Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԸ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԸ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ...

 

16.02.2024 -

 

040.0806.190707

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» հուլիսի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 2007 թվականի N 806-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԸ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 32-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել պետական անտառների և անտառային հողերի օգտագործման պայմանագրի օրինակելի ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի մայիսի 24-ի

N 806-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԸ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու (տրամադրելու) կարգը:

2. Անտառներն օգտագործման են տրամադրվում անտառակառավարման պլանների, իսկ դրանց բացակայության դեպքում` անտառային հողի հատակագծի (հողամասի հատակագիծ) հիման վրա` Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքին, այլ իրավական ակտերին և սույն կարգին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 14.10.2021 թիվ 1702-Ն / գործում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարի ժամկետով` մինչև 25.10.2023 թվականը / որոշում)

3. Անտառները և անտառային հողերն օգտագործման են տրամադրվում պետական կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող անտառային տնտեսություն վարող կազմակերպության (այսուհետ` տրամադրող) կողմից:

(3-րդ կետը փոփ. 14.10.2021 թիվ 1702-Ն որոշում)

4. Անտառօգտագործումն իրականացվում է` ինչպես անտառների և անտառային հողերի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի ձեռքբերման միջոցով, այնպես էլ` առանց դրանց նկատմամբ իրավունքների ձեռքբերման:

5. Անտառային հողերում շենքեր և շինություններ կառուցել թույլատրվում է միայն անտառային տնտեսության կարիքների համար, որի պայմանները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Անտառային հողերն անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքների, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման և այլ աշխատանքներ իրականացնելու նպատակով օգտագործման են տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1045-Ն որոշմամբ սահմանված կարգով:

7. Անտառների և անտառային հողերի օգտագործման իրավունք կարող են ձեռք բերել անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ` հայտատու)` ներկայացնելով սահմանված ձևի հայտ` համաձայն NN 1, 2 և 3 ձևերի կամ դիմում: Դիմումների ընդունման և քննարկման ընթացակարգը սահմանված է սույն կարգի 9.1-ին, 9.2-րդ և 9.3-րդ կետերով:

(7-րդ կետը փոփ. 14.10.2021 թիվ 1702-Ն որոշում)

8. Հաշվի առնելով անտառների և անտառային հողերի նպատակային և գործառնական նշանակությունը` դրանք միաժամանակ կարող են տրամադրվել անտառօգտագործման` մեկ և մեկից ավելի տեսակներով, մեկ կամ մեկից ավելի օգտագործողների:

9. Միևնույն անտառները կամ անտառային հողերը նույն նպատակով օգտագործման չեն կարող տրամադրվել մեկից ավելի անձանց:

9.1. Անտառների կամ անտառային հողերի նկատմամբ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունք ձեռք բերելու վերաբերյալ դիմումներն ընդունվում են պետական կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կամ համապատասխան «Անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից: Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

1) տեղեկություն դիմումատուի վերաբերյալ (դիմողի անունը, ազգանունը, հեռախոսահամարը).

2) անտառօգտագործման տեսակը.

3) հայցվող հողամասի տեղադիրքը և տարածքի չափը (հա).

4) վարձակալության հայցվող ժամկետը:

(9.1-ին կետը լրաց. 14.10.2021 թիվ 1702-Ն որոշում)

9.2. Դիմումի մուտքագրվելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում «Անտառտնտեսություն» մասնաճյուղի համապատասխան մասնագետներն իրականացնում են հայցվող հողամասի ուսումնասիրություն, տարածքի ծայրակետերի կոորդինատների միջոցով ստանում հողամասի տարածական պատկերը: Կազմված գործը, որն իր մեջ պարունակում է դիմումը, կազմված հողամասի տարածական պատկերը և «Անտառտնտեսություն» մասնաճյուղի կարծիքը, ներկայացվում է կազմակերպությանը: Կազմակերպություն դիմումի մուտքագրման պարագայում այն ուղարկվում է համապատասխան «Անտառտնտեսություն» մասնաճյուղ, և ժամկետը հաշվարկվում է «Անտառտնտեսություն» մասնաճյուղ մուտքագրման օրվանից: Կազմակերպությունը մերժում է դիմումը սույն որոշման 9.3-րդ կետով նախատեսված դեպքերում, իսկ չմերժման պարագայում 5 աշխատանքային օրվա ընթացքում քարտեզագրող մասնագետի միջոցով ստանալով քննարկվող հողամասի WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով կազմված հատակագիծը` այն գործի հետ տրամադրում է Շրջակա միջավայրի նախարարությանը (այսուհետ` նախարարություն): Նախարարությունը հողամասի հատակագիծը` վեկտորային ֆորմատով, կամ հողամասի շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատները` տեքստային Excel ձևաչափով, թղթային և էլեկտրոնային կրիչով ուղարկում է Կադաստրի կոմիտե: Կադաստրի կոմիտեն մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությանն է տրամադրում տեղեկատվություն քննարկվող հողամասի գտնվելու վայրի (մարզ, համայնք, կադաստրային թաղամասի ծածկագիր), նպատակային և գործառնական նշանակության, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության, գոտիականության գործակցի վերաբերյալ: Կադաստրի կոմիտեի պատասխան գրությունը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը կայացնում է որոշում` մրցույթ հայտարարելու մասին: Մրցույթն իրականացվում է սույն կարգի 5-րդ բաժնով սահմանված կարգով:

(9.2-րդ կետը լրաց. 14.10.2021 թիվ 1702-Ն, 15.02.2024 թիվ 203-Ն որոշումներ)

9.3. Դիմումները մերժվում են, եթե`

1) առկա է հողամասի պատկանելիության վերաբերյալ կադաստրային տվյալների անհամապատասխանություն.

2) հայցվող տարածքի սանիտարական վիճակի պահպանության ապահովումը կդառնա անհնարին կամ ոչ պատշաճ.

3) հայցվող տարածքում հրդեհի դեպքում հնարավոր չի լինի պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և իրականացնել հակահրդեհային միջոցառումներ.

4) հայցվող տարածքի տրամադրմամբ կխաթարվի բուսական և կենդանական աշխարհի` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքերում գրանցված տեսակների պահպանությունը.

5) հայցվող տարածքում կազմակերպությունը պլանավորել է իրականացնել անտառապատման կամ անտառավերականգնման աշխատանքներ.

6) հայցվող տարածքի տրամադրումը կսահմանափակի այլ անձանց ազատ տեղաշարժն անտառում:

(9.3-րդ կետը լրաց. 14.10.2021 թիվ 1702-Ն որոշում)

10. Մրցույթի միջոցով` սույն կարգով նախատեսված դեպքերում անտառների կամ անտառային հողերի նկատմամբ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունք ձեռք բերելու համար հայտատուները հայտերը ներկայացնում են նախարարություն` սույն կարգի 32-րդ կետում նշված հրապարակային ծանուցումից հետո:

(10-րդ կետը փոփ. 14.10.2021 թիվ 1702-Ն, 15.02.2024 թիվ 203-Ն որոշումներ)

11. Առանց հրապարակային ծանուցման ներկայացված հայտերը նախարարության կողմից ենթակա են մերժման:

(11-րդ կետը փոփ. 14.10.2021 թիվ 1702-Ն, 15.02.2024 թիվ 203-Ն որոշումներ)

 

II. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ` ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

12. Անտառային հողերը կարող են անհատույց օգտագործման տրամադրվել Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով սահմանված դեպքերում:

13. Նախարարության կողմից անցկացվող մրցույթի հիման վրա` հայտատուներն անտառապատման նպատակով անտառային հողերն անհատույց օգտագործման իրավունք ստանալու համար նախարարություն են ներկայացնում հայտ` համաձայն N 3 ձևի, և առաջարկ, որը ներառում է`

1) անտառի նպատակային նշանակությունը.

2) նախնական ներդրումների չափը.

3) անտառային ծառաթփատեսակների կազմը` հաշվի առնելով տվյալ անտառաճման և հողակլիմայական պայմանները.

4) խնամքի աշխատանքների` ժամանակին և պահանջվող ծավալով կիրառումը.

5) որակյալ անտառային սերմերի և տնկանյութի օգտագործումը.

6) նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:

(13-րդ կետը փոփ. 14.10.2021 թիվ 1702-Ն, 15.02.2024 թիվ 203-Ն որոշումներ)

14. Նախարարությունը մրցույթն անցկացնում է սույն կարգի 5-րդ բաժնով սահմանված կարգով:

(14-րդ կետը փոփ. 14.10.2021 թիվ 1702-Ն, 15.02.2024 թիվ 203-Ն որոշումներ)

15. Մրցույթում հաղթող ճանաչված հայտատուի հետ տրամադրողը անշարժ գույքի նկատմամբ տրամադրողի իրավունքը գրանցելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է անտառապատման նպատակով անտառային հողերն անհատույց իրավունքով օգտագործման տալու մասին պայմանագիր` դրանում ներառելով դրույթներ սույն կարգի 16-րդ կետով սահմանված ժամկետների և այդ ժամկետներում նախագիծ չներկայացվելու դեպքում` տրամադրողի կողմից պայմանագրի լուծման վերաբերյալ:

(15-րդ կետը փոփ. 14.10.2021 թիվ 1702-Ն որոշում)

16. Հայտատուն պայմանագրի կնքումից հետո հնգամսյա ժամկետում տրամադրողին ներկայացնում է անտառապատման նախագիծ (այսուհետ` նախագիծ), որը ներառում է`

1) ընդհանուր բացատրագիրը (ներածությունը, տարածքների բնակլիմայական բնութագիրը, կլիման, հողերը, բուսականությունը, օբյեկտի տեղադրությունը և նկարագրությունը, անտառապատման աշխատանքների իրականացման պարտադիր պայմանները), հիմնադրման սխեմաները, քարտեզները.

2) ծավալային աշխատանքների ամփոփագիրը (նախատեսված աշխատանքների անվանումը, չափի միավորը, աշխատանքների ծավալն ըստ նախագծի).

3) շուկայական գներով հաշվարկված նախահաշիվը (նախատեսված աշխատանքների անվանումը, չափի միավորը, աշխատանքների ծավալն ըստ նախագծի, միավորի արժեքը (հազ. դրամ), ընդհանուր գումարը (հազ. դրամ):

17. Պայմանագիրը լուծելուց հետո երկու ամսվա ընթացքում հայտարարվում է նոր մրցույթ:

 

III. ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

18. Անտառօգտագործումն առանց անտառային հողերի նկատմամբ իրավունքների ձեռքբերման իրականացվում է` համաձայն հայտատուի կողմից տրամադրողին ներկայացված հայտի հիման վրա` համաձայն N 1 ձևի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի: Պայմանագիրը կնքվում է մինչև մեկ տարի ժամկետով, ընդ որում, այդ ժամկետը չպետք է գերազանցի տրամադրողի կողմից տրված անտառահատման կամ անտառային տոմսի վավերականության ժամկետը: Պայմանագրի պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրողի կողմից ներկայացվում է նախարարություն:

(18-րդ կետը փոփ. 14.10.2021 թիվ 1702-Ն, 15.02.2024 թիվ 203-Ն որոշումներ)

19. Բնափայտ մթերելիս` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում են`

1) արմատի վրա հատման ենթակա ծառուտի դեպքում` ծառուտի առուվաճառքի մասին պայմանագիր.

2) անտառավերականգնման, միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումներ իրականացնելու դեպքում` անտառատնտեսական աշխատանքների կատարման մասին պայմանագիր:

20. Երկրորդական անտառանյութի մթերման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է երկրորդական անտառանյութի մթերման մասին պայմանագիր:

21. Բնափայտի և երկրորդական անտառանյութի մթերման համար սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերով սահմանված դեպքերում կնքված պայմանագրի համաձայն տրվում է անտառահատման տոմս:

22. Ոչ բնափայտային անտառանյութի` պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերման, ինչպես նաև մեղվանոցների փեթակների տեղադրման նպատակներով անտառօգտագործման համար կնքված պայմանագրի համաձայն տրվում է անտառային տոմս:

23. Խոտհնձի և արածեցման նպատակով անտառային հողերն օգտագործման են տրամադրվում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 389-Ն որոշումների:

24. Ներկայացված հայտը (N 1 ձև) մերժվում է տրամադրողի կողմից, եթե պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի հաստատած անտառակառավարման պլանով տվյալ տարածքում պլանավորված չեն տնտեսական միջոցառումներ կամ տվյալ տեղամասում պլանավորված տնտեսական միջոցառումներով նախատեսված գործողությունների իրականացման համար արդեն իսկ բավարարվել է մեկ այլ հայտատուի կողմից ավելի վաղ ներկայացված հայտը, կամ պլանավորված տնտեսական միջոցառումներն իրականացվում են (իրականացվելու են) անտառային տնտեսություն վարող կազմակերպության կողմից, ինչպես նաև, եթե հայտում նշված տեղեկություններն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին:

(24-րդ կետը փոփ. 14.10.2021 թիվ 1702-Ն որոշում)

 

IV. ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

 

25. Անտառների և անտառային հողերի վարձակալության իրավունքը տրամադրվում է նախարարության կողմից` սույն կարգին համապատասխան անցկացվող մրցույթի միջոցով` մինչև 60 տարի ժամկետով, իսկ անտառային հողերի` գյուղատնտեսական նպատակների համար նախատեսված հողատեսքերի դեպքում` մինչև 25 տարի ժամկետով:

(25-րդ կետը փոփ. 14.10.2021 թիվ 1702-Ն, 15.02.2024 թիվ 203-Ն որոշումներ)

26. Անտառները և անտառային հողերը մրցույթով վարձակալության տրամադրելու դեպքում դրանց վարձավճարի նվազագույն չափը սահմանվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշման:

27. Հայտատուները կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման, մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով անտառների կամ անտառային հողերի վարձակալության իրավունք ստանալու համար հայտի հետ միասին` համաձայն N 2 ձևի, նախարարություն են ներկայացնում անտառօգտագործման ծրագիր (այսուհետ` ծրագիր), որը ներառում է`

1) ամփոփ տեղեկատվություն տվյալ անտառների և անտառային հողերի նպատակային ու գործառնական նշանակության մասին.

2) տարածքների նկարագրությունը.

3) կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակով` կախված օգտագործման տեսակից`

ա. կենդանական աշխարհի օգտագործման տեսակը,

բ. որսորդական տնտեսության կազմակերպման համար որսահանդակների որակի պահպանության ու բարելավման միջոցառումները,

գ. օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան միջոցառումները.

4) մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակով` կախված օգտագործման տեսակից`

ա. զբոսաշրջային երթուղիները,

բ. զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման մասին տեղեկություններ,

գ. առկա կլիմայաբուժական բարենպաստ պայմանների, պատմամշակութային արժեքների, բուժիչ ու կազդուրիչ ջրային օբյեկտների նկարագրությունը, դրանց պահպանության ու բարելավման միջոցառումները,

դ. օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան միջոցառումներ (անտառապատման, աղբահանության, հակահրդեհային, ջրահեռացման, զուգարանների կազմակերպման և այլն).

5) նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցը.

6) ներդրումների չափը և ժամանակացույցը.

7) սխեմաներ և քարտեզներ.

8) ակնկալվող արդյունքը:

(27-րդ կետը փոփ. 14.10.2021 թիվ 1702-Ն, 15.02.2024 թիվ 203-Ն որոշումներ)

28. Հայտատուները գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման և պտղահատապտղային, ընկույզների և դեղաբույսերի տնկադաշտերի ստեղծման նպատակով անտառային հողերի օգտագործման իրավունք ստանալու համար հայտի հետ միասին (N 2 ձև) նախարարություն են ներկայացնում օգտագործման վերաբերյալ ծրագիր, որը ներառում է սույն կարգի 27-րդ կետով նախատեսված պահանջները` բացառությամբ 3-րդ և 4-րդ ենթակետերի:

(28-րդ կետը փոփ. 14.10.2021 թիվ 1702-Ն, 15.02.2024 թիվ 203-Ն որոշումներ)

29. Գիտահետազոտական նպատակներով անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունք ձեռք բերելու համար հայտատուն հայտի հետ միասին (N 2 ձև) նախարարություն է ներկայացնում տվյալներ ծրագրվող գիտահետազոտական աշխատանքների ուղղվածության և հետազոտվող օբյեկտի մասին:

(29-րդ կետը փոփ. 14.10.2021 թիվ 1702-Ն, 15.02.2024 թիվ 203-Ն որոշումներ)

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ, ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

30. Սույն կարգով նախատեսված դեպքերում անտառները կամ անտառային հողերը մրցույթով` վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծվում է միջգերատեսչական մրցութային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), որի անհատական կազմը հաստատում է նախարարությունը:

(30-րդ կետը փոփ. 21.05.15 թիվ 544-Ն, 14.10.2021 թիվ 1702-Ն, 15.02.2024 թիվ 203-Ն որոշումներ)

31. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, քաղաքաշինության կոմիտեի, կադաստրի կոմիտեի, համապատասխան մարզի մարզպետարանի, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև իր համաձայնությամբ ներկայացուցիչ է ընդգրկվում այն համայնքից (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանից), որի վարչական տարածքի սահմաններում են գտնվում օգտագործման համար տրամադրվող անտառները կամ անտառային հողերը:

(31-րդ կետը փոփ. 21.05.15 թիվ 544-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն, 14.10.2021 թիվ 1702-Ն, 15.02.2024 թիվ 203-Ն որոշումներ)

31.1. Հանձնաժողովի գործունեության վայրը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունն է (հասցե` քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3):

(31.1-ին կետը լրաց. 21.05.15 թիվ 544-Ն, 14.10.2021 թիվ 1702-Ն, 15.02.2024 թիվ 203-Ն որոշումներ)

32. Հանձնաժողովը հաստատում է մրցույթի հրապարակային ծանուցման տեքստը և մրցույթն սկսելուց առնվազն 30 օր առաջ մրցույթն անցկացնելու մասին կատարում է հրապարակային ծանուցում` www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների և նախարարության www.env.am պաշտոնական ինտերնետային կայքերում:

(32-րդ կետը փոփ. 21.05.15 թիվ 544-Ն, 14.10.2021 թիվ 1702-Ն, 15.02.2024 թիվ 203-Ն որոշումներ)

33. Մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

1) մրցույթի կազմակերպչի անվանումը, մրցույթի կազմակերպման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, վայրը (հասցեն).

2) մրցույթին մասնակցության հայտերի ընդունման ժամկետը (ժամերն ըստ օրերի).

3) անտառօգտագործման տեսակը, ժամկետը, վայրը.

4) վարձավճարի չափը (բացառությամբ սույն կարգի 2-րդ բաժնով սահմանված դեպքի).

5) մասնակիցների կողմից անտառի տարածքին ծանոթանալու օրերը և ժամերը.

6) մրցույթին մասնակցության հայտին կից պահանջվող փաստաթղթերի ցանկը.

7) մրցույթի պայմանները, մրցույթի հաղթողին որոշելու կարգը.

8) մրցույթին մասնակցության նախավճարի չափը (նախավճարի գումարը չի կարող գերազանցել տվյալ տարածքի նվազագույն վարձավճարի գնի 5 տոկոսը) և վճարման հաշվեհամարը, մրցույթում հաղթող չճանաչվելու դեպքում դրա վերադարձման կարգը (բացառությամբ սույն կարգի 2-րդ բաժնով սահմանված դեպքի).

9) մրցույթի հայտերը ներկայացնելու վայրը, ինչպես նաև` հայտերի բացման և դրանց ամփոփման նիստերի կայացման օրերը և ժամերը.

10) տրամադրողի կողմից ներկայացված մրցույթին մասնակցության նախավճարի դրամային հաշվեհամարը:

(33-րդ կետը փոփ. 21.05.15 թիվ 544-Ն որոշում)

33.1. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ:

(33.1-ին կետը լրաց. 21.05.15 թիվ 544-Ն որոշում)

33.2. Հանձնաժողովի անդամները նիստի անցկացման օրվա և ժամի մասին հանձնաժողովի քարտուղարի կողմից` հեռախոսով և (կամ) էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվում են նիստի անցկացումից առնվազն 2 օր առաջ:

(33.2-րդ կետը լրաց. 21.05.15 թիվ 544-Ն որոշում)

33.3. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստում անցկացվող քվեարկության ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

(33.3-րդ կետը լրաց. 21.05.15 թիվ 544-Ն որոշում)

33.4. Հանձնաժողովի նիստերում քննարկված հարցերը, եզրահանգումները և ընդունված որոշումներն արձանագրվում են հանձնաժողովի նիստերի քարտուղարի և ստորագրվում մրցույթին մասնակցող հանձնաժողովի անդամների կողմից:

(33.4-րդ կետը լրաց. 21.05.15 թիվ 544-Ն որոշում)

33.5. Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը (առկայության դեպքում) գրավոր ներկայացվում է հանձնաժողովի նախագահին և կցվում արձանագրությանը:

(33.5-րդ կետը լրաց. 21.05.15 թիվ 544-Ն որոշում)

33.6. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.

2) կազմակերպում և համակարգում է հանձնաժողովի աշխատանքները.

3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և հանձնաժողովի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները:

(33.6-րդ կետը լրաց. 21.05.15 թիվ 544-Ն որոշում)

33.7. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նախագահի պարտականությունները կատարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

(33.7-րդ կետը լրաց. 21.05.15 թիվ 544-Ն որոշում)

33.8. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին.

2) հանձնաժողովի նիստին մասնակցելու անհնարինության դեպքում (հարգելի պատճառով) նախապես տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին.

3) սույն կարգի 49-րդ կետի համաձայն` լրացնում և ստորագրում է 1-10 բալանոց միավորների համակարգով գնահատման թերթիկը` համաձայն NN 4 և 5 ձևերի:

(33.8-րդ կետը լրաց. 21.05.15 թիվ 544-Ն որոշում)

33.9. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ`

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

2) հանձնաժողովին տրամադրում է նիստին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունը.

3) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանք ներկայացնում մրցույթին մասնակցող հանձնաժողովի անդամների ստորագրությանը, իսկ մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը` նաև մրցույթի հաղթողի ստորագրությանը.

4) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը և ապահովում փաստաթղթերի հանձնումն անտառային տնտեսություն վարող կազմակերպությանը:

(33.9-րդ կետը լրաց. 21.05.15 թիվ 544-Ն, 14.10.2021 թիվ 1702-Ն որոշումներ)

34. Մրցույթի պայմանների փոփոխման դեպքում հանձնաժողովը պարտավոր է մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ` զանգվածային լրատվության այն միջոցով, որով հրապարակվել է մրցույթի մասին ծանուցումը: Ծանուցման մեջ թույլատրվում է կատարել փոփոխություններ և (կամ) լրացումներ, եթե չեն փոփոխվում դրանում նշված էական պայմանները:

35. Մրցույթի էական պայմաններն են`

1) անտառների և անտառային հողերի նպատակային ու գործառնական նշանակությունը.

2) անտառների կամ անտառային հողերի գտնվելու վայրը, վարձավճարի չափը.

3) անտառօգտագործման տեսակը, հաղորդակցուղիների առկայությունը.

4) անտառների կամ անտառային տարածքների նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը.

5) շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները:

36. Մրցույթի էական պայմանների փոփոխման դեպքում հանձնաժողովը հրապարակում է մրցույթի անցկացման մասին նոր ծանուցում` նախկինը հայտարարելով չեղյալ:

37. Մրցույթին մասնակցության հայտին (N 2 ձև) կից ներկայացվում են`

1) անտառօգտագործման ծրագիրը (գիտահետազոտական նպատակներով օգտագործման դեպքում` տվյալներ ծրագրվող գիտահետազոտական աշխատանքների ուղղվածության և հետազոտվող օբյեկտի մասին).

2) նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար` համապատասխանաբար պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.

4) անձնագրի պատճենը` ֆիզիկական անձանց համար.

5) հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը:

38. Մրցույթին մասնակցության հայտին (N 3 ձև) կից ներկայացվում են`

1) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար` համապատասխանաբար պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.

2) ֆիզիկական անձանց համար` անձնագրի պատճենը.

3) առաջարկը.

4) հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է նրա լիազորած անձը:

39. Մրցույթին մասնակցության հայտերը (NN 2 և 3 ձևեր)` անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում ներկայացվում են սոսնձված և ստորագրված ծրարով` անձամբ, հայտատուի լիազորած անձի միջոցով կամ փոստով:

40. Հայտը (ծրարը) ներկայացնելու ժամկետ է համարվում հանձնաժողովի կողմից այն ստանալու օրը և ժամը, որի մասին գրառում է կատարվում հայտի (ծրարի) վրա:

41. Սույն կարգի պահանջներին չհամապատասխանող հայտերը, ինչպես նաև հայտերը ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում ներկայացնողին:

42. Հայտատուները մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը լրանալը կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը:

43. Մրցույթի հայտը (ծրարը) առանց բացվելու գրանցվում է նախարարությունում և անմիջապես հանձնվում մրցութային հանձնաժողովի քարտուղարին: Մրցույթի հայտը գրանցվում է առանձին` տվյալ մրցույթի համար կազմված գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության, ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը:

(43-րդ կետը փոփ. 14.10.2021 թիվ 1702-Ն, 15.02.2024 թիվ 203-Ն որոշումներ)

44. Մրցույթին մասնակցության հայտերը բացվում են մրցույթի անցկացման մասին ծանուցմամբ (հրավերով) սահմանված օրը և ժամին` մրցույթին մասնակցության հայտերի բացման նպատակով հրավիրված նիստում:

45. Մրցույթի հայտատուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթին մասնակցության հայտերի բացման, ինչպես նաև մրցութային առաջարկների քննարկման նիստերին և ծանոթանալ նիստերի արձանագրություններին:

46. Ծրարները զննվում են հանձնաժողովի անդամների կողմից. հայտատուի կամ նրա լիազոր ներկայացուցչի ցանկության դեպքում կարող են զննվել նաև նրանց կողմից:

47. Հայտերը, որոնք չեն համապատասխանում տվյալ մրցույթի համար սահմանված պայմաններին, հանձնաժողովի կողմից չեն քննարկվում, և դրա մասին տեղեկացվում է հայտատուներին` նշելով պատճառները:

48. Հանձնաժողովի անդամները ներկայացված առաջարկների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով իրավունք ունեն դիմելու մրցույթի մասնակիցներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին:

49. Հանձնաժողովի անդամները մրցույթին մասնակցող հայտատուների կողմից ներկայացված անտառօգտագործման ծրագիրը կամ անտառապատման նպատակով անտառային հողերի անհատույց օգտագործման վերաբերյալ ներկայացված առաջարկը գնահատում են 1-10 բալանոց միավորների համակարգով` ըստ ներկայացված պայմանների արդյունավետության`

1) անտառօգտագործման ծրագիրը գնահատվում է`

ա. սահմանված առավելագույն միավորով, եթե այն կազմված է ճիշտ. հաշվի է առնված անտառօգտագործման տեսակը, ներառված են բոլոր անհրաժեշտ պահանջները, այդ թվում` շրջակա միջավայրի պահպանության, նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցը, ներդրումների չափը, և ժամանակացույցն իրատեսական է, առկա են համապատասխան որակյալ սխեմաներ ու քարտեզներ, ակնկալվող արդյունքը հիմնավոր է,

բ. սահմանված առավելագույն միավորից մինչև 20 տոկոսով պակաս միավոր, եթե այն ըստ էության ճիշտ է կազմված. հաշվի է առնված անտառօգտագործման տեսակը, ներառված են բոլոր անհրաժեշտ պահանջները, այդ թվում` շրջակա միջավայրի պահպանության, նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցը, ներդրումների չափը և ժամանակացույցը, առկա են համապատասխան սխեմաներ ու քարտեզներ, ակնկալվող արդյունքը հիմնավոր է, սակայն ընդհանուր ծրագրում առկա են թերություններ, վրիպակներ կամ ոչ լիարժեք տեղեկություններ, ձևակերպումներ, որոշ բացթողումներ, որոնք չեն վերաբերում ծրագրի հիմնական բովանդակությանը,

գ. սահմանված առավելագույն միավորից մինչև 50 տոկոսով պակաս միավոր, եթե այն կազմված է որոշակի բացթողումներով. հաշվի են առնվել անտառօգտագործման տեսակը, սակայն ոչ բոլոր անհրաժեշտ պահանջներն են ընդգրկվել, այդ թվում` շրջակա միջավայրի պահպանության, նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցը, ներդրումների չափը և ժամանակացույցը ոչ այնքան իրատեսական են, առկա են համապատասխան սխեմաներ ու քարտեզներ, ակնկալվող արդյունքը ոչ այնքան հիմնավոր է, ընդհանուր ծրագրում առկա են թերություններ, վրիպակներ կամ ոչ լիարժեք տեղեկություններ, ձևակերպումներ, որոշ բացթողումներ, որոնք վերաբերում են ծրագրի հիմնական բովանդակությանը,

դ. սահմանված առավելագույն միավորի մինչև 30 տոկոսը, եթե այն կազմված է էական բացթողումներով. հաշվի չեն առնվել կամ գրեթե հաշվի չեն առնվել անտառօգտագործման տեսակը, անհրաժեշտ պահանջներն ընդգրկված չեն կամ գրեթե ընդգրկված չեն, նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցը, ներդրումների չափը և ժամանակացույցն իրատեսական չեն կամ ներկայացված են մասամբ, առկա չեն համապատասխան սխեմաներ ու քարտեզներ, ակնկալվող արդյունքը հիմնավոր չէ, ընդհանուր ծրագրում առկա թերությունները, վրիպակները կամ բացթողումները վերաբերում են ծրագրի հիմնական բովանդակությանը.

2) անտառապատման նպատակով անտառային հողերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելիս` մրցութային հանձնաժողովը հայտատուի առաջարկը գնահատում է`

ա. սահմանված առավելագույն միավորով, եթե նախատեսվող ներդրումների չափը ներառում է անտառապատման հիմնական միջոցառումների իրականացումը, մասնավորապես, բացի տնկումից կամ ցանքից, հիմնադրված տնկարկների ագրոտեխնիկական խնամք (վեգետացիայի ընթացքում 1-ին տարին` 4, 2-րդ տարին` 3, 3-րդ տարին` 2, 4-րդ տարին` մեկ անգամ), առաջին վեգետացիայից հետո հիմնադրված անտառային մշակաբույսերի լրացման աշխատանքներ, ըստ անհրաժեշտության խնամք միջշարքային տարածությունում` խոտհնձի միջոցով (վեգետացիայի ընթացքում` մեկ անգամ), ելնելով տեղանքից` անտառապատված տարածքի ցանկապատում: Անտառային ծառաթփատեսակներն առաջարկելիս հաշվի են առնվում տվյալ անտառաճման և հողակլիմայական պայմանները: Հստակ նշվում է հիմնվող անտառի նպատակային նշանակությունը: Անտառային ծառատեսակների սերմերի և տնկանյութի ընտրության հարցում շեշտադրում է կատարվում դրանց որակական հատկանիշների վրա: Կախված բնակլիմայական պայմաններից` ոռոգվող տարածքներում նախատեսվում են ոռոգման ցանցի անցկացում (դրա բացակայության դեպքում) և ոռոգման իրականացում (վեգետացիայի ընթացքում 5-6 անգամ): Առաջարկության մեջ հստակ նշվում է նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցը, որը ներառում է անտառապատման աշխատանքների մեկնարկից մինչև անտառի շարք անցկացնելը,

բ. սահմանված առավելագույն միավորից մինչև 20 տոկոսով պակաս, եթե նախատեսվող ներդրումների չափը ներառում է սույն կարգի 49-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ նշված միջոցառումները, բացի դրանցից, որևիցե մեկից կամ երկուսից, որի կամ որոնց անհրաժեշտությունը կա, սակայն դա կամ դրանք չեն նախատեսվում կամ թերի է (են), կամ հստակ չէ (չեն),

գ. սահմանված առավելագույն միավորից մինչև 21-50 տոկոսով պակաս, եթե նախատեսվող ներդրումների չափը ներառում է սույն կարգի 49-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ նշված միջոցառումները, բացի դրանցից, որևիցե երեքից կամ չորսից, որոնց անհրաժեշտությունը կա, սակայն դրանք չեն նախատեսվում կամ թերի են, կամ հստակ չեն,

դ. սահմանված առավելագույն միավորի մինչև 30 տոկոսը, եթե նախատեսվող ներդրումների չափում չեն ներառվում սույն կարգի 49-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ նշված միջոցառումներից որևիցե հինգը, որոնց անհրաժեշտությունը կա, սակայն դրանք չեն նախատեսվում կամ թերի են, կամ հստակ չեն:

(49-րդ կետը փոփ. 21.05.15 թիվ 544-Ն, 14.10.2021 թիվ 1702-Ն որոշումներ)

49.1. Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի ներկայացրած հայտի գնահատված միավորների հանրագումարն առավելագույնն է մնացած մասնակիցների միավորների հանրագումարից, բայց ոչ պակաս հանձնաժողովի անդամների կողմից գնահատվելիք առավելագույն միավորների հանրագումարի կեսից:

(49.1-ին կետը լրաց. 21.05.15 թիվ 544-Ն որոշում)

50. Հավասար միավորների դեպքում հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:

51. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփման օրը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն, որն ստորագրում է նաև մրցույթի հաղթողը:

51.1. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչելու և հաղթողի հետ անտառօգտագործման մասին պայմանագիր կնքելու և դրա պատճենը նախարարություն ներկայացնելու պահից:

(51.1-ին կետը լրաց. 21.05.15 թիվ 544-Ն, 14.10.2021 թիվ 1702-Ն որոշումներ)

52. Եթե մրցույթում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց կամ 15 օրվա ընթացքում պայմանագիր կնքելուց, ապա նրա վճարած նախավճարը չի վերադարձվում, և մրցույթի հաղթող է համարվում միավորների հանրագումարով իրենից հետո առավելագույն միավոր ստացած մասնակիցը, իսկ այդպիսին չլինելու դեպքում մրցույթը համարվում է չկայացած:

53. Մրցույթը համարվում է չկայացած`

1) եթե մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել.

2) եթե մրցույթի մասնակիցների հայտերը չեն համապատասխանում մրցույթի մասին ծանուցման պայմաններին.

3) սույն կարգի 52-րդ կետով սահմանված դեպքում.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

54. Մրցույթին մասնակցության համար միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չէ մրցույթը չկայացած համարելու համար:

55. Հանձնաժողովին մրցույթի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց մրցույթի մասնակիցների համաձայնության:

56. Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո նախարարությունը մեկշաբաթյա ժամկետում մրցույթի արձանագրությունը և մրցույթին առնչվող փաստաթղթերն ուղարկում է տրամադրողին, որը անշարժ գույքի նկատմամբ տրամադրողի իրավունքը գրանցելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի հաղթողի հետ կնքում է անտառօգտագործման մասին պայմանագիր, իսկ դրա պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նախարարություն:

(56-րդ կետը փոփ. 14.10.2021 թիվ 1702-Ն, 15.02.2024 թիվ 203-Ն որոշումներ)

57. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի վճարած նախավճարը հաշվարկվում է նրա կողմից կատարվելիք վարձավճարի մեջ:

58. Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցները մրցույթի մասնակցության նախավճարի վերադարձման նպատակով դիմում են տրամադրողին, որը դիմումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում նախավճարի գումարը վերադարձնում է նրանց:

59. Մրցույթը կարող է անվավեր ճանաչվել դատական կարգով:

60. Դատական կարգով մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերության:

(կարգը խմբ. 02.02.12 թիվ 316-Ն որոշում)

Ձև N 1

 

ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՅՏ

 

ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

______________________________________________________________________

______________________________________________________________________

(հայտը ներկայացնող քաղաքացու անունը, ազգանունը, հասցեն կամ

իրավաբանական անձի անվանումը, հասցեն)

 

Ցանկանում եմ պետական անտառների և անտառային հողերի տարածքում կատարել

______________________________________________________________________

______________________________________________________________________

____________________________________________________________________:

(նշել անտառօգտագործման տեսակը, ծավալները (թվերով և բառերով),

ժամկետը (թվերով և բառերով)

 

ԴԻՄՈՂ _____________________________________________________________ ___________________________________________________________________

(անունը, ազգանունը, անձնագրի համարը, երբ է տրված, ում կողմից, իսկ

իրավաբանական անձի դեպքում` ներկայացուցչի անունը, ազգանունը,

ստորագրությունը, հեռախոսահամարը)

 

____ _____________ 20 թ.

 

Ձև N 2

 

ՀԱՅՏ

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԸ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

 

______________________________________________________________________

______________________________________________________________________

(հայտը ներկայացնող քաղաքացու անունը, ազգանունը, հասցեն կամ

իրավաբանական անձի անվանումը, հասցեն)

 

Ծանոթանալով 20 թ. ________ _____-ին ____________________________ կողմից

(նախարարության անվանումը)

_________________________________________________ պետական անտառները և

(կայքի կամ զանգվածային լրատվության միջոցի անվանումը)

 

անտառային հողերը մրցույթով __________________________________________

_____________________________________________________________________

        (գտնվելու վայրը, մակերեսը (հա), անտառօգտագործման տեսակը)

 

վարձակալության իրավունքով ձեռք բերելու մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում եմ մասնակցել մրցույթին:

Հայտին կից ներկայացնում եմ`

1) [] կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակով` ծրագիր.

2) [] մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակով` ծրագիր.

3) [] գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման և պտղահատապտղային, ընկույզների և դեղաբույսերի տնկադաշտերի ստեղծման նպատակով` ծրագիր.

4) [] գիտահետազոտական նպատակով` տվյալներ ծրագրվող գիտահետազոտական աշխատանքների ուղղվածության և հետազոտվող օբյեկտի մասին.

5) [] նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթի պատճենը.

6) [] իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար` համապատասխանաբար պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.

7) [] ֆիզիկական անձանց համար` անձնագրի պատճենը.

8) [] հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է նրա լիազորած անձը:

Տեղեկացված եմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն մրցույթի կայացման մասին արձանագրությունը չստորագրելու, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ տրամադրողի իրավունքը գրանցելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում օգտագործման պայմանագիրը չկնքելու դեպքում իմ կողմից վճարված նախավճարը չի վերադարձվում:

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերը և դրանցում նշված տեղեկությունները ճիշտ են, որի համար ստորագրում եմ:

 

ԴԻՄՈՂ _____________________________________________________________ ___________________________________________________________________

(անունը, ազգանունը, անձնագրի համարը, երբ է տրված, ում կողմից, իսկ

իրավաբանական անձի դեպքում` ներկայացուցչի անունը, ազգանունը,

ստորագրությունը, հեռախոսահամարը)

 

____ _____________ 20 թ.

 

(2-րդ ձևը փոփ. 14.10.2021 թիվ 1702-Ն, 15.02.2024 թիվ 203-Ն որոշումներ)

 

Ձև N 3

 

ՀԱՅՏ

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՆ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

______________________________________________________________________

______________________________________________________________________

(հայտը ներկայացնող քաղաքացու անունը, ազգանունը, հասցեն կամ

իրավաբանական անձի անվանումը, հասցեն)

 

Ծանոթանալով 20 թ. ________ _____-ին ____________________________ կողմից

(նախարարության անվանումը)

 

______________________________________________ պետական անտառային հողերը

(կայքի կամ զանգվածային լրատվության միջոցի

անվանումը)

 

մրցույթով ____________________________________________________________

(գտնվելու վայրը, մակերեսը (հա)

 

անտառապատման նպատակով անհատույց օգտագործման տրամադրելու մասին հրապարակված տեղեկատվությանը` ցանկանում եմ մասնակցել մրցույթին:

 

Հայտին կից ներկայացնում եմ`

1) [] իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար`

համապատասխանաբար պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.

2) [] ֆիզիկական անձանց համար` անձնագրի պատճենը.

3) [] առաջարկություն.

4) [] հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է

նրա լիազորած անձը:

 

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերը և դրանցում նշված տեղեկությունները ճիշտ են, որի համար ստորագրում եմ:

 

ԴԻՄՈՂ _____________________________________________________________ ___________________________________________________________________

(անունը, ազգանունը, անձնագրի համարը, երբ է տրված, ում կողմից, իսկ

իրավաբանական անձի դեպքում` ներկայացուցչի անունը, ազգանունը,

ստորագրությունը, հեռախոսահամարը)

 

_______ ______________ 20 թ.

 

(3-րդ ձևը փոփ. 14.10.2021 թիվ 1702-Ն, 15.02.2024 թիվ 203-Ն որոշումներ)

 

Ձև N 4

 

._____________________________________________________________________.

|                      Գնահատման թերթիկ                               |

|                                                                     |

|Անտառները կամ անտառային հողերը վարձակալությամբ օգտագործման իրավունքով|

|ձեռք բերելու համար մրցույթի մասնակից ________________________________|

|                                      (քաղաքացու անունը, ազգանունը,  |

|                                      մշտական բնակության վայրի հասցեն|

|_____________________________________________________________________|

|       կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը)              |

|                                                                     |

|Անտառօգտագործման ծրագիրը գնահատման 1-10 բալանոց միավորների           |

|համակարգում գնահատվում է _____________________ բալ:                  |

|                           (թվով, տառերով)                           |

|                                                                     |

|Գնահատող ____________________________________________________________|

|         (անունը, ազգանունը, պետական կառավարման մարմինը (մարզպետարան,|

|_____________________________________________________________________|

|       տեղական ինքնակառավարման մարմին), ստորագրությունը)             |

._____________________________________________________________________.

(4-րդ ձևը լրաց. 21.05.15 թիվ 544-Ն որոշում)

 

Ձև N 5

 

._____________________________________________________________________.

|                       Գնահատման թերթիկ                              |

|                                                                     |

|Անտառային հողերն անհատույց օգտագործման իրավունքով ձեռք բերելու համար |

|մրցույթի մասնակից ___________________________________________________|

|                   (քաղաքացու անունը, ազգանունը, մշտական բնակության  |

|_____________________________________________________________________|

|  վայրի հասցեն կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը)      |

|                                                                     |

|Անտառային հողերի անտառապատման վերաբերյալ առաջարկը գնահատման 1-10     |

|բալանոց միավորների համակարգում գնահատվում է ____________________ բալ:|

|                                              (թվով, տառերով)        |

|                                                                     |

|Գնահատող ____________________________________________________________|

|          (անունը, ազգանունը, պետական կառավարման մարմինը             |

|_____________________________________________________________________|

|  (մարզպետարան, տեղական ինքնակառավարման մարմին), ստորագրությունը)    |

._____________________________________________________________________.

 

(5-րդ ձևը լրաց. 21.05.15 թիվ 544-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.05.2007
N 806-Ն
Որոշում