Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...

28.02.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.06.1996  -ից մինչեւ   28.02.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 05.02.99թ թիվ ՀՕ-284 օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
14 մայիսի 1996 թ.

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i
Հոդված 1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հիմունքները

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

Համայնքի ղեկավարը (քաղաքապետը, թաղապետը, գյուղապետը) և համայնքի ավագանին ընտրվում են յուրաքանչյուրը երեք տարի ժամկետով:

 

Հոդված 2. Ընտրական համակարգը

 

Համայնքի ղեկավարն ընտրվում է մեծամասնական ընտրական համակարգով:

Համայնքի ավագանին կազմված է`

1) մինչև 5000 բնակչություն ունեցող համայնքում` ութ անդամից.

2) 5001-ից մինչև 20 000 բնակչություն ունեցող համայնքում` տասը անդամից.

3) 20 001-ից ավելի բնակչություն ունեցող համայնքում` տասնհինգ անդամից:

Համայնքի ավագանին ընտրվում է`

1) մինչև 5000 բնակչություն ունեցող համայնքում` մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրական տարածքից:

2) 5001-ից մինչև 20 000 բնակչություն ունեցող համայնքում` բազմամանդատ մեծամասնական ընտրական երկու տարածքներից` յուրաքանչյուրը հնգական մանդատով: Նույն համայնքի ընտրական տարածքներում ընտրողների թվի տարբերությունը չպետք է գերազանցի այդ համայնքի ընտրողների ընդհանուր թվի 5 տոկոսը.

3) 20 001-ից մինչև 45 000 բնակչություն ունեցող համայնքում` բազմամանդատ մեծամասնական ընտրական երեք տարածքներից` յուրաքանչյուրը հնգական մանդատով: Նույն համայնքի ընտրական տարածքներում ընտրողների թվի տարբերությունը չպետք է գերազանցի այդ համայնքի ընտրողների ընդհանուր թվի 5 տոկոսը.

4) 45 001-ից ավելի բնակչություն ունեցող համայնքում` բազմամանդատ մեծամասնական ընտրական հինգ տարածքներից` յուրաքանչյուրը երեքական մանդատով: Նույն համայնքի ընտրական տարածքներում ընտրողների թվի տարբերությունը չպետք է գերազանցի այդ համայնքի ընտրողների ընդհանուր թվի 3 տոկոսը:

Համայնքի յուրաքանչյուր ընտրական տարածք բաժանվում է հերթական համարակալմամբ ընտրական տեղամասերի:

Ընտրական տեղամասում ընտրողների թիվը չի կարող գերազանցել երեք հազարը: Եթե համայնքում ընտրողների թիվը պակաս է երեք հազարից, ապա այդ ընտրական տարածքում ստեղծվում է մեկ ընտրական տեղամաս, բացառությամբ այն դեպքերի, երբ համայնքն իր մեջ ընդգրկում է մեկից ավելի բնակավայր:

 

Հոդված 3. Ընտրական իրավունքը

 

i

Տեղական ինքնակառավարման մարմիններ ընտրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները, ովքեր մշտապես բնակվում են համայնքում կամ վերջին 3 տարվա ընթացքում անընդմեջ ընդգրկված են համայնքում տեղական տուրքեր և վճարներ վճարողների ցուցակում:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քաղաքացիները մասնակցում են անմիջականորեն, կամքի ազատ արտահայտությամբ: Համայնքի ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ տվյալ համայնքում ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներն ընդգրկվում են ընտրական ցուցակում: Համայնքի ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք:

i

Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին 1 տարում մշտապես բնակվող, վերջին երեք տարում հարկեր, տեղական տուրքեր և վճարներ բարեխղճորեն վճարող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

թաղային համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, Երևան քաղաքում առնվազն վերջին 1 տարում մշտապես բնակվող, վերջին երեք տարում հարկեր, տեղական տուրքեր և վճարներ բարեխղճորեն վճարող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

i

Ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին 1 տարում մշտապես բնակվող, վերջին երեք տարում հարկեր, տեղական տուրքեր և վճարներ բարեխղճորեն վճարող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին համարվում է հարկեր, տեղական տուրքեր և վճարներ բարեխղճորեն վճարող, եթե սույն օրենքով սահմանված ժամկետում հարկեր, տեղական տուրքեր և վճարներ չվճարելու կամ վճարումներն ուշացնելու համար տույժերի և տուգանքների չի ենթարկվել:

i

Համայնքի ղեկավարի պաշտոնում չեն կարող առաջադրվել և ընտրվել կառավարության անդամները, մարզպետները, դատավորները, դատախազության աշխատակիցները, զինված ուժերի, ներքին գործերի և ազգային անվտանգության համակարգերում ծառայողները:

i

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամկետային զինծառայության մեջ գտնվող և ուսումնավարժական հավաքներ անցնող քաղաքացիները չեն մասնակցում:

i

Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները: Կալանքի տակ գտնվող անձանց ընտրելու և ընտրվելու իրավունքը կասեցվում է մինչև կալանքից նրանց ազատվելը:

i

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի որևէ սահմանափակում, բացի օրենքով նախատեսված դեպքերից, արգելվում է և հետապնդվում է օրենքով:

 

Հոդված 4. Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմունքները

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախապատրաստվում և անցկացվում են սույն օրենքով սահմանված կարգով:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախապատրաստում և անցկացնում են կենտրոնական, մարզային, Երևանի քաղաքային, համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները: Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովն իրականացնում է մարզային ընտրական հանձնաժողովի համար սահմանված լիազորությունները:

i

Ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրությունների միասնական հիմնադրամից, որը ձևավորվում է պետական միջոցներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր մուծումներից, ինչպես նաև ընտրական գրավից:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական ձեռնարկությունները և կազմակերպությունները պարտավոր են ընտրական հանձնաժողովներին տրամադրել շենքեր և անհրաժեշտ գույք, նպաստել ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանը:

Ընտրական հանձնաժողովների` իրենց իրավասության շրջանակներում ընդունած որոշումները պարտադիր են պետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների համար:

 

Հոդված 5. Համայնքի ղեկավարի, ավագանու անդամի թեկնածուի նախընտրական հիմնադրամը

 

Համայնքի ղեկավարի, ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածու նախընտրական քարոզչությունն իրականացնելու համար իրավունք ունի օգտագործել անձնական և իր նախընտրական հիմնադրամում գոյացած միջոցները:

Համայնքի ղեկավարի, ավագանու անդամի թեկնածուն նախընտրական քարոզչությունը կազմակերպելու համար իր կամ լիազորած անձի անունով կարող է ստեղծել թեկնածուի նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց (բացի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, պետական մասնակցությամբ ձեռնարկությունների) կամավոր մուծումներից, բայց ոչ ավելի յուրաքանչյուր ֆիզիկական անձի համար 20.000 դրամից, իսկ իրավաբանական անձի համար` 100 000 դրամից:

Թեկնածուների նախընտրական հիմնադրամների հաշվարկային հաշիվները բացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախատեսված բանկում:

Թեկնածուների նախընտրական հիմնադրամներում ընտրությունից հետո մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունը չկայացած ճանաչելու դեպքում թեկնածուների ընտրական գրավը ետ է վերադարձվում, իսկ նրանց նախընտրական հիմնադրամում ընտրությունից հետո մնացած միջոցները սառեցվում են մինչև նոր ընտրության համար թեկնածուների գրանցումը: Նոր ընտրության համար կրկին գրանցված թեկնածուները կարող են օգտագործել նախորդ ընտրության ժամանակ ստեղծած իրենց հիմնադրամներում մնացած միջոցները: Եթե նոր ընտրության ժամանակ թեկնածուն չի գրանցվել, ապա նրա հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

 

Հոդված 6. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման հրապարակայնությունը

 

Ընտրական հանձնաժողովները, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով, ընտրողներին տեղեկացնում են իրենց կազմի, գտնվելու վայրի, աշխատաժամերի, ինչպես նաև ընտրությունների նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման հետ կապված գործունեության մասին:

Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում իրավունք ունեն ներկա գտնվել թեկնածուների վստահված անձինք, հավատարմագրված օտարերկրյա դիտորդները և լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Ընտրական հանձնաժողովները թեկնածուների վստահված անձանց, հավատարմագրված օտարերկրյա դիտորդների և լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկայության համար ապահովում են հավասար պայմաններ:

Թեկնածուի վստահված անձինք, հավատարմագրված օտարերկրյա դիտորդները և լրատվության միջոցների ներկայացուցիչներն իրավունք ունեն անարգել ծանոթանալ ընտրական հանձնաժողովների որոշումներին և արձանագրություններին, անել քաղվածքներ:

 

ԳԼՈՒԽ 2.
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

Հոդված 7. Ընտրական հանձնաժողովի կազմավորման հիմունքները

 

Ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության` ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և մարզային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են Ազգային Ժողովի խմբակցությունների առաջադրումներից:

Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են համապատասխան մարզային ընտրական հանձնաժողովի անդամների առաջադրումներից:

i

Ընտրական հանձնաժողովների անդամները հանձնաժողովներում իրենց գործունեության ընթացքում չեն կարող ադմինիստրացիայի նախաձեռնությամբ մշտական աշխատանքից ազատվել կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել` առանց վերադաս ընտրական հանձնաժողովի համաձայնության, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները` առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության:

i

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկված անձինք հանձնաժողովներում իրենց գործունեության ընթացքում ազատվում են ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից և վարժական հավաքներից:

Ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Ընտրական հանձնաժողովների նախագահները, նրանց տեղակալները, քարտուղարներն ու անդամները կարող են ընդգրկվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու իրավունք չունեն:

 

Հոդված 8. Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմելու կարգը

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է առնվազն յոթ անդամից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է Ազգային Ժողովի խմբակցությունների առաջադրումից, ընդ որում, յուրաքանչյուր խմբակցություն առաջադրում է իր կազմում ընդգրկված կուսակցությունների թվի կրկնապատիկ թվով թեկնածուներ:

Թեկնածուների առաջադրումը ձևակերպվում է պատգամավորի տիտղոսաթերթի վրա` խմբակցության ղեկավարի ստորագրությամբ: Առաջադրումների վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են Ազգային Ժողովի նախագահին` կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորվելու համար սահմանված ժամկետի ավարտից առնվազն տասը օր առաջ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի համար առաջադրված թեկնածուները, կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորվելու համար սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտից յոթ օր առաջ, անձամբ կամ օրենքով սահմանված կարգով լիազորված անձի միջոցով Ազգային Ժողովի նախագահին են ներկայացնում իրենց գրավոր համաձայնությունը` հանձնաժողովի կազմում ընդգրկվելու մասին:

Ազգային Ժողովի նախագահը, ճշտելով առաջադրումների օրինականությունը, կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու համար սահմանված ժամկետի ավարտից առնվազն երեք օր առաջ կառավարություն է ուղարկում հանձնաժողովի անվանական կազմը:

Կառավարությունը Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված կարգով հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը:

Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում առաջադրված անդամների թիվը պակաս է յոթից, ապա հանձնաժողովի թափուր տեղերը մինչև յոթը լրացնում է կառավարությունը` Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված կարգով, հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետից ոչ ուշ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը հրապարակվում է հանձնաժողովի կազմավորման համար սույն օրենքով սահմանված ժամկետում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունենում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման հաջորդ օրը` ժամը 10.00-ին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է նրա նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքերում` նախագահի տեղակալը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` իր անդամների կազմից, կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստը, մինչև հանձնաժողովի նախագահ ընտրվելը, վարում է հանձնաժողովի տարիքով ավագ անդամը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածությունների առաջադրման իրավունքը պատկանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին:

Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ձայների կեսից ավելին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում անցկացվում է նոր ընտրություն:

Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկու թեկնածու, ապա ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:

Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է կրկնական քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածու: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշտապես գործում է մինչև նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորումը:

Նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է սույն հոդվածով նախատեսված կարգով Ազգային Ժողովի կազմավորումից ոչ շուտ, քան 4 ամիս և ոչ ուշ, քան 6 ամիս հետո:

 

Հոդված 9. Մարզային ընտրական հանձնաժողով կազմելու կարգը

 

Մարզային ընտրական հանձնաժողովը կազմված է առնվազն յոթ անդամից:

Մարզային ընտրական հանձնաժողովը կազմավորվում է Ազգային Ժողովի խմբակցությունների առաջադրումներից, ընդ որում, յուրաքանչյուր խմբակցություն առաջադրում է իր կազմում ընդգրկված կուսակցությունների թվի կրկնապատիկի թվով թեկնածուներ:

Թեկնածուների առաջադրումը ձևակերպվում է պատգամավորի տիտղոսաթերթի վրա` խմբակցության ղեկավարի ստորագրությամբ: Առաջադրումների վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են Ազգային Ժողովի նախագահին` մարզային ընտրական հանձնաժողովներ կազմավորելու համար սահմանված ժամկետի ավարտից առնվազն տասը օր առաջ:

Մարզային ընտրական հանձնաժողովի անդամի համար առաջադրված թեկնածուները, մարզային ընտրական հանձնաժողով կազմավորելու համար սահմանված ժամկետի ավարտից առնվազն յոթ օր առաջ, անձամբ կամ օրենքով սահմանված կարգով լիազորված անձի միջոցով Ազգային Ժողովի նախագահին են ներկայացնում իրենց գրավոր համաձայնությունը` հանձնաժողովի կազմում ընդգրկվելու մասին:

Ազգային Ժողովի նախագահը, ճշտելով առաջադրումների օրինականությունը, մարզային ընտրական հանձնաժողով կազմավորելու համար սահմանված ժամկետի ավարտից առնվազն երեք օր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին է ուղարկում մարզային ընտրական հանձնաժողովների կազմերը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը մարզային ընտրական հանձնաժողովի կազմը հաստատում է հրամանով: Եթե մարզային ընտրական հանձնաժողովի կազմում առաջադրված անդամների թիվը պակաս է յոթից, ապա հանձնաժողովի թափուր տեղերը մինչև յոթը, լրացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետի ավարտից ոչ ուշ:

Մարզային ընտրական հանձնաժողովներն իրենց առաջին նիստում իրենց կազմից ընտրում են հանձնաժողովի նախագահ: Մարզային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը հրավիրվում է դրա կազմավորման հաջորդ օրը` ժամը 12.00-ին: Մարզային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը վարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից լիազորված անդամը: Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրությունն իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով: Եթե մարզային ընտրական հանձնաժողովն իր առաջին նիստում հանձնաժողովի նախագահ չի ընտրում, ապա մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ է նշանակում կենտրոնական ընտրական հանձնաժողովը` մարզային ընտրական հանձնաժողովի կազմից, մարզային ընտրական հանձնաժողովի կազմավորումից հետո, ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում: Եթե նշված ժամկետում հանձնաժողովի նախագահ չի նշանակվում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը երկօրյա ժամկետում մարզային ընտրական հանձնաժողովի կազմից նշանակում է մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ:

Մարզային ընտրական հանձնաժողովները մշտապես գործում են մինչև նոր մարզային ընտրական հանձնաժողովների կազմավորումը:

Նոր մարզային ընտրական հանձնաժողովները վերակազմավորվում են նոր կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորվելու դեպքում` սույն օրենքով նախատեսված կարգով:

 

Հոդված 10. Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներ կազմավորելու կարգը

 

Համայնքային ընտրական հանձնաժողովները կազմված են առնվազն 9, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովները` առնվազն 15 անդամից:

Համայնքային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են համապատասխան մարզային ընտրական հանձնաժողովի անդամների առաջադրումով` յուրաքանչյուր երկու անդամը մեկ թեկնածու սկզբունքով:

Տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են համապատասխան մարզային ընտրական հանձնաժողովի անդամների առաջադրումով` յուրաքանչյուր անդամը մեկ թեկնածու սկզբունքով:

Համայնքային ընտրական հանձնաժողովները և տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են ոչ ուշ, քան նշված հանձնաժողովների կազմավորման համար սույն օրենքով սահմանված ժամկետից հինգ օր առաջ:

Եթե համայնքային ընտրական հանձնաժողովի կամ տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջադրված անդամների թիվը պակաս է սույն հոդվածում նախատեսված նվազագույն քանակից, ապա հանձնաժողովի թափուր տեղերը` համայնքային ընտրական հանձնաժողովի համար մինչև 9, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովի համար մինչև 15, լրացվում են մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` համապատասխան հանձնաժողովների կազմավորման համար սահմանված ժամկետից ոչ ուշ:

Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներն առաջին նիստում իրենց կազմից ընտրում են համապատասխան հանձնաժողովների նախագահներ: Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը հրավիրվում են դրանց կազմավորման հաջորդ օրը` ժամը 12.00-ին: Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը վարում են մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորած անձինք: Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների ընտրություններն անցկացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով: Եթե համայնքային կամ տեղամասային ընտրական հանձնաժողովներն իրենց առաջին նիստում հանձնաժողովի նախագահ չեն ընտրում, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովի նախագահ է նշանակում մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը` համապատասխան հանձնաժողովի կազմից, համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորումից հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում:

Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ դադարեցվում է, եթե ընտրությունների արդյունքների վերաբերյալ չկա դատական վեճ: Դատական վեճի առկայության դեպքում նշված հանձնաժողովների գործունեությունը դադարեցվում է դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

 

Հոդված 11. Ընտրական հանձնաժողովների կազմում փոփոխություններ կատարելու կարգը

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նախագահի տեղակալը երկօրյա ժամկետում հրավիրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ` նախագահի ընտրությունն անցկացնելու նպատակով: Նախագահի ընտրությունը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ`

1) անձնական դիմումի հիման վրա.

2) հանձնաժողովի երեք իրեր հաջորդող հերթական նիստերից անհարգելի բացակայելու դեպքում:

i

կենտրոնական ընտրական հանձնաժողովի նշված որոշումը կարող է գանգատարկվել գերագույն դատարան:

Ազգային Ժողովի խմբակցություններն իրավունք ունեն փոխելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում իրենց առաջադրած անդամներին, եթե վերջիններս ներկայացրել են դիմում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմից դուրս գալու մասին, անհարգելի բացակայել են հանձնաժողովի երկու իրար հաջորդող նիստերից կամ մահացել են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը պարտավոր է Ազգային Ժողովի համապատասխան խմբակցության ղեկավարին անհապաղ գրավոր տեղյակ պահել հանձնաժողովի անդամի դիմում ներկայացնելու կամ երկու իրար հաջորդող նիստերից անհարգելի բացակայելու մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի համապատասխան գրությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում Ազգային Ժողովի համապատասխան խմբակցությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին է ներկայացնում իր կողմից առաջադրվող նոր անդամի թեկնածությունը: Հանձնաժողովի նոր անդամի առաջադրումն արձանագրվում է հանձնաժողովի կողմից: Եթե նշված ժամկետում հանձնաժողովի նոր անդամ չի առաջադրվում, ապա խմբակցությունը զրկվում է առաջադրման իրավունքից:

Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման հետևանքով առաջացած թափուր տեղերը չեն լրացվում` բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովի թվակազմը պակաս է մնում յոթից: Վերջին դեպքում հանձնաժողովի կազմը եռօրյա ժամկետում համալրում է կառավարությունը` Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված կարգով:

Մարզային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող է վաղաժամկետ դադարեցնել մարզային ընտրական հանձնաժողովը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման համար նախատեսված հիմքերով:

i

Մարզային ընտրական հանձնաժողովի այդ որոշումը կարող է գանգատարկվել դատարան:

Ազգային Ժողովի խմբակցությունները մարզային ընտրական հանձնաժողովի անդամին կարող են փոխել կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի փոխելու համար սույն հոդվածով նախատեսված հիմքերով և կարգով:

Մարզային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետևանքով առաջացած թափուր տեղերը չեն լրացվում` բացառությամբ այն դեպքի, եթե հանձնաժողովի թվակազմը պակաս է մնում յոթից: Վերջին դեպքում հանձնաժողովի կազմը եռօրյա ժամկետում համալրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունները կարող է վաղաժամկետ դադարեցնել մարզային ընտրական հանձնաժողովը, համապատասխան համայնքային կամ տեղամասային ընտրական հանձնաժողովների կամ դրանց նախագահների նախաձեռնությամբ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման համար սույն հոդվածով նախատեսված հիմքերով և կարգով:

Մարզային ընտրական հանձնաժողովի անդամը (անդամները) իրավունք ունի (ունեն) փոխել համայնքային ընտրական հանձնաժողովի (տեղամասային ընտրական հանձնաժողովի) կազմում (իրենց) առաջադրած անդամին, եթե վերջինս ներկայացրել է դիմում հանձնաժողովի կազմից դուրս գալու մասին, անհարգելի բացակայել է հանձնաժողովի երկու իրար հաջորդող նիստերից կամ մահացել է: Անձնական դիմում ներկայացնելուց կամ հանձնաժողովի երկու իրար հաջորդող նիստերից անհարգելի բացակայելուց հետո եռօրյա ժամկետում մարզային ընտրական հանձնաժողովի համապատասխան անդամը (անդամները) համայնքային ընտրական հանձնաժողովի (տեղամասային ընտրական հանձնաժողովի) նախագահին է (են) ներկայացնում իր (իրենց) կողմից առաջադրվող նոր անդամի թեկնածությունը: Հանձնաժողովի նոր անդամի առաջադրումն արձանագրվում է տվյալ հանձնաժողովի կողմից: Եթե նշված ժամկետում հանձնաժողովի նոր անդամ չի առաջադրվում, ապա մարզային ընտրական հանձնաժողովի անդամը (անդամները) զրկվում է (են) առաջադրման իրավունքից:

Առաջացած թափուր տեղերը չեն լրացվում` բացառությամբ այն դեպքերի, երբ համայնքային ընտրական հանձնաժողովի թվակազմը պակաս է մնում 9-ից, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովի թվակազմը` 15-ից: Վերջին դեպքում հանձնաժողովի կազմը եռօրյա ժամկետում համալրում է մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը:

Ընտրական հանձնաժողովների կազմում փոփոխություններ չեն կարող կատարվել ընտրություններին նախորդող հինգ օրվա և ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքում:

 

Հոդված 12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների կազմակերպումը և վերահսկողությունն իրականացնող մարմին է, որը`

1) տնօրինում է ընտրությունների միասնական հիմնադրամի միջոցները, դրանց բաշխում ըստ հանձնաժողովների, վերահսկում ընտրական հանձնաժողովներին շենքերով և կահավորանքով, այլ անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովումը.

2) ընդունում և հրապարակում է ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման, քվեարկությունների և ընտրությունների արդյունքների ամփոփման համար անհրաժեշտ միջոցառումների և դրանց իրականացման կարգի վերաբերյալ հրահանգներ և որոշումներ, վերահսկում դրանց կատարման ընթացքը.

3) սահմանում է ընտրական փաստաթղթերի, քվեաթերթիկների, քվեատուփերի ձևերը, կնիքների նմուշները, փաստաթղթերի լրացման և դրանց պահպանման կարգը.

4) սահմանում է յուրաքանչյուր մարզային ընտրական հանձնաժողովի հերթական համարը.

5) լսում է ընտրական հանձնաժողովների և համապատասխան պետական մարմինների հաղորդումներն ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված հարցերի վերաբերյալ.

6) հավատարմագրում է օտարերկրյա դիտորդներին.

7) ընտրում և ետ է կանչում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալին և քարտուղարին.

8) դիմում է համապատասխան իրավասու պետական մարմիններին` սույն օրենքի խախտման դեպքերում.

9) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 13. Մարզային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

Մարզային ընտրական հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում մարզում ստորադաս ընտրական հանձնաժողովների կողմից սույն օրենքի կատարման նկատմամբ.

2) հայտարարում է ընտրությունները օրը.

3) կազմավորում է համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներ և փոփոխություններ կատարում դրանց կազմում.

4) տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացմամբ հաստատում է ընտրական տարածքները և տեղամասերը` նշելով քվեարկության վայրը (տեղամասային կենտրոնը).

5) սահմանում է ընտրական տարածքների և տեղամասերի հերթական համարները` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով.

6) ստորադաս ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով, սահմանված կարգով կազմակերպում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ միջոցառումներ, վերահսկում դրանց կատարման ընթացքը, ինչպես նաև ստորադաս ընտրական հանձնաժողովների ապահովումը շենքերով, կահավորանքով, տրանսպորտով, էլեկտրական հոսանքով և այլ անհրաժեշտ միջոցներով.

7) հետևում է համապատասխան ընտրական հանձնաժողովներին ընտրողների ցուցակների հատկացմանը, համընդհանուր ծանոթացման համար դրանց ներկայացմանը.

8) ստորադաս ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ ընտրական փաստաթղթերով.

9) փոխում է քվեարկության տեղը` քվեարկության անցկացումը տեխնիկապես անհնարին լինելու դեպքում.

10) քննարկում է ստորադաս ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումներն ու գանգատները, վերանայում կամ վերացնում է ստորադաս ընտրական հանձնաժողովների օրենքին հակասող որոշումները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.

11) ընտրում և ետ է կանչում մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալին և քարտուղարին.

12) դիմում է համապատասխան իրավասու պետական մարմիններին` սույն օրենքի խախտման դեպքում.

13) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 14. Համայնքային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

Համայնքային ընտրական հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից սույն օրենքի կատարման նկատմամբ.

2) քննարկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումներն ու գանգատները, վերանայում կամ վերացնում է ստորադաս ընտրական հանձնաժողովների` օրենքին հակասող որոշումները.

3) հետևում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ընտրողների ցուցակի կազմմանը, կազմում է ընտրողների ցուցակներն ըստ տեղամասերի և դրանց հանձնում տեղամասային ընտրական հանձնաժողովներին, հետևում վերջիններիս կողմից համընդհանուր ծանոթացման համար այդ ցուցակների ներկայացմանը.

4) ապահովում է քվեարկության շենքերի, խցիկների, քվեատուփերին և քվեարկության համար անհրաժեշտ այլ միջոցների նախապատրաստումը.

5) գրանցում և վկայականներ է տալիս համայնքի ղեկավարի և ավագանու անդամի առաջադրված թեկնածուներին, օրենքով նախատեսված դեպքերում մերժում, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում նրանց գրանցումը, գրանցում և վկայականներ է տալիս համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների վստահված անձանց.

6) կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հավատարմագրում է լրատվության միջոցների ներկայացուցիչներին.

7) կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի առաջադրված թեկնածուների կենսագրական տվյալների հավասար հիմունքներով հրապարակումը.

8) պարզում, ամփոփում և հաստատում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, օրենքով նախատեսված դեպքում անցկացնում ստուգումներ, օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կայացած, անվավեր կամ չկայացած է ճանաչում ընտրությունները.

9) տալիս է վկայականներ ընտրված համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին.

10) ընտրում և ետ է կանչում համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալին և քարտուղարին.

11) դիմում է համապատասխան իրավասու պետական մարմիններին` սույն օրենքի խախտման դեպքում.

12) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 15. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովը`

1) ապահովում է ընտրողների ցուցակների հետ ազատ ծանոթանալու հնարավորությունը.

2) ընդունում և քննարկում է ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ գանգատներ և լուծում դրանցում փոփոխություններ կատարելու հարցը.

3) ընտրողներին տեղեկացնում է տեղամասային կենտրոնի գտնվելու վայրի, ընտրությունների օրվա, հանձնաժողովի աշխատաժամերի մասին.

4) կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում դրա արդյունքները տեղամասում և այն ներկայացնում համայնքային ընտրական հանձնաժողով.

5) ընտրում և ետ է կանչում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալին և քարտուղարին.

6) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 16. Ընտրական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը

 

Ընտրական հանձնաժողովների աշխատանքները կազմակերպում են համապատասխան հանձնաժողովների նախագահները կամ նրանց հանձնարարությամբ` նախագահի տեղակալները:

Ընտրական հանձնաժողովների անդամներն իրավունք ունեն ծանոթանալու իրենց հանձնաժողովների քննարկմանը ենթակա հարցերին և համապատասխան փաստաթղթերին:

Ընտրական հանձնաժողովները սահմանում են իրենց հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը: Արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի գրավոր պահանջով, նրանց նշած ժամկետում: Արտահերթ նիստ հրավիրելու ժամկետի մասին հանձնաժողովի քարտուղարը նախապես տեղյակ է պահում հանձնաժողովի բոլոր անդամներին:

Ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի կազմի կեսից ավելին:

Ընտրական հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Առանձին դեպքերում, հանձնաժողովի որոշմամբ, անցկացվում է փակ քվեարկություն:

Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Վերադաս ընտրական հանձնաժողովներն իրենց իրավասության շրջանակներում իրավունք ունեն ստորադաս ընտրական հանձնաժողովներից պահանջել և ստանալ վերջիններիս տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը:

Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն ներկա գտնվել ստորադաս ընտրական հանձնաժողովի նիստերին, բացառությամբ քվեարկության կամ ընտրության արդյունքների ամփոփման նիստերի:

Հանձնաժողովների որոշումների միջև հակասության դեպքում գործում է վերադաս հանձնաժողովի որոշումը:

i

Հանձնաժողովներում ընդգրկված անձինք իրենց գործունեության ընթացքում կարող են ազատվել արտադրական կամ ծառայողական պարտականությունների կատարումից` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովների նախագահներն ու քարտուղարներն աշխատում են մշտական հիմունքներով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովների նախագահները կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով կազմավորում են աշխատակազմեր: Ընտրությունների հետ կապված աշխատանքների վարձատրությունը կատարվում է ընտրությունների միասնական հիմնադրամի միջոցներից:

Ընտրական հանձնաժողովները կազմում են համարակալված էջերով և վերադաս հանձնաժողովի կողմից կնքված գործավարության մատյան, որում պարտադիր կարգով գրառվում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված գործավարությունը` համապատասխան ամսաթվերով:

Հանձնաժողովի անդամների մասնակցությունը հանձնաժողովի նիստերին արձանագրվում է գործավարության մատյանում հանձնաժողովի քարտուղարի կողմից, որի տակ իրավունք ունեն ստորագրել հանձնաժողովի նիստին ներկա անդամները:

 

i
Հոդված 17. Ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների գանգատարկման կարգը

 

i

Մարզային, Երևանի քաղաքային, համայնքային, տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները, բացի տեղամասային (համայնքային) ընտրական հանձնաժողովի քվեարկությունների (ընտրությունների) արդյունքների վերաբերյալ որոշումներից ու գործողություններից, կարող են գանգատարկվել վերադաս ընտրական հանձնաժողով կամ դատարան: Ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները կարող են գանգատարկել այդ հանձնաժողովների անդամները, առաջադրման համար գրավ մուծած անձինք, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի գրանցված թեկնածուները, նրանց վստահված անձինք և ընտրողները` որոշումն ընդունելուց կամ գործողությունը կատարելուց հետո երկօրյա ժամկետում: Գանգատը պետք է քննարկվի այն ստանալուց հետո եռօրյա ժամկետում:

i

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները և գործողություններն ընտրական հանձնաժողովների անդամները, առաջադրման համար գրավ մուծած անձինք, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուները` որոշումն ընդունելուց կամ գործողությունը կատարելուց հետո երկօրյա ժամկետում, կարող են գանգատարկել գերագույն դատարան, որը հնգօրյա ժամկետում կոլեգիալ կարգով կայացնում է վերջնական որոշումներ:

i

Քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները, որոշումն ընդունելուց կամ գործողությունը կատարելուց հետո մեկ օրվա ընթացքում, կարող են գանգատարկվել համայնքային ընտրական հանձնաժողով: Ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ համայնքային ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները, որոշումն ընդունելուց կամ գործողությունը կատարելուց հետո երկօրյա ժամկետում, կարող են գանգատարկվել դատարան: Ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ դատարանի որոշումները կարող են գանգատարկվել գերագույն դատարան, որը եռամսյա ժամկետում կոլեգիալ կարգով կայացնում է վերջնական որոշում:

Քվեարկությունների և ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները կարող են գանգատարկել համապատասխան հանձնաժողովի անդամները, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի գրանցված թենածուները:

Եթե դատարանը որոշում է կայացնում ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ համայնքային ընտրական հանձնաժողովի որոշումը չեղյալ համարելու մասին, ապա դատարանը, ելնելով սույն օրենքի պահանջներից, որոշում է կայացնում նաև ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 3.
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 18. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների առաջադրումը

 

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներն առաջադրվում են ինքնառաջադրման կարգով` առաջադրման վերաբերյալ հայտ ներկայացնելու և ընտրական գրավ մուծելու միջոցով:

Ավագանու անդամի թեկնածու կարելի է առաջադրվել համայնքի միայն մեկ ընտրական տարածքում:

Թեկնածուն ընտրությունների միասնական հիմնադրամի հաշվին մուծում է ընտրական գրավ հետևյալ չափերով`

1) մինչև 1000 բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն` 4000, իսկ ավագանու անդամի թեկնածուն` 500 դրամ.

2) 1001-ից մինչև 5000 բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն` 10 000, իսկ ավագանու անդամի թեկնածուն` 1250 դրամ.

3) 5001-ից մինչև 10 000 բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն` 20 000, իսկ ավագանու անդամի թեկնածուն` 2000 դրամ.

4) 10 001-ից մինչև 20 000 բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն` 40 000, իսկ ավագանու անդամի թեկնածուն` 4000 դրամ.

5) 20 001-ից մինչև 45 000 բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն` 100 000, իսկ ավագանու անդամի թեկնածուն` 6000 դրամ:

6) 45 001-ից մինչև 75 000 բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն` 200 000, իսկ ավագանու անդամի թեկնածուն` 12 000 դրամ.

7) 75 001-ից ավելի բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն` 300 000, իսկ ավագանու անդամի թեկնածուն` 20 000 դրամ:

Համայնքի ղեկավար ընտրված, ինչպես նաև թեկնածուների օգտին տրված ձայների 15 տոկոսից ավելի ձայներ ստացած համայնքի ղեկավարի թեկնածուների ընտրական գրավը վերադարձվում է, իսկ մյուսներինը` փոխանցվում պետական բյուջե:

Ավագանու անդամ ընտրված, ինչպես նաև համայնքում թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ ստացած ավագանու անդամի թեկնածուների ընտրական գրավը վերադարձվում է, իսկ մյուսներինը` փոխանցվում է պետական բյուջե:

 

Հոդված 19. Թեկնածուների գրանցումը

 

Համայնքային ընտրական հանձնաժողովները քննարկում են թեկնածուների գրանցման հարցը, եթե մինչև առաջադրման համար սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտը թեկնածուի կողմից անձամբ կամ օրենքով սահմանված կարգով լիազորված անձի միջոցով ներկայացվել են`

1) թեկնածուի առաջադրման համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով լրացված առաջադրման հայտը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը.

3) մուծված ընտրական գրավի անդորրագիրը.

4) բնակության վայրի մասին տեղեկանքը:

Համայնքային ընտրական հանձնաժողովն առաջադրման համար սահմանված ժամկետից անմիջապես հետո իրավասու պետական մարմնից պահանջում է առաջադրված թեկնածուների կողմից վերջին երեք տարվա ընթացքում հարկեր, տեղական տուրքեր և վճարներ վճարելու, ինչպես նաև դրանց հետ կապված տույժերի և տուգանքների վերաբերյալ տեղեկանք:

Իրավասու պետական մարմինը պարտավոր է հնգօրյա ժամկետում ներկայացնել նշված տեղեկանքը:

Թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստում իրավունք ունի ներկա գտնվել թեկնածուն կամ նրա լիազորած անձը:

Թեկնածուի գրանցումը համայնքային ընտրական հանձնաժողովը մերժում է, եթե ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են ակնհայտ կեղծիքներ կամ թեկնածուի վրա տարածվում են սույն օրենքով նախատեսված սահմանափակումները:

Թեկնածու առաջադրված անձի գրանցումը մերժվում է համայնքային ընտրական հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով:

Առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավը փոխանցվում է պետական բյուջե:

Թեկնածուի գրանցումը համայնքային ընտրական հանձնաժողովը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց համաձայն թեկնածուի վրա տարածվում են սույն օրենքով նախատեսված սահմանափակումները: Նման դեպքերում գրանցումն անվավեր ճանաչելը արձանագրվում է համայնքային ընտրական հանձնաժողովի նիստում և հրապարակվում է: Թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում նրա ընտրական գրավը և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

Թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին համայնքային ընտրական հանձնաժողովի որոշումը երկօրյա ժամկետում կարող է գանգատարկվել դատարան: Վերջինս եռօրյա ժամկետում կայացնում է որոշում, որը վերջնական է:

i

Թեկնածուն կարող է կալանավորվել համայնքային ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Համայնքային ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ վերջնական որոշում է ընդունում հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով: Թեկնածուի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում նրա ընտրական գրավը վերադարձվում է, իսկ նախընտրական հիմնադրամում առկա միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

Թեկնածուների գրանցման մասին հաղորդագրությունը հրապարակվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

Եթե համայնքում գրանցված ավագանու անդամի թեկնածուների թիվը փոքր է քվեարկվող մանդատների թվի 50 %-ից, ապա համայնքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում համայնքում ավագանու անդամների ընտրությունները չկայացած ճանաչելու և նոր ընտրություն անցկացնելու մասին: Եթե ընտրական տարածքում ավագանու անդամի թեկնածուներ չեն գրանցվել, ապա այդ ընտրական տարածքում քվեարկություն չի անցկացվում:

 

Հոդված 20. Թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

 

Թեկնածուն կարող է հանել իր թեկնածությունը` հրաժարականի մասին դիմում ներկայացնելով համայնքային ընտրական հանձնաժողով ոչ ուշ, քան քվեարկությունից հինգ օր առաջ: Երկրորդ փուլում համայնքի ղեկավարի թեկնածուի կողմից իր թեկնածությունը հանելու դեպքում նրա փոխարեն քվեարկության երկրորդ փուլին մասնակցում է առաջ փուլում հաջորդ` առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ եթե այդպիսին չկա, ապա քվեարկվում է մեկ թեկնածու:

Հրաժարականի մասին դիմումի հիման վրա թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում և նրա ընտրական գրավը ետ է վերադարձվում, իսկ թեկնածուի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները հրաժարականի մասին դիմումը ներկայացնելուց հետո փոխանցվում են պետական բյուջե:

Թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում նրա մահվան, ինչպես նաև նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում: Եթե նշված դեպքի հետևանքով համայնքի ղեկավարի թեկնածուի գրանցումը ճանաչվել է ուժը կորցրած երկրորդ փուլի քվեարկությունից ոչ ուշ, քան հինգ օր առաջ, ապա երկրորդ փուլին մասնակցում է առաջին փուլում հաջորդ` առավել կողմ ձայներ ստացած թեկնածուն, իսկ եթե այդպիսին չկա, ապա երկրորդ փուլում քվեարկվում է մեկ թեկնածու: Եթե նշված դեպքի հետևանքով համայնքի ղեկավարի թեկնածուի գրանցումը ճանաչվել է ուժը կորցրած երկրորդ փուլի քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում, ապա քվեարկվում է մեկ թեկնածու:

Եթե թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել մահվան դեպքում, ապա նրա ընտրական գրավը և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

 

Հոդված 21. Վստահված անձինք

 

Գրանցումից հետո թեկնածուի շահերը ընտրական հանձնաժողովներում ներկայացնելու համար համայնքային ընտրական հանձնաժողովը թեկնածուի ներկայացմամբ գրանցում է երկուսից ոչ ավելի վստահված անձ` յուրաքանչյուր ընտրական տեղամասի և համայնքային ընտրական հանձնաժողովի հաշվարկով: Վստահված անձանց տրվում է վկայական:

Վստահված անձինք ներկայացնում են թեկնածուի շահերը պետական և հասարակական մարմինների հետ փոխհարաբերություններում, իրավունք ունեն ներկա գտնվել համապատասխան ընտրական հանձնաժողովների նիստերին:

Հանձնաժողովի նիստին կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ:

Վստահված անձի գրանցումն ուժը կորցրած է ճանաչում և նոր վստահված անձին գրանցում է համայնքային ընտրական հանձնաժողովը` թեկնածուի դիմումի հիման վրա:

Վստահված անձինք համապատասխան հանձնաժողովների նիստերում ունեն խորհրդակցական ձայնի իրավունք:

Վստահված անձը չի կարող լինել որևէ ընտրական հանձնաժողովի անդամ:

 

Հոդված 22. Նախընտրական քարոզչությունը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, թեկնածուները իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում իրականացնել անարգել քարոզչություն` գրանցված թեկնածուի օգտին կամ դեմ:

Իրավապահ մարմիններին, զորամասերին, զինվորական կազմակերպություններին, ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է թեկնածուների օգտին կամ դեմ քարոզչություն իրականացնել:

Թեկնածուները և նրանց վստահված անձինք կարող են օգտվել լրատվության միջոցներից վճարովի հիմունքներով` թեկնածուական հիմնադրամի հաշվին:

Թեկնածուները և նրանց վստահված անձինք իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում կազմակերպել ժողովներ, հանրահավաքներ, երթեր, հանդիպումներ ընտրողների հետ և զանգվածային այլ միջոցառումներ:

Թեկնածուները և նրանց վստահված անձինք իրավունք ունեն անարգել տպագրել և տարածել պաստառներ, թերթիկներ, քարոզչական բնույթի այլ տպագիր նյութեր:

Նախընտրական քարոզչությունն սկսվում է ընտրությունից 30 օր առաջ:

Քվեարկության օրն արգելվում է քարոզչությունը, ժողովները, հանրահավաքները, երթերը, ցույցերը, տեղամասային կենտրոնի շուրջ մարդկանց խմբերով հավաքելը:

 

 

pin
ՀՀ 14.05.1996
N ՀՕ-62 օրենք