(ուժը կորցրել է 07.05.02 ՀՕ-337 օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
30 հունիսի 1996 թ.
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
i
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունը |
i
Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարումը կարգավորվում է Սահմանադրությամբ, օրենքներով և օրենքով նախատեսված դեպքերում` այլ նորմատիվ իրավական ակտերով:
Հոդված 2. |
Օրենքի խնդիրները |
Սույն օրենքը սահմանում է տեղական ինքնակառավարման հասկացությունը, սկզբունքները, մարմինները, նրանց լիազորությունները, կարգավորում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները:
Հոդված 3. |
Տեղական ինքնակառավարման հասկացությունը |
Տեղական ինքնակառավարումը բնակչության բարեկեցության բարելավման նպատակով սեփական պատասխանատվությամբ գործող տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքի սեփականությունը տնօրինելու և համայնքային նշանակության հարցերը լուծելու իրավունքն ու կարողությունն է:
i
Տեղական ինքնակառավարման մարմինները ընտրվում են համայնքի անդամների կողմից: Համայնքի անդամ է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը մշտապես բնակվում է տվյալ համայնքում կամ վերջին երեք տարում անընդմեջ ընդգրկված է համայնքում հարկեր, տեղական տուրքեր և վճարներ մուծողների ցուցակում:
Հոդված 4. |
Տեղական ինքնակառավարման սկզբունքները |
Տեղական ինքնակառավարման սկզբունքներն են`
1) պետական մարմինների իրավասությունների փոխանցումը տեղական ինքնակառավարման մարմիններին, եթե այդ իրավասություններն առավել արդյունավետ կարող են իրականացվել համայնքներում.
2) ընդհանուր իրավասությունը` համայնքային շահերին վերաբերող, օրենքին չհակասող ցանկացած գործունեության իրականացման իրավունքը, եթե օրենսդրությամբ այն վերապահված չէ պետական մարմիններին.
3) համայնքի ղեկավար դերի երկակիությունը` որպես ինքնավար կառավարման մարմին և որպես տեղում պետական իշխանության ներկայացուցիչ.
4) համայնքի իրավունքների, օրինական շահերի և սեփականության դատական պաշտպանությունը.
5) իրականացվող լիազորությունների և դրանց ֆինանսավորման համապատասխանությունը.
6) աջակցությունը ֆինանսապես թույլ համայնքներին` ֆինանսական համահարթեցման միջոցով.
7) ինքնուրույնությունը և պատասխանատվությունը տեղական ինքնակառավարումն իրականացնելիս.
8) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների կազմակերպումը մրցույթների (տենդերների) միջոցով.
9) իր իրավասության շրջանակում համայնքի ղեկավարի միանձնյա ղեկավարումը և պատասխանատվությունը.
10) տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը:
Հոդված 5. |
Տեղական ինքնակառավարման մարմինները |
i
Համայնքներում երեք տարի ժամկետով ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար:
Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով ընտրված ներկայացուցչական մարմին է, որն իրականացնում է Սահմանադրությամբ և սույն օրենքով նախատեսված լիազորությունները:
Համայնքի ղեկավարը (քաղաքային համայնքում` քաղաքապետը, Երևանի թաղային համայնքում` թաղապետը, գյուղական համայնքում` գյուղապետը) օրենքով սահմանված կարգով ընտրված համայնքի գործադիր մարմին է, որն իրականացնում է Սահմանադրությամբ և սույն օրենքով նախատեսված լիազորությունները:
Համայնքի ղեկավարն իր պաշտոնը ստանձնում է համայնքի նախորդ ղեկավարի լիազորությունների ավարտման օրը:
i
Հոդված 6. |
Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդհանուր բնութագիրը |
Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները բաժանվում են սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների:
Սեփական լիազորությունները բաժանվում են պարտադիր և կամավոր լիազորությունների:
Պարտադիր և պետության կողմից պատվիրված լիազորությունները ենթակա են պարտադիր ֆինանսավորման ու անընդմեջ կատարման:
Կամավոր լիազորություններն իրականացվում են ըստ հնարավորությունների` համայնքի բյուջեով նախատեսված ֆինանսավորմանը համապատասխան:
Սույն օրենքում թվարկված կամավոր լիազորությունները սպառիչ չեն: Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են իրականացնել համայնքային շահերին վերաբերող, օրենքին չհակասող ցանկացած գործունեություն, եթե օրենսդրությամբ այն վերապահված չէ պետական մարմիններին:
Պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման կարգը սահմանվում է օրենքով կամ կառավարության որոշմամբ:
i
Հոդված 7. |
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները |
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:
Կառավարությունը համապատասխան մարզպետի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետի ներկայացմամբ սույն օրենքով նախատեսված դեպքերում կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին:
Մինչև համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը վարչապետը նշանակում է քաղաքային, Երևանում` թաղային, իսկ մարզպետը` գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
i
Տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք ունեն գանգատարկել դատարան պետական մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց` համայնքի իրավունքները խախտող որոշումները և գործողությունները:
Տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները և գործողությունները համապատասխան մարզպետը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետը կարող են գանգատարկել դատարան:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
Հոդված 8. |
Համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը |
Համայնքի ավագանին իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ավագանու որոշած պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ:
Ավագանու նիստում կարող է քննարկվել համայնքի շահերին վերաբերող ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին կարող է ընդունել որոշումներ և ուղերձներ:
Համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի կապակցությամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ` ուղղված համայնքի բնակչությանը, համայնքի ղեկավարին, մարզպետին կամ պետական այլ մարմնի:
Հոդված 9. |
Համայնքի ավագանու նիստը |
i
Համայնքի ավագանու նիստը վարում է համայնքի ղեկավարը, որն ունի խորհրդակցական ձայնի իրավունք:
Ավագանու նիստն իրավազոր է, եթե ներկա է ավագանու անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
Մարզպետը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետը, համայնքի ավագանու նիստին կարող է մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով:
Համայնքի ղեկավարի հրավերով ավագանու նիստին կարող են մասնակցել համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներ, իսկ ավագանու որոշմամբ` նաև այլ անձինք:
Ավագանու նիստն անցկացվում է ավագանու կանոնակարգին համապատասխան:
Համայնքի ավագանու որոշումները և ուղերձները ընդունվում են ավագանու նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
Համայնքի ավագանու որոշումների մեկ օրինակը յոթնօրյա ժամկետում ուղարկվում է համապատասխան մարզպետարան:
Հոդված 10. |
Ավագանու արտահերթ նիստը |
Համայնքի ավագանու արտահերթ նիստ գումարում է համայնքի ղեկավարը` իր, ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ մարզպետի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ:
Ավագանու արտահերթ նիստը համայնքի ղեկավարը գումարում է նախաձեռնողի կողմից սահմանված օրակարգով և ժամկետում:
Հոդված 11. |
Նորընտիր ավագանու առաջին նիստը |
Նորընտիր ավագանու առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան կազմավորման օրվանից քսան օրվա ընթացքում: Առաջին նիստը գումարում է համայնքի ղեկավարը:
Համայնքի ավագանին կազմավորված է, եթե ընտրվել է ավագանու անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
Հոդված 12. |
Ավագանու իրավասությունը |
i
Համայնքի ավագանին`
1) ընդունում է իր կանոնակարգը.
2) վերահսկում է համայնքի բյուջեի կատարումը և համայնքի կողմից ստացված վարկերի օգտագործումը.
3) սույն օրենքով սահմանված կարգով սահմանում է համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը.
4) սույն օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկություն է ներկայացնում մարզպետին.
5) պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջում է համայնքի խնդիրներին վերաբերող և օրենքով սահմանված գաղտնիք չպարունակող տեղեկություններ: Այդ պահանջը պարտադիր է պետական մարմինների և պաշտոնատար անձանց համար.
i
6) սոցիալապես անապահով առանձին հարկատուների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող են սահմանվել հողի հարկի արտոնություններ` տվյալ տարվա համար հողի հարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 5 տոկոսը չգերազանցող չափով, որոնց դիմաց պետական բյուջեից համայնքի բյուջեին լրացուցիչ դոտացիաներ չեն տրվում: Համայնքի ավագանին կարող է այդ գումարը գերազանցող չափով արտոնություններ սահմանել` սոցիալապես անապահով հողի հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարելով հողի հարկը:
Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ`
1) հաստատում է համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքը.
2) համաձայնություն է տալիս համայնքային ենթակայության ձեռնարկություններ ստեղծելու մասին.
3) հավանություն է տալիս համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին.
4) հավանություն է տալիս հողերի օգտագործման սխեմային.
5) օրենսդրությանը համապատասխան համաձայնություն է տալիս առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության համայնքային կանոններին.
6) հաստատում է համայնքի տարեկան բյուջեն, բյուջեում կատարում է փոփոխություններ, համաձայնություն է տալիս բյուջեի ազատ միջոցներն օգտագործելու մասին, հաստատում է բյուջեի կատարման վերաբերյալ համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվությունը.
i
7) օրենքով սահմանված կարգով սահմանում է տեղական տուրքեր և վճարներ, համաձայնություն է տալիս համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության հանձնելու և օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների չափերը և աճուրդային եղանակով օտարվող գույքի մեկնարկային գինը.
8) հաստատում է համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը.
9) համաձայնություն է տալիս համայնքի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների անվանմանը և վերանվանմանը, տների, շենքերի և այլ շինությունների համարակալմանը.
10) հաստատում է համայնքի ղեկավարի` այլ համայնքների հետ համագործակցության, միջհամայնքային միավորումներ ստեղծելու, այլ պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության մասին կնքած պայմանագրերը.
11) համաձայնություն է տալիս համայնքի ղեկավարի կողմից վարկային պայմանագրի կնքմանը.
12) հանդես է գալիս տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ.
13) օրենքով սահմանված կարգով նշանակում է տեղական հանրաքվե:
Համայնքի ավագանին իրականացնում է Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Քաղաքային, գյուղական համայնքի ավագանին սահմանում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների համայնքի պատվավոր անդամի կոչում շնորհելու կարգը:
(12-րդ հոդվածը լրաց. 04.04.01 ՀՕ-171, 06.02.02 ՀՕ-300 օրենքներ)
Հոդված 13. |
Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու համայնքի ավագանու առաջարկությունը |
Համայնքի ավագանին իր անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը:
Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունն ընդունվում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նշված որոշումն անհապաղ ուղարկվում է մարզպետին:
Մարզպետը եռօրյա ժամկետում պաշտոնանկ անելու մասին առաջարկությունը ներկայացնում է կառավարություն` կցելով իր կարծիքը:
Կառավարությունում առաջարկության քննարկմանը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել ավագանու ներկայացուցիչը և համայնքի ղեկավարը:
Համայնքի ավագանին համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը կարող է քննարկել համայնքի ղեկավարի պաշտոնավարությունը սկսելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո և ոչ ավելի, քան տարին մեկ անգամ:
Հոդված 14. |
Համայնքի ավագանու անդամի` այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը |
Համայնքի ավագանու անդամը չի կարող`
1) աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում կամ մարզպետարանում, համայնքային կամ մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավար.
2) լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ.
3) աշխատել իրավապահ մարմիններում, ծառայել զինված ուժերում:
Հոդված 15. |
Համայնքի ավագանու անդամի իրավունքները |
Համայնքի ավագանու անդամն իրավունք ունի`
1) առաջարկություններ ներկայացնել ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.
2) նախապատրաստել և ավագանու քննարկմանը ներկայացնել հարցեր, որոշումների և ուղերձների նախագծեր.
3) համայնքի ղեկավարից պահանջել և ստանալ նրա գործունեության վերաբերյալ պաշտոնեական տեղեկանքներ:
Հոդված 16. |
Համայնքի ավագանու անդամի պարտականությունները |
Համայնքի ավագանու անդամը պարտավոր է`
1) մասնակցել ավագանու նիստերին.
2) պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին.
3) մասնակցել քաղաքացիների` ավագանու կողմից անցկացվելիք ընդունելություններին:
Հոդված 17. |
Համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը |
Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`
1) նա հրաժարական է տվել.
2) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
i
3) նրա նկատմամբ օրինական ուժի մեջ է մտել դատարանի մեղադրական դատավճիռը.
4) նա զորակոչվել կամ ծառայության է անցել զինված ուժերում.
5) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մեռած է ճանաչվել.
6) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.
7) նա մահացել է:
Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումն արձանագրվում է ավագանու կողմից:
Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու կողմից, եթե նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի քվեարկությունների կեսից:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
Հոդված 18. |
Համայնքի ղեկավարի աշխատակազմի ձևավորումը |
Համայնքի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է աշխատակազմի, համայնքային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների միջոցով:
Համայնքի ղեկավարն իր պաշտոնը ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում իր աշխատակազմի կառուցվածքը:
Համայնքի ղեկավարի աշխատակազմն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:
Համայնքի ղեկավարի աշխատակազմի մեջ մտնում են համայնքի ղեկավարի տեղակալը, աշխատակազմի քարտուղարը և բաժինները:
i
Համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, համայնքի բնակիչների թվին համապատասխան, սահմանում է կառավարությունը` Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված կարգով:
Հոդված 19. |
Համայնքի ղեկավարի տեղակալը |
Համայնքի ղեկավարի տեղակալն իրականացնում է կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, իսկ համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ փոխարինում է նրան:
Համայնքի ղեկավարի տեղակալը կարող է համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնել այլ լիազորություններ:
Հոդված 20. |
Աշխատակազմի քարտուղարը |
Աշխատակազմի քարտուղարը կազմակերպում է`
1) համայնքի ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և արձանագրության ստորագրումն ավագանու անդամների կողմից.
2) աշխատակազմի գործավարությունը, նամակագրությունը և արխիվային գործը.
3) համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների, պաշտոնեական այլ փաստաթղթերի նախապատրաստումը և հրապարակումը.
4) համայնքի ղեկավարի և ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը, նրանց առաջարկությունների, դիմումների ու գանգատների քննարկումը և ընթացքը.
5) համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատանքային կարգապահության վերահսկողությունը.
6) համայնքի ավագանու ընդունած որոշումների առաքումը համապատասխան մարզպետարան:
Աշխատակազմի քարտուղարն իրականացնում է կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 21. |
Համայնքի ղեկավարի պաշտոնի անհամատեղելիությունը |
Համայնքի ղեկավարը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի ստեղծագործական, գիտական և մանկավարժական աշխատանքից:
i
Հոդված 22. |
Համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը |
Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է կառավարությունը, եթե`
1) նա հրաժարական է տվել.
i
2) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
i
3) նրա նկատմամբ օրինական ուժի մեջ է մտել դատարանի մեղադրական դատավճիռը.
i
4) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մեռած է ճանաչվել.
5) նա խախտել է սույն օրենքի 21 հոդվածի պայմանները.
6) նա մահացել է:
i
Համայնքի ղեկավարը մարզպետի կամ ավագանու նախաձեռնությամբ` մարզպետի ներկայացմամբ կարող է պաշտոնանկ արվել կառավարության կողմից:
Մարզպետի համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը ներկայացնում է կառավարություն, միաժամանակ դրա պատճենն ուղարկում համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը պատճենը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում գումարում է համայնքի ավագանու արտահերթ նիստ: Համայնքի ավագանին իր նիստում քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին մարզպետի առաջարկությունը և ընդունում որոշում, որը ներկայացնում է կառավարություն: Վերջինս սահմանված կարգով քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու` մարզպետի առաջարկությունը:
i
Կառավարությունը համայնքի ղեկավարին կարող է սահմանված կարգով պաշտոնանկ անել միայն համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարելու, ինչպես նաև պետության կողմից պատվիրակված լիազորությունները անբավարար կատարելու համար:
/փոփ. 24.06.97 օրենք/
Հոդված 23. |
Համայնքի ղեկավարի վարձատրությունը |
Համայնքի ղեկավարի աշխատավարձը սահմանվում է սույն օրենքին համապատասխան:
Համայնքի ղեկավարի աշխատավարձը սահմանվում է մարզպետի աշխատավարձի հետևյալ տոկոսաչափերով`
1) մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 40 տոկոսը.
2) 1001-ից մինչև 5000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 50 տոկոսը.
3) 5001-ից մինչև 20000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 60 տոկոսը.
4) 20001-ից մինչև 75000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 75 տոկոսը.
5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար մինչև 85 տոկոսը:
Հոդված 24. |
Համայնքի ղեկավարի աշխատակազմի վարձատրությունը |
Համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատավարձի հիմնադրամը սահմանվում է համայնքի բյուջեով, իսկ աշխատակազմի աշխատանքների վարձատրության չափը սահմանում է համայնքի ղեկավարը, բայց ոչ ավելի, քան տվյալ համայնքի ղեկավարի աշխատավարձի 80 տոկոսը:
i
ԳԼՈՒԽ 4
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 25. |
Համայնքի ղեկավարի իրավասությունը |
Համայնքի ղեկավարը`
1) կազմավորում է իր աշխատակազմը և հաստատում նրա կանոնադրությունը.
2) սահմանում է աշխատակազմի աշխատակիցների հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը.
3) նշանակում և ազատում է համայնքի ղեկավարի տեղակալին, աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և աշխատողներին, համայնքային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներին.
4) ավագանու քննարկմանն է ներկայացնում տարեկան բյուջեի նախագիծը.
5) իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ և արձակում կարգադրություններ.
6) կատարում է համապատասխան մարզպետի կարգադրությունները քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների, ինչպես նաև տեխնոլոգիական և տարերային աղետների վտանգների նվազեցման ու հետևանքների վերացման հետ կապված աշխատանքների կազմակերպման վերաբերյալ.
i
6.1) համայնքի ավագանուն առաջարկություն է ներկայացնում տեղական հանրաքվե նշանակելու մասին.
7) իրականացնում է Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Համայնքի ղեկավարը պետական ձեռնարկության կամ կազմակերպության ղեկավարի` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ կարող է գրավոր, փաստարկված առաջարկություն ներկայացնել համապատասխան վերադաս մարմնին: Համապատասխան վերադաս մարմինը համայնքի ղեկավարի մասնակցությամբ մեկամսյա ժամկետում քննության է առնում առաջարկությունը և դրա վերաբերյալ կայացնում որոշում:
(25-րդ հոդվածը լրաց. 06.02.02 ՀՕ-300 օրենք)
Հոդված 26. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը ֆինանսների բնագավառում |
Ֆինանսների բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները`
1) սահմանված կարգով կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը.
2) տնօրինում է համայնքի բյուջեի միջոցները, ապահովում դրանց նպատակային օգտագործումը.
3) առաջարկություններ է ներկայացնում ավագանուն` տեղական տուրքեր և վճարներ սահմանելու վերաբերյալ.
4) ստորագրում է ֆինանսական փաստաթղթերը:
i
Հոդված 27. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության բնագավառում |
Քաղաքացիների իրավունքների պաշտպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները`
1) իր իրավասության շրջանակում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու համայնքի բնակիչների իրավունքները և օրինական շահերը.
2) ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.
i
3) կատարում է քաղաքացիների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է առնում քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու գանգատները և ձեռնարկում միջոցներ.
i
4) օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է հանրահավաքներ, երթեր, ցույցեր և զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու համար թույլտվություն տալու հարցը (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը).
5) համայնքի արխիվից տրամադրում է փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ:
Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները`
1) միջոցներ է ձեռնարկում տեխնոլոգիական և տարերային աղետները կանխելու և դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ.
2) օրենքով սահմանված կարգով կազմում է ընտրողների ցուցակները.
i
3) օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է որդեգրման, խնամակալության և հոգաբարձության հարցերը:
(լրաց. 27.12.97 թիվ ՀՕ-184 օրենք)
Հոդված 28. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը հասարակական կարգի պահպանության բնագավառում |
Հասարակական կարգի պահպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները`
1) սույն օրենքով իրեն վերապահված պարտադիր լիազորությունների պատշաճ իրականացման համար համայնքի տարածքում գործող հասարակական պահպանության մարմիններից կարող է պահանջել համապատասխան աջակցություն: Այդ պահանջն օրենսդրության սահմաններում ենթակա է պարտադիր կատարման.
2) իրավասու մարմինների ներկայացմամբ հաստատում է համայնքի տարածքի ճանապարհային երթևեկության նշանների տեղաբաշխումը.
3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ենթարկում է վարչական պատասխանատվության:
i
Հոդված 29. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը պաշտպանության բնագավառում |
Պաշտպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները`
1) աջակցում է զորակոչին, զորահավաքներին, ուսումնավարժական հավաքներին.
i
2) աջակցում է քաղաքացիական պաշտպանության մարմինների գործունեությանը:
Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները`
1) միջոցներ է ձեռնարկում զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման ուղղությամբ, աջակցում զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծմանը.
2) աջակցում է բնակչության, հատկապես երիտասարդության, ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
i
Հոդված 30. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը հատակագծման, կառուցապատման, շինարարության և հողօգտագործման բնագավառում |
Հատակագծման, կառուցապատման, շինարարության և հողօգտագործման բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները`
1) սահմանված կարգով կազմում է համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագիծը և հողերի օգտագործման սխեման և դրանք համայնքի ավագանու կողմից հավանության արժանանալուց հետո ներկայացնում է մարզպետին (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը).
2) համայնքի գլխավոր քաղաքաշինական հատակագծին համապատասխան հաստատում է համայնքի առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների մանրամասն հատակագծման նախագծերը և իրականացնում կառուցապատման աշխատանքները (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը).
3) անվանում և վերանվանում է համայնքի փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ ձեռնարկություններն ու կազմակերպությունները (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը).
4) սահմանում է տների, շենքերի և այլ շինությունների համարակալումը (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը).
5) համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան հատկացնում, հետ է վերցնում և վարձակալության է տրամադրում համայնքի սեփականություն համարվող հողերը.
6) տալիս է համայնքի տարածքում շինարարության, շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ (ներառյալ` ժամանակավոր) օբյեկտների վերականգնման, վերակառուցման, արդիականացման (բացառությամբ ներքին ընթացիկ վերանորոգման և հարդարման) և արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ սկսելու թույլտվություն.
7) տալիս է համայնքի տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման աշխատանքները սկսելու թույլտվություն.
i
8) համայնքային կանոններին (Երևանում` համաքաղաքային կանոններին) համապատասխան տալիս է համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:
Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները`
1) աջակցում է անշարժ գույքի կադաստրի վարմանը.
i
2) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան հատկացնում, հետ է վերցնում և վարձակալության է տրամադրում համայնքի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերը (սույն լիազորությունը, բացառությամբ մինչև 20 քառակուսի մետր տարածք զբաղեցնող ժամանակավոր շինությունների համար վարձակալության տալու դեպքերի, չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը):
Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունը`
1) իրականացնում է բնակարանային և սոցիալական նշանակության այլ օբյեկտների շինարարությունը:
(փոփ. 27.12.97 թիվ ՀՕ-184 օրենք)
i
Հոդված 31. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը կոմունալ տնտեսության և բարեկարգման բնագավառում |
Կոմունալ տնտեսության և բարեկարգման բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները`
i
1) ղեկավարում է համայնքի կոմունալ տնտեսությունը, ապահովում է համայնքի սեփականություն հանդիսացող բնակելի տների, և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների, վարչական շենքերի և մյուս շինությունների շահագործումը, կազմակերպում է դրանց հիմնական և ընթացիկ նորոգումը, հաշվառումը և բաշխումը.
2) ղեկավարում է համայնքային ենթակայության ջրմուղի, կոյուղու, ոռոգման, գազի ու ջեռուցման ցանցերի և այլ կառուցվածքների շահագործումը.
3) կազմակերպում է համայնքի բնակավայրերի բարեկարգումը և կանաչապատումը.
4) կազմակերպում է աղբահանությունը.
5) կազմակերպում է սանիտարական մաքրման կայանքների շինարարությունը, վերանորոգումը և շահագործումը (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը).
6) ապահովում է գերեզմանների պատշաճ պահպանությունը (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը).
7) վերահսկում է համատիրության գործունեության համապատասխանությունն օրենսդրությանը և համատիրության կանոնադրությանը.
i
8) նախապատրաստում և անցկացնում է համատիրության հիմնադիր ժողովը, աջակցում է համատիրությունների ընդհանուր ժողովների անցկացմանը:
Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունը`
1) կազմակերպում է հանգստի վայրերի խնամքը և պահպանությունը:
i
Հոդված 32. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը տրանսպորտի բնագավառում |
Տրանսպորտի բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները`
i
1) կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, կամուրջների և ինժեներական այլ կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը.
2) կանոնակարգում է հասարակական տրանսպորտի աշխատանքը համայնքում, կազմակերպում է համայնքային ենթակայության տրանսպորտային ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունը (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը).
i
3) տալիս է համայնքի տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվություն (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը):
(լրաց. 27.12.97 թիվ ՀՕ-184 օրենք)
i
Հոդված 33. |
Համայնքի ղեկավարի գործունեությունն առևտրի և սպասարկման բնագավառում |
Առևտրի և սպասարկման բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները`
i
1) օրենսդրությանը համապատասխան, համայնքի, ավագանու համաձայնությամբ, սահմանում է առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության համայնքային կանոնները (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը).
2) համայնքի տարածքում առևտրի համայնքային կանոններին (Երևանում` համաքաղաքային կանոններին) համապատասխան տալիս է ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն.
3) տալիս է համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու (բացառությամբ շուկաներում, տոնավաճառներում, հիմնական և ոչ հիմնական շինություններում վաճառքի) թույլտվություն.
4) համայնքի տարածքում հասարակական սննդի և սպասարկման գործունեության համայնքային կանոններին (Երևանում` համաքաղաքային կանոններին) համապատասխան տալիս է խաղատներին, բաղնիքներին (սաունաներին), հանրային սննդի, զվարճանքի, շահումներով խաղեր կազմակերպող օբյեկտներին` ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն:
(փոփ. 27.12.97 թիվ ՀՕ-184 օրենք)
Հոդված 34. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը կրթության և մշակույթի բնագավառում |
Կրթության և մշակույթի բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները`
1) կազմակերպում է համայնքային ենթակայության մասնագիտացված դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեությունը, դրանց կառուցման, շահագործման և նորոգման աշխատանքները:
Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները`
1) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումներ.
2) աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը:
Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունը`
1) աջակցում է ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը:
Հոդված 35. |
Համայնքի ղեկավարի գործունեությունն առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում |
Առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համայնքի, ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը`
1) կազմակերպում է համայնքային ենթակայության առողջապահական և մարզական ձեռնարկությունների ու կազմակերպությունների աշխատանքը:
Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունը`
1) աջակցում է առողջապահության մարմինների` սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը:
Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները`
1) աջակցում է շրջակա միջավայրի առողջացմանը և սանիտարական պահպանությանը.
2) նպաստում է համայնքում` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, իրականացնում է սպորտային հրապարակների և մարզական այլ կառույցների շինարարություն, ստեղծում է հանգստի գոտիներ:
i
Հոդված 36. |
Համայնքի ղեկավարի գործունեությունն աշխատանքի և սոցիալական ծառայության բնագավառում |
Աշխատանքի և սոցիալական ծառայության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները`
1) նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, կազմակերպում վճարովի հասարակական աշխատանքներ.
2) միջոցներ է ձեռնարկում հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
i
Հոդված 37. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը գյուղատնտեսության բնագավառում |
Գյուղատնտեսական բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները`
1) իրականացնում է համայնքային նշանակության ոռոգման ցանցերի կառուցումը, վերանորոգումը և շահագործումը.
2) համաքաղաքային կանոններին համապատասխան տալիս է Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն:
Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները`
1) աջակցում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքներին.
2) աջակցում է համայնքի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման, կենդանիների հիվանդությունների կանխման և ագրարային այլ կանոնների պահպանման աշխատանքներին.
3) աջակցում է տոհմային սերմաբուծական աշխատանքներին.
4) աջակցում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ագրարային ոլորտում արտադրության կազմակերպմանը և զարգացմանը:
Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունը`
1) աջակցում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը:
(փոփ. 27.12.97 թիվ ՀՕ-184 օրենք)
i
Հոդված 38. |
Համայնքի ղեկավարի գործունեությունը բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում |
Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունը`
1) աջակցում է ընդերքի, անտառային, ջրային և օդային տարածքի, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհի օգտագործման ու պահպանման միջոցառումների իրականացմանը:
-------------------------------------------------
հեղինակների կողմից - 39-59 հոդվածները տես հաջորդ մասում