Սեղմել Esc փակելու համար:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունվարի 2024 թվականի N 87-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու կարգը հաստատելու մասին» N 545 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հունվարի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի հունվարի 18-ի

N 87-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացի) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները:

2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօրինող, դրանց օգտագործմամբ աշխատանքներ կատարող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կամ իրավաբանական անձանց (այսուհետ` համապատասխան մարմիններ) ղեկավարները համապատասխան մարմնում աշխատանքային կամ ծառայողական անհրաժեշտությամբ կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունները տրամադրում են ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) համաձայնությամբ:

3. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության համաձայնեցման անհրաժեշտության վերաբերյալ ուղեկցող «ԳԱՂՏՆԻ» դրոշմագրով գրությունն ստորագրվում է պետական մարմնի ղեկավարի կամ Երևանի քաղաքապետի կամ նրանց կողմից լիազորված պաշտոնատար անձանց կողմից, իսկ կազմակերպությունների և իրավաբանական անձանց դեպքում` պետական այն մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից, որի գործունեության ոլորտում գործում կամ որի հետ կնքված պայմանագրով գործունեություն է ծավալում տվյալ կազմակերպությունը կամ իրավաբանական անձը: Երևան համայնքի ենթակայությամբ կամ դրա հետ պայմանագրով գործունեություն ծավալող կազմակերպությունների կամ իրավաբանական անձանց դեպքում` սույն կետով նախատեսված գրությունն ստորագրվում է Երևանի քաղաքապետի կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից: Տեղական ինքնակառավարման մյուս մարմինների, վերջիններիս ենթակայությամբ կամ դրանց հետ պայմանագրով գործունեություն ծավալող կազմակերպությունների կամ իրավաբանական անձանց դեպքում` սույն կետով նախատեսված գրությունն ստորագրվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտի լիազոր պետական մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից:

4. Օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունները տրամադրելու նպատակով լիազոր մարմնի համաձայնությունն ստանալու համար կազմվում և ներկայացվում են հետևյալ անհրաժեշտ նյութերը`

1) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման անհրաժեշտության վերաբերյալ ուղեկցող գրություն` նշելով տվյալ անձի զբաղեցրած պաշտոնը, պաշտոնների հաստատված անվանացանկի մեջ նախատեսված այդ պաշտոնի հերթական համարը, թույլտվություն ստացող անձի թույլտվության ձևը, անձի` նախկինում թույլտվություն ունենալու հանգամանքը, ձևը, երկքաղաքացիությունը, դատվածությունը.

2) հիմնավորում` նշելով օտարերկրացուն տրամադրվելիք պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների անհրաժեշտ ծավալը.

3) համապատասխան մարմնին հասցեագրած օտարերկրացու դիմումը` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ.

4) համապատասխան մարմնի հետ օտարերկրացու` օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ ծառայության ընդունման հրամանի կամ գիտական աշխատանքի կատարման վերաբերյալ կնքված պայմանագրի պատճենները` աշխատանքային պայմանագրում ներառելով դրույթներ օտարերկրացու պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն չստանալու հիմքով պայմանագիրը լուծելու վերաբերյալ.

5) հարցաթերթ («Պետական գաղտնիքի մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) որոշմամբ սահմանված ձևին համապատասխան)` լուսանկարով և ինքնակենսագրություն.

6) թույլտվության քարտ (օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված կառավարության որոշմամբ սահմանված ձևին համապատասխան)` լուսանկարով, 1 օրինակից` հաշվառված թույլտվության քարտերի հաշվառման մատյանում.

7) հաշվառման քարտ (օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված կառավարության որոշմամբ սահմանված ձևին համապատասխան)` 1 օրինակից.

8) օտարերկրացու մերձավոր ազգականների (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, զավակներ) և նրա հետ համատեղ բնակվող անձանց ցուցակը (օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված կառավարության որոշմամբ սահմանված ձևին համապատասխան)` 2 օրինակից, լրացված ըստ սահմանված ձևի.

9) օտարերկրացու` Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի (կացարանի) հասցեով հաշվառված լինելու վերաբերյալ նշումով.

10) կառավարության հաստատած ցանկում ընդգրկված` պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ չտառապելու վերաբերյալ համապատասխան բժշկական հաստատության եզրակացությունը.

11) թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման վերաբերյալ ստուգման մասին համապատասխան բժշկական հաստատության եզրակացությունը.

12) համապատասխան կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը.

13) օտարերկրացու գրավոր համաձայնությունը` լիազոր մարմնի կողմից իր նկատմամբ ստուգողական միջոցառումներ (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ) անցկացնելու վերաբերյալ:

5. Լիազոր մարմին է ներկայացվում նաև սույն կարգի 4-րդ կետում նշված (բացառությամբ 6-րդ և 7-րդ ենթակետերի) անհրաժեշտ նյութերի էլեկտրոնային` տեսաներածված (սքանավորված) ՓիԴիԷֆ (PDF) տարբերակը:

6. Լիազոր մարմինը, սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու պահից առավելագույնը 3 ամսվա ընթացքում օտարերկրացու նկատմամբ անցկացնում է ստուգողական միջոցառումներ և օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգով համաձայնեցնում է թույլտվության ձևակերպումը կամ մերժում թույլտվության համաձայնեցումը:

7. Լիազոր մարմինը օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության համաձայնեցումը մերժում է օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և կարող է մերժել օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

8. Օտարերկրացու` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը ձևակերպվում է օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված կառավարության որոշմամբ սահմանված կարգով` համապատասխան պարտավորագիր կնքելու միջոցով:

9. Օտարերկրացու` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը դադարեցվում է օրենքի 22-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 հունվարի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.01.2024
N 87-Ն
Որոշում