Սեղմել Esc փակելու համար:
ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ ՉԸՆԴՈՒՆՎԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական                          Վարչական գործ

դատարանի որոշում                                  թիվ ՎԴ/0511/05/22

Վարչական գործ թիվ ՎԴ/0511/05/22             2023թ.

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2023 թվականի փետրվարի 7-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սիրուն Մկրտչյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Սիրուն Մկրտչյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա թիվ 333/1 հասցեին հարակից տարածքում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու և մինչև 31.12.2020 թվականը գործող վաճառքի գներով օտարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ նախատեսված վարչական ակտը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

i

Դիմելով դատարան` Սիրուն Մկրտչյանը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին տրամադրել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա թիվ 333/1 հասցեին հարակից տարածքում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու և մինչև 31.12.2020 թվականը գործող վաճառքի գներով օտարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ նախատեսված վարչական ակտը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 03.02.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.04.2022 թվականի որոշմամբ Սիրուն Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.02.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սիրուն Մկրտչյանը (ներկայացուցիչ` Դավիթ Ազիզյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթները կիրառելի չեն եղել սույն վարչական գործով ինչպես Դատարանի կողմից «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման կայացման, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման կայացման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ նույն իրավանորմի ուժով կայացված վարչական ակտի ձեռքբերման համար անձը նույնպես պետք է վարչական մարմնին դիմի` պահանջելով կատարել որոշակի գործողություն` իրեն հանձնել օրենքով սահմանված ժամկետում չընդունված վարչական ակտը:

Այս պարագայում ևս գործում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված վարչական վարույթի իրավակարգավորումները, սակայն մեկ տարբերությամբ` վարչական մարմինը ոչ թե պետք է վարչական ակտ կայացնի, այլ պետք է կատարի գործողություն` արդեն իսկ առկա վարչական ակտը հանձնի դրա հասցեատիրոջը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ անձի դիմումի հիման վրա վարչական ակտի կայացմանն ուղղված վարույթը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի հիմքով արդեն իսկ կայացված վարչական ակտ ձեռք բերելուն ուղղված վարույթը տարբեր վարչական վարույթներ են, քանզի մի դեպքում անձն ակնկալում է վարչական ակտի կայացում, իսկ մյուս դեպքում` ընդամենը ցանկանում է ձեռք բերել օրենքի ուժով կայացված վարչական ակտը: Ընդ որում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ որևէ ժամկետ առ այն, թե անձը երբ պետք է դիմի նույն օրենքի 48-րդ հոդվածի ուժով կայացված վարչական ակտը ձեռք բերելու համար, որպիսի պայմաններում, քննարկվող հիմքով վարչական ակտն օրենքի ուժով կայացված լինելու պարագայում անձը սահմանափակված չէ որևէ ժամկետով և ցանկացած պահի կարող է դիմել և պահանջել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ուժով կայացված վարչական ակտը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով կայացված վարչական ակտը ձեռք բերելու հիմքով հարուցված վարչական վարույթին, գործողության կատարման հայցատեսակի համար սահմանված դատավարական ժամկետները պետք է հաշվարկվեն` հիմք ընդունելով վարչական ակտի ձեռքբերմանն ուղղված վարութային դեպքերը: Ընդ որում, ինչպես վերը նշվեց, վարչական ակտը ձեռք բերելուն ուղղված վարչական վարույթի հարուցման համար անձը որևէ ժամկետով սահմանափակված չէ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով կայացված վարչական ակտի ձեռք բերման համար կարող է դիմել վարչական մարմնին առանց որևէ ժամկետային սահմանափակման:

 

2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածը, սխալ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածը և հաշվի չի առել, որ նշված հոդվածով սահմանված «դիմում», «մերժում», «հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետ» եզրույթները վերաբերում են բացառապես կայացված վարչական ակտը պահանջելու վարույթին և որևէ առնչություն չունեն վարչական ակտի կայացմանն ուղղված վարույթին, քանզի վարչական ակտի կայացմանն ուղղված վարույթը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով վարչական ակտի կայացմամբ արդեն իսկ ավարտված է:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ հայցվորի կողմից 25.11.2021 թվականին ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը պետք է ավարտվեր Երևանի քաղաքապետարանի կողմից հայցվորին ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ վարչական ակտի տրամադրմամբ, որը, սակայն, պատասխանող վարչական մարմնի կողմից չի կատարվել: Նշված հանգամանքը հիմք ընդունելով` հայցվորը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը կիրառելի չէր:

Բացի այդ, մեկ այլ գործով ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:

Այսպես` թիվ ՎԴ/5179/05/21 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից 23.07.2021 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ: Նշված որոշմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է հայցվոր Ալեքսանդր Սիմոնյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը` հայտնելով հետևյալ դիրքորոշումը. «(...) բարենպաստ վարչական ակտ ընդունելու մասին 2020 թվականի հոկտեմբերի 6-ին Քաղաքապետարան ներկայացված հայցվորի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի քննության համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետում որևէ վարչական ակտ չի կայացվել, որպիսի փաստի հաշվառմամբ 2021 թվականի մարտի 15-ին Քաղաքապետարան ներկայացված նոր դիմումով հայցվորը պահանջել է տրամադրել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի հիմքով այլևս ընդունված բարենպաստ վարչական ակտի մասին վկայող փաստաթուղթը: Մինչդեռ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված երեսնօրյա ժամկետում Քաղաքապետարանը չի կատարել 2021 թվականի մարտի 15-ի դիմումով հայցվորի ակնկալած գործողությունը` չտրամադրելով հայցվորի պահանջած փաստաթուղթը: Ըստ այդմ, 2021 թվականի մայիսի 12-ին հայցվորը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել Քաղաքապետարանին կատարելու հայցվորի ակնկալած գործողությունը` տրամադրելու հայցվորի պահանջած փաստաթուղթը: Մինչդեռ, Վարչական դատարանը բողոքարկված որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է` պատճառաբանելով, որ հայցվորի կողմից բաց է թողնվել գործողությունների կատարման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը, քանի որ հայցադիմումը ներկայացվել է 2021 թվականի մայիսի 12-ին այն դեպքում, երբ հայցվորի կողմից բարենպաստ ակտ ստանալու նպատակով Քաղաքապետարանին առցանց դիմում է ներկայացվել 2020 թվականի հոկտեմբերի 5-ին: Ընդ որում, Վարչական դատարանն ընդգծել է, որ հայցադիմումին կից չի ներկայացվել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն: (...) Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ այն դեպքում, երբ վարչական մարմնին ներկայացված դիմումով անձն ակնկալում է գործողության կատարում, իսկ վարչական մարմինը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում որևէ կերպ չի արձագանքում անձի դիմումին, ապա անձի մոտ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով նախատեսված գործողության կատարման հայցի ներկայացման ծագած իրավունքը կարող է իրացվել գործողության կատարման համար վարչական մարմնին ներկայացված դիմումի քննության համար այդ վարչական մարմնին ՀՀ օրենսդրությամբ հատկացված ժամկետը լրանալուց հետո` երկամսյա ժամկետում:

Քննարկվող դեպքում, համաձայն հայցվորի փաստարկների, գործողության կատարման` հայցվորի գնահատմամբ 2021 թվականի մարտի 15-ի դրությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի հիմքով այլևս ընդունված բարենպաստ վարչական ակտի տրամադրման պահանջով 2021 թվականի մարտի 15-ին Քաղաքապետարան ներկայացված հայցվորի դիմումին ՀՀ օրենսդրությամբ սահմանված երեսնօրյա ժամկետում վարչական մարմինը` Քաղաքապետարանը, որևէ կերպ չի արձագանքել: Սա նշանակում է, որ նույն պահանջով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հայցը ներկայացնելով 2021 թվականի մայիսի 12-ին` հայցվորը պահպանել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված դատավարական ժամկետը, քանի որ հայցը հարուցվել է գործողության կատարման համար վարչական մարմնին ներկայացված դիմումի քննության համար այդ վարչական մարմնին` Քաղաքապետարանին, ՀՀ օրենսդրությամբ հատկացված ժամկետը լրանալուց հետո` երկամսյա ժամկետում: Հետևապես Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի որակում դատավարական ժամկետները հայցվորի կողմից բաց թողնված լինելու մասին Վարչական դատարանի եզրահանգումը: (...) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով վարչական ակտ ընդունված լինելու մասին վկայող համապատասխան փաստաթուղթը ստանալու ուղեգծում անձը սահմանափակված չէ որևէ ժամանակային տիրույթով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով վարչական ակտ ընդունված լինելու մասին վկայող համապատասխան փաստաթուղթը տրամադրելու վերաբերյալ գործողության կատարման համար վարչական մարմին դիմում ներկայացնելու անձի իրավունքի իրացման մասով ՀՀ օրենսդրությամբ որևէ ժամկետ սահմանված չլինելու հիմքով: Իսկ վարչական դատարանում հայցը հարուցվելու տեսանկյունից առանցքային է ոչ թե այն փաստը, թե երբ է անձը դիմել վարչական մարմին բարենպաստ վարչական ակտ ընդունելու խնդրանքով, այլ այն պահը, թե երբ է անձը ներկայացրել իր գնահատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով վարչական ակտ ընդունված լինելու մասին վկայող համապատասխան փաստաթուղթը տրամադրելու դիմումը, քանի որ, ինչպես արդեն նշվեց նախորդիվ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով վարչական ակտ ընդունված լինելու մասին վկայող համապատասխան փաստաթուղթը տրամադրելու վերաբերյալ գործողության կատարման համար վարչական մարմին դիմում ներկայացնելու իրավունքի իրացման ուղեգծում անձը որևէ ժամանակային տիրույթով կաշկանդված չէ»:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 01.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր ակտ` Սիրուն Մկրտչյանի կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ»:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ այլ գործով ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը տրամադրելու վերաբերյալ գործողության կատարման հայցով դատարան դիմելու ժամկետների առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միևնույն ժամանակ, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

- օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով ֆիկցիայի ուժով ընդունված վարչական ակտը (այսուհետ նաև` ֆիկտիվ ակտ) տրամադրելու համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված յոթնօրյա ժամկետը վերաբերելի է վարչական մարմնի՞ն, թե դիմում ներկայացրած անձին,

- ֆիկտիվ ակտն ընդունված լինելու փաստը վկայող համապատասխան փաստաթուղթը տրամադրելու վերաբերյալ ներկայացված դիմումի առնչությամբ վարչական մարմնի կողմից անգործություն դրսևորելու և պահանջվող փաստաթուղթը չտրամադրելու դեպքում ո՞ր պահից է հոսում գործողության կատարման հայցով դատարան դիմելու ժամկետը:

 

i

1) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վարչարարությունը` վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեությունն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ: Վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից: (...):

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դիմումով հայցվում է որոշակի փաստ հաստատելու կամ արձանագրելու վերաբերյալ վարչական ակտի ընդունում, որով սահմանված իրավունքները անձինք կարող են հավաստել սահմանված ձևի փաստաթղթով, ապա փաստաթուղթը չստացած անձն ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքով սահմանվում են այդ փաստաթուղթը չունենալու համար:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարչական մարմինը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթուղթն իր նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա դիմող անձին է տրամադրում վարչական ակտն ընդունելու ժամկետը լրանալուց հետո` ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում:

Վերոգրյալ իրավակարգավորումներից հետևում է, որ օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով ֆիկցիայի ուժով ընդունված վարչական ակտը դիմող անձին է տրամադրվում կամ վերջինիս դիմումի հիման վրա, կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ: Ընդ որում, օրենսդիրը սահմանել է նաև, որ ֆիկցիայի ուժով ընդունված վարչական ակտը դիմող անձին է տրամադրվում վարչական ակտն ընդունելու ժամկետը լրանալուց հետո` ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված ժամկետը վերաբերելի է միայն վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական ակտը տրամադրելուն հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխում (հոդվածներ 4-12) ամրագրվել են նաև վարչարարության հիմնարար սկզբունքները: Մասնավորապես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:

i

Վերոգրյալ իրավակարգավորումների վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ իրավական պետությունում վարչական մարմիններն իրենց գործունեությունում «ազատ» չեն, այլ կապակցված են իրավունքով և օրենքով, ինչը դրսևորվում է նաև օրենքի գերակայությամբ (վարչական մարմնի ոչ մի իրավական ակտ, գործողություն կամ անգործություն չպետք է հակասի օրենքին) և օրենքի վերապահմամբ (վարչական մարմինը որևէ լիազորություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով): Վարչարարություն իրականացնող բոլոր մարմինները պարտավոր են պահպանել վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնցից առավել մեծ նշանակությամբ, թերևս, առանձնանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված` վարչարարության օրինականության սկզբունքը: Այն իրավական պետության հիմնաքարերից մեկն է, քանի որ, եթե վարչական մարմինները գործում են ոչ թե իրավաչափորեն, այլ կամայականորեն, ապա մյուս սկզբունքների պահպանումն այլևս իմաստազրկվում է (տե՛ս, «ԱՄՈԿԱ ԳԼԱՍ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/7522/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով օրինականության սկզբունքին` նշել է, որ այս սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության և օրենքի վրա. (...): Օրինականության սկզբունքը բացառիկ կարևոր նշանակություն ունի հատկապես այն ժամանակ, երբ պետական մարմիններն առնչվում են մասնավոր անձանց հիմնական իրավունքների հետ (տե՛ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2127/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը նախատեսել է օրինականության ենթասկզբունք հանդիսացող օրենքի վերապահումը: Օրենքի վերապահում նշանակում է, որ վարչական մարմինը որևէ գործողություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքում` նաև այլ իրավական ակտով (տե՛ս, ՀՀ ֆինանսների նախարարության Կապանի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Վարդանի Զարթոնքը» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/11193/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերը վկայակոչված իրավանորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն բխում է նշված օրենքի` վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակից, ինչից հետևում է, որ բարենպաստ վարչական ակտ ընդունելու վերաբերյալ անձի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթն օրենքով սահմանված ժամկետում չեզրափակելու, այսինքն` անգործություն ցուցաբերելու իրավական հետևանքը վրա հասնելու, այն է` ֆիկցիայի ուժով վարչական ակտն ընդունված համարվելու պարագայում վարչական մարմինը, կաշկանդված լինելով վարչարարության օրինականության հիմնարար սկզբունքով, վարչական ակտն ընդունելու ժամկետը լրանալուց հետո` ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում պարտավոր է դիմող անձին տրամադրել վարչական ակտը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ ժամկետը կիրառելի չէ վարչական մարմնից բարենպաստ վարչական ակտ հայցող անձանց նկատմամբ, քանի որ վերջիններիս համար օրենքով սահմանված չէ որևէ ժամկետ ֆիկցիայի ուժով ընդունված վարչական ակտը վարչական մարմնից ստանալուն ուղղված գործողություններ նախաձեռնելու, այդ թվում` վարչական մարմնին դիմում ներկայացնելու համար, հետևաբար վարչական մարմինը պարտավոր է ֆիկցիայի ուժով ընդունված վարչական ակտը տրամադրել դիմող անձին այդ մասին նրա կողմից ներկայացված դիմումի հիման վրա` անկախ այն հանգամանքից, թե երբ է ներկայացվել այդ դիմումը:

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումը բխում է ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածով սահմանված մարդու ազատ գործելու իրավունքից, որի բաղադրիչներից է նաև այն, որ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմնի անգործության իրավական հետևանքի` ֆիկցիայի ուժով վարչական ակտի ընդունված լինելու առկայությունը վարչական մարմնից բարենպաստ վարչական ակտ հայցող անձին բնավ չի պարտավորեցնում անմիջապես ձեռնամուխ լինել այդ վարչական ակտը ձեռք բերելուն: Գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիկցիայի ուժով ընդունված վարչական ակտն անմիջապես ստանալու անհրաժեշտությունը բացակայում է, և այն առաջանում է վարչական ակտը ֆիկցիայի ուժով ընդունվելու փաստը վրա հասնելուց տևական ժամանակ անց: Նման դեպքերում, ֆիկցիայի ուժով ընդունված վարչական ակտը տրամադրելու պահանջով անձը կարող է վարչական մարմնին դիմել այն ժամանակ, երբ առաջանում է այդ վարչական ակտը կամ դրանով տրված իրավունքն իրացնելու անհրաժեշտությունը, որպիսի պարագայում վարչական մարմինը պարտավոր է այն տրամադրել:

 

i

2) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով, որի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ օրենսդրի կողմից անձին իրավունք է վերապահվել հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվում են կամ կարող են խախտվել իր իրավունքները:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:

i

Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե՛ս, Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե՛ս, Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի գործով Եվրոպական դատարանի 23.06.1981 թվականի վճիռը, 47-րդ կետ, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների գործով Եվրոպական դատարանի 23.10.1985 թվականի վճիռը, 32-րդ կետ):

i

ՀՀ սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:

i

Մեկ այլ` 17.04.2012 թվականի թիվ ՍԴՈ-1022 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, նախատեսելով վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը, նրանց` դատարան դիմելու իրավունքի իրականացումը յուրաքանչյուր դեպքում պայմանավորել է որոշակի իրավական նախադրյալների, այն է` «իրավական շահի» առկայությամբ: Ընդ որում, յուրաքանչյուր դատավարական սուբյեկտի պարագայում այն կրում է իրեն ներհատուկ բնույթ: Նրանց «իրավական շահը», կախված գործի փաստական հանգամանքներից, ինչպես նաև կոնկրետ սուբյեկտի իրավական կարգավիճակից, կրում է անհատականացված, կոնկրետ հասցեավորված բնույթ, և դրա առկայությունը յուրաքանչյուր դեպքում ենթակա է պարտադիր բացահայտման վարչական դատավարության` հայցադիմումի ընդունելիության փուլում: Արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու նկատմամբ իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը վարչական դատավարության կարգով վիճարկելու դեպքում անձը պետք է հիմնավորի, որ այդ վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են նրա` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը: (...) Ընդ որում հայցվորի (դիմողի) իրավական շահագրգռվածությունը պետք է առկա լինի ինչպես հայցի հարուցման, այնպես էլ վճռի կայացման պահին (տե՛ս, Վահագն Ղազարյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ` Գոհար Աղաջանյան թիվ ՎԴ/2110/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

i

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանը պարտավոր է հայցադիմումն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարույթ ընդունել նույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն նույն օրենսգրքի 79-81-րդ հոդվածներով սահմանված` հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքերը:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջ է հանդիսանում ինչպես հայցադիմումն «իրավական շահ» ունեցող անձի կողմից ներկայացնելը, այնպես էլ դատավարական ժամկետների պահպանված լինելը:

Ըստ այդմ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը սահմանել է դատավարական ժամկետները չպահպանելու իրավական հետևանքները, համաձայն որի` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել նաև օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Միևնույն ժամանակ օրենսդիրը հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով գործողության կատարման հայց ներկայացնելու դատավարական ժամկետ է սահմանել նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված սուբյեկտների համար, այդ հարցի լուծումը պայմանավորելով վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու կամ անգործություն ցուցաբերելու հանգամանքով:

Մասնավորապես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել` գործողության կատարման հայցի դեպքում`

ա. մեկամսյա ժամկետում` վարչական մարմնի կողմից գործողության կատարումը մերժելու մասին իրազեկվելու պահից,

բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը,

գ. եռամսյա ժամկետում այն պահից, երբ դիմում է ներկայացվել հայցվող գործողությունը կատարելու համար, եթե առկա չեն սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերը:

Վերոգրյալ իրավանորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործողության կատարման հայցադիմումը դատարան ներկայացնելու դատավարական ժամկետը պայմանավորելով գործողության կատարում հայցող անձի դիմումի առնչությամբ վարչական մարմնի դրսևորած վարքագծով` օրենսդիրն ամրագրել է, որ`

- այն դեպքում, երբ անձի դիմումը վարչական մարմնի կողմից մերժվում է, այսինքն` դիմումի առնչությամբ անգործություն չի ցուցաբերվում, ապա գործողության կատարման հայցը դատարան կարող է ներկայացվել այդ մերժման մասին հայցվորի իրազեկվելու պահից հաշված մեկամսյա ժամկետում,

- այն դեպքում, երբ անձի դիմումի առնչությամբ վարչական մարմինն անգործություն է ցուցաբերում, ապա գործողության կատարման հայցը դատարան կարող է ներկայացվել հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո երկամսյա ժամկետում,

- վերը նշված երկու դեպքերի բացակայության դեպքում գործողության կատարման հայցը դատարան կարող է ներկայացվել հայցվող գործողությունը կատարելու համար դիմում ներկայացնելու պահից եռամսյա ժամկետում:

Վերոգրյալ իրավակարգավորումներից բխում է, որ գործողության կատարման հայցադիմումը դատարան ներկայացնելու դատավարական ժամկետը պայմանավորելով գործողության կատարում հայցող անձի դիմումի առնչությամբ վարչական մարմնի վարքագծով` օրենսդիրը փաստորեն որպես գործողության կատարման հայց հարուցելու պարտադիր նախապայման նախատեսել է վարչական մարմնին դիմում ներկայացնելը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործողության կատարման հայց ներկայացնելու համար որպես նախապայման օրենսդիրը սահմանել է վարչական մարմնին դիմելու և հայցվող գործողության կատարումը վերջինիս կողմից մերժվելու, այսինքն` ռեալ ակտ ընդունելու կամ դիմումի առնչությամբ անգործություն ցուցաբերելու փաստերի առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վերոհիշյալ եզրահանգումը բխում է ոչ միայն այն հանգամանքից, որ դատարանները վեճը լուծող մարմիններ են և շահագրգիռ սուբյեկտները կարող են դատական պաշտպանություն հայցել միայն վեճի առկայության դեպքում, որպիսին կարող է ի հայտ գալ համապատասխան դիմումը վարչական մարմնին ներկայացնելու փաստով ծագած իրավահարաբերությունների պարագայում, այլ նաև վերոհիշյալ եզրահանգման համար հիմք են հանդիսանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 72-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումները, որոնցից բխում է, որ վարչադատավարական կարգով իրավունքների պաշտպանություն կարող են հայցել այն ֆիզիկական և/կամ իրավաբանական անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ: Այլ կերպ ասած, քանի դեռ վարչական մարմնից չի հայցվել որևէ գործողության կատարում և վերջինս չի մերժել հայցվող գործողության կատարումը կամ չի դրսևորել անգործություն, անձի մոտ չի ծագում գործողության կատարման հայցով դատարան դիմելու իրավունքը:

i

Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ բոլոր այն դեպքերում, երբ շահագրգիռ անձինք դատական պաշտպանության են դիմում գործողության կատարման հայցով, ապա մինչև հայց հարուցելը պարտադիր նախապայման է հանդիսանում հայցվող գործողությունը կատարելու պահանջով վարչական մարմնին դիմած լինելու և վարչական մարմնի կողմից հայցվող գործողությունը կատարելու դիմումը մերժած լինելու կամ անգործություն դրսևորած լինելու փաստերի առկայությունը (տե՛ս, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/6048/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2021 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բարենպաստ վարչական ակտ ընդունելու վերաբերյալ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը չեզրափակելու և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված 30-օրյա ժամկետում որևէ վարչական ակտ չընդունելու, ըստ այդմ նաև հայցվող բարենպաստ վարչական ակտը նույն օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված լինելը փաստվելու պարագայում վերոգրյալ վարույթի առնչությամբ վարչական մարմնի և վերջինիս դիմած անձի միջև հարաբերությունները դադարում են այն պահին, երբ լրանում է ֆիկտիվ վարչական ակտը դիմած անձին տրամադրելու պարտականության կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված յոթնօրյա ժամկետը:

Նշված ժամկետը լրանալուց հետո, սակայն, վարչական մարմնի և վերջինիս դիմած անձի միջև կարող են ծագել նոր հարաբերություններ` պայմանավորված ֆիկտիվ վարչական ակտը տրամադրելու մասին դիմում ներկայացնելով: Ընդ որում, վարչական մարմնի կողմից դիմումը բավարարելու և հայցվող գործողությունը կատարելու, այն է` հայցվող ֆիկտիվ ակտը (համապատասխան փաստաթուղթը) տրամադրելու հանգամանքն ինքնին հիմք կհանդիսանա վարչական մարմնի և ֆիկտիվ վարչական ակտը տրամադրելու մասին դիմում ներկայացրած անձի միջև հարաբերությունները դադարելու համար, որպիսի պարագայում առկա չի լինի նաև վեճ, ուստի դատական պաշտպանության դիմելու փաստական հիմքի բացակայության պարագայում անձը չի կարող ունենալ դատարան դիմելու պարտադիր նախապայման հանդիսացող «իրավական շահ»: Մինչդեռ ֆիկտիվ վարչական ակտը տրամադրելու մասին դիմումը մերժելու կամ այդ դիմումի կապակցությամբ անգործություն ցուցաբերելու պարագայում առկա է լինում վեճ և անձի մոտ ծագում է վարչական մարմնի գործողությունից կամ անգործությունից պաշտպանվելու նպատակով դատական պաշտպանության դիմելու իրավունքը, այսինքն` առկա է լինում դատարան դիմելու «իրավական շահ», որպիսի պարագայում հայցը դատարան կարող է ներկայացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի «ա»-»բ» կետերով սահմանված ժամկետներում:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Սիրուն Մկրտչյանը 26.01.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` պահանջելով պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին տրամադրել վարչական ակտը:

Դատարանը 03.02.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է հետևյալ պատճառաբանությամբ` «(...) հայցվորը բաց է թողել ՎԴ օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված երկամսյա ժամկետը: Այսպես, ըստ հայցադիմումի, ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու մասին ֆիկտիվ վարչական ակտն ընդունված պետք է լինի ՎՀՎՎ մասին օրենքի 46-րդ հոդվածով սահմանված 30-օրյա ժամկետն ավարտվելուն պես` 29.01.2021 թվականին, դրանից հետո` յոթնօրյա ժամկետում, հայցվող փաստաթուղթը ՎՀՎՎ մասին օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան պետք է տրամադրված լիներ հայցվորին: Արդյունքում հայցվող գործողությունը կատարելու ժամկետը լրացել է 05.02.2021 թվականին, որից հետո` երկամսյա ժամկետում, կարող էր ներկայացվել գործողության կատարման հայցը:

Դատարանը նկատում է նաև, որ 07.04.2021 թվականից սկսած հայցվորը բաց է թողել ՎԴ օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված` դատարան դիմելու ժամկետը, որից հետո ևս մեկ անգամ պատասխանողին դիմելը (25.11.2021թթ.) չի վերականգնում ժամկետի բացթողումը: Այդ դիմումը չի ներկայացվել նաև որպես ՎՀՎՎ մասին օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված գործողությունը (ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու մասին ֆիկտիվ վարչական ակտի փաստաթուղթը տրամադրելը) չկատարելու դեմ վարչական բողոք, ուստի տվյալ դեպքում չի գործում նաև ՎԴ օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը:

Այսպիսով, հայցվորը բաց է թողել գործողության կատարման հայց ներկայացնելու ժամկետը և չի ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն»:

Վերաքննիչ դատարանը 01.04.2022 թվականի որոշմամբ Սիրուն Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողել է անփոփոխ արձանագրելով, որ «Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո հիմնավոր է առաջին ատյանի մոտեցումն այն մասին, որ սույն դեպքում հայցադիմումը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված երկամսյա ժամկետը լրանալուց հետո: Փաստորեն, հայցվոր կողմը բաց է թողել գործողության կատարման հայցը ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված երկամսյա դատավարական ժամկետը»:

Վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սիրուն Մկրտչյանը դեռևս 29.12.2020 թվականին Երևանի քաղաքապետին ներկայացրել է դիմում, որով խնդրել է, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն, օրինականացնել Արշակունյաց պողոտա, թիվ 333/1 հասցեում գտնվող շինությունը /հողամասը/ (գ.թ. 49): Ըստ այդմ, հայցվորի պնդմամբ ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու մասին ֆիկտիվ վարչական ակտն ընդունված պետք է լինի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված 30-օրյա ժամկետն ավարտվելուն պես, այսինքն` 29.01.2021 թվականին:

Վերոգրյալ ելակետային ամսաթվերի հաշվառմամբ պետք է արձանագրել, որ Երևանի քաղաքապետարանը պարտավոր էր ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելու հայցվորի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի ժամկետն ավարտվելուց հետո` յոթնօրյա ժամկետում հայցվորին տրամադրել հայցվող փաստաթուղթը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական վարույթի ժամկետն ավարտվելուց հետո` յոթնօրյա ժամկետում հայցվող փաստաթուղթը հայցվորին տրամադրելու պարտականությունը Երևանի քաղաքապետարանի կողմից չկատարելու հանգամանքն ինքնին արգելք չէ Սիրուն Մկրտչյանի կողմից ցանկացած ժամանակ` պայմանավորված ֆիկտիվ վարչական ակտն օգտագործելու անհրաժեշտությամբ այդ փաստաթուղթը տրամադրելու մասին Երևանի քաղաքապետարան դիմում ներկայացնելու համար, ուստի դիմումի հիմքով վարչական ակտը Երևանի քաղաքապետարանի կողմից չտրամադրելու դեպքում Սիրուն Մկրտչյանը կարող էր իրացնել դատական պաշտպանության իր իրավունքը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում նույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան:

Մինչդեռ ստորադաս դատարանները հայց ներկայացնելու դատավարական ժամկետը Սիրուն Մկրտչյանի կողմից բաց թողնված լինելու մասին իրենց եզրահանգումները հիմնավորել են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորմամբ, որը Սիրուն Մկրտչյանին վերաբերելի չէ` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արշակունյաց պողոտա, թիվ 333/1 հասցեում գտնվող շինությունը /հողամասը/ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն օրինականացնելու մասին Երևանի քաղաքապետին 29.12.2020 թվականին ներկայացված դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելու հետևանքով ընդունված ֆիկտիվ վարչական ակտը Երևանի քաղաքապետարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորին տրամադրելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ: Փոխարենը գործում առկա է ապացույց այն մասին, որ հայցվորը 25.11.2021 թվականին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան` պահանջելով տրամադրել վերոգրյալ ֆիկտիվ վարչական ակտը (գ.թ. 10): Վերոգրյալ դիմումը ստանալու փաստը հաստատող ծանուցագրում` բանալի թիվ 2186289, ծածկագիր թիվ 2186289202111251, նշում է արվել այն մասին, որ դիմումի պատասխանը կտրվի 30 օրվա ընթացքում (գ.թ. 10):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործում բացակայում է 25.11.2021 թվականին Երևանի քաղաքապետարան մուտքագրված դիմումին 30 օրվա ընթացքում, այսինքն` 27.12.2021 թվականը ներառյալ (ժամկետի վերջին օրը` 25.12.2021 թվականը և դրան հաջորդող օրը` 26.12.2021 թվականը ոչ աշխատանքային են) հայցվող գործողությունը կատարելու, այն է` ֆիկտիվ վարչական ակտը հայցվորին տրամադրելու վերաբերյալ ապացույցը, որպիսի պարագայում գործում է այն կանխավարկածը, որ հայցվորի կողմից 25.11.2021 թվականին Երևանի քաղաքապետարան ներկայացված դիմումով վերջինս դրսևորել է անգործություն, ինչի հետևանքով հայցվորի մոտ ծագել է դատական պաշտպանությունն իրացնելու իրավունք, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինս այդ իրավունքը կարող էր իրացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցի շրջանակներում նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված ժամկետում, համաձայն որի` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել գործողության կատարման հայցի դեպքում երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը:

Տվյալ դեպքում հայցվորի կողմից 25.11.2021 թվականին Երևանի քաղաքապետարան ներկայացված դիմումով հայցվող գործողության կատարման, այն է` ֆիկտիվ վարչական ակտը տրամադրելու համար վարչական մարմնի կողմից սահմանվել է 30 օրյա ժամկետ, հետևաբար դիմումով հայցվող գործողությունը պետք է կատարվեր և ֆիկտիվ վարչական ակտը հայցվորին պետք է տրամադրվեր 27.12.2022 թվականը ներառյալ, քանի որ ժամկետի վերջին օրը` 25.12.2021 թվականը և դրան հաջորդող օրը` 26.12.2021 թվականը եղել են ոչ աշխատանքային օրեր, հետևաբար այդ օրվանից սկսած երկամսյա ժամկետում, այսինքն` 28.02.2022 թվականը ներառյալ, հայցվորը կարող էր իրացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցով դատարան դիմելու իր իրավունքը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե լրացել է հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետը, և չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկայակոչված իրավանորմը հայցվորի նկատմամբ սխալ է կիրառվել, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցը դատարան է ներկայացվել 26.01.2022 թվականին, այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված երկամսյա ժամկետում, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում դատավարական ժամկետները Սիրուն Մկրտչյանի կողմից բաց թողնված լինելու մասին ստորադաս դատարանների եզրահանգումները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել «Հայցադիմումը վերադարձնելու մասին» ՀՀ վարչական դատարանի 03.02.2022 թվականի որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/0511/05/22 վարչական գործով 07.02.2023

թվականին կայացված որոշման պատճառաբանական մասի մի մասի վերաբերյալ

 

07.02.2023 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի փետրվարի 7-ին գրավոր ընթացակարգով քննելով Սիրուն Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Սիրուն Մկրտչյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա թիվ 333/1 հասցեին հարակից տարածքում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու և մինչև 31.12.2020 թվականը գործող վաճառքի գներով օտարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ նախատեսված վարչական ակտը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել` վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել «Հայցադիմումը վերադարձնելու մասին» ՀՀ վարչական դատարանի 03.02.2022 թվականի որոշումը:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Հ. Բեդևյանս և Լ. Հակոբյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի մի մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը այդ մասի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Այս հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել որոշման մեջ ներկայացված` վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումներն ու վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Սույն գործի փաստերի համաձայն` Սիրուն Մկրտչյանը 26.01.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` պահանջելով պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին տրամադրել վարչական ակտը:

ՀՀ վարչական դատարանը 03.02.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է հետևյալ պատճառաբանությամբ` «(...) հայցվորը բաց է թողել ՎԴ օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված երկամսյա ժամկետը: Այսպես, ըստ հայցադիմումի, ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու մասին ֆիկտիվ վարչական ակտն ընդունված պետք է լինի ՎՀՎՎ մասին օրենքի 46-րդ հոդվածով սահմանված 30-օրյա ժամկետն ավարտվելուն պես` 29.01.2021 թվականին, դրանից հետո` յոթնօրյա ժամկետում, հայցվող փաստաթուղթը ՎՀՎՎ մասին օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան պետք է տրամադրված լիներ հայցվորին: Արդյունքում հայցվող գործողությունը կատարելու ժամկետը լրացել է 05.02.2021 թվականին, որից հետո` երկամսյա ժամկետում, կարող էր ներկայացվել գործողության կատարման հայցը:

 

Դատարանը նկատում է նաև, որ 07.04.2021 թվականից սկսած հայցվորը բաց է թողել ՎԴ օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված` դատարան դիմելու ժամկետը, որից հետո ևս մեկ անգամ պատասխանողին դիմելը (25.11.2021թթ.) չի վերականգնում ժամկետի բացթողումը: Այդ դիմումը չի ներկայացվել նաև որպես ՎՀՎՎ մասին օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված գործողությունը (ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու մասին ֆիկտիվ վարչական ակտի փաստաթուղթը տրամադրելը) չկատարելու դեմ վարչական բողոք, ուստի տվյալ դեպքում չի գործում նաև ՎԴ օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը:

Այսպիսով, հայցվորը բաց է թողել գործողության կատարման հայց ներկայացնելու ժամկետը և չի ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն»:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 01.04.2022 թվականի որոշմամբ Սիրուն Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողել է անփոփոխ արձանագրելով, որ «Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո հիմնավոր է առաջին ատյանի մոտեցումն այն մասին, որ սույն դեպքում հայցադիմումը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված երկամսյա ժամկետը լրանալուց հետո: Փաստորեն, հայցվոր կողմը բաց է թողել գործողության կատարման հայցը ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված երկամսյա դատավարական ժամկետը»:

Վճռաբեկ դատարանը որոշել է Սիրուն Մկրտչյանի վճռաբեկ բողոքը բավարարել` վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել «Հայցադիմումը վերադարձնելու մասին» ՀՀ վարչական դատարանի 03.02.2022 թվականի որոշումը` արձանագրելով, որ բարենպաստ վարչական ակտ ընդունելու վերաբերյալ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը չեզրափակելու և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված 30-օրյա ժամկետում որևէ վարչական ակտ չընդունելու, ըստ այդմ նաև հայցվող բարենպաստ վարչական ակտը նույն օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված լինելը փաստվելու պարագայում վերոգրյալ վարույթի առնչությամբ վարչական մարմնի և վերջինիս դիմած անձի միջև հարաբերությունները դադարում են այն պահին, երբ լրանում է ֆիկտիվ վարչական ակտը դիմած անձին տրամադրելու պարտականության կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված յոթնօրյա ժամկետը:

Նշված ժամկետը լրանալուց հետո, սակայն, վարչական մարմնի և վերջինիս դիմած անձի միջև կարող են ծագել նոր հարաբերություններ` պայմանավորված ֆիկտիվ վարչական ակտը տրամադրելու մասին դիմում ներկայացնելով: Ընդ որում, վարչական մարմնի կողմից դիմումը բավարարելու և հայցվող գործողությունը կատարելու, այն է` հայցվող ֆիկտիվ ակտը (համապատասխան փաստաթուղթը) տրամադրելու հանգամանքն ինքնին հիմք կհանդիսանա վարչական մարմնի և ֆիկտիվ վարչական ակտը տրամադրելու մասին դիմում ներկայացրած անձի միջև հարաբերությունները դադարելու համար, որպիսի պարագայում առկա չի լինի նաև վեճ, ուստի դատական պաշտպանության դիմելու փաստական հիմքի բացակայության պարագայում անձը չի կարող ունենալ դատարան դիմելու պարտադիր նախապայման հանդիսացող «իրավական շահ»: Մինչդեռ ֆիկտիվ վարչական ակտը տրամադրելու մասին դիմումը մերժելու կամ այդ դիմումի կապակցությամբ անգործություն ցուցաբերելու պարագայում առկա է լինում վեճ և անձի մոտ ծագում է վարչական մարմնի գործողությունից կամ անգործությունից պաշտպանվելու նպատակով դատական պաշտպանության դիմելու իրավունքը, այսինքն` առկա է լինում դատարան դիմելու «իրավական շահ», որպիսի պարագայում հայցը դատարան կարող է ներկայացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի «ա»-»բ» կետերով սահմանված ժամկետներում:

Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ գործում բացակայում է 25.11.2021 թվականին Երևանի քաղաքապետարան մուտքագրված դիմումին 30 օրվա ընթացքում, այսինքն` 27.12.2021 թվականը ներառյալ (ժամկետի վերջին օրը` 25.12.2021 թվականը և դրան հաջորդող օրը` 26.12.2021 թվականը ոչ աշխատանքային են) հայցվող գործողությունը կատարելու, այն է` ֆիկտիվ վարչական ակտը հայցվորին տրամադրելու վերաբերյալ ապացույցը, որպիսի պարագայում գործում է այն կանխավարկածը, որ հայցվորի կողմից 25.11.2021 թվականին Երևանի քաղաքապետարան ներկայացված դիմումով վերջինս դրսևորել է անգործություն, ինչի հետևանքով հայցվորի մոտ ծագել է դատական պաշտպանությունն իրացնելու իրավունք, Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերջինս այդ իրավունքը կարող էր իրացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցի շրջանակներում նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված ժամկետում, համաձայն որի` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել գործողության կատարման հայցի դեպքում երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը:

Տվյալ դեպքում հայցվորի կողմից 25.11.2021 թվականին Երևանի քաղաքապետարան ներկայացված դիմումով հայցվող գործողության կատարման, այն է` ֆիկտիվ վարչական ակտը տրամադրելու համար վարչական մարմնի կողմից սահմանվել է 30 օրյա ժամկետ, հետևաբար դիմումով հայցվող գործողությունը պետք է կատարվեր և ֆիկտիվ վարչական ակտը հայցվորին պետք է տրամադրվեր 27.12.2022 թվականը ներառյալ, քանի որ ժամկետի վերջին օրը` 25.12.2021 թվականը և դրան հաջորդող օրը` 26.12.2021 թվականը եղել են ոչ աշխատանքային օրեր, հետևաբար այդ օրվանից սկսած երկամսյա ժամկետում, այսինքն` 28.02.2022 թվականը ներառյալ, հայցվորը կարող էր իրացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցով դատարան դիմելու իր իրավունքը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե լրացել է հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետը, և չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտել է, որ վկայակոչված իրավանորմը հայցվորի նկատմամբ սխալ է կիրառվել, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցը դատարան է ներկայացվել 26.01.2022 թվականին, այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված երկամսյա ժամկետում, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

 

3. Վճռաբեկ դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանս և Լիանա Հակոբյանս, համաձայն չլինելով վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած դիրքորոշման մի մասի հետ, շարադրում ենք հատուկ կարծիքը` որոշման պատճառաբանական մասի մի մասի վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտած դիրքորոշումն ամփոփ հանգում է նրան, որ բարենպաստ վարչական ակտ ընդունելու վերաբերյալ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված 30-օրյա ժամկետում չեզրափակելու և որևէ վարչական ակտ չընդունելու, ըստ այդմ նաև հայցվող բարենպաստ վարչական ակտը նույն օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված լինելը փաստվելու պարագայում վերոգրյալ վարույթի առնչությամբ վարչական մարմնի և վերջինիս դիմած անձի միջև հարաբերությունները դադարում են այն պահին, երբ լրանում է ֆիկտիվ վարչական ակտը դիմած անձին տրամադրելու պարտականության կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված յոթնօրյա ժամկետը և նշված ժամկետը լրանալուց հետո, վարչական մարմնի և վերջինիս դիմած անձի միջև կարող են ծագել նոր հարաբերություններ` պայմանավորված ֆիկտիվ վարչական ակտը տրամադրելու մասին դիմում ներկայացնելով: Ընդ որում, վարչական մարմնի կողմից դիմումը բավարարելու և հայցվող գործողությունը կատարելու, այն է` հայցվող ֆիկտիվ ակտը (համապատասխան փաստաթուղթը) տրամադրելու հանգամանքն ինքնին հիմք կհանդիսանա վարչական մարմնի և ֆիկտիվ վարչական ակտը տրամադրելու մասին դիմում ներկայացրած անձի միջև հարաբերությունները դադարելու համար, որպիսի պարագայում առկա չի լինի նաև վեճ, ուստի դատական պաշտպանության դիմելու փաստական հիմքի բացակայության պարագայում անձը չի կարող ունենալ դատարան դիմելու պարտադիր նախապայման հանդիսացող «իրավական շահ»: Մինչդեռ ֆիկտիվ վարչական ակտը տրամադրելու մասին դիմումը մերժելու կամ այդ դիմումի կապակցությամբ անգործություն ցուցաբերելու պարագայում առկա է լինում վեճ և անձի մոտ ծագում է վարչական մարմնի գործողությունից կամ անգործությունից պաշտպանվելու նպատակով դատական պաշտպանության դիմելու իրավունքը, այսինքն` առկա է լինում դատարան դիմելու «իրավական շահ», որպիսի պարագայում հայցը դատարան կարող է ներկայացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցի շրջանակներում նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված ժամկետում:

Նախ հարկ ենք համարում նշել, որ Վճռաբեկ դատարանի սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները վերաբերելի են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողության կատարման հայցով դատարան դիմելու անձի իրավունքին:

Գտնում ենք, որ նախևառաջ անհրաժեշտ է բացահայտել գործողության կատարման հայցի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթատեսակի սահմանման իմաստն ու նշանակությունը, ինչպես նաև այն հարցը, թե երբ է անձանց մոտ առաջանում այդ ենթատեսակով դատարան դիմելու իրավունքը, այսինքն որն է այն նախապայմանը` «իրավական շահը», որը թույլ է տալիս դիմել դատարան:

Հարկ է նշել, որ հայցատեսակներ սահմանելը կամ հայցերի դասակարգումն անհրաժեշտ է` հաշվի առնելով իրավահարաբերությունների բազմազանությունը և ինքնատիպությունը, ինչից ելնելով էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանել է իրավահարաբերությունների որոշակի խմբերի համար հատուկ կարգավորումներ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակներից յուրաքանչյուրն ունի իր առարկան, բովանդակությունը և ներկայացման ժամկետը, ապացուցման բեռի բաշխման կանոնները, ինչպես նաև կանխորոշում է դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակը: Հետևաբար մեր կարծիքով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հայցի ենթատեսակն ունի իրավահարաբերությունների ինքնատիպություն, որն էլ հաշվի առնելով, օրենսդիրը սահմանել է դատարան դիմելու առանձնահատուկ կարգավորումներ` դրանք համարելով առանձին հայցատեսակ: Նշվածից հետևում է, որ որևէ կերպ մեկ հայցատեսակը կամ ենթատեսակը չի կարող ներառվել մեկ այլ հայցատեսակի կամ ենթատեսակի մեջ, ինչպիսի մոտեցում դրսևորվել է սույն գործով կայացված որոշմամբ, քանի որ, եթե որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով դատարան դիմելու նախապայմանը վարչական մարմին դիմելը և մերժում ստանալն է, ապա դա համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասին, հետևապես այդ դեպքում անձի մոտ առաջանում է 68-րդ հոդվածի 1-ին մասով դիմելու նախապայմանը, այլ ոչ 68-րդ հոդվածի 2-րդ մասի: Նման մոտեցման դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հայցատեսակը դառնում է գործնականում ոչ կիրառելի, հետևապես` չգործող նորմ:

Մեր կարծիքով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հայցատեսակի ինքնատիպությունն ու առանձնահատկությունը բացահայտելու համար այն պետք է վերլուծվի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի համադրությամբ և այդ նույն հոդվածով սահմանված ֆիկցիայի իրացման գործընթացի տրամաբանության մեջ:

i

Այսպես` Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»:

Այս հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի հիմնական նպատակն է վարչական վարույթի շրջանակներում բարձրացնել վարչական մարմինների պատասխանատվությունը: Ֆիկցիայի կիրառումը կարող է կանխել կամ նվազեցնել այն դեպքերը, երբ մասնավոր անձինք դիմում են իրավասու վարչական մարմնին` բարենպաստ վարչական ակտ ստանալու ակնկալիքով, իսկ վարչական մարմինը սահմանված ժամկետում որևէ կերպ չի արձագանքում դիմումին: Այս ինստիտուտը կարող է էական նշանակություն ունենալ վարչական մարմինների արագ գործելու և իրենց պարտականությունները պատշաճ կատարելու համար: Հանրային իրավունքում ֆիկցիայի կիրառմամբ անձի համար բարենպաստ իրավիճակի ապահովումը հուսալի միջոց է` վարչական մարմինների կամայականություններից և հատկապես անգործությունից անձանց իրավունքները պաշտպանելու համար:

Ֆիկցիայի ուժով ընդունված վարչական ակտը համարվում է գոյություն ունեցող, և այն իրավաբանորեն հնարավոր չէ հերքել: Չնայած այդ ակտը փաստացի առկա չէ, բայց օրենքը նախատեսում է, որ դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը: Այսինքն այս ինստիտուտի կարևորությունը կայանում է նրանում, որ ֆիկցիայով առկա իրավունքի իրացման համար պարտադիր պայման չէ այդ իրավունքի փաստաթղթավորումը:

Մեր կարծիքով ֆիկցիայով առկա իրավունքի արդյունավետ իրացման նպատակին է ծառայում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցատեսակը, որի համաձայն` հայցվորը կարող է պահանջել օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը:

Այսինքն ֆիկցիայով տրամադրված իրավունքի գործնականում իրացման ընթացքում, երբ վարչական մարմինը որևէ եղանակով արգելում է, կամ խոչընդոտում այդ իրավունքի իրացման գործընթացը, անձի մոտ ծագում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցատեսակով դատարան դիմելու իրավունք: Ֆիկցիայի իրացման գործընթացում խոչընդոտներ ստեղծելը նշանակում է, որ վարչական մարմինը չի ընդունում կամ առնվազն կասկածի տակ է դնում Ֆիկցիան, ինչից բխում է, որ առկա է ֆիկցիայի առկայության վերաբերյալ վեճ: Օրինակ երբ դիմումատուն ֆիկցիայի ուժով ձեռք է բերել հանքարդյունահանման իրավունք, սկսել է իրացնել այդ իրավունքը և վարչական մարմինը արգելում է կամ խոչընդոտում իրացման գործընթացը, սա նշանակում է, որ առնվազն կասկածի տակ է դրվում ֆիկցիան: Ուստի առնվազն ձևական մոտեցում կլինի որպեսզի անձը նախ դիմի իր ֆիկցիայի իրավունքը չընդունող վարչական մարմնին ֆիկցիան հաստատող համապատասխան փաստաթուղթը տրամադրելու խնդրանքով և միայն դրանից հետո իրավունք ձեռք բերի դիմելու դատական պաշտպանության:

Գտնում ենք, որ այն պահին, երբ վարչական մարմինն արգելում է ֆիկցիայի ուժով անձին տրամադրված իրավունքի իրականացումը, այսինքն ստեղծում է խոչընդոտներ, կասկածի տակ է դնում անձի ֆիկցիայի իրավունքը, անձի մոտ առաջանում է իրավական շահ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով դատարան դիմելու համար, քանի որ օրենսդրի կողմից նշված դրույթի ամրագրման նպատակը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի գործնականում իրագործումն է:

Ամբողջ վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ ֆիկտիվ վարչական ակտը տրամադրելու համար վարչական մարմնին դիմելուց և օրենքով սահմանված ժամկետում պատասխան չստանալուց հետո, ֆիկտիվ ակտ ստանալու նպատակով հայցվորը կարող է իր իրավունքն իրացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, քանի որ նշված հոդվածի 1-ին մասով սահմանված գործողության կատարման հայց ներկայացնելու համար որպես նախապայման օրենսդիրը սահմանել է վարչական մարմնին դիմելու և հայցվող գործողության կատարումը վերջինիս կողմից մերժվելու, այսինքն` ռեալ ակտ ընդունելու կամ դիմումի առնչությամբ անգործություն ցուցաբերելու փաստերի առկայությունը, մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ՀՀ վարչական դատարան դիմելու իրավական շահը` նշված մասով դատարան դիմելու հիմքն առաջանում է այն ժամանակ, երբ դիմողը ձեռնամուխ է լինում ֆիկցիայի ուժով իրեն տրամադրված իրավունքի իրականացմանը և վարչական մարմինն արգելում է նշված իրավունքի իրականացումը, այսինքն ստեղծում է խոչընդոտներ, կասկածի տակ է դնում անձի ֆիկցիայի իրավունքը, որպիսի իրավունքի պաշտպանության նպատակով միայն անձը կարող է դիմել ՀՀ վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցի շրջանակներում և նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետները չեն կարող տարածվել սույն դեպքի վրա:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը` հայտնում ենք մեր անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման վերը նշված պատճառաբանական մասի վերաբերյալ:

 

Դատավորներ` Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809969700

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.02.2023
N ՎԴ/0511/05/22
Որոշում