Սեղմել Esc փակելու համար:
{01.07.2024 - 27.09.2024} ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.07.2024 - 27.09.2024} ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.2024  -ից մինչեւ   27.09.2024  -ը:     անցնել գործող խմբագրությանը
Արդեն պատրաստ է տվյալ ակտի   01.01.2025  -ից ուժի մեջ մտնող խմբագրությունը:
 

01.07.2024 - 27.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2018 թվականի փետրվարի 9-ին

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i
Հոդված 1. Օրենսգրքի գործողության ոլորտը

 

i

1. Սույն օրենսգիրքը սահմանում է մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (այսուհետ` առաջին ատյանի դատարան), Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և հակակոռուպցիոն պալատներում (այսուհետ` Վճռաբեկ դատարան) քաղաքացիական գործերով դատավարության իրականացման կարգը:

i

2. Սույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (այսուհետ` սնանկության դատարան) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

2.1. Սույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում (այսուհետ` հակակոռուպցիոն դատարան) պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի քննության, ինչպես նաև մինչև գործի հարուցումն առանձին դատավարական գործողությունների կատարման, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով կայացված ակտերի դեմ բողոքների քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով:

(1-ին հոդ. փոփ. 16.04.20 ՀՕ-252-Ն, 14.04.21 ՀՕ-335-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.02.22 ՀՕ-26-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 23.12.22 ՀՕ-576-Ն  (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 2. Դատավարական իրավունակությունը և գործունակությունը

 

1. Դատավարական իրավունքներ ունենալու և դատավարական պարտականություններ կրելու ունակությունը ճանաչվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հավասարապես (դատավարական իրավունակություն):

2. Հայաստանի Հանրապետությունը և համայնքները սույն օրենսգրքով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

3. Իրավաբանական անձանց համար սույն օրենսգրքով սահմանված դրույթները վերաբերում են նաև հիմնարկներին, եթե նրանք օրենքի համաձայն վիճելի իրավահարաբերությանը մասնակցում են իրենց անունից:

4. Ֆիզիկական և իրավաբանական անձինք օժտված են իրենց գործողություններով իրենց դատավարական իրավունքներն իրականացնելու և պարտականությունները կատարելու ունակությամբ (դատավարական գործունակություն):

5. Դատավարական գործունակությունն իրավաբանական անձանց համար ծագում է պետական գրանցման, իսկ հիմնարկների համար` ստեղծման պահից:

6. Դատավարական գործունակությունը ֆիզիկական անձանց համար ծագում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով լրիվ գործունակություն ձեռք բերելու պահից:

7. Անչափահասների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց իրավունքները և օրինական շահերը դատարանում համապատասխանաբար ներկայացնում են նրանց ծնողները (որդեգրողները), խնամակալները կամ հոգաբարձուները:

8. Օրենքով նախատեսված դեպքերում անչափահասները, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիները կարող են դատարանում ինքնուրույն ներկայացնել իրենց շահերը: Օրենքով նախատեսված դեպքերում գործի քննության ընթացքում նրանք ունեն իրենց շահերին առնչվող հարցերի վերաբերյալ լսվելու իրավունք:

9. Անչափահասները, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք կարող են ինքնուրույն դիմել դատարան միայն սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:

 

i
Հոդված 3. Դատարան դիմելու իրավունքը

 

1. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

2. Օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար դատարան դիմելու իրավունք ունեն օրենքով այդպիսի իրավունք կամ լիազորություն ունեցող անձինք:

3. Այն դեպքերում, երբ օրենքով կամ պայմանագրով նախատեսված է մինչև դատարան դիմելը կողմերի միջև առկա վեճի կարգավորման արտադատական կարգ, վեճը կարող է հանձնվել առաջին ատյանի դատարանի քննության այն արտադատական կարգով լուծելուն ուղղված օրենքով կամ պայմանագրով նախատեսված գործողությունները ձեռնարկելու օրվանից երեսուն օրացուցային օր հետո, եթե այլ կարգ կամ ժամկետ սահմանված չէ օրենքով կամ պայմանագրով:

 

Հոդված 4. Քաղաքացիական գործերը քննելիս դատարանի կողմից կիրառվող իրավունքը

 

1. Վիճելի հարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենքի կամ այլ իրավական ակտի բացակայության դեպքում դատարանը կիրառում է նույնանման հարաբերություններ կարգավորող օրենքի նորմերը (օրենքի անալոգիա): Նման նորմերի բացակայության դեպքում դատարանը վեճը լուծում է` ելնելով իրավունքի ընդհանուր սկզբունքներից (իրավունքի անալոգիա): Դատավարական նորմերն օրենքի անալոգիայով չեն կիրառվում:

2. Դատարանն օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է գործարար շրջանառության սովորույթներ: Կիրառման ենթակա գործարար շրջանառության սովորույթի առկայությունն ապացուցելու պարտականությունը կրում է այն վկայակոչող գործին մասնակցող անձը:

3. Դատարանը, Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրին կամ օրենքին համապատասխան, կարող է կիրառել նաև այլ պետությունների իրավունքի նորմեր:

4. Դատարանն օտարերկրյա իրավունք կիրառելու անհրաժեշտության դեպքում պարզում է դրա նորմերի գոյությունը և բովանդակությունը` օտարերկրյա պետությունում դրանց մեկնաբանման և կիրառման պրակտիկային համապատասխան:

5. Դատարանն իրավունք ունի կողմերից պահանջելու հիմնավորում` օտարերկրյա իրավունքի նորմերի գոյությունը և բովանդակությունը պարզելու նպատակով:

6. Օտարերկրյա իրավունքի նորմերի բացակայության դեպքում դատարանը կիրառում է Հայաստանի Հանրապետության իրավունքի համապատասխան նորմերը:

7. Դատարանն իր վարույթում գտնվող գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում է Սահմանադրական դատարան, եթե առկա է հիմնավոր կասկած դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում է, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:

 

i
Հոդված 5. Քաղաքացիական գործերով դատական ակտերը և դրանց պարտադիր լինելը

 

1. Քաղաքացիական գործով դատարանը կայացնում է եզրափակիչ և միջանկյալ դատական ակտեր:

2. Եզրափակիչ դատական ակտեր են`

1) առաջին ատյանի դատարանի կայացրած`

ա. վճիռը և օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրությունը,

բ. գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճռի, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու, կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները.

գ. (գ. ենթակետն ուժը կորցրել է 29.07.23 թվականից` 26.06.23 ՀՕ-235-Ն օրենք)

2) վերաքննիչ դատարանի` առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու, վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումները.

3) Վճռաբեկ դատարանի` վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաև վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու, վճռաբեկ վարույթը կարճելու մասին որոշումները:

i

3. Միջանկյալ դատական ակտեր են սույն հոդվածի 2-րդ մասում չնշված որոշումները, որոնք կայացվում են առանձին ակտի ձևով կամ արձանագրային որոշմամբ:

4. Արձանագրային որոշումը դատական նիստի ընթացքում դատարանի բանավոր կայացրած որոշումն է:

i

5. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

6. Դատարանը եզրափակիչ դատական ակտով իրավունքներ և պարտականություններ կարող է սահմանել միայն գործին մասնակցող անձանց համար:

7. Դատական ակտի և դատարանի պահանջների չկատարումը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:

8. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա դատարանների դատական ակտերի և արբիտրաժների ակտերի ճանաչումն ու կատարումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված կարգով:

(5-րդ հոդ. փոփ. 23.12.22 ՀՕ-576-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 26.06.23 ՀՕ-235-Ն օրենքներ)

 

i
Հոդված 6. Դատական ակտին ներկայացվող պահանջները

 

i

1. Դատական ակտը պետք է լինի օրինական:

2. Դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

 

i
Հոդված 7. Դատական ակտի օրինականությունը

 

i

1. Դատական ակտն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, սահմանադրական օրենքների, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի, այլ օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս և լուծելիս:

 

i
Հոդված 8. Դատական ակտի հիմնավորվածությունը

 

1. Դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը:

 

i
Հոդված 9. Դատական ակտի պատճառաբանվածությունը

 

1. Դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

2. Եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով, ապա դատարանը պարտավոր է դատական ակտում անդրադառնալ գործին մասնակցող անձանց կողմից դատավարական փաստաթղթերում, բանավոր բացատրություններում, հարցերին տրված պատասխաններում ներկայացված բոլոր էական փաստարկներին, վկայակոչված իրավական հիմքերին և ներկայացված ապացույցներին, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացված փաստարկները կամ իրավական հիմքերն առերևույթ սխալ են, կամ կիրառման է ենթակա հայցային վաղեմության կամ որևէ դատավարական ժամկետ, և այդ փաստարկներին, իրավական հիմքերին կամ ապացույցներին անդրադառնալն անհրաժեշտ չէ տվյալ դատական ակտի կայացման համար:

i

3. Դատական ակտը չի կարող պատճառաբանվել ենթադրություններով` բացառությամբ այնպիսի ենթադրությունների, որոնք թույլատրելի են օրենքում ամրագրված կանխավարկածներով:

4. Դատական ակտը չի կարող պատճառաբանվել վերացական դատողություններով: Դատարանը չի կարող փաստել, որ գործին մասնակցող որևէ անձ չի կատարել որևէ փաստական հանգամանք ապացուցելու պարտականությունը` առանց ցույց տալու, թե տվյալ փաստական հանգամանքն ինչ պատճառով չի կարող ապացուցված համարվել գործում առկա ապացույցներով:

5. Այն դեպքում, երբ գործի քննության ընթացքում ծագել է վեճ կիրառման ենթակա նորմի վերաբերյալ, ապա դատական ակտում պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

 

i
Հոդված 10. Վերաքննության և վճռաբեկության կարգով դատական ակտերի բողոքարկումը

 

i

1. Գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

i

2. Գործին մասնակցող անձինք ունեն վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

3. Նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

4. Գործին մասնակից չդարձած, ինչպես նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

 

ԳԼՈՒԽ 2
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

i
Հոդված 11. Հավասարությունը օրենքի և դատարանի առջև

 

1. Քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:

2. Դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

3. Դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն այնպիսի ապացույցներ, որոնց կապակցությամբ գործին մասնակցող բոլոր անձանց համար ապահովվել է դիրքորոշում հայտնելու հավասար հնարավորություն, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 12. Տնօրինչականությունը

 

1. Դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցադիմումի կամ դիմումի հիման վրա:

2. Գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ` օրենքով սահմանված կարգով:

3. Սույն օրենսգրքով սահմանված կարգով հայցվորը (դիմողը) իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու իր պահանջից, փոփոխելու հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը, պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը, կողմերը կարող են վեճը լուծել հաշտության համաձայնությամբ, սկսել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց կամ գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:

 

i
Հոդված 13. Մրցակցությունը

 

1. Քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

2. Դատարանը, պահպանելով անկախություն և անաչառություն, վարում է դատավարությունը, անհրաժեշտության դեպքում սույն օրենսգրքով սահմանված կարգով գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձանց պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, նախազգուշացնում է դատավարական գործողությունները կատարելու կամ չկատարելու հետևանքների մասին, պայմաններ է ստեղծում գործի փաստական հանգամանքները պարզելու, ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու համար:

 

Հոդված 14. Դատավարական իրավունքների չարաշահման անթույլատրելիությունը

 

1. Դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

2. Դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:

 

Հոդված 15. Գործերի քննության բանավորությունը

 

1. Դատարանում գործերի քննությունն իրականացվում է բանավոր, եթե գործի քննության այլ կարգ նախատեսված չէ սույն օրենսգրքով:

 

i
Հոդված 16. Դատավարության լեզուն

 

1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական դատավարության լեզուն հայերենն է:

i

2. Գործին մասնակցող անձինք դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացնում են հայերեն կամ այլ լեզվով` հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

3. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:

4. Գործին մասնակցող անձին, նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին, նրա միջնորդությամբ հրավիրված մասնագետին կամ վկային դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին, և գործին մասնակցող անձն ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:

5. Լսողական կամ խոսակցական խանգարումներ ունեցող անձինք, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, ապահովվում են գործի նյութերին ծանոթանալու, սույն օրենսգրքով սահմանված այլ իրավունքներից օգտվելու և պարտականություններ կրելու հնարավորությամբ` սուրդոթարգմանչի միջոցով:

6. Տեսողական խանգարումներ ունեցող անձանց համար, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, ապահովվում է դատական ակտերի հասանելիությունը` մատչելի եղանակով:

i

7. Հայաստանի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն առաջանալիս սույն հոդվածի 4-6-րդ մասերով նախատեսված դեպքերում դատարանի որոշման հիման վրա թարգմանիչ նշանակելու կարգը, թարգմանչի վարձատրության չափը և կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

 

i
Հոդված 17. Դատական վարույթի հրապարակայնությունը

 

1. Դատարանում գործը քննվում է դռնբաց դատական նիստում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ` առևտրային գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ դատական վարույթը կամ դրա մի մասը կարող է անցկացնել դռնփակ:

3. Դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու հարցը լուծվում է դռնփակության պայմաններում:

4. Դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու մասին դատարանը կայացնում է որոշում:

5. Դռնփակ դատական նիստում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ: Դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու դեպքում դատական նիստին իրավունք ունեն ներկա լինելու դատական նիստերի քարտուղարը, գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները, դատական կարգադրիչները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վկան, փորձագետը, մասնագետը և թարգմանիչը: Նշված անձինք դատարանի կողմից ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացվում են օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին:

6. Դռնփակ դատական նիստում տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառումն արգելվում է:

i

7. Դատարանի` եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

8.Դատական վարույթը կամ դրա մասը դռնփակ անցկացվելու դեպքում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է եզրափակիչ դատական ակտի եզրափակիչ մասը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն պարունակում է օրենքով պահպանվող գաղտնիք: Եզրափակիչ դատական ակտի` օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող եզրափակիչ մասը հրապարակվում է դռնփակ նիստում:

9. Դատական վարույթը կամ դրա մի մասը դատարանի որոշմամբ դռնփակ անցկացվելու դեպքում տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում կատարվում է դռնփակ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ որոշում է կայացնում գործի քննությունը դռնբաց իրականացնելու վերաբերյալ:

(17-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

 

ԳԼՈՒԽ 3
ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 18. Քաղաքացիական գործերի ենթակայությունը

 

1. Քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի և հակակոռուպցիոն դատարանին ենթակա գործերի:

2. Քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ` վարչական դատարան) կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի:

3. Դատարանի քննությանը ենթակա են նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով դատարանների իրավասությանը վերապահված այլ գործերը:

(18-րդ հոդ. փոփ. 14.04.21 ՀՕ-335-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 19. Վեճի լուծումը հաշտարարության միջոցով կամ դրա հանձնումն արբիտրաժ

 

1. Օրենքով նախատեսված դեպքերում գործին մասնակցող անձինք մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության կամ վերաքննիչ դատարանում բողոքի քննության ավարտը փոխադարձ համաձայնությամբ կարող են սկսել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց:

2. Օրենքով արբիտրաժին ենթակա վեճը մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտվելը օրենքով սահմանված կարգով գործին մասնակցող անձանց համաձայնությամբ կարող է հանձնվել արբիտրաժի լուծմանը:

3. Արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել այն վեճը, որը քննվում է հաշտարարության միջոցով: Արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել նաև այն վեճը, որի վերաբերյալ առկա է հաշտարարության վերաբերյալ համաձայնություն, և այդպիսի համաձայնության հիման վրա հաշտարարության միջոցով վեճը լուծելու հնարավորությունը չի վերացել: Եթե կողմերը հաշտարարության արդյունքով չեն հաշտվում, ապա սույն մասի սահմանափակումները չեն կիրառվում:

 

Հոդված 20. Միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործերի ենթակայությունը

 

1. Միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է առաջին ատյանի դատարանին, իսկ մյուսը` վարչական դատարանին, քննում է այն դատարանը, որին ենթակա է հիմնական պահանջը:

i

2. Հիմնական է այն պահանջը, որի բավարարումը կամ մերժումը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծումը:

 

i
Հոդված 21. Քաղաքացիական գործերի ընդհանուր տարածքային ընդդատությունը

 

1. Հայցը ներկայացվում է պատասխանողի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ քաղաքացու` հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վերջին հայտնի վայրի առաջին ատյանի դատարան, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 22. Քաղաքացիական գործերի տարածքային ընդդատությունը հայցվորի ընտրությամբ

 

1. Մի քանի պատասխանողների դեմ հայցը հայցվորի ընտրությամբ կարող է ներկայացվել պատասխանողներից որևէ մեկի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վայրի առաջին ատյանի դատարան:

2. Պատասխանողի դեմ, որը չունի հաշվառման վայր, և որի վերջին բնակության վայրն անհայտ է, հայց կարող է ներկայացվել նրա գույքի գտնվելու վայրի դատարան:

3. Կատարման վայրի վերաբերյալ ուղղակի նշում պարունակող պայմանագրից բխող հայցը կարող է ներկայացվել պայմանագրի կատարման վայրի առաջին ատյանի դատարան:

4. Ալիմենտ բռնագանձելու կամ հայրությունը որոշելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել հայցվորի հաշվառման կամ բնակության վայրի առաջին ատյանի դատարան:

5. Առողջությանը, պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին կամ կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել հայցվորի հաշվառման (գտնվելու) վայրի առաջին ատյանի դատարան կամ վնասը պատճառելու վայրի դատարան:

6. Անշարժ գույքին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել վնասը պատճառելու վայրի առաջին ատյանի դատարան:

7. Ամուսնալուծության վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել հայցվորի հաշվառման կամ բնակության վայրի առաջին ատյանի դատարան, եթե պատասխանողն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ, գտնվում է կալանքի տակ կամ դատապարտված է ազատազրկման հետ կապված պատժի, ինչպես նաև այն դեպքերում, երբ անչափահաս երեխան գտնվում է հայցվորի մոտ:

8. Իրավաբանական անձի դեմ հայցը, որը բխում է նրա ներկայացուցչության կամ մասնաճյուղի գործունեությունից, կարող է ներկայացվել համապատասխան ներկայացուցչության կամ մասնաճյուղի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

9. Շարժական գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը հայցվորի ընտրությամբ կարող է ներկայացվել նրա հաշվառման (գտնվելու) կամ բնակության վայրի կամ նրա գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

 

Հոդված 23. Պայմանագրային ընդդատությունը

 

1. Սույն օրենսգրքի 21-րդ և 22-րդ հոդվածներով սահմանված ընդդատությունը կարող է փոխվել կողմերի գրավոր համաձայնությամբ մինչև առաջին ատյանի դատարան հայցադիմում ներկայացնելը:

 

Հոդված 24. Բացառիկ տարածքային ընդդատությունը

 

1. Հողամասերի, շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասերը, շենքերը, շինություններն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների խախտումները վերացնելու վերաբերյալ հայցը ներկայացվում է հողամասի, շենքի, շինության գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

2. Անշարժ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է անշարժ գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

3. Ժառանգատուի պարտատիրոջ հայցը ներկայացվում է ժառանգի կամ կտակակատարի հաշվառման (գտնվելու) կամ բնակության, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի առաջին ատյանի դատարան:

3.1. Սույն օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված գնումների հետ կապված վեճերով գործերը քննվում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում:

4. Միաժամանակ բացառիկ և այլ տարածքային ընդդատություն ունեցող պահանջներով հայցը ներկայացվում է սույն հոդվածով սահմանված առաջին ատյանի դատարան:

(24-րդ հոդ. փոփ. 21.01.22 ՀՕ-7-Ն, 23.12.22 ՀՕ-576-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 25. Գործի հանձնումը մեկ դատարանից մեկ այլ դատարան

 

1. Դատարանը տարածքային ընդդատության կանոնների պահպանմամբ իր վարույթ ընդունած գործը պետք է քննի ըստ էության, թեկուզև այն հետագայում դարձել է ընդդատյա այլ դատարանի:

2. Դատարանը գործը հանձնում է այլ դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն վարույթ է ընդունվել սույն օրենսգրքի 24-րդ կամ 138-րդ հոդվածով սահմանված կանոնների խախտմամբ:

i

3. Դատարանը գործը հանձնում է սնանկության դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության սնանկության դատարանում:

3.1. Դատարանը գործը հանձնում է հակակոռուպցիոն դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության հակակոռուպցիոն դատարանում:

4. Սույն օրենսգրքի 21-րդ կամ 22-րդ հոդվածով սահմանված ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործը հանձնվում է այլ դատարանի քննությանը, եթե պատասխանողը մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելն առարկում է գործը տվյալ դատարանում քննելու վերաբերյալ:

5. Գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին կայացվում է որոշում:

(25-րդ հոդ. փոփ. 14.04.22 ՀՕ-335-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 26. Ընդդատության և ենթակայության մասին վեճերը

 

1. Գործն ըստ տարածքային ընդդատության կամ սնանկության դատարանից ըստ ենթակայության ստացած դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատ ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի տարածքային ընդդատությանը կամ ենթակայությանը:

2. Դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում վարչական դատարանից վերահասցեագրված հայցադիմումը վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը:

3. Հակակոռուպցիոն դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում դատարանից ըստ ենթակայության ստացած գործը վարույթ ընդունելու կամ այն Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը: Դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում հակակոռուպցիոն դատարանից ըստ ենթակայության ստացած գործը վարույթ ընդունելու կամ այն Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը:

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դեպքերում դատավորը ենթակայության հարցի որոշման համար գործը Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին կայացված որոշումը ուղարկում է գործին մասնակցող անձանց, որոնք այն ստանալու պահից եռօրյա ժամկետում կարող են գործի ենթակայության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել Վճռաբեկ դատարան:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում է գործի ընդդատությունը կամ ենթակայությունը:

6. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում Վճռաբեկ դատարանի նախագահը և Վճռաբեկ դատարանի բոլոր պալատների նախագահները գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից տասնօրյա ժամկետում որոշում են գործի ենթակայությունը:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված որոշումն ընդունելու համար Վճռաբեկ դատարանի նախագահը հրավիրում է նիստ` իր և Վճռաբեկ դատարանի բոլոր պալատների նախագահների մասնակցությամբ, որն իրավազոր է, եթե դրան մասնակցում են նիստին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք:

8. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված որոշումն ընդունվում է նիստին ներկա անձանց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկելիս ձեռնպահ մնալ չի թույլատրվում: Որոշմանը կողմ քվեարկած դատավորների կազմից և նրանց կողմից որոշված դատավորը կազմում է որոշման նախագիծը:

9. Սույն հոդվածով սահմանված կարգով որոշված դատարանը համարվում է իրավասու դատարան:

10. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով գործի ենթակայությունը սահմանելու մասին որոշում կայացվելու դեպքում չի կարող վերաքննիչ բողոք բերվել սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի հիմքով այն պատճառաբանությամբ, որ գործը ենթակա չի եղել քննության քաղաքացիական դատավարության կարգով:

(26-րդ հոդ. փոփ. 23.10.19 ՀՕ-189-Ն, 09.02.22 ՀՕ-26-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 14.04.22 ՀՕ-335-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 4
ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ

 

Հոդված 27. Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը

 

1. Առաջին ատյանի դատարանում գործերը քննում է դատավորը` միանձնյա:

2. Գործերը միանձնյա քննելիս դատավորը գործում է որպես դատարան:

3. Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենսգրքի 384-րդ և 385-րդ հոդվածներով նախատեսված հարցերով որոշումները կայացնում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով:

i

4. Առաջին ատյանի դատարանի` պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտերի, վճարման կարգադրությունների և միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննվում և դրանց վերաբերյալ որոշումները կայացվում են միանձնյա, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ ներկայացված բողոքների, որոնք վերաքննիչ դատարանը քննում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով:

5. Առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:

6. Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, վճռաբեկ բողոքը վերադարձնելու, վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու, վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հարցը լուծվում է նիստին ներկա դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, իսկ վճռաբեկ բողոքը քննվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում` հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ:

7. Կոլեգիալ կազմով որոշումներն ընդունվում են դատական կազմի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, Վճռաբեկ դատարանում` քաղաքացիական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում` հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8. Գործի կոլեգիալ քննության ժամանակ դատավորն իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց:

i

9. Մեծամասնության կարծիքին չհամաձայնվող դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նրա ստորագրությամբ նշում է կատարվում դատական ակտում: Հատուկ կարծիքն այն ներկայացրած դատավորի ստորագրությամբ կցվում է դատական ակտին:

10. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասին:

11. Հատուկ կարծիքը հրապարակվում է դատական ակտի հրապարակումից հետո` տասնօրյա ժամկետում:

(27-րդ հոդ. փոփ. 09.02.22 ՀՕ-26-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 5
ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ ԵՎ ԲԱՑԱՐԿԸ

 

i
Հոդված 28. Դատավորին բացարկ հայտնելը և դատավորի ինքնաբացարկը

 

1. Դատավորին կարող է բացարկ հայտնվել, կամ դատավորը սեփական նախաձեռնությամբ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով:

 

Հոդված 29. Ինքնաբացարկ և բացարկ ներկայացնելու և լուծելու կարգը

 

1. Առաջին ատյանի դատարանում դատավորն ինքնաբացարկ կարող է հայտնել, կամ նրան բացարկ կարող է հայտնվել մինչև նախնական դատական նիստի ավարտը, իսկ վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում` մինչև բողոքի քննությունն սկսվելը: Եթե գործը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քննվում է առանց նախնական դատական նիստ հրավիրելու, դատավորն ինքնաբացարկ կարող է հայտնել, կամ նրան բացարկ կարող է հայտնվել մինչև գործի քննության ավարտը:

2. Նախնական դատական նիստի ավարտից հետո մինչև դատաքննության ավարտն ինքնաբացարկ կամ բացարկ կարող է հայտնվել, եթե այն հայտնող անձը հիմնավորում է, որ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել նախնական դատական նիստի ավարտից հետո և մինչև այդ չէր կարող հայտնի լինել:

3. Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանում բողոքի քննությունն սկսվելուց հետո մինչև բողոքի քննության ավարտն ինքնաբացարկ կամ բացարկ կարող է հայտնվել, եթե այն հայտնող անձը հիմնավորում է, որ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել բողոքի քննությունն սկսվելուց հետո և մինչև այդ չէր կարող հայտնի լինել:

4. Բացարկը հայտնվում է գրավոր, որին կարող են կցվել դատավորի ինքնաբացարկի հիմքերը հաստատող ապացույցները:

5. Նույն հիմքով հայտնված բացարկը ենթակա չէ քննության, եթե չի ներկայացվել բացարկի հիմքը հիմնավորող նոր ապացույց:

6. Ինքնաբացարկի կամ բացարկի հարցը լուծում է դատավորը: Եթե գործը քննվում է դատավորների կոլեգիալ կազմով, և բացարկ է հայտնվել դատավորներից մեկին կամ մեկից ավելի դատավորների կամ դատական ամբողջ կազմին, ապա յուրաքանչյուր դատավոր լուծում է իրեն հայտնված բացարկի հարցը:

7. Ինքնաբացարկ կամ բացարկ հայտնելու դեպքում գործի քննությունն ընդհատվում է մինչև այդ հարցի լուծումը: Գործի քննությունը կարող է ընդհատվել, իսկ դատական նիստի ընթացքում ինքնաբացարկ կամ բացարկ հայտնելու դեպքում նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան երեք օրով:

8. Դատավորն ինքնաբացարկի կամ բացարկի հարցը քննելու արդյունքով կայացնում է որոշում, որում շարադրվում են ինքնաբացարկի կամ բացարկի հիմքերը: Դատարանի որոշումը հանձնվում կամ ուղարկվում է գործին մասնակցող անձանց ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրը:

9. Ինքնաբացարկ հայտնելու կամ բացարկը բավարարվելու դեպքում բացարկված դատավորը փոխարինվում է, և գործի քննությունն սկսվում է սկզբից:

10. Դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որոնք ենթակա են արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը:

(29-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 6
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

Հոդված 30. Դատավարության մասնակիցները

 

1. Քաղաքացիական դատավարության մասնակիցներն են (այսուհետ` դատավարության մասնակիցներ)`

1) գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները.

2) վկան.

3) փորձագետը.

4) մասնագետը.

5) թարգմանիչը.

6) իրավասու անձինք և մարմինները` օրենքով նախատեսված դեպքերում:

 

i
Հոդված 31. Գործին մասնակցող անձանց կազմը

 

i

1. Գործին մասնակցող անձինք են`

1) կողմերը.

2) երրորդ անձինք.

i

3) դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:

 

Հոդված 32. Գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները

 

1. Գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`

1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.

2) հայտնելու բացարկ.

i

3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.

4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.

5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.

6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.

7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.

8) բողոքարկելու դատական ակտերը.

9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:

2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:

 

i
Հոդված 33. Կողմերը

 

i

1. Դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:

 

Հոդված 34. Հայցվորը

 

1. Հայցվորը գործին մասնակցող այն անձն է, որն իր կամ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձի իրավունքների պաշտպանության նպատակով հայցադիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան:

2. Գործի քննության ընթացքում հայցվորի փոխարինում չի թույլատրվում, բացառությամբ իրավահաջորդության դեպքերի:

 

Հոդված 35. Պատասխանողը

 

1. Պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:

2. Գործի քննության ընթացքում պատասխանողի փոխարինումը կամ նոր պատասխանողի ներգրավումը կատարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով:

 

Հոդված 36. Դատավարությանը համահայցվորների կամ համապատասխանողների մասնակցությունը

 

1. Հայցը կարող է ներկայացվել մի քանի հայցվորի (համահայցվորների) կողմից համատեղ, ինչպես նաև ընդդեմ մի քանի պատասխանողի (համապատասխանողների):

2. Համահայցվորներից և համապատասխանողներից յուրաքանչյուրը դատավարությունում հանդես է գալիս ինքնուրույն:

3. Համահայցվորները կամ համապատասխանողները կարող են համաձայնության գալ, որ դատարանում բոլորի անունից հանդես գա իրենցից մեկը կամ մի քանիսը կամ իրենց ներկայացուցիչներից մեկը կամ մի քանիսը: Համաձայնությունը ձևակերպվում է ներկայացուցչի լիազորագրի համար սահմանված կարգով:

4. Խմբային հայցերով համահայցվորների մասնակցության առանձնահատկությունները նախատեսված են սույն օրենսգրքի 26-րդ գլխով:

 

Հոդված 37. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք

 

1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք կարող են հայցադիմում ներկայացնելու միջոցով գործի մեջ մտնել մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, իսկ սույն օրենսգրքի 40-42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով` մինչև դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտը հրապարակելը:

1.1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցադիմումը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, հայցադիմումի ընդունումը մերժվում, կամ հայցադիմումը վերադարձվում է հայցադիմումին վերաբերող սույն օրենսգրքով նախատեսված կարգով:

1.2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցադիմումն առաջին ատյանի դատարանն ընդունում է վարույթ, եթե`

1) պահանջը ներկայացվել է վեճի առարկայի նկատմամբ.

2) հայցի և գործով քննվող պահանջների համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը:

2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք օգտվում են հայցվորի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները:

3. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցով որպես պատասխանող կարող է հանդես գալ սկզբնական հայցով հայցվորը և (կամ) պատասխանողը:

(37-րդ հոդ. լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 38. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք

 

1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով` մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:

2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:

3. Եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ: Եթե հասցեատիրոջն ուղարկված ծանուցումը վերադարձվում է դատարան, կամ որևէ այլ պատճառով հասցեատերը այն չի ստանում, ապա ծանուցումն իրականացվում է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Եթե գործին մասնակցող անձը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն ազդելու է որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել տվյալ անձին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն:

5. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործին ներգրավելու կամ ներգրավելու դիմումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի ձևով:

6. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործի քննությանը ներգրավելու դեպքում գործի քննությունը շարունակվում է, եթե նա չի միջնորդում գործի քննությունը վերսկսելու մասին:

7. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:

7.1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ծանուցված անձինք իրավունք ունեն ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի նյութերը պարունակում են օրենքով պահպանվող գաղտնիք:

8. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ մինչև դատաքննության ավարտը կարող է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին հանել գործին մասնակցող անձանց կազմից, եթե ներգրավման հիմքերը վերացել են: Գործին մասնակցող անձանց կազմից երրորդ անձին հանելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի ձևով:

(38-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

i
Հոդված 39. Դիմողը

 

i

1. Դիմողն այն անձն է, որ ներկայացրել է սույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում:

 

i
Հոդված 40. Դատավարական իրավահաջորդությունը

 

1. Դատավարությունից գործին մասնակցող անձանցից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում և այլն) դատարանը որոշում է կայացնում գործին մասնակցող անձին նրա իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ:

2. Դատավարական իրավահաջորդությունը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում:

3. Դատավարությունից հայցվորի դուրս գալու դեպքում հայցվորի փոխարինումը տեղի է ունենում հայցվորի իրավահաջորդի միջնորդությամբ:

4. Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:

 

Հոդված 41. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունը գործին

 

1. Պետական մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում իրավասու են դատարան դիմելու պետության շահերի պաշտպանության հայցով:

2. Տեղական ինքնակառավարման մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում վարչական շրջանի ղեկավարն իրավունք ունեն դիմելու դատարան համայնքի շահերի պաշտպանության հայցով:

3. Դատախազը սույն օրենսգրքով նախատեսված կարգով պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացնում օրենքով նախատեսված դեպքերում:

 

Հոդված 42. Գործին մասնակցող անձի ներկայացուցիչը

 

i

1. Գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:

 

Հոդված 43. Վկան

 

1. Վկա կարող է լինել ցանկացած ֆիզիկական անձ, որին կարող է հայտնի լինել տվյալ գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ փաստի մասին տեղեկություն:

2. Որպես վկա չեն կարող հարցաքննվել`

1) ներկայացուցիչը` գործի այն փաստերի առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս, եթե այլ բան նախատեսված չէ ներկայացուցչի և ներկայացվող անձի փոխադարձ համաձայնությամբ.

2) փաստաբանները` պարզելու համար տեղեկություններ, որոնք նրանց կարող են հայտնի լինել` կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ, եթե այլ բան նախատեսված չէ փաստաբանի և վստահորդի փոխադարձ համաձայնությամբ.

3) Մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստերի առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս.

4) դատավորը, արբիտրը կամ հաշտարարը` իր կողմից կամ իր մասնակցությամբ քննված որևէ գործի վերաբերող քննարկումների առնչությամբ.

5) ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` գործի այն փաստերի մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ.

6) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամը` իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո` պաշտոնավարման ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի առնչությամբ:

3. Դատարանում որպես վկա ցուցմունք տալուց որոշակի հարցերին չպատասխանելու իրավունք ունեն`

1) անձինք` իրենց, իրենց ամուսնու կամ մերձավոր ազգականների` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ամուսնու ծնողի կամ զավակի ամուսնու վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ.

2) լրագրողները` գործի փաստերին վերաբերող այն տեղեկությունների առնչությամբ, որոնցով կարող է բացահայտվել այդ տեղեկությունների աղբյուրը:

4. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հարցաքննությունը որպես վկա` Մարդու իրավունքների պաշտպանի մոտ գտնվող բողոքի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի որոշման, ինչպես նաև իրենց մոտ գտնվող բողոքի կամ բողոքին առնչվող փաստաթղթի էության վերաբերյալ, հնարավոր է միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրավոր համաձայնությամբ:

5. Եթե որպես վկա ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի շուրջ ծագում է վեճ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում դրա վերաբերյալ, որը պարտադիր է դատավարության մասնակիցների համար:

i

6. Վկայի կողմից սուտ ցուցմունք տալը կամ ցուցմունք տալուց հրաժարվելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն:

(43-րդ հոդ. փոփ. 03.03.21 ՀՕ-106-Ն օրենք)

 

Հոդված 44. Փորձագետը

 

1. Որպես փորձագետ կարող է հանդես գալ համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում` նաև որակավորում (թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր և այլն) ունեցող գործունակ ֆիզիկական անձը:

2. Անձը, որին հանձնարարված է փորձաքննություն կատարել, պարտավոր է ներկայանալ առաջին ատյանի դատարանի կանչով և օբյեկտիվ եզրակացություն տալ իրեն առաջադրված հարցերի վերաբերյալ:

3. Փորձագետն իրավունք ունի, եթե դա անհրաժեշտ է եզրակացություն տալու համար`

1) ծանոթանալու գործի նյութերին.

2) մասնակցելու դատական նիստերին.

3) դատարանի թույլտվությամբ հարցեր տալու դատավարության մասնակիցներին.

4) խնդրելու դատարանին իրեն տրամադրել լրացուցիչ նյութեր:

4. Փորձագետն իրավունք ունի նաև`

1) հրաժարվելու փորձաքննություն կատարելուց, եթե չի տիրապետում անհրաժեշտ գիտելիքների կամ հմտությունների.

2) մատուցված ծառայությունների համար ստանալու վճարում.

3) ստանալու իր կատարած ծախսերի փոխհատուցում:

5. Իրեն տրամադրված նյութերի անբավարարության դեպքում փորձագետը կարող է հրաժարվել եզրակացություն տալուց:

6. Նյութերի անբավարարության հիմքով փորձագետի` եզրակացություն տալուց հրաժարվելը պետք է պատճառաբանված լինի:

7. Դատարանն իրավունք ունի դատական տուգանք նշանակելու այն փորձագետի նկատմամբ, որ անհիմն հրաժարվում կամ խուսափում է փորձաքննություն նշանակելու մասին դատարանի որոշումը կատարելուց:

i

8. Փորձագետը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար:

 

Հոդված 45. Մասնագետը

 

1. Մասնագետը տեսական կամ կիրառական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձն է, որը գործին մասնակցող անձի միջնորդությամբ հրավիրվում է դատական նիստին` գործի քննության համար նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ առանց նախնական հետազոտությունների իրականացման մասնագիտական բացատրություններ տալու համար:

2. Որպես մասնագետ կարող է հրավիրվել համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում` նաև որակավորում (թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր և այլն) ունեցող լրիվ գործունակ անձը:

3. Անձը, որին դատարանը հրավիրել է որպես մասնագետ, պարտավոր է ներկայանալ առաջին կանչով և դատական նիստում տալ բանավոր բացատրություններ:

4. Մասնագետն իրավունք ունի դատարանի թույլտվությամբ ծանոթանալու գործի նյութերին, մասնակցելու դատական նիստերին, խնդրելու դատարանին տրամադրել լրացուցիչ նյութեր:

5. Մասնագետը կարող է հրաժարվել բացատրություններ տալ այն հարցերի վերաբերյալ, որոնք դուրս են իր հատուկ գիտելիքների շրջանակներից, պահանջում են փորձաքննության անցկացում, ինչպես նաև այն դեպքերում, երբ իրեն տրամադրված նյութերն անբավարար են դատարանի և գործին մասնակցող անձանց հարցերին պատասխանելու համար:

i

6. Մասնագետը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ակնհայտ կեղծ բացատրություններ տալու համար:

 

Հոդված 46. Թարգմանիչը

 

1. Թարգմանիչ կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, որ տիրապետում է թարգմանության համար անհրաժեշտ լեզուներին: Թարգմանիչն իրավունք ունի ճիշտ և ամբողջական թարգմանությունն ապահովելու նպատակով հարցեր տալու դատավարության մասնակիցներին և դատարանին: Դատարանը նախազգուշացնում է թարգմանչին ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար քրեական պատասխանատվության մասին:

2. Դատավորը, վկան, փորձագետը կամ դատական նիստերի քարտուղարն իրավունք չունեն ստանձնելու թարգմանչի պարտականություններ: Գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կարող են ստանձնել թարգմանչի պարտականություններ, եթե նրանց միջև չկա շահերի հակասություն:

i

3. Պետության հաշվին տրամադրվող թարգմանիչը պետք է լինի որակավորված: Թարգմանչի որակավորման կարգը սահմանում է Կառավարությունը:

 

i
Հոդված 47. Իրավասու անձինք և մարմինները

 

1. Իրավասու են համարվում այն անձինք կամ մարմինները, որոնց մասնակցությունը որոշակի բնույթի գործերով, օրենքի համաձայն, պարտադիր է:

 

ԳԼՈՒԽ 7
ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

 

i
Հոդված 48. Գործի վարումը ներկայացուցչի միջոցով

 

i

1. Գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

2. Անձնական մասնակցությունը գործին չի զրկում գործին մասնակցող անձին` այդ գործով ներկայացուցիչ ունենալու իրավունքից:

3. Գործին մասնակցող անձը կարող է ինքնուրույն կատարել բոլոր դատավարական գործողությունները նաև այն ժամանակ, երբ տվյալ գործը վարելու համար լիազորել է մեկ կամ մի քանի ներկայացուցչի, բացառությամբ սույն օրենսգրքի 225-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

4. Ներկայացուցչի կատարած դատավարական գործողությունները գործին մասնակցող անձի համար նույնքան պարտադիր են, որքան այն դեպքերում, երբ գործին մասնակցող անձն ինքը դրանք կատարեր:

i

5. Դատական ներկայացուցչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` ներկայացուցչության մասին դրույթները, սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

 

i
Հոդված 49. Ի պաշտոնե ներկայացուցիչները

 

i

1. Սույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված անձինք համարվում են գործին մասնակցող անձի ի պաշտոնե ներկայացուցիչներ:

i

2. Դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:

i

3. Հայաստանի Հանրապետությանն իրենց իրավասության սահմաններում դատարանում ներկայացնում են պետական համապատասխան մարմինները` այդ մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի միջոցով:

4. Որպես համայնքի ներկայացուցիչ` դատարանում իր իրավասության սահմաններում ի պաշտոնե հանդես է գալիս համայնքի ղեկավարը կամ նրա տեղակալը:

i

5. Սնանկ ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց շահերը օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնում է սնանկության կառավարիչը: Լուծարման գործընթացում գտնվող իրավաբանական անձանց շահերը ներկայացնում է լուծարային հանձնաժողովի նախագահը:

6. Այն գործով, որին պետք է մասնակցեր օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված անձը, որպես նրա ներկայացուցիչ հանդես է գալիս նրա գույքի հավատարմագրային կառավարիչ նշանակված անձը:

7. Այն գործով, որին պետք է մասնակցեր մահացած կամ մահացած ճանաչված անձի ժառանգը, եթե ժառանգությունը դեռևս ոչ ոք չի ընդունել, որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես է գալիս ժառանգական գույքի պահպանման և կառավարման համար նշանակված անձը:

 

Հոդված 50. Օրինական ներկայացուցիչները

 

1. Անչափահասի, սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչված անձի անունից դատարանում հանդես է գալիս նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը (որդեգրողը), հոգաբարձուն կամ խնամակալը:

2. Օրենքով սահմանված դեպքերում դատարանում որպես օրինական ներկայացուցիչ կարող են հանդես գալ նման լիազորություն ունեցող այլ անձինք:

 

i
Հոդված 51. Գործի վարումն ի պաշտոնե և օրինական ներկայացուցչի կողմից այլ անձի հանձնարարելը

 

i

1. Ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի:

 

i
Հոդված 52. Դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձինք

 

1. Դատարանում ներկայացուցչությունն իրականացնում են փաստաբանները, այդ թվում` օրենքով սահմանված կարգով հավատարմագրված օտարերկրյա փաստաբանները:

2. Դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև`

1) սույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված անձինք.

i

2) սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, վարչական շրջանի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են.

3) անձինք, որոնք`

ա. անվճար ներկայացնում են իրենց ծնողի, զավակի, պապի, տատի, թոռան, հորեղբոր, հորաքրոջ, մորեղբոր, մորաքրոջ, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, վերջիններիս ամուսնու կամ զավակի, ինչպես նաև իր ամուսնու կամ նրա ծնողի, զավակի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ շահերը,

i

բ. վճարովի կամ անվճար ներկայացնում են այն իրավաբանական անձի շահերը, որի կանոնադրական կապիտալի բաժնեմասերի կամ բաժնետոմսերի քսան և ավելի տոկոսը պատկանում է իրենց կամ սույն կետի «ա» ենթակետում նշված անձանց:

3. Միևնույն անձը գործի քննության ընթացքում կարող է միաժամանակ լինել այդ գործին մասնակցող երկու կամ ավելի անձանց ներկայացուցիչ, եթե նրանց շահերի միջև չկա հակասություն:

(52-րդ հոդ. փոփ. 25.03.20 ՀՕ-189-Ն օրենք)

 

i
Հոդված 53. Դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու արգելքը

 

i

1. Դատարանում ներկայացուցիչներ չեն կարող լինել օրենքով սահմանված կարգով որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք չունեցող անձինք, ինչպես նաև այն անձինք, որոնք մասնակցում են տվյալ գործի քննությանը որպես դատական նիստերի քարտուղար, թարգմանիչ, փորձագետ, մասնագետ, վկա կամ մասնակցել են տվյալ գործի քննությանը` որպես հակառակ կողմի ներկայացուցիչ:

 

Հոդված 54. Ներկայացուցչին գործի քննությունից հեռացնելը

 

1. Սույն օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված պահանջների խախտմամբ ներկայացուցչություն իրականացնող անձին դատարանը հեռացնում է գործի քննությունից:

i

2. Մինչև գործի քննությունից հեռացվելը ներկայացուցչի կատարած դատավարական գործողությունները պարտադիր են գործին մասնակցող անձի համար, եթե նա հավանություն է տալիս այդ գործողություններին:

 

i
Հոդված 55. Ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթղթերը

 

i

1. Գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են`

1) ֆիզիկական անձի` ոչ փաստաբանին տված լիազորագրով` վավերացված նոտարի կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից.

i

2) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձի, պետական մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի, ինչպես նաև համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի, վարչական շրջանի ղեկավարի` սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով.

i

3) փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

2. Դատական նիստին ներկայացուցչի հետ գործին մասնակցող անձն իրավունք ունի իր ներկայացուցչի լիազորությունները հաստատելու դատարանի առջև` բանավոր սահմանելով ներկայացուցչի լիազորությունների ծավալը:

i

3. Օրինական և ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են նրա կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթերով:

4. Սույն հոդվածում նշված փաստաթղթերի բնօրինակները դատարանի ստուգելուց հետո կարող են վերադարձվել այն ներկայացրած անձին` դատարանի հաստատած պատճենները կցելով գործի նյութերին:

(55-րդ հոդ. փոփ. 25.03.20 ՀՕ-189-Ն, 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

i
Հոդված 56. Ներկայացուցչի լիազորությունները

 

1. Դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ`

1) հայցադիմումը ստորագրելու.

2) արբիտրաժային համաձայնություն կնքելու և վեճն արբիտրաժ հանձնելու վերաբերյալ համաձայնություն տալու.

3) հայցապահանջներից ամբողջովին կամ մասնակիորեն հրաժարվելու.

4) հայցապահանջներն ամբողջովին կամ մասնակիորեն ընդունելու.

5) հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոխելու.

6) հաշտության համաձայնություն կնքելու.

7) հաշտարարության վերաբերյալ համաձայնություն կնքելու.

8) արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթացին մասնակցելու.

9) լիազորություններն այլ անձի փոխանցելու (վերալիազորում կատարելու).

i

10) դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերն ստանալու.

i

11) դատական ակտը բողոքարկելու.

12) կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում ներկայացնելու:

i

2. Սույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչների վրա:

4. Լիազորագիր տված և այն հետագայում վերացրած գործին մասնակցող անձը պարտավոր է լիազորագրի վերացման մասին անհապաղ տեղեկացնել դատարանին: Մինչև լիազորագրի վերացման մասին դատարանին տեղեկացնելը ներկայացուցչի կատարած դատավարական գործողությունները պարտադիր են գործին մասնակցող անձի համար:

 

ԳԼՈՒԽ 8
ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ

 

i
Հոդված 57. Ապացույցի հասկացությունը

 

i

1. Ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

 

i
Հոդված 58. Ապացույցի վերաբերելիությունը

 

i

1. Վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի:

2. Դատարանը հետազոտում և գնահատում է միայն այն ապացույցները, որոնք, հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասի պահանջը, կարող են հաստատել կամ ժխտել գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստերը:

 

i
Հոդված 59. Ապացույցի թույլատրելիությունը

 

i

1. Փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

2. Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է:

 

Հոդված 60. Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի (ապացուցման առարկայի) շրջանակը որոշելը

 

i

1. Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:

2. Գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:

 

i
Հոդված 61. Ապացուցելուց ազատվելու հիմքերը

 

1. Հանրահայտ փաստերն ապացուցման կարիք չունեն:

2. Նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

3. Քրեական վարույթով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված որոշակի արարքների և դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերն այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն:

4. Նոտարական գործողության արդյունքով նոտարի հաստատած փաստն ապացուցման ենթակա չէ, եթե նոտարական կարգով վավերացված փաստաթղթի իսկությունը վիճարկված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով, կամ նոտարական գործողությունը չի ճանաչվել ոչ իրավաչափ` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

i

5. Գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր), բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ`

1) առկա են ողջամիտ կասկածներ, որ փաստն ընդունվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով, ճշմարտությունը թաքցնելու կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով.

2) այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված որոշակի ապացույցով.

3) այդ փաստի հաստատումն անխուսափելիորեն ազդում է գործին չմասնակցող անձի` գործին մասնակցող անձանցից որևէ մեկի նկատմամբ ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:

6. Գործին մասնակցող անձի կողմից հաշտարարության ընթացքում որևէ փաստի ընդունումը չի կարող հիմք հանդիսանալ դատավարության ընթացքում այդ փաստը հաստատված համարելու համար:

(61-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-182-Ն օրենք)

 

i
Հոդված 62. Ապացուցման պարտականությունը

 

i

1. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

2. Գործին մասնակցող անձի պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստը ժխտող անձի վրա չի կարող դրվել այդ փաստի բացակայությունն ապացուցելու պարտականություն, բացառությամբ սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված և օրենքով սահմանված այլ դեպքերի:

3. Պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը կատարված լինելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է պարտապանը: Պարտավորությունը ոչ պատշաճ կատարված լինելու փաստը պետք է ապացուցի այդ փաստը վկայակոչող գործին մասնակցող անձը:

4. Եթե գործին մասնակցող անձի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով գտնվում է միայն գործին մասնակցող այլ անձի մոտ, ապա վկայակոչված փաստը համարվում է հաստատված, քանի դեռ գործին մասնակցող համապատասխան անձը հակառակը չի ապացուցել:

5. Գործին մասնակցող անձն իրավունք չունի ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա ձեռքբերմանը և հետազոտմանը` գործին մասնակցող մյուս անձանց համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը: Նման փաստերի առկայության դեպքում ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները կրում է խոչընդոտող անձը:

i

6. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:

(62-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 63. Ապացույցներ ներկայացնելը

 

1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:

2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:

3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:

4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար:

 

i
Հոդված 64. Ապացույցներ պահանջելը

 

1. Գործին մասնակցող անձը կարող է գործին մասնակցող այլ անձից ապացույց պահանջելու միջնորդությամբ դիմել գործը քննող առաջին ատյանի դատարան:

2. Գործին մասնակցող անձը, որին օրենքով սահմանված ժամկետում չի տրամադրվել համապատասխան ապացույցը, կամ այդ ապացույցի տրամադրումն առանց դատարանի որոշման արգելված է օրենքով, կարող է գործին մասնակից չհանդիսացող անձից այդ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել առաջին ատյանի դատարան:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդության մեջ պետք է նշվեն համապատասխան ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն փաստերը, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաև ապացույցի գտնվելու վայրը, եթե այն հայտնի է, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում` նաև այդ ապացույցն ինքնուրույն ձեռք բերելու անհնարինության փաստը հաստատող հիմնավորումը:

i

4. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացույցը պահանջելու մասին որոշում, որում նշվում են`

1) քաղաքացիական գործի համարը և գործին մասնակցող անձանց համապատասխանաբար անունը, ազգանունը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում` նաև հայրանունը (այսուհետ` անուն) կամ անվանումը,

2) այն ապացույցները, որոնք պետք է ներկայացվեն դատարան,

3) ապացույցները ներկայացնելու ժամկետը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ներկայացման կարգը,

4) դատարանի որոշումը չկատարելու համար սույն հոդվածով նախատեսված հետևանքների մասին պարզաբանում:

4.1. Դատարանը կարող է ապացույց պահանջելու մասին միջնորդությունը բավարարել առանց ապացույց պահանջելու մասին առանձին ակտի ձևով որոշման կայացման, եթե դատարանը պահանջվող տեղեկատվությունը կարող է ստանալ սույն օրենսգրքի 64.1-ին հոդվածով սահմանված կարգով:

5. Առաջին ատյանի դատարանի սահմանած ժամկետում ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը գրավոր դիմում է առաջին ատյանի դատարան` հայցելով կատարման նոր ժամկետ` նշելով առաջին ատյանի դատարանի սահմանած ժամկետում որոշման կատարման անհնարինության պատճառները: Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է սահմանել որոշման կատարման նոր ժամկետ:

6. Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը գրավոր դիմում է առաջին ատյանի դատարան` հայտնելով որոշման կատարման անհնարինության մասին` նշելով անհնարինության պատճառները: Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է հարգելի ճանաչել ապացույցը չներկայացնելու պատճառները:

7. Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու համար նոր ժամկետ չսահմանելու կամ ապացույցը չներկայացնելու պատճառները հարգելի չճանաչելու դեպքում առաջին ատյանի դատարանը ապացույց պահանջելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման, իսկ այդ անձի նկատմամբ նշանակում է տուգանք:

i

8. Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(64-րդ հոդ. փոփ. 09.07.19 ՀՕ-129-Ն, 23.12.22 ՀՕ-576-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 64.1. Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկություններ ձեռք բերելը

 

1. Դատարանը միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով կարող է գործի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերել այլ մարմիններից և անձանցից:

2. Դատարանին անհրաժեշտ տեղեկատվությունն էլեկտրոնային տեղեկատվական համակարգում ինքնաշխատ գեներացվում է հարցմամբ ներկայացված տեղեկությունների հիման վրա: Հարցման պատասխանն ինքնաշխատ պատրաստվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով, որը հավաստվում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգի կողմից: Էլեկտրոնային տեղեկատվական համակարգից հարցման պատասխանի արտատպված օրինակը հավասարեցվում է տեղեկությունը տնօրինող համապատասխան մարմնից դիմումի կամ որոշման հիման վրա ստացված պատասխանին:

(64.1-ին հոդ. լրաց. 23.12.22 ՀՕ-576-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 65. Ապացույցների ապահովումը

 

1. Գործին մասնակցող անձը, որը գտնում է, որ անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը կարող է դժվար կամ անհնարին դառնալ, դատավարության ընթացքում իրավունք ունի այդ ապացույցների ապահովման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու առաջին ատյանի դատարան:

2. Ապացույցների ապահովման մասին միջնորդության մեջ պետք է նշվեն ապահովման կարիք ունեցող ապացույցները, այն փաստերը, որոնց հաստատման համար դրանք անհրաժեշտ են, և պատճառները, որոնք հիմք են ծառայել դրանք ապահովելու միջնորդությամբ դիմելու համար:

3. Ապացույցների ապահովման մասին միջնորդությունը քննվում է անհապաղ` առանց դատական նիստ հրավիրելու: Նախնական դատական նիստում ներկայացված միջնորդությունը քննվում է տվյալ նիստի ընթացքում:

4. Ապացույցների ապահովման մասին միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` նշելով, թե ինչ ձևով պետք է իրականացվի ապացույցի ապահովումը:

5. Ապացույցների ապահովումը կարող է իրականացվել վկաներին և գործին մասնակցող անձանց, մասնագետին հարցաքննելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ զննելով, փորձաքննություն նշանակելով, փորձագետին հարցաքննելով:

6. Ապացույցների ապահովումն իրականացվում է դատական նիստում, որի ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են գործին մասնակցող անձինք: Գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ ապացույցների ապահովումն իրականացնելու համար:

7. Ապացույցների ապահովումն իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու և գործին մասնակցող անձանց ծանուցելու սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ ապացույցների ապահովման միջնորդություն ներկայացնող անձը հիմնավորում է, որ ապացույցների ապահովման մասին գործին մասնակցող անձանց ծանուցելու հետևանքով համապատասխան ապացույցն ապահովելը կարող է անհնարին դառնալ:

 

i
Հոդված 66. Ապացույցների գնահատումը

 

i

1. Դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

2. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

3. Դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

4. Դատարանի համար որևէ փաստ նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված դեպքերի:

 

i
Հոդված 67. Ապացույցի տեսակները

 

1. Ապացույցի տեսակներն են`

1) վկայի ցուցմունքը.

2) գրավոր ապացույցները.

3) իրեղեն ապացույցները.

4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները.

5) փորձագետի եզրակացությունը.

6) մասնագետի բացատրությունը:

 

Հոդված 68. Վկա կանչելը և նրա ցուցմունքը

 

1. Առաջին ատյանի դատարանը ցուցմունք տալու համար վկա կանչում է գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև իր նախաձեռնությամբ:

2. Վկա կանչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս պետք է նշվի այն փաստը, որի վերաբերյալ վկան պետք է հարցաքննվի, վկայի անունը և հասցեն:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պահանջը չկատարելը վկա կանչելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու հիմք է:

 

Հոդված 69. Դատական նիստին ներկայանալու վկայի պարտականությունը

 

1. Վկան պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ առաջին ատյանի դատարան:

2. Դատական ծանուցագիր ստացած և դատական նիստին ներկայանալու հնարավորություն չունեցող վկան պարտավոր է մինչև դատական նիստն այդ մասին հայտնել առաջին ատյանի դատարանին` նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառները:

3. Եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք: Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:

i

4. Որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 70. Վկայի հարցաքննությունը դատական հանձնարարության կարգով

 

1. Վկան կարող է իր բնակության վայրի առաջին ատյանի դատարանի կողմից հարցաքննվել դատական հանձնարարության կարգով, եթե.

1) վկայի ներկայանալը դատաքննությանը նպատակահարմար չէ մեծ հեռավորության պատճառով.

2) վկան հիվանդության կամ այլ պատճառով ի վիճակի չէ լքել իր գտնվելու վայրը:

2. Գործը քննող առաջին ատյանի դատարանը կայացնում է դատական հանձնարարության մասին որոշում, որում համառոտ շարադրվում են քննվող գործի էությունը, պարզաբանման ենթակա հարցերի շրջանակը, հարցաքննության ենթակա վկայի տվյալները:

3. Վկայից ցուցմունք վերցնելու վերաբերյալ դատական հանձնարարության մասին որոշումը պարտադիր է հանձնարարությունն ստացած առաջին ատյանի դատարանի համար և պետք է կատարվի այն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում:

4. Դատական հանձնարարությունը կատարվում է դատական նիստում` սույն օրենսգրքով սահմանված կանոններով:

5. Դատական հանձնարարության կատարման կամ դրա անհնարինության մասին կայացվում է որոշում, որը դատական նիստի արձանագրության հետ անհապաղ ուղարկվում է գործը քննող առաջին ատյանի դատարան:

 

Հոդված 71. Վկայի ցուցմունքի հետազոտումը

 

1. Մինչև վկային հարցաքննելն առաջին ատյանի դատարանը պարզում է այդ անձին տվյալ գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ փաստի վերաբերյալ որպես վկա հարցաքննելու` սույն օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արգելքների բացակայությունը, ինչպես նաև պարզաբանում է սույն օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքը:

2. Յուրաքանչյուր վկա հարցաքննվում է առանձին` իրենից հետո հարցաքննության ենթակա մյուս վկաների բացակայությամբ: Առաջին ատյանի դատարանը պետք է ձգտի վկաների հարցաքննությունը կազմակերպել առավել սեղմ ժամկետում` առանց արդարադատության շահերին վնասելու: Անհրաժեշտության դեպքում դատարանը միջոցներ է ձեռնարկում դատարանում միմյանց հետ վկաների շփումը բացառելու համար:

3. Առաջին ատյանի դատարանը նախազգուշացնում է վկային սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության մասին: Առաջին ատյանի դատարանը վկայից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:

4. Տասնվեց տարեկան չդարձած վկային առաջին ատյանի դատարանը բացատրում է ցուցմունք տալու և միայն ճշմարտությունը հայտնելու կարևորությունը` առանց նախազգուշացնելու սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

5. Տասնվեց տարեկան չդարձած վկայի հարցաքննության ընթացքում առաջին ատյանի դատարանը հետևում է, որ հարցաքննության մեթոդը կամ հարցերը չշփոթեցնեն վկային կամ չենթարկեն նրան անհարկի հոգեբանական ճնշման, և այդ նպատակով կարող է հանել ցանկացած հարց, ընդմիջել կամ դադարեցնել վկայի հարցաքննությունը:

6. Անչափահաս վկայի հարցաքննությանն առաջին ատյանի դատարանը ներգրավում է անչափահասի օրինական ներկայացուցչին, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահասների հարցաքննությանը` նաև մանկական հոգեբանի կամ մանկավարժի: Տասնչորս տարեկան չդարձած վկայի հարցաքննության ժամանակ գործին մասնակցող անձինք հեռացվում են դատական նիստերի դահլիճից, եթե ունեն ներկայացուցիչ, և եթե նրանց մասնակցությունը կարող է ազդել վկայի ցուցմունքների վրա: Հեռացված գործին մասնակցող անձի ներկայացուցիչը մասնակցում է նիստին:

7. Վկայի հարցաքննությունն սկսվում է նրա անվան, ծննդյան վայրի, զբաղմունքի, բնակության վայրի և գործին մասնակցող անձանց հետ ունեցած հարաբերությունների բնույթի մասին առաջին ատյանի դատարանի կողմից նրան ուղղված հարցերով:

8. Մինչև հարցաքննությունն սկսելն առաջին ատյանի դատարանը պարզում է վկայի իրազեկվածությունն այն փաստերի վերաբերյալ, որոնց շուրջ նա պետք է հարցաքննվի:

9. Առաջին ատյանի դատարանը վկայի հարցաքննության ժամանակ հարցեր է տալիս գործին մասնակցող անձանց կողմից հարցեր տրվելուց հետո, իսկ վկայի ցուցմունքի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կարող է նրան հարցեր տալ ցանկացած պահի:

10. Գործին մասնակցող անձի միջնորդությամբ առաջին ատյանի դատարան կանչված վկային առաջին հերթին հարցաքննում է միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձը, այնուհետև նրա կողմում հանդես եկող այլ անձինք, իսկ հետո` հակառակ կողմը:

11. Վկային կարող են տրվել միայն այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են վկա կանչելու վերաբերյալ միջնորդության մեջ նշված փաստին կամ նրա ցուցմունքների արժանահավատության հետ կապված հանգամանքներին, այդ թվում` մյուս կողմի հետ նրա հարաբերություններին: Այս շրջանակից դուրս տրված հարցերն առաջին ատյանի դատարանը հանում է իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ:

12. Վկայի հարցաքննության ընթացքում հուշող կամ պատասխանն այլ կերպ ուղղորդող հարցեր չեն թույլատրվում: Առաջին ատյանի դատարանը կարող է հանել հուշող կամ ուղղորդող հարցն իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ:

13. Վկան ցուցմունք տալու ընթացքում առաջին ատյանի դատարանի թույլտվությամբ կարող է օգտվել գրավոր նշումներից, եթե նրա ցուցմունքները կապված են որևէ թվային կամ այլ տվյալների հետ, որոնք դժվար է մտապահել: Գրավոր նշումներն անհրաժեշտության դեպքում կարող են կցվել գործին:

14. Անհրաժեշտության դեպքում գործին մասնակցող անձի միջնորդությամբ առաջին ատյանի դատարանը կարող է վերսկսել վկայի հարցաքննությունը:

15. Հարցաքննված վկան կարող է հեռանալ դատարանից, եթե առաջին ատյանի դատարանը նրան չի պարտավորեցրել չհեռանալ:

16. Վկայի հաղորդած տեղեկություններն ապացույց չեն, եթե նա չի կարողանում հստակ նշել իր իրազեկության աղբյուրը:

 

Հոդված 72. Գործին մասնակցող անձի` որպես վկայի ցուցմունքը

 

1. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է թույլատրել տվյալ անձին ցուցմունք տալ գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ` սույն օրենսգրքով վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:

2. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է առաջարկել, որ գործին մասնակցող այլ անձը ցուցմունք տա գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ` վկայի ցուցմունքի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:

3. Եթե որպես վկա հանդես եկող գործին մասնակցող անձը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք տալուց կամ գործին մասնակցող անձի հարցին պատասխանելուց, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող այլ անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել գործին մասնակցող անձի հրաժարվելը կամ խուսափելը ցուցմունք տալուց կամ պատասխանելուց, իսկ գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա այն փաստերը, որոնց վերաբերյալ գործին մասնակցող անձը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, համարել ապացուցված:

i

4. Առաջին ատյանի դատարանը նախազգուշացնում է գործին մասնակցող անձին սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին: Դատարանը գործին մասնակցող անձից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:

 

i
Հոդված 73. Առերես հարցաքննությունը

 

1. Եթե նախօրոք հարցաքննված երկու անձանց ցուցմունքները հակասում են միմյանց, ապա գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ առաջին ատյանի դատարանի նախաձեռնությամբ նրանք կարող են հարցաքննվել առերես:

2. Առերես հարցաքննությունը կատարվում է հարցաքննության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:

3. Առերես հարցաքննության սկզբում առաջին ատյանի դատարանը ճշտում է, թե արդյոք անձինք, որոնց միջև կատարվում է առերեսում, ճանաչում են իրար և ինչ հարաբերությունների մեջ են միմյանց հետ:

4. Առերես հարցաքննության կանչված անձանց առաջարկվում է հերթով ցուցմունքներ տալ այն փաստերի վերաբերյալ, որոնք պարզելու համար կատարվում է առերեսումը:

5. Սկզբում հարցեր է տալիս առերես հարցաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձը: Դրանից հետո առերես հարցաքննվող անձանց հարցեր են տալիս գործին մասնակցող այլ անձինք և դատարանը:

6. Առերես հարցաքննությունից հետո առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ հրապարակում է առերես հարցաքննության կանչված անձանց` նախորդ հարցաքննության ժամանակ տված ցուցմունքները:

 

Հոդված 74. Գրավոր ապացույցը

 

i

1. Գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը):

2. Գրավոր ապացույցներ են համարվում նաև էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցով ստացված տեղեկությունները:

3. Գրավոր ապացույցը ներկայացվում է բնօրինակով կամ պատճենի ձևով: Բնօրինակը պարտադիր ներկայացվում է առաջին ատյանի դատարանի պահանջով կամ այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով: Բնօրինակը, իսկ այն ներկայացնելու անհնարինության դեպքում դրա պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու դեպքում առաջին ատյանի դատարանը պատճենը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից:

4. Առաջին ատյանի դատարանն օտարալեզու գրավոր ապացույցը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից, եթե գործին մասնակցող անձը չի ներկայացնում գրավոր ապացույցի հայերեն պատշաճ թարգմանությունը:

5. Էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութը ներկայացվում է թղթի վրա տպված վիճակում: Դատարանը կարող է սահմանել էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութը ներկայացնելու այլ կարգ:

6. Եթե քննվող գործին վերաբերում է փաստաթղթի միայն մի մասը, ապա գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել դրա քաղվածքը: Առաջին ատյանի դատարանը կարող է քաղվածք ներկայացրած գործին մասնակցող անձից պահանջել ներկայացնել ամբողջական փաստաթուղթը, եթե քաղվածքը վավերացված չէ օրենքով սահմանված կարգով կամ պարունակում է փաստաթղթի մյուս մասերի վերաբերյալ տեղեկատվություն, և դրա բովանդակությունը կարող է պարզվել փաստաթղթի մյուս մասի կամ ամբողջ փաստաթղթի բովանդակությամբ: Ամբողջական փաստաթուղթը չներկայացնելու դեպքում տվյալ ապացույցը մի մասով կամ ամբողջությամբ հանվում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից:

7. Գործի քննության ընթացքում գրավոր ապացույցների բնօրինակները հետազոտելուց հետո դատարանը դրանք կարող է վերադարձնել ներկայացրած անձին, եթե նա միջնորդում է այդ մասին, և նման միջնորդության բավարարումը չի խոչընդոտում ապացույցների հետագա հետազոտմանը: Այս դեպքում գործին կցվում է փաստաթղթի բնօրինակի` դատարանի կնիքով հաստատված պատճենը կամ քաղվածքը:

8. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո փաստաթղթերի բնօրինակները դրանք ներկայացրած անձանց միջնորդությամբ դատարանը վերադարձնում է, եթե այդ փաստաթղթերը վերադարձնելը չի հակասի վճռի բովանդակությանը և էությանը: Փաստաթղթերի բնօրինակները վերադարձնելու դեպքում գործում թողնվում է փաստաթղթի բնօրինակի` դատարանի կնիքով հաստատված պատճենը կամ քաղվածքը:

 

Հոդված 75. Գրավոր ապացույց թույլատրելու մասին միջնորդությունը

 

1. Գրավոր ապացույց թույլատրելու մասին միջնորդությունն արվում է ապացույցի ներկայացմամբ և այն փաստի վկայակոչմամբ, որը գործին մասնակցող անձը ցանկանում է ապացուցել:

2. Գրավոր ապացույց թույլատրելու մասին միջնորդություն անելիս գործին մասնակցող անձը պարտավոր է համապատասխան գրավոր ապացույցը կամ գրավոր ապացույցի պատճենը, իսկ այն թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը գրավոր ներկայացնելու դեպքում նաև միջնորդության պատճենը տրամադրել գործին մասնակցող այլ անձանց:

 

Հոդված 76. Գրավոր ապացույցի իսկությունը վիճարկելը

 

1. Գործին մասնակցող անձը կարող է հայտարարել գործին մասնակցող այլ անձի ներկայացրած գրավոր ապացույցի ոչ իսկական լինելու մասին մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է մինչ այդ դրա անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:

2. Գրավոր փաստաթղթի իսկությունը վիճարկելու դեպքում ապացույց ներկայացնողը պետք է ապացուցի դրա իսկական լինելը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների տված կամ վավերացրած փաստաթղթի, ինչպես նաև նոտարական կարգով վավերացված փաստաթղթի իսկությունը վիճարկող գործին մասնակցող անձը կրում է փաստաթղթի ոչ իսկական լինելն ապացուցելու պարտականությունը:

 

Հոդված 77. Գրավոր ապացույցի հետազոտումը

 

1. Գրավոր ապացույցը հետազոտվում է դատական նիստում: Անհրաժեշտության դեպքում գրավոր ապացույցը կարող է հետազոտվել տեխնիկական միջոցների կիրառմամբ:

2. Գործին մասնակցող անձինք կարող են դիրքորոշում հայտնել կամ միմյանց հարցեր ուղղել այդ ապացույցի վերաբերյալ:

3. Անհրաժեշտության դեպքում գրավոր ապացույցները կարող են տրամադրվել նաև վկաներին:

 

i
Հոդված 78. Իրեղեն ապացույցները

 

1. Իրեղեն ապացույցներ են նյութական աշխարհի այն օբյեկտները, որոնք իրենց առկայությամբ, դրությամբ, արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ժխտման միջոց դառնալ:

 

Հոդված 79. Իրեղեն ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը

 

1. Իրեղեն ապացույց թույլատրելու մասին միջնորդությունն արվում է այն փաստի մատնանշմամբ, որը գործին մասնակցող անձը ցանկանում է ապացուցել, և իրեղեն ապացույցի ներկայացմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` իրեղեն ապացույցի նույնականացման տվյալների նշմամբ:

2. Միջնորդությանն իրեղեն ապացույցը կցելու անհնարինության դեպքում դրան պարտադիր կցվում են ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը:

3. Իրեղեն ապացույց թույլատրելու մասին գրավոր միջնորդություն ներկայացնելիս գործին մասնակցող անձը պարտավոր է միջնորդության պատճենը տրամադրել գործին մասնակցող այլ անձանց` դրան կցելով իրեղեն ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը:

 

Հոդված 80. Իրեղեն ապացույցի հետազոտումը

 

1. Իրեղեն ապացույցը հետազոտվում է զննման միջոցով` իրեղեն ապացույցի` տվյալ գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող հատկանիշները բացահայտելու նպատակով` զննման օբյեկտն առաջին ատյանի դատարանի կողմից նկարագրվելու եղանակով: Անհրաժեշտության դեպքում զննմանը կարող է ներգրավվել փորձագետ, մասնագետ կամ վկա:

2. Զննումը կատարվում է դատական նիստում: Եթե զննման օբյեկտը հնարավոր չէ տեղաշարժել, կամ դրա տեղափոխումը դատարան կապված է անհամաչափ դժվարությունների կամ ծախսերի հետ, ապա առաջին ատյանի դատարանը զննումը կատարում է տեղում:

3. Զննումը տեղում կատարելիս պահպանվում է դատական նիստի համար սույն օրենսգրքով սահմանված կարգը: Գործին մասնակցող անձինք ծանուցվում են զննում կատարելու ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ զննումը կատարելու համար:

i

4. Զննման ընթացքին խոչընդոտող հանգամանքների առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում զննում կատարելու ընթացքն ապահովելու մասին և դրա հիման վրա կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման: Որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Զննման արդյունքներն առաջին ատյանի դատարանի խոսքից բառացի արձանագրվում են: Արձանագրությանը կարող են կցվել զննման ժամանակ օգտագործված կամ ստուգված պլանները, գծագրերը, լուսանկարները, փաստաթղթերի պատճենները, զննման ժամանակ կատարված լուսանկարները կամ տեսագրությունները, ինչպես նաև այլ փաստաթղթեր:

6. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ ապացույցների ապահովման կարգով հետազոտում է շուտ փչացող իրեղեն ապացույցները:

 

Հոդված 81. Իրեղեն ապացույցների պահպանումը

 

1. Իրեղեն ապացույցները պահպանվում են դատարանում կամ հանձնվում են ի պահ:

2. Իրեղեն ապացույցները, որոնք չեն կարող բերվել դատարան, պահպանվում են դրանց գտնվելու վայրում: Դրանք պետք է մանրամասն նկարագրվեն և (կամ) կնքվեն, իսկ անհրաժեշտության դեպքում` լուսանկարվեն կամ տեսանկարահանվեն: Համապատասխան լուսանկարը կամ տեսաձայնագրությունը կցվում է գործին:

3. Անձը, որին ի պահ է հանձնվել իրեղեն ապացույցը, կամ դատարանի աշխատակազմը միջոցներ է ձեռնարկում իրեղեն ապացույցներն անփոփոխ վիճակում պահպանելու համար:

 

Հոդված 82. Իրեղեն ապացույցի տնօրինումը

 

1. Դատարանը եզրափակիչ դատական ակտով որոշում է իրեղեն ապացույցները տնօրինելու հարցը: Դատարանը, որպես կանոն, իրեղեն ապացույցը վերադարձնում է այն ներկայացրած անձին կամ հանձնում է այն անձին, որի իրավունքը դրա նկատմամբ ճանաչել է, կամ այն իրացվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

2. Այն առարկաները, որոնք, օրենքի համաձայն, չեն կարող գտնվել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տիրապետման ներքո, հանձնվում են համապատասխան պետական մարմնին:

3. Առանձին դեպքերում գործի քննության ընթացքում դատարանն իրեղեն ապացույցը հետազոտելուց հետո կարող է այն վերադարձնել ներկայացրած անձին, եթե նա այդ մասին միջնորդում է, և նման միջնորդության բավարարումը չի խոչընդոտում ապացույցների հետագա հետազոտմանը:

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դեպքերում գործում պահվում է իրեղեն ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը:

 

Հոդված 83. Լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները

 

1. Լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրությունները, տեսագրությունները և դրանց էլեկտրոնային կրիչները հետազոտվում են համապատասխան տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ դիտման միջոցով:

2. Լուսանկարներ (լուսաժապավեններ), ձայնագրություններ, տեսագրություններ և դրանց էլեկտրոնային կրիչները թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելիս դրանք ներկայացնող անձը պարտավոր է նշել` երբ, որտեղ, ում կողմից, ինչպես և ինչ պայմաններում են արվել այդ լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները: Այդ փաստերը չբացահայտելու կամ դրանց վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելու դեպքում լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները չեն հետազոտվում և հանվում են ապացույցների կազմից:

3. Եթե անձի լուսանկարումը կամ նրա ձայնագրումը կամ տեսագրումն իրականացվել է առանց այդ անձի համաձայնության կամ իմացության, ապա ապացույցը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե օրենքը դա չի արգելում:

4. Լուսանկարներ (լուսաժապավեններ), ձայնագրություններ, տեսագրություններ և դրանց էլեկտրոնային կրիչները թույլատրելու մասին գրավոր միջնորդություն ներկայացնելիս գործին մասնակցող անձը պարտավոր է միջնորդության պատճենը տրամադրել գործին մասնակցող այլ անձանց` դրան կցելով համապատասխան ապացույցի կրկնօրինակը` էլեկտրոնային կրիչի վրա:

5. Սույն հոդվածով սահմանված ապացույցների պահպանության և տնօրինման նկատմամբ կիրառելի են սույն օրենսգրքի 81-րդ և 82-րդ հոդվածները` այնքանով, որքանով դրանք կիրառելի են լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների, տեսագրությունների և դրանց էլեկտրոնային կրիչների նկատմամբ:

 

Հոդված 84. Փորձագետի եզրակացությունը

 

1. Փորձագետի եզրակացությունը գործի քննության ընթացքում գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործում պահանջող հարցերի բացահայտման և պարզաբանման նպատակով ձեռք բերված գրավոր փաստաթուղթն է, որը տրվում է փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով:

2. Առաջին ատյանի դատարանը, ստանալով փորձագետի եզրակացությունը, այն հնգօրյա ժամկետում ուղարկում է գործին մասնակցող անձանց:

3. Փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում է մյուս ապացույցների հետ:

4. Փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի`

1) նշում փորձաքննություն կատարած անձի, նրա ունեցած որակավորման և մասնագիտական ստաժի մասին,

2) նշում կիրառված մեթոդների մասին,

3) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը,

4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:

 

Հոդված 85. Փորձագետի հարցաքննությունը

 

1. Փորձագետն առաջին ատյանի դատարանի նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ իր եզրակացությունը պարզաբանելու նպատակով կարող է հրավիրվել հարցաքննության:

2. Փորձագետի հարցաքննությունը կատարվում է վկայի հարցաքննության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:

3. Փորձագետը հատուկ գիտելիքների կապակցությամբ հարցաքննվում է միայն նախապես տված իր գրավոր եզրակացության շրջանակներում:

 

Հոդված 86. Փորձաքննություն նշանակելը

 

1. Առաջին ատյանի դատարանը կարող է փորձաքննություն նշանակել գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` իր նախաձեռնությամբ:

2. Գործին մասնակցող անձը փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացնելիս պարտավոր է դրանում նշել ապացուցման ենթակա այն փաստը, որը պետք է հաստատվի փորձագետի եզրակացությամբ, և առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում:

3. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն նշելու այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց առաջին ատյանի դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը: Եթե համապատասխան փորձաքննություն կատարելու համար պահանջվում է լիցենզիա կամ որակավորում, գործին մասնակցող անձը միջնորդությանը կից ներկայացնում է նրա կողմից առաջարկվող մասնագիտացված փորձագիտական հաստատության կամ փորձագետի կողմից այդպիսի փորձաքննություն կատարելու իրավասությունը հավաստող ապացույց:

4. Գործին մասնակցող անձի միջնորդությամբ փորձաքննություն նշանակելիս առաջին ատյանի դատարանը փորձագետին կարող է առաջադրել միայն այն հարցերը, որոնք ներկայացրել են գործին մասնակցող անձինք: Առաջին ատյանի դատարանը, ելնելով ապացուցման ենթակա փաստի էությունից և բովանդակությունից, իրավունք ունի շտկելու առաջադրված հարցը: Առաջին ատյանի դատարանը պատճառաբանում է գործին մասնակցող անձանց ներկայացրած այն հարցերի մերժումը, որոնք չեն առաջադրվում փորձագետին:

5. Օրենքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելիս փորձագետին հարցեր առաջադրելու իրավունք ունի նաև առաջին ատյանի դատարանը:

6. Փորձաքննություն նշանակելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում, որում նշվում են`

1) առաջին ատյանի դատարանի անվանումը,

2) փորձաքննություն նշանակելու ամսաթիվը,

3) գործի համարը,

4) գործին մասնակցող անձանց անունները (անվանումները),

5) ապացուցման ենթակա փաստը,

6) փորձագետին առաջադրվող հարցերը,

7) փորձագետի անունը կամ մասնագիտացված փորձագիտական հաստատության անվանումը,

8) փորձագետին տրամադրվող նյութերի (փաստաթղթերի) ցանկը, իսկ անհրաժեշտության դեպքում` դրանց հետ վարվելու պայմանները:

7. Առաջին ատյանի դատարանը, իսկ փորձաքննությունը մասնագիտացված փորձագիտական հաստատության կատարմանը հանձնարարված լինելու դեպքում` դատարանի հանձնարարությամբ այդ հաստատության ղեկավարը նախազգուշացնում է փորձագետին ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Առաջին ատյանի դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը: Փորձաքննությունը մասնագիտացված փորձագիտական հաստատությունում կատարելու դեպքում նախազգուշացման մասին փորձագետից վերցված ստորագրությունը կցվում է եզրակացությանը:

 

Հոդված 87. Գործին մասնակցող անձի մասնակցությունը փորձաքննությանը: Նմուշներ վերցնելու կարգը

 

 1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկա լինելու փորձաքննությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա ներկայությունը կարող է խանգարել փորձագետի բնականոն աշխատանքին կամ խախտել այլ անձանց իրավունքները:

2. Առաջին ատյանի դատարանը փորձագետի դիմումի հիման վրա որոշում է կայացնում փորձաքննությանը կամ դրա առանձին փուլերին գործին մասնակցող անձանց մասնակցությունն արգելելու վերաբերյալ:

3. Դատարանն իրավունք ունի որոշում կայացնել մարդու, նյութի և այլ օբյեկտների հատկությունները բնութագրող նմուշներ ստանալու վերաբերյալ, եթե դրանց հետազոտումը նշանակված փորձաքննության անցկացման համար նշանակություն ունի:

4. Նմուշներ ստանալու մասին դատարանը կայացնում է որոշում, որում պետք է նշվեն այն անձը կամ օբյեկտը, որից պետք է ստացվի նմուշը, ինչ չափով և կոնկրետ ինչ նմուշներ պետք է ստացվեն, երբ և ում պետք է ներկայանա անձը` իրենից նմուշներ ստանալու համար, որտեղ և ում պետք է ներկայացվեն նմուշները դրանք ստանալուց հետո, ինչպես նաև այն անձի իրավունքները և պարտականությունները, որից պետք է վերցվի նմուշը:

5. Արգելվում է նմուշներ ստանալ մարդուն հոգեկան և ֆիզիկական տառապանքներ պատճառող կամ նրա առողջությանը և մարմնի ամբողջականությանը վտանգ սպառնացող միջոցներով:

6. Փորձագետն անձին հրավիրում է իր մոտ կամ գնում է նրա գտնվելու վայր և ստորագրությամբ նրան ծանոթացնում է նմուշ ստանալու մասին դատարանի որոշմանը:

7. Փորձագետն ընթերակաների ներկայությամբ կատարում է անհրաժեշտ գործողությունները և ստանում է նմուշներ: Բացի փաստաթղթերից, մյուս նմուշները փաթեթավորվում և կնքվում են: Նմուշներ հանձնող անձն իրավունք ունի հրաժարվելու ընթերակայի մասնակցությունից` այդ մասին գրավոր դիմում ներկայացնելով փորձագետին:

8. Փորձագետը, ստանալով նմուշներ, կազմում է արձանագրություն, որտեղ նշվում են այդ գործողությանը մասնակցած անձինք, նկարագրվում են նմուշներ ստանալու համար ձեռնարկված բոլոր գործողություններն այն հաջորդականությամբ, որով դրանք կատարվել են, կիրառված գիտատեխնիկական մեթոդները և միջոցները, ինչպես նաև ստացված նմուշները:

9. Ստացված նմուշները կամ հետազոտման արդյունքները կցվում են արձանագրությանը:

10. Նմուշ ստանալու մասին դատարանի որոշման պահանջը գործին մասնակցող անձի կողմից առանց հարգելի պատճառի չկատարելու կամ դրա կատարումից խուսափելու դեպքում փորձաքննությամբ պարզման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները կրում է այդ անձը, եթե առանց նմուշի տրամադրման հնարավոր չէ ավարտել փորձաքննությունը:

 

Հոդված 88. Փորձաքննություն անցկացնելու կարգը

 

1. Փորձաքննությունն անցկացնում են մասնագիտացված փորձագիտական հաստատությունների աշխատակիցները կամ առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես փորձագետ նշանակված այլ մասնագետները: Դատահոգեբուժական փորձաքննությունը կարող է իրականացնել միայն փորձագետների հանձնաժողովը:

2. Առաջին ատյանի դատարանը կարող է նշանակել միևնույն կամ տարբեր մասնագիտություններ ունեցող մեկից ավելի փորձագետների: Փորձագետներն իրավունք ունեն խորհրդակցելու միմյանց հետ և ընդհանուր հետևությունների հանգելու դեպքում տալու միասնական եզրակացություն: Այն փորձագետները, որոնք համաձայն չեն միասնական եզրակացությանը, ներկայացնում են առանձին եզրակացություն:

3. Եթե փորձագետ է նշանակվել փորձագիտական հաստատությունում տվյալ տեսակի փորձաքննություններ կատարելու իրավասություն ունեցող անձը, ապա նա պարտավոր է կատարել պահանջվող փորձաքննությունը: Փորձագետը պարտավոր է անհապաղ պարզել հանձնարարված փորձաքննության` իր մասնագիտական ոլորտին պատկանելու հարցը և այն առանց լրացուցիչ փորձագետների ներգրավման կատարելու հնարավորությունը:

4. Փորձաքննության ընթացքին խոչընդոտող հանգամանքների առկայության, ինչպես նաև փորձաքննության բնականոն ընթացքն ապահովելու անհնարինության այլ դեպքերում փորձագետը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել առաջին ատյանի դատարանին: Առաջին ատյանի դատարանն առանց դատական նիստ հրավիրելու անհապաղ որոշում է կայացնում փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու մասին: Որոշման մեջ նշվում են բոլոր այն միջոցառումները, որոնք պետք է կատարվեն նշված խոչընդոտները վերացնելու, ինչպես նաև փորձաքննության բնականոն ընթացքն ապահովելու համար, և դրանց կատարման ժամկետը: Որոշումը կամովին չկատարելու դեպքում որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման: Որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Փորձագետն իրեն հանձնարարված փորձաքննությունն իրականացնում է անձամբ:

6. Եթե փորձաքննությունն անցկացնում է մասնագիտացված փորձագիտական հաստատությունը, ապա դրա համար պատասխանատու են փորձագիտական եզրակացություն տված այն անձինք, որոնց տվյալ հաստատությունում հանձնարարվել է կատարել փորձաքննություն:

 

Հոդված 89. Փորձագետի եզրակացության դեմ առարկելը

 

1. Գործին մասնակցող անձը փորձագետի եզրակացության վերաբերյալ գրավոր առարկությունը պարտավոր է առաջին ատյանի դատարան ներկայացնել մինչև նախնական դատական նիստի ավարտը, բացառությամբ այն դեպքերի, երբ առարկելու հիմքերն ի հայտ են եկել դատաքննության ընթացքում, կամ առարկություն ներկայացնողը հիմնավորում է սահմանված ժամկետում այն ներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:

 

Հոդված 90. Լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունը

 

1. Փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում առաջին ատյանի դատարանն իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության):

2. Եթե առաջին ատյանի դատարանի կամ գործին մասնակցող անձի մոտ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացությունների կամ փորձագետի եզրակացության և մասնագետի բացատրության միջև, կամ խախտված են փորձաքննության կատարման դատավարական կանոնները, ապա առաջին ատյանի դատարանն իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):

3. Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունը նշանակվում է առաջին ատյանի դատարանի որոշմամբ, որում շարադրվում են լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու հիմքերը:

 

Հոդված 91. Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունը

 

1. Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունն իր ապացուցողական նշանակությամբ հավասարազոր է առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության արդյունքով ստացված փորձագետի եզրակացությանը, եթե այն տված փորձագետը մինչև նախնական դատական նիստի ավարտը դատարանի առջև գրավոր հաստատում է եզրակացությունը` նախազգուշացվելով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին:

2. Առաջին ատյանի դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:

3. Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունը պետք է համապատասխանի սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին:

4. Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությանը կցվում է եզրակացություն տված փորձագետի որակավորումը և մասնագիտական գիտելիքները հավաստող փաստաթուղթ:

 

Հոդված 92. Մասնագետի հարցաքննությունը

 

1. Մասնագետի հարցաքննությունը կատարվում է վկայի հարցաքննության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Առաջին ատյանի դատարանը նախազգուշացնում է մասնագետին ակնհայտ կեղծ բացատրություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Առաջին ատյանի դատարանը մասնագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:

 

ԳԼՈՒԽ 9
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ: ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ (ՀԱՆՁՆԵԼՈՒ) ԿԱՐԳԸ

 

Հոդված 93. Դատական ծանուցումը

 

i

1. Դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:

2. Գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը:

3. Սույն օրենսգրքի 49-րդ և 50-րդ հոդվածներով նախատեսված ներկայացուցչության դեպքերում ծանուցվում է գործին մասնակցող անձի ներկայացուցիչը:

i

4. Ծանուցումն իրականացվում է այն հաշվով, որ դրա հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

 

i
Հոդված 94. Դատական ծանուցման կարգը

 

1. Դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե սույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:

2. Ծանուցագիրը պետք է բովանդակի`

1) դատարանի անվանումը.

2) դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը (անվանումը).

3) նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է.

4) նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին.

5) նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին.

6) նշում` դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին.

7) գործը քննող դատարանի հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն կամ տեղեկություններ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ, որով դատավարության մասնակիցը կարող է դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր:

3. Դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրն ուղարկում է դատարանի աշխատակազմը:

4. Դատական ծանուցագիրը`

1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.

2) հանձնվում է առձեռն.

3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով` սույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Դատական նիստին ներկա գտնվող դատավարության մասնակիցը հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում է տվյալ դատական նիստում դատավորի կողմից հաղորդելու միջոցով: Եթե դատական նիստի արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման ձևով, ապա հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին տեղեկացված լինելու վերաբերյալ դատավարության մասնակիցն արձանագրության մեջ նշում է և ստորագրում:

6. Կողմերի միջև կնքված պայմանագրից բխող վեճերի լուծման կամ իրավունքների ու պարտականությունների իրականացման ժամանակ կողմերը կարող են դատարանին միջնորդել, իսկ դատարանն իր նախաձեռնությամբ կարող է կիրառել պայմանագրով նախատեսված ծանուցման կարգը, եթե կնքված պայմանագրով ուղղակիորեն նախատեսված է նման հնարավորություն: Սույն դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ նման հնարավորություն նախատեսված է իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ արժեթղթեր թողարկողի ազդագրով: Սույն մասով նախատեսված ծանուցման կարգը չի կիրառվում բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է ծանուցման փաստը կամ ծանուցման կարգի վերաբերյալ համաձայնությունը:

 

i
Հոդված 95. Դատական ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկելը

 

i

1. Դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):

ԻՐՏԵԿ

95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» դրույթը, ճանաչվել է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 75-րդ հոդվածին հակասող` 02.02.21 ՍԴՈ-1974 որոշում:

02.02.21 ՍԴՈ-1574 որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի հունիսի 1-ը` հնարավորություն տալով Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին:

2. Ֆիզիկական անձի դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձը գործի քննությանը մասնակցում է որպես հակադիր շահեր ունեցող կողմ:

3. Եթե գործի նյութերից հետևում է, որ դատավարության մասնակիցը կալանավայրում է, ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում կամ բուժական հիմնարկում ստանում է ստացիոնար բուժում, ապա դատական ծանուցագիրը պետք է ուղարկվի այդ հաստատությունների հասցեներով: Այդ հաստատությունների վարչակազմերը դատական ծանուցագիրն ստանալուց անմիջապես հետո պարտավոր են այն հանձնել հասցեատիրոջը` վերջինիս կողմից ստացման վերաբերյալ ապացույցն ուղարկելով գործը քննող դատարան:

4. Իրավաբանական անձանց դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի իրավաբանական անձի ծանուցման հասցեում` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին կամ այն անձին, որի նամակագրություն ընդունելու լիազորությունն ակնհայտորեն բխում է այն իրավիճակից, որում գործում է տվյալ անձը (անվտանգության աշխատակից, ընդհանուր բաժնի կամ իրավաբանական ծառայության աշխատակից և այլն, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձը գործի քննությանը մասնակցում է որպես հակադիր շահեր ունեցող կողմ):

5. Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է`

1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում` էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում` նաև այդ հասցեներով.

2) իրավաբանական անձի դեպքում` այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում` էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում` նաև այդ հասցեներով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է ծանուցված:

7. Հետադարձ ծանուցումը պետք է տեղեկություններ պարունակի այն անձի վերաբերյալ, որին ծանուցագիրը հանձնվել է:

8. Այլ պետության տարածքում բնակվող անձին ծանուցագիրն ուղարկվում է ուղղակի ծանուցման միջոցով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(95-րդ հոդ. փոփ. 23.12.22 ՀՕ-576-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

i
Հոդված 96. Դատական ծանուցագիրն առձեռն հանձնելը

 

1. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցը կարող է ծանուցվել դատական ծանուցագիրն առձեռն հանձնելու միջոցով:

2. Դատական ծանուցագիրն առձեռն հանձնվում է դատավարության մասնակցին դատարանի աշխատակազմի միջոցով:

3. Գործին մասնակցող անձի փաստաբան հանդիսացող ներկայացուցչի կամահայտնության դեպքում դատական ծանուցագրի հանձնումը դատավարության մասնակցին դատարանի համաձայնությամբ կարող է իրականացվել իր միջոցով` պահպանելով սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի պահանջները: Եթե դատարանի կողմից այլ ժամկետ չի սահմանվել, ապա մեկշաբաթյա ժամկետում հետադարձ ծանուցումը դատարանում չստացվելու դեպքում ծանուցագրի հանձնումն իրականացվում է դատարանի աշխատակազմի միջոցով:

4. Դատական ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում գործին կցվում է այն հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ:

 

Հոդված 97. Դատական ծանուցագիրը էլեկտրոնային հաղորդակցության միջոցով ուղարկելը

 

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմնին, իրավաբանական անձին, անհատ ձեռնարկատիրոջը, ինչպես նաև գործին մասնակցող անձի` փաստաբանի կարգավիճակ ունեցող ներկայացուցչին հասցեագրված դատական ծանուցագիրն ուղարկվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստին, բացառությամբ այն դեպքերի, երբ նման եղանակով ծանուցում իրականացնելն անհնար է:

2. Դատավարության մասնակիցները դատարանին կարող են գրավոր ներկայացնել իրենց հաղորդակցության միջոցները` միջնորդելով ծանուցումը կատարել այդ միջոցով:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված մարմինները և անձինք կրում են իրենց պաշտոնական էլեկտրոնային փոստին կամ իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ուղարկված դատական ծանուցագիրը չկարդալու անբարենպաստ հետևանքները:

4. Դատական ծանուցագիրն էլեկտրոնային փոստին ուղարկելու դեպքում գործին կցվում է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը: Դատական ծանուցագիրը կապի այլ միջոցների կիրառմամբ ուղարկելու դեպքում գործին կցվում են այն ուղարկելու (հաղորդելու) փաստը հաստատող ապացույցներ (արձանագրություն, հեռախոսագիր, ձայնագրություն և այլն):

4.1. Դատական ծանուցագիրը հեռախոսակապով (այդ թվում` տեքստային հաղորդագրության) կամ էլեկտրոնային հարթակով (ինտերնետային կայքով, էլեկտրոնային հավելվածով կամ համանման այլ միջոցներով) ուղարկելը կամ այդ մասին հաղորդելը հնարավոր է, եթե կողմն ինքն է դատարանին այդ նպատակով տրամադրել իր հեռախոսահամարը կամ էլեկտրոնային հասցեն: Այդ դեպքում նշված հեռախոսահամարին կամ էլեկտրոնային հասցեին ուղարկված կամ հաղորդած ցանկացած տեղեկություն համարվում է ընդունված կամ ստացված հասցեատիրոջ կողմից: Հեռախոսակապի միջոցով իրականացված ծանուցումը պատշաճ է համարվում, եթե առկա է դատական ծանուցագրի հաղորդագրությունն ուղարկելու և այն հասցեատիրոջ կողմից ստացվելու փաստը հաստատելու հնարավորություն, իսկ հեռախոսային խոսակցության դեպքում` դրա բովանդակության մասին ձայնագրություն: Ծանուցման նման եղանակի կիրառման մասին վկայող նյութերը կցվում են գործին:

5. Հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու մասին որոշումը, գործին մասնակցող անձ ներգրավելու որոշումը կամ դատական ծանուցագիրն ստանալու օրվանից, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով և 99-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, գործին մասնակցող անձը հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցվում է դատական իշխանության պաշտոնական կայքում համապատասխան տեղեկությունները տեղադրելու միջոցով: Գործին մասնակցող անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ` գործով դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ դատական իշխանության պաշտոնական կայքից տեղեկություններ ստանալու համար: Նա պարտավոր է գործը քննող դատարանին անհապաղ գրավոր տեղեկացնել դատական իշխանության պաշտոնական կայքից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման դեպքում դատարանը ծանուցումն իրականացնում է սույն օրենսգրքի 94-րդ հոդվածով նախատեսված այլ եղանակներով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգը չի կիրառվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող և փաստաբան-ներկայացուցիչ չունեցող ֆիզիկական անձի, ինչպես նաև ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում գտնվող կամ բուժական հիմնարկում ստացիոնար բուժում ստացող գործին մասնակցող անձանց նկատմամբ:

(97-րդ հոդ. փոփ. 23.12.22 ՀՕ-576-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 98. Գործի քննության ընթացքում հասցեի (էլեկտրոնային հաղորդակցության միջոցի) փոփոխության մասին դատարանին հայտնելու պարտականությունը

 

1. Դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել:

 

Հոդված 99. Դատավարական փաստաթղթերն ուղարկելու (հանձնելու) կարգը: Փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը: Դատավարության մասնակիցների կողմից փաստաթղթերը դատարան ներկայացնելու կարգը

 

1. Դատական ծանուցագիրը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) մասին սույն գլխի կանոնները կիրառելի են դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) նկատմամբ:

2. Այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կրում է դատավարական փաստաթուղթը, դրան կից փաստաթղթերը կամ ապացույցները դատարանին և դատավարության այլ մասնակիցներին ուղարկելու պարտականություն, ապա դատավարական փաստաթղթերը կարող են ուղարկվել նաև պատվիրված նամակով` առանց հանձնման մասին ծանուցման:

3. Այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո` յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

4. Դատավարության մասնակիցները և այլ անձինք սույն օրենսգրքով նախատեսված գրավոր փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն) կարող են դատարան ներկայացնել առձեռն, էլեկտրոնային եղանակով կամ փոստով:

(99-րդ հոդ. փոփ. 23.12.22 ՀՕ-576-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

i
Հոդված 100. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու կարգը

(100-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.02.24 թվականից` 22.12.23 ՀՕ-11-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 10
ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

 

i
Հոդված 101. Դատական ծախսերը

 

i

1. Դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

 

i
Հոդված 102. Պետական տուրքը

 

1. Պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 30.10.2021 թվականից` 19.04.21 ՀՕ-178-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

3. Դրամական պահանջներով պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա:

4. Պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

5. Գործում պետական տուրքի վճարման փաստի վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության օգտին պետական տուրքը բռնագանձելու վերաբերյալ կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն ուղարկում է հարկադիր կատարման` դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

6. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձանց հայցադիմումների ներկայացման համար պետական տուրքը գանձվում է հայցի համար սահմանված կարգով:

7. Դրամական և ոչ դրամական պահանջներ պարունակող հայցադիմումով պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին:

i

8. Եթե հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:

9. Եթե հայցապահանջն իր բնույթով այնպիսին է, որ հայցադիմում ներկայացնելու պահին անհնար է որոշել հայցագնի չափը, ապա հայցվորը պարտավոր է վճարել օրենքով ոչ դրամական պահանջներով հայցադիմումների ներկայացման համար սահմանված պետական տուրքի չափը: Այս դեպքում դատարանը դատական ակտով անդրադառնում է գործի քննության ընթացքում որոշված հայցագնին համապատասխան լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին:

10. Եթե հայցվորն օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից, կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա պետական տուրքը դատական ակտով բռնագանձվում է պետական տուրքի վճարումից չազատված գործին մասնակցող մյուս անձից` բավարարված պահանջների չափին համամասնորեն:

11. Հայցի առարկան փոփոխելու դեպքում պետական տուրքի գումարի չբավականացնող մասը գանձվում է հայցի առարկան փոփոխելիս` փոփոխված հայցի առարկային համապատասխան:

12. Եթե գործը պարզեցված վարույթի կարգով քննելու ընթացքում դատարանը որոշում է կայացնում այն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին, ապա հայցվորը պարտավոր է վճարել օրենքով ընդհանուր հայցային վարույթի կարգով հայցադիմում ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի չափը: Այս դեպքում դատարանը դատական ակտով անդրադառնում է ընդհանուր հայցային վարույթի կարգով հայցադիմում ներկայացնելու համար սահմանված չափին համապատասխան լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին:

(102-րդ հոդ. փոփ. 19.04.21 ՀՕ-178-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

i
Հոդված 103. Պետական տուրքը վերադարձնելը

 

1. Վճարված պետական տուրքի վերադարձման հիմքերը և կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Վճարված պետական տուրքի վերադարձման հիմքերի առկայության դեպքում դատարանը պարտավոր է դատական ակտում նշել պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու հիմք հանդիսացող հանգամանքները:

3. Եթե գործի քննության ընթացքում հայցվորը փոփոխել է հայցի առարկան այնպես, որ առաջացել է պետական տուրքի ավել վճարված մաս, ապա ավել վճարված մասը ենթակա չէ վերադարձման:

 

Հոդված 104. Հայցագինը

 

1. Հայցագինը որոշվում է`

1) դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` պահանջվող գումարի չափով.

2) ալիմենտ բռնագանձելու հայցերով` մեկ տարվա ընթացքում կատարվելիք վճարումների հաշվարկի չափով, իսկ եթե ալիմենտի բռնագանձման պահանջը ներկայացվել է մեկ տարուց պակաս ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածում կատարվելիք վճարումների հաշվարկի չափով.

3) ժամկետային, անժամկետ կամ ցմահ վճարումներ կատարելու վերաբերյալ հայցերով` մեկ տարվա ընթացքում կատարվելիք վճարումների հաշվարկի չափով, իսկ եթե գումարի բռնագանձման պահանջը ներկայացվել է մեկ տարուց պակաս ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածում կատարվելիք վճարումների հաշվարկի չափով.

4) վճարումների չափը պակասեցնելու կամ ավելացնելու վերաբերյալ հայցերով` այն գումարից, որով մեկ տարվա հաշվարկով պակասեցվելու կամ ավելացվելու են վճարումները:

2. Հայցագնի մեջ մտնում են նաև պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) և տոկոսների գումարները` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ:

3. Մի քանի ինքնուրույն պահանջներից կազմված հայցագինը որոշվում է բոլոր պահանջների ընդհանուր գումարով:

4. Հայցագնի մեջ չի ներառվում դատական ծախսերի գումարը:

 

Հոդված 105. Գործի քննության հետ կապված այլ ծախսերը

 

1. Գործի քննության հետ կապված այլ ծախսերն են`

1) փորձաքննության և թարգմանության հետ կապված ծախսերը.

2) վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարվելիք գումարները.

3) գործին մասնակցող անձանց` գործի քննության վայր ժամանելու, ինչպես նաև նրանց` դատարան ներկայանալու կապակցությամբ ժամանակավոր կացարանով ապահովելու հետ կապված ծախսերը.

4) գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները.

5) ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու հետ կապված ծախսերը.

6) գործին մասնակցող անձանց փոստային ծախսերը.

7) դատարանի պահանջները և դատական հանձնարարությունները կատարելու հետ կապված գործին մասնակցող անձանց ծախսերը.

8) սույն օրենսգրքի 81-րդ հոդվածին համապատասխան` իրեղեն ապացույցների պահպանման ծախսերը.

9) հաշտարարի վարձատրության գումարը, որը ներառում է նաև մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման համար հաշտարարին կողմի վճարած վարձատրության գումարը.

10) դատարանի կողմից գործի քննության համար անհրաժեշտ ճանաչված այլ ծախսերը:

(105-րդ հոդ. փոփ. 16.11.22 ՀՕ-436-Ն  (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 106. Վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարվելիք գումարները

 

1. Վկաների, փորձագետների, մասնագետների, թարգմանիչների` դատարան ներկայանալու ճանապարհածախսը ենթակա է հատուցման: Նրանց վճարվում են նաև օրապահիկ և գիշերավարձ: Բնակության վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, բնակության վայրից մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքերում հատուցվում է միայն ճանապարհածախսը:

i

2. Զբաղվածություն չունեցող վկային և մասնագետին վճարվում է փոխհատուցում` ժամանակի կորստի համար` ելնելով ժամանակի փաստացի կորստի և օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափերից, իսկ աշխատող վկային փոխհատուցումը վճարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատաժամանակի հաշվարկին համապատասխան:

3. Վկաներին, փորձագետներին, մասնագետներին և սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում թարգմանիչներին վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետությունը` նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման ավարտից հետո: Վկաների, փորձագետների և թարգմանիչների պարտականությունների կատարման ավարտի օր է համարվում տվյալ գործով նշանակված վերջին դատաքննության օրը:

4. Դատարանը վկաների, փորձագետների, մասնագետների և թարգմանիչների կողմից իրենց պարտականությունների կատարման ավարտից հետո` 10-օրյա ժամկետում, կայացնում է որոշում` վճարում կատարելու անհրաժեշտության մասին և այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ:

5. Դատական դեպարտամենտը վճարումը կատարում է ոչ ուշ, քան համապատասխան որոշումն ստանալուց 20 օր հետո` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին հատկացված միջոցների հաշվին:

6. Վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին օրապահիկի, գիշերավարձի և ճանապարհածախսի վճարումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ծառայողական գործուղման չափորոշիչները:

 

Հոդված 107. Գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները

 

1. Փաստաբանի ծախսը վճարում է նրան ներգրաված գործին մասնակցող անձը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության ծախսեր են համարվում նաև փաստաբանական կազմակերպություններին վճարված կամ վճարման ենթակա գումարները:

3. Այն դեպքում, երբ հանրային պաշտպանի գրասենյակը գործին մասնակցող անձին տրամադրել է անվճար իրավաբանական օգնություն, և դատական ակտը կայացվել է այդ անձի օգտին, ապա սույն հոդվածով նախատեսված ծախսերը սույն օրենսգրքով սահմանված կարգով ողջամիտ չափով բռնագանձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` գործին մասնակցող այն անձից, որի վրա դրվել է դատական ծախսերի հատուցման պարտականությունը:

4. Սույն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշվում է` ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից, գործի բարդությունից, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակից, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունից:

5. Սույն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս հաշվի չեն առնվում դատական ակտերի նախագծեր պատրաստելու համար փաստաբանին վճարված գումարները:

 

Հոդված 108. Դատական ծախսերի հետ կապված պահանջներ ներկայացնելը

 

1. Դատական ծախսերի հետ կապված պահանջները ներկայացվում են բացառապես տվյալ գործի շրջանակներում` գրավոր միջնորդության տեսքով: Նման պահանջից հրաժարվելու կամ այդ կարգը չպահպանելու դեպքում դատական ծախսերի հատուցման հարցը համարվում է լուծված:

2. Գործին մասնակցող անձանց կրած, ինչպես նաև վճարման ենթակա դատական ծախսերի փոխհատուցման հարցը լուծելիս դատարանը հիմք է ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը:

(108-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

i
Հոդված 109. Դատական ծախսերի բաշխումը գործին մասնակցող անձանց միջև

 

i

1. Դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

2. Առաջին ատյանի դատարան հայցադիմում ներկայացնելուց հետո գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին գրավոր համաձայնություն կայացվելու դեպքում դատարանը դատական ծախսերը բաշխում է դրան համապատասխան:

3. Գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

4. Գործով մի քանի հայցվորների կամ բողոք բերողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, իսկ մի քանի պատասխանողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, բացառությամբ այն դեպքի, երբ վիճելի իրավահարաբերությունը ենթադրում է համապարտություն: Այդ դեպքում պատասխանողները կրում են դատական ծախսերի փոխհատուցման համապարտ պարտականություն: Մասնաբաժինները որոշելու անհնարինության դեպքում դատական ծախսերը նրանց միջև բաշխվում են հավասարաչափ:

5. Հայցը մասնակի բավարարելու մասին դատական ակտ կայացնելիս դատարանը հաշվանցում է հայցվորի և պատասխանողի կրած դատական ծախսերը` դրա արդյունքով լրիվ կամ մասնակի ազատելով նրանց հակառակ կողմի կրած դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունից:

6. Հատուկ վարույթներով, ինչպես նաև սույն օրենսգրքի 44-52-րդ գլուխներով նախատեսված դիմումների քննության հետ կապված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է դիմողների վրա:

7. Վճարման կարգադրություն արձակվելու դեպքում պարտապանը կրում է դիմողի վճարած պետական տուրքի հատուցման պարտականությունը:

8. Այն դեպքերում, երբ առկա է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմումը «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82.9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով նոտարի կողմից մերժվելու մասին որոշում, և դատարանն ամբողջությամբ բավարարում է նույն անձի դեմ նույն փաստական հիմքով ներկայացված պահանջը, գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու հետ կապված ծախսը (նոտարական գործողության վճարը)` դրա կրկնապատիկի չափով, հատուցելու պարտականությունը կարող է դրվել պատասխանողի վրա:

9. Ներկայացված առանձին հայցապահանջների նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում, եթե դատարանն այդ մասով առանձնացնում է գործի վարույթը և առանձնացված մասով կայացնում է հայցը մերժելու մասին վճիռ, ապա նշված վճռում դատարանը կարող է նշում կատարել դատական ծախսերի հարցին առանձնացված գործով կայացվելիք եզրափակիչ դատական ակտով անդրադառնալու մասին:

(109-րդ հոդ. փոփ. 19.04.21 ՀՕ-178-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 26.06.23 ՀՕ-226-Ն  (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 110. Դատական ծախսերի բաշխումը հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում

 

i

1. Հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

i

2. Գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարելու հետևանքով գործի վարույթը կարճվելու դեպքում դատարանը դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա: Ընդ որում, դատարանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով կամ 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի չափը փաստացի հաշվարկում է պատասխանողի կողմից հայցապահանջը ամբողջությամբ կատարելու օրվա դրությամբ, և այդ պահից սկսած` մինչև դատարանի վճիռ կայացնելը, պատասխանողի նկատմամբ որևէ տույժ կամ տուգանք չի կարող հաշվարկվել: 

3. Հաշտության համաձայնություն կնքելիս գործին մասնակցող անձինք իրավունք ունեն անդրադառնալու դատական ծախսերի բաշխմանը, այդ թվում նաև ներկայացուցիչների ծախսերի հատուցման հարցին:

4. Եթե հաշտության համաձայնություն կնքած անձինք դատական ծախսերը բաշխելու հարցը չեն կարգավորել հաշտության համաձայնությամբ, ապա դատարանը հաշտության համաձայնություն կնքած անձանցից դատական ծախսերը բռնագանձում է հավասարաչափ:

(110-րդ հոդ. փոփ. 24.10.18 ՀՕ-403-Ն, 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 111. Դատական ծախսերի հատուցումը երրորդ անձանց կողմից

 

1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձանց վրա տարածվում են սույն գլխով սահմանված` հայցվորներին վերաբերող դրույթները:

2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը դատական ծախսերի փոխհատուցման պարտականություն կրում է միայն այն դեպքում, երբ իր գործողությունների հետևանքով առաջացել են դատական ծախսեր, և եթե դատական ակտը կայացվել է ի վնաս այն կողմի, որի կողմից հանդես է գալիս վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը:

 

i
Հոդված 112. Դատական ծախսերի բաշխումը վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում

 

i

1. Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի կանոններին համապատասխան:

2. Դատական ակտի դեմ ներկայացրած բողոքը հետ վերցնելու դեպքում անձը կրում է բողոքի ներկայացման հետևանքով առաջացած դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը:

3. Բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` սույն գլխի կանոնների համաձայն:

 

Հոդված 113. Դատարանի կրած դատական ծախսերի փոխհատուցումը գործին մասնակցող անձանց կողմից

 

 1. Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների ու դատարանի կրած դատական ծախսերի փոխհատուցումը պետք է կատարվի դատական ծախսերի բաշխման հարցը լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, որի չկատարման դեպքում դրանք ենթակա են բռնագանձման դատական ակտերի հարկադիր կատարման կարգով:

2. Դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձի գույքային դրությունը, կարող է եզրափակիչ դատական ակտով նրան ազատել Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների և դատարանի կրած դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունից:

 

ԳԼՈՒԽ 11
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

i
Հոդված 114. Դատավարական ժամկետների սահմանումը

 

1. Դատավարական ժամկետները սահմանվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից:

2. Դատարանն առանձին դատավարական գործողությունների կատարման ժամկետներ սահմանելիս հաշվի է առնում այդ դատավարական գործողության կատարման համար անհրաժեշտ և բավարար ժամանակահատվածը:

 

i
Հոդված 115. Դատավարական ժամկետների հաշվարկը

 

i

1. Դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:

2. Տարիներով, ամիսներով, շաբաթներով կամ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի կամ անխուսափելիորեն վրա հասած իրադարձության հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը:

3. Առանձին դատավարական գործողությունների կատարման ժամկետները որոշվում են օրացուցային տարով, ամսով, շաբաթով, ամսաթվով կամ ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել:

 

i
Հոդված 116. Դատավարական ժամկետների ավարտը

 

1. Տարիներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:

i

2. Ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Եթե ամիսներով հաշվվող ժամկետի վերջը համընկնում է համապատասխան ամսաթիվ չունեցող ամսվան, ապա դատավարական ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

3. Շաբաթներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին շաբաթվա համապատասխան օրը:

i

4. Օրերով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը:

i

5. Այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

i

6. Դատավարական ժամկետը համարվում է պահպանված, եթե հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը, բողոքը, այլ փաստաթղթերը կամ դրամական միջոցները համապատասխանաբար հանձնվել են փոստ, փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ն:

7. Եթե դատավարական գործողությունը պետք է կատարվի դատարանում, այլ պետական մարմնում կամ կազմակերպությունում, ապա դատավարական ժամկետը լրանում է այն ժամին, երբ դատարանում, այլ պետական մարմնում կամ կազմակերպությունում սահմանված կանոններով ավարտվում է աշխատանքային օրը:

 

Հոդված 117. Դատավարական ժամկետների կասեցումը

 

1. Չլրացած բոլոր դատավարական ժամկետների ընթացքը կասեցվում է գործի վարույթը կասեցնելու հետ միաժամանակ:

2. Դատավարական ժամկետների ընթացքը շարունակվում է գործի վարույթը վերսկսելու օրվանից:

 

Հոդված 118. Դատավարական ժամկետները երկարաձգելը

 

1. Դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է երկարաձգել դատարանի սահմանած և չավարտված, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև օրենքով սահմանված և չավարտված դատավարական ժամկետները:

i

2. Դատավարական ժամկետները երկարաձգելու միջնորդության վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում: Միջնորդությունը բավարարելու մասին որոշում կայացնելու դեպքում դատարանը սահմանում է համապատասխան գործողությունը կատարելու նոր ժամկետ:

(118-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

i
Հոդված 119. Դատավարական ժամկետները բաց թողնելը և վերականգնելը

 

i

1. Դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

2. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը ներկայացվում է այն դատարան, որտեղ պետք է կատարվի համապատասխան դատավարական գործողությունը:

3. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքի, երբ միջնորդությունը ներկայացվել է դատական նիստում: Միջնորդության քննության արդյունքով կայացվում է որոշում:

i

4. Դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

5. Օրենքով նախատեսված դեպքերում բաց թողնված ժամկետը ենթակա չէ վերականգնման:

 

ԳԼՈՒԽ 11.1

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

(11.1-ին գլուխը լրաց. 22.12.23 ՀՕ-11-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 119.1. Սույն գլխի գործողության ոլորտը

 

1. Սույն գլխի նորմերը տարածվում են էլեկտրոնային համակարգի (այսուհետ` Համակարգ) միջոցով դատարանի և դատավարության մասնակիցների, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ անձանց կողմից իրականացվող գործողությունների վրա:

2. Եթե սույն գլխով առանձնահատկություններ սահմանված չեն, ապա Համակարգի միջոցով իրականացվող գործողությունների վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները:

3. Համակարգի միջոցով պատշաճ կերպով և Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համապատասխան կատարված գործողությունն առաջացնում է նույն հետևանքները, որոնք կառաջացներ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով իրականացված համանման գործողությունը:

4. Համակարգի միջոցով չեն կարող կատարվել այնպիսի գործողություններ, որոնց կատարումը Համակարգի միջոցով տեխնիկական տեսանկյունից անհնարին է: Նման անհնարինությունը չի կարող գնահատվել որպես անձի դատավարական իրավունքների սահմանափակում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան գործողությունը կարող է կատարվել սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

5. Սույն գլխի նորմերը կիրառելի չեն այն դեպքերում, երբ դատարանը գործը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու մասին որոշում է կայացրել:

 

Հոդված 119.2. Սույն գլխում օգտագործվող հասկացությունները

 

1. Սույն գլխի իմաստով`

1) Համակարգը էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման և գործի քննության համար անհրաժեշտ` սույն գլխով նախատեսված այլ գործողությունների իրականացման համար Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից վարվող էլեկտրոնային համակարգն է.

2) էլեկտրոնային եղանակով վարվող գործը դատական գործի` Համակարգում գտնվող և Համակարգի միջոցով հասանելի նյութերի ամբողջությունն է.

3) Համակարգն օգտագործող անձ է (են) համարվում`

ա. այն ֆիզիկական անձը, որը քաղաքացիական գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ Համակարգի միջոցով կատարել է որևէ գործողություն և հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չի պահել Համակարգից օգտվելու անհնարինության մասին,

բ. իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, գնումների հետ կապված վեճերով վարույթում պատասխանողները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները և արտոնագրված հաշտարարները` անկախ Համակարգի միջոցով որևէ անգամ որևէ գործողություն կատարած լինելուց կամ չլինելուց:

2. Սույն գլխի իմաստով` Համակարգի միջոցով հասանելի դարձած փաստաթղթեր (նյութեր) են համարվում այն փաստաթղթերը (այդ թվում` դատավարական փաստաթղթերը, ապացույցները, դատական ակտերը, դատական ծանուցագրերը), որոնք առկա են էլեկտրոնային եղանակով վարվող գործի նյութերում և տեղադրվել են Համակարգն օգտագործող անձի անձնական էջում, որը հավաստվում է Համակարգի կողմից, և դրանք հնարավոր է դիտել ու ներբեռնել Համակարգի միջոցով: Համակարգն օգտագործող անձին որևէ փաստաթուղթ (նյութ) հասանելի դառնալու դեպքում Համակարգն օգտագործող անձն անմիջապես տեղեկացվում է Համակարգում մուտքագրված անձի բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

 

Հոդված 119.3. Էլեկտրոնային եղանակով վարվող գործը

 

1. Քաղաքացիական գործի շրջանակներում դատարանը գործը վարում է էլեկտրոնային եղանակով, բացառությամբ այն փաստաթղթերի (նյութերի), որոնք ստացվել են սույն օրենսգրքի 119.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ֆիզիկական անձի կողմից կամ ուղարկվել են նրան, և սույն գլխով նախատեսված այլ դեպքերի:

2. Էլեկտրոնային եղանակով վարվող գործը ներառում է քաղաքացիական գործի բոլոր նյութերը, որոնք ստեղծվել կամ ներկայացվել են Համակարգի միջոցով, ինչպես նաև Համակարգից դուրս ստեղծված կամ ներկայացված գործի բոլոր նյութերի սկանավորված տարբերակները (ներառյալ` իրեղեն ապացույցների լուսանկարները և տեսագրությունները, դատական ծանուցագրերը և դատական նիստերի արձանագրությունները):

 

Հոդված 119.4. Դատավարական փաստաթղթերի ներկայացման հետ կապված առանձնահատկությունները

 

1. Բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, պատասխան, դիրքորոշում, միջնորդություն և այլն) կազմվում և ներկայացվում են Համակարգի միջոցով` Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով:

2. Դատավարական փաստաթղթին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են դրանց սկանավորված տարբերակները Համակարգի միջոցով ուղարկելու եղանակով: Այն դեպքում, երբ դատավարական փաստաթղթին կից ներկայացվող փաստաթուղթը էլեկտրոնային է, այն ներկայացվում է առանց սկանավորման:

3. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը և դրան կից փաստաթղթերը համարվում են դատարան ներկայացված Համակարգի միջոցով դրանք ուղարկելու պահից:

4. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը և դրան կից փաստաթղթերը համարվում են դատարանի կողմից ստացված իրեն հասանելի դառնալու պահից:

5. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը և դրան կից փաստաթղթերը համարվում են Համակարգը չօգտագործող անձին ուղարկված, եթե Համակարգի միջոցով ներկայացվել է ուղարկելու մասին համապատասխան ապացույցի սկանավորված տարբերակը:

6. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը և դրան կից փաստաթղթերը համարվում են Համակարգն օգտագործող անձին ուղարկված, եթե համապատասխան փաստաթղթերը Համակարգի միջոցով հասանելի են դարձել Համակարգն օգտագործող անձին: Այդ դեպքում դատավարական փաստաթուղթը ներկայացնող անձը դրան չի կցում փաստաթուղթն ուղարկելու մասին լրացուցիչ ապացույց: Փաստաթուղթը հասցեատիրոջ կողմից համարվում է ստացված իրեն հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո:

7. Դատավարական փաստաթղթերը Համակարգի միջոցով ներկայացվելու դեպքում անձն ազատվում է համապատասխան փաստաթուղթը մի քանի օրինակից ներկայացնելու պարտականությունից:

8. Դատական ակտի դեմ Համակարգի միջոցով բողոք ներկայացվելու դեպքում բողոք բերող անձն ազատվում է բողոքի օրինակը դատական ակտ կայացրած դատարան ուղարկելու պարտականությունից:

9. Դատավարական փաստաթղթերը Համակարգի միջոցով ներկայացվելու դեպքում անձն ազատվում է համապատասխան փաստաթղթի էլեկտրոնային կրիչը ներկայացնելու պարտականությունից:

 

Հոդված 119.5. Դատարանի կողմից դատական ակտերի կայացման, հրապարակման և ուղարկման հետ կապված առանձնահատկությունները

 

1. Առանձին ակտի ձևով կայացվող բոլոր դատական ակտերը կազմվում են Համակարգի միջոցով` Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան:

2. Առանձին ակտի ձևով կայացված բոլոր դատական ակտերը և դրանց վերաբերյալ ներկայացված հատուկ կարծիքները տեղադրվում են Համակարգում:

3. Համակարգն օգտագործող անձի համար դատական ակտը համարվում է հրապարակված (կամ կայացված), եթե այն Համակարգի միջոցով հասանելի է դարձել Համակարգն օգտագործող անձին:

4. Համակարգն օգտագործող անձի համար դատական ակտը համարվում է վերջինիս ուղարկված, եթե այն Համակարգի միջոցով հասանելի է դարձել Համակարգն օգտագործող անձին:

5. Դատական ակտերը համարվում են Համակարգն օգտագործող անձի կողմից ստացված դրանք իրեն հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո:

6. Դատարանի և դատարանի աշխատակազմի կողմից ուղարկվող (վերադարձվող) փաստաթղթերի, պարզաբանումների, տեղեկացումների և արձանագրությունների նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի կանոնները:

7. Համակարգում հրապարակված դատական ակտերի` դատարանների միջև շրջանառությունը կատարվում է Համակարգի միջոցով` ինքնաշխատ կամ դատավորի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով:

8. Դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվող կատարողական թերթերը և այլ փաստաթղթեր ուղարկվում են Համակարգի միջոցով` ինքնաշխատ կամ դատավորի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով:

 

Հոդված 119.6. Դատական ծանուցումների հետ կապված առանձնահատկությունները

 

1. Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձին ուղարկված, եթե այն կազմվել է Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, պարունակում է սույն օրենսգրքով սահմանված տեղեկատվությունը և Համակարգի միջոցով հասանելի է դարձել Համակարգն օգտագործող անձին:

2. Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձի կողմից ստացված այն իրեն հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո:

3. Դատական ակտի հրապարակման ժամանակի և վայրի մասին ծանուցումների նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի կանոնները:

4. Համակարգն օգտագործող անձը կրում է իրեն հասանելի դարձած դատական ծանուցագիրը չկարդալու անբարենպաստ հետևանքները:

 

Հոդված 119.7 Դատավարական փաստաթղթերի ստորագրման հետ կապված առանձնահատկությունները

 

1. Դատավարական փաստաթուղթը համարվում է ներկայացնողի կողմից ստորագրված, եթե այն վավերացվել է ներկայացնողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ` «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան, և ներկայացվել է Համակարգի միջոցով ներկայացնողի կողմից:

2. Համատեղ ստորագրված դատավարական փաստաթուղթը համարվում է ներկայացնողների կողմից ստորագրված, եթե այն վավերացվել է ներկայացնողների էլեկտրոնային թվային ստորագրություններով` «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան, և ներկայացվել է Համակարգի միջոցով ներկայացնողներից որևէ մեկի կողմից:

3. Դատավորի կայացրած դատական ակտը համարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրված և կնքված նաև այն դեպքերում, երբ դատական ակտը կազմվել է Համակարգի միջոցով` Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, և վավերացվել է այն կազմող դատավորի էլեկտրոնային թվային ստորագրությամբ` «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան:

4. Դատարանի կոլեգիալ կազմի կայացրած դատական ակտը համարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրված և կնքված նաև այն դեպքերում, երբ դատական ակտը կազմվել է Համակարգի միջոցով` Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, և վավերացվել է այն կազմող դատավորների էլեկտրոնային թվային ստորագրություններով` «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան:

5. Հատուկ կարծիքը համարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրված և կնքված նաև այն դեպքերում, երբ այն կազմվել է Համակարգի միջոցով` Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, և վավերացվել է այն կազմող դատավորի էլեկտրոնային թվային ստորագրությամբ` «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան:

 

Հոդված 119.8. Ապացույցների ներկայացման հետ կապված առանձնահատկությունները

 

1. Ապացույցներ ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացվում են դատավարական փաստաթղթերի համար նախատեսված կարգով:

2. Գրավոր ապացույցները ներկայացվում են դրանք սույն օրենսգրքով նախատեսված դատավարական փաստաթղթերին կցելու և Համակարգով ուղարկելու միջոցով:

3. Գրավոր ապացույցի բնօրինակը, կրկնօրինակը կամ պատշաճ վավերացված պատճենը համարվում է ներկայացված, եթե համապատասխան փաստաթղթի սկանավորված տարբերակը ներկայացվել է Համակարգի միջոցով: Փաստաթղթի սկանավորված լինելու պահանջը չի տարածվում էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցով ստացված գրավոր ապացույցի վրա:

4. Սույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում դատարանն իրավունք ունի գրավոր ապացույցի բնօրինակի, կրկնօրինակի կամ պատշաճ վավերացված պատճենի սկանավորված տարբերակը ներկայացրած անձից բանավոր կամ գրավոր (այդ թվում` Համակարգի միջոցով ուղարկված հաղորդագրությամբ) պահանջելու ներկայացնել համապատասխան փաստաթղթի` նյութական եղանակով առկա օրինակը: Դատարանի պահանջի չկատարումը հանգեցնում է սույն օրենսգրքով նախատեսված հետևանքների:

5. Համակարգի միջոցով իրեղեն ապացույցի ներկայացմամբ իրեղեն ապացույց թույլատրելու մասին միջնորդությունը ներկայացվում է իրեղեն ապացուցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը ներկայացնելու միջոցով: Իրեղեն ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը համարվում է ներկայացված, եթե համապատասխան փաստաթղթի սկանավորված տարբերակը, լուսանկարը կամ տեսագրությունը պարունակող էլեկտրոնային ֆայլը ներկայացվել է Համակարգի միջոցով: Դատարանն իրավունք ունի համապատասխան ապացույցը ներկայացրած անձից բանավոր կամ գրավոր (այդ թվում` Համակարգի միջոցով ուղարկված հաղորդագրությամբ) պահանջելու ներկայացնել համապատասխան իրեղեն ապացույցի` նյութական եղանակով առկա օրինակը:

6. Լուսանկարները, ձայնագրությունները և տեսագրությունները համարվում են ներկայացված, եթե համապատասխան տվյալները պարունակող էլեկտրոնային ֆայլերը ներկայացվել են Համակարգի միջոցով:

7. Ծավալուն էլեկտրոնային ֆայլերը, ինչպես նաև այն էլեկտրոնային ֆայլերը, որոնք հնարավոր չէ ներկայացնել Համակարգի միջոցով, ներկայացվում են Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:

 

Հոդված 119.9 Ներկայացուցչի լիազորությունների հաստատման հետ կապված առանձնահատկությունները

 

1. Այն դեպքում, երբ սույն օրենսգրքով պահանջվում է դատավարական փաստաթղթին կից ներկայացնել ներկայացուցչի (այդ թվում` օրինական և ի պաշտոնե) լիազորությունները հավաստող փաստաթուղթ, ապա այդ պահանջը համարվում է պահպանված, եթե նման փաստաթուղթը ներկայացվել է Համակարգի միջոցով` Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, և պարունակում է սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված բոլոր անհրաժեշտ վավերապայմանները:

2. Դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձի ներկայացուցչից (այդ թվում` օրինական և ի պաշտոնե) գրավոր (այդ թվում` Համակարգի միջոցով ուղարկված հաղորդագրությամբ) կամ բանավոր պահանջելու ներկայացնել լիազորությունները հավաստող փաստաթղթի կամ փաստաթղթերի` նյութական եղանակով առկա օրինակը: Դատարանի պահանջը չկատարելու դեպքում ներկայացուցչի լիազորությունները դատարանը չի ճանաչում:

 

Հոդված 119.10. Գործի քննության հետ կապված վճարումների առանձնահատկությունները

 

1. Պետական տուրքը համարվում է վճարված, և պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը համարվում է ներկայացված, եթե պետական տուրքը վճարվել է Համակարգի միջոցով, և գործը քննող դատարանը Համակարգի միջոցով կարող է հավաստիանալ, որ վճարումը կատարված է:

2. Դատական ակտով բռնագանձման ենթակա գումարները (այդ թվում` դատական ծախսերը) համարվում են վճարված սույն հոդվածով սահմանված կանոններով:

 

Հոդված 119.11. Գործի նյութերին ծանոթանալու և գործի նյութերի հասանելիության հետ կապված առանձնահատկությունները

 

1. Համակարգում առկա էլեկտրոնային գործի նյութերը (ներառյալ` դրանում կատարված փոփոխությունները և լրացումները) ամբողջ ծավալով պետք է հասանելի լինեն ոչ միայն գործը քննող դատավորին և նրա աշխատակազմին, այլև գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչներին:

2. Այն դեպքում, երբ անձը, սույն օրենսգրքի համաձայն, չի կրում իր ներկայացրած դատավարական փաստաթուղթը գործին մասնակցող մյուս անձանց նախապես ուղարկելու պարտականություն, սակայն օրենքով նախատեսված որոշակի դեպքերում նման պարտականություն կրում է դատարանը, ապա Համակարգում առկա էլեկտրոնային գործի նյութերը (այդ թվում` գործի առկայության մասին տեղեկատվությունը) գործին մասնակցող մյուս անձանց հասանելի են դառնում կամ դատարանի կողմից հասանելի են դառնում այն պահին, երբ դատարանի մոտ առաջանում է դատավարական փաստաթուղթը գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու պարտականությունը:

3. Գործին մասնակցող անձի կամ ներկայացուցչի փոխարինման դեպքում էլեկտրոնային գործի նյութերի հասանելիությունը դադարում է փոխարինված անձի կամ ներկայացուցչի համար, միաժամանակ ապահովվում է հասանելիություն նոր ներգրավված գործին մասնակցող անձի կամ ներկայացուցչի համար:

4. Գործին մասնակցող նոր անձի ներգրավման դեպքում էլեկտրոնային գործի նյութերի հասանելիությունն ապահովվում է նաև նոր ներգրավված գործին մասնակցող անձի համար:

5. Գործին մասնակցող անձի` գործին մասնակցող անձանց կազմից դուրս գալու դեպքում տվյալ անձի հասանելիությունն էլեկտրոնային գործի նյութերին դադարեցվում է:

6. Դատավարության մասնակից հանդիսացող վկայի, փորձագետի, մասնագետի և թարգմանչի հասանելիության ծավալը գործի նյութերին որոշում է գործը քննող դատարանը Համակարգի միջոցով:

 

Հոդված 119.12. Էլեկտրոնային գործի շրջանառության հետ կապված առանձնահատկությունները

 

1. Էլեկտրոնային գործի (կամ դրա մասի) շրջանառությունը տարբեր դատարանների (այդ թվում` տարբեր ատյանների դատարանների) միջև կատարվում է Համակարգի միջոցով` ինքնաշխատ կամ դատարանի աշխատակազմի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով:

2. Դատարանը համարվում է էլեկտրոնային գործն ստացած այն պահից, երբ իրեն Համակարգի միջոցով հասանելի են դառնում էլեկտրոնային գործի նյութերը:

3. Եթե գործին մասնակցող բոլոր անձինք Համակարգն օգտագործող անձինք են, ապա սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դատարանների միջև շրջանառվում է միայն էլեկտրոնային գործը:

4. Համակարգի և էլեկտրոնային տեղեկատվական այլ համակարգերի միջև տվյալների փոխանցումն իրականացվում է Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

 

ԻՐՏԵԿ 119.12-րդ հոդվածի 4-րդ կետն ուժի մեջ է մտել 22.01.24 թվականից` 22.12.23 ՀՕ-11-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք:    

 

Հոդված 119.13. Դատավարական ժամկետների հետ կապված առանձնահատկությունները

 

1. Դատավարական ժամկետը համարվում է պահպանված, եթե դատավարական փաստաթուղթը ներկայացվել է, կամ այլ գործողությունը կատարվել է Համակարգի միջոցով մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ն:

 

ԲԱԺԻՆ 2
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

ԵՆԹԱԲԱԺԻՆ ԱՌԱՋԻՆ
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ (ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹ)

 

ԳԼՈՒԽ 12
ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 120. Հայցի հարուցումը

 

1. Հայցը հարուցվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով հայցադիմում ներկայացնելու միջոցով:

 

Հոդված 121. Հայցադիմումին ներկայացվող պահանջները

 

1. Հայցադիմումը ներկայացվում է գրավոր` սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումը պետք է լինի ընթեռնելի:

2. Հայցադիմումում պարտադիր նշվում են`

1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը,

2) հայցվորի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), այդ թվում` հայցվոր քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները (այսուհետ` անձնագրային տվյալներ), հայցվոր իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները, ծանուցման հասցեն, իսկ եթե հայցը ներկայացրել է դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը` նաև այդ անձի անունը, պաշտոնը,

3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակվելու վայրի հասցեն,

4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակվելու վայրի հասցեն,

5) այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները,

6) դրամական պահանջի դեպքում` պահանջվող կամ վիճարկվող գումարի չափը և հաշվարկը,

i

7) պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ,

8) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը.

9) սույն օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված գնումների հետ կապված վեճերով` գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների էլեկտրոնային փոստի հասցեները:

3. Հայցադիմումում կարող են նշվել`

1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.

2) այն ապացույցները, որոնք հաստատում են հայցի հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված.

3) հայցվորի միջնորդությունները.

4) վեճը հաշտությամբ լուծելու ուղղությամբ կատարված գործողությունները, այդ թվում` հաշտարարին դիմելու վերաբերյալ տեղեկությունները.

5) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.

6) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը` ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ.

7) հայցվորի կամ հայցվորի ներկայացուցչի հեռախոսահամարը:

3.1. Օրենքով նախատեսված դեպքերում մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության պահանջ սահմանված լինելու դեպքում հայցադիմումում նշվում են վեճը հաշտությամբ լուծելու ուղղությամբ կատարված գործողությունները:

4. Հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած հայցադիմումին կցվում են նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

5. Դիմումի նկատմամբ տարածվում են հայցադիմումի համար սահմանված պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, կամ այլ բան չի բխում համապատասխան վարույթի էությունից:

(121-րդ հոդ. փոփ. 21.01.22 ՀՕ-7-Ն, 16.11.22 ՀՕ-436-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 23.12.22 ՀՕ-576-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 122. Հայցադիմումին կցվող փաստաթղթերը

 

1. Հայցադիմումին կցվում են`

1) հայցվորի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

i

2) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը.

3) լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը, եթե հայցվորը հանդես է գալու ներկայացուցչի միջոցով, և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

4) պայմանագրի նախագիծը, եթե հայցադիմումը վերաբերում է պայմանագիր կնքել հարկադրելուն.

5) հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.

6) հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները` գործին մասնակցող անձանց թվին համապատասխան, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում.

7) հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումը, ինչպես նաև հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառած դատարան ուղարկելը հավաստող ապացույցներ:

1.1. Օրենքով նախատեսված դեպքերում մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության պահանջ սահմանված լինելու դեպքում հայցադիմումին կցվում է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրության բնօրինակը: Օրենքով նախատեսված դեպքերում առցանց հաշտարարության իրականացման պարագայում հայցադիմումին կարող է կցվել հաշտարարի էլեկտրոնային ստորագրությամբ հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրությունը: «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այն դեպքերում, երբ որևէ հիմքով անձին թույլատրված է չսպառել պարտադիր հաշտարարության պահանջը, կամ պարտադիր հաշտարարության իրականացումն օրենքով նախատեսված դեպքերում անհնարին է, ապա հայցադիմումին կցվում է օրենքով նախատեսված այդ հիմքերը հիմնավորող` օրենքով նախատեսված թույլատրելի ապացույց:

1.2. «Հաշտարարության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված փաստաթղթի փոխարեն հայցադիմումին կցվում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից որևէ մեկի կիրառման մասին որոշման պատճենը:

1.3. «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-3-րդ կետերով սահմանված դեպքերում սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված փաստաթղթի փոխարեն հայցադիմումին կցվում է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պատճենը:

1.4. «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված փաստաթղթի փոխարեն հայցադիմումին կցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հաշտարարի նշանակման անհնարինության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տրամադրած տեղեկանքը:

2. Հայցադիմումին չեն կցվում հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, եթե`

1) հայցվորը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն.

2) հայցվորը ներկայացրել է ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդություն:

3. Եթե հայցադիմումին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումին կցվում են գործին մասնակցող անձանց` հայցադիմումն ուղարկելը հավաստող ապացույցներ:

4. Հայցադիմումին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացվել հայցի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:

5. Դիմումին կցվող փաստաթղթերի նկատմամբ տարածվում են սույն հոդվածով սահմանված պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, կամ այլ բան չի բխում համապատասխան վարույթի էությունից:

(122-րդ հոդ. փոփ. 16.11.22 ՀՕ-436-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 12.04.24 ՀՕ-171-Ն օրենքներ)

 

Հոդված 123. Մի քանի գործեր կամ հայցապահանջներ միացնելը և առանձնացնելը

 

1. Հայցվորն իրավունք ունի մեկ հայցադիմումում միացնելու միմյանց հետ կապված մի քանի պահանջներ: 

1.1. Երաշխավորի նկատմամբ հայցապահանջները ներկայացվում են պարտապանի դեմ հայցի շրջանակներում մեկ վարույթում, բացառությամբ հիմնական պարտապանի սնանկ ճանաչված լինելու դեպքի:

2. Առաջին ատյանի դատարանն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը մեկ վարույթում միացնելու իր վարույթում քննվող մի քանի միատեսակ գործեր, որոնցով գործին մասնակցող անձինք լրիվ կամ մասնակի համընկնում են, եթե դրանց միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ և արդյունավետ լուծումը:

3. Առաջին ատյանի դատարանն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելն առանձին վարույթներում առանձնացնելու միացված պահանջներից մեկը կամ մի քանիսը:

4. Գործերը միացնելու կամ պահանջներն առանձին վարույթներում առանձնացնելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում: 

(123-րդ հոդ. լրաց. 19.01.21 ՀՕ-36-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 

 

Հոդված 124. Հայցադիմումը ներկայացվելուց հետո դատարանի կողմից կայացվող որոշումները

 

 1. Հայցադիմումը ներկայացվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում`

1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին.

2) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.

3) հայցադիմումը վերադարձնելու մասին:

2. Այն դեպքում, երբ, սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան, դատավորի աշխատակազմի կողմից կազմվում է արձանագրություն հայցադիմումում առկա թերությունների մասին, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է արձանագրությամբ մատնանշված թերությունները վերացնելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից:

(124-րդ հոդ. փոփ. 23.12.22 ՀՕ-576-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 125. Հայցադիմումը վարույթ ընդունելը

 

1. Առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունում ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը:

i

2. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում առաջին ատյանի դատարանն այդ որոշումն ուղարկում է գործին մասնակցող անձանց:

3. Այն դեպքում, երբ հայցվորը հայցադիմումի հետ միջնորդություն է ներկայացրել հայցի կամ ապացույցների ապահովման պահանջով, և դատարանը բավարարել է այդ միջնորդությունը, ապա հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկվում են պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց հայցի կամ ապացույցների ապահովման մասին դատարանի որոշումը կատարելուց հետո` եռօրյա ժամկետում:

4. Այն դեպքում, երբ հայցվորը հայցադիմումի հետ միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովման պահանջով, և դատարանը լրիվ մերժել է այդ միջնորդությունը, ապա հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկվում են պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ընդունելու օրվանից երկու շաբաթ հետո, եթե հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժելու մասին որոշումը չի բողոքարկվել:

5. Հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճեններն առաջին ատյանի դատարանն ուղարկում է պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, իսկ բողոքը մերժելու դեպքում` գործը վերաքննիչ դատարանից ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:

6. Եթե հայցադիմումին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա դատարանը գործին մասնակցող անձանց հայցադիմումի հետ ուղարկում է ծանուցում, որ նշված փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Ծանուցման մեջ նշվում են դրանց ծանոթանալու ժամկետները:

7. Առաջին ատյանի դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը պատասխանողին ուղարկելու հետ միաժամանակ նրան տեղեկացնում է հայցադիմումի պատասխան ներկայացնելու իրավունքի և ժամկետի մասին:

 

Հոդված 126. Հայցադիմումի ընդունումը մերժելը

 

1. Առաջին ատյանի դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`

1) գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով.

2) նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման.

3) նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է արբիտրաժի վճիռ, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում կամ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրություն, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը կամ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելը մերժելու դեպքի.

4) նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում.

5) հայցը ներկայացվել է սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների խախտմամբ:

2. Առաջին ատյանի դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում` այն հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի հետ ուղարկելով հայցվորին: Դատարանի որոշումն ուղարկվում է նաև հայցադիմումում նշված այլ անձանց միջնորդության հիման վրա, բացառությամբ այն դեպքի, երբ ներկայացվել է հայցի ապահովում կամ ապացույցի ապահովում կիրառելու մասին միջնորդություն:

3. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման մեջ նշվում են հայցադիմումի ընդունումը մերժելու բոլոր հիմքերը:

4. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

5. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են սույն օրենսգրքով նախատեսված հայցադիմումը վերադարձնելու հիմքերը, իսկ սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվերապահ բեկանման հիմքերից որևէ մեկով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու հիմքերը: Այս դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:

(126-րդ հոդ. փոփ. 23.12.22 ՀՕ-576-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 26.06.23 ՀՕ-226-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 127. Հայցադիմումը վերադարձնելը

 

1. Առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե`

1) գործն ընդդատյա չէ տվյալ առաջին ատյանի դատարանին կամ ենթակա է քննության սնանկության կամ հակակոռուպցիոն դատարանում.

2) հայցադիմումը ներկայացված է դատավարական գործունակությամբ չօժտված անձի կողմից, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի.

3) չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները.

4) չի ներկայացվել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումից ազատելու, դրա վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ դատարանն այն չի բավարարել.

5) հայցադիմումը ստորագրված չէ, կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.

6) հայցվորը չի պահպանել մինչև դատարան դիմելը կողմերի միջև առկա վեճի կարգավորման օրենքով կամ պայմանագրով նախատեսված արտադատական կարգը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գտնում է, որ վեճի կարգավորման արտադատական կարգ սահմանող պայմանագիրն առ ոչինչ է, ուժը կորցրել է կամ ակնհայտորեն չի կարող կատարվել.

7) այլ դատարանի կամ արբիտրաժի վարույթում առկա է նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործ.

8) ամուսինը կնոջ հղիության ժամանակ առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության հայցադիմում է ներկայացրել.

9) մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատասխանողներին ուղղված միմյանց հետ չկապված պահանջներ.

10) հակընդդեմ հայցադիմումը չի համապատասխանում սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված պահանջներին.

11) մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը հայցվորը դիմել է այն վերադարձնելու պահանջով.

12) վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձը հայցադիմումը ներկայացրել է սույն օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին և 1.2-րդ մասերով սահմանված պահանջների խախտմամբ. 

13) հայցը ներկայացվել է սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջների խախտմամբ.

14) հայցադիմումը ներկայացվել է այն ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով, որը ենթակա է քննության նոտարի կողմից, և առկա չէ`

ա. նոտարի կողմից նույն պահանջով գումարի բռնագանձման կարգադրություն արձակվելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշում, բացառությամբ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82.9-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով դիմումը մերժելու դեպքի, կամ

բ. նոտարի կողմից նույն պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչվելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշում:

1.1. Այն դեպքերում, երբ չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները, այդ թվում` հայցադիմումին չի կցվել պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը, կամ հայցադիմումն ստորագրված չէ, դատավորի աշխատակազմը կարող է հաղորդակցության միջոցով (առկայության դեպքում) տեղեկացնել հայցվորին հայցադիմումում առկա թերությունների մասին` առաջարկելով եռօրյա ժամկետում վերացնել դրանք: Նման միջոցով տեղեկացման անհնարինության դեպքում դատավորի աշխատակազմը նույն ժամկետում կարող է կազմել հայցադիմումում առկա թերությունների մասին արձանագրություն` նշելով առկա թերություններն արձանագրությունն ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, վերացնելու անհրաժեշտության մասին: Նշված արձանագրությունը ոչ ուշ, քան կազմման հաջորդ օրն ուղարկվում է հայցվորին:

1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասում նշված թերությունները վերացվելուց հետո առաջին ատյանի դատարանը սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում կայացնում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, եթե բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը կամ հայցադիմումը վերադարձնելու այլ հիմքեր, որոնք թերությունների մատնանշման պահին չէին բացահայտվել դատավորի աշխատակազմի կողմից:

1.3. Սույն հոդվածի 1.1-ին մասում նշված թերությունները չվերացվելու կամ հայցադիմումը վերադարձնելու այլ հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում որոշում է կայացնում հայցադիմումը վերադարձնելու մասին:

1.4. Սույն հոդվածի 1.1-ին մասի կարգավորումը կիրառելի է այն դեպքերում, երբ առկա չեն սույն հոդվածի 1.1-ին մասում չնշված հիմքերով հայցադիմումը վերադարձնելու այլ հիմքեր:

2. Այն դեպքերում, երբ հայցադիմումում առկա թերությունների վերացման համար հայցվորը չի տեղեկացվում, այդ թվում` երբ արձանագրություն չի կազմվում, առաջին ատյանի դատարանը սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում կայացնում է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում` այն հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի հետ ուղարկելով հայցվորին:

2.1. Առաջին ատյանի դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի հետ ուղարկում է հայցվորին: Դատարանի որոշումն ուղարկվում է նաև հայցադիմումում նշված այլ անձանց` միջնորդության հիման վրա, բացառությամբ այն դեպքի, երբ ներկայացվել է հայցի ապահովում կամ ապացույցի ապահովում կիրառելու մասին միջնորդություն:

3. Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են հայցադիմումը վերադարձնելու բոլոր հիմքերը:

4. Հայցադիմումի թերությունները վերացնելու համար առաջին ատյանի դատարանը տրամադրում է եռօրյա ժամկետ` սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 10-12-րդ և 14-րդ կետերով սահմանված դեպքերի: Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը: Կրկին ներկայացված հայցադիմումում նույն խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ խախտումները վերացնելու հնարավորությունից հայցվորը զրկված էր իր կամքից անկախ պատճառներով:

5. Հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված դեպքի: Եթե հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկված լինելու պայմաններում հայցադիմումը կրկին ներկայացվել է դատարան, ապա առաջին ատյանի դատարանը կրկին ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու հարցի վերաբերյալ որոշում է կայացնում վերաքննիչ դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման վերաբերյալ դատական ակտ կայացվելուց հետո:

6. Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը, իսկ սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվերապահ բեկանման հիմքերից որևէ մեկով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու հիմքերը: Այս դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:

(127-րդ հոդ. փոփ. 12.12.19 ՀՕ-298-Ն, լրաց. 19.01.21 ՀՕ-36-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 14.04.21 ՀՕ-335-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 23.12.22 ՀՕ-576-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 26.06.23 ՀՕ-226-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 13
ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 128. Հայցի ապահովման միջոցների կիրառման հիմքերը

 

1. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:

i

2. Արբիտրաժային համաձայնության կողմի դիմումի հիման վրա դատարանն արբիտրաժից առաջ կամ դրա ընթացքում ցանկացած պահի հայցի ապահովման միջոցները կիրառում է սույն գլխով սահմանված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկությունները:

3. Եթե հայցի ապահովման միջոցը կիրառվել է արբիտրաժի կազմավորումից կամ միանձնյա արբիտրի նշանակումից առաջ, ապա հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացնող անձը պարտավոր է հայցի ապահովման միջոցը կիրառելու օրվանից երկամսյա ժամկետում դատարան ներկայացնել բավարար ապացույցներ այն մասին, որ կազմավորվել է արբիտրաժը, կամ նշանակվել է միանձնյա արբիտրը: Հակառակ դեպքում դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցը շահագրգիռ անձի դիմումով վերացվում է:

(128-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 129. Հայցի ապահովման միջոցները

 

1. Հայցի ապահովման միջոցներն են`

1) պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը.

2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.

3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.

4) պատասխանողին կամ այլ անձանց վեճի առարկային վերաբերող որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելը.

5) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց ներկայացնելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը.

6) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը.

7) օրենքով նախատեսված հայցի ապահովման այլ միջոցներ:

2. Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց:

3. Հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին:

i

4. Կիրառվող հայցի ապահովման միջոցը չպետք է հանգեցնի իրավաբանական անձի գործունեության իրականացման փաստացի անհնարինության կամ նրա գործունեության համար ստեղծի էական խոչընդոտներ կամ հանգեցնի իրավաբանական անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման: «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գնումների հետ կապված վեճերով, ինչպես նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հետ կապված վեճերով չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի գնման գործընթացի, գնման պայմանագրի կնքման կամ կատարման, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի կամ ՊՄԳ ծրագրի իրականացման կասեցմանը:

(129-րդ հոդ. փոփ. 30.06.21 ՀՕ-286-Ն, 21.01.22 ՀՕ-7-Ն օրենքներ)

 

i
Հոդված 130. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը

 

1. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել առաջին ատյանի դատարան հայցադիմումի հետ կամ մինչև գործով դատաքննության ավարտը: Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը կարող է շարադրվել հայցադիմումում:

2. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ և նշում հայցի ապահովման միջոցի կամ միջոցների մասին:

 

Հոդված 131. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելու կարգը

 

1. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը դատարանը քննում է առանց դատական նիստ հրավիրելու ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը, իսկ եթե միջնորդությունը ներկայացվել է հայցադիմումի հետ, ապա հայցադիմումը վարույթ ընդունելու հետ մեկտեղ:

2. Եթե հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ապա այն դատարանի կողմից չի քննվում, որի մասին միջնորդությունը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:

3. Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է`

1) հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում.

2) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին որոշում.

3) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում:

4. Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ կամ մասնակի մերժվում է, եթե բացակայում են հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը:

5. Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է միջնորդությունը ներկայացրած անձին:

5.1. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելուց հետո ներկայացվելու և դատարանի կողմից բավարարվելու դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու կամ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին դատարանի որոշումն ուղարկվում է պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարելուց հետո` եռօրյա ժամկետում:

6. Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին դատարանի որոշումը մերժման մասով կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանի կողմից բողոքը բավարարվելու դեպքում հայցի ապահովման միջոցները կիրառվում են վերաքննիչ դատարանի որոշմամբ: Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման:

(131-րդ հոդ. լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 132. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման կատարումը

 

1. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:

i

2. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հայցի ապահովման միջոցները կիրառելու դեպքում դատարանը կարող է, առանց կատարողական թերթը հարկադիր կատարման ուղարկելու, հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումն անմիջականորեն ուղարկել կամ առձեռն հանձնել այն անձին, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոցը:

4. Այն դեպքերում, երբ դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումն անմիջականորեն ուղարկել կամ առձեռն հանձնել է այն անձին, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոցը, սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արգելքները խախտելու համար դատարանի որոշմամբ կարող է նշանակվել դատական տուգանք:

 

Հոդված 133. Հայցի ապահովման մեկ միջոցի փոխարինումը մեկ այլ միջոցով, հայցի ապահովման միջոցի ձևափոխումը

 

1. Գործին մասնակցող անձի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինելու մեկ այլ միջոցով կամ ձևափոխելու այն:

2. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու հարցը լուծվում է սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

 

Հոդված 134. Հայցի ապահովման միջոցի վերացումը

 

1. Դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ կարող է վերացնել հայցի ապահովման միջոցը:

2. Հայցի ապահովման միջոցը կարող է լրիվ կամ մասնակի վերացվել, եթե`

1) բացակայում են կամ վերացել են սույն օրենսգրքի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը.

2) առկա է հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու վերաբերյալ գործին մասնակցող այն անձի գրավոր համաձայնությունը, որի միջնորդությամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց.

3) սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում: Միջնորդության քննության արդյունքներով դատական ակտը պետք է կայացվի միջնորդությունն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը լուծվում է առանց դատական նիստ հրավիրելու` այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:

5. Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդության քննության արդյունքներով կայացվում է որոշում:

6. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին դատարանի որոշումը վերաքննիչ դատարան կարող է բողոքարկել այն անձը, որի միջնորդությամբ կիրառվել էր հայցի ապահովման միջոց: Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման:

(134-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 135. Հակընդդեմ ապահովումը

 

1. Գործին մասնակցող անձը, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, կարող է միջնորդություն ներկայացնել իր հնարավոր վնասների հատուցման համար հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձից ապահովում (հակընդդեմ ապահովում) պահանջելու վերաբերյալ:

2. Հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է դատական նիստում:

3. Հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքներով դատական ակտը պետք է կայացվի միջնորդությունն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում:

4. Հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման:

5. Հակընդդեմ ապահովման միջնորդությունը բավարարվելու դեպքում հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձը պարտավոր է հակընդդեմ ապահովման գումարը փոխանցել դատարանի դեպոզիտ այդ մասին որոշումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում և դատարան ներկայացնել փոխանցման փաստը հավաստող ապացույց:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարվելու դեպքում դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ, առանց դատական նիստ հրավիրելու, եռօրյա ժամկետում որոշում է կայացնում հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին: Հայցագնի չափով գույքի վրա արգելանք դնելու մասին հայցի ապահովման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կայացնում է հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու մասին որոշում` հակընդդեմ ապահովման չվճարված գումարի չափով:

7. Հայցն ամբողջությամբ բավարարելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը հակընդդեմ ապահովում տրամադրած անձի միջնորդության հիման վրա որոշում է կայացնում հակընդդեմ ապահովման գումարը նրան վերադարձնելու մասին:

8. Հայցը մասնակի կամ ամբողջությամբ մերժելու, գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամիսը լրանալուց հետո դատարանը հակընդդեմ ապահովում տրամադրած անձի միջնորդության հիման վրա որոշում է կայացնում հակընդդեմ ապահովման գումարը նրան վերադարձնելու մասին:

9. Եթե հարուցվել է հայցի ապահովման հետ կապված վնասների հատուցման պահանջի մասին հայց, ապա հակընդդեմ ապահովում տրամադրած անձի միջնորդությունը ենթակա է բավարարման` ներկայացված հայցադիմումում նշված հայցագինը գերազանցող գումարի մասով:

(135-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 136. Հայցի ապահովման միջոցների պահպանումը

 

1. Հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը: Հայցը բավարարելու մասին վճռի կայացումից հետո հայցի ապահովման միջոցը դատարանի որոշմամբ կարող է վերացվել հայցի ապահովում պահանջած անձի միջնորդությամբ:

2. Հայցը մերժելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Հայցը մասնակիորեն բավարարվելու դեպքում դատարանը, ելնելով գործի հանգամանքներից, լուծում է հայցի ապահովման միջոցն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու հարցը:

 

Հոդված 137. Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելը

 

1. Առաջին ատյանի դատարանն անձի դիմումով կարող է կիրառել հայցի նախնական ապահովման միջոցներ, որոնք ուղղված են դիմողի կողմից հարուցվելիք հայցի ապահովմանը:

2. Հայցի նախնական ապահովման միջոցների կիրառումն իրականացվում է սույն գլխով սահմանված կանոններով` սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ:

3. Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է դիմողի հաշվառման (գտնվելու) վայրի դատարան:

4. Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումում նշվում են`

1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը.

2) դիմողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), դիմող քաղաքացու անձնագրային տվյալները, դիմող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները, իսկ եթե հայցը ներկայացրել է դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը` նաև այդ անձի անունը, պաշտոնը.

3) պարտապանի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն.

4) հարուցվելիք հայցի առարկան, որի կապակցությամբ պետք է կիրառվի հայցի նախնական ապահովում.

5) տվյալ պահին հայցադիմում ներկայացնելու անհնարինության մասին հիմնավորումներ.

6) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

5. Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումին կցվում են`

1) դիմողի անձը կամ պետական գրանցման փաստը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը.

3) դիմումում որպես պարտապան նշված անձի նկատմամբ դիմողի պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթերը.

4) տվյալ պահին հայցադիմում ներկայացնելու անհնարինության վերաբերյալ ապացույցներ.

5) հարուցվելիք հայցի հայցագնի, իսկ ոչ դրամական պահանջների դեպքում` նվազագույն աշխատավարձի առնվազն 500-ապատիկի չափով պարտապանի հնարավոր վնասների հատուցումն ապահովող գումարը դատարանի դեպոզիտ վճարելու փաստը հավաստող փաստաթուղթ:

6. Դատարանը հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու մասին դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:

7. Դատարանը որոշում է կայացնում դիմումը վերադարձնելու մասին, եթե այն չի բավարարում սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջները, կամ դատարանը մերժում է պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը: Դիմումը վերադարձնելու մասին որոշումը ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է դիմողին:

7.1. Մինչև դատարան դիմելը օրենքով պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելը խոչընդոտ չէ հայցի նախնական ապահովման միջոցների կիրառման համար:

8. Այն դեպքերում, երբ օրենքով կամ կողմերի միջև կնքված պայմանագրով նախատեսված է մինչև դատարան դիմելը կողմերի միջև առկա վեճը կարգավորելու արտադատական կարգ, դիմողը պարտավոր է`

1) հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում կատարել վեճն արտադատական կարգով կարգավորելուն ուղղված օրենքով կամ պայմանագրով նախատեսված գործողությունները.

2) վեճն արտադատական կարգով լուծելու համար օրենքով կամ պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումում նշված պահանջով հայցադիմում ներկայացնել դատարան:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով չնախատեսված դեպքում հայցադիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում` սկսած այն օրվանից, երբ դիմողն ստացել է հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումը:

10. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում դիմողը պարտավոր է հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառած դատարանին ներկայացնել սահմանված ժամկետում համապատասխան գործողությունները կատարելու փաստը հաստատող ապացույցներ:

11. Դատարանը շահագրգիռ անձի դիմումի հիման վրա եռօրյա ժամկետում վերացնում է հայցի նախնական ապահովման միջոցներն այն դեպքերում, երբ`

1) դիմողը սահմանված ժամկետում չի ներկայացնում վեճն արտադատական կարգով կարգավորելուն ուղղված օրենքով կամ պայմանագրով նախատեսված գործողությունները կատարելու փաստը հաստատող ապացույցներ.

2) դիմողը սույն օրենսգրքով սահմանված կարգով չի ներկայացնում հայցադիմում ընդդեմ պարտապանի` դիմումում նշված պահանջով.

3) պարտապանը ներկայացնում է դիմողի պահանջը կատարելու փաստը հաստատող գրավոր ապացույցներ:

12. Հայցի նախնական ապահովման միջոցները վերացնելու մասին որոշումն ուղարկվում է դիմողին և այլ շահագրգիռ անձանց ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրը: Հայցի նախնական ապահովման միջոցները վերացնելու մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ:

13. Դիմողի կողմից սահմանված ժամկետում հայցադիմում ներկայացվելու դեպքում կիրառված հայցի նախնական ապահովման միջոցները գործում են որպես հայցի ապահովման միջոցներ:

14. Հայցի նախնական ապահովման մեկ միջոցի փոխարինումը մեկ այլ միջոցով, ձևափոխումը, ինչպես նաև հայցի հակընդդեմ ապահովումն իրականացվում են համապատասխան միջնորդությունը ներկայացվելու օրվանից 10-օրյա ժամկետում` սույն գլխով սահմանված կարգով:

(137-րդ հոդ. փոփ. 16.11.22 ՀՕ-436-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 138. Հայցի ապահովման և հայցի նախնական ապահովման հետ կապված վնասների հատուցումը

 

1. Գործին մասնակցող անձը կամ այլ անձը, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, իրավունք ունի հայցադիմում ներկայացնելու նույն դատարան` ընդդեմ հայցի ապահովման միջոց պահանջած գործին մասնակցող անձի` հայցի ապահովմամբ իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով, եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ներկայացված հայցը մասնակի կամ ամբողջությամբ մերժվել է, թողնվել է առանց քննության, կամ գործի վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 7-րդ կամ 11-րդ կետերով նախատեսված հիմքով:

2. Անձը, որի դեմ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց, իրավունք ունի հայցադիմում ներկայացնելու նույն դատարան` ընդդեմ հայցի նախնական ապահովման միջոց պահանջած անձի` նախնական ապահովմամբ իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով, եթե սահմանված ժամկետում չի ներկայացվել հայցադիմում այն պահանջով, որի կապակցությամբ կիրառվել է նախնական ապահովման միջոց, կամ ներկայացված հայցը մերժվել է, թողնվել է առանց քննության կամ գործի վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 7-րդ կամ 11-րդ կետերով նախատեսված հիմքով:

3. Գործին մասնակցող անձը, որի միջնորդությամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, իրավունք ունի հայցադիմում ներկայացնելու նույն դատարան` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը չկատարելու հետևանքով իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով:

 

ԳԼՈՒԽ 14
ՀԱՅՑԻ ԴԵՄ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 139. Հայցադիմումի պատասխանը

 

i

1. Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր` սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`

1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը,

2) գործի համարը,

3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը,

4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը),

5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը,

6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը,

7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը,

8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:

3. Պատասխանում կարող են նշվել`

1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.

2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված.

3) պատասխանողի միջնորդությունները.

4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.

5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը` ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:

4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:

5. Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց` հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:

6. Պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:

7. Սույն հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված: Առաջին ատյանի դատարանը եռօրյա ժամկետում պատասխան ներկայացրած անձին տեղեկացնում է այդ մասին` նրան պարզաբանելով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը նշված խախտումները վերացնելու իրավունքը:

8. Հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոփոխելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստում պատասխանողին տրամադրում է ոչ պակաս, քան մեկշաբաթյա ժամկետ` փոփոխված հայցադիմումի վերաբերյալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար:

 

Հոդված 140. Հակընդդեմ հայց ներկայացնելը

 

1. Պատասխանողն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:

2. Հակընդդեմ հայցը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, ընդունումը մերժվում կամ վերադարձվում է հայցադիմումին վերաբերող սույն օրենսգրքով նախատեսված կարգով:

3. Հակընդդեմ հայցն առաջին ատյանի դատարանն ընդունում է վարույթ, եթե`

1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.

2) հակընդդեմ հայցի բավարարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառում է սկզբնական հայցի բավարարումը.

3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը:

i

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով հակընդդեմ հայց չներկայացնելը պատասխանողին զրկում է հետագայում այնպիսի հայց ներկայացնելու հնարավորությունից, որը կարող էր ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառել սկզբնական հայցի բավարարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է սույն հոդվածով սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով, կամ հակընդդեմ հայց չի ներկայացվել ընտանեկան գործերով վարույթի ընթացքում:

(140-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 15
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հոդված 141. Դատական նիստը

 

1. Գործի քննությունը տեղի է ունենում դատական նիստերի միջոցով դատարանի շենքում դրա համար հատուկ նախատեսված վայրում (այսուհետ` դատական նիստերի դահլիճ), բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

2. Եթե գործով ապացույցների հետազոտումը պահանջում է դատավարական գործողությունների կատարում այլ վայրում, ապա դատական նիստն անցկացվում է դատական նիստերի դահլիճից դուրս (արտագնա դատական նիստ): Արտագնա դատական նիստ կարող է անցկացվել ցանկացած վայրում:

3. Դատական նիստի ընդհանուր կանոնները տարածվում են նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոքների քննության վրա` հաշվի առնելով դրանց քննության համար սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունները:

 

Հոդված 142. Դատական նիստը նախագահողը

 

1. Գործը միանձնյա քննող դատավորը նախագահում է դատական նիստը:

2. Գործի կոլեգիալ քննության դեպքում դատական նիստը նախագահում է դատավորներից մեկը:

3. Դատական նիստը նախագահողը ղեկավարում է դատական նիստը` մերժելով այն ամենը, ինչն առնչություն չունի քննվող գործի հետ:

4. Դատական նիստը նախագահողն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում դատական նիստում պատշաճ կարգ ապահովելու համար:

5. Դատական նիստը նախագահողի կարգադրությունները պարտադիր են դատավարության մասնակիցների և դատական նիստերի դահլիճում ներկա այլ անձանց համար:

 

Հոդված 143. Դատական նիստի բացումը

 

1. Դատական նիստ սկսելու համար սահմանված ժամին նախագահողը բացում է դատական նիստը, հրապարակում է դատարանի կազմը և քննության ենթակա գործը:

 

Հոդված 144. Կարգը դատական նիստում

 

1. Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահին դահլիճում ներկաները ոտքի են կանգնում, այնուհետև նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը: Դատական նիստերի դահլիճից դատավորի դուրս գալու պահին դահլիճում ներկաները ոտքի են կանգնում:

2. Դատարանի եզրափակիչ դատական ակտերը դահլիճում ներկաները լսում են կանգնած:

3. Դատավարության մասնակիցները դատական նիստում դատարանի և դատավարության այլ մասնակիցների հետ հաղորդակցվում են կանգնած:

4. Դատարանին դիմում են «Հարգելի դատարան» դիմելաձևով:

5. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջները կարող են չպահպանվել նախագահողի թույլտվությամբ:

6. Դատական նիստն անցկացվում է այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են նիստին ներկա անձանց անվտանգությունը, ինչպես նաև պատշաճ կարգուկանոնը:

7. Դատավարության մասնակիցները և դատական նիստերին ներկա անձինք պարտավոր են պահպանել սույն օրենսգրքով սահմանված կարգուկանոնը:

8. Գործին մասնակցող անձինք և դռնբաց դատական նիստին ներկաներն առանց դատարանի թույլտվության իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն և ձայնագրություն:

9. Դատական նիստի կամ դրա մի մասի կինո- և լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են դատական նիստի բացումից հետո գործին մասնակցող անձանց հայտնած համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ:

 

Հոդված 145. Դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ

 

1. Դատավարության մասնակցի պատճառաբանված միջնորդությամբ դատարանը թույլատրում է նրան կամ դատավարության այլ մասնակցին մասնակցել դատական նիստին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, եթե դատական նիստերի դահլիճում տեղադրված է նման հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգ: Տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին չի կարող մասնակցել թարգմանիչը, ինչպես նաև չի կարող իրականացվել առերես հարցաքննություն:

2. Տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելու վերաբերյալ գործին մասնակցող անձի միջնորդությունը կարող է ներկայացվել դատարան նիստն սկսելուց առնվազն յոթ օր առաջ: Դատական նիստի ընթացքում կարող է ներկայացվել հաջորդ դատական նիստի վերաբերյալ միջնորդություն:

3. Տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելու վերաբերյալ միջնորդությունը քննարկվում է եռօրյա ժամկետում` առանց դատական նիստ հրավիրելու: Դատական նիստի ընթացքում ներկայացված միջնորդությունը քննարկվում է տվյալ դատական նիստում:

4. Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում:

5. Տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելը թույլատրելու վերաբերյալ որոշումը ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է համապատասխան դատարան:

6. Տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելը թույլատրելու վերաբերյալ որոշումը կատարվում է հանձնարարությունն ստացած դատարանի աշխատակազմի միջոցով, որն ապահովում է գործը քննող դատարանի հետ տեսաձայնային հաղորդակցման հնարավորությունը, ստուգում է դատավարության մասնակցի ներկայությունը և ինքնությունը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դատավարության մասնակցից ստորագրություն է վերցնում սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու կամ ակնհայտ կեղծ եզրակացություն կամ մասնագիտական բացատրություն տալու համար քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու մասին: Դատավարության մասնակցի նախազգուշացման վերաբերյալ փաստաթուղթը հնգօրյա ժամկետում ուղարկվում է գործը քննող դատարան և կցվում է դատական նիստի արձանագրությանը:

7. Դատարանը մերժում է տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելու վերաբերյալ միջնորդությունը, եթե`

1) բացակայում է տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելու տեխնիկական հնարավորությունը.

2) միջնորդությունը ներկայացվել է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ.

3) անցկացվում է դռնփակ դատական նիստ:

 

Հոդված 146. Գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների ներկայությունը ստուգելը

 

1. Դատական նիստի քարտուղարը զեկուցում է դատարանին` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների` նիստին ներկա լինելու մասին, չներկայացած անձանց ծանուցված լինելու, ինչպես նաև նրանց բացակայության պատճառների մասին:

2. Նախագահողը պարզում է դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցների ինքնությունը, ստուգում է ներկայացուցիչների լիազորությունները:

3. Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:

4. Առանց հարգելի պատճառների երկու հաջորդական դատական նիստերին թարգմանչի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար` բացառությամբ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի:

 

Հոդված 147. Գործի քննությունը գործին մասնակցող անձի բացակայությամբ

 

1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:

2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:

3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

 

Հոդված 148. Գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները պարզաբանելը

 

1. Անհրաժեշտության դեպքում նախագահողը գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչներին բանավոր պարզաբանում է նրանց դատավարական իրավունքներն ու պարտականությունները:

2. Գործի քննությանը թարգմանչի մասնակցության դեպքում նրան իր իրավունքները և պարտականությունները պարզաբանվում են առաջնահերթության կարգով:

3. Նախագահողը ներկայացուցիչ-փաստաբանին չի պարզաբանում նրա իրավունքները և պարտականությունները:

4. Դատարանը գործին մասնակցող անձանց կարող է գրավոր պարզաբանել իրենց իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը:

 

Հոդված 149. Պահանջներից հրաժարվելը

 

1. Հայցվորն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվել իր պահանջներից մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտելը:

2. Առաջին ատյանի դատարանը նախքան գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելը գործին մասնակցող անձանց բացատրում է պահանջից հրաժարվելու դատավարական հետևանքները, բացառությամբ սույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Եթե հայցվորը մասնակիորեն հրաժարվել է իր պահանջից, ապա առաջին ատյանի դատարանը հրաժարված պահանջի մասով կարող է առանձնացնել առանձին վարույթ: Հրաժարված պահանջի վարույթով առաջին ատյանի դատարանը քննությունը հայտարարում է ավարտված և կայացնում է գործի վարույթը կարճելու մասին որոշում:

(149-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 150. Պահանջներն ընդունելը

 

1. Պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունել հայցվորի պահանջը մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտելը:

2. Հայցվորի պահանջները պատասխանողի կողմից ընդունելու դեպքում առաջին ատյանի դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող է կիրառել արագացված դատաքննություն:

3. Եթե պատասխանողը մասնակիորեն է ընդունել հայցվորի պահանջները, ապա առաջին ատյանի դատարանն ընդունված պահանջների մասով կարող է առանձնացնել առանձին վարույթ` այդ վարույթով կիրառելով արագացված դատաքննություն:

4. Դատարանը կարող է պահանջների ընդունումը ճանաչել ոչ իրավաչափ, եթե այդպիսի ընդունումը հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին, խախտում է այլ անձի իրավունքներն ու օրինական շահերը կամ հիմքեր կան կասկածելու, որ պատասխանողը հայցվորի պահանջներն ընդունում է խաբեության, բռնության, սպառնալիքի, էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության ներքո կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով:

5. Նախքան սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելն առաջին ատյանի դատարանը պատասխանողին պարզաբանում է պահանջի ընդունման դատավարական հետևանքները:

 

Հոդված 151. Հաշտության համաձայնությունը

 

1. Գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը:

2. Դատարանը հաշտության համաձայնությունը քննարկվում է դատական նիստում` գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, եթե վերջիններս չեն միջնորդել հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ: Նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատարանը դատական նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:

3. Հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու դեպքում դատարանը կայացնում է վճիռ:

4. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե`

1) այն հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին.

2) խախտում է այլ անձի իրավունքները կամ օրինական շահերը.

3) պարունակում է այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել.

4) պարունակում է այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:

5. Հաշտության համաձայնությունը դատարանի կողմից չհաստատվելու դեպքում գործի քննությունը շարունակվում է: Դատարանը հաշտության համաձայնությունը չհաստատելու դեպքում կայացնում է արձանագրային որոշում: Դատարանի կողմից չհաստատված հաշտության համաձայնությունը որևէ նյութաիրավական կամ դատավարական հետևանք չի առաջացնում:

6. Գործին մասնակցող անձանց մի մասի կողմից հաշտության համաձայնություն ձևակերպելու և ներկայացվելու դեպքում դատարանը գործին մասնակցող այդ անձանց մասով կարող է առանձնացնել գործի վարույթը և գործի առանձնացված մասով կայացնել վճիռ` գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին:

 

Հոդված 152. Գործին մասնակցող անձանց միջնորդությունների լուծումը դատարանի կողմից

 

1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

2. Դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունն ստորագրում է այն ներկայացնող գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած միջնորդությանը կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե այն գործում բացակայում է:

i

3. Դատական նիստից դուրս միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է միջնորդությանը կցել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:

4. Դատական նիստում գրավոր միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց տրամադրել միջնորդության և դրան կից փաստաթղթերի պատճենները:

5. Սույն հոդվածի 2-4-րդ մասերի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում, որի մասին միջնորդությունը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:

6. Նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելն արգելվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 170-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի: Նախկինում մերժված միջնորդությունը նույն փաստական հիմքով ներկայացվելու դեպքում չի քննարկվում, որի մասին միջնորդությունը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:

7. Միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:

8. Գործին մասնակցող անձի միջնորդությունը կարող է մերժվել, եթե այն ներկայացվել է միջնորդություն ներկայացնելու իրավունքի չարաշահմամբ` ակնհայտորեն նպատակ հետապնդելով խափանելու դատական նիստը, ձգձգելու գործի դատական քննությունը:

9. Գործի քննությունն ավարտվելուց հետո մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը գործին մասնակցող անձինք չեն կարող ներկայացնել միջնորդություններ: Այդ ժամանակահատվածում ներկայացված միջնորդությունները ենթակա չեն քննարկման:

(152-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 153. Դատական սանկցիաները և դրանց կիրառման ընդհանուր կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով նախատեսված հիմքերով դատարանն իրավունք ունի դատավարության մասնակցի, դատական նիստին ներկա այլ անձի նկատմամբ կիրառել հետևյալ սանկցիաները.

1) նկատողություն.

2) դատական նիստերի դահլիճից հեռացում.

3) դատական տուգանք:

2. Դատավորն անհրաժեշտության դեպքում հասկանալի ձևով նախազգուշացնում է դատական սանկցիա կիրառելու դատարանի իրավասության մասին, պարզաբանում դատական սանկցիա կիրառելու հիմքերը և հետևանքները:

3. Դատական նիստերի դահլիճում ներկա անձի նկատմամբ սանկցիա կիրառելիս դատարանն անհրաժեշտության դեպքում նրան տալիս է արտահայտվելու հնարավորություն: Տուգանք կիրառելիս կամ գործին մասնակցող անձին դատական նիստերի դահլիճից հեռացնելիս արտահայտվելու իրավունք չտրամադրելը դատարանը պետք է պատճառաբանի այդ անձի ներկայությամբ, եթե առկա է դրա հնարավորությունը, կամ այդ անձի բացակայությամբ:

4. Եթե անձն ընդունում է իր արարքի հակաիրավականությունը և հայցում է դատարանի ներողամտությունը, ապա նշված անձի նկատմամբ դատական սանկցիա կարող է չկիրառվել:

5. Եթե դատական սանկցիայի ենթակա անձը չարաշահում է սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավունքը և արտահայտվելու իրավունքն օգտագործում է դատական սանկցիայի կիրառման հիմք հանդիսացող արարքը շարունակելու կամ նոր արարք կատարելու համար, ապա դատավորն իրավասու է այդ անձի նկատմամբ կիրառելու առավել խիստ դատական սանկցիա:

6. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը կամ դատական նիստին ներկա այլ անձը դատարանի նկատմամբ դրսևորել է այնպիսի վարքագիծ կամ կատարել է այնպիսի արարք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա նրա նկատմամբ դատարանը կիրառում է դատական սանկցիա և դիմում է նախաքննության մարմին վարույթ նախաձեռնելու միջնորդությամբ:

(153-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-182-Ն, 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 154. Նկատողություն և դատական նիստերի դահլիճից հեռացում կիրառելու առանձնահատկությունները

 

1. Դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ դատական նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան մինչև տվյալ դատական նիստի ավարտը, իսկ դատական նիստին ներկա այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամանակահատվածով կամ որոշակի դատավարական գործողությունն ավարտելու ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:

2. Դատական նիստերի դահլիճից հեռացումը չի կիրառվում դատավարության մասնակից դատախազի, որպես ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի, տվյալ պահին ցուցմունք տվող վկայի, փորձագետի, բացատրություն տվող մասնագետի, ինչպես նաև թարգմանչի նկատմամբ:

3. Դատական նիստերի դահլիճից հեռացված` գործին մասնակցող անձի, նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:

4. Նկատողությունը և դատական նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

5. Դատական նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարվելու դեպքում այն կատարվում է հարկադիր կարգով` դատական կարգադրիչների միջոցով:

 

Հոդված 155. Դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները

 

1. Դատական տուգանքը կիրառվում է առավելագույնը 100 000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

i

2. Դատական տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, և դրա հիման վրա կազմված կատարողական թերթը ուղարկվում է հարկադիր կատարման, եթե ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամովին չի կատարվում: Որոշումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի կամ վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել համապատասխանաբար վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան` այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում: Բողոքարկումը կասեցնում է դատարանի որոշման կատարումը:

 

Հոդված 156. Գործի քննության հետաձգումը

 

1. Դատարանն իրավունք ունի հետաձգելու գործի քննությունը, եթե`

1) գործին մասնակցող անձանցից որևէ մեկը կամ նրա ներկայացուցիչը դատարանի կողմից հարգելի ճանաչված պատճառով չի ներկայացել դատական նիստին.

2) չի կարող իրականացվել տվյալ նիստում` դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու պատճառով.

3) դա թելադրված է ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.

4) դա թելադրված է գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցներին գործին մասնակցող այլ անձանց ծանոթանալու անհրաժեշտությամբ.

5) գործին մասնակցող անձանցից որևէ մեկը միջնորդում է տրամադրել ողջամիտ ժամկետ` վեճը հաշտությամբ լուծելու համար, և գործին մասնակցող մյուս անձինք չեն առարկում, կամ դատարանը նշանակել է հաշտարարություն.

6) հայցվորը ներկայացրել է հայցի առարկան և հիմքը կամ դրանցից որևէ մեկը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն, և գործին մասնակցող անձը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ.

7) ներկայացվել է հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ.

8) ավարտվել է աշխատանքային օրը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական նիստը շարունակելը թելադրված է գործի քննության` օրենքով սահմանված հատուկ ժամկետը պահպանելու անհրաժեշտությամբ.

9) դատական նիստը չի կարող շարունակվել դատավարության մասնակցի կամ նիստերի դահլիճում ներկա անձի կողմից թույլ տրվող դատական նիստի կարգի խախտման պատճառով.

10) առաջին ատյանի դատարանը որոշել է գործի քննությանը ներգրավել գործին մասնակցող նոր անձի կամ, սույն օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ծանուցել որևէ անձի.

11) առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված կամ այլ հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում դատարանի կողմից գործի քննությունը.

12) դատական նիստերի դահլիճում տեղադրված համակարգչային ձայնագրման համակարգի անսարքության պատճառով հնարավոր չէ ապահովել դրա շահագործումը և դատական նիստին ներկա գործին մասնակցող անձինք առարկում են պարզ թղթային եղանակով դատական նիստն արձանագրելուն.

13) դատական նիստերի դահլիճում տեղադրված տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի անսարքության կամ այլ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ ապահովել դատավարության մասնակցի մասնակցությունը դատական նիստին.

14) օրենքով սահմանված հիմքերի առկայության կամ սույն օրենսգրքով սահմանված դատավարական գործողությունները կատարելու անհրաժեշտության դեպքերում:

2. Գործի քննությունը հետաձգելու մասին դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում, որում նշվում են հաջորդ դատական նիստի ժամանակը և վայրը: Սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում գործի քննությունը հետաձգելու գործողությունը կարող է կատարվել դատական նիստից դուրս:

3. Գործի քննությունը հետաձգելուց հետո այն շարունակվում է ընդհատման պահից:

(158-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 157. Գործի վարույթը կասեցնելու հիմքերը

 

1. Դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե`

1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտի օրինական ուժի մեջ մտնելը.

2) առկա է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է գործի հետագա քննությանը.

3) պատասխանողը ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում է, կամ ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում գտնվող հայցվորը դիմել է համապատասխան միջնորդությամբ.

4) գործին մասնակցող անձը մահացել է, և վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.

5) գործին մասնակցող քաղաքացին ճանաչվել է անհայտ բացակայող, և չի նշանակվել նրա գույքի հավատարմագրային կառավարիչ.

6) գործին մասնակցող քաղաքացին ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ և չունի օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու.

7) մահացել են գործին մասնակցող անչափահաս քաղաքացու օրինական ներկայացուցիչները, և նա չունի օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու.

8) դատարանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում որոշել է դիմել Սահմանադրական դատարան:

2. Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե`

1) նշանակվել է փորձաքննություն.

2) գործին մասնակցող իրավաբանական անձը վերակազմակերպվում է.

3) օրենքով սահմանված կարգով բողոքարկվել է գործով կայացված միջանկյալ դատական ակտը:

3. Դատարանը կարող է գործի վարույթը կասեցնել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը դատարանը կայացնում է Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման հետ միաժամանակ:

(157-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 158. Գործի վարույթը կասեցնելուց հետո դատավարական գործողություններ կատարելու անթույլատրելիությունը

 

1. Գործի վարույթը կասեցնելուց հետո մինչև դրա վերսկսումն արգելվում է գործով դատավարական գործողություններ կատարելը, բացառությամբ բացարկի կամ ինքնաբացարկի, հայցի ապահովման, ապացույցի ապահովման, հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու, փորձագետի միջնորդությամբ փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու, կատարողական թերթ տալու հետ կապված դատավարական գործողությունների:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները դատարանը կատարում է առանց գործի վարույթը վերսկսելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները կատարելու համար դատարանի նախաձեռնությամբ հավելյալ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող է հրավիրվել դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են գործին մասնակցող անձինք:

(158-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 159. Գործի վարույթը վերսկսելը

 

1. Դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո` եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:

2. Բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից, դատարանը վերսկսում է գործի վարույթը, եթե գործի վարույթը կասեցնելուց հետո ի հայտ է եկել գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմք` այդ հիմքը գործին մասնակցող անձանց հետ քննարկելու և համապատասխանաբար գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու նպատակով:

2.1. Դատական կազմի փոփոխության և գործը նոր դատավորի կողմից վարույթ ընդունվելու պարագայում այդ գործի կասեցված վարույթը կարող է վերսկսվել:

3. Սույն օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է, եթե`

1) վերադարձվել է Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը, իսկ այն բողոքարկվելու դեպքում դրա վերաբերյալ կայացվել է բողոքը մերժելու մասին որոշում.

2) Սահմանադրական դատարանը կարճել է գործի վարույթը.

3) Սահմանադրական դատարանն ամբողջությամբ մերժել է գործի քննությունը, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն.

4) ուժի մեջ է մտել Սահմանադրական դատարանի որոշումը կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:

4. Սույն օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով գործի վարույթը կասեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, հայցվորին (դիմողին)փոխարինելու վերաբերյալ միջնորդություն չներկայացվելու դեպքում դատարանը վերսկսում է գործի վարույթը և կայացնում հայցն առանց քննության թողնելու մասին որոշում:

(159-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 160. Գործի վարույթը կասեցնելու և վերսկսելու կարգը

 

i

1. Դատարանը գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում այն ուղարկելով գործին մասնակցող անձանց:

2. Գործի վարույթը կասեցնելու մասին, ինչպես նաև գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները գործին մասնակցող անձինք կարող են բողոքարկել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

3. Գործի վարույթը կասեցնելու, ինչպես նաև գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը համարվում է վերսկսված:

 

Հոդված 161. Դատական նիստի արձանագրման ձևը

 

1. Դատական նիստում գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն:

2. Դատական նիստերի դահլիճում հատուկ համակարգչային ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակյա համառոտագրման ձևով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են:

3. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի բացակայության կամ դրա օգտագործման անհնարինության դեպքում արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման ձևով: Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի օգտագործման հնարավորությունը վերականգնվելու դեպքում արձանագրությունը վարվում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված ձևով:

 

Հոդված 162. Պարզ թղթային արձանագրության բովանդակությունը

 

1. Դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են`

1) դատական նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը,

2) դատական նիստն սկսելու և ավարտելու ժամը,

3) գործը քննող դատարանի անվանումը, դատարանի կազմը և դատական նիստի քարտուղարի անունը,

4) գործի անվանումը,

5) տեղեկություններ գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների ներկայանալու մասին,

6) տեղեկություններ դատավարության մասնակիցների` դատական նիստին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ մասնակցելու մասին,

7) տեղեկություններ գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցներին իրենց դատավարական իրավունքները և պարտականությունները պարզաբանելու մասին,

8) դատարանի արձանագրային որոշումները և կարգադրությունները,

9) գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների հայտարարությունները, միջնորդությունները, բացատրությունները,

10) վկաների, փորձագետների ցուցմունքները,

11) տեղեկություններ ապացույցների հրապարակման, զննման և հետազոտման մասին,

12) տեղեկություններ դատական նիստերի դահլիճում կարգի խախտման և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաստերի և խախտողի անձի, ինչպես նաև դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված սանկցիաների մասին,

13) առանձին դատական ակտի տեսքով ձևակերպվող որոշումների եզրափակիչ մասը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 8-13-րդ կետերով նախատեսված տեղեկությունները դատական նիստերի քարտուղարն արձանագրում է բառացիորեն:

 

Հոդված 163. Արձանագրություն վարելը

 

1. Արձանագրությունը վարում է դատական նիստի քարտուղարը:

2. Պարզ թղթային արձանագրությունը նիստի ժամանակ վարվում է ձեռագիր կամ համակարգչի միջոցով: Այն գործի նյութերին կցվում է նախագահող դատավորի և դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:

3. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ թղթային կրիչի վրա կատարված համառոտագրումը և ձայնային կրիչի վրա պահված արձանագրությունը կցվում են գործի նյութերին:

4. Դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը դրա համառոտագրման հետ գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիստից անմիջապես հետո:

5. Դատական նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:

6. Դատական նիստի պաշտոնական ձայնագրություն է համարվում միայն դատարանի կողմից իրականացված հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով իրականացված ձայնագրությունը:

 

Հոդված 164. Դիտողությունները պարզ թղթային արձանագրության վերաբերյալ

 

1. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն ծանոթանալու պարզ թղթային եղանակով կազմված դատական նիստի արձանագրությանը և մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը դիտողություններ ներկայացնելու այն կազմելու լրիվության կամ ճշտության վերաբերյալ: Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն դատարանին ներկայացնելու իրենց կատարած դատական նիստի ձայնագրությունը, տեսագրությունը կամ սղագրությունը:

2. Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ուսումնասիրում է արձանագրությունը ստորագրած նախագահող դատավորը դրանք ներկայացնելու պահից երեք օրվա ընթացքում:

3. Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ընդունելու կամ մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում:

 

ԳԼՈՒԽ 16
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ

 

Հոդված 165. Նախնական դատական նիստի պարտադիր լինելը

 

1. Հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:

2. Առաջին ատյանի դատարանը, ելնելով սույն օրենսգրքում նշված դիմումի հիման վրա հարուցված գործի առանձնահատկություններից, իրավունք ունի գործը նշանակելու դատաքննության առանց նախնական դատական նիստ հրավիրելու, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Գործի քննությունն առանց նախնական դատական նիստի իրականացնելու դեպքում սույն օրենսգրքի 167-րդ հոդվածում նշված գործողություններն ըստ անհրաժեշտության կարող են կատարվել գործի դատաքննության ընթացքում:

 

i
Հոդված 166. Նախնական դատական նիստ նշանակելը

 

i

1. Առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

2. Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:

 

Հոդված 167. Նախնական դատական նիստում լուծման ենթակա հարցերի շրջանակը

 

1. Առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում`

1) պարզում է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը,

2) պարզում է պատասխանողի առարկությունների փաստական և իրավական հիմքերը,

3) պարզում է դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը,

i

4) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում` կիրառելի իրավական նորմերը` չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով,

5) լուծում է ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու հարցը,

6) պարզում է` հայցվորը պնդում է արդյոք իր պահանջները, պատասխանողն արդյոք ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է հայցվորի պահանջները, և գործին մասնակցող անձինք չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով` պարզաբանելով հաշտարարության էությունը,

7) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում` ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը,

8) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը,

9) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը,

10) գործին մասնակցող անձանց հետ քննարկում և լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը,

11) գործին մասնակցող անձանց միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ լուծում է հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման, ապացույց պահանջելու, ապացույց ապահովելու, փորձաքննություն նշանակելու, դատական նիստին վկա, փորձագետ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, գործին մասնակցող անձին հարցաքննելու, դատական հանձնարարություն տալու, ապացույցներն իրենց գտնվելու վայրում հետազոտելու վերաբերյալ հարցերը,

12) որոշում է ապացույցների հետազոտման հաջորդականությունը,

13) քննում է գործի արդյունավետ քննությանն ուղղված` գործին մասնակցող անձանց այլ միջնորդությունները, ինչպես նաև իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված` գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները կատարելիս դատարանը ներկայացված ապացույցները հետազոտում է այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են գործի դատաքննության արդյունավետ նախապատրաստություն իրականացնելու համար:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո դատարանը կարող է նշանակել ոչ պակաս, քան երկու, և ոչ ավելի, քան չորս ժամ հաշտարարություն, եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը:

(167-րդ հոդ. փոփ. 16.11.22 ՀՕ-436-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 168. Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը և դրա քննությունը նախնական դատական նիստում

 

1. Գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այդ դեպքում հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը:

2. Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացված լինելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո հայցային վաղեմություն կիրառելու դիմումի և դրա դեմ բերված առարկությունների հիման վրա արձանագրային որոշմամբ`

1) որոշում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը.

2) գործին մասնակցող անձանց միջև բաշխում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը.

3) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու հարցը և անհրաժեշտության դեպքում սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետը.

4) իրականացնում է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:

2.1. Եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողությունները կատարելուց հետո` երեք օրվա ընթացքում, գործին մասնակցող անձանց ծանուցում է այդ մասին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը տվյալ կամ հաջորդ դատական նիստում քննելու հարցը:

4. Հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության և դրա դեմ բերված առարկությունները քննարկելուց հետո դատարանը գործի քննությունը հայտարարում է ավարտված և հրապարակում է դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:

5. Հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի բացակայության դեպքում դատարանը որոշում է կայացնում հայցային վաղեմությունը կիրառելու միջնորդությունը մերժելու և գործի քննությունը վերսկսելու մասին` նշանակելով նախնական դատական նիստի ժամանակը և վայրը: Գործի քննությունը վերսկսելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

6. Հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանը վճիռ է կայացնում հայցը մերժելու մասին` առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը:

7. Ներկայացված առանձին հայցապահանջների նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանն այդ մասով առանձնացնում է գործի վարույթը և առանձնացված մասով կայացնում է հայցը մերժելու մասին վճիռ: Գործից մաս առանձնացնելու մասին որոշումը հրապարակվում է վճռի հետ միասին: Գործից մաս առանձնացնելու մասին որոշմամբ նշանակվում են նախնական դատական նիստի ժամանակը և վայրը: Գործից մաս առանձնացնելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է գործին մասնակցող անձանց: Գործի քննության արդյունավետությունից ելնելով` դատարանը կարող է դատական ծախսերի հարցին անդրադառնալ վեճն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտով: 

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգը դատարանի հայեցողությամբ կարող է չկիրառվել, եթե դա բխում է գործի քննության արդյունավետությունից, կամ գործին մասնակցող անձինք համաձայն են, որ հայցային վաղեմության հարցին դատարանն անդրադառնա գործի ըստ էության քննության արդյունքով կայացվելիք եզրափակիչ դատական ակտով:

(168-րդ հոդ. լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 169. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը

 

1. Սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:

i

2. Հակընդդեմ հայցը վերադարձնելու կամ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ բողոք ներկայացվելու դեպքում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացվում է այդ բողոքի վերաբերյալ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է`

1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը,

2) ապացուցման կարիք չունեցող փաստերը,

3) ապացուցման ենթակա փաստերը,

4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը,

5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:

4. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կարող է փոփոխել մինչև նախնական դատական նիստի ավարտը:

5. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը նախնական դատական նիստի ավարտից հետո կարող է փոփոխվել, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողությունների կամ միջնորդությունների քննության արդյունքով:

6. Եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո` երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:

 

Հոդված 170. Հայցի առարկան և հիմքը փոփոխելը

 

1. Հայցվորը հայցի առարկայի և հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ ներկայացնում է գրավոր միջնորդություն մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը:

2. Սույն օրենսգրքի իմաստով` հայցի առարկայի փոփոխությունը հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջն այլ պահանջով փոխարինելը, պահանջը փոփոխելը կամ լրացնելն է, այդ թվում` պահանջների չափն ավելացնելը կամ նվազեցնելը, որը թույլատրում է առաջին ատյանի դատարանը:

3. Սույն օրենսգրքի իմաստով` հայցի հիմքի փոփոխությունը հայցվորի կողմից հայցի հիմքում սկզբնապես դրված փաստերն այլ փաստերով փոխարինելն է, ինչպես նաև հայցի հիմքում դրված փաստերի շրջանակը ճշգրտելն է այն լրացնելու կամ պակասեցնելու եղանակով:

4. Առաջին ատյանի դատարանը հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ կայացնում է առանձին դատական ակտի ձևով որոշում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջնորդությունը քննարկվել և այն թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ որոշումը կայացվել է դատական նիստում` գործին մասնակցող անձանց ներկայությամբ:

5. Հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժում է, եթե այն բավարարելու դեպքում փոփոխվում է այն իրավունքը կամ օրենքով պահպանվող շահը, որի պաշտպանության նպատակով հայցը սկզբնապես հարուցվել է, կամ քննվող գործը դուրս է գալու առաջին ատյանի դատարանի ենթակայության սահմաններից:

6. Հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու դեպքում դատարանն անհրաժեշտության դեպքում իրականացնում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները:

7. Հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը չի քննարկում, եթե չի ներկայացվել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումից ազատելու, դրա վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ դատարանն այն չի բավարարել:

(170-րդ հոդ. լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 171. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո նոր փաստ վկայակոչելու անթույլատրելիությունը

 

1. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով.

2) նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:

 

Հոդված 172. Ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելը

 

1. Դատարանը, մինչև նախնական դատական նիստի ավարտը պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով:

2. Ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու մասին դատարանը կայացնում է որոշում` այն երեք օրվա ընթացքում ուղարկելով գործին մասնակցող անձանց, այդ թվում նաև ոչ պատշաճ և պատշաճ պատասխանողներին:

3. Ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելուց հետո դատարանն իրականացնում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները:

4. Պատշաճ պատասխանողով փոխարինված ոչ պատշաճ պատասխանողի կրած դատական ծախսերը, անկախ գործի ելքից, ենթակա են հատուցման հայցվորի կողմից:

 

Հոդված 173. Նոր պատասխանող ներգրավելը

 

1. Հայցվորը, գտնելով, որ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով, մինչև նախնական դատական նիստի ավարտը կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել այդ անձանց որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ գրավոր միջնորդություն: Նոր պատասխանող ներգրավելու միջնորդության մեջ պետք է նշվեն նոր պատասխանող ներգրավելու հիմքերը և հիմնավորումները:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում:

2. Նոր պատասխանող ներգրավելու մասին դատարանը կայացնում է որոշում` այն երեք օրվա ընթացքում ուղարկելով գործին մասնակցող անձանց, այդ թվում նաև` նոր պատասխանողին:

3. Նոր պատասխանողին գործին ներգրավելու դեպքում դատարանն իրականացնում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները:

(173-րդ հոդ. լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 174. Նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը

 

1. Դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:

2. Դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց համաձայնությամբ նախնական դատական նիստից անմիջապես անցնելու դատաքննության, եթե գործին մասնակցող բոլոր անձինք կամ նրանց ներկայացուցիչները ներկա են նախնական դատական նիստին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված հեռակա դատաքննություն կիրառելու դեպքերի:

3. Նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:

 

ԳԼՈՒԽ 17
ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 175. Դատաքննության նախապատրաստական մասում կատարվող գործողությունները

 

1. Սույն օրենսգրքի 143-րդ, 146-րդ և 148-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները կատարելուց հետո առաջին ատյանի դատարանը պարզում է, թե արդյոք հայցվորը պնդում է իր պահանջները, արդյոք պատասխանողն ընդունում է հայցվորի պահանջները, և արդյոք գործին մասնակցող անձինք չեն ցանկանում կնքել հաշտության համաձայնություն կամ ներկայացնել միջնորդություններ: Նախագահողը պարզում է նաև, թե արդյոք գործին մասնակցող անձինք չեն ցանկանում իրենց վեճը լուծել հաշտարարության միջոցով` անհրաժեշտության դեպքում պարզաբանելով հաշտարարության էությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո դատարանը կարող է նշանակել ոչ պակաս, քան երկու, և ոչ ավելի, քան չորս ժամ հաշտարարություն, եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը:

(105-րդ հոդ. փոփ. 16.11.22 ՀՕ-436-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 176. Ապացույցների հետազոտման հաջորդականությունը

 

1. Դատարանն ապացույցների հետազոտումն իրականացնում է նախնական դատական նիստում որոշված հաջորդականությամբ:

2. Դատարանը, անհրաժեշտության դեպքում լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է սահմանել ապացույցների հետազոտման այլ հաջորդականություն:

 

Հոդված 177. Ապացույցների հետազոտումը

 

1. Դատարանը գործն ըստ էության քննելիս պարտավոր է գործում առկա ապացույցները հետազոտել անմիջականորեն:

2. Վկայի, փորձագետի և մասնագետի հարցաքննությունը սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող է իրականացվել տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ:

3. Առաջին ատյանի դատարանն ապացույցների հետազոտումը կազմակերպում է այնպես, որ գործին մասնակցող անձինք հնարավորություն ունենան մասնակցելու դրանց հետազոտմանը և առաջին ատյանի դատարանի պահանջով կամ սեփական նախաձեռնությամբ մատնանշել այն փաստը կամ փաստերը, որոնք ապացուցելու համար անհրաժեշտ է այդ ապացույցը: Առաջին ատյանի դատարանը հնարավորություն է ընձեռում գործին մասնակցող անձանց դիրքորոշում հայտնել այդ ապացույցի և ապացուցման ենթակա փաստի վերաբերյալ:

4. Դատաքննության ժամանակ գործին մասնակցող անձի կողմից այն փաստն ընդունելը, որի միջոցով գործին մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները, հիմք է առաջին ատյանի դատարանի կողմից այդ փաստը հաստատող ապացույցը չհետազոտելու համար, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ այդ ապացույցն անհրաժեշտ է գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար:

 

i
Հոդված 178. Գործի դատաքննության ավարտը

 

1. Ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը գործին մասնակցող անձանց հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում ներկայացնել միջնորդություններ կամ եզրափակիչ դատական ակտի նախագծեր:

2. Եզրափակիչ դատական ակտի նախագիծ ներկայացնելու համար լրացուցիչ ժամկետ տրամադրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվելու դեպքում դատարանը գործին մասնակցող անձանց նախագիծ ներկայացնելու համար տրամադրվում է երեքից հինգ օր: Վճռի նախագիծ ներկայացնելու համար լրացուցիչ ժամկետ չի տրամադրվում, եթե դատարանը գործը քննում է պարզեցված ընթացակարգով, ինչպես նաև այն դեպքերում, երբ գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելու և հրապարակելու համար սույն օրենսգրքով սահմանված է կրճատ ժամկետ:

3. Նման միջնորդությունների բացակայության, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերը լուծելուց հետո նախագահողն ավարտում է գործի դատաքննությունը, հայտարարում է վճռի հրապարակման ժամանակը և վայրը` պարզաբանելով այն գործին մասնակցող անձանց ուղարկելու կարգը:

 

i
Հոդված 179. Վճռի հրապարակումը

 

i

1. Վճիռը սույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի կամքից անկախ, օբյեկտիվ հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը` այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:

i

2. Վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

(179-րդ հոդ. փոփ. 23.12.22 ՀՕ-576-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 18
ՎԱՐՈՒՅԹԻ ԱՎԱՐՏՆ ԱՌԱՆՑ ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԵԼՈՒ

 

Հոդված 180. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հիմքերը

 

1. Դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`

1) հայցադիմումը կամ դիմումը ներկայացրել է դատավարական գործունակությամբ չօժտված անձը, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ դատավարական գործունակությամբ չօժտված անձի օրինական ներկայացուցիչը պնդում է հայցադիմումը կամ դիմումը.

2) նույն կամ այլ դատարանի կամ արբիտրաժի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործ.

3) պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժի քննությանը հանձնելու` կողմերի միջև առկա արբիտրաժային համաձայնությանը, և այդպիսի համաձայնության հիման վրա արբիտրաժ դիմելու հնարավորությունը չի վերացել, բացառությամբ այն դեպքի, երբ արբիտրաժային համաձայնության առկայությունն օրենքով սահմանված դեպքերում չի սահմանափակում կողմի` դատարան դիմելու իրավունքը.

4) պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը հղում է կատարում տվյալ վեճը հաշտարարի միջոցով լուծելու վերաբերյալ համաձայնությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գտնում է, որ այդ համաձայնությունն առ ոչինչ է, ուժը կորցրել է կամ ակնհայտորեն չի կարող կատարվել.

5) պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը հղում է կատարում մինչև դատարան դիմելը կողմերի միջև առկա վեճի կարգավորման օրենքով կամ պայմանագրով նախատեսված արտադատական կարգը հայցվորի կողմից պահպանված չլինելու հանգամանքին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գտնում է, որ վեճի կարգավորման արտադատական կարգ սահմանող պայմանագիրն առ ոչինչ է, ուժը կորցրել է կամ ակնհայտորեն չի կարող կատարվել.

6) ամուսինն առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության հայցադիմում է ներկայացրել կնոջ հղիության ժամանակ.

7) հայցադիմումը կամ դիմումն ստորագրել է այն ստորագրելու իրավունք չունեցող անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ հայցադիմումը կամ դիմումն ստորագրելու իրավունք ունեցող անձը պնդում է հայցադիմումը կամ դիմումը.

8) հատուկ վարույթի գործերի քննության ընթացքում վեճ է ծագել իրավունքի մասին.

9) առկա է սույն օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքը.

10) առկա է սույն օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքը.

11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ, բացառությամբ այն գործերի, որոնցում սկզբնական հայցի հետ համատեղ քննվում է նաև հակընդդեմ հայց:

12) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

(180-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 181. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու կարգը և հետևանքները

 

1. Առաջին ատյանի դատարանը հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը:

2. Հայցը կամ դիմումն առանձին պահանջի մասով առանց քննության թողնելու հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանն այդ մասով առանձնացնում է գործի վարույթը և առանձնացված մասով հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության:

3. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո:

4. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

5. Գործին մասնակցող անձինք հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող են բողոքարկել վերաքննիչ դատարան` սույն օրենսգրքով սահմանված կարգով:

6. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը շարունակվում է հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը կայացնելու պահից:

 

Հոդված 182. Գործի վարույթը կարճելու հիմքերը

 

1. Դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե`

i

1) գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով.

i

2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման.

3) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա են օրինական ուժ ստացած վճարման կարգադրություն, արբիտրաժի վճիռ կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշում, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու կամ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելը մերժելու դեպքի.

4) գործին մասնակցող հայցվորի կամ պատասխանողի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը.

5) հայցը հարուցվել է մինչև հարուցումը մահացած պատասխանողի դեմ.

6) գործին մասնակցող իրավաբանական անձը լուծարվել է.

7) հայցվորը կամ դիմողը հրաժարվել է պահանջից.

8) վեճն ըստ էության սպառվել է.

9) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը, ներառյալ` հաշտարարության արդյունքով կնքված հաշտության համաձայնությունը.

10) հաշտարարության արդյունքով կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, որտեղ նշել են առանց հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու գործի վարույթը կարճելու մասին.

11) հայցը ներկայացվել է սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների խախտմամբ.

12) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

(182-րդ հոդ. փոփ. 26.06.23 ՀՕ-226-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 183. Գործի վարույթը կարճելու կարգը և հետևանքները

 

1. Գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է որոշում, բացառությամբ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Գործի վարույթի մի մասը կարճելու հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը կարող է այդ մասով առանձնացնել գործի վարույթը և առանձնացված մասով կայացնել գործի վարույթը կարճելու մասին որոշում կամ այդ հարցը լուծել վճռով:

3. Գործի վարույթը կարճելու մասին դատական ակտով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը:

4. Գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե դրա դեմ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք չի բերվել:

5. Գործի վարույթը կարճելու մասին որոշումը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

6. Գործին մասնակցող անձինք գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող են բողոքարկել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

7. Գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը սկսվում է նորից, և գործի քննությունը հանձնվում է միևնույն դատարանի մեկ այլ դատավորի կամ դատարանի կազմի:

i

8. Գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով գործի վարույթը կարճելուց հետո դատարանը մերժել է արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը:

9. Եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:

10. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգը չի կիրառվում այն դեպքերում, երբ պահանջներից հրաժարվելու միջնորդությունը ներկայացնում է իրավաբանական անձը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ որպես ներկայացուցիչ փաստաբան ունեցող ֆիզիկական անձը:

(183-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 19
ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 184. Հաշտարարության և հաշտարարի նշանակումը

 

1. Առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանը վարույթի ցանկացած փուլում կողմերին հաշտեցնելու նպատակով նրանց համաձայնությամբ կամ միջնորդությամբ իրավունք ունի նշանակելու արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց:

2. Եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մեկ անգամ կարող է նշանակել ոչ պակաս, քան երկու, և ոչ ավելի, քան չորս ժամ հաշտարարություն:

3. Հաշտարարություն կարող է նշանակվել ինչպես ամբողջ դատական վեճով, այնպես էլ ինքնուրույն պահանջի մասով, եթե այդ մասի առանձին լուծումը հնարավոր է հաշտարարության միջոցով:

4. Կողմերի միջնորդությամբ արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելիս հաշտարարի թեկնածության վերաբերյալ առաջարկ չներկայացվելու կամ դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում հաշտարարի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պահանջագրում նշելով դատական գործի համարը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), կողմերի միջև առկա վեճի բնույթը, պահանջները, այլ անհրաժեշտ տվյալներ:

4.1. Հաշտարարն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հաշտարարի թեկնածություն ներկայացվելուց հետո կամ կողմերի փոխադարձ համաձայնությամբ հաշտարար ընտրելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում որոշում է կայացնում հաշտարար նշանակելու մասին, որտեղ նշվում են գործին մասնակցող անձինք, կողմերի միջև առկա վեճի բնույթը, պահանջները, հաշտարարության ժամկետները, արտոնագրված հաշտարարի անունը, այլ անհրաժեշտ տվյալներ, հաջորդ դատական նիստի ժամանակը և վայրը, ինչպես նաև հաշտարարությունն առցանց իրականացնելու հնարավորության մասին:

6. Հաշտարարություն նշանակելու մասին որոշումը 10-օրյա ժամկետում ուղարկվում է գործին մասնակցող անձանց և հաշտարարին:

7. Եթե կողմերից մեկը միջնորդում է հաշտարարությունն առցանց իրականացնելու վերաբերյալ, և մյուս կողմը չի առարկում, ապա հաշտարարությունը կարող է նշանակվել առցանց:

8. «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ 9.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայությունը նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով անտեսելու մասին կողմերի որոշման չկայացման դեպքում հաշտարարը պարտավոր է այդ մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել դատարանին:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում դատարանը, ստուգելով «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ 9.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայության հանգամանքը, տեղեկացումն ստանալու պահից եռօրյա ժամկետում հաշտարարի նոր թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: Նոր թեկնածուի ընտրությունն ու հաշտարարի նշանակումն իրականացվում են սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգով:

(184-րդ հոդ. փոփ. 16.11.22 ՀՕ-436-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 185. Հաշտարարության ժամկետը

 

1. Դատարանի նշանակած հաշտարարության սկզբնական ժամկետը չի կարող գերազանցել երեք ամիսը: Կողմերի համատեղ միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ` մինչև վեց ամիս ժամկետով:

 

Հոդված 186. Հաշտարարության ավարտը

 

1. Յուրաքանչյուր կողմ, ինչպես նաև հաշտարարը հաշտարարությունն սկսելուց հետո ցանկացած պահի կարող են դադարեցնել հաշտարարության գործընթացը:

2. Հաշտարարության գործընթացն ավարտվում է կողմերից առնվազն մեկի կամ հաշտարարի կողմից գործընթացը դադարեցնելով կամ հաշտարարության արդյունքով հաշտության համաձայնություն կնքելու միջոցով:

3. Հաշտության համաձայնություն կնքելու դեպքում մեկական օրինակ տրվում է կողմերին, հաշտարարին, դատարանին:

4. Դատարանի նշանակած հաշտարարության արդյունքով հաշտության համաձայնություն կնքելու դեպքում արտոնագրված հաշտարարը պարտավոր է հաշտության համաձայնությունն ստորագրելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցել դատարանին` կցելով հաշտության համաձայնության բնօրինակը:

5. Եթե հաշտության համաձայնությունում առկա է գաղտնիության վերաբերյալ պայման, որով հաշտարարության կողմերը համաձայնել են առանց հաշտության համաձայնությունը հաստատելու գործը կարճելու վերաբերյալ, ապա արտոնագրված հաշտարարը կողմերի համաձայնությամբ հաշտության համաձայնությունն ստորագրելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դատարանին վեճը հաշտարարությամբ լուծելու և գաղտնիության պայմանի մասին: Առանց հաշտության համաձայնությունը հաստատելու գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունը կողմերը ներկայացնում են համատեղ, իսկ նման միջնորդության բացակայության դեպքում դատարանը շարունակում է գործի քննությունն ընդհատման պահից:

6. Ստանալով հաշտարարի ծանուցումը վեճը հաշտարարությամբ լուծելու մասին` սեղմ, բայց ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում դատարանը, սույն օրենսգրքի 151-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հաստատում կամ մերժում է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ կարճում է գործի վարույթը` ապահովելով հաշտարարության գաղտնիությունը:

7. Հաշտարարության արդյունքով կողմերի չհաշտվելու դեպքում դատարանը շարունակում է գործի քննությունն ընդհատման պահից:

 

Հոդված 187. Հաշտարարության հետ կապված ծախսերի բաշխումը

 

1. Հաշտության համաձայնություն կնքվելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում հաշտարարության հետ կապված ծախսերը կողմերը կրում են հավասարաչափ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

1.1. Սույն օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատարանի նախաձեռնությամբ նշանակված հաշտարարության արդյունքով կողմերի չհաշտվելու դեպքում հաշտարարության հետ կապված ծախսերը կրում է այն կողմը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ: Հայցը մասնակի բավարարելու մասին դատական ակտ կայացնելիս հաշտարարության հետ կապված ծախսերը դատարանը կողմերի միջև բաշխում է բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

2. Այն դեպքում, երբ հաշտարարությունը նշանակված է դատարանի կողմից, և կողմերը դատարանի կողմից հաշտարարության համար սահմանված ժամկետում կնքում են հաշտության համաձայնություն, վճարված պետական տուրքը վերադարձվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

3. Եթե կողմերը չեն ներկայացնում արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարի վարձատրության վերաբերյալ ապացույց, ապա դատարանը կողմերի միջև բաշխում է հաշտարարի վարձատրության գումարը` այն բռնագանձելով հօգուտ հաշտարարի:

4. Անկախ գործի ելքից դատական ծախսերը լրիվ դրվում են գործին մասնակցող այն անձի վրա, որը դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով հրաժարվել է մասնակցել հաշտարարությանը:

(187-րդ հոդ. փոփ. 16.11.22 ՀՕ-436-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 20
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

 

Հոդված 188. Առաջին ատյանի դատարանի դատական ակտերի տեսակները

 

1. Առաջին ատյանի դատարանը կայացնում է վճիռներ և որոշումներ:

2. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում առաջին ատյանի դատարանն արձակում է վճարման կարգադրություններ:

 

Հոդված 189. Դատարանի վճիռը

 

1. Գործն ըստ էության լուծելու դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է վճիռ:

2. Վճիռը կայացվում է Հայաստանի Հանրապետության անունից:

3. Վճիռը կայացնում է գործը քննած դատավորը: Գործը քննած դատավորը կնքում է վճռի յուրաքանչյուր էջը և ստորագրում է վճռի եզրափակիչ մասը:

(189-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 190. Գործին մասնակցող անձանց կողմից դատական ակտի նախագծի ներկայացվելը

 

1. Գործին մասնակցող անձինք մինչև գործի քննության ավարտը իրավունք ունեն գործը քննող առաջին ատյանի դատարանին ներկայացնելու միջանկյալ և եզրափակիչ դատական ակտի կամ դրա առանձին մասերի (նկարագրական, պատճառաբանական, եզրափակիչ) նախագծեր: Գործի քննությունն ավարտվելուց հետո եզրափակիչ դատական ակտի նախագիծը կարող է ներկայացվել սույն օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով դատարանի սահմանած ժամկետում:

2. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի յուրաքանչյուր դատական ակտի վերաբերյալ ներկայացնելու միայն մեկ նախագիծ, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենսգրքով սահմանված կարգով գործի քննությունն սկսվում է նորից կամ վերսկսվում է, որի պարագայում կարող է ներկայացվել եզրափակիչ դատական ակտի նոր նախագիծ կամ նախկինում ներկայացված նախագծի լրացում կամ փոփոխություն:

3. Գործին մասնակցող անձի ներկայացրած դատական ակտի նախագիծն ինքնին չի հանդիսանում ապացույց, բացատրություն կամ միջնորդություն, և դրա ներկայացումը չի փոխարինում համապատասխան դատավարական գործողություններին, որոնք պետք է կատարվեն առանձին:

4. Դատական ակտի նախագիծը ներկայացվում է թղթային տեսքով: Դատական ակտի նախագծին կցվում է նախագծի տեքստի էլեկտրոնային տարբերակը` համապատասխան կրիչով: Սույն հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ ներկայացված դատական ակտի նախագիծը և դրա էլեկտրոնային օրինակը կցվում են գործի նյութերին:

5. Դատական ակտերի նախագծերը գործին մասնակցող անձանց հետ չեն քննարկվում:

6. Դատարանը կարող է օգտագործել սույն օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված դատական ակտերի նախագծերը և հաշվի առնել դրանք դատական ակտ կայացնելիս, սակայն կաշկանդված չէ դրանցով և դատական ակտ կայացնելիս ինքնուրույն, իր ներքին համոզմամբ է վերլուծում գործի փաստական և իրավական հանգամանքները:

7. Դատարանի կողմից դատական ակտը կազմելիս գործին մասնակցող անձանց ներկայացրած դատական ակտերի նախագծերը մասնակի կամ լրիվ օգտագործելը կամ չօգտագործելն ինքնին չի կարող դիտարկվել որպես դատարանի կողմնակալության վկայություն, բացարկի կամ ինքնաբացարկի, դատական ակտի բողոքարկման կամ վերանայման հիմք, ինչպես նաև հիմք հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

8. Դատարանը եզրափակիչ դատական ակտում չի անդրադառնում գործին մասնակցող անձի ներկայացրած դատական ակտի նախագծին, ներառյալ` պարտավոր չէ շարադրել այն օգտագործելու կամ չօգտագործելու շարժառիթները:

(190-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 191. Վճիռ կայացնելիս դատարանի կողմից լուծման ենթակա հարցերը

 

1. Առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս`

1) գնահատում է ապացույցները,

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ փաստերն են ապացուցվել, և որոնք չեն ապացուցվել,

3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա իրավական նորմերը,

4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը,

5) բաշխում է գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը,

6) լուծում է հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու հարցը:

2. Դատարանը, անհրաժեշտ համարելով պարզել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, գործում առկա ապացույցները լրացուցիչ հետազոտելու միջոցով ոչ ավելի, քան մեկ անգամ կարող է վերսկսել գործի դատաքննությունը:

3. Գործի դատաքննությունը վերսկսելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում նշվում են դատաքննության ժամանակը և վայրը:

 

Հոդված 192. Վճռի բովանդակությունը

 

1. Առաջին ատյանի դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

2. Վճռի ներածական մասը պետք է պարունակի վճիռ կայացնող առաջին ատյանի դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, վճիռը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, գործին մասնակցող անձանց անունը (անվանումը), հայցի առարկան: Վճռի ներածական մասում պետք է նշվեն նաև գործին մասնակցող անձանց` քաղաքացու անձնագրային տվյալները, իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման վկայականի համարը:

3. Վճռի նկարագրական մասը պետք է պարունակի`

1) նշում այն մասին, թե երբ է հայցը ներկայացվել առաջին ատյանի դատարան, երբ է այն ընդունվել վարույթ,

2) համապատասխան դատավարական նախապատմությունը և վերադաս դատարանի սահմանած գործի նոր քննության ծավալը, եթե գործը վերադաս դատարանն ուղարկել է նոր քննության,

3) նշում` գործին երրորդ անձանց ներգրավելու մասին,

4) հայցվորի դիրքորոշման հակիրճ բովանդակությունը` յուրաքանչյուր պահանջը, յուրաքանչյուր պահանջի իրավական և փաստական հիմքերը,

5) նշում այն մասին, թե արդյոք փոփոխվել է հայցի առարկան կամ հիմքը` փոփոխված լինելու դեպքում նշելով փոփոխության կատարման ամսաթիվը և փոփոխության էությունը,

6) պատասխանողի դիրքորոշման հակիրճ բովանդակությունը` հայցվորի յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակի առարկելու վերաբերյալ, առարկության իրավական և փաստական հիմքը,

7) վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի դիրքորոշումը, որը շարադրվում է սույն մասի 4-րդ կետով սահմանված կարգով,

8) վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի դիրքորոշումը, որը շարադրվում է սույն մասի համապատասխանաբար 4-րդ կամ 6-րդ կետով սահմանված կարգով,

9) հակընդդեմ հայցվորի և հակընդդեմ հայցով պատասխանողի դիրքորոշումները, որոնք շարադրվում են սույն մասի համապատասխանաբար 4-րդ և 6-րդ կետերով սահմանված կարգով,

10) նշում` սույն օրենսգրքի 169-րդ հոդվածով նախատեսված որոշման կայացման մասին,

11) անհրաժեշտության դեպքում նշում` առանձին ակտի ձևով ընդունված այլ որոշումների մասին:

4. Վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի`

i

1) վերլուծություն` կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումների վկայակոչմամբ, որոնք առաջին ատյանի դատարանը կիրառելի է համարում,

2) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը,

3) ապացուցման կարիք չունեցող փաստերը` նշելով, թե սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի որ մասի հիման վրա և ինչ հիմքով է գործին մասնակցող անձն ազատվում տվյալ փաստն ապացուցելու պարտականությունից,

4) ապացուցման ենթակա փաստերը`

ա. շարադրելով ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստը,

բ. նշելով, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա,

գ. առաջին ատյանի դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ` գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար գործին մասնակցող անձանց ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը.

5) գործին մասնակցող անձի ներկայացրած ապացույցն անթույլատրելի կամ ոչ վերաբերելի համարելու դեպքում`

ա. հղում այն իրավական նորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի կամ ոչ վերաբերելի,

բ. այն փաստերի շարադրանքը, որոնց հիման վրա դատարանը հանգել է եզրահանգման.

6) եզրակացություն` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմնավոր լինելու վերաբերյալ,

7) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը,

8) «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջեից կողմին վճարման ենթակա գումարի չափը:

5. Վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի`

1) յուրաքանչյուր պահանջը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի եզրակացությունը: Պահանջները մի քանի պատասխանողների դեմ ներկայացվելու դեպքում նշում վերջիններիս պատասխանատվության մասին, իսկ երաշխավորության դեպքում` նաև երաշխավոր հանդիսանալու և երաշխավորի պատասխանատվության սուբսիդիար կամ համապարտ լինելու մասին,

2) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի եզրահանգումները,

3) եզրահանգումներ` կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու մասին,

4) հայցն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու և կատարում ենթադրող վճիռ կայացնելու դեպքում նշում` վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին,

5) վճռի բողոքարկման ժամկետը և այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը: 

(192-րդ հոդ. փոփ. 19.01.21 ՀՕ-36-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 16.11.22 ՀՕ-436-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 193. Գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին վճիռը

 

1. Գործին մասնակցող անձանց հաշտության համաձայնությունը հաստատելու դեպքում առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացնում գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, որը պետք է պարունակի սույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասով, 3-րդ մասի 1-9-րդ կետերով սահմանված տեղեկությունները և հաշտության համաձայնության բառացի շարադրանքը:

2. Գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու դեպքում առաջին ատյանի դատարանը վճռով վերացնում է հայցի ապահովման միջոցները և բաշխում է դատական ծախսերը, եթե այլ բան սահմանված չէ հաշտության համաձայնությամբ:

 

Հոդված 194. Առանձին գործերով վճռի եզրափակիչ մասի առանձնահատկությունները

 

i

1. Առանձին գործերով դատարանի վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի`

1) դրամական միջոցներ գանձելու վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում` բռնագանձվող գումարի ընդհանուր չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, տուժանքի (տուգանքի, տույժի), վնասների չափերը, ինչպես նաև այն գումարի չափը, որի վրա հաշվեգրվում են տոկոսներ, այդ տոկոսների չափը և դրանց հաշվեգրման սկզբի տարին, ամիսը և ամսաթիվը,

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների խախտման համար դրամական միջոցներ գանձելու վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում պետք է սահմանվի, թե բռնագանձվող գումարը ենթակա է գանձման միայն համապատասխան ֆոնդի գույքից, թե միայն պարտապան ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհամարվող գույքից, իսկ անբավարարության դեպքում` նաև պարտապան ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհամարվող գույքից,

3) գույք հատկացնելու դեպքում` հանձնման ենթակա գույքի անվանումը, առկայության դեպքում` նույնականացման տվյալները, իսկ եթե հայտնի է` նաև դրա գտնվելու վայրը,

4) մի քանի հայցվորի օգտին վճիռ կայացնելու դեպքում` նրանցից յուրաքանչյուրի պահանջը բավարարելու չափը կամ նշում առ այն, որ պահանջի իրավունքը համիրավ է,

5) մի քանի պատասխանողի դեմ վճիռ կայացնելու դեպքում` նրանցից յուրաքանչյուրի պարտավորության չափը կամ նշում առ այն, որ նրանց պատասխանատվությունը համապարտ է,

6) պայմանագիր կնքել հարկադրելու հետ կապված վեճով` այն պայմանները, որոնցով կողմերը պարտավոր են կնքել պայմանագիրը, իսկ պայմանագիրը փոխելու հետ կապված վեճով` պայմանագրի յուրաքանչյուր վիճելի պայմանի վերջնական ձևակերպումը,

6.1) սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 8-րդ մասում նշված տեղեկությունները` նույն մասում նշված գործերի քննության դեպքում,

7) օրենքով նախատեսված դեպքում` այլ տեղեկություններ:

(194-րդ հոդ. փոփ. 26.06.23 ՀՕ-226-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 195. Վճռի կատարման ապահովումը

 

1. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ վճռի կայացումից հետո մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը կիրառում է վճռի կատարման ապահովման միջոցներ:

2. Վճռի կատարման ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է անհապաղ, առանց դատական նիստ հրավիրելու:

3. Վճռի կատարման ապահովման միջոցների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 13-րդ գլխի կանոնները:

 

Հոդված 196. Լրացուցիչ վճիռը

 

i

1. Վճիռ կայացրած առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կայացնում է լրացուցիչ վճիռ, եթե`

1) վճռի պատճառաբանական մասում որևէ պահանջի անդրադառնալով` վճռի եզրափակիչ մասում ըստ էության չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը.

2) լուծելով իրավունքի մասին հարցը` չի նշել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք պարտավոր է կատարել գործին մասնակցող անձը.

3) չի լուծել կամ թերի է լուծել դատական ծախսերի հարցը.

4) չի լուծել հայցի ապահովման միջոցները վերացնելու հարցը:

2. Լրացուցիչ վճիռը դատարանի նախաձեռնությամբ կարող է կայացվել, իսկ դրա վերաբերյալ միջնորդությունը կարող է ներկայացվել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած վճիռներով լրացուցիչ վճիռ կայացնելու մասին դիմումը կարող է ներկայացվել հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով լրացուցիչ վճիռ կայացնելու միջնորդությունը կարող է ներկայացվել նաև վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

4. Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին հարցը լուծվում է դատական նիստում, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով լրացուցիչ վճիռ կայացնելու միջնորդության, որը քննվում է առանց դատական նիստ հրավիրելու: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հարցի քննարկման համար:

5. Առաջին ատյանի դատարանը լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը պետք է քննի և լուծի այն ստանալու օրվանից 20 օրվա ընթացքում:

6. Լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում:

7. Լրացուցիչ վճիռը կամ այն կայացնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

i

8. Առաջին ատյանի դատարանը չի կարող լրացուցիչ վճիռ կայացնել այն հարցի կապակցությամբ, որի վերաբերյալ ներկայացվել է բողոք:

9. Վճռի բեկանման դեպքում լրացուցիչ վճիռը համարվում է բեկանված, եթե այլ բան սահմանված չէ վերադաս դատական ատյանի որոշմամբ:

10. Գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով դատարանը կայացնում է լրացուցիչ որոշում, որի նկատմամբ կիրառելի են սույն հոդվածի կանոնները:

 

Հոդված 197. Վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելը

 

1. Դատական ակտում թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել, իսկ դատարանն իր նախաձեռնությամբ այդ գործողությունները կատարում է դատական ակտի կայացման պահից մինչև դրա կատարումը:

2. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու հարցը դատարանը լուծում է առանց դատական նիստ հրավիրելու: Դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին միջնորդությունն առաջին ատյանի դատարանը պետք է քննի և լուծի այն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:

3. Դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում:

4. Դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու կամ դրանց վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

5. Դատական ակտը բեկանելու դեպքում իրենց ուժը կորցնում են դրանում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին որոշումները, եթե այլ բան սահմանված չէ վերադաս դատական ատյանի որոշմամբ:

 

Հոդված 198. Վճռի օրինական ուժի մեջ մտնելը

 

i

1. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

2. Վճիռը բողոքարկվելու և վերաքննիչ դատարանի կողմից չբեկանվելու դեպքում այն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

3. Վճիռը բողոքարկվելու և վերաքննիչ դատարանի կողմից մասնակի բեկանվելու դեպքում վճռի չբեկանված մասն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

4. Վճիռը բողոքարկվելու և վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու մասին որոշումը բողոքարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու պահից, իսկ եթե վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումը բողոքարկվում է Վճռաբեկ դատարան, ապա` Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձվելու, առանց քննության թողնվելու, վարույթ ընդունելը մերժվելու կամ վճռաբեկ բողոքը մերժվելու պահից:

5. Գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

6. Ալիմենտ բռնագանձելու, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում վնասի հատուցման վերաբերյալ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

7. Եթե հայցագինը կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, ապա դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

8. Վճիռը հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

9. Վճիռը բացառիկ դեպքերում կարող է հրապարակման պահից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ գործին մասնակցող անձի համար:

 

Հոդված 199. Առաջին ատյանի դատարանի որոշումները

 

1. Առաջին ատյանի դատարանն առանձին ակտի ձևով կայացնում է այն որոշումները, որոնք`

1) ենթակա են բողոքարկման.

2) կայացվում են դատական նիստից դուրս.

3) սույն օրենսգրքի համաձայն` պետք է կայացվեն առանձին ակտի ձևով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված որոշումները դատարանի հայեցողությամբ կարող են կայացվել առանձին ակտի ձևով կամ ամրագրվել դատական նիստի արձանագրության մեջ:

3. Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

4. Առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց հանձնվում է առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց է ուղարկվում կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:

 

i
Հոդված 200. Դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշման բովանդակությունը

 

1. Առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`

1) առաջին ատյանի դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, հայցի առարկան,

2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը),

3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում,

i

4) հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ,

5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրահանգումը,

6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման, իսկ եթե որոշումը բողոքարկման ենթակա չէ, ապա նշում այդ մասին:

 

ԵՆԹԱԲԱԺԻՆ ԵՐԿՐՈՐԴ
ՀԱՏՈՒԿ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 21
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 201. Հատուկ հայցային վարույթների իրականացման կարգը

 

1. Դատարանները հատուկ հայցային վարույթներն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն ենթաբաժնի դրույթներով:

 

Հոդված 202. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գործերը

 

1. Դատարանը հատուկ հայցային վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը.

1) ընտանեկան գործերը.

2) Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերը.

i

3) առանձին աշխատանքային վեճերով գործերը.

4) կորպորատիվ վեճերով գործերը.

5) խմբային հայցի հիման վրա քննվող գործերը.

6) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և անվճարունակ բանկի, վարկային կազմակերպության, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի և ապահովագրական ընկերության ժամանակավոր ադմինիստրացիայի որոշումների բողոքարկումը.

i

7)  «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ գործերը.

8) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գնումների հետ կապված վեճերը:

(202-րդ հոդ. փոփ. 12.07.18 ՀՕ-367-Ն, 21.01.22 ՀՕ-7-Ն, 12.04.24 ՀՕ-171-Ն օրենքներ)

 

i

ԳԼՈՒԽ 22
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ

 

i
Հոդված 203. Ընտանեկան վեճերով գործի քննության առանձնահատկությունները

 

i

1. Ընտանեկան վեճեր քննելիս գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունները:

2. Երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով` դատարանը գործի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով պարտավոր է, չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկել ողջամիտ միջոցներ գործի քննությունը լրիվ, բազմակողմանի իրականացնելու համար, մասնավորապես պահանջելու տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու գործին մասնակցող անձանց ներկայանալ դատական նիստի, նշանակելու փորձաքննություն, հարցաքննելու վկաների, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու փաստաթղթեր:

3. Երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով` դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ հայցի ապահովման կարգով կարող է գործին մասնակցող կամ այլ անձանց արգելել կամ պարտավորեցնել կատարելու որոշակի գործողություններ, թեկուզև հայցի ապահովման կիրառված միջոցն առերևույթ հանգեցնում է ներկայացված պահանջի փաստացի կատարման:

 

i

ԳԼՈՒԽ 23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՊԱՀՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 204. Հայցադիմում ներկայացնելը

 

1. Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ հայցադիմումը ներկայացնում է «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 1980 թվականի հոկտեմբերի 25-ի կոնվենցիայի շրջանակներում կառավարության որոշած կենտրոնական մարմինը (այսուհետ` Կենտրոնական մարմին):

2. Հայցադիմումը ներկայացվում է երեխայի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան: Երեխայի բնակության վայրը անհայտ լինելու դեպքում հայցադիմումը ներկայացվում է Կենտրոնական մարմնի գտնվելու վայրի դատարան:

 

Հոդված 205. Հայցադիմումին ներկայացվող պահանջները

 

1. Հայցադիմումում պետք է նշվեն`

1) Կենտրոնական մարմնի անվանումը և հասցեն,

2) Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի անունը, բնակության վայրը (եթե հայտնի է),

3) Կենտրոնական մարմնի` Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի մասին կամ երեխայի վերադարձը մերժելու մասին եզրակացությունը հաստատելու պահանջը:

2. Մեկ հայցադիմումում մի քանի պահանջ միացվել չի կարող, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացվում է միևնույն անձի կողմից Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երկու կամ ավելի երեխայի վերադարձի մասին պահանջ:

3. Հայցադիմումին պետք է կցվեն`

1) Կենտրոնական մարմնի` Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի մասին կամ երեխայի վերադարձը մերժելու մասին եզրակացությունը,

2) երեխայի վերադարձի վերաբերյալ վարույթի բոլոր նյութերը,

3) երեխայի վերադարձն ապահովելու միջոցառումների ցանկը և ծախսերի հաշվարկը:

 

Հոդված 206. Հայցադիմումը վարույթ ընդունելը և հայցի ապահովումը

 

1. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է անհապաղ` ոչ ուշ, քան այն ներկայացվելու հաջորդ օրը:

2. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ մինչև Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործով վճռի օրինական ուժի մեջ մտնելն արգելում է պատասխանողին փոխել երեխայի բնակության վայրը:

3. Դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող է կիրառել հայցի ապահովման այլ միջոցներ:

 

Հոդված 207. Հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը

 

1. Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում:

 

Հոդված 208. Գործի քննությունը

 

1. Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործը դատարանը քննում է առանց դատական նիստ հրավիրելու և վճիռ է կայացնում հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո` տասնօրյա ժամկետում:

2. Դատարանը կաշկանդված չէ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ վարույթի նյութերով, դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:

 

i
Հոդված 209. Դատարանի վճիռը

 

1. Գործի քննության արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ:

2. Հայցը բավարարելու վերաբերյալ վճռով դատարանը նաև բաշխում է երեխայի վերադարձն ապահովելու հետ կապված առկա և կատարվելիք ծախսերը:

3. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացվում:

4. Հայցը բավարարելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է օրենքով սահմանված կարգով Կենտրոնական մարմնի կողմից երեխայի վերադարձն ապահովելու գործընթացը կազմակերպելու համար:

 

ԳԼՈՒԽ 24
ԱՌԱՆՁԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 210. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող աշխատանքային վեճերը և դրանց լուծման ժամկետը

 

i

1. Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ` աշխատանքային վեճ):

2. Աշխատանքային վեճերն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

 

Հոդված 211. Հայցադիմումը վարույթ ընդունելը և դատարանի գործողությունները հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո

 

1. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում:

2. Հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում` պատասխանողից հետևյալ ապացույցները պահանջելու մասին.

1) վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,

2) վիճարկվող անհատական իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը,

3) աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:

3. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:

4. Գործը դատաքննության նախապատրաստելիս դատարանը կարող է առաջարկել հայցը փոփոխելու միջոցով ճշգրտելու ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջները, համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ:

 

Հոդված 212. Հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը

 

1. Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:

 

Հոդված 213. Աշխատանքային վեճով ապացուցման պարտականությունը բաշխելու կանոնները

 

1. Վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած, ինչպես նաև տվյալ անհատական իրավական ակտի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:

2. Պատասխանողը վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:

 

Հոդված 214. Վճիռ կայացնելիս հաշվի առնվող հանգամանքները

 

1. Վիճարկվող անհատական իրավական ակտում օրենքով սահմանված` անհատական իրավական ակտերին վերաբերող պահանջների խախտումն ինքնին հիմք չէ այդ ակտն անվավեր ճանաչելու համար:

2. Դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե`

i

1) դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը.

2) պատասխանողի կողմից խախտվել է աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու` օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտով սահմանված կարգը:

3. Այն դեպքերում, երբ վիճարկվող անհատական իրավական ակտն ընդունվել է մեկից ավելի փաստական հիմքերով, ապա դրանցից առնվազն մեկի առկայությունը հաստատվելը բավարար է վիճարկվող անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու համար:

 

ԳԼՈՒԽ 25
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՎԵՃԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 215. Կորպորատիվ իրավահարաբերություններից բխող վեճերի վերաբերյալ գործերը

 

1. Դատարանը հատուկ հայցային վարույթի կարգով քննում է իրավաբանական անձի ստեղծման, կառավարման և իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցության (անդամության) հետ կապված իրավահարաբերություններից բխող վեճերը (այսուհետ` կորպորատիվ վեճեր), այդ թվում`

1) իրավաբանական անձի ստեղծման, վերակազմակերպման և լուծարման հետ կապված վեճերը.

2) բաժնետոմսերի, կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասերի, կոոպերատիվի անդամների փայերի պատկանելության, դրանց նկատմամբ սահմանափակումների և այդ սահմանափակումներից բխող իրավունքների իրականացման հետ կապված վեճերը, ներառյալ` բաժնետոմսերի, կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասերի, կոոպերատիվի անդամների փայերի կապակցությամբ կնքված գործարքներից բխող, այդ գործարքներն անվավեր ճանաչելու և (կամ) անվավերության հետևանքները կիրառելու, բաժնետոմսերի, կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասերի վրա բռնագանձում տարածելու հետ կապված վեճերը, բացառությամբ բաժնետոմսեր, կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասեր, կոոպերատիվի անդամի փայեր ներառող ժառանգությունը կամ ամուսինների ընդհանուր սեփականությունը բաժանելու հետ կապված վեճերի.

3) իրավաբանական անձի հիմնադիրների, մասնակիցների կամ անդամների` իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու, իրավաբանական անձի կնքած գործարքն անվավեր ճանաչելու, գործարքի անվավերության հետևանքները կիրառելու վերաբերյալ պահանջների հետ կապված վեճերը.

i

4) իրավաբանական անձի կառավարման և հսկողություն իրականացնող մարմինների ձևավորման կամ դրանց կազմում ընդգրկված անձանց նշանակելու (ընտրելու), այդ անձանց լիազորությունները դադարեցնելու, կասեցնելու, իրավաբանական անձի կառավարման և հսկողություն իրականացնող մարմինների կազմում ընդգրկված կամ նախկինում ընդգրկված անձանց պատասխանատվության հետ կապված վեճերը.

5) արժեթղթերի թողարկման, ներառյալ` թողարկողի կառավարման մարմինների որոշումների իրավաչափության և արժեթղթերի տեղաբաշխման ընթացքում կնքված գործարքները վիճարկելու հետ կապված վեճերը.

6) արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների գործունեությունից բխող այն վեճերը, որոնք կապված են բաժնետոմսերի և այլ արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման (գրանցման), ինչպես նաև արժեթղթերի տեղաբաշխման և (կամ) շրջանառության կապակցությամբ օրենքով նախատեսված այլ իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման հետ.

7) իրավաբանական անձի մասնակիցների ընդհանուր ժողովի գումարման հետ կապված վեճերը.

8) իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումների իրավաչափության հետ կապված վեճերը.

9) իրավաբանական անձի մասնակցի (անդամի)` իրավաբանական անձից դուրս գալու և հեռացնելու հետ կապված վեճերը.

10) իրավաբանական անձի մասնակցի (անդամի)` օրենքով նախատեսված իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման հետ կապված վեճերը:

 

Հոդված 216. Կորպորատիվ վեճերով գործերի ընդդատությունը

 

1. Կորպորատիվ վեճերով գործերը քննվում են սույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձի գտնվելու վայրի դատարանում:

 

Հոդված 217. Կորպորատիվ վեճով հայցադիմումին ներկայացվող պահանջները

 

1. Կորպորատիվ վեճով դատարան ներկայացվող հայցադիմումի նկատմամբ տարածվում են հայցադիմումի համար սույն օրենսգրքով սահմանված պահանջները: Հայցադիմումի մեջ նշվում են նաև սույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձի պետական գրանցման համարը և գտնվելու վայրի հասցեն:

2. Հայցադիմումին կցվում են նաև իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքը կամ իրավաբանական անձի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթուղթ, որը տեղեկություններ է պարունակում պետական գրանցման համարի և գտնվելու վայրի մասին:

 

Հոդված 218. Կորպորատիվ վեճով գործի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը

 

1. Այն դեպքերում, երբ սույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձը չունի գործին մասնակցող անձի կարգավիճակ, ապա դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու, հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու մասին որոշումներն ուղարկում է տվյալ իրավաբանական անձին` նրան ծանուցելով սույն օրենսգրքի 39-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու իրավունքի և դրա իրականացման կարգի մասին:

2. Սույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով դատարանից տեղեկություններ ստանալու գործի ընթացքի վերաբերյալ նաև այն դեպքերում, երբ չունի գործին մասնակցող անձի կարգավիճակ:

3. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ դատարանը կարող է պարտավորեցնել իրավաբանական անձին տեղեկացնելու տվյալ իրավաբանական անձի մասնակիցներին (անդամներին), նրա կառավարման և հսկողություն իրականացնող մարմինների կազմում ընդգրկված անձանց, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցներին հայցադիմումը վարույթ ընդունելու, ներկայացված հայցի առարկայի և հիմքերի, ինչպես նաև գործի քննությանը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով ներգրավվելու նրանց իրավունքի մասին: Սույն մասով սահմանված պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում դատարանը կարող է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ կիրառել դատական տուգանք:

 

Հոդված 219. Կորպորատիվ վեճով հայցից հրաժարվելը, հաշտության համաձայնությունը և հաշտարարության գործընթացի առանձնահատկությունները

 

1. Դատարանը կարող է պահանջներից հրաժարվելը ճանաչել ոչ իրավաչափ, եթե այդպիսի հրաժարումը հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին, խախտում է այլ անձի, ներառյալ` սույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձի իրավունքներն ու օրինական շահերը, կամ հիմքեր կան կասկածելու, որ հայցվորը պահանջից հրաժարվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության ներքո:

2. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն խախտում է սույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձի իրավունքներն ու օրինական շահերը, կամ հիմքեր կան կասկածելու, որ համաձայնությունը կնքվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության ներքո կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով:

3. Կորպորատիվ վեճերով հաշտարարության կողմերը չեն օգտվում գաղտնիության վերաբերյալ պայմանով հաշտության համաձայնություն կնքելու և առանց հաշտության համաձայնությունը դատական կարգով հաստատելու գործի վարույթը կարճելու վերաբերյալ համաձայնություն կայացնելու իրավունքից:

 

Հոդված 220. Իրավաբանական անձի մասնակիցների (անդամների) ընդհանուր ժողով գումարելու հետ կապված վեճերի քննության առանձնահատկությունները

 

1. Իրավաբանական անձի մասնակիցների (անդամների) ընդհանուր ժողով գումարելու հետ կապված վեճերով գործերի վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի 41-րդ գլխով սահմանված կարգով` սույն գլխով սահմանված պահանջների պահպանմամբ:

2. Հայցը բավարարելու դեպքում դատարանն իրավաբանական անձին պարտավորեցնում է օրենքով սահմանված ժամկետում գումարել իրավաբանական անձի մասնակիցների (անդամների) ընդհանուր ժողով:

 

Հոդված 221. Իրավաբանական անձի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին իրավաբանական անձի մասնակցի (անդամի) պահանջով վարույթի առանձնահատկությունները

 

1. Իրավաբանական անձի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին իրավաբանական անձի մասնակցի (անդամի) պահանջով գործի վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի 41-րդ գլխով սահմանված կարգով` սույն գլխով սահմանված պահանջների պահպանմամբ:

2. Հայցը բավարարելու դեպքում դատարանն իրավաբանական անձին պարտավորեցնում է սահմանված կարգով իրավաբանական անձի մասնակցին (անդամին) տրամադրել վճռում նշված տեղեկատվությունը:

 

Հոդված 222. Իրավաբանական անձի մասնակիցների (անդամների)` իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու, իրավաբանական անձի կողմից կնքված գործարքն անվավեր ճանաչելու, գործարքի անվավերության հետևանքները կիրառելու վերաբերյալ պահանջով վարույթի առանձնահատկությունները

 

1. Այն դեպքերում, երբ իրավաբանական անձի մասնակիցը (անդամը) դիմել է դատարան իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու, իրավաբանական անձի կնքած գործարքն անվավեր ճանաչելու և (կամ) գործարքի անվավերության հետևանքները կիրառելու պահանջով, նա օգտվում է հայցվորի իրավունքներից, կրում է նրա պարտականությունները, ինչպես նաև կարող է պահանջել գործով կայացված վճռի հարկադիր կատարում` հօգուտ իրավաբանական անձի:

2. Իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ պահանջը բավարարող վճիռը կայացվում է հօգուտ այն իրավաբանական անձի, որի շահերի պաշտպանության համար ներկայացվել է հայցը: Վնասի հատուցման պահանջ ներկայացրած անձի կամ իրավաբանական անձի միջնորդությամբ դատարանը կատարողական թերթն անմիջականորեն ուղարկում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:

3. Իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործով դատական ծախսերը հավասար բաժիններով կրում են իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ պահանջ ներկայացրած մասնակիցները (անդամները): Կատարված դատական ծախսերի հատուցումն իրականացվում է սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով:

 

Հոդված 223. Կորպորատիվ վեճերով խմբային հայցը

 

1. Կորպորատիվ վեճերով խմբային հայցի հիման վրա հարուցված գործի վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի 26-րդ գլխով նախատեսված կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:

 

ԳԼՈՒԽ 26
ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 224. Խմբային հայցով դատարան դիմելու իրավունքը

 

1. Առնվազն 20 համահայցվորի կողմից համատեղ ներկայացված հայցը համարվում է խմբային, եթե հայցը հարուցված է միևնույն պատասխանողի (համապատասխանողների) դեմ, և հայցի առարկան և հիմքը նույնն են:

2. Հայցադիմումը կազմվում է սույն օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:

3. Հայցադիմումին կցվում է խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը:

 

Հոդված 225. Խմբային հայցով գործերի վարումը ներկայացուցչի միջոցով

 

1. Խմբային հայցով հայցվորները դատարանում իրենց գործերը վարում են խմբային հայցով ներկայացուցչի միջոցով:

2. Խմբային հայցով ներկայացուցիչների թիվը չի կարող լինել հինգից ավելի, որոնք հավասարապես ներկայացնում են բոլոր հայցվորների շահերը:

3. Խմբային հայցով ներկայացուցչի մասնակցությունը գործին բացառում է հայցվորի մասնակցությունը դատավարությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ հայցվորն ինքն է հանդես գալիս որպես խմբային հայցով ներկայացուցիչ:

4. Խմբային հայցով ներկայացուցչի մասնակցությունը գործին չի բացառում խմբային հայցվորի իրավունքը` ծանոթանալու գործի նյութերին, իր մասով հրաժարվելու հայցապահանջներից, իր մասով դադարեցնելու ներկայացուցչի լիազորությունները:

5. Խմբային հայցով ներկայացուցչի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված դատավարական գործողությունների կատարման դեպքում դրանք կատարված են համարվում բոլոր հայցվորների մասնակցությամբ:

6. Խմբային հայցով պատասխանողի ներկայացուցիչների թիվը չի կարող լինել հինգից ավելի:

 

Հոդված 226. Անձինք, որոնք կարող են խմբային հայցով ներկայացուցիչ լինել դատարանում

 

1. Դատարանում խմբային հայցով ներկայացուցիչ կարող է լինել տվյալ խմբային հայցի ցանկացած հայցվոր, իրավապաշտպան հասարակական կազմակերպություն կամ փաստաբան, որն ունի դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն:

 

Հոդված 227. Խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը և հաստատումը

 

1. Խմբային հայցով ներկայացուցչի լիազորագիրը տրվում է խմբային հայցի բոլոր հայցվորների կողմից գրավոր` մեկ ընդհանուր լիազորագիր կազմելու միջոցով:

 

Հոդված 228. Խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունների դադարեցումը

 

1. Դատարանը պարտավոր է դադարեցնել խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունները խմբային հայցով հայցվորների մեծամասնության պահանջով կամ օրենքով նախատեսված դեպքերում:

2. Եթե խմբային հայցով հայցվորների մեծամասնություն չկազմող մասը ցանկանում է դադարեցնել խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունները կամ փոխել խմբային հայցով ներկայացուցչին, ապա դատարանը նրանց պահանջների մասով առանձնացնում է գործի վարույթը` սույն օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Սկզբնական գործը, ինչպես նաև առանձնացված մասով գործը քննվում են սույն գլխի կանոններով, եթե գործի առանձնացումից հետո յուրաքանչյուր գործով համահայցվորների քանակը 20 կամ ավելի է:

 

Հոդված 229. Խմբային հայցով ներկայացուցչի փոխարինումը և խմբային հայցն առանց քննության թողնելը

 

1. Խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունների դադարեցման դեպքում խմբային հայցով հայցվորները մեկ ամսվա ընթացքում լիազորում են խմբային հայցով նախկին կամ նոր ներկայացուցչի:

2. Խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունների դադարեցման դեպքում դատարանը գործի քննությունը հետաձգում է մինչև մեկ ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում խմբային հայցով ներկայացուցիչ չնշանակվելու դեպքում խմբային հայցը թողնվում է առանց քննության, որը համահայցվորներին չի զրկում իրենց խախտված իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար առանձին հայցով դատարան դիմելու իրավունքից:

 

Հոդված 230. Խմբային հայցով գործի քննության կարգը

 

1. Դատարանը խմբային հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ինչպես նաև գործով ընդունված բոլոր դատական ակտերը դրանք կայացվելու օրվանից եռօրյա ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով ուղարկում է խմբային հայցով ներկայացուցչին:

2. Խմբային հայց ներկայացրած հայցվորներից յուրաքանչյուրին տրամադրվում է նրա կողմից հայցվող դատական ակտը համապատասխան գրավոր դիմումը դատարան ներկայացնելու օրվանից հետո` երեք օրվա ընթացքում:

3. Խմբային հայցից հայցվորի հրաժարման դեպքում գործի քննությունը մյուս հայցվորների մասով շարունակվում է սույն գլխի կանոններով, եթե նրանց քանակը 20 կամ ավելի է: Հակառակ դեպքում գործը քննվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

4. Բոլոր հայցվորների կողմից հայցից հրաժարվելու դեպքում դատարանը գործի վարույթը կարճում է:

 

Հոդված 231. Խմբային հայցով դատական ծանուցումները

 

1. Խմբային հայցով ներկայացուցիչը (մի քանի ներկայացուցիչների առկայության դեպքում` բոլոր ներկայացուցիչները) դատական նիստի մասին տեղեկացվում է (են) ծանուցագրով` սույն օրենսգրքի 9-րդ գլխով նախատեսված կարգով:

2. Ծանուցագիրն ուղարկվում է խմբային հայցով ներկայացուցչին դատական նիստից երկու շաբաթ առաջ` բոլոր հայցվորներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին տեղյակ պահելու հնարավորություն տալու նպատակով:

3. Խմբային հայցով ներկայացուցչին դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցելու դեպքում ծանուցված են համարվում նաև բոլոր հայցվորները:

 

Հոդված 232. Խմբային հայցով դատարանի վճիռը

 

1. Խմբային հայցով դատարանը կայացնում է վճիռ սույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կարգով:

2. Խմբային հայցով նախկինում քննած` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի եզրափակիչ դատական ակտով հաստատված փաստերը նույն պատասխանողի դեմ միևնույն առարկայի և հիմքի վերաբերյալ դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում, եթե հայցվորը հակառակը չի պահանջում:

 

Հոդված 233. Խմբային հայցով դատական ակտի բողոքարկումը

 

1. Խմբային հայցով դատական ակտի դեմ բողոք կարող է ներկայացվել խմբային հայցով ներկայացուցչի կողմից:

 

ԳԼՈՒԽ 27
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԲԱՆԿԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 234. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և անվճարունակ բանկի, վարկային կազմակերպության, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի և ապահովագրական ընկերության ժամանակավոր ադմինիստրացիայի որոշումների բողոքարկումը

 

i

1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում Կենտրոնական բանկի խորհրդի և ժամանակավոր ադմինիստրացիայի, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց որոշումներն ու գործողությունները կարող են բողոքարկվել առաջին ատյանի դատարան` սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Կենտրոնական բանկի խորհրդի և ժամանակավոր ադմինիստրացիայի, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց որոշումները կարող են բողոքարկվել դրանց ուժի մեջ մտնելու, իսկ գործողությունների դեպքում` դրանք կատարվելու պահից յոթ օրվա ժամկետում:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումներն ու գործողություններն անվավեր ճանաչելու հայցադիմումում պետք է նշվի այն իրավական ակտի դրույթը, որը խախտվել է բողոքարկվող որոշումը կայացնելիս, կամ որին հակասում է բողոքարկվող գործողությունը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետից հետո ներկայացված կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունը չպարունակող հայցադիմումները դատարանը վերադարձնում է այն ներկայացրած անձանց:

5. Դատարանը սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումներն ու գործողությունները կարող է անվավեր ճանաչել բացառապես այն դեպքում, երբ բողոքարկված որոշումը կայացվել է օրենքի պահանջների խախտմամբ, կամ գործողությունը հակասում է օրենքին:

6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումներն ու գործողությունները բողոքարկելիս, ինչպես նաև դատական ողջ քննության ընթացքում դրանք չեն կարող կասեցվել:

 

ԳԼՈՒԽ 27.1
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

(27.1-ին գլուխը լրաց. 12.07.18 ՀՕ-367-Ն օրենք)

 

Հոդված 234.1. Հայցադիմում ներկայացնելը

 

i

1. «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցադիմումը ներկայացվում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձի բնակության վայրի կամ վերջինիս համաձայնությամբ հայցադիմում ներկայացնող աջակցության կենտրոնի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

(234.1-ին հոդ. լրաց. 12.07.18 ՀՕ-367-Ն, 12.04.24 ՀՕ-171-Ն օրենքներ)

 

Հոդված 234.2. Հայցադիմումին ներկայացվող պահանջները

 

1. Պաշտպանական որոշման կայացման վերաբերյալ հայցադիմումի նկատմամբ տարածվում են հայցադիմումի համար սույն օրենսգրքով սահմանված պահանջներն այնքանով, որքանով կիրառելի են սույն գլխով նախատեսված վարույթի նկատմամբ:

2. Հայցադիմումը ներառում է նաև`

i

1) «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի վերաբերելի դրույթները.

2) տեղեկություններ պատասխանողի և ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի միջև ընտանեկան և (կամ) արյունակցական կապերի կամ զուգընկերային հարաբերությունների մասին.

3) ընտանեկան և կենցաղային բռնության անմիջականորեն սպառնացող վտանգի առկայությունը հիմնավորող տեղեկություններ.

i

4) «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կոնկրետ սահմանափակումների կիրառման մասին նշում.

i

5) պատասխանողի` «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքին համապատասխան` կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու հանգամանքը:

i

3. Առկայության դեպքում հայցադիմումին կցվում են «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքին համապատասխան` պատասխանողի նկատմամբ ընդունված նախազգուշացման և (կամ) անհետաձգելի միջամտության որոշումները:

4. Հայցադիմումն աջակցության կենտրոնի կողմից ներկայացվելու դեպքում հայցադիմումին կցվում է բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձի` աջակցության կենտրոնին տված գրավոր համաձայնությունը դատարան դիմելու համար:

(234.2-րդ հոդ. լրաց. 12.07.18 ՀՕ-367-Ն, 12.04.24 ՀՕ-171-Ն օրենքներ)

 

Հոդված 234.3. Հայցադիմումի քննությունը

 

1. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում:

2. Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումն ստանալու օրվանից` եռօրյա ժամկետում:

3. Դատարանը պաշտպանական որոշման կիրառման մասին հայցադիմումը քննում և դրա վերաբերյալ որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելու պահից` հնգօրյա ժամկետում:

4. Գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"): Դատարանը կաշկանդված չէ դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծմանն անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:

5. Հայցադիմումի քննության ընթացքում առերևույթ հանցակազմի հատկանիշներ հայտնաբերելիս դատարանը, առանց վարույթը կասեցնելու, դիմում է գլխավոր դատախազին` քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերի առկայությունն ստուգելու միջնորդությամբ:

(234.3-րդ հոդ. լրաց. 12.07.18 ՀՕ-367-Ն, 09.06.22 ՀՕ-182-Ն, 12.04.24 ՀՕ-171-Ն օրենքներ)

 

Հոդված 234.4. Դատական ակտը

 

1. Հայցադիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) հայցը բավարարելու և պաշտպանական որոշումը կայացնելու մասին.

2) հայցը մերժելու մասին.

3) հայցը մասնակի բավարարելու և հայցադիմումում նշված սահմանափակումներից մեկը կամ մի քանիսը կիրառելու մասին.

4) հայցը մասնակի բավարարելու և հայցադիմումում նշված սահմանափակումների փոխարեն այլ սահմանափակում (սահմանափակումներ) կիրառելու մասին:

2. Պաշտպանական որոշման մեջ նշվում է պաշտպանական որոշման կիրառման ժամկետը:

Պաշտպանական որոշումը կարող է նախատեսել`

1) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց ապաստարան տեղափոխելու անհրաժեշտություն.

2) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածների բուժման ծախսերի իրականացում բռնություն գործադրած անձի կողմից:

3. Դատարանի կայացրած պաշտպանական որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

i

4.  Պաշտպանական որոշումն ուղարկվում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ եթե հայցադիմումը ներկայացրել է ոչ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը, ապա նաև` այն ներկայացրած անձին: Դատական ակտի պատճենները տրամադրվում են ոստիկանությանը, «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված լիազոր մարմնին և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը` որոշման կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: Եթե դատական ակտն առնչվում է անչափահաս կամ անգործունակ անձի շահերին, ապա այն ուղարկվում է նաեւ խնամակալության և հոգաբարձության մարմին:

i

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2024 թվականից` 12.04.24 ՀՕ-171-Ն օրենք)

6. Պաշտպանական որոշումը կարող է վերացվել նաև ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի դիմումով, եթե ապացուցվում է, որ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ է ձեռնարկում, որոնք ուղղված են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից պաշտպանական որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելուն:

(234.4-րդ հոդ. լրաց. 12.07.18 ՀՕ-367-Ն, 12.04.24 ՀՕ-171-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 27.2
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ

(27.2-րդ գլուխը լրաց. 21.01.22 ՀՕ-7-Ն օրենք)

 

Հոդված 234.5. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գնումների հետ կապված վեճերը և դրանց լուծման ժամկետը

 

1. Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերը:

2. Գնումների հետ կապված վեճերը քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո` երեսուն օրվա ընթացքում: Դատարանի պատճառաբանված որոշմամբ սույն մասով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` մինչև տասն օրացուցային օրով:

 

Հոդված 234.6. Հայցադիմումը վարույթ ընդունելը և դատարանի գործողությունները հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո

 

1. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում:

2. Հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում` պատասխանողից տվյալ գնման գործընթացի հետ կապված պատասխանողի տիրապետման տակ գտնվող բոլոր ապացույցները պահանջելու մասին:

3. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում:

Սույն մասով նախատեսված ժամկետում պատասխանողի կողմից ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշման պահանջները չկատարվելու դեպքում գործը քննվում է դրանում առկա ապացույցների հիման վրա, իսկ հայցվորի վկայակոչած այն փաստերը, որոնք ենթակա են հաստատման պատասխանողի տիրապետման տակ գտնվող ապացույցներով, համարվում են հաստատված:

4. Դատարանը միևնույն գնման գործընթացին վերաբերող` սույն գլխով նախատեսված վեճերի վերաբերյալ իր վարույթում քննվող գործերը միացնում է մեկ վարույթում:

5. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին: Լիազորված մարմինը սույն մասով նախատեսված որոշումն անհապաղ հրապարակում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված տեղեկագրում` նշելով կասեցման օրը:

 

Հոդված 234.7. Պատասխանողի գործողությունները հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո

 

1. Հայցադիմումի պատասխանը կամ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում:

(234.7-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 234.8. Դատական ծանուցման կարգի առանձնահատկությունները

 

1. Գործին մասնակցող անձինք և նրանց ներկայացուցիչները դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին ծանուցվում են էլեկտրոնային հաղորդակցության միջոցով ծանուցագրերը և այլ փաստաթղթեր սույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումում նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու եղանակով:

 

Հոդված 234.9. Գործի քննության կարգը

 

1. Դատարանը սույն գլխով նախատեսված վեճերով գործերը քննում և դրանց վերաբերյալ վճիռները և որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ.

2) ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն.

3) հայցվորը հրաժարվել է պահանջից:

2. Գործը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի լրանալը:

3. Գործը դատական նիստում քննելու մասին դատարանը կայացնում է որոշում հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց կամ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելուց հետո` եռօրյա ժամկետում:

4. Գործը դատական նիստում քննելու հարցը կարող է լուծվել նաև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ:

(234.9-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 234.10. Գնումների հետ կապված վեճով ապացուցման պարտականությունը բաշխելու կանոնները

 

1. Վիճարկվող գործողությունների (անգործության) և որոշումների հիմքում ընկած հանգամանքների, ինչպես նաև տվյալ գործողությունների (անգործության) կատարման և որոշման ընդունման օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:

2. Պատասխանողը վիճարկվող գործողությունների (անգործության) և որոշումների իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը իրենից անկախ պատճառներով:

 

Հոդված 234.11. Գնման գործընթացի կասեցումը

 

1. Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների (բացառությամբ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների) բողոքարկումն ինքնաբերաբար կասեցնում է գնման գործընթացը` սույն օրենսգրքի 234.6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշումը հրապարակվելու օրվանից մինչև վեճի քննության արդյունքներով առաջին ատյանի դատարանի կայացրած եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրը:

2. Այն դեպքերում, երբ, հանրային կամ պաշտպանության և ազգային անվտանգության շահերից ելնելով, անհրաժեշտ է շարունակել գնման գործընթացը, դատարանը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մարմինների ղեկավարների, իսկ իրավաբանական անձանց դեպքում գործադիր մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա կայացնում է գնման գործընթացի կասեցումը վերացնելու մասին որոշում: Դատարանը սույն մասով նախատեսված որոշումը դրա կայացման օրն անհապաղ ուղարկում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին: Լիազորված մարմինն այդ որոշումն անհապաղ հրապարակում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված տեղեկագրում:

 

Հոդված 234.12. Գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների օրինական ուժի մեջ մտնելը

 

1. Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի վճռի եզրափակիչ մասը կամ այլ եզրափակիչ դատական ակտը դրա հրապարակման օրն ուղարկվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին: Լիազորված մարմինը դատարանի վճռի եզրափակիչ մասը կամ այլ եզրափակիչ դատական ակտն անհապաղ հրապարակում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված տեղեկագրում:

 

ԵՆԹԱԲԱԺԻՆ ԵՐՐՈՐԴ
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 28
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i
Հոդված 235. Հատուկ վարույթների իրականացման կարգը

 

1. Դատարանը հատուկ վարույթներն իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն ենթաբաժնի դրույթներով:

 

Հոդված 236. Հատուկ վարույթի կարգով քննվող գործերը

 

1. Դատարանը հատուկ վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը.

1) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերը.

2) շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ գործերը.

3) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու (էմանսիպացիա) գործերը.

4) քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումները վերացնելու վերաբերյալ գործերը.

5) քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործերը.

6) երեխայի որդեգրման վերաբերյալ գործերը.

7) անձին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործերը.

8) քաղաքացուն բժշկական հարկադիր հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ գործերը.

9) ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթերով հավաստված իրավունքները վերականգնելու վերաբերյալ գործերը (կոչի վարույթ).

10) հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի վճռի վերանայման վերաբերյալ գործերը.

11) արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ գործերը:

 

ԳԼՈՒԽ 29
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 237. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ դատարանի կողմից քննվող գործերը

 

1. Առաջին ատյանի դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:

2. Դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են`

1) անձանց ազգակցական հարաբերություններին.

2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելուն.

3) ծննդյան, որդեգրման, ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցմանը.

4) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.

5) ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին.

6) դժբախտ պատահարին.

7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.

8) սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը.

9) անհաղթահարելի ուժի առկայությանը:

3. Դատարանն օրենքով նախատեսված դեպքերում քննում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:

 

Հոդված 238. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերի տարածքային ընդդատությունը

 

1. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերը քննվում են դիմողի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակվելու վայրի դատարանում, բացառությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով տիրապետելու փաստը հաստատելու վերաբերյալ գործերի, որոնք քննվում են անշարժ գույքի գտնվելու վայրի դատարանում:

 

Հոդված 239. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար անհրաժեշտ պայմանը

 

1. Դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով, բացառությամբ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը նոտարի կողմից հաստատելու կարգի, ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:

(239-րդ հոդ. փոփ. 16.07.20 ՀՕ-392-Ն օրենք)

 

Հոդված 240. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումին առաջադրվող պահանջները

 

1. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջը չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը:

 

Հոդված 241. Դատարանի վճիռը

 

1. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող դատարանի վճռում պետք է շարադրվի հաստատված փաստը:

2. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ դատարանի վճիռը հիմք է համապատասխան մարմինների կողմից այդ փաստը գրանցելու կամ հաստատված փաստի կապակցությամբ ծագած իրավունքները ձևակերպելու համար:

 

ԳԼՈՒԽ 30
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻՄՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 242. Գործերի ընդդատությունը

 

1. Շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է դիմողի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակվելու վայրի առաջին ատյանի դատարան:

 

Հոդված 243. Դիմումին ներկայացվող պահանջները

 

1. Գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ դիմումը պետք է պարունակի`

1) նշում այն մասին, թե որ գույքն է տիրազուրկ ճանաչվելու,

2) տիրազուրկ ճանաչվող գույքի հիմնական տարբերակիչ հատկանիշների նկարագրությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջները չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը:

 

Հոդված 244. Գործի քննության առանձնահատկությունները

 

1. Սույն գլխով նախատեսված գործի նախապատրաստումը դատաքննությանն իրականացվում է նախնական դատական նիստում: Նախնական դատական նիստի ընթացքում առաջին ատյանի դատարանը`

1) հարցումներ է կատարում համապատասխան մարմիններին` տիրազուրկ ճանաչվող գույքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով.

2) գործում առկա տեղեկությունների հիման վրա միջոցներ է ձեռնարկում գույքի սեփականատիրոջը որպես վկա ներգրավելու ուղղությամբ.

3) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում տվյալ գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:

 

Հոդված 245. Դատարանի վճիռը

 

1. Առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացնում գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ, եթե գործի քննության ընթացքում հաստատվում է, որ`

1) գույքը տիրազուրկ է,

2) այն անցել է դիմողի տիրապետման տակ` օրենքով սահմանված հիմքերից որևէ մեկով:

 

ԳԼՈՒԽ 31
ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ԼՐԻՎ ԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ (ԷՄԱՆՍԻՊԱՑԻԱ) ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 246. Իրեն լրիվ գործունակ (էմանսիպացված) ճանաչելու մասին դիմումը

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է դիմել իր բնակության վայրի առաջին ատյանի դատարան` իրեն լրիվ գործունակ (էմանսիպացված) ճանաչելու մասին դիմումով:

2. Անչափահասին լրիվ գործունակ (էմանսիպացված) ճանաչելու մասին դիմում կարող է ներկայացնել նաև նրա ծնողը (որդեգրողը) կամ հոգաբարձուն:

 

Հոդված 247. Դիմումի քննությունը

 

1. Դատարանը դիմումը քննում է դիմողի, ծնողների (որդեգրողների, հոգաբարձուի) կամ խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ: Նրանց չներկայանալն արգելք է գործի քննության համար:

 

Հոդված 248. Դատարանի վճիռը

 

1. Դիմումի քննության արդյունքներով դատարանը վճիռ է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:

2. Դիմումը բավարարվելու դեպքում դատարանի եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից տասնվեց տարին լրացած անչափահասը ճանաչվում է լրիվ գործունակ (էմանսիպացված):

 

ԳԼՈՒԽ 32
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 249. Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը

 

1. Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը հարուցվում է նրա ընտանիքի անդամի, խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ հոգեբուժական կազմակերպության դիմումի հիման վրա:

2. Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործը հարուցվում է նրա ընտանիքի անդամի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա:

3. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է այդ քաղաքացու հաշվառման վայրի առաջին ատյանի դատարան, իսկ եթե քաղաքացին բուժվում է հոգեբուժական կազմակերպությունում` հոգեբուժական կազմակերպության գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան: Քաղաքացու դեմ, որը չունի հաշվառման վայր, դիմումը ներկայացվում է նրա հաշվառման կամ բնակության վերջին հայտնի վայրի կամ նրա գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

 

Հոդված 250. Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումի բովանդակությունը

 

1. Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի մեջ շարադրվում են այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսանում քաղաքացուն անգործունակ ճանաչելու համար:

2. Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի մեջ շարադրվում են այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսանում քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու համար:

3. Սույն հոդվածում նշված պահանջները չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը:

 

Հոդված 251. Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումի քննությունը

 

1. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձի, նրա փաստաբանի և խնամակալության ու հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ: Դատարանը, ելնելով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձի առողջական վիճակից, գործը քննում է քաղաքացու հաշվառման, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վայրում կամ հոգեբուժական կազմակերպության գտնվելու վայրում:

2. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելուց հետո դատարանը որոշում է կայացնում անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձին իրավական օգնություն տրամադրելու մասին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի: Քաղաքացուն իրավական օգնություն տրամադրելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ:

3. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունվելուց հետո անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձը կարող է հրաժարվել հանրային պաշտպանից, եթե հայտնում է իր ընտրած փաստաբանի մասնակցությամբ քննությունը շարունակելու մասին և ներկայացնում է տվյալ փաստաբանի` օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորությունները հավաստող փաստաթուղթ:

4. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումի քննության ընթացքում տվյալ քաղաքացին օգտվում է գործին մասնակցող անձանց` սույն օրենսգրքով նախատեսված իրավունքներից:

 

Հոդված 252. Անձի հոգեկան վիճակը պարզելու համար փորձաքննության նշանակումը

 

1. Առաջին ատյանի դատարանը քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում քաղաքացուն անգործունակ ճանաչելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն:

2. Քաղաքացին իրավունք ունի դատահոգեբուժական փորձաքննությանը ներկայանալու իր ներկայացուցչի հետ:

3. Դատահոգեբուժական փորձաքննության անցկացումից անձի ակնհայտ խուսափելու դեպքում, որի վերաբերյալ անգործունակ ճանաչելու մասին դիմում է ներկայացվել, առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում անձին հարկադիր կարգով դատահոգեբուժական փորձաքննության ուղարկելու մասին և դրա հիման վրա տրված կատարողական թերթը անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:

i

4. Որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 253. Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու գործերով դատական ծախսերի բաշխումը

 

1. Դիմողն ազատվում է քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործի քննության հետ կապված դատական ծախսերից:

2. Դատարանը, պարզելով, որ դիմում ներկայացրած ընտանիքի անդամը վարվել է անբարեխիղճ` ակնհայտորեն նպատակ ունենալով անձին անհիմն զրկել գործունակությունից կամ սահմանափակել նրա գործունակությունը, դատական ծախսերը բռնագանձում է նրանից:

 

Հոդված 254. Քաղաքացուն անգործունակ ճանաչելու կամ նրա գործունակությունը սահմանափակելու մասին վճիռը

 

1. Դիմումի քննության արդյունքներով դատարանը վճիռ է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:

2. Դատարանն անձին անգործունակ ճանաչելու կամ նրա գործունակությունը սահմանափակելու մասին եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երեք օրվա ընթացքում, ուղարկում է քաղաքացու բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին` նրա նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու համար:

 

Հոդված 255. Անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելը և քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացնելը

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանն անգործունակ ճանաչված քաղաքացու, նրա խնամակալի, ընտանիքի անդամի կամ հոգեբուժական կազմակերպության դիմումով դատահոգեբուժական փորձաքննության համապատասխան եզրակացության հիման վրա վճիռ է կայացնում քաղաքացուն գործունակ ճանաչելու մասին: Դատարանի եզրափակիչ դատական ակտի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված խնամակալությունը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանը քաղաքացու, նրա հոգաբարձուի կամ ընտանիքի անդամի դիմումով վճիռ է կայացնում քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացնելու մասին: Դատարանի եզրափակիչ դատական ակտի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված հոգաբարձությունը:

 

ԳԼՈՒԽ 33
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԿԱՄ ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 256. Դիմում ներկայացնելը

 

1. Քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է նրա վերջին հայտնի հաշվառման, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում` վերջին հայտնի բնակության վայրի առաջին ատյանի դատարան:

 

Հոդված 257. Դիմումին առաջադրվող պահանջները

 

1. Դիմումում պետք է նշվեն`

1) քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու դեպքում դիմողի համար ակնկալվող իրավական հետևանքները.

2) քաղաքացու անհայտ բացակայությունը հավաստող հանգամանքները.

3) անհայտ բացակայողին մահվան վտանգ սպառնացող կամ այլ հանգամանքները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նրա մահը որոշակի դժբախտ դեպքի հետևանք է:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջները չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը:

 

Հոդված 258. Դատավորի գործողությունները դիմումը վարույթ ընդունելուց հետո

 

1. Դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:

2. Դիմումն ընդունելուց հետո դատարանը կարող է խնամակալության և հոգաբարձության մարմնին առաջարկել բացակայող քաղաքացու գույքի պահպանության և կառավարման համար նշանակել գույքի հավատարմագրային կառավարիչ:

3. Քաղաքացու` հետախուզման մեջ գտնվելու կամ մահվան փաստը պարզելու դեպքում դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով կարճում է գործի վարույթը:

 

Հոդված 259. Դատարանի վճռի հետևանքները

 

1. Քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա բացակայողի գույքի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինն օրենքով սահմանված կարգով նշանակում է այդ գույքի հավատարմագրային կառավարիչ:

2. Քաղաքացուն մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինն այդ քաղաքացու մահվան մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում գրառում է կատարում:

 

Հոդված 260. Անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված քաղաքացու հայտնվելու հետևանքները

 

1. Անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված քաղաքացու հայտնվելու դեպքում դատարանը նրա դիմումի հիման վրա վճիռ է կայացնում նախկինում կայացված եզրափակիչ դատական ակտը վերացնելու մասին: Այդ դատական ակտի հիման վրա վերացվում է գույքի նկատմամբ նշանակված հավատարմագրային կառավարումը, և չեղյալ է համարվում քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում նրա մահվան վերաբերյալ գրառումը:

 

ԳԼՈՒԽ 34
ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 261. Դիմում ներկայացնելը

 

1. Երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումը տրվում է որդեգրվող երեխայի հաշվառման, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վայրի առաջին ատյանի դատարան:

 

Հոդված 262. Դիմումին առաջադրվող պահանջները

 

1. Դիմումում պետք է նշվեն`

1) որդեգրել ցանկացող անձի (անձանց) անունը, բնակության վայրը,

2) որդեգրվող երեխայի անունը, ծննդյան ժամանակը և բնակության վայրը,

3) եթե որդեգրվող երեխան մինչև մեկ տարեկան է, ապա որդեգրել ցանկացող անձի (անձանց) ցանկության դեպքում նրա (նրանց) միջնորդությունը` որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակը փոփոխելու մասին,

4) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ցանկության դեպքում նրա (նրանց) միջնորդությունը` որդեգրվող երեխայի անունը, ծննդյան վայրը փոփոխելու, իրեն (իրենց), որպես որդեգրվող երեխայի ծնող (ծնողներ), գրառելու մասին:

2. Դիմումին պետք է կցվեն`

1) որդեգրել ցանկացող անձի (անձանց) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ամուսնության վկայականի պատճենը, եթե որդեգրել ցանկացող անձը (անձինք) ամուսնության մեջ է (են),

3) 10 տարին լրացած երեխայի համաձայնությունը: Եթե երեխան ապրել է որդեգրողի ընտանիքում և նրան համարում է իր ծնողը, ապա որդեգրումը բացառության կարգով կարող է կատարվել առանց որդեգրվող երեխայի համաձայնությունն ստանալու: Որդեգրմանը երեխայի համաձայնությունն ի հայտ են բերում խնամակալության և հոգաբարձության մարմինները,

4) որդեգրվող երեխայի ծննդյան վկայականը (պատճենը),

5) առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք,

6) որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկանք,

7) խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող երեխաների խնամակալների (հոգաբարձուների) գրավոր համաձայնությունը,

8) որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր` որդեգրվող երեխայի ծնողների կողմից գրավոր հրաժարում կամ գրավոր համաձայնություն` երեխային որդեգրման տալու մասին, ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները), ծնողին (ծնողներին) ծնողական իրավունքից զրկելու, ծնողներին անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը, երեխայի ընկեցիկ լինելու դեպքում` փաստը հաստատող տվյալներ,

9) անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս անհրաժեշտ է նաև նրանց ծնողների կամ խնամակալների (հոգաբարձուների) համաձայնությունը, իսկ ծնողների կամ խնամակալի (հոգաբարձուի) բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությունը,

10) Կառավարության լիազորած մարմնի եզրակացությունը` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի լավագույն շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք որդեգրել ցանկացող անձը (անձինք) ներկայացրել է (են) եզրակացությունն ստանալու համար,

11) Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից օտարերկրյա քաղաքացի երեխային որդեգրելիս երեխայի օրինական ներկայացուցչի և այն պետության իրավասու մարմնի համաձայնությունը, որի քաղաքացին է համարվում երեխան, ինչպես նաև որդեգրման համար 10 տարին լրացած երեխայի համաձայնությունը, եթե դա պահանջվում է նշված պետության օրենսդրությամբ,

12) Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրելու դեպքում` օրենքով սահմանված կարգով տրված` երեխայի որդեգրումը թույլատրելու մասին Կառավարության որոշումը:

3. Սույն հոդվածում նշված պահանջները չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը:

 

i
Հոդված 263. Դիմումի քննությունը

 

1. Երեխաների որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է`

1) որդեգրել ցանկացող անձի, խնամակալության և հոգաբարձության մարմնի և 14 տարին լրացած երեխայի պարտադիր մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում.

2) որդեգրել ցանկացող անձի, «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի և 14 տարին լրացած երեխայի պարտադիր մասնակցությամբ` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաներ որդեգրելու դեպքում:

2. Որդեգրվող երեխային դատարանը հարցեր է ուղղում` որդեգրման վերաբերյալ երեխայի կարծիքը պարզելու համար` հաշվի առնելով նրա տարիքը և հասունության մակարդակը:

3. Անհրաժեշտության դեպքում դատարանը գործի քննությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխայի ծնողներին (ծնողին) կամ այլ օրինական ներկայացուցիչներին և այլ շահագրգիռ անձանց:

4. Որդեգրման գործերով դատական քննությունն անցկացվում է դռնփակ, որի մասին որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելիս:

5. Որդեգրման գործով եզրափակիչ դատական ակտը չի հրապարակվում:

 

Հոդված 264. Դատարանի վճիռը

 

1. Որդեգրվող երեխայի անվան, հայրանվան և ազգանվան, ծննդյան ժամանակի և (կամ) վայրի փոփոխման, որպես որդեգրված երեխայի ծնողներ գրառվելու, ինչպես նաև որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ պահպանելու անհրաժեշտության դեպքում այդ մասին նշում է կատարվում որդեգրման վերաբերյալ դիմումը բավարարելու մասին դատարանի վճռում:

2. Որդեգրման վերաբերյալ դիմումը մերժվում է`

1) եթե ներկայացված փաստաթղթերը թերի են կամ ներկայացրած փաստաթղթերի գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ որդեգրումը չի ապահովում երեխայի լավագույն շահերը.

2) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

3. Դատարանի վճիռը, որով բավարարվում է որդեգրման վերաբերյալ դիմումը, հիմք է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից այդ մասին պետական գրանցում կատարելու համար:

 

Հոդված 265. Որդեգրումը վերացնելը

 

1. Որդեգրումը վերացնելու վերաբերյալ գործերի քննությունն իրականացվում է հայցային վարույթի կանոններով:

 

ԳԼՈՒԽ 35
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՀՈԺԱՐԱԿԱՄ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 266. Քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձը

 

1. Քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունի այն հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը, որում գտնվում կամ բուժվում է քաղաքացին:

 

Հոդված 267. Քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործի ընդդատությունը

 

1. Քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործն ընդդատյա է հոգեբուժական կազմակերպության գտնվելու վայրի առաջին ատյանի դատարանին:

 

Հոդված 268. Դիմումի բովանդակությունը և ներկայացնելու ժամկետը

 

1. Դիմումում պետք է նշվեն քաղաքացուն ոչ հոժարակամ հոսպիտալացման համար օրենքով սահմանված հիմք հանդիսացող հանգամանքները:

2. Դիմումին կցվում է հոգեբուժական կազմակերպություն անձի հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածության վերաբերյալ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունը:

3. Դիմումը ներկայացվում է հոգեբուժական կազմակերպությունում հոսպիտալացվելուց հետո բժշկական օգնություն և սպասարկում ստանալու` անձի կողմից գրավոր համաձայնությունից հրաժարվելուց սկսված 72 ժամվա ընթացքում:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված պահանջները չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը:

 

Հոդված 269. Դիմումի քննությունը

 

1. Քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործն առաջին ատյանի դատարանը վարույթ ընդունելու հարցը լուծում է մեկ օրվա ընթացքում և դիմումի քննության համար դատական նիստը նշանակում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում:

2. Առաջին ատյանի դատարանը, հարուցելով գործը, միաժամանակ գործի քննության և լուծման համար անհրաժեշտ ժամանակահատվածով երկարաձգում է հոգեբուժական կազմակերպությունում քաղաքացու գտնվելու ժամկետը:

3. Դիմումի քննությանը պարտադիր է այն հոգեբուժական կազմակերպության ներկայացուցչի, որի նախաձեռնությամբ գործ է հարուցվել, ինչպես նաև այն անձի և նրա ներկայացուցչի մասնակցությունը, որի նկատմամբ լուծվում է ոչ հոժարակամ հոսպիտալացման հարցը:

4. Եթե քաղաքացու ներկայացուցիչը դիմումի քննությանը չի մասնակցում առաջին ատյանի դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, կամ քաղաքացին ներկայացուցիչ չունի, ապա դիմումի քննությանը պարտադիր է այդ քաղաքացու բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի, իսկ բնակության վայրն անհայտ լինելու դեպքում` հոգեբուժական կազմակերպության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը:

5. Սույն հոդվածով նախատեսված դիմումը քննելու համար դատարանն իրավունք ունի արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշում կայացնելու առանձին ակտի ձևով, որով սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու վայրը, ժամանակը, արտագնա դատական նիստ անցկացնելու հիմք հանդիսացած հանգամանքները, արտագնա դատական նիստի հետազոտման առարկան:

 

Հոդված 270. Դատարանի վճիռը

 

1. Դիմումի քննության արդյունքներով առաջին ատյանի դատարանը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռ, որն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Դիմումը բավարարելու մասին վճիռը հիմք է քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացնելու համար` առավելագույնը վեց ամիս ժամկետով:

3. Դիմումը մերժելու մասին վճիռը հիմք է քաղաքացուն հոգեբուժական կազմակերպությունից անհապաղ դուրս գրելու համար:

(270-րդ հոդ. փոփ. 18.06.20 ՀՕ-349-Ն օրենք)

 

Հոդված 270.1. Քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելը

 

1. Քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ անձի ապաքինվելու դեպքում այն բժշկական կազմակերպության դիմումով, որտեղ բուժվում է տվյալ քաղաքացին, հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության հիման վրա դատարանը վճիռ է կայացնում քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու մասին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումները ներկայացվում են այն դատարան, որը նախկինում վճիռ է կայացրել քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ:

(270.1-ին հոդ. լրաց. 18.06.20 ՀՕ-349-Ն օրենք)

 

Հոդված 270.2. Իրազեկված համաձայնություն տալու հնարավորության բացակայության դեպքում 16 տարին լրացած երեխայի կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի նկատմամբ հոգեբուժական միջամտություն իրականացնելու վերաբերյալ հոգեբուժական հանձնաժողովի դիմումների քննության կարգը

 

i

1. Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում է նաև «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումները:

(270.2-րդ հոդ. փոփ. 18.06.20 ՀՕ-349-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 36
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՈՉ ՀՈԺԱՐԱԿԱՄ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 271. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դատարան դիմելու հիմքերը

 

1. Այն դեպքում, երբ քաղաքացին վարակված է Կառավարության հաստատած` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ներառված հիվանդությամբ, կամ առկա են ապացույցներ տվյալ քաղաքացու` այդ հիվանդությամբ հնարավոր վարակվածության վերաբերյալ, սույն օրենսգրքի 272-րդ հոդվածով նախատեսված անձինք կամ պետական մարմինն իրավունք ունեն դիմելու դատարան` տվյալ քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու պահանջով:

 

Հոդված 272. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դատարան դիմելու իրավունք ունեցող անձինք

 

1. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դատարան դիմում տալու իրավունք ունի այն բժշկական կազմակերպությունը, որտեղ բուժվում է տվյալ քաղաքացին, կամ առողջապահության ոլորտում Կառավարության լիազորած մարմինը:

 

Հոդված 273. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դատարան ներկայացվող դիմումը

 

1. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումը տրվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող հիվանդի կամ վարակակրի կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ կասկածվող անձի կամ վարակակրի հաշվառման վայրի առաջին ատյանի դատարան, իսկ եթե այդ անձի հաշվառման վայրն անհայտ է, ապա դիմողի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան:

2. Դիմումում նշվում են այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ տվյալ քաղաքացին վարակված է սույն օրենսգրքի 271-րդ հոդվածով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով, և հրաժարվում է կամովին հետազոտվել և (կամ) բուժվել համապատասխան բժշկական կազմակերպությունում:

3. Դիմումին կցվում են տվյալ քաղաքացու հիվանդ, վարակակիր լինելու փաստը հաստատող կամ կասկածելի հիվանդ կամ վարակակիր լինելու հնարավորությունը հաստատող ապացույցներ:

4. Սույն հոդվածում նշված պահանջները չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը:

 

Հոդված 274. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումի քննությունը

 

1. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումը դատարանը քննում է այն ստանալուց հետո հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելու օրվանից հինգ օրվա ընթացքում: Շրջապատի համար վտանգ ներկայացնող այնպիսի հիվանդության դեպքում, որոնց տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է անմիջապես ձեռնարկել համապատասխան միջոցներ, դիմողի միջնորդությամբ դատարանը գործը քննում և վճիռ է կայացնում անհապաղ, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելու պահից 24 ժամվա ընթացքում:

2. Մինչև գործով վճիռ կայացնելը, դատարանը պարտավոր է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող հիվանդին կամ վարակակրին կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ կասկածվող անձին կամ վարակակրին կամ նրա ներկայացուցչին տեղեկություններ տրամադրել հիվանդության բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների մասին:

3. Դատարանը քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումը քննում է դիմողի կամ նրա ներկայացուցչի և այն անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ, որի վերաբերյալ լուծվում է բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու հարցը:

4. Եթե անձը, որի վերաբերյալ լուծվում է բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու հարցը, առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ մասնակցելու դիմումի քննությանը և ներկայացուցիչ չունի, ապա դիմումի քննությանը պարտադիր է այդ անձի հաշվառման, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի, իսկ բնակության վայրն անհայտ լինելու դեպքում` դիմողի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը:

5. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված անձանց չներկայանալն արգելք չէ գործի քննության և լուծման համար:

6. Սույն հոդվածով նախատեսված դիմումը քննելու, այդ թվում` վարակի հնարավոր տարածումը կանխելու համար դատարանը դիմողի միջնորդությամբ իրավունք ունի արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշում կայացնել: Արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշմամբ սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու վայրը, ժամանակը, արտագնա դատական նիստ անցկացնելու հիմք հանդիսացած հանգամանքները:

7. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող հիվանդ կամ վարակակիր կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող կասկածելի հիվանդ կամ վարակակիր անձի դատական նիստին մասնակցելու դեպքում դիմողը, ըստ անհրաժեշտության, ապահովում է համապատասխան պայմաններ` վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով:

 

Հոդված 275. Դատարանի վճիռը

 

1. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռ:

2. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հիմք է քաղաքացուն բժշկական կազմակերպությունում ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու համար:

3. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումը բավարարելու մասին դատարանի վճռում նշվում են նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության անվանումը, որտեղ պետք է անձը ենթարկվի ոչ հոժարակամ հետազոտության, և (կամ) բուժման, անձին բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու ժամկետը:

4. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ:

 

Հոդված 276. Քաղաքացուն ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելը

 

1. Քաղաքացուն ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ անձի ապաքինվելու դեպքում տվյալ քաղաքացու, նրա ընտանիքի անդամների, այն բժշկական կազմակերպության, որտեղ բուժվում է տվյալ քաղաքացին, առողջապահության ոլորտում Կառավարության լիազորած մարմնի կամ ոչ հոժարակամ բուժում իրականացնող բժշկական կազմակերպության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումով և համապատասխան բժշկական եզրակացության հիման վրա դատարանը վճիռ է կայացնում քաղաքացուն ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ նախկինում կայացված վճիռը վերացնելու մասին: Դատարանի վճռի հիման վրա վերացվում են քաղաքացուն ոչ հոժարակամ բուժման ենթարկելուն ուղղված գործողությունները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումները ներկայացվում են այն դատարան, որի կողմից նախկինում վճիռ է կայացվել քաղաքացուն ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 37
ԸՍՏ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ԵՎ ՕՐԴԵՐԱՅԻՆ ԿՈՐՑՐԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ (ԿՈՉԻ ՎԱՐՈՒՅԹԸ)

 

Հոդված 277. Դիմում ներկայացնելը

 

1. Ըստ ներկայացնողի կամ օրդերային արժեթուղթը (այսուհետ` արժեթուղթ) կորցրած անձը կարող է, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, դիմում ներկայացնել առաջին ատյանի դատարան` կորցրած արժեթուղթն անվավեր ճանաչելու և դրանով հավաստված իրավունքը վերականգնելու մասին:

2. Արժեթղթով հավաստված իրավունքը կարող է վերականգնվել նաև այն ոչ պատշաճ պահելու կամ այլ պատճառներով դրա վճարունակության հատկանիշների կորստի դեպքում:

 

Հոդված 278. Կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու վերաբերյալ գործի տարածքային ընդդատությունը

 

1. Կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու վերաբերյալ գործը քննվում է այդ արժեթուղթը տված կազմակերպության գտնվելու վայրի առաջին ատյանի դատարանում:

 

Հոդված 279. Կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու վերաբերյալ դիմումին առաջադրվող պահանջները

 

1. Կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն կորցրած արժեթղթի վավերապայմանները, արժեթուղթը տված կազմակերպության անվանումը, ինչպես նաև շարադրվեն արժեթղթի կորստի հանգամանքները:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջները չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը:

 

Հոդված 280. Դատարանի գործողությունները դիմումն ընդունելուց հետո

 

1. Դատարանը կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու մասին դիմումն ընդունելուց հետո որոշում է կայացնում այդ արժեթղթով վճարումները կամ հանձնումներն արգելելու մասին:

2. Դատարանը դիմողի հաշվին պաշտոնական հաղորդագրություն է հրապարակում մամուլում:

3. Հաղորդագրությունը պետք է պարունակի`

1) դատարանի անվանումը.

2) դիմողի անունը (անվանումը) և նրա հաշվառման (գտնվելու) վայրը, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վայրը.

3) կորցրած արժեթղթի անվանումը, ռեկվիզիտները և մյուս տարբերիչ հատկանիշները.

4) արժեթուղթը տիրապետողին ուղղված առաջարկ` հաղորդագրությունը հրապարակելու օրվանից երկամսյա ժամկետում հայտնելու դատարանին այդ արժեթղթի նկատմամբ իր իրավունքների մասին և ներկայացնելու դրա բնօրինակը կամ պատճենը:

 

Հոդված 281. Գործի քննությունը

 

1. Դատարանը կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու վերաբերյալ գործը քննում է հաղորդագրության հրապարակման օրվանից երկու ամիս անցնելուց հետո:

 

Հոդված 282. Դատարանի վճիռը

 

1. Դիմումի քննության արդյունքներով առաջին ատյանի դատարանը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռ: Դիմումը բավարարելու դեպքում վճիռ է կայացվում կորցրած արժեթուղթն անվավեր ճանաչելու և դիմողի` դրանով հավաստված իրավունքը վերականգնելու մասին:

2. Դատարանի եզրափակիչ դատական ակտի հիման վրա համապատասխան կազմակերպությունը դիմողին տալիս է նոր արժեթուղթ:

 

Հոդված 283. Դատարանի գործողություններն արժեթուղթը տիրապետողի հայտարարությունն ստանալու դեպքում

 

1. Հաղորդագրությունը հրապարակելու օրվանից երկամսյա ժամկետում արժեթուղթը տիրապետողից այդ արժեթղթի նկատմամբ իր իրավունքների մասին հայտարարություն ստանալու դեպքում դատարանն առանց քննության է թողնում արժեթուղթը կորցրած անձի դիմումը:

 

Հոդված 284. Արժեթուղթը տիրապետողի` գույքն անհիմն ձեռք բերելու վերաբերյալ հայցադիմում ներկայացնելու իրավունքը

 

1. Հաղորդագրությունը հրապարակվելու օրվանից երկամսյա ժամկետում արժեթղթի նկատմամբ իր իրավունքների մասին չհայտնած արժեթուղթը տիրապետող անձը կարող է դատարանի վճռի հիման վրա նոր արժեթուղթ ստացած անձի դեմ հայցադիմում ներկայացնել` գույքն անհիմն ձեռք բերած անձից հետ պահանջելու վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 38
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԴԻՄՈՒՄՈՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 285. Կողմերի հաշտության համաձայնությունը դատարանի վճռի հարկադիր կատարման ընթացքում

 

1. Կողմերն իրավունք ունեն հաշտության համաձայնություն կնքել դատարանի վճռի հարկադիր կատարման ընթացքում:

2. Կողմերի հաշտության համաձայնությունը կարող է վերաբերել նաև վճռի կատարման եղանակին, ժամկետներին և կարգին:

3. Կողմերը հաշտության համաձայնությունը կնքում են գրավոր` իրենց կողմից ստորագրված մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:

4. Կողմերն իրենց կնքած հաշտության համաձայնությունը ներկայացնում են հարկադիր կատարողին:

 

Հոդված 286. Հարկադիր կատարողի գործողությունները կողմերի հաշտության համաձայնությունն ստանալուց հետո

 

1. Հարկադիր կատարողը, ստանալով հաշտության համաձայնությունը, պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը և անհապաղ դիմել վճիռը կայացրած դատարան:

 

Հոդված 287. Վճռի վերանայումը

 

1. Դատարանը հարկադիր կատարողի դիմումի հիման վրա վճիռը վերանայում է առանց դատական նիստ հրավիրելու` դիմումն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում:

2. Վճիռը վերանայելու արդյունքով դատարանը կայացնում է նոր վճիռ, որում շարադրվում է կողմերի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը) կամ մերժում է վճռի վերանայումը, որի վերաբերյալ կայացնում է որոշում:

3. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

(287-րդ հոդ. փոփ. 07.02.24 ՀՕ-82-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 39
ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 288. Դիմում ներկայացնելը

 

1. Եթե հաշտարարության արդյունքով հաշտության համաձայնությունը կնքվել է արտադատական կարգով` արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ, ապա հաշտարարության յուրաքանչյուր կողմ իրավունք ունի հաշտության համաձայնությունը կնքելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, դիմելու իր բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան` կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու պահանջով:

 

Հոդված 289. Դիմումին առաջադրվող պահանջները

 

1. Դիմումին կցվում են հաշտության համաձայնության բնօրինակը, հաշտության համաձայնությամբ տնօրինված իրավունքի վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթերը (առկայության դեպքում), արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարի վարձատրության վերաբերյալ ապացույցը (վճարած լինելու դեպքում), ինչպես նաև դիմումի օրինակը հաշտության համաձայնություն կնքած մյուս անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջները չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը:

(289-րդ հոդ. փոփ. 16.11.22 ՀՕ-436-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 290. Դիմումի քննությունը

 

1. Դատարանը դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու և վճիռ է կայացնում դիմումն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում:

2. Առանձին դեպքերում դատարանը կարող է դիմողից պահանջել հաշտության համաձայնությունը մերժելու հիմք հանդիսացող հանգամանքները բացառող փաստաթղթեր, որոնք կողմը պարտավոր է տրամադրել դատարանի պահանջը ստանալուն հաջորդող 10 օրվա ընթացքում: Դատարանը վճիռ է կայացնում նշված փաստաթղթերն ստանալու համար սահմանված ժամկետից հետո` յոթնօրյա ժամկետում, առանց դատական նիստ հրավիրելու:

 

Հոդված 291. Դատարանի վճիռը

 

1. Դիմումի քննության արդյունքներով դատարանը սույն օրենսգրքով սահմանված` հաշտության համաձայնությունը հաստատելու կանոններով կայացնում է վճիռ` հաշտության համաձայնությունը հաստատելու կամ դիմումը մերժելու մասին:

2. Հաշտության համաձայնությունը հաստատելու մասին վճիռը պետք է պարունակի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը):

3. Հաշտության համաձայնությունը հաստատելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ԵՆԹԱԲԱԺԻՆ ՉՈՐՐՈՐԴ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

ԳԼՈՒԽ 40
ՀԵՌԱԿԱ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 292. Հեռակա դատաքննություն կիրառելու հիմքերը

 

1. Առաջին ատյանի դատարանը հայցվորի, իսկ գործին մի քանի հայցվորների մասնակցության դեպքում` նրանց բոլորի համաձայնությամբ, իրավունք ունի կիրառելու հեռակա դատաքննություն այն դեպքերում, երբ ծանուցված պատասխանողը չի ներկայացել նախնական դատական նիստին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու, գործն իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա քննելու կամ դատական նիստն իր բացակայությամբ անցկացնելու մասին միջնորդություն:

2. Գործին մի քանի պատասխանողների մասնակցության դեպքում հեռակա դատաքննություն կարող է կիրառվել նախնական դատական նիստի մասին ծանուցված բոլոր պատասխանողների չներկայանալու և նրանց կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված միջնորդությունները չներկայացնելու դեպքում:

3. Հայցի առարկայի և (կամ) հիմքի փոփոխությունը թույլատրելու մասին հայցվորի միջնորդությունը բավարարելու դեպքում հեռակա դատաքննություն տվյալ դատական նիստում կիրառվել չի կարող:

4. Հեռակա դատաքննություն կիրառվել չի կարող, եթե դատարանը վարույթ է ընդունել պատասխանողի ներկայացրած հակընդդեմ հայցը կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցը:

 

Հոդված 293. Հեռակա դատաքննության կարգը

 

1. Առաջին ատյանի դատարանը, ըստ անհրաժեշտության, նախնական դատական նիստում սույն օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված գործողությունները կատարելուց հետո կայացնում է հեռակա դատաքննություն կիրառելու մասին արձանագրային որոշում, որից անմիջապես հետո ձեռնամուխ է լինում պատասխանողի բացակայությամբ գործի դատաքննությանը` սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոնների պահպանմամբ:

2. Հեռակա դատաքննության կարգով գործն ըստ էության քննելու ընթացքում առաջին ատյանի դատարանն ընդհանուր հիմունքներով հետազոտում է գործին մասնակցող անձանց կողմից մինչև հեռակա դատաքննություն կիրառելու մասին որոշում կայացնելը պատասխանողի առջև բացահայտված ապացույցները` հաշվի առնելով նաև հայցադիմումի պատասխանում արտահայտված դիրքորոշումը:

3. Ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը, ավարտելով գործի դատաքննությունը, հայտարարում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:

 

Հոդված 294. Հեռակա դատաքննության կիրառումը դադարեցնելը

 

1. Դատարանը որոշում է կայացնում հեռակա դատաքննության կիրառումը դադարեցնելու և գործի քննությունն ընդհանուր կարգով իրականացնելու մասին, եթե`

1) գործը հեռակա դատաքննության կարգով քննելու ընթացքում գործին մասնակցող անձը ներկայացրել է նոր ապացույց` այն թույլատրելու միջնորդությամբ, կամ նոր ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդություն, և այդ միջնորդությունը դատարանը բավարարել է.

2) գործը հեռակա դատաքննության կարգով քննելու ընթացքում ի հայտ են եկել այլ հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել ընդհանուր կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումը կայացնելու դեպքում դատարանը վերսկսում է նախնական դատական նիստը:

3. Հեռակա դատաքննության կիրառումը դադարեցնելու և գործի քննությունն ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշումը` նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին նշումով, եռօրյա ժամկետում ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

 

Հոդված 295. Հեռակա դատաքննության կարգով կայացված եզրափակիչ դատական ակտը

 

1. Հեռակա դատաքննության կարգով կայացվող եզրափակիչ դատական ակտի վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները: Այն կայացվում, հրապարակվում, գործին մասնակցող անձանց հանձնվում և ուղարկվում է ընդհանուր կարգով:

 

ԳԼՈՒԽ 41
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԸ

(41-րդ գլուխը խմբ. 01.07.19 ՀՕ-102-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 296. Պարզեցված վարույթի իրականացման կարգը

 

1. Դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն` այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:

 

Հոդված 297. Պարզեցված վարույթի կարգով քննվող գործերը

 

1. Հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

1.1. Հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով, բացառությամբ այն պահանջների, որոնք ենթակա են քննության նոտարի կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.3-րդ գլխով սահմանված կարգով:

2. Մեկ հայցադիմումում միացված մի քանի փոխկապակցված պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է քննության պարզեցված վարույթի կարգով, իսկ մյուսը` ընդհանուր հայցային վարույթի կարգով, դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով, եթե փոխկապակցված պահանջներն ածանցվում են պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա պահանջից:

3. Առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե`

1) առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ.

2) մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց.

3) հայցի առարկայի փոփոխության արդյունքում հայցապահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը.

4) պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան:

4. Գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե`

1) առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.

2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց.

3) դատարանը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո թույլատրել է հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը.

4) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.

5) ներկայացվել է խմբային հայց.

6) անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:

5. Առաջին ատյանի դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

(297-րդ հոդ. փոփ. 23.12.22 ՀՕ-576-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 26.06.23 ՀՕ-226-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 298. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը

 

1. Առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ: Սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատարանը պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ, իսկ 4-րդ կետով նախատեսված դեպքում` հայցադիմումի պատասխանն ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:

2. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը:

3. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:

4. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձին ուղարկվում է գրավոր պարզաբանում` դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին:

(298-րդ հոդ. փոփ. 23.12.22 ՀՕ-576-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 23.12.22 ՀՕ-576-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 299. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործողությունները

 

1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:

3. Ելնելով գործի առանձնահատկություններից` գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

 

Հոդված 300. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու կարգը և ժամկետները

 

1. Գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ.

2) ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն.

3) հայցվորը հրաժարվել է պահանջից.

4) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն:

2. Առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով պարզեցված վարույթ կիրառելու դեպքերի, որոնց պարագայում եզրափակիչ դատական ակտը կայացվում և հրապարակվում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

3. Առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը` պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասի պահանջը:

(300-րդ հոդ. փոփ. 23.12.22 ՀՕ-576-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 301. Պարզեցված վարույթը դադարեցնելը

 

1. Եթե սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանգամանքներն ի հայտ են եկել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև եզրափակիչ դատական ակտ հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին և սույն օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին որոշման մեջ դատարանը նշում է կատարում եզրափակիչ դատական ակտով լրացուցիչ պետական տուրք գանձելու հնարավորության վերաբերյալ:

(301-րդ հոդ. փոփ. 19.04.21 ՀՕ-178-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

i
Հոդված 302. Պարզեցված վարույթի կարգով քննվող գործով եզրափակիչ դատական ակտը

 

1. Պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճռի պատճառաբանական մասը պարունակում է նշում հայցվորի փաստարկները դատարանի պատճառաբանություն համարելու վերաբերյալ, ինչպես նաև գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ դատարանի պատճառաբանությունը:

i

2. Պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճռի պատճառաբանական մասը պարունակում է դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապաց