Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, Պ ...

 

08.03.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 2022 թվականի N 1183-Ն

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

61. Ներկայացված (որակավորման) հայտերը թղթային եղանակով ներկայացնելու դեպքում ընդունում և գրանցամատյանում գրանցում է գնահատող հանձնաժողովի քարտուղարը:

(61-րդ կետը փոփ. 07.12.2023 թիվ 2141-Ն որոշում)

62. Գրանցամատյանում գրառումները կատարվում են միայն քարտուղարի կողմից: Գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` գրանցամատյանի «նշագրումներ» հատվածում դրվում է քարտուղարի ստորագրությունը: Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ընթացքում գրանցամատյանի անվնաս պահպանման համար պատասխանատու է քարտուղարը:

63. Հայտատուի ներկայացրած ծրարի վրա քարտուղարը նշում է գրանցամատյանում տվյալ ծրարի գրանցման համարը, գրանցման օրը և ժամը` ստորագրում ծրարի վրա իր կողմից կատարված գրառումների տակ:

63.1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգով որակավորման հայտերի և հայտերի ներկայացման էլեկտրոնային եղանակ նախատեսված լինելու դեպքում գրանցամատյան չի վարվում:

(63.1-ին կետը լրաց. 07.12.2023 թիվ 2141-Ն որոշում)

64. ՊՄԳ պայմանագրի կնքումից կամ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելուց հետո մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին առնչվող բոլոր փաստաթղթերը, այդ թվում գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, որոշումները, հաշվետվությունները, ստացված որակավորման հայտերը, հայտերը և այլ փաստաթղթերը հաշվառվում և պահպանվում են իրավասու մարմնի կողմից:

 

XI. ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՁԵՎԵՐԸ

 

65. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ձևը սահմանվում է ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշմամբ:

66. Բաց ընթացակարգի կիրառման դեպքում ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշումը, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հայտարարությունը, որակավորման հարցումը հրապարակային են և հասանելի:

67. Մեկ փուլով բաց ընթացակարգի կիրառման դեպքում գնահատող հանձնաժողովի կողմից հաստատված և հայտատուներին տրամադրված հրավերը ներառում է միաժամանակ որակավորման հարցում և առաջարկի հարցում: Սույն կետով նախատեսված դեպքում հայտատուի կողմից ներկայացվում է միաժամանակ որակավորման հայտ և հայտ` առանձնացված ծրարներով:

 

XII. ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՐՑՈՒՄԸ

 

68. Մասնավոր գործընկերոջ ընտրության բաց ընթացակարգի մեկնարկից առաջ գնահատող հանձնաժողովը պաշտոնական կայքում հրապարակում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի վերաբերյալ հայտարարություն: Գնահատող հանձնաժողովը և ՊՄԳ ստորաբաժանումը պետք է ներդնեն իրենց լավագույն ջանքը հայտարարությունը նաև ՊՄԳ ծրագրերի իրականացման ոլորտում բարձր հեղինակություն ունեցող միջազգային պարբերականներում հրապարակելու համար` դրանց առկայության դեպքում:

69. Հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

1) իրավասու մարմնի անվանումը և գտնվելու վայրը.

2) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ծածկագիրը.

3) ՊՄԳ ծրագրի և ՊՄԳ պայմանագրի բովանդակության համառոտ և հստակ նկարագիրը.

4) հայտատուների` բաց ընթացակարգին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը.

5) թղթային ձևով որակավորման հարցում (մեկ փուլով բաց ընթացակարգի դեպքում` հրավեր) ստանալու պայմանները, այդ թվում` դրա համար գանձվող վճարի չափը, վճարման կարգը.

6) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն հայտերը.

7) հայտատուների որակավորման չափանիշների համառոտ նկարագիրը.

8) հաղթող հայտատուի որոշման կարգը.

9) որակավորման հայտեր (մեկ փուլով բաց ընթացակարգի դեպքում` հայտեր) ներկայացնելու ձևը, տեղը և ժամկետը, բացառությամբ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգով որակավորման հայտերի (մեկ փուլով բաց ընթացակարգի դեպքում` հայտերի) ներկայացման էլեկտրոնային եղանակ նախատեսված լինելու դեպքի.

10) որակավորման հայտերի (մեկ փուլով բաց ընթացակարգի դեպքում` հայտերի) բացման ձևը, վայրը, օրը և ժամը.

11) պոտենցիալ հայտատուների հետ, մասնակցության համար բաց քննարկումների վայրը, օրը և ժամը, հարցումների ներկայացման ժամկետը.

12) գնահատող հանձնաժողովի որոշմամբ` այլ տեղեկություններ:

(69-րդ կետը փոփ. 07.12.2023 թիվ 2141-Ն որոշում)

70. Բաց ընթացակարգի դեպքում որակավորման հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը հաշվարկվում է հայտարարությունը պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից:

71. Որակավորման հարցումը հաստատվում է գնահատող հանձնաժողովի որոշմամբ: Որակավորման հայտերի ներկայացման ժամկետը առնվազն քառասուն օրացուցային օր է` հաշվված հայտարարության հրապարակման պահից: ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշմամբ որակավորման հայտերի ներկայացման համար կարող է սահմանվել ավելի սեղմ ժամկետ` հաշվի առնելով ՊՄԳ ծրագրի առանձնահատկությունները կամ սույն ընթացակարգի համաձայն` դրա հաստատմանը նախորդած շուկայի հետ նախնական հաղորդակցումը:

(71-րդ կետը փոփ. 07.03.2024 թիվ 333-Ն որոշում)

71.1. Մինչև որակավորման հարցման հաստատումը գնահատող հանձնաժողովը կարող է իրականացնել խմբագրական բնույթի փոփոխություններ:

(71.1-ին կետը լրաց. 07.03.2024 թիվ 333-Ն որոշում)

72. Որակավորման հարցումը ներառում է`

1) ներածություն, այդ թվում` ՊՄԳ ծրագրի և ՊՄԳ պայմանագրի հիմնական պայմանները.

2) հայտատուներին ուղղված ցուցումները.

3) հայտատուների կողմից ներկայացվող հավաստումները և դրանց նկատմամբ պահանջները.

4) որակավորման հայտի ձևի (այդ թվում` դրա ներկայացման լեզվի), բովանդակության և դրա ներկայացման կարգի նկատմամբ կիրառելի պահանջները.

5) որակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը.

6) հայտատուի` մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքը.

7) հայտատուի մասնագիտական փորձառության նկատմամբ կիրառելի պահանջները.

8) հայտատուի տեխնիկական կարողությունների և փորձառության նկատմամբ կիրառելի պահանջները.

9) հայտատուի ֆինանսական և տնտեսական կարողությունների նկատմամբ կիրառելի պահանջները.

10) որակավորման հայտի գնահատման կարգը.

11) ըստ անհրաժեշտության` հայտատուի կողմից որակավորման հայտի ապահովման ներկայացման կարգը և որակավորման հայտի ապահովման վճարման հիմքերը.

12) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ժամանակացույցը.

13) պոտենցիալ հայտատուների կողմից հարցումների կատարման և պարզաբանումների տրամադրման կարգը.

14) պոտենցիալ հայտատուների հետ մասնակցության համար բաց քննարկումների վայրը, օրը և ժամը, ինչպես նաև մասնակցության պայմանները.

15) որակավորման հարցման մեջ փոփոխություններ կատարելու կարգը.

16) գնահատող հանձնաժողովի որոշմամբ` այլ տեղեկություններ:

73. Բաց ընթացակարգի դեպքում հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը հաշվարկվում է առաջարկի հարցումը պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից: Առաջարկի հարցումը հրապարակելուց հետո որակավորված հայտատուից առաջարկի հարցմամբ սահմանված կարգով տեխնիկատնտեսական ուսումնասիրության ստացման վերաբերյալ դիմում ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովը թղթային կամ էլեկտրոնային եղանակով համապատասխան որակավորված հայտատուին է տրամադրում ՊՄԳ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը: Գնահատող հանձնաժողովի որոշմամբ ՊՄԳ ծրագրի` որակավորված հայտատուին տրամադրվող տեխնիկատնտեսական ուսումնասիրությունից կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն հեռացվել կամ հայտատուի համար այլ կերպ անհասանելի դարձվել սույն ընթացակարգի 34-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունը:

(73-րդ կետը փոփ. 07.12.2023 թիվ 2141-Ն որոշում)

74. Առաջարկի հարցումը հաստատվում է գնահատող հանձնաժողովի որոշմամբ: Հայտերի ներկայացման ժամկետը առնվազն վաթսուն օրացուցային օր է` հաշվված առաջարկի հարցման հրապարակման պահից:

75. Առաջարկի հարցումը թղթային կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է միայն որակավորված հայտատուներին` գնահատող հանձնաժողովի կողմից առաջարկի հարցումը հաստատելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում:

76. Առաջարկի հարցումը ներառում է`

1) ներածություն, այդ թվում` ՊՄԳ ծրագրի և ՊՄԳ պայմանագրի հիմնական պայմանները.

2) հայտատուներին ուղղված ցուցումները.

3) հայտատուների կողմից ներկայացվող հավաստումները և դրանց նկատմամբ պահանջները.

4) ՊՄԳ ծրագրի նախագիծը, բացառությամբ տեխնիկատնտեսական ուսումնասիրության.

5) որակավորված հայտատուներից տեխնիկատնտեսական ուսումնասիրության ստացման վերաբերյալ դիմումի օրինակելի ձևը և դրա ներկայացման կարգը: Ընդ որում, սույն ենթակետով նախատեսված դիմումը պետք է նաև ներառի գրավոր հավաստում տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը չհրապարակելու և այն երրորդ անձանց չտրամադրելու պարտավորություն ստանձնելու վերաբերյալ, ինչպես նաև պարտավորությունը խախտելու իրավական հետևանքները.

6) ՊՄԳ պայմանագրի նախագիծը.

7) հայտի ձևի (այդ թվում` դրա ներկայացման լեզվի), բովանդակության և դրա ներկայացման կարգի նկատմամբ կիրառելի պահանջները.

8) հայտերի ներկայացման վերջնաժամկետը.

9) հայտերի վավերության ժամկետը.

10) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ժամանակացույցը.

11) տեխնիկական առաջարկների բացման կարգը.

12) տեխնիկական առաջարկների գնահատման կարգը (կիրառելիության դեպքում` դրան տրվող կշիռը և նվազագույն շեմը).

13) ֆինանսական առաջարկների բացման կարգը.

14) ֆինանսական առաջարկների գնահատման կարգը (կիրառելիության դեպքում` դրան տրվող կշիռը).

15) հաղթող հայտատուի որոշման կարգը.

16) հայտի ապահովման նկատմամբ կիրառելի պահանջները, այդ թվում` դրա չափը և ներկայացման կարգը.

17) որակավորված հայտատուների կողմից հարցումների կատարման և պարզաբանումների տրամադրման կարգը.

18) որակավորված բոլոր հայտատուների հետ քննարկման իրականացման վայրը, օրը և ժամը, ինչպես նաև մասնակցության պայմանները.

19) առաջարկի հարցման մեջ և հայտում փոփոխություններ կատարելու կարգը.

20) անհրաժեշտության դեպքում` այլ տեղեկություններ:

 

XIII. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԸ

 

77. Հայտատուն պարտավոր է որակավորման հայտով գնահատող հանձնաժողովին ներկայացնել որակավորման հարցմամբ պահանջվող բոլոր տեղեկությունները: Գնահատող հանձնաժողովը գնահատում է միայն օրենքին, սույն ընթացակարգին և որակավորման հարցմանը համապատասխանող ձևով ներկայացված հայտերը: Օրենքին, սույն ընթացակարգին կամ որակավորման հարցմանը չհամապատասխանող որակավորման հայտերը գնահատող հանձնաժողովի կողմից ենթակա են որակավորման հայտերի բացման նիստում մերժման և նույնությամբ վերադարձման դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ սույն ընթացակարգի 97-րդ կետով նախատեսված դեպքի:

78. Կոնսորցիումով մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու դեպքում որակավորման հայտը չի ներառում կոնսորցիումի մասնակիցների կողմից որակավորման հարցմամբ նախատեսված ձևաչափով տրամադրվող կատարման անվերապահ երաշխիք, եթե որակավորման հարցմամբ այլ բան նախատեսված չէ:

(78-րդ կետը փոփ. 07.12.2023 թիվ 2141-Ն որոշում)

79. Հայտատուն պարտավոր է որակավորման հայտը ներկայացնել չորս օրինակից, որոնցից`

1) մեկ թղթային օրինակը հստակ ընթեռնելի «ԲՆՕՐԻՆԱԿ» նշմամբ պետք է ներառի որակավորման հարցմամբ պահանջվող բոլոր փաստաթղթերի բնօրինակները (որակավորման հարցմամբ նախատեսված լինելու դեպքում` պատճենները).

2) որակավորման ամբողջական հայտի մեկ թղթային պատճենը հստակ ընթեռնելի «ՊԱՏՃԵՆ» նշմամբ.

3) երկու էլեկտրոնային օրինակ` ներկայացված որակավորման հարցմամբ սահմանված էլեկտրոնային կրիչներով:

80. Ներկայացված որակավորման հայտերի օրինակների միջև անհամապատասխանությունների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է բնօրինակով ներկայացված տարբերակին:

81. Սույն ընթացակարգի 79-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և էլեկտրոնային կրիչները դրվում են փակ ծրարի մեջ: Ծրարը և որակավորման հարցմամբ նախատեսված` հայտատուի կազմած փաստաթղթերն ստորագրում է վերջինիս ներկայացուցիչը:

82. Սույն ընթացակարգի 81-րդ կետում նշված ծրարի վրա որակավորման հայտը կազմելու լեզվով նշվում են`

1) իրավասու մարմնի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).

2) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ծածկագիրը.

3) «չբացել մինչև որակավորման հայտերի բացման նիստը» բառերը.

4) հայտատուի տվյալները` անվանումը, գրանցման վայրը, կապի միջոցները:

83. Որակավորման հայտերը և դրանց փոփոխությունները քարտուղարը գրանցում է գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Հայտատուի պահանջով այդ մասին նույն պահին տրվում է տեղեկանք:

84. Որակավորման հայտը վավեր է մինչև օրենքին և սույն ընթացակարգին համապատասխան ՊՄԳ պայմանագրի կնքումը, հայտատուի կողմից որակավորման հայտը հետ վերցնելը, որակավորման հայտի մերժումը կամ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելը:

85. Հայտատուն մինչև որակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը կարող է փոփոխել, լրացնել կամ հետ վերցնել իր որակավորման հայտը:

86. Որակավորման հայտի փոփոխման կամ լրացման մասին ծանուցումն ուղարկվում է սույն ընթացակարգի 79-82-րդ կետերով նախատեսված կարգով` դրա վրա համապատասխանաբար ավելացնելով «ՓՈՓՈԽՈՒՄ» կամ «ԼՐԱՑՈՒՄ» բառը: Որակավորման հայտը հետ վերցնելու դեպքում հայտատուն մինչև որակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը ներկայացնում է այդ մասին գրավոր ծանուցում: Որակավորման հայտը հետ վերցնելու մասին ծանուցման առկայության դեպքում տվյալ որակավորման հայտը ենթակա չէ բացման, այն նույնությամբ վերադարձվում է որակավորման հայտը ներկայացրած անձին:

87. Որակավորման հայտերը (այդ թվում` դրանց փոփոխությունները և լրացումները) պետք է ներկայացվեն մինչև որակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետի վերջին օրը` ժամը 18:00-ն: Վերջնաժամկետից ուշ ներկայացված որակավորման հայտերը ենթակա չեն գնահատման: Գնահատող հանձնաժողովը մերժում է այդպիսի որակավորման հայտերը և վերադարձնում դրանք ներկայացրած անձանց:

88. Որակավորման հայտերը գնահատող հանձնաժողովի կողմից բացվում են որակավորման հարցմամբ նշված օրը, ժամին և վայրում` որակավորման հայտերի բացման նիստում:

89. Որակավորման հայտերի բացման նիստում հրապարակվում են`

1) որակավորման հայտ ներկայացրած յուրաքանչյուր հայտատուի անվանումը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում կոնսորցիումի մասնակիցների անվանումները.

2) տեղեկություններ` որակավորման հայտեր պարունակող ծրարների կազմման և ներկայացման` որակավորման հարցման պահանջներին համապատասխանության վերաբերյալ.

3) տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում որակավորման հարցմամբ պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ.

4) տեղեկություններ` յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի` որակավորման հարցմամբ սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին.

5) տեղեկություններ` որակավորման հայտերի հետկանչման, փոփոխությունների կամ լրացումների մասին:

90. Որակավորման հայտերը բացվելուց հետո կազմվում է արձանագրություն: Քարտուղարն ապահովում է որակավորման հայտերի բացման նիստի ավարտի պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնական կայքում սույն կետով նախատեսված արձանագրության հրապարակումը: Սույն կետով նախատեսված արձանագրությունը պարունակում է`

1) տվյալներ` որակավորման հայտերի բացման վայրի, օրվա և ժամի մասին.

2) որակավորման հայտեր ներկայացրած հայտատուների անվանումները և գրանցման վայրը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում կոնսորցիումի մասնակիցների անվանումները և գրանցման վայրը.

3) տվյալներ` ծրարների կազմման և ներկայացման` որակավորման հարցման պահանջներին համապատասխանության մասին.

4) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում որակավորման հարցմամբ պահանջվող փաստաթղթերի առկայության մասին.

5) տվյալներ` յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի` որակավորման հարցմամբ սահմանված պայմաններին համապատասխան կազմված լինելու մասին.

6) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը կամ որակավորման հարցման փուլը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.

7) տեղեկատվություն` որակավորման հայտերի վերաբերյալ հարցումների և պատասխանների մասին.

8) գնահատող հանձնաժողովի հաջորդ նիստի վայրը, օրը և ժամը.

9) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները:

90.1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգով կարող է նախատեսվել որակավորման հայտերի (մեկ փուլով բաց ընթացակարգի դեպքում` հայտերի) ներկայացման էլեկտրոնային եղանակ` էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հարթակի կիրառմամբ, ինչի դեպքում կիրառելի չեն սույն ընթացակարգի 79-83-րդ կետերի, 86-րդ կետի, 89-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի և 90-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի դրույթները: Որակավորման հայտերի (մեկ փուլով բաց ընթացակարգի դեպքում` հայտերի) էլեկտրոնային եղանակով ներկայացման, լրացման, փոփոխման և հետ վերցնելու գործընթացի առանձնահատկությունները սահմանվում են մասնավոր գործընկերոջ ընթացակարգով և պետք է ապահովեն դրանց գաղտնիությունը մինչև որակավորման հայտերի (մեկ փուլով բաց ընթացակարգի դեպքում` հայտերի) բացման նիստի օրը և ժամը: Էլեկտրոնային եղանակի կիրառման դեպքում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգով սահմանվում է նաև սույն ընթացակարգի 77-րդ և 87-րդ կետերով նախատեսված դեպքերում մերժված, ինչպես նաև հետ վերցված որակավորման հայտերի` էլեկտրոնային փոստարկղից կամ հարթակից հեռացման (ջնջման) տեխնիկական ընթացակարգը: Ցանկացած դեպքում որակավորման հայտերի (մեկ փուլով բաց ընթացակարգի դեպքում` հայտերի) ներկայացման էլեկտրոնային եղանակ կիրառելիս մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը պետք է ապահովի սույն ընթացակարգի համաձայն ներկայացվող փաստաթղթերի` բնօրինակին համապատասխանության ստուգման մեխանիզմների առկայությունը:

(90.1-ին կետը լրաց. 07.12.2023 թիվ 2141-Ն որոշում)

91. Եթե գնահատող հանձնաժողովի անդամը կամ հայտատուն որակավորման հայտերի բացման վերաբերյալ ցանկանում է արտահայտել հայտերի բացման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` արձանագրության հրապարակման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հատուկ կարծիքը կցվում է որակավորման հայտերի բացման նիստի արձանագրությանը:

92. Հայտատուները և վերջիններիս ներկայացուցիչները կարող են ներկա լինել գնահատող հանձնաժողովի նիստերին: Հայտատուները կամ վերջիններիս ներկայացուցիչները կարող են պահանջել գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները, որոնք տրամադրվում են մեկ օրացուցային օրվա ընթացքում:

93. Գնահատող հանձնաժողովի անդամները և քարտուղարը ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը որակավորման հայտերի բացման նիստի ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրը հրապարակվում է պաշտոնական կայքում: Սույն կետի իմաստով շահերի բախում առկա է, եթե գնահատող հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի գործողությունները հանգեցնում կամ նպաստում են կամ ողջամտորեն կարող են հանգեցնել կամ նպաստել նաև իր, իր ընտանիքի անդամի (ամուսին, ծնող, զավակը, քույր կամ եղբայր) կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը:

94. Գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չի կարող մասնակցել գնահատող հանձնաժողովի աշխատանքներին և պարտավոր է որակավորման հայտերի բացման նիստին ներկայացնել ինքնաբացարկ, եթե վերջինիս հետ փոխկապակցված անձը տվյալ ընթացակարգին մասնակցելու համար ներկայացրել է որակավորման հայտ:

95. Սույն գլխով նախատեսված տեղեկատվության` պաշտոնական կայքում հրապարակման վերաբերյալ նորմերը չեն գործում մասնավոր գործընկերոջ ընտրության փակ ընթացակարգի դեպքում:

96. Գնահատող հանձնաժողովը որակավորման հայտերը գնահատում է որակավորման հարցմամբ սահմանված կարգով: Բավարար են գնահատվում որակավորման հարցմամբ նախատեսված չափանիշներին բավարարող որակավորման հայտերը: Հակառակ դեպքում որակավորման հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:

97. Եթե գնահատող հանձնաժողովի նիստի ընթացքում հայտատուի որակավորման հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ որակավորման հարցման պահանջների նկատմամբ, ապա հանձնաժողովն իրավասու է հինգից մինչև տասն աշխատանքային օրով կասեցնել նիստը, իսկ քարտուղարը նույն օրը դրա մասին ծանուցում է հայտատուին` առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Հայտատուին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:

(97-րդ կետը փոփ. 07.12.2023 թիվ 2141-Ն որոշում)

98. Եթե սույն ընթացակարգի 97-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուն շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա վերջինիս որակավորման հայտը գնահատվում է հիմք ընդունելով կատարված շտկումները:

99. Գնահատող հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է ներկայացված որակավորման հայտերը, դրանց գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկներում և իր ստորագրությամբ հաստատում դրանք:

100. Գնահատող հանձնաժողովը որակավորման հայտերը գնահատում և որակավորված հայտատուների ցանկը հաստատելու վերաբերյալ որոշումը կայացնում է որակավորման հայտերի բացման նիստի ավարտի օրվանից մեկ ամսվա ընթացքում:

101. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցող հայտատուի որակավորման հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում կոնսորցիումի բոլոր մասնակիցների միասնական որակավորումները: Որակավորված հայտատուների ցանկը հաստատելու վերաբերյալ որոշման կայացման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովը պաշտոնական կայքում հրապարակում է որակավորված հայտատուների ցանկը:

102. Օրենքի 14.8-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված աշխատանքային քննարկումներին հրավիրվում են նաև աշխատանքային խմբի անդամները: Աշխատանքային քննարկումների արձանագրությունը պետք է ստորագրվի գնահատող հանձնաժողովի` քննարկմանը ներկա բոլոր անդամների կողմից: Աշխատանքային քննարկումների արձանագրությունը պետք է այն կազմելուց երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվի հայտատուներին: Արձանագրությունն առնվազն պարունակում է`

1) տեղեկություն` աշխատանքային քննարկման վայրի, օրվա և ժամի մասին.

2) աշխատանքային քննարկմանը ներկայացած հայտատուների անվանումներ, յուրաքանչյուր հայտատուի ներկայացուցչի անունը, ազգանունը, հայտատուին ներկայացնելու իրավասությունը հաստատող փաստաթուղթը.

3) մանրամասն տեղեկատվություն` քննարկմանը բարձրացված յուրաքանչյուր հարցի և այդ առնչությամբ գնահատող հանձնաժողովի կողմից տրված պարզաբանման, ինչպես նաև գնահատող հանձնաժողովի նախաձեռնությամբ տրված պարզաբանումների մասին.

4) աշխատանքային քննարկմանը ներկա հանձնաժողովի անդամների և հրավիրված անձանց անունները, ազգանունները և կարգավիճակները:

103. Եթե գնահատող հանձնաժողովի անդամը կամ հայտատուն աշխատանքային քննարկումների վերաբերյալ ցանկանում է արտահայտել արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` արձանագրությանը ծանոթանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հատուկ կարծիքը կցվում է աշխատանքային քննարկումների արձանագրությանը:

 

XIV. ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՐՑՄԱՆ ՓՈՒԼԻ ՀԱՅՏԵՐԸ

 

104. Հայտատուն պարտավոր է հայտով գնահատող հանձնաժողովին ներկայացնել առաջարկի հարցմամբ պահանջվող բոլոր տեղեկությունները:

105. Գնահատող հանձնաժողովը գնահատում է միայն օրենքին, սույն ընթացակարգին և առաջարկի հարցմանը համապատասխանող ձևով ներկայացված հայտերը: Օրենքին, սույն ընթացակարգին կամ առաջարկի հարցմանը չհամապատասխանող հայտերը գնահատող հանձնաժողովի կողմից ենթակա են հայտերի բացման նիստում մերժման և նույնությամբ վերադարձման դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ սույն ընթացակարգի 129-րդ կետով նախատեսված դեպքի:

106. Հայտատուն պարտավոր է հայտով ներկայացնել տեխնիկական առաջարկ և ֆինանսական առաջարկ: Ներկայացվող առաջարկներից յուրաքանչյուրը տեղադրվում է առանձին փակ ծրարում, որոնք իրենց հերթին հայտատուի կողմից ներկայացվում են մեկ փակ ծրարի մեջ տեղադրված: Յուրաքանչյուր առաջարկ ներկայացվում է չորս օրինակից, որոնցից`

1) մեկ թղթային օրինակը հստակ ընթեռնելի «ԲՆՕՐԻՆԱԿ» նշմամբ պետք է ներառի առաջարկի հարցմամբ պահանջվող բոլոր փաստաթղթերի բնօրինակները (առաջարկի հարցմամբ նախատեսված լինելու դեպքում` պատճենները).

2) ամբողջական հայտի մեկ թղթային պատճենը հստակ ընթեռնելի «ՊԱՏՃԵՆ» նշմամբ.

3) երկու էլեկտրոնային օրինակ` ներկայացված առաջարկի հարցմամբ սահմանված էլեկտրոնային կրիչներով:

107. Սույն ընթացակարգի 106-րդ կետով նշված յուրաքանչյուր ծրարը և առաջարկի հարցմամբ նախատեսված` հայտատուի կազմած փաստաթղթերն ստորագրում է վերջինիս ներկայացուցիչը:

108. Սույն ընթացակարգի 106-րդ կետերում նշված ծրարների վրա հայտը կազմելու լեզվով նշվում են`

1) իրավասու մարմնի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).

2) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ծածկագիրը.

3) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.

4) հայտատուի տվյալները` անվանումը, գրանցման վայրը, կապի միջոցները.

5) կիրառելիության դեպքում ծրարով ներկայացվող առաջարկը («Տեխնիկական առաջարկ» կամ «Ֆինանսական առաջարկ»):

109. Ներկայացված հայտերի օրինակների միջև անհամապատասխանությունների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է բնօրինակով ներկայացված տարբերակին:

110. Հայտերը և դրանց փոփոխությունները քարտուղարը գրանցում է գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Հայտատուի պահանջով այդ մասին նույն պահին տրվում է տեղեկանք:

111. Հայտը վավեր է մինչև օրենքին և սույն ընթացակարգին համապատասխան ՊՄԳ պայմանագրի կնքումը, հայտատուի կողմից հայտը հետ վերցնելը, հայտի մերժումը կամ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելը:

112. Հայտատուն մինչև հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը կարող է փոփոխել, լրացնել կամ հետ վերցնել իր հայտը:

113. Հայտի փոփոխման կամ լրացման մասին ծանուցումն ուղարկվում է սույն ընթացակարգի 106-108-րդ կետերով նախատեսված կարգով` դրա վրա համապատասխանաբար ավելացնելով «ՓՈՓՈԽՈՒՄ» կամ «ԼՐԱՑՈՒՄ» բառը, ինչպես նաև առաջարկը, որում կատարվում է փոփոխություն կամ լրացում: Հայտը հետ վերցնելու դեպքում հայտատուն մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը ներկայացնում է այդ մասին գրավոր ծանուցում: Հայտը հետ վերցնելու մասին ծանուցման առկայության դեպքում տվյալ հայտը ենթակա չէ բացման, այն նույնությամբ վերադարձվում է հայտը ներկայացրած անձին:

114. Հայտերը (այդ թվում` դրանց փոփոխությունները) պետք է ներկայացվեն մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի վերջին օրը` ժամը 18:00-ն: Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը ենթակա չեն գնահատման: Գնահատող հանձնաժողովը մերժում է այդպիսի հայտերը և վերադարձնում դրանք ներկայացրած անձանց:

115. Տեխնիկական առաջարկը պետք է առնվազն ուղեկցվի`

1) առաջարկի հարցմամբ նախատեսված ձևաչափով լրացված և հայտատուի ներկայացուցչի կողմից ստորագրված հայտի ներկայացման նամակով.

2) ցանկացած լրացուցիչ տեղեկատվությամբ, որը հայտատուն համարում է անհրաժեշտ, որպեսզի գնահատող հանձնաժողովը գնահատի տեխնիկական առաջարկը` հիմք ընդունելով առաջարկի հարցմամբ նախատեսված չափանիշները.

3) հայտի ապահովմամբ` ներկայացված առաջարկի հարցմամբ նախատեսված կարգով և չափով.

4) առաջարկի հարցմամբ նախատեսված այլ փաստաթղթերով:

116. Գնահատող հանձնաժողովի կողմից առաջարկի հարցմամբ նշված տեխնիկական առաջարկների բացման օրը, ժամին և վայրում` առաջին հերթին բացվում են տեխնիկական առաջարկները: Տեխնիկական առաջարկների բացման նիստում հրապարակվում են`

1) բացվող տեխնիկական առաջարկը ներկայացրած յուրաքանչյուր հայտատուի անվանումը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում կոնսորցիումի բոլոր մասնակիցների անվանումները.

2) տեղեկություններ` տեխնիկական առաջարկներ պարունակող ծրարների կազմման և ներկայացման` առաջարկի հարցման պահանջներին համապատասխանության վերաբերյալ.

3) տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում առաջարկի հարցմամբ պահանջվող տեխնիկական առաջարկների նկատմամբ կիրառելի փաստաթղթերի առկայության վերաբերյալ.

4) տեղեկություններ` յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի` առաջարկի հարցմամբ տեխնիկական առաջարկների համար սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին.

5) տեղեկություններ` հայտերի հետկանչման կամ տեխնիկական առաջարկների փոփոխությունների կամ լրացումների մասին:

117. Տեխնիկական առաջարկները բացվելուց հետո կազմվում է արձանագրություն: Քարտուղարն ապահովում է տեխնիկական առաջարկների բացման նիստի ավարտի պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնական կայքում սույն կետով նախատեսված արձանագրության հրապարակումը: Սույն կետով նախատեսված արձանագրությունը պարունակում է`

1) տվյալներ` տեխնիկական առաջարկների բացման վայրի, օրվա և ժամի մասին.

2) հայտեր ներկայացրած հայտատուների անվանումները և գրանցման վայրը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում կոնսորցիումի բոլոր մասնակիցների անվանումները և գրանցման վայրը.

3) տվյալներ` տեխնիկական առաջարկներ պարունակող ծրարների կազմման և ներկայացման` առաջարկի հարցման պահանջներին համապատասխանության մասին.

4) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում առաջարկի հարցմամբ տեխնիկական առաջարկում ներառման ենթակա փաստաթղթերի առկայության մասին.

5) տվյալներ` յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած տեխնիկական առաջարկի` առաջարկի հարցմամբ սահմանված պայմաններին համապատասխան կազմված լինելու մասին.

6) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.

7) տվյալներ` տեխնիկական առաջարկների վերաբերյալ հարցումների և պատասխանների մասին.

8) գնահատող հանձնաժողովի հաջորդ նիստի վայրը, օրը և ժամը.

9) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները:

118. Եթե գնահատող հանձնաժողովի անդամը կամ հայտատուն տեխնիկական առաջարկների բացման վերաբերյալ ցանկանում է արտահայտել տեխնիկական առաջարկների բացման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` արձանագրության հրապարակման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հատուկ կարծիքը կցվում է տեխնիկական առաջարկների բացման նիստի արձանագրությանը:

119. Գնահատող հանձնաժողովը տեխնիկական առաջարկները գնահատում է առաջարկի հարցմամբ սահմանված կարգով:

120. Արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում գնահատող հանձնաժողովը տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում ընդունում է որոշում առաջարկի հարցմամբ նախատեսված շեմը հաղթահարած հայտերը հաստատելու մասին: Գնահատող հանձնաժողովը մերժում է սույն կետով նախատեսված շեմը չհաղթահարած հայտերը և վերադարձնում դրանք ներկայացրած անձանց առանց ֆինանսական առաջարկը բացելու:

121. Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում գնահատող հանձնաժողովը տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում ընդունում է որոշում առաջարկի հարցմամբ նախատեսված շեմը հաղթահարած հայտերը հաստատելու և այդպիսի տեխնիկական առաջարկներից յուրաքանչյուրին` առաջարկի հարցմամբ նախատեսված կարգով տրված գնահատականի վերաբերյալ: Հայտատուի տեխնիկական առաջարկին տրվող վերջնական գնահատականը որոշվում է հանձնաժողովի անդամների կողմից առաջարկի հարցմամբ նախատեսված կարգով տեխնիկական առաջարկին տրված գնահատականների միջին թվաբանականի հիման վրա: Գնահատող հանձնաժողովը մերժում է սույն կետով նախատեսված շեմը չհաղթահարած հայտերը և վերադարձնում դրանք ներկայացրած անձանց:

122. Տեխնիկական առաջարկների գնահատումից հետո առաջարկի հարցմամբ նշված ֆինանսական առաջարկների բացման օրը, ժամին և վայրում գնահատող հանձնաժողովի կողմից բացվում են ֆինանսական առաջարկները: Ֆինանսական առաջարկների բացման նիստում հրապարակվում են`

1) հայտը ներկայացրած յուրաքանչյուր հայտատուի անվանումը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում կոնսորցիումի բոլոր մասնակիցների անվանումները.

2) տեղեկություններ` ֆինանսական առաջարկներ պարունակող ծրարների կազմման և ներկայացման` առաջարկի հարցման պահանջներին համապատասխանության վերաբերյալ.

3) տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում առաջարկի հարցմամբ պահանջվող ֆինանսական առաջարկների նկատմամբ կիրառելի փաստաթղթերի առկայության վերաբերյալ.

4) տեղեկություններ` յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի` առաջարկի հարցմամբ ֆինանսական առաջարկների համար սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին.

5) տեղեկություններ` հայտերի հետկանչման կամ ֆինանսական առաջարկների փոփոխությունների և լրացումների մասին:

123. Ֆինանսական առաջարկները բացվելուց հետո կազմվում է արձանագրություն: Քարտուղարն ապահովում է ֆինանսական առաջարկների բացման նիստի ավարտի պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնական կայքում սույն կետով նախատեսված արձանագրության հրապարակումը: Սույն կետով նախատեսված արձանագրությունը պարունակում է`

1) տվյալներ` ֆինանսական առաջարկների բացման վայրի, օրվա և ժամի մասին.

2) հայտեր ներկայացրած հայտատուների անվանումները և գրանցման վայրը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում կոնսորցիումի բոլոր մասնակիցների անվանումները և գրանցման վայրը.

3) տվյալներ` ֆինանսական առաջարկներ պարունակող ծրարների կազմման և ներկայացման` առաջարկի հարցման պահանջներին համապատասխանության մասին.

4) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում առաջարկի հարցմամբ ֆինանսական առաջարկում ներառման ենթակա փաստաթղթերի առկայության մասին.

5) տվյալներ` յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած ֆինանսական առաջարկի` առաջարկի հարցմամբ սահմանված պայմաններին համապատասխան կազմված լինելու մասին.

6) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.

7) տվյալներ` ֆինանսական առաջարկների վերաբերյալ հարցումների և պատասխանների մասին.

8) գնահատող հանձնաժողովի հաջորդ նիստի վայրը, օրը և ժամը.

9) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները:

123.1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգով կարող է նախատեսվել հայտերի ներկայացման էլեկտրոնային եղանակ` էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հարթակի կիրառմամբ, ինչի դեպքում կիրառելի չեն սույն ընթացակարգի 106-110-րդ կետերի, 113-րդ կետի, 116-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի և 117-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի, 122-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի և 123-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի դրույթները: Հայտերի` էլեկտրոնային եղանակով ներկայացման, լրացման, փոփոխման և հետ վերցնելու տեխնիկական առանձնահատկությունները սահմանվում են մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգով և պետք է ապահովեն դրանց գաղտնիությունը մինչև հայտերի բացման օրը և ժամը: Հայտերի ներկայացման էլեկտրոնային եղանակի կիրառման դեպքում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգով սահմանվում է նաև սույն ընթացակարգի 105-րդ, 114-րդ, 120-րդ, 121-րդ, 145-րդ և 146-րդ կետերով նախատեսված դեպքերում մերժված, ինչպես նաև հետ վերցված հայտերի` էլեկտրոնային փոստարկղից կամ հարթակից հեռացման (ջնջման) տեխնիկական ընթացակարգը: Ցանկացած դեպքում հայտերի ներկայացման էլեկտրոնային եղանակ կիրառելիս մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը պետք է ապահովի սույն ընթացակարգի համաձայն ներկայացվող փաստաթղթերի` բնօրինակին համապատասխանության ստուգման մեխանիզմների առկայությունը:

(123.1-ին կետը լրաց. 07.12.2023 թիվ 2141-Ն որոշում)

124. Եթե գնահատող հանձնաժողովի անդամը կամ հայտատուն ֆինանսական առաջարկների բացման վերաբերյալ ցանկանում է արտահայտել ֆինանսական առաջարկների բացման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` արձանագրության հրապարակման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հատուկ կարծիքը կցվում է ֆինանսական առաջարկների բացման նիստի արձանագրությանը:

125. Գնահատող հանձնաժողովը ֆինանսական առաջարկները գնահատում է առաջարկի հարցմամբ սահմանված կարգով:

126. Արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում գնահատող հանձնաժողովը ֆինանսական առաջարկների բացման նիստում բացում և գնահատում է միայն տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում առաջարկի հարցմամբ նախատեսված շեմը հաղթահարած հայտերով ներկայացված ֆինանսական առաջարկները: Գնահատման արդյունքում հիմք ընդունելով ներկայացված լավագույն ֆինանսական առաջարկը` գնահատող հանձնաժողովն ընդունում է որոշում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում հաղթող հայտատու հայտարարելու վերաբերյալ:

127. Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում գնահատող հանձնաժողովը ֆինանսական առաջարկների բացման նիստում բացում և գնահատում է միայն տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում առաջարկի հարցմամբ նախատեսված շեմը հաղթահարած հայտերով ներկայացված ֆինանսական առաջարկները: Գնահատող հանձնաժողովը ընդունում է որոշում ֆինանսական առաջարկներից յուրաքանչյուրին` առաջարկի հարցմամբ նախատեսված կարգով տրված գնահատականի վերաբերյալ: Ընդ որում, ներկայացված լավագույն ֆինանսական առաջարկն ստանում է առավելագույն գնահատականը, իսկ մյուս ֆինանսական առաջարկները գնահատվում են առաջարկի հարցմամբ նախատեսված կարգով` ըստ հերթականության: Հիմք ընդունելով առաջարկի հարցմամբ նախատեսված կշիռներին համապատասխան հաշվված տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատականները` գնահատող հանձնաժողովն ընդունում է որոշում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում առավելագույն գնահատական ստացած հայտը ներկայացրած հայտատուին հաղթող հայտատու հայտարարելու վերաբերյալ:

128. Այն դեպքում, եթե մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում երկու կամ ավել տարբեր հայտերով ներկայացվել է նույն լավագույն ֆինանսական առաջարկը (արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում) կամ երկու կամ ավել հայտեր ստացել են նույն առավելագույն գնահատականը (որակի և արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում), ապա գնահատող հանձնաժողովը համապատասխան հայտերը ներկայացրած հայտատուներին ծանուցում է այդ մասին, և տվյալ հայտատուներից յուրաքանչյուրին հնարավորություն է տրվում 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու նոր ֆինանսական առաջարկ: Գնահատման արդյունքում հիմք ընդունելով ներկայացված լավագույն ֆինանսական առաջարկը (արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում) կամ առաջարկի հարցմամբ նախատեսված կշիռներին համապատասխան հաշվված տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատականները (որակի և արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում)` գնահատող հանձնաժողովն ընդունում է որոշում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում հաղթող հայտատու հայտարարելու վերաբերյալ:

129. Եթե գնահատող հանձնաժողովի նիստի ընթացքում հայտատուի հայտում արձանագրվում են տեխնիկական բնույթի անհամապատասխանություններ` առաջարկի հարցման պահանջների նկատմամբ` բացառությամբ ֆինանսական առաջարկում առկա անհամապատասխանությունների, ապա հանձնաժողովն իրավասու է մինչև տասը աշխատանքային օրով կասեցնել նիստը, իսկ քարտուղարը նույն օրը դրա մասին ծանուցում է հայտատուին` առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Հայտատուին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:

(129-րդ կետը փոփ. 07.12.2023 թիվ 2141-Ն որոշում)

130. Եթե սույն ընթացակարգի 129-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուն շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա վերջինիս հայտը գնահատվում է հիմք ընդունելով կատարված շտկումները:

131. Գնահատող հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է ներկայացված հայտերը, դրանց գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկներում և իր ստորագրությամբ հաստատում դրանք:

132. Գնահատող հանձնաժողովը հայտերը գնահատում և հաղթող հայտատու հայտարարելու վերաբերյալ որոշումը կայացնում է տեխնիկական առաջարկների բացման նիստի ավարտի օրվանից մեկ ամսվա ընթացքում:

133. Հայտատուները և վերջիններիս ներկայացուցիչները կարող են ներկա լինել գնահատող հանձնաժողովի նիստերին: Հայտատուները կամ վերջիններիս ներկայացուցիչները կարող են պահանջել գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները, որոնք տրամադրվում են մեկ օրացուցային օրվա ընթացքում:

134. Սույն գլխով նախատեսված պաշտոնական կայքում տեղեկատվության հրապարակման վերաբերյալ նորմերը չեն գործում մասնավոր գործընկերոջ ընտրության փակ ընթացակարգի դեպքում:

135. Հայտերի գնահատման և հաղթող հայտատուի հայտարարման վերաբերյալ որոշման կայացման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովը պաշտոնական կայքում հրապարակում է հաղթող հայտատուի անվանումը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում կոնսորցիումի բոլոր մասնակիցների անվանումները, ինչպես նաև յուրաքանչյուր հայտի տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատման ամփոփ արդյունքները (գնահատականները), եթե կատարվել է որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն, կամ հայտերի գնահատման արդյունքում ստացված` հայտատուների հերթականությունը, եթե կատարվել է արժեքի վրա հիմնված ընտրություն:

 

XV. ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

136. Օրենքով նախատեսված հիմքերով գնահատող հանձնաժողովը որոշում է կայացնում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին:

137. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովը պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն, որում նշվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելու հիմնավորումը: Փակ ընթացակարգի դեպքում սույն կետով նախատեսված հայտարարությունը չի հրապարակվում:

138. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարությունը պաշտոնական կայքում հրապարակվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն:

 

XVI. ՊՄԳ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ

 

139. ՊՄԳ պայմանագրի առևտրային և ֆինանսական կայացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության իրավունքների և պարտավորությունների պատշաճ իրականացման պատասխանատվությունը կրում է հանրային գործընկերը, եթե այլ բան նախատեսված չէ ՊՄԳ պայմանագրով: Այդ նպատակով ՊՄԳ ստորաբաժանումը հանրային գործընկերոջը կամ պայմանագրով նախատեսված այլ մարմնին (այսուհետ` հանրային գործընկեր) ցուցաբերում է տեխնիկական, մեթոդաբանական և այլ տեսակի աջակցություն:

140. Հաղթող հայտատուի հայտարարման վերաբերյալ որոշման կայացումից հետո իրավասու մարմինը (հանրային գործընկերը) և կառավարող խումբն իրենց իրավասությունների սահմաններում ապահովում են (հաղթող հայտատուի (մասնավոր գործընկերոջ) պարտավորությունների առնչությամբ մշտադիտարկում են).

1) պայմանագրի առևտրային կայացումը (commercial close), որը ներառում է ՊՄԳ պայմանագրով սահմանված` ՊՄԳ պայմանագրի կողմերի իրավունքների և պարտավորությունների ամբողջական ծավալով ծագման համար անհրաժեշտ նախապայմանների իրականացումը.

2) պայմանագրի ֆինանսական կայացումը:

 

XVII. ՀԱՅՏԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

141. Հայտի ներկայացման դեպքում հայտատուն տեխնիկական առաջարկում պետք է առաջարկի հարցմամբ սահմանված չափով և կարգով ներկայացնի հայտի ապահովում:

142. Հայտի ապահովման չափը չի կարող պակաս լինել ՊՄԳ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կապիտալ ծախսերի գնահատված արժեքի 2 (երկու) տոկոսից:

143. Հայտի ապահովումը պետք է վավեր լինի առաջարկի հարցմամբ նախատեսված ժամանակահատվածում, որը չի կարող պակաս լինել հայտի` սույն ընթացակարգով նախատեսված վավերության ժամկետից հաշվված 60 (վաթսուն) օրացուցային օրից:

144. Հայտի ապահովման վճարման կարգը սահմանվում է առաջարկի հարցմամբ:

145. Օրենքին, սույն ընթացակարգին և առաջարկի հարցմամբ նախատեսված` հայտի ապահովման նկատմամբ կիրառելի պահանջներին չհամապատասխանող հայտի ապահովումը և համապատասխան հայտը տեխնիկական առաջարկների բացման նիստում ենթակա են գնահատող հանձնաժողովի կողմից մերժման, իսկ հայտը` այն ներկայացնող անձին վերադարձման:

146. Առանց հայտի ապահովման ներկայացված ցանկացած հայտ ենթակա է գնահատող հանձնաժողովի կողմից մերժման և վերադարձման այն ներկայացրած անձին:

147. Հաղթող հայտատուի հայտի ապահովումը վավեր է մինչև ՊՄԳ պայմանագրով նախատեսված պայմանագրի ապահովման ներկայացումը:

148. Պայմանագրի ապահովման նկատմամբ կիրառելի պահանջները, դրա ներկայացման կարգը, մերժման հիմքերը և կարգը, ինչպես նաև վճարման կարգը սահմանվում են ՊՄԳ պայմանագրով:

149. Որակավորման հարցմամբ նախատեսված լինելու դեպքում հայտատուներից կարող են պահանջվել որակավորման հայտի ապահովում: Որակավորման հայտի ապահովման ներկայացման կարգը և որակավորման հայտի ապահովման վճարման հիմքերը սահմանվում են որակավորման հարցմամբ:

 

XVIII. ՄԱՍՆԱՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՊՄԳ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿԸ

 

150. Իրավասու մարմինն իրավասու է օրենքով և սույն գլխով նախատեսված կարգով ընդունելու և գնահատելու մասնավոր նախաձեռնողի կողմից ներկայացված հնարավոր ՊՄԳ ծրագրի (մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագիր) իրականացման առաջարկը:

151. Անկախ ՊՄԳ ծրագրի վերհանման եղանակից` այն պետք է ենթարկված լինի, իսկ մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի դեպքում` պետք է ենթարկվի, նախնական գնահատման և ընտրության` որպես իրականացման ենթակա ծրագրի նախագիծ, Կառավարության կողմից հաստատված հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգին համապատասխան: Հանրային ներդրումների կառավարման քաղաքականության հետ չհամաձայնեցված ծրագրերի հայեցակարգերը և նախագծերը ենթակա չեն որպես ՊՄԳ ծրագրի նախագիծ հետագա մշակման: Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագիր իրականացնելու այն առաջարկները, որոնց իրականացման առնչությամբ դրանք ներկայացնելու պահին Կառավարության կողմից հաստատված հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգին համապատասխան արդեն իսկ ընդունված է եղել որոշում, ենթակա չեն գնահատման:

152. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկը ենթակա է իրավասու մարմնի կողմից գնահատման այն դեպքում, երբ`

1) մասնավոր նախաձեռնողն ունի առաջարկի առարկա հանդիսացող ոլորտում ձեռնարկատիրական գործունեության փորձ: Ընդ որում, մասնավոր նախաձեռնողը համարվում է առաջարկի առարկա հանդիսացող ոլորտում ձեռնարկատիրական գործունեության փորձ ունեցող, եթե`

ա. վերջինս նույն ոլորտում իրականացրել է առնվազն երկու ծրագիր, որոնցից յուրաքանչյուրի կապիտալ ծախսերի ընդհանուր արժեքը գերազանցել է առաջարկվող հնարավոր ՊՄԳ ծրագրի կապիտալ ծախսերի գնահատված արժեքի 70 տոկոսը, և որոնց առարկա հանրային ենթակառուցվածքները շահագործման են հանձնվել առաջարկի ներկայացման պահից առնվազն յոթ տարի առաջ, և եթե մասնավոր նախաձեռնողի հետ կնքված համապատասխան պայմանագրերը վաղաժամկետ չեն լուծվել, և

բ. մասնավոր նախաձեռնողի ընդհանուր շուկայական արժեքը կազմում է առաջարկվող հնարավոր ՊՄԳ ծրագրի կապիտալ ծախսերի գնահատված արժեքի առնվազն 150 (հարյուր հիսուն) տոկոսը: Մասնավոր նախաձեռնողի ընդհանուր շուկայական արժեքի հաշվարկման համար հիմք են ծառայում վերջին երեք տարիների համար ներկայացված մասնավոր նախաձեռնողի` անկախ աուդիտորական եզրակացությամբ ուղեկցվող ֆինանսական հաշվետվությունները կամ մասնավոր նախաձեռնողի շուկայական կապիտալիզացիան, եթե վերջինիս բաժնետոմսերը ցուցակված են ֆոնդային բորսայում.

2) առաջարկը ներառում է մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ տեղեկություններ և ուղեկցվում է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ: Ընդ որում, նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության նկատմամբ կիրառելի են համապատասխանաբար սույն ընթացակարգի V և VI գլխի պահանջները, իսկ ծրագրի` նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ ներկայացված արդյունքներին հնարավոր է հասնել բացառապես մասնավոր նախաձեռնողի` արտոնագրից բխող մտավոր սեփականության օգտագործմամբ.

3) առաջարկվող մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի` սույն ընթացակարգի 4-րդ կետով նախատեսված դրույքը, տվյալ դեպքում կիրառվելով որպես ֆինանսական շահութաբերության նվազագույն ներքին դրույք, ապահովվում է առանց պետական և (կամ) համայնքային բյուջեների վրա ուղղակի ազդեցության, ինչպես նաև առանց պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող գույքի` շուկայականից ցածր արժեքով (իսկ անշարժ գույքի դեպքում` կադաստրային արժեքից ցածր արժեքով) օտարման կամ անհատույց տրամադրման.

4) մասնավոր նախաձեռնողն ստանձնել է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու հրապարակային և անհետկանչելի պարտավորություն:

153. Մասնավոր գործընկերոջ` սույն ընթացակարգի 152-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ընտրության ընթացակարգին մասնակցելու պարտավորությունը մասնավոր գործընկերը պետք է ստանձնի իր կողմից ստորագրված հայտարարությունը և դրա ապահովման միջոցը, այն ստորագրած անձի` մասնավոր նախաձեռնողի անունից գործելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը (իրավաբանական անձի տնօրենների խորհրդի որոշում, կառավարման մարմինների այլ համարժեք որոշում կամ համապատասխան լիազորագիր), ինչպես նաև ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը իրավասու մարմնին ներկայացնելու ձևով: Սույն կետով նախատեսված պարտավորության ապահովման միջոցը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ բանկային երաշխիքի ձևով, որով հստակ նշվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին չմասնակցելու դեպքում իր կողմից ներկայացված հնարավոր ՊՄԳ ծրագրի` իր ներկայացրած փաստաթղթերով գնահատված արժեքի մեկ տոկոսի չափով տուժանք իրավասու մարմնին վճարելու մասնավոր նախաձեռնողի պարտականությունը:

Սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերի օտարալեզու բնօրինակները և դրանց պատճենները ներկայացվում են նոտարական կարգով հայերեն թարգմանված և ապոստիլով վավերացված («Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիան վավերացրած երկրներից ուղարկված փաստաթղթերի դեպքում, իսկ եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը կատարվում է հյուպատոսական ճանապարհով):

154. Մինչև գնահատման իրականացումը մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատման համար իրավասու մարմնի կողմից մասնավոր նախաձեռնողից գանձվում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով վճար` գնահատման առնչությամբ ծախսերի հատուցման նպատակով:

155. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկը գնահատելիս իրավասու մարմինը պետք է գնահատի`

1) նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ ներկայացված մուտքային տվյալների համապատասխանությունը Կառավարությանը հասանելի տվյալներին.

2) ծրագրի` օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխանությունը.

3) առանց պետական աջակցության ծրագրի` ֆինանսական կենսունակությունը ապահովելու կարողությունը.

4) ծրագրի իրագործմանը խոչընդոտող իրավական, ֆինանսական, բնապահպանական, սոցիալական կամ տեխնիկական էական գործոնների կամ հիմնարար գործոնների առկայությունը: Սույն կետի իմաստով հիմնարար գործոններ են մարդու իրավունքների կամ հիմնարար ազատությունների խախտումների հանգեցնող կամ այդպիսի խախտումների առաջացման վտանգ ներկայացնող հանգամանքները:

156. Սույն ընթացակարգի 155-րդ կետով նախատեսված ստուգումներն իրականացնելիս իրավասու մարմինը պետք է դիմի ՊՄԳ ստորաբաժանմանը, ինչպես նաև կարող է դիմել լիազոր մարմնին, եթե իրավասու մարմինը չունի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ ներկայացված որևէ տվյալի ստուգման կարողություն:

157. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատման արդյունքում ՊՄԳ ծրագրի պատրաստման մասին որոշման կայացման դեպքում կիրառվում են սույն ընթացակարգի VI--VII գլուխներով նախատեսված կարգավորումները:

158. ՊՄԳ ծրագրի պատրաստման և մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ընթացքում մասնավոր նախաձեռնողը պարտավոր է իրավասու մարմնի պահանջով ըստ անհրաժեշտության ՊՄԳ ծրագրի նախագծի հետ կապված պարզաբանումներ տրամադրել իրավասու մարմնին: ՊՄԳ ծրագրի պատրաստման և մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ընթացքում արգելվում են այլ հայտատուների, հնարավոր հայտատուների կամ պետական մասնակցությամբ ընկերությունների և մասնավոր նախաձեռնողի միջև սույն ընթացակարգով չնախատեսված շփումները, ինչպես նաև այլ եղանակով մասնավոր նախաձեռնողի կողմից ՊՄԳ ծրագրի նախագծի առնչությամբ պարզաբանումների տրամադրումը: Սույն կետի խախտման դեպքում գնահատող հանձնաժողովի որոշմամբ մասնավոր նախաձեռնողը զրկվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքից:

159. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշմամբ օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետով նախատեսված առավելության տրամադրման դեպքում առաջարկի հարցմամբ նշվում է մասնավոր նախաձեռնող չհանդիսացող հաղթող հայտատուի կողմից ծրագրի պատրաստման առնչությամբ մասնավոր նախաձեռնողի կատարած ծախսերի փոխհատուցման չափի և կարգի մասին: Սույն կետով նախատեսված փոխհատուցման չափը որոշվում է` հիմք ընդունելով իրավասու մարմնի նախաձեռնությամբ իրականացված անկախ գնահատման արդյունքները և չի կարող գերազանցել ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշմամբ ՊՄԳ ծրագրի կապիտալ ծախսերի գնահատված արժեքի մեկ տոկոսը, եթե մասնավոր նախաձեռնողը ներկայացրել է տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, և զրո ամբողջ մեկ տասնորդական տոկոսը, եթե մասնավոր նախաձեռնողը ներկայացրել է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում: Հաղթող հայտատուն վճարում է փոխհատուցումը իրավասու մարմնին, որն ապահովում է փոխհատուցման փոխանցումը մասնավոր նախաձեռնողին:

160. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշմամբ օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առավելության տրամադրման դեպքում`

1) ՊՄԳ ծրագրի ծավալը, ինչպես նաև հանրային ծառայության և հանրային ենթակառուցվածքի ընդհանուր ծավալը որոշվում է` հիմք ընդունելով համապատասխան ոլորտում մատուցվող հանրային ծառայության նկատմամբ կիրառելի հիմնական չափման միավորը.

2) մասնավոր նախաձեռնողը համարվում է տվյալ ոլորտում բարձր վարկանիշ ունեցող, եթե`

ա. առաջարկը ներկայացնելու օրվա դրությամբ մասնավոր նախաձեռնողն ունի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Fitch, Moodys, Standard & PoorԺs) կողմից շնորհված վարկունակության վարկանիշ առնվազն Հայաստանի Հանրապետությանը շնորհված սուվերեն վարկանիշի չափով,

բ. հանդիսանում է միջազգային ֆինանսական կազմակերպություն, կամ

գ. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կամ Եվրասիական տնտեսական միության անդամ առնվազն երկու պետություններում նույն ոլորտում իրականացրել կամ իրականացնում է ՊՄԳ ծրագրեր:

161. Եթե ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշմամբ նախատեսվել է օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առավելությունը, և ֆինանսական առաջարկների գնահատման արդյունքում գնահատող հանձնաժողովը պարզում է, որ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում լավագույն ֆինանսական առաջարկը ներկայացվել է այլ հայտատուի կողմից, ապա գնահատող հանձնաժողովը մասնավոր նախաձեռնողին ծանուցում է ստացված լավագույն ֆինանսական առաջարկի պայմանների մասին: Սույն կետով նախատեսված դեպքում մասնավոր նախաձեռնողի և լավագույն ֆինանսական առաջարկը ներկայացրած հայտատուի կողմից նոր ֆինանսական առաջարկները ներկայացվում են և հաղթող հայտատուն որոշվում է սույն ընթացակարգի 128-րդ կետով նախատեսված կարգով:

162. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրեր կարող են իրականացվել հետևյալ ոլորտներում.

1) առողջապահություն.

2) ջրային տնտեսություն.

3) կոշտ թափոնների հավաքում, մշակում և հեռացում:

 

XIX. ՈՒՂԻՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

163. ՈՒղիղ բանակցությունների դեպքում իրավասու մարմինը`

1) պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն` ուղիղ բանակցություններ մեկնարկելու իր մտադրության մասին (բացառությամբ փակ ընթացակարգի կիրառման դեպքի).

2) բանակցություններ է իրականացնում իրավասու մարմնի գնահատմամբ տվյալ ՊՄԳ ծրագրի իրականացման կարողություններ ունեցող հնարավորինս մեծ թվով անձանց հետ` այնքանով, որքանով դա ողջամտորեն թույլ են տալիս ստեղծված հանգամանքները.

3) սահմանում է գնահատման չափանիշներ, որոնց միջոցով համադրվելու են ստացված առաջարկները:

 

XX. ՊՄԳ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

164. ՊՄԳ ծրագրի պետական աջակցության (այդ թվում` դրա չափի) այլընտրանքային տարբերակների վերաբերյալ առաջարկությունը պետք է հիմնավորվի ՊՄԳ ծրագրի ֆինանսական կենսունակության ապահովման անհրաժեշտությամբ և ֆիսկալ կայունության վրա ազդեցության տեսանկյունից համաձայնեցվի լիազոր մարմնի հետ: Այն դեպքում, երբ սույն կետով նախատեսված առաջարկությունը ներառում է պետությանը կամ համայնքին պատկանող ակտիվների հատկացում, ապա տվյալ տեսակի աջակցության կիրառելիության հիմնավորումը պետք է պարունակի ակտիվի այլընտրանքային օգտագործման հնարավորությունների վերաբերյալ վերլուծություն:

165. Եթե ՊՄԳ պայմանագրով հանրային գործընկերոջ ստանձնած պարտավորությունն իր բնույթով անորոշ չէ և պայմանավորված չէ որոշակի պայմանների կամ դեպքերի տեղի ունենալով, ապա արգելվում է ՊՄԳ պայմանագրով համապատասխան պարտավորությունը նախատեսել որպես պայմանական պարտավորության ձևով պետական աջակցություն (այդ թվում` երաշխիք):

166. ՊՄԳ ծրագրերում պետական աջակցության տեսակներից դրամաշնորհները և (կամ) սուբսիդիաները և (կամ) ՊՄԳ ծրագրի հետ կապված որոշակի տեսակի ծախսերի փոխհատուցումը կիրառելի են այն ՊՄԳ ծրագրերի համար, որոնք ունեն բարձր տնտեսական շահութաբերություն, սակայն ապահովված չէ ծրագրի ֆինանսական կենսունակությունը: Այդ դեպքում պետական կամ համայնքային բյուջեի վրա ուղղակի ազդեցություն ունեցող պետական ֆինանսական աջակցությունը չպետք է գերազանցի ՊՄԳ ծրագրի զուտ տնտեսական օգուտների հանրագումարը, ինչպես նաև ծրագրի ֆինանսական կենսունակությունն ապահովելու համար անհրաժեշտ աջակցության չափը:

167. ՊՄԳ ծրագրերում պետական աջակցության տեսակներից նվազագույն հասույթի և (կամ) վերջնական սպառողների կամ գնորդների նվազագույն քանակի երաշխիքներ և (կամ) երաշխիքներ առ այն, որ հանրային գործընկերն սպառելու կամ օգտագործելու է ՊՄԳ ծրագրի իրականացման ընթացքում արտադրված ապրանքների, կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների որոշակի ծավալ կամ մասնաբաժին, կամ այլ ռիսկերի առնչությամբ երաշխիքներ և փոխհատուցումներ կիրառելի են այն ծրագրերի համար, որոնք ֆինանսապես կենսունակ են, սակայն որոնցում, համաձայն ռիսկերի մատրիցի, բարձր են ծրագրի պահանջարկի, հումքի գների կամ փոխարժեքի տատանման անորոշության մակարդակը և էական է ռիսկի նյութականացման դեպքում ազդեցությունը ծրագրի իրականացման վրա:

168. ՊՄԳ ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերներին կարող են տրամադրվել պետական աջակցության` օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այլ տեսակներ: ՊՄԳ ծրագրի նախագծի հաստատման դեպքում իրավասու մարմինն ապահովում է ՊՄԳ պայմանագրին համապատասխան պետական աջակցության չափի և ժամանակացույցի ներառումը բյուջետային գործընթացում:

 

XXI. ՊՄԳ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՆԱԽԱԳԾՄԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ

 

169. Նախագծման և կառուցման ընթացքում ՊՄԳ ծրագրի իրականացման և մշտադիտարկման պատասխանատվությունն իր իրավասությունների սահմաններում կրում է հանրային գործընկերը և իրեն վերապահված լիազորությունների մասով` կառավարող խումբը:

170. Կառավարող խումբն իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) ՊՄԳ պայմանագրի առևտրային կայացման մշտադիտարկումը.

2) ՊՄԳ պայմանագրի ֆինանսական կայացման մշտադիտարկումը.

3) ՊՄԳ ծրագրի մեկնարկի կառավարումը, այդ թվում` ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասին մասնավոր գործընկերոջ հասանելիության ապահովումը և ծրագրի հետ կապված բոլոր թույլտվությունների ստացման մշտադիտարկումը` անհրաժեշտ դիմումների ներկայացումն ու օրենսդրական պահանջների հետ դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.

4) ՊՄԳ ծրագրի ժամանակացույցի կառավարումը: Կառավարող խումբը, համաձայն ՊՄԳ պայմանագրի, մշտադիտարկում է համապատասխան նախագծերի ժամանակին մշակումը և հաստատումը, շինարարական աշխատանքների ժամանակին մեկնարկը.

5) մասնավոր գործընկերոջ կողմից ծառայությունների մատուցման և շահագործման և պահպանման ձեռնարկի ներկայացման ապահովումը.

6) ՊՄԳ պայմանագրի շրջանակներում հանրային գործընկերոջ առանցքային մասնագետների և խորհրդատուների ընտրության ապահովումը.

7) ՊՄԳ ծրագրի շեղումների և փոփոխությունների կառավարումը.

8) ՊՄԳ ծրագրի հետ կապված խնդիրների և վեճերի կառավարումը և լուծումը.

9) ՊՄԳ ծրագրի` մասնավոր գործընկերոջ կողմից ներկայացվող հաշվետվությունների ստացումը` համաձայն ՊՄԳ պայմանագրով նախատեսված կարգի.

10) ՊՄԳ պայմանագրով նախատեսված կարգով ՊՄԳ ծրագրի փուլային արդյունքների ընդունման ապահովումը.

11) ՊՄԳ պայմանագրով նախատեսված կարգով նախագծային փաստաթղթերի, շինարարության և ծրագրի` շահագործման ու ծառայությունների մատուցման փուլին անցնելուն պատրաստության վերջնական հաստատման ապահովումը:

171. Հանրային գործընկերն ապահովում է, որ ՊՄԳ ծրագիրը իրականացվի ՊՄԳ պայմանագրի դրույթներին համապատասխան, այդ թվում` պահպանվեն ՊՄԳ պայմանագրով սահմանված ռիսկերի բաշխումը և ՊՄԳ պայմանագրում ներառված կատարողական նվազագույն ստանդարտները և ցուցանիշները:

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

@

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.07.2022
N 1183-Ն
Որոշում