Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

01.11.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.11.2002  -ից մինչեւ   01.11.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 24.09.03 ՀՕ-1-Ն օրենք)

i

010.0418.211002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի սեպտեմբերի 24-ին

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

ԳԼՈՒԽ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է անհատական ծածկագրերի հատկացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Անհատական ծածկագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից և այլ իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ՀՈԴՎԱԾ 3. «ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳԻՐ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Անհատական ծածկագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող և բնակվող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց ու փախստականի կարգավիճակ ունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) հատկացվող թվային նիշերի համակցություն է:

Անհատական ծածկագիրը եզակի է, կյանքի ընթացքում քաղաքացուն հատկացվում է մեկ անգամ և հետագա փոփոխման ենթակա չէ քաղաքացու որևէ անհատական տվյալի փոփոխության, ինչպես նաև նրա մահվան դեպքում:

Անհատական ծածկագիրը հատկացվում է անվճար:

Անհատական ծածկագիրը հատկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):

 

ՀՈԴՎԱԾ 4. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Անհատական ծածկագիրը բաղկացած է թվային տասը նիշից և ձևավորվում է քաղաքացու սեռի, ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի հիման վրա, ինչպես նաև պարունակում է օժանդակ հերթական համար և հսկիչ նիշ:

Անհատական ծածկագրի ձևավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

Անհատական ծածկագրերի համակարգի ստեղծման նպատակը տեղեկատվական համակարգերում անհատական տվյալների մշակման ընթացքում քաղաքացու նույնականացումը (իդենտիֆիկացումը), տարբեր տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակման գործընթացների կանոնակարգումը, բարելավումը և քաղաքացու անհատական տվյալների գաղտնիության պաշտպանության ապահովումն է:

 

ԳԼՈՒԽ II.
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 6. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ

 

Անհատական ծածկագրերի տեղեկատվական բազան (այսուհետ` տեղեկատվական բազա) անհատական ծածկագրեր ստացած քաղաքացիների անհատական տվյալների ամբողջությունն է:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԵՎ ԲԱԶԱՅԻ ՎԱՐՈՒՄԸ

 

1. Տեղեկատվական բազան ներառում է քաղաքացիների անհատական ծածկագրերը, ինչպես նաև քաղաքացիներին վերաբերող հետևյալ տվյալները.

1) անունը, ազգանունը և հայրանունը.

2) ծննդյան օրը, ամիսը և տարին.

3) սեռը.

4) Հայաստանի Հանրապետության մինչև 16 տարեկան քաղաքացիների համար ծննդյան վկայականի, իսկ 16 տարին լրացած քաղաքացիների համար անձնագրի սերիան և համարը.

5) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի սերիան և համարը.

6) Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող և բնակվող, սակայն կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների համար անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան և համարը.

7) փախստականի կարգավիճակ ունեցողների համար փախստականի վկայականի սերիան և համարը.

8) կազմակերպությունը (անվանումը, գտնվելու վայրը), որտեղ ներկայացվել է անհատական ծածկագիր ստանալու հայտը.

9) անհատական ծածկագրի հատկացման օրը, ամիսը և տարին.

10) մահվան դեպքում` մահվան օրը, ամիսը և տարին:

2. Տեղեկատվական բազայի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Անհատական ծածկագիր ստանալու համար ներկայացված անհատական տվյալները պաշտպանվում են օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՎՅԱԼՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի 1-7-րդ կետերում նշված տվյալները համապատասխան իրավասու մարմիններ են ներկայացնում քաղաքացիները` հայտերի հիման վրա:

2. Իրավասու մարմինների ցանկը, քաղաքացիների կողմից տվյալներ ներկայացնելու և իրավասու մարմինների կողմից քաղաքացիների անհատական տվյալները լիազորված մարմին փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Անհատական ծածկագիր ստանալու համար ներկայացվող տվյալները հաստատվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի 4-7-րդ կետերում նշված փաստաթղթերով:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳԻՐ ՀԱՏԿԱՑՆԵԼԸ ԿԱՄ ՄԵՐԺԵԼԸ

 

1. Ներկայացված հայտի հիման վրա լիազորված մարմինը 30 օրվա ընթացքում`

1) ձևավորում է քաղաքացու անհատական ծածկագիրը` տեղեկատվական բազա մուտքագրելով քաղաքացու անհատական տվյալներն ու անհատական ծածկագիրը հավաստող փաստաթուղթը (այսուհետ` անհատական քարտ) փոխանցում է այն մարմնին, որտեղ ներկայացվել է քաղաքացու հայտը.

2) մերժում է քաղաքացու հայտը` այդ մասին տեղեկացնելով այն մարմնին, որտեղ ներկայացվել է քաղաքացու հայտը:

2. Անհատական ծածկագիր ստանալու հայտը մերժվում է, եթե`

1) քաղաքացուն արդեն հատկացվել է անհատական ծածկագիր.

2) հայտը պարունակում է անճշտություններ:

Մերժման մասին հայտնվում է գրավոր` նշելով մերժման պատճառը և կրկին դիմելու ընթացակարգերը:

3. Քաղաքացին իրավասու մարմնից անձամբ ստանում է իր անհատական քարտը կամ մերժման մասին փաստաթուղթը:

4. Քաղաքացու անհատական քարտի ձևը, անհատական ծածկագիր հատկացնելու և դրան առնչվող փաստաթղթերի պահպանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 10. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

1. Անհատական ծածկագիրը կիրառվում է քաղաքացիների անհատական տվյալները մշակելիս`

1) քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտներ վճարելու, սոցիալական ապահովության և ապահովագրության պետական ու ոչ պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ ու հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ.

2) հարկեր, տուրքեր, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, ինչպես նաև պարտադիր այլ վճարներ վճարելու ժամանակ.

3) պետական կամ ոչ պետական այլ ծրագրեր իրականացնելու ընթացքում.

4) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ.

5) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ենթակայության հիմնարկների թղթային ու ինքնաշխատ տեղեկատվական բազաները վարելու ժամանակ:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված գործառնությունների հաշվառման ու հաշվետվական փաստաթղթերը համարվում են անվավեր, եթե դրանցում նշված չեն անհատական ծածկագրերը:

3. Անհատական ծածկագրի կիրառման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ III.
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 11. ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Լիազորված մարմինն իրավունք ունի`

1) իրավասու մարմիններից ստանալ սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված տվյալները.

2) ճշտել տեղեկատվական բազա մուտքագրվող տվյալների հավաստիությունը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ տեղեկատվական բազան վարելու համար:

2. Լիազորված մարմինը պարտավոր է`

1) սույն օրենքի և այլ իրավական ակտերի համաձայն` ապահովել տեղեկատվական բազայի բնականոն գործունեությունը, իր իրավասության շրջանակներում ընդունել նորմատիվ ակտեր և տալ պարզաբանումներ անհատական ծածկագրերի համակարգի աշխատանքների կազմակերպման և տեղեկատվական բազան վարելու վերաբերյալ.

2) սույն օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում ձևավորել ու հատկացնել անհատական ծածկագրերը, իրավասու մարմիններ փոխանցել քաղաքացիների անհատական քարտերը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով տեղեկատվական բազայից տվյալներ տրամադրել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու այլ կազմակերպությունների.

4) քաղաքացու դիմելու դեպքում նրան տրամադրել տեղեկատվական բազայում կուտակված նրա անհատական տվյալների մասին տեղեկատվություն.

5) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա կամ քաղաքացու դիմելու դեպքում փոփոխություններ կատարել քաղաքացու` տեղեկատվական բազայում կուտակված անհատական տվյալներում.

6) քաղաքացուն տրամադրել նոր անհատական քարտ կամ անհատական քարտի կրկնօրինակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Քաղաքացին իրավունք ունի`

1) ստանալ անհատական ծածկագիր և անհատական քարտ.

2) իրավասու մարմիններից անվճար ստանալ անհատական ծածկագիր ստանալու հայտի ձևը.

3) դիմել լիազորված մարմին` տեղեկատվական բազայում կուտակված իր անհատական տվյալներին ծանոթանալու կամ դրանցում փոփոխություններ կատարելու համար.

4) դիմել լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նոր անհատական քարտ կամ անհատական քարտի կրկնօրինակ ստանալու համար:

2. Քաղաքացին պարտավոր է`

1) անհատական ծածկագիր ստանալու համար դիմելիս համապատասխան իրավասու մարմին ներկայացնել հավաստի տվյալներ և անհրաժեշտ փաստաթղթեր.

2) իր անհատական քարտը ներկայացնել բոլոր այն մարմիններ, որոնց դա անհրաժեշտ է սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջները կատարելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

Սույն օրենքը խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

Անհատական ծածկագրին վերաբերող որոշումները բողոքարկվում են վերադասության կամ դատական կարգով:

 

ԳԼՈՒԽ IV.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 15. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո` երեք ամսվա ընթացքում, ընդունում է սույն օրենքի կիրարկումն ապահովող անհրաժեշտ իրավական ակտեր:

 

ՀՈԴՎԱԾ 16. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն օրենքի 10-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում օրենքն ուժի մեջ մտնելուց 18 ամիս հետո:

 

2002թ. հոկտեմբերի 21

ՀՕ-418-Ն

 

 

pin
ՀՀ 24.09.2002
N ՀՕ-418-Ն օրենք