Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆ ...

 

19.03.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

31 հունվարի 2022 թվականի N 96-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԱՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Մաքսային ծառայության մասին» օրենքի 8.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ մասի 2-րդ կետով և 7-րդ մասով, «Հարկային ծառայության մասին» օրենքի 17.1-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ մասի 2-րդ կետով և 7-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգը և թեստավորման պահանջները` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել պատրաստման դասընթացի ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը` համաձայն հավելված 2-ի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Հավելված 1

Պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2022 թվականի հունվարի 31-ի

N 96-Ն հրամանի

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության (այսուհետ` Ընդունելություն) հայտարարության հրապարակման, Ընդունելության անցկացման պարբերականության, Ընդունելության տեղերի սահմանման, Ընդունելության դիմումների և կից փաստաթղթերի ներկայացման, թեստավորման (այսուհետ` թեստավորում) և հարցազրույցի անցկացման, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման, Ընդունելության արդյունքների ամփոփման, թեստավորման փուլի անցկացման համար թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու պահանջներին, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկություններին, թեստային առաջադրանքների քանակին, թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն միավորի հետ կապված հարաբերությունները:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

3. Ընդունելությանը չեն կարող մասնակցել «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8.1-րդ հոդվածի 3-րդ մասում կամ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 17.1-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձինք:

(3-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

4. Հարկային կամ մաքսային ծառայության պաշտոն կամ հարկային կամ մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձը (այսուհետ` Ծառայող) սույն կարգին համապատասխան իրավունք ունի մասնակցելու Ընդունելությանը` իր ցանկությամբ, անկախ տվյալ պահին իր զբաղեցրած պաշտոնից:

5. Ծառայողի` Ընդունելությանը մասնակցելու ժամանակահատվածը համարվում է աշխատանքից հարգելի բացակայություն:

6. Ընդունելությունն անցկացվում է յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ: Հարկային և մաքսային մարմնի (այսուհետ` Կոմիտե) ղեկավարի որոշմամբ, պայմանավորված հարկային և մաքսային ծառայության պաշտոնների համալրման անհրաժեշտությամբ, Ընդունելությունը կարող է անցկացվել նաև սույն կետում նշված պարբերականությունից տարբերվող պարբերականությամբ:

7. Ընդունելությունը բաղկացած է երկու փուլից` թեստավորման և հարցազրույցի:

8. Ընդունելության կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են Կոմիտեի ուսումնական կենտրոնի (այսուհետ` Ուսումնական կենտրոն) կողմից:

 

2. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Ընդունելության հայտարարությունը հրապարակվում է Կոմիտեի, ինչպես նաև ՈՒսումնական կենտրոնի պաշտոնական ինտերնետային կայքերում:

10. Ընդունելության փաստաթղթերի ընդունումն իրականացվում է Ընդունելության հայտարարության մեջ նշված եղանակով:

11. Ընդունելության հայտարարությունը հրապարակվում է Ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետից առնվազն 15 օր առաջ:

12. Ընդունելության դիմումների ներկայացման վերջնաժամկետը կարող է երկարաձգվել Կոմիտեի ղեկավարի հրամանով:

13. Ընդունելության հայտարարությամբ հրապարակվում են`

1) Ընդունելությանը ներկայացվող պահանջները (այդ թվում` տեղեկատվություն այն մասին, որ «Հարկային ծառայության մասին» կամ «Մաքսային ծառայության մասին» օրենքներով սահմանված համապատասխան ստաժ ունեցող անձինք, հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո կարող են նշանակվել նաև հարկային կամ մաքսային ծառայության ավելի բարձր պաշտոնի).

2) Ընդունելության դիմումի ձևանմուշը` համաձայն N 1 Ձևի,

3) դիմումի ներկայացման վերջնաժամկետը,

4) դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

5) թեստավորման փուլը հաղթահարելուց հետո ներկայացման ենթակա Կոմիտեի ղեկավարի կողմից հաստատված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը համաձայն N 2 Հավելվածի,

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

7) դասընթացի տևողությունը, այդ թվում` տեսական և գործնական մասերի տևողությունը,

8) փաստաթղթերի ներկայացման եղանակը,

9) Ընդունելության փուլերի (թեստավորման և հարցազրույցի) անցկացման վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում` թեստավորման փուլը հաղթահարելու համար անհրաժեշտ նվազագույն միավորը,

10) մաքսային կամ հարկային ծառայության թափուր պաշտոնների խմբերի անվանումները.

11) օրենքով տվյալ պաշտոնների խմբերի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափերը,

12) թեստավորման հարցերը, դրանց ճիշտ պատասխանները և թեստավորման հարցի կազմման համար հիմք հանդիսացած իրավական ակտի անվանումը,

13) այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

(13-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

14. Ընդունելության դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերի պատճենները.

1) անձնագիր կամ նույնականացման քարտ,

2) անձնագիր ներկայացնելու պարագայում հանրային ծառայությունների համարանիշ (կամ սոցիալական քարտ կամ անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք),

3) հարկային և մաքսային ծառայողի համար սահմանված մասնագիտական գիտելիքների մասով պահանջների բավարարումը և մասնագիտական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները հավաստող փաստաթղթեր (եթե պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցը ցանկանում է զբաղեցնել «Հարկային ծառայության մասին» կամ «Մաքսային ծառայության մասին» օրենքներով սահմանված համապատասխան ստաժ պահանջող ավելի բարձր պաշտոն),

4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք,

5) բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին) կամ դրան փոխարինող փաստաթուղթ,

6) ռուսերենի կամ անգլերենի իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթ, եթե լեզուների իմացության պահանջը նախատեսված է տվյալ պաշտոնի անձնագրով:

7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

(14-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն, 15.03.2024 թիվ 298-Ն հրամաններ)

15. Սույն կարգի 14-րդ կետի 6-րդ ենթակետում նշված լեզուների իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CEFR) B1 մակարդակը հավաստող փաստաթուղթը: Լեզուների իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթը կիրառելի է երկու տարի ժամկետով:

(15-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն, 15.03.2024 թիվ 298-Ն հրամաններ)

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

17. Սույն կարգի 14-րդ կետի 6-րդ ենթակետում նշված օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթղթը չի պահանջվում, եթե բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթով հավաստվում է, որ տվյալ կրթությունը անձը ստացել է համապատասխան լեզվով:

(17-րդ կետը փոփ. 15.03.2024 թիվ 298-Ն հրաման)

18. Ուսումնական կենտրոնը փաստաթղթերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմումատուին փաստաթղթերի ընդունման, ինչպես նաև դրանց ամբողջականության վերաբերյալ: Եթե դիմումատուի կողմից ներկայացրած փաստաթղթերն ամբողջական չեն, և (կամ) դրանցում առկա են տեխնիկական սխալներ, ապա դիմումատուին տրվում է հնարավորություն 2 աշխատանքային օրվա ընթացքում համալրելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և (կամ) շտկելու առկա տեխնիկական սխալները: Ուսումնական կենտրոնը ամբողջականացված և (կամ) տեխնիկական սխալները շտկված փաստաթղթերը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմումատուին դրանց ընդունման վերաբերյալ:

19. Հայտարարությամբ ներկայացված պահանջներին չհամապատասխանող (այդ թվում` դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում բարեվարքության հարցաթերթիկի արդյունքներով բարեվարքության բացասական գնահատական ստացած լինելու դեպքում) անձի դիմումը համարվում է մերժված և վերջինիս չի թույլատրվում մասնակցել Ընդունելության թեստավորման փուլին: Այդ մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է դիմումատուին սույն հավելվածի 18-րդ կետով նախատեսված ժամկետում:

(19-րդ կետը փոփ. 15.03.2024 թիվ 298-Ն հրաման)

20. Ուսումնական կենտրոնի կողմից վարվում է էլեկտրոնային մատյան դիմում ներկայացնող բոլոր անձանց հաշվառման նպատակով:

 

3. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

20.1. Թեստավորումը կազմված է երկու ենթափուլերից.

1) համակարգչային գիտելիքների ստուգում,

2) մասնագիտական գիտելիքների ստուգում:

(20.1-ին կետը լրաց. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

21. Դիմորդի մասնակցությունը ՈՒսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող թեստավորմանը թույլատրվում է, եթե ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը բավարարում են հայտարարությամբ ներկայացված պահանջներին, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետի 6-րդ ենթակետում նշված փաստաթղթի բացակայության դեպքերի, եթե համապատասխան ստուգումը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից:

(21-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

22. (22-րդ կետն ուժը կորցրել է 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

23. Ընդունելության թեստավորման փուլի ընթացքը տեսագրվում է, իսկ հարցազրույցի փուլի ընթացքը` ձայնագրվում:

(23-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

23.1. Թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլն անցկացվում է սկսած դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում: ՈՒսումնական կենտրոնը թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման օրվա մասին ստուգումից առնվազն 2 աշխատանքային օր առաջ տեղեկացնում է մասնակցին` դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին հրավեր ուղարկելու միջոցով:

(23.1-ին կետը լրաց. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

23.2. Թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլը հաղթահարում են այն մասնակիցները, որոնց համար ուսումնական կենտրոնը տրամադրում է թեստը դրական հանձնելու վերաբերյալ հավաստում:

(23.2-րդ կետը լրաց. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

23.3. Ուսումնական կենտրոնը թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլի ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում և անցկացնում է թեստավորման մասնագիտական գիտելիքների ստուգման ենթափուլը, որին կարող են մասնակցել միայն Թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլը հաղթահարած մասնակիցները:

(23.3-րդ կետը լրաց. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

24. Ուսումնական կենտրոնը, մասնագիտական գիտելիքների ստուգման օրվա մասին, ստուգումից առնվազն 2 աշխատանքային օր առաջ, տեղեկացնում է մասնակցին` դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին հրավեր ուղարկելու միջոցով:

(24-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

25. Թեստավորման ենթափուլերին մասնակցության հրավեր ստացած մասնակիցը թեստավորման ենթափուլերին չմասնակցելու դեպքում զրկվում է տվյալ Ընդունելության հետագա փուլին մասնակցելու հնարավորությունից` անկախ թեստավորման ենթափուլերին չմասնակցելու պատճառներից:

(25-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

26. Թեստավորման ենթափուլերը կարող են անցկացվել մեկ կամ մի քանի խմբերով` տարբեր օրերի կամ ժամերի` ելնելով մասնակիցների թվից:

(26-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

27. Ուսումնական կենտրոնի` թեստավորման կազմակերպման պատասխանատուն անձը հաստատող փաստաթղթի միջոցով ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրա մուտքը թեստավորման ենթափուլերի անցկացման սենյակ:

(27-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

28. Թեստավորման մասնակիցների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 5 րոպե առաջ:

29. Թեստավորումն անցկացվում է էլեկտրոնային եղանակով, թեստավորման համար նախատեսված հատուկ սրահում, որն ունի թեստավորմանը մասնակցող քաղաքացիների թվից ոչ պակաս քանակությամբ համակարգիչներ, որոնք միացված են միայն թեստավորման անցկացման համար պահանջվող կապուղիներին:

30. Թեստավորումը սկսելուց առաջ թեստավորման կազմակերպման պատասխանատուն ամփոփ ներկայացնում է թեստավորման անցկացման ընթացակարգը, բացատրում է թեստավորման անցկացմանը վերաբերող տեխնիկական հարցերը` պատասխանելով մասնակիցների թեստավորման անցկացման ընթացակարգին վերաբերող տեխնիկական բոլոր հարցերին:

31. Թեստավորման մասնակիցները չեն կարող`

1) իրենց հետ թեստավորման սենյակ բերել տպագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ,

2) օգտվել որևէ գրավոր (տպագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից` բացառությամբ թեստավորման սենյակում տեղադրված համակարգիչների և հասանելի ծրագրերի,

3) թեստավորման առաջադրանքների կատարման վերաբերյալ հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` թեստավորման կազմակերպման պատասխանատուին` բացառությամբ տեխնիկական հարցերի,

4) մինչև թեստային առաջադրանքների կատարումն ավարտելը` դուրս գալ համակարգից կամ ապաակտիվացնել գործող ծրագրերը,

5) անջատել կամ վերագործարկել համակարգիչը, կապուղիները կամ դրանց սնուցումը, կամ իրականացնել համակարգի կամ համակարգչի սովորական աշխատանքը խափանող այլ գործողություններ,

6) դուրս գալ սենյակից` մինչև թեստային առաջադրանքների կատարումն իր կողմից ավարտելը:

32. Մասնակցի կողմից սույն կարգի 31-րդ կետում նշված պահանջները խախտելու դեպքում թեստավորման կազմակերպման պատասխանատուն դադարեցնում է մասնակցի աշխատանքը` էլեկտրոնային եղանակով կազմելով արձանագրություն, որի արդյունքում համակարգն ինքնաշխատ եղանակով մասնակցին գնահատում է զրո միավոր:

33. Սույն կարգի 30-րդ կետի պահանջների կատարումից հետո թեստավորման մասնակիցները համակարգում մուտքագրում են իրենց անունը, հայրանունը, ազգանունը:

34. Թեստերի կազմման և թեստային առաջադրանքների ձևավորման ընթացակարգերը կազմակերպում, այդ թվում` թեստային առաջադրանքները էլեկտրոնային համակարգ է մուտքագրում ՈՒսումնական կենտրոնը` անհրաժեշտության դեպքում Կոմիտեի ստորաբաժանումների օժանդակությամբ: Թեստերի կազմման աշխատանքներին անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավել նաև Կոմիտեի համապատասխան մասնագիտացված ստորաբաժանումների աշխատակիցները:

(34-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

35. Ուսումնական կենտրոնը թեստերի կազմման գործընթացը կարող է արտապատվիրակել նաև երրորդ անձանց` գնումների օրենսդրության հիման վրա` գնման ընթացակարգերի կիրառման միջոցով:

36. Թեստավորման յուրաքանչյուր մասնակցի համար համակարգչային ծրագիրը համապատասխան հարցերի բազայից, պատահականության սկզբունքով, ձևավորում է թեստի անհատական տարբերակ:

(36-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

37. Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի հարցերը բաղկացած են մասնագիտական ընդհանուր գիտելիքները և հմտություններն ստուգող 40 առաջադրանքից:

(37-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

38. Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի թեստի ձևավորումից հետո յուրաքանչյուր մասնակից իր համակարգչի էկրանին ստանում է թեստը և անցնում թեստային առաջադրանքների կատարմանը:

(38-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

39. Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի թեստի առաջադրանքներին պատասխանելու համար տրվում է 60 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է:

(39-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

40. Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի մասնակիցը յուրաքանչյուր թեստային առաջադրանքի համար ընտրում է պատասխանի իր տարբերակը` կատարելով համապատասխան նշում:

(40-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

41. Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի մասնակիցը, մինչև առաջադրանքի վերջնական պահպանումը, ընտրված պատասխանները կարող է փոփոխել և ավարտել աշխատանքը մինչև թեստի կատարման համար սահմանված ժամանակի ավարտը:

(41-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

42. Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի թեստային առաջադրանքների կատարման համար սահմանված ժամանակի ավարտին թեստավորման անցկացման էլեկտրոնային համակարգն ապաակտիվացնում է թեստը:

(42-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

43. Եթե մասնագիտական ստուգման ենթափուլի մասնակիցը որևէ պատճառով չի պահպանել իր կատարած առաջադրանքը մինչև հատկացված ժամանակի ավարտը, ապա առաջադրանքի կատարման վերջնական տարբերակ է համարվում թեստն ապաակտիվացնելու պահին համակարգում ինքնաշխատ եղանակով պահպանված տարբերակը:

(43-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

44. Համակարգը, մուտքագրված տվյալների հիման վրա, ինքնաշխատ եղանակով գեներացնում է ճիշտ և սխալ պատասխանները` ձևավորելով մասնագիտական ստուգման ենթափուլի թեստավորման գնահատականը:

(44-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

45. Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի թեստային առաջադրանքների պատասխանների գնահատված տարբերակի միջոցով մասնակիցն անմիջապես տեղեկանում է թեստավորման իր արդյունքի մասին:

(45-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

46. Մասնակիցը համարվում է մասնագիտական ստուգման ենթափուլը հաղթահարած, եթե ստացել է անցողիկ նվազագույն միավորը:

(46-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

47. Մասնագիտական ստուգման ենթափուլի անցողիկ նվազագույն միավոր է համարվում թեստային առաջադրանքների առնվազն 20-ին տրված ճիշտ պատասխանը:

(47-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

48. Մասնագիտական ստուգման ենթափուլի թեստավորման հարցաշարում ընդգրկված առաջադրանքներին չպատասխանված և (կամ) սխալ պատասխանված տարբերակները գնահատվում են 0 միավոր:

(48-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

49. Մասնագիտական ստուգման ենթափուլի թեստավորման արդյունքներն ամփոփվում են Ուսումնական կենտրոնի կողմից թեստավորման օրվա, իսկ եթե թեստավորումն իրականացվել է տարբեր օրերի, ապա թեստավորման վերջին օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում:

(49-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

49.1 ՈՒսումնական կենտրոնը մասնագիտական ստուգման ենթափուլի թեստավորման արդյունքներն ամփոփելուց հետո մասնակիցներին նախնական բաշխում է դասընթացի մասնակցության երկու մակարդակների` ըստ մասնակիցների կողմից հավաքած մասնագիտական ստուգման թեստի գնահատականների: Ընդ որում, մասնագիտական ստուգման թեստի գնահատման արդյունքում 20-28 միավոր ստացող մասնակիցները ներառվում են 1-ին մակարդակում, 29-40 միավոր ստացող մասնակիցները ներառվում են 2-րդ մակարդակում:

(49.1-ին կետը լրաց. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

50. ՈՒսումնական կենտրոնը ընդունելության դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելու միջոցով յուրաքանչյուր մասնակցի ուղարկում է մասնագիտական ստուգման` տվյալ մասնակցի արդյունքը` դասընթացի մասնակցության մակարդակի նշումով: Միաժամանակ նույն հաղորդագրությամբ թեստավորման անցողիկ նվազագույն և դրանից բարձր միավորներ ստացած մասնակիցներին առաջարկվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել և ՈՒսումնական կենտրոնի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը:

(50-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

51. Սույն կարգի 50-րդ կետում նշված ժամկետում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը Ուսումնական կենտրոն չներկայացնելու դեպքում դիմորդի մասնակցությունը հետագա փուլին չի թույլատրվում:

 

4. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

52. Լրացված բարեվարքության հարցաթերթիկը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպվում է Ընդունելության հարցազրույցի փուլը: Հարցազրույցի անցկացման օրվա, վայրի և ժամի մասին տեղեկատվությունը հրապարակվում է Կոմիտեի և Ուսումնական կենտրոնի պաշտոնական ինտերնետային կայքերում:

(52-րդ կետը փոփ. 04.03.2022 թիվ 245-Ն հրաման)

53. Ընդունելության հարցազրույցի փուլն անցկացնելու նպատակով Կոմիտեի ղեկավարի կողմից ձևավորվում է առնվազն հինգ անդամից կազմված հարցազրույցի հանձնաժողով և հանձնաժողովի անդամներից մեկը նշանակվում է հանձնաժողովի նախագահ: Անհրաժեշտության դեպքում կարող են ձևավորվել մեկից ավել հանձնաժողովներ` պայմանավորված հարցազրույցին մասնակցող անձանց թվով:

(53-րդ կետը փոփ. 14.04.2022 թիվ 412-Ն հրաման)

54. (54-րդ կետն ուժը կորցրել է 14.04.2022 թիվ 412-Ն հրաման)

55. Հարցազրույցի հանձնաժողովի կազմում Կոմիտեի ղեկավարի հրավերով կարող են ընդգրկվել ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների կամ այլ պետական մարմինների ներկայացուցիչներ:

56. Հանձնաժողովի մյուս անդամները հանդիսանում են Կոմիտեի, ինչպես նաև Ուսումնական կենտրոնի աշխատակիցներ:

(56-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

57. Հանձնաժողովի քարտուղարության աշխատանքներն իրականացնում է Ուսումնական կենտրոնը:

58. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցի արդյունքների համար հաշվի է առնվում նաև մասնակցի բարեվարքության հարցաթերթիկը: Բարեվարքության հարցաթերթիկի արդյունքներով մասնակցի բարեվարքությունը կարող է գնահատվել դրական կամ բացասական:

(58-րդ կետը փոփ. 15.03.2024 թիվ 298-Ն հրաման)

59. Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովն իր կողմից նախօրոք հաստատված հարցաշարի միջոցով ստուգում է մասնակիցների անձնական որակները և արժանիքները, ընդհանուր հոգեբանական նկարագիրը, ներառյալ ինքնատիրապետման, վարվեցողության, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները: Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել մասնագիտությանը, հարկային կամ մաքսային օրենսդրության ընդհանուր կանոնակարգումներին, հարկային կամ մաքսային ծառայողի վարքագծի կանոններին առնչվող բանավոր հարցեր:

60. (60-րդ կետն ուժը կորցրել է 04.03.2022 թիվ 245-Ն հրաման)

61. Հարցազրույցի ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում օգտվել որևէ գրավոր (տպագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև այլ միջոցներից, հարցերին պատասխանելու հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից:

62. Սույն կարգի 61-րդ կետում նշված պահանջների խախտման դեպքում հանձնաժողովը կազմում է արձանագրություն և դադարեցնում է տվյալ մասնակցի մասնակցությունը հարցազրույցին:

63. Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր մասնակցի համար կայացվում է դրական կամ բացասական որոշում: Ձայների հավասարության դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը: Բացասական որոշում կայացնելու դեպքում մասնակիցը համարվում է Ընդունելությունը չանցած:

(63-րդ կետը փոփ. 04.03.2022 թիվ 245-Ն հրաման)

64. (64-րդ կետն ուժը կորցրել է 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

64.1. Հարցազրույցի փուլին մասնակցած, սակայն չհաղթահարած մասնակիցներին Հարցազրույցի ավարտին հաջորդող մեկ ամսվա ընթացքում իրենց կողմից ՀՀ ՊԵԿ Նախագահին ուղղված գրավոր դիմումի հիման վրա տրվում է Ընդունելության արդյունքների մասին համապատասխան տեղեկանք` էլեկտրոնային եղանակով:

(64.1-ին կետը լրաց. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

64.2. Հարցազրույցի արդյունքներն ամփոփվում են հարցազրույցի անցկացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

(64.2-րդ կետը լրաց. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

 

5. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

65. (65-րդ կետն ուժը կորցրել է 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

66. (66-րդ կետն ուժը կորցրել է 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

67. (67-րդ կետն ուժը կորցրել է 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

68. Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները իրավունք են ստանում մասնակցելու Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող հարկային կամ մաքսային ծառայողի պատրաստման դասընթացին:

69. Դասընթացի մեկնարկի մասին մասնակիցները ծանուցվում են Ընդունելության դիմումում նշված էլեկտրոնային փոստի միջոցով:

70. Թեստավորման մասնագիտական ստուգման և հարցազրույցի արդյունքները կարող են բողոքարկվել Կոմիտեի ղեկավարին գրավոր` մասնագիտական ստուգման և/կամ հարցազրույցի արդյունքների մասին մասնակցին` Ընդունելության դիմումում նշված Էլեկտրոնային փոստի հասցեին տեղեկացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(70-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

70.1 Թեստավորման մասնագիտական ստուգման արդյունքների բողոքարկման դեպքում մասնակցին տրամադրվում է յուրաքանչյուր սխալ պատասխանված առաջադրանքի հարցը, իր կողմից նշված պատասխանը, ինչպես նաև հարցի ճիշտ պատասխանը:

(70.1-ին կետը լրաց. 13.03.2023 թիվ 229-Ն հրաման)

71. Թեստավորման արդյունքների բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է, իսկ հարցազրույցի մասնագիտական ստուգման արդյունքների դեպքում` հարցազրույցի արդյունքներով ընդունված բացասական որոշման բողոքարկումը:

(71-րդ կետը փոփ. 04.03.2022 թիվ 245-Ն, 13.03.2023 թիվ 229-Ն հրամաններ)

72. Կոմիտեի ղեկավարի հանձնարարությամբ Ուսումնական կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է բողոքը և բողոքի հիմնավոր լինելու կամ չլինելու մասին համապատասխան եզրակացությունը ներկայացնում է Կոմիտեի ղեկավարին:

73. Կոմիտեի ղեկավարը սույն հավելվածի 72-րդ կետում նշված եզրակացությունը ստանալուց հետո մինչև երկու աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է մասնակցի բողոքը բավարարելու կամ մերժելու որոշում:

74. Եթե պարզվում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա Կոմիտեի ղեկավարը բավարարում է մասնակցի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ: Եթե Կոմիտեի ղեկավարը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցը (խնդիրը) պարունակող թեստավորման առաջադրանքներ լրացրած բոլոր մասնակիցների համար կատարվում է թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

(74-րդ կետը փոփ. 04.03.2022 թիվ 245-Ն հրաման)

75. Թեստավորման և հարցազրույցի արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

Ձև N 1

 

Պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2022 թ. հունվարի 31-ի

թիվ 96-Ն հրամանի

հավելվածի

 

ԴԻՄՈՒՄ

 

Դասընթացի անվանումը` ___________________________

 

Անձնական տվյալներ

 

._____________________________________________________________________.

|1. Անուն/  |Անուն` ___________________________________|Լուսանկար     |

|Ազգանուն/  |                                          |              |

|Հայրանուն  |Ազգանուն` ________________________________|              |

|           |                                          |              |

|           |Հայրանունը` ______________________________|              |

|___________|__________________________________________|              |

|2. Հասցե`  |Բջջ. Հեռ:                                 |              |

|           |Էլ. փոստ:                                 |              |

|___________|_________________________________________________________|

|3. Քաղաքա- |                                                         |

|ցիությունը`|                                                         |

|___________|_________________________________________________________|

|4. Հանրային|                       |5. Անձնագրի սերիան, համարը կամ   |

|ծառայության|                       |նույնականացման քարտի համարը,     |

|համարանիշը |                       |երբ և  ում կողմից է տրվել        |

|___________|_________________________________________________________|

|6. Սեռ`    |[] Արական    |7. Ծննդյան ամիս,       | ______________    |

|           |[] Իգական    |ամսաթիվը, տարին        | (օր/ամիս/տարի)    |

|___________|_________________________________________________________|

|8. Ընտա-   |                                                         |

|նեկան      |                                                         |

|դրությունը |                                                         |

|___________|_________________________________________________________|

|9. Կրթու-  |             |             |             |               |

|թյուն      |             |             |             |               |

|___________|_____________|_____________|_____________|_______________|

|10. Աշխա-  |             |             |             |               |

|տանքային   |             |             |             |               |

|գործունե-  |             |             |             |               |

|ություն    |             |             |             |               |

|___________|_____________|_____________|_____________|_______________|

|11. Լե-    |Լսել         |Կարդալ       |Գրել         |Հաղորդակցվել   |

|զուների    |_____________|_____________|_____________|_______________|

|տիրապետման |գերա|լավ|բավա|գերա|լավ|բավա|գերա|լավ|բավա|գերա|լավ|բավա  |

|մակարդակը  |զանց|   |րար |զանց|   |րար |զանց|   |րար |զանց|   |րար   |

|___________|____|___|____|____|___|____|____|___|____|____|___|______|

|12. Համա-  |    |   |    |    |   |    |    |   |    |    |   |      |

|կարգչային  |    |   |    |    |   |    |    |   |    |    |   |      |

|գիտելիքներ |    |   |    |    |   |    |    |   |    |    |   |      |

|___________|_________________________________________________________|

|13. Կից    |1. _________________     4. _________________            |

|փաստաթղթեր`|2. _________________     5. _________________            |

|           |3. _________________     6. _________________            |

|___________|_________________________________________________________|

|14. Հայտա- |Հաստատում եմ, որ սույն դիմումով ներկայացված              |

|րարություն |տեղեկատվությունը ճիշտ է: Ես հասկանում և  ընդունում եմ,   |

|           |որ իմ կողմից ներկայացված ցանկացած կեղծ տեղեկատվություն   |

|           |կարող է հիմք հանդիսանալ ընդունելության (իսկ ընդունվելու  |

|           |դեպքում նաև  դասընթացի) ցանկացած փուլից հեռացվելու,      |

|           |ինչպես նաև  օրենքով սահմանված պատասխանատվության համար:   |

|           |                                                         |

|           |Հաստատում եմ, որ դատական կարգով անգործունակ կամ          |

|           |սահմանափակ գործունակ ճանաչված չեմ, ինչպես նաև  Հայաստանի |

|           |Հանրապետության կառավարության սահմանած հանրային           |

|           |ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական    |

|           |պարտականությունների կատարմանը և  լիազորությունների       |

|           |իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում        |

|           |ընդգրկված հիվանդություններով չեմ տառապում:               |

|           |                                                         |

|           |Հայտնում եմ իմ համաձայնությունը, որ սույն դիմումին կից   |

|           |ներկայացված իմ նույնականացման տվյալները տրամադրվեն «ԱՔՌԱ |

|           |Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին: Ինչպես նաև  հայտնում եմ        |

|           |համաձայնություն առ այն, որ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն |

|           |սույն դիմումին կից իմ նույնականացման տվյալների հիման վրա`|

|           |իմ վարկային պարտավորությունների վերաբերյալ               |

|           |տեղեկատվությունը փոխանցի Պետական եկամուտների կոմիտե*:    |

|           |                                                         |

|           |*վարկային պարտավորությունների մասով համաձայնության       |

|           |տրամադրումը պարտադիր պայման չէ և  մասնակիցը              |

|           |համաձայնության չտրամադրման դեպքում կարող է նշում կատարել |

|           |համապատասխան վանդակում:                                  |

|___________|_________________________________________________________|

|Ամիս,      |_______________ «__»____ 2022 թ.:                        |

|ամսաթիվ    |                                                         |

|Ստորա-     |                                                         |

|գրություն  |                                                         |

._____________________________________________________________________.

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
31.01.2022
N 96-Ն
Հրաման