Սեղմել Esc փակելու համար:
Ե՞ՐԲ Է ՆՈՐԻՑ ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ե՞ՐԲ Է ՆՈՐԻՑ ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

 դատարանի որոշում                           թիվ ԵԷԴ/2089/02/15

 Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/2089/02/15       2023 թ.

Նախագահող դատավոր`

Դատավորներ` Ն. Մարգարյան

Դ. Սերոբյան

Լ. Հովհաննիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Գ. Հակոբյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի նոյեմբերի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սմբատ և Վահան Մինասյանների ու Գայանե Վարդանյանի (այսուհետ` Համապատասխանողներ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2022 թվականի որոշման դեմ` ըստ Վարդան Ասատրյանի հայցի ընդդեմ Համապատասխանողների` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարդան Ասատրյանը պահանջել է Համապատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պարտքի հիմնական գումար, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 21.05.2009 թվականից մինչև պարտավորության դադարման օրը:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2016 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը «կարճվել է` նույն անձանց միջև, միևնույն հիմքերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության հիմքով»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Հ. Ենոքյան, դատավորներ` Ս. Միքայելյան, Ա. Սմբատյան) 26.04.2017 թվականի որոշմամբ Վարդան Ասատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.12.2017 թվականի որոշմամբ Վարդան Ասատրյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է, ու ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.04.2017 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան, դատավորներ` Ա. Մկրտչյան, Ա. Սմբատյան) 04.06.2018 թվականի որոշմամբ Վարդան Ասատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2016 թվականի վճիռը բեկանվել է, ու գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.08.2018 թվականի որոշմամբ Համապատասխանողների բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, ու սահմանվել է հնգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից վճռաբեկ բողոքի ձևական սխալները շտկելու ու վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.10.2018 թվականի որոշմամբ Համապատասխանողների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Գործի նոր քննության ժամանակ Համապատասխանողները միջնորդություն են ներկայացրել Դատարան` խնդրելով կիրառել հայցային վաղեմություն:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.03.2019 թվականի «Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը մերժելու և քաղաքացիական գործի քննությունը վերսկսելու մասին» որոշմամբ Համապատասխանողների միջնորդությունը մերժվել է:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 30.12.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.07.2022 թվականի որոշմամբ Համապատասխանողների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.12.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք են ներկայացրել Համապատասխանողները (ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-333-րդ, 335-րդ, 337-րդ և 340-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցային վաղեմության ժամկետը սկսել է հոսել 20.05.2009 թվականից, հայցային վաղեմության երեք տարին լրացել է առնվազն 21.05.2012 թվականին, իսկ օրենքով սահմանված կարգով հայցը հարուցվել է 25.05.2012 թվականին, ինչը նշանակում է, որ սույն քաղաքացիական գործով հայցային վաղեմության ժամկետը հայց ներկայացնելով չի ընդհատվել: Վերաքննիչ դատարանը նշված հանգամանքին որևէ անդրադարձ չի կատարել, այն դեպքում, երբ նշված իրավական հիմնավորման պայմաններում սույն քաղաքացիական գործով պետք է կիրառվեր հայցային վաղեմություն և ներկայացված հայցը մերժվեր ամբողջությամբ: Սահմանված կարգով հայց հարուցելով և պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, սակայն ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է նորից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 29.07.2022 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 20.05.2008 թվականին Նորիկ Տեր-Գրիգորյանի (մի կողմից) և Սմբատ ու Վահան Մինասյանների, Գայանե Վարդանյանի (մյուս կողմից) միջև կնքվել է փոխառության պայմանագիր, որի համաձայն` Նորիկ Տեր-Գրիգորյանը Սմբատ և Վահան Մինասյաններին ու Գայանե Վարդանյանին է հանձնել 100.000 ԱՄՆ դոլար, որը վերջիններս պարտավորվել են Նորիկ Տեր-Գրիգորյանին վերադարձնել 20.05.2009 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 9).

2) վերը նշված փոխառության գումարից 75.000 ԱՄՆ դոլարը Համապատասխանողները Նորիկ Տեր-Գրիգորյանին վերադարձրել են մինչև վերջինիս կողմից ստորև նշված հայցադիմումը դատարան ներկայացնելը (հայցվոր Վարդան Ասատրյանի կողմից վկայակոչված անվիճելի փաստ).

3) 18.05.2012 թվականին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Նորիկ Տեր-Գրիգորյանի հայցն ընդդեմ Սմբատ Մինասյանի, Գայանե Վարդանյանի ու Վահան Մինասյանի` համապարտության կարգով 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և կետանցի օրվանից` 21.05.2009 թվականից սկսած յուրաքանչյուր օրվա համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին (հիմք` «www.datalex.am» տեղեկատվական համակարգը, քաղաքացիական գործ` թիվ ԵԷԴ/0609/02/12, հատոր 1-ին, գ.թ. 112, 113).

4) Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.05.2012 թվականի որոշմամբ Նորիկ Տեր-Գրիգորյանի միջնորդությունը` պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին, մերժվել է ու հայցադիմումը վերադարձվել է: Նորիկ Տեր-Գրիգորյանը սահմանված ժամկետում կրկին հայցադիմումը ներկայացրել է դատարան` արդեն վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը (հիմք` «www.datalex.am» տեղեկատվական համակարգը, հատոր 1-ին, գ.թ. 112, 113).

5) Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2012 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, գործը նշանակվել է դատական քննության 28.06.2012 թվականին (գործի քննությունը չի իրականացվել դատաքննության նախապատրաստական փուլով) (հիմք` «www.datalex.am» տեղեկատվական համակարգը, հատոր 1-ին, գ.թ. 112, 113).

6) Թիվ ԵԷԴ/0609/02/12 քաղաքացիական գործի քննության ժամանակ (կոնկրետ օրը հայտնի չէ) համապատասխանողները վերադարձրել են ևս 10.000 ԱՄՆ դոլար, որից հետո` 27.06.2012 թվականին, Նորիկ Տեր-Գրիգորյանը դիմում է ներկայացրել դատարան` հայցից հրաժարվելու մասին (հիմք` «www.datalex.am» տեղեկատվական համակարգը, հատոր 1-ին, գ.թ. 112, 113).

7) 04.07.2012 թվականին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել հայցից հրաժարվելու հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 112, 113).

8) 02.06.2015 թվականին Նորիկ Տեր-Գրիգորյանի և Վարդան Ասատրյանի միջև կնքվել է պահանջի իրավունքը զիջելու մասին (ցեսիա) պայմանագիր, որի համաձայն` Նորիկ Տեր-Գրիգորյանը Վարդան Ասատրյանին է զիջել Սմբատ և Վահան Մինասյանների ու Գայանե Վարդանյանի հետ 20.05.2008 թվականին կնքված փոխառության պայմանագրով 15.000 ԱՄՆ դոլարի չափով մնացած պարտքի նկատմամբ պահանջի իրավունքը` նույն ծավալներով ու պայմաններով (հատոր 1-ին, գ.թ. 11, 12).

9) Վարդան Ասատրյանի կողմից սույն գործով ներկայացված հայցադիմումը դատարանում ստացվել է 29.06.2015 թվականին (հիմք` հատոր 1-ին, գ.թ. 2-ում առկա էլեկտրոնային մակագրության թերթիկը).

10) Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.06.2015 թվականի որոշմամբ Վարդան Ասատրյանի հայցադիմումը վերադարձվել է` պետական տուրքի գումարը պակաս վճարված լինելու հիմքով: Վարդան Ասատրյանը սահմանված ժամկետում կրկին հայցադիմումը ներկայացրել է դատարան` արդեն վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը, որը 20.07.2015 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ` այն համարվելով դատարանում ընդունված սկզբնական ներկայացնելու օրը: Գործը «դատաքննության» է նշանակվել 27.08.2015 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 1, 21-38):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ և 340-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին.

 

ե՞րբ է նորից սկսվում հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սահմանված կարգով հայցը հարուցելու փաստի ուժով այն ընդհատվելուց հետո, այն դեպքում, երբ հայցվորը հրաժարվել է հայցից և գործի վարույթն այդ հիմքով կարճվել է` միաժամանակ վերահաստատելով հայցային վաղեմության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 338-րդ հոդվածի համաձայն` պարտավորության մեջ անձանց փոփոխվելը չի հանգեցնում հայցային վաղեմության ժամկետի և դրա հաշվարկման կարգի փոփոխման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում: Մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված կանոնների համաձայն մեկնաբանելով վերը նշված նորմերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հայցային վաղեմություն է համարում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը, որի ընդհանուր ժամկետը, ի տարբերություն հատուկ ժամկետների, երեք տարի է: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքը, որպես կանոն, սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, իսկ այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ` դրանց համար հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր կողմից նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, օրինակ, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

Միևնույն ժամանակ օրենսդիրը համապատասխան իրավակարգավորումներ է նախատեսել` կապված հայցային վաղեմության ժամկետները կասեցվելու և դրա ընթացքն ընդհատվելու հետ: Վերջինիս առումով օրենսդիրը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է բացառապես երկու դեպքում` երբ սահմանված կարգով հայց է հարուցվում կամ պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ են կատարվում, որոնցից յուրաքանչյուրի դեպքում ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է նորից, և մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ օրենսդիրը, խախտված իրավունքների պաշտպանության համար հայցային վաղեմության ժամկետներ նախատեսելով, միաժամանակ սահմանել է այդ ժամկետների ընդհատման ու կասեցման կարգը և հիմքերը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ և 340-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար անհրաժեշտ է հայցը սահմանված կարգով (օրենքով սահմանված կարգով) հարուցած լինելու հանգամանքի առկայությունը, այսինքն` երբ հայցը հարուցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան և ընդունվել է դատարանի կողմից: Հայցային վաղեմության ընթացքի ընդհատման յուրահատկությունը կայանում է նրանում, որ օրենքով մատնանշված հիմքերի առկայության դեպքում հայցային վաղեմության արդեն իսկ անցած ժամանակահատվածն այլևս հաշվի չի առնվում և հայցային վաղեմության ժամկետը սկսում է հոսել վերստին (տե՛ս «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն ընդդեմ Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի թիվ ԵԿԴ/0526/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում օրենսդիրը սահմանափակվել է ընդամենը նշում կատարելով այն մասին, որ ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է նորից` որոշակիորեն չկոնկրետացնելով, թե սահմանված կարգով հայց հարուցելուց կամ պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ կատարելուց հետո ե՞րբ է նորից սկսվում հայցային վաղեմության ժամկետի ընթացքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմք ընդունելով ժամկետների վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումները` պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություն կատարելու բոլոր դեպքերում հայցային վաղեմության ժամկետն ընդհատվելիս այն պետք է նորից սկսվի այդ ժամկետի ընդհատման հաջորդ օրվանից:

Ինչ վերաբերում է սահմանված կարգով հայց հարուցելու դեպքում հայցային վաղեմության ժամկետների ընթացքը նորից սկսվելու առումով կոնկրետ օրը որոշելու հետ կապված հարցին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրա անհրաժեշտությունը, բացառությամբ` հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքերի, բացակայում է այնքանով, որքանով հայցը բավարարվելու դեպքում, ըստ էության, դատական կարգով վերացվում է անձի խախտված իրավունքը, որը պաշտպանելու անհրաժեշտությունն այլևս վերանում է, իսկ հայցը մերժվելու դեպքում նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ արդեն առկա է լինում դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, որն արգելք է հանդիսանալու իրավունքը խախտված անձի կողմից կրկին նույն հայցը դատարան ներկայացնելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առանձին ուշադրության է ենթակա հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում հայցային վաղեմության ժամկետների ընթացքը նորից սկսվելու հետ կապված համապատասխան օրը որոշելու իրավական հարցը, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով առանձնահատուկ կարգավորված չէ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 334-րդ հոդվածի համաձայն` այն չի կարող կարգավորվել նաև պայմանագրի կողմերի համաձայնությամբ, որպիսի հանգամանքից ելնելով` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, թե հայցից հրաժարվելու դեպքում վերստին ո՞ր օրվանից է սկսում հոսել հայցային վաղեմության ժամկետը` դրա ընդհատման հաջո՞րդ օրվանից, թե՞ հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճելու մասին եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից:

Հիմք ընդունելով վերը նշված իրավական նորմերը և դրանց վերաբերյալ վերլուծությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում հայցային վաղեմության ժամկետների ընթացքը նորից սկսվելու հետ կապված հարցերը լուծելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հայցից հրաժարումը գործին մասնակցող անձի կողմից իր դատավարական իրավունքների իրականացման եղանակ է, երբ վերջինս, օգտվելով տնօրինչականության սկզբունքից, սեփական հայեցողությամբ տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները: Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման բոլոր դրսևորումների դեպքում գործին մասնակցող անձն ինքը պետք է կրի դրա արդյունքում առաջացող բոլոր դրական և բացասական հետևանքների ռիսկը, որպիսի դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճելիս հայցային վաղեմության ժամկետը պետք է նորից սկսի դրա ընդհատման` սահմանված կարգով հայցը հարուցելու հաջորդ օրվանից:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` 20.05.2008 թվականին Նորիկ Տեր-Գրիգորյանի (մի կողմից) և Սմբատ ու Վահան Մինասյանների, Գայանե Վարդանյանի (մյուս կողմից) միջև կնքվել է փոխառության պայմանագիր, որի համաձայն` Նորիկ Տեր-Գրիգորյանը Սմբատ ու Վահան Մինասյաններին, Գայանե Վարդանյանին է հանձնել 100.000 ԱՄՆ դոլար, որը վերջիններս պարտավորվել են Նորիկ Տեր-Գրիգորյանին վերադարձնել 20.05.2009 թվականին: Նշված փոխառության գումարից Համապատասխանողները Նորիկ Տեր-Գրիգորյանին վերադարձրել են 75.000 ԱՄՆ դոլար` պարտք մնալով մնացած 25.000 ԱՄՆ դոլարը:

Դրանից հետո` 18.05.2012 թվականին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Նորիկ Տեր-Գրիգորյանի հայցն ընդդեմ Սմբատ Մինասյանի, Գայանե Վարդանյանի ու Վահան Մինասյանի` մնացած 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը և կետանցի օրվանից` 21.05.2009 թվականից սկսած յուրաքանչյուր օրվա համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տոկոսները համապարտության կարգով բռնագանձելու պահանջի մասին (քաղաքացիական գործ` թիվ ԵԷԴ/0609/02/12):

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.05.2012 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդությունը մերժվելու հիմքով: Դրանից հետո Նորիկ Տեր-Գրիգորյանը սահմանված ժամկետում կրկին հայցադիմումը ներկայացրել է դատարան` արդեն վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը, որի պայմաններում նշված հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ:

Վերը նշված հայցի հիման վրա հարուցված թիվ ԵԷԴ/0609/02/12 գործը նշանակվել է քննության: Այդ գործի քննության ընթացքում (կոնկրետ օրը սույն գործով հնարավոր չի եղել պարզել Վճռաբեկ դատարանում` համապատասխան ապացույցի բացակայության պատճառաբանությամբ) համապատասխանողները վերադարձրել են ևս 10.000 ԱՄՆ դոլար, ու դրանից հետո` 27.06.2012 թվականին, Նորիկ Տեր-Գրիգորյանը դիմում է ներկայացրել դատարան` հայցից հրաժարվելու մասին:

04.07.2012 թվականին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել հայցից հրաժարվելու հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին:

Այնուհետև` 02.06.2015 թվականին, Նորիկ Տեր-Գրիգորյանի և Վարդան Ասատրյանի միջև կնքվել է պահանջի իրավունքը զիջելու մասին (ցեսիա) պայմանագիր, որի համաձայն` Նորիկ Տեր-Գրիգորյանը Վարդան Ասատրյանին է զիջել Սմբատ ու Վահան Մինասյանների և Գայանե Վարդանյանի հետ 20.05.2008 թվականին կնքված փոխառության պայմանագրով 15.000 ԱՄՆ դոլարի չափով մնացած պարտքի նկատմամբ պահանջի իրավունքը` նույն ծավալներով ու պայմաններով:

Վարդան Ասատրյանի կողմից սույն գործով ներկայացված հայցադիմումը դատարանում ստացվել է 29.06.2015 թվականին, որը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.06.2015 թվականի որոշմամբ վերադարձվել է` պետական տուրքի գումարը պակաս վճարված լինելու հիմքով: Վարդան Ասատրյանը սահմանված ժամկետում կրկին հայցադիմումը ներկայացրել է դատարան` արդեն վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը, որպիսի հանգամանքից ելնելով` դատարանը 20.07.2015 թվականին որոշում է կայացրել Վարդան Ասատրյանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին` այն համարելով դատարանում ընդունված սկզբնական ներկայացնելու օրը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.03.2019 թվականի «Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը մերժելու և քաղաքացիական գործի քննությունը վերսկսելու մասին» որոշմամբ Համապատասխանողների միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Նորիկ Տեր-Գրիգորյանի կողմից դատարան հայց ներկայացնելու արդյունքում հայցային վաղեմության ժամկետն ընդհատվել է և այն սկսել է հոսել 20.05.2008 թվականից, Նորիկ Տեր-Գրիգորյանը հայցից հրաժարվել է 27.06.2012 թվականին, իսկ գործի վարույթը կարճվել է 04.07.2012 թվականին, ուստի Վարդան Ասատրյանը փոխառությամբ տրված գումարը կարող էր պահանջել մինչև 27.06.2015 թվականը:

Դատարանի 30.12.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ դատարանի 29.07.2022 թվականի որոշմամբ Համապատասխանողների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 30.12.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ նաև այն պատճառաբանություններով, որ «թիվ ԵԷԴ/0609/02/12 քաղաքացիական գործով օրենքով սահմանված կարգով հայցը հարուցվել է 25.05.2012 թվականին` պայմանավորելով հայցային վաղեմության ընթացքի ընդհատումը, այնուհետև հայցային վաղեմության ժամկետի հոսքը վերստին սկսել է հոսել հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճվելու մասին Դատարանի 04.07.2012 թվականի վճիռն օրինական ուժի մեջ մտնելով, որի պայմաններում հայցվորը, սույն գործով հայցը ներկայացնելով 22.06.2015 թվականին` հայցային վաղեմության ժամկետը բաց չի թողել»:

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:

Սույն գործի փաստերի վերլուծությունից բխում է, որ 20.05.2008 թվականին Նորիկ Տեր-Գրիգորյանի (մի կողմից) և Սմբատ ու Վահան Մինասյանների, Գայանե Վարդանյանի (մյուս կողմից) միջև կնքված փոխառության պայմանագրի համաձայն` դրանում նշված պարտավորության կատարման համար որոշված է եղել որոշակի ժամկետ, որի համաձայն` այդ պարտավորությունը պետք է կատարվեր 20.05.2009 թվականին:

Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը տվյալ դեպքում սկսվել է 21.05.2009 թվականից, երբ Նորիկ Տեր-Գրիգորյանն իմացել է իր իրավունքի խախտման` փոխառությամբ տրված գումարի մի մասը` 25.000 ԱՄՆ դոլարը, վերադարձված չլինելու մասին, որպիսի պայմաններում օրենքով սահմանված իրավունքի պաշտպանության երեք տարվա ժամանակահատվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ և 328-րդ հոդվածների համաձայն, պետք է լրանար 21.05.2012 թվականին, սակայն 18.05.2012 թվականին, այսինքն` օրենքով սահմանված իրավունքի պաշտպանության երեք տարվա ժամանակահատվածում, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Նորիկ Տեր-Գրիգորյանի հայցն ընդդեմ Սմբատ Մինասյանի, Գայանե Վարդանյանի ու Վահան Մինասյանի` մնացած 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը և կետանցի օրվանից` 21.05.2009 թվականից սկսած յուրաքանչյուր օրվա համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տոկոսները համապարտության կարգով բռնագանձելու պահանջի մասին:

Չնայած այն հանգամանքին, որ նշված հայցադիմումը ներկայացնելու փաստի ուժով հայցային վաղեմության ժամկետի ընթացքն այդ պահին չի ընդհատվել, քանի որ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.05.2012 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումը վերադարձվել է` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդությունը մերժվելու հիմքով, սակայն դրանից հետո Նորիկ Տեր-Գրիգորյանը սահմանված ժամկետում կրկին հայցադիմումը ներկայացրել է դատարան` արդեն վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը, որի պայմաններում նշված հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ, և հայցադիմումը դատարանում սկզբնական ներկայացնելու օրը` 18.05.2012 թվականին ընդունված համարվելու պայմաններում արդեն համարվում է, որ հայցադիմումն օրենքով սահմանված իրավունքի պաշտպանության երեք տարվա ժամանակահատվածում ներկայացված լինելու ուժով տեղի է ունեցել հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցային վաղեմության ժամկետը Նորիկ Տեր-Գրիգորյանի կողմից 18.05.2012 թվականին սահմանված կարգով հայց հարուցված լինելու հիմքով ընդհատված լինելու պայմաններում սկսվել է նորից` հայց հարուցելու հաջորդ օրվանից, այն է` 19.05.2012 թվականից, և պետք է ավարտվեր 19.05.2015 թվականին, այսինքն` մինչև Նորիկ Տեր-Գրիգորյանի իրավահաջորդ Վարդան Ասատրյանի կողմից սույն գործով հայցադիմումը Դատարան ներկայացնելը (հայցադիմումը Դատարան է ներկայացրել 29.06.2015 թվականին), սակայն 19.05.2012 թվականին նորից սկսվելու պայմաններում հայցային վաղեմության ժամկետը կրկին ընդհատվել է Սմբատ Մինասյանի, Գայանե Վարդանյանի և Վահան Մինասյանի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություն կատարելով, այն է` թիվ ԵԷԴ/0609/02/12 քաղաքացիական գործի քննության ընթացքում Նորիկ Տեր-Գրիգորյանին ևս 10.000 ԱՄՆ դոլար վերադարձնելու փաստի ուժով, որպիսի փաստն անվիճելի է: Ավելին` այդ կապակցությամբ Նորիկ Տեր-Գրիգորյանը 27.06.2012 թվականին դիմում է ներկայացրել դատարան` հայցից հրաժարվելու մասին: Հաջորդիվ, հայցային վաղեմության ժամկետը սկսվել է նորից` այդ գումարը վերադարձնելու հաջորդ օրվանից, որպիսի հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել են:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը վերստին սկսել է հոսել հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճվելու մասին Դատարանի 04.07.2012 թվականի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և բեկանված մասով գործը համապատասխան ստորադաս` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը` սահմանելով նոր քննության ծավալ:

Գործի նոր քննության ժամանակ անհրաժեշտ է, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումները, պարզել հետևյալ հարցերը`

1) հայցային վաղեմության ժամկետը Նորիկ Տեր-Գրիգորյանի կողմից 18.05.2012 թվականին սահմանված կարգով հայց հարուցված լինելու հիմքով ընդհատված լինելու պայմաններում 19.05.2012 թվականից նորից սկսված լինելու դեպքում ե՞րբ են Սմբատ Մինասյանը, Գայանե Վարդանյանը և Վահան Մինասյանը կատարել պարտքի ճանաչումը վկայող գործողությունը, այն է` թիվ ԵԷԴ/0609/02/12 քաղաքացիական գործի քննության ընթացքում Նորիկ Տեր-Գրիգորյանին վերադարձրել ևս 10.000 ԱՄՆ դոլար գումար,

2) հայցային վաղեմության ժամկետը պարտքի ճանաչումը վկայող վերը նշված գործողությունը կատարելու հաջորդ օրվանից նորից սկսվելու և Նորիկ Տեր-Գրիգորյանի իրավահաջորդ Վարդան Ասատրյանի կողմից սույն գործով հայցադիմումը Դատարան ներկայացնելու (այդ օրվա առումով) պայմաններում արդյո՞ք չի լրացել հայցային վաղեմության ժամկետը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ) կանոններին համապատասխան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` սույն (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` վերը նշված ծավալով նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող Գ. Հակոբյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=15481123719129947

 

pin
Վճռաբեկ դատարան
20.11.2023
N ԵԷԴ/2089/02/15
Որոշում