Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ (WORLD ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ (WORLD TRADE CENTER ...

 

04.04.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 սեպտեմբերի 2023 թվականի N 1529-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ (WORLD TRADE CENTER (WTC) ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵՎԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով և 2-րդ մասով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 9-12-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ռենշին» ՍՊԸ-ի (այսուհետ` ներդրող) կողմից ներկայացված` Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին, հաստատելով ծրագրի հիմնական պայմանները` համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հավելվածով նախատեսված պայմանների կենսագործումն ապահովելու նպատակով ներդրողի հետ կնքել համապատասխան պայմանագիր:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը մասնակցել «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ համատեղ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) հիմնադրմանը` հետևյալ հիմնական պայմաններով`

1) ընկերության կանոնադրական կապիտալը կկազմի 21 898 520 000 (քսանմեկ միլիարդ ութ հարյուր իննսունութ միլիոն հինգ հարյուր քսան հազար) դրամ, որից 10 949 260 000 (տասը միլիարդ ինը հարյուր քառասունինը միլիոն երկու հարյուր վաթսուն հազար) դրամ ներդրումը կկատարի ներդրողը` դրամական միջոցների տեսքով, իսկ Հայաստանի Հանրապետությունը և «Հայփոստ» ՓԲԸ-ն իրենց ներդրումը կկատարեն Սարյան 22 հասցեում գտնվող շենքում իրենց պատկանող անշարժ գույքերի տեսքով, ընդ որում` Հայաստանի Հանրապետության ներդրման չափը կկազմի 4 161 260 000 (չորս միլիարդ հարյուր վաթսունմեկ միլիոն երկու հարյուր վաթսուն հազար) դրամ (ներդրվող անշարժ գույքի (վկայական` N 03032022-01-0029) գնահատված շուկայական արժեք), իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ի ներդրման չափը կկազմի 6 788 000 000 (վեց միլիարդ յոթ հարյուր ութսունութ միլիոն, ներառյալ ավելացված արժեքի հարկը և հողամասի կադաստրային արժեքը) դրամ (ներդրվող անշարժ գույքի (վկայական` N15122021-01-0282) գնահատված շուկայական արժեք).

2) ընկերության կանոնադրական կապիտալում հասարակ (սովորական) բաժնետոմսերը կբաշխվեն բաժնետերերի միջև հետևյալ համամասնությամբ`

ա. Հայաստանի Հանրապետություն` 19.002471%,

բ. «Հայփոստ» ՓԲԸ` 30.997529%,

գ. ներդրող` 50%.

3) «Հայփոստ» ՓԲԸ-ի սեփականությանը պատկանող ընկերության կանոնադրական կապիտալում ներդրվող հողամասի կադաստրային արժեքը վճարվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից` մինչև ակտիվն ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելը:

(3-րդ կետը փոփ. 17.11.2023 թիվ 1972-Ա, 04.04.2024 թիվ 467-Ա որոշումներ)

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

1) լիազորել ընկերության հիմնադրման գործընթացում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից և իրականացնել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-12-րդ հոդվածներով սահմանված հիմնադրի իրավասությունները.

2) վերապահել ընկերության հիմնադրման արդյունքում Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերի կառավարման իրավասությունը.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ծրագրի իրականացման նպատակով ընկերության հետ համատեղ մշակել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով նախաձեռնել քաղ. Երևան, Սարյան և քաղ. Երևան, Պարոնյան փողոցների միջև (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից)` մինչև 13 200, 54 քառ. մ մակերեսով հողամասը պետության կարիքների համար բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու գործընթաց:

(4-րդ կետը փոփ. 17.11.2023 թիվ 1972-Ա, 04.04.2024 թիվ 467-Ա որոշումներ)

5. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը` սույն որոշմամբ և սույն որոշման հավելվածով նախատեսված պայմանների կենսագործումն ապահովելու նպատակով իրականացնել «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման հետ կապված անհրաժեշտ գործողությունները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. սեպտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի սեպտեմբերի 7-ի

N 1529-Ա որոշման

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ (WORLD TRADE CENTER (WTC) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Քաղ. Երևան, Սարյան 22 հասցեում (մոտ 6 հազ. քառ. մ) և դրան հարակից տարածքում (շուրջ 13200.54 քառ. մ) World Trade Center (WTC) անվանմամբ (ապրանքային նշան) Ա դասի գերժամանակակից բիզնես էկոհամակարգի կառուցում:

(1-ին կետը փոփ. 17.11.2023 թիվ 1972-Ա, 04.04.2024 թիվ 467-Ա որոշումներ)

2. JLL ընկերությունը մշակել է ծրագրի նախագիծ, որը հիմնված է անշարժ գույքի շուկայի տարբեր սեգմենտների հետազոտության վրա:

3. Ծրագրով նախատեսվում է կառուցապատել մոտ 123,000 քառ. մ շենքեր և շինություններ, որոնք կներառեն գրասենյակային տարածքներ, 4 կամ 5-աստղանի տարբեր ձևաչափերի հյուրանոցներ, միջոցառումների համար նախատեսված բաղադրիչ, առևտրի սրահներ և ավտոկայանատեղի:

4. Ծրագրի կոնցեպտուալ կառուցվածքը ձևավորվել է հետևյալ սկզբունքով`

1) կոնֆերանս դահլիճներ` միջազգային ֆորումների, գագաթնաժողովների և այլ միջոցառումների իրականացման համար.

2) մշակութային հարթակ` համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, «EXPO» սրահ.

3) գործարար կենտրոն` նոր ստարտափների, նախաձեռնությունների և գործարար ակտիվություն ծավալելու համար.

4) զբոսաշրջության զարգացմանը նպաստող գործունեության տարածքներ, ենթակառուցվածքներ.

5) կառուցվող բարձրակարգ համալիրն օգտագործողների համար նախատեսված սպասարկման այլ ծառայությունների տարածքներ, ենթակառուցվածքներ:

5. Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է մոտ 212 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումար` ներառյալ հողի արժեքը:

6. Ծրագրի ֆինանսական ցուցանիշները հուսալի են և ունակ են ծրագրի ամբողջ ընթացքում սպասարկել վարկային միջոցները, ինչպես նաև ապահովել սեփական կապիտալի առավել բավարար վերադարձելիության մակարդակ:

7. Շնորհիվ տարածքի տեղակայման, որակի և բաղադրիչների իրար փոխլրացնող կազմի` ծրագրի երկարաժամկետ իրագործելիությունը և մրցակցային առավելությունները երաշխավորված են:

8. Ծրագրում ներկայացված ծավալները կարող են փոփոխվել մինչև 20 տոկոսի չափով:

 

Ծրագրի իրականացման համար էական պայմաններ

 

9. Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնետերերի ներդրումները կատարվում են ընկերությունը գրանցելուց հետո 3-ամսյա ժամկետում, պայմանով, որ ներդրումները կատարելու պահին ընկերության բաժնետերերի միջև ստորագրված լինի բաժնետերերի համաձայնագիրը:

10. Ընկերությունը պետք է ձեռք բերի քաղ. Երևան, Սարյան և քաղ. Երևան, Պարոնյան փողոցների միջև (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից)` շուրջ 13200.54 քառ. մ մակերեսով հողամասը:

(10-րդ կետը փոփ. 04.04.2024 թիվ 467-Ա որոշում)

11. Ծրագրի մեկնարկից սկսած հինգ տարվա ընթացքում ներդրողը «Հայփոստ» ՓԲԸ-ից ընկերության հիմնադրման պահին հայտարարված անվանական արժեքով պետք է գնի նաև վերջինիս պատկանող ընկերության 30.997599 բաժնետոմսերը` հիմնադրման պայմանագրով սահմանված կառուցապատման փուլերին համապատասխան ժամանակացույցով:

(11-րդ կետը փոփ. 17.11.2023 թիվ 1972-Ա որոշում)

12. Հայաստանի Հանրապետությունը և «Հայփոստ» ՓԲԸ-ն պետք է երաշխավորեն, որ վերջիններիս կողմից ներդրվող անշարժ գույքը հնարավոր կլինի օգտագործել ծրագրի իրականացման նպատակով և այդ մասով առկա չեն սահմանափակումներ:

13. Կողմերը պետք է նախատեսեն նաև դեպքերի այն շրջանակը, որը կարող է հիմք հանդիսանալ ծրագրի կատարման ժամկետները հետաձգելու և/կամ դրանում նշված ծավալների փոփոխման հարցով ներդրողի կողմից առաջարկ ներկայացնելու համար:

14. «Ռենշին» ՍՊԸ-ին պատկանող Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) ապրանքային նշանի օգտագործման բոլոր իրավունքներն անհատույց կփոխանցվեն ընկերությանը:

15. «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից մինչ օրս կատարված 426.000.000 (չորս հարյուր քսանվեց միլիոն) դրամ ծախսերի դիմաց` նախագծի իրականացման հետ կապված պատվիրված և ստացված ճարտարապետանախագծային աշխատանքների նյութերն անհատույց կփոխանցվեն ընկերությանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.09.2023
N 1529-Ա
Որոշում