատարան
16.03.2023
N ՎԴ/13116/05/21
Որոշում