Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑ ...

 

 

020.0401.161202

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 դեկտեմբերի 2002 թվականի

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության արձանագրությունում, կից փաստաթղթերում և Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը (կից փաստաթղթերով), համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Առևտրի համաշխարհային կազմակերպությունն ստեղծվել է Եվրոպական համայնքների և այլ պետությունների միջև ՈՒրուգվայում ընթացած և 1994 թվականի ապրիլի 12-15-ը Մարաքեշում կայացած առևտրի բազմակողմ բանակցությունների արդյունքում ստորագրված` Առևտրի բազմակողմ բանակցությունների ՈՒրուգվայի փուլի արդյունքները պարփակող եզրափակիչ փաստաթղթի, վերջինիս բաղկացուցիչ մասը կազմող` Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման Մարաքեշի համաձայնագրի (այսուհետ` ԱՀԿ համաձայնագիր) հիման վրա, որն ուժի մեջ է մտել 1995 թվականի հունվարի 1-ից:

Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծմամբ, ինչպես այն ամրագրված է ՈՒրուգվայի բազմակողմ բանակցությունների արդյունքում 1994թ. ապրիլի 15-ին ընդունված Մարաքեշի հռչակագրում, նպատակ է հետապնդվել.

- հիմնել առավել ամրապնդված ու հստակ իրավական կառուցվածք` միջազգային առևտրի իրականացման և ազատականացման համար, ներառյալ` վեճերի կարգավորման ավելի արդյունավետ ու վստահելի ընթացակարգը,

- ստեղծել ծառայությունների առևտրի և առևտրին առնչվող մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության համար բազմակողմ կառույց,

- ապահովել մաքսադրույքների համաշխարհային իջեցում, ապրանքային շուկաների ստեղծման համաձայնագրերի, մաքսային պարտավորությունների շրջանակների առավել ընդլայնման կանխատեսելիություն ու ապահովվածություն:

Առանձնահատուկ կարևորված է տարբերակված և ավելի բարենպաստ մոտեցումը հատկապես զարգացող և առավել թույլ զարգացած տնտեսություններ ունեցող պետությունների նկատմամբ` ապահովելու համար վերջիններիս առևտրի և ներդրումների հնարավորությունների ընդլայնումը:

2. Հայաստանի Հանրապետությունն ԱՀԿ համաձայնագրին` վերջինիս 12-րդ հոդվածին համապատասխան, ուստի և` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (այսուհետ` ԱՀԿ), միացել է 2002 թվականի դեկտեմբերի 10-ին` Ժնևում ստորագրելով անդամակցության արձանագրությունը (այսուհետ` Անդամակցության արձանագրություն), որի 8-րդ կետի համաձայն այն ուժի մեջ է մտնում վավերացման ներպետական ընթացակարգերի ավարտման օրվանը հաջորդող երեսուներորդ օրը:

Հայաստանի Հանրապետությունն ԱՀԿ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել և անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ ծավալել 1992 թվականից:

Անդամակցության արձանագրության 2-րդ կետի համաձայն արձանագրությունը` ԱՀԿ-ին անդամակցության աշխատանքային խմբի զեկույցի (այսուհետ` Աշխատանքային խմբի զեկույց) 218-րդ կետում թվարկված` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններով, կազմում է ԱՀԿ համաձայնագրի անբաժան մասը:

Որպես Անդամակցության արձանագրության կից փաստաթղթեր` սահմանադրական դատարան ներկայացվել են. Աշխատանքային խմբի զեկույցը, վերջինիս հավելված`

- ապրանքների վերաբերյալ կոնցեսիաների և պարտավորությունների ժամանակացույցը,

- ծառայությունների ոլորտին վերաբերող որոշ պարտավորությունների աղյուսակը,

- համապատասխանության պարտադիր հավաստմանը ենթակա ապրանքների ցանկը,

- ներմուծվող` մաքսատուրքի «0» տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով չհարկվող ապրանքների ցանկը,

- լիցենզավորման ենթակա գործունեության ցանկը:

3. ԱՀԿ անդամակցության աշխատանքային խումբը` ԱՀԿ-ին անդամակցության գործընթացի կանոնակարգերին համապատասխան, ինչպես նախատեսված է ԱՀԿ համաձայնագրի 12-րդ հոդվածում, ԱՀԿ կառավարման մարմնի` Գլխավոր խորհրդի, քննարկմանը ներկայացրած իր զեկույցում փաստագրել է տնտեսական գործունեության տարբեր բնագավառներում իրավական կարգավորման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության ձեռնարկած առաջնահերթ այն միջոցառումները, որոնք ԱՀԿ-ում գործող կանոնակարգային պահանջներին համապատասխան անհրաժեշտ են այդ կազմակերպությանն անդամակցելու համար: Այդպիսի միջոցառումներ ձեռնարկվել են Հայաստանի Հանրապետության կողմից նախատեսված ժամանակացույցին համապատասխան, համաձայն որի` նպատակ է հետապնդվել կատարելագործել հատկապես մաքսային, հարկային, բանկային, սնանկացման, տնտեսական գործունեության կանոնակարգման և այդ գործունեության որոշ տեսակների արտոնագրման, հողային, հաշվեքննության, առևտրի, գնագոյացման, սեփականաշնորհման, քրեական և քաղաքացիական, գովազդային գործունեության, տնտեսական գործունեության դատական պաշտպանության և այլ բնագավառների օրենսդրությունը:

Այդ միջոցառումների իրականացման արդյունքում, ըստ Աշխատանքային խմբի զեկույցի, նպաստավոր պայմաններ են ստեղծվել շուկայական տնտեսության, ազատ տնտեսական մրցակցության և սեփականության բոլոր ձևերի հետագա զարգացման ու հավասար իրավական պաշտպանության, ինչպես նաև համաշխարհային տնտեսության միասնականացման գործընթացին Հայաստանի Հանրապետության ինտեգրման նպատակով փաստական և իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ:

4. ԱՀԿ համաձայնագիրը բաղկացած է թվով 28 միջազգային-իրավական փաստաթղթերից, որոնցից 24-ը (դրանցից 20-ը ներառված են Հավելված 1Ա-ում, իսկ 4-ը համապատասխանաբար` Հավելված 1Բ-ում, Հավելված 1Գ-ում, Հավելված 2-ում և Հավելված 3-ում) անվանվում են ապրանքների առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրեր և փոխկապակցված իրավական փաստաթղթեր (այսուհետ` Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրեր), իսկ 4-ը` առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրեր և փոխկապակցված իրավական փաստաթղթեր (այսուհետ` Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրեր), որոնք ներառված են ԱՀԿ համաձայնագրի Հավելված 4-ում:

ԱՀԿ համաձայնագրի 12 հոդվածի համաձայն ԱՀԿ համաձայնագրին անդամակցությունը տարածվում է ԱՀԿ համաձայնագրի և դրան կից Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի վրա: Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրերը պարտավորություններ և իրավունքներ չեն առաջացնում ԱՀԿ անդամների համար, որոնք չեն ընդունել դրանք:

Սահմանադրական դատարանի նիստում Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության համաձայն, Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրերին Հայաստանի Հանրապետությունն այս փուլում դեռևս չի միանում:

ԱՀԿ համաձայնագրով (2-րդ և 4-րդ հոդվածներ) որոշված են նաև այդ կազմակերպության գործառույթները և կառուցվածքը: 4-րդ հոդվածի համաձայն ԱՀԿ կառավարման բարձրագույն մարմինը կազմակերպության անդամների ներկայացուցիչներից կազմված Նախարարական համաժողովն է: ԱՀԿ անդամների ներկայացուցիչներից կազմված Գլխավոր խորհուրդը համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում իրականացնում է վերջինիս լիազորությունները, որոնք մանրամասնված են ԱՀԿ համաձայնագրում և Գլխավոր խորհրդի կողմից սահմանված ընթացակարգային կանոններում: Գլխավոր խորհրդի ղեկավարման ներքո, ԱՀԿ շրջանակներում, գործում են խորհուրդներ, որոնք իրականացնում են Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի կատարման ընթացքը: Այդ խորհուրդները, անհրաժեշտության դեպքում, կարող են ստեղծել օժանդակ մարմիններ: Մասնագիտացված ճյուղային հանձնախմբեր ստեղծում է նաև Նախարարական համաժողովը: Այդ հանձնախմբերի ընթացիկ գործունեությունը ղեկավարվում է ինչպես համաժողովի, այնպես էլ Գլխավոր խորհրդի կողմից: ԱՀԿ կազմում` առանձին համաձայնագրերի շրջանակներում, գործում են նաև այլ մարմիններ:

ԱՀԿ համաձայնագրով (6-րդ հոդված) որոշված են նաև ԱՀԿ քարտուղարության և վերջինիս ղեկավար` Գլխավոր տնօրենի, որպես ԱՀԿ կառավարման մարմինների, կարգավիճակը, որոնց գործառույթներն ու լիազորությունների շրջանակը սահմանվում են Նախարարական համաժողովի կողմից:

ԱՀԿ համաձայնագրում կարգավորված են ԱՀԿ ֆինանսավորման (7-րդ հոդված), կարգավիճակի (8-րդ հոդված), այդ կազմակերպությունում որոշումների ընդունման (9-րդ հոդված), անդամության (11-րդ, 12-րդ և 15-րդ հոդվածներ), Առևտրի բազմակողմ-պարտադիր և բազմակողմ-կամավոր համաձայնագրերի կիրառման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու հետ կապված հարցերը:

Առանձնահատուկ որոշված է Մաքսերի և առևտրի 1947 թվականի գլխավոր համաձայնագրի, որպես ԱՀԿ համաձայնագրի բաղկացուցիչ մասի, իրավաբանական ուժը:

5. Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերով կարգավորվում են.

5.1. առևտրի բնագավառի հարաբերությունները, կապված`

- մաքսային կանոնակարգման խնդիրների հետ (Մաքսերի և առևտրի 1947 թվականի գլխավոր համաձայնագիր, Մաքսերի և առևտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագիր, Մաքսերի և առևտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի 2-րդ 1 «բ» հոդվածի մեկնաբանության մասին փոխհամաձայնություն, Մաքսերի և առևտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի 17-րդ հոդվածի մեկնաբանության մասին փոխհամաձայնություն, Մաքսերի և առևտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի վճարային հաշվեկշռի դրույթների մասին փոխհամաձայնություն, Մաքսերի և առևտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի 24-րդ հոդվածի մեկնաբանության մասին փոխհամաձայնություն, Մաքսերի և առևտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի պարտավորություններից ազատման մասին փոխհամաձայնություն, Մաքսերի և առևտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի 28-րդ հոդվածի մեկնաբանության մասին փոխհամաձայնություն, Մաքսերի և առևտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի Մարաքեշի արձանագրություն, Մաքսերի և առևտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի 6-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագիր, Մաքսերի և առևտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի 7-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագիր, Մաքսերի և առևտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի 6-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագրին առնչվող որոշումներն ու հայտարարագիրը, Մաքսերի և առևտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի 6-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագրի 17.6 հոդվածի վերանայման մասին որոշում, 1994թ. Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի 7-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագրին առնչվող որոշումներ, Որոշում այն դեպքերի առնչությամբ, երբ մաքսային մարմինները հիմքեր ունեն կասկածելու հայտարարագրված մաքսային արժեքի հավաստիության կամ ճշգրտության վրա, Նախաառաքումային ստուգման մասին համաձայնագիր, Ծագման կանոնների մասին համաձայնագիր, Պաշտպանական միջոցների մասին համաձայնագիր, Հակախափանման մասին որոշում, Նվազագույն արժեքներին և միակ գործակալների, միակ բաշխիչների և միակ արտոնատերերի կողմից ներմուծումներին առնչվող տեքստերի մասին որոշում),

- գյուղատնտեսական գործունեության կանոնակարգման խնդիրների հետ (Գյուղատնտեսության մասին համաձայնագիր, Սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառման մասին համաձայնագիր),

- առևտրային գործունեության կանոնակարգման խնդիրների հետ (Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին համաձայնագիր, Լրավճարների և փոխհատուցման միջոցների մասին համաձայնագիր, Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին համաձայնագրին առնչվող որոշումներ, Առևտրի և շրջակա միջավայրի մասին որոշում, Մանածագործվածքների և հագուստեղենի մասին համաձայնագիր, Մանածագործվածքների և հագուստեղենի մասին համաձայնագրի 2.6 հոդվածով սահմանված առաջին ընդգրկմանը վերաբերող ծանուցման մասին որոշում, Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագիր, Մտավոր սեփականության` առևտրին առնչվող իրավունքների հայեցակետերի մասին համաձայնագիր, Առևտրային քաղաքականության վերաքննության գործակառույց, Առևտրի բանակցությունների հանձնախմբի կողմից 1993 թվականի դեկտեմբերի 15-ին ընդունված Նախարարական որոշումներ և հայտարարագրեր, Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրին առնչվող որոշումներ, Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի մասով սահմանակարգային համաձայնությունների մասին որոշում, Ծառայությունների առևտրի և շրջակա միջավայրի մասին որոշում),

- առևտրին առնչվող ներդրումային քաղաքականության հետ (Առևտրին առնչվող ներդրումային միջոցների մասին համաձայնագիր, Արժութային միջազգային հիմնադրամի հետ Առևտրի համաշխարհային կազմակերպության հարաբերության մասին հայտարարագիր),

- առևտրային արտոնությունների տրամադրման հետ (Թույլ զարգացած երկրներին ի օգուտ միջոցների մասին որոշում, Թույլ զարգացած և սննդամթերք զուտ ներմուծող երկրների վրա բարեփոխումների ծրագրի հնարավոր բացասական ազդեցություններին վերաբերող միջոցների մասին որոշում),

- առևտրային գործունեության արտոնագրման հետ (Ներմուծման լիցենզավորման ընթացակարգերի մասին համաձայնագիր).

5.2. ֆինանսական գործունեության բնագավառի հարաբերությունները (Ֆինանսական ծառայությունների մասին որոշում, Ֆինանսական ծառայությունների մասով պարտավորությունների մասին փոխհամաձայնություն).

5.3. վեճերի կարգավորման բնագավառի հարաբերությունները (Վեճերի կարգավորումը ղեկավարող կանոնների և ընթացակարգերի մասին փոխհամաձայնություն, Մաքսերի և առևտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի 6-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագրի կամ Լրավճարների և փոխհատուցման միջոցների մասին համաձայնագրի 5-րդ գլխի համաձայն վեճերի կարգավորման մասին հայտարարագիր, Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի մասով վեճերի կարգավորման որոշ ընթացակարգերի մասին որոշում, Վեճերի կարգավորումը ղեկավարող կանոնների և ընթացակարգերի մասին փոխհամաձայնության կիրառման ու վերանայման մասին որոշում).

5.4. ԱՀԿ շրջանակներում փոխհամագործակցության ընդհանուր խնդիրների հետ կապված հարաբերությունները (Համաշխարհային տնտեսական քաղաքականություն կերտելիս ավելի մեծ համաձայնեցվածության հասնելու գործում Առևտրի համաշխարհային կազմակերպության ներդրման մասին հայտարարագիր, Ծանուցման ընթացակարգերի մասին որոշում, ԱՀԿ-ՍՄԿ ստանդարտների տեղեկատվական համակարգի առնչությամբ առաջարկված փոխհամաձայնության մասին որոշում, ՍՄԿ-ԷՄՀ տեղեկատվական կենտրոնի հրատարակման վերանայման մասին որոշում, Ֆիզիկական անձանց տեղաշարժման շուրջ բանակցությունների մասին որոշում, Ծովային փոխադրման ծառայությունների շուրջ բանակցությունների մասին որոշում, Հիմնական հեռահաղորդակցության ծառայությունների շուրջ բանակցությունների մասին որոշում, Մասնագիտական ծառայությունների մասին որոշում, Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագրի ընդունման և դրան անդամակցման մասին որոշում, Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագրի իրականացումից բխող կազմակերպչական ու ֆինանսական հետևանքների մասին որոշում, Առևտրի համաշխարհային կազմակերպության համար նախապատրաստական հանձնախմբի ստեղծման մասին որոշում):

6. ԱՀԿ համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնք ամրագրված են նախ` ԱՀԿ համաձայնագրում, Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերում, ինչպես նաև Անդամակցության արձանագրությանը կից Աշխատանքային խմբի զեկույցում և վերջինիս հավելված` ապրանքների վերաբերյալ կոնցեսիաների ու պարտավորությունների ժամանակացույցում, ծառայությունների ոլորտին վերաբերող որոշ պարտավորությունների աղյուսակում, համապատասխանության պարտադիր հավաստմանը ենթակա ապրանքների ցանկում, ներմուծվող` մաքսատուրքի «0» տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով չհարկվող ապրանքների ցանկում, «Արտահանման լրավճարներ և տեղական աջակցություն» տեղեկություններում: Այդ պարտավորությունները հիմնականում ընդգրկում են.

6.1. սեփականաշնորհման բնագավառը, մասնավորապես`

- ԱՀԿ անդամներին ներկայացնել տարեկան զեկույցներ սեփականաշնորհման ներպետական ծրագրի զարգացումների վերաբերյալ.

6.2. գնագոյացման և սակագնային քաղաքականության բնագավառը, մասնավորապես`

- հրապարակել գնային պետական հսկողության ենթակա ապրանքների ցանկը և դրանում կատարվող ընթացիկ փոփոխությունները,

- հակագնագցումային պաշտպանական կամ հակակշիռ միջոցառումներ իրականացնել դրանց վերաբերյալ ներպետական նորմատիվ իրավական ակտերն ԱՀԿ շրջանակներում գործող համաձայնագրերի պահանջներին համապատասխանեցնելու և այդ մասին ԱՀԿ անդամներին ծանուցելուն զուգահեռ.

6.3. տնտեսական գործունեության դատական և արտադատական պաշտպանության բնագավառները.

- ապահովել Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում ձեռնարկված և ԱՀԿ համաձայնագրին հակասող գործողությունների դատական պաշտպանության իրավական հնարավորություն,

- ապահովել ԱՀԿ տնօրինմանը ենթակա հարցերի վերաբերյալ ներպետական վարչական վճիռների` անկախ մարմիններին բողոքարկման իրավական հնարավորություն.

6.4. արտաքին և ներքին առևտրի, տարանցիկ փոխադրումների կանոնակարգման բնագավառները, մասնավորապես`

- առևտրին վերաբերող ներպետական նորմատիվ իրավական բոլոր ակտերը համապատասխանեցնել ԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորություններին,

- կիրառվող սանիտարական և բուսասանիտարական պահանջները համապատասխանեցնել ԱՀԿ համաձայնագրի և ԱՀԿ շրջանակներում գործող այլ համաձայնագրերի պայմաններին,

- հիմնել հսկողության համակարգ բույսերի և կենդանիների հիվանդությունները հայտնաբերելու նպատակով,

- արտահանման լիցենզավորման կամ արտահանման վերահսկման վերաբերյալ ներպետական իրավական պահանջները համապատասխանեցնել ԱՀԿ շրջանակներում գործող համաձայնագրերի դրույթներին,

- կիրառել արտահանմանը նպաստող միջոցառումներ,

- իրականացնել տարանցիկ փոխադրումների բնագավառում գործող ներպետական իրավական ակտերի համապատասխանեցում ԱՀԿ շրջանակներում գործող համաձայնագրերի դրույթներին.

6.5. մաքսային, հարկային և քրեական օրենսդրության և օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության բնագավառները, մասնավորապես`

- մաքսավճարների դրույքաչափերի աճն իրականացնել Աշխատանքային խմբի զեկույցին հավելված ապրանքների վերաբերյալ կոնցեսիաների և պարտավորությունների ժամանակացույցի շրջանակներում,

- չկիրառել արժութային մաքսավճար, ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ձևակերպումների համար վճար կիրառել ԱՀԿ պարտավորություններին համապատասխան,

- մաքսային օրենսդրությունը համապատասխանեցնել Մաքսերի և առևտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի դրույթներին,

 

- ծագման կանոնների վերաբերյալ ներպետական իրավական ակտերը համապատասխանեցնել ԱՀԿ շրջանակներում գործող համաձայնագրերի դրույթներին,

- նախաառաքումային ստուգման համակարգում ապահովել վիճարկելիության վարչական և դատական ձևերի կիրառման հնարավորություն և դրանց արդյունքների մատչելիություն ԱՀԿ անդամների ներմուծող և արտահանող սուբյեկտների համար,

- վերանայել գյուղատնտեսական տեղական արտադրության ոլորտում ավելացված արժեքի հարկի կիրառման պրակտիկան, Գլխավոր խորհրդին պարբերաբար տեղեկացնել հարկից ազատման շրջանակների և մակարդակի մասին,

- միջոցներ ձեռնարկել ոգելից որոշ խմիչքների նկատմամբ կիրառվող ակցիզային հարկերի դրույքաչափը հավասարեցնելու նպատակով,

- վերացնել հարկային բնագավառում իրականացվող խտրականությունն այն բացառություններով, որոնք նախատեսված են Մաքսերի և առևտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրում,

- Քրեական օրենսգրքի կիրառումն իրականացնել ԱՀԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության տարվանից,

- ԱՀԿ-ին անդամակցելուց հետո այդ կազմակերպությանը գործակցելուն առնչվող իրավական բոլոր ակտերը հրապարակել պաշտոնական տեղեկագրում.

6.6. արտոնագրման և սերտիֆիկացման բնագավառները, մասնավորապես`

- ներմուծումների նկատմամբ չկիրառել լիցենզավորման ձևով սահմանափակումներ, եթե այդպիսիք չեն բխում ԱՀԿ շրջանակներում գործող համաձայնագրերի դրույթներից,

- ճանաչել և կիրառել արտահանող պետությունների միջազգայնորեն ճանաչված իրավասու մարմինների կողմից գործողության մեջ դրված սերտիֆիկացման հավաստագրերը.

6.7. ներդրումներին նպաստող քաղաքականության և պետական ձեռնարկությունների կառավարման բնագավառները, մասնավորապես`

- սկսած ԱՀԿ-ին անդամակցության օրվանից առանց անցումային փուլի կիրառել առևտրին առնչվող ներդրումային միջոցների մասին ԱՀԿ շրջանակներում գործող համաձայնագրի դրույթները,

- պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների և հատուկ կամ բացառիկ արտոնություններ ունեցող այլ ձեռնարկությունների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերը համապատասխանեցնել ԱՀԿ շրջանակներում գործող Մաքսերի և առևտրի 1994 թվականի գլխավոր համաձայնագրի և Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի դրույթներին.

6.8. տնտեսական քաղաքականության, արդյունաբերության ֆինանսավորման և պետական գնումների բնագավառները, մասնավորապես`

- Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ կամ հատուկ տնտեսական գոտիներ ստեղծելու դեպքում դրանցում իրականացվող տնտեսական գործունեությունը կարգավորել ԱՀԿ շրջանակներում գործող համաձայնագրերի շրջանակներում,

- ԱՀԿ-ին անդամակցելուց հետո ներկայացնել ազատ առևտրի գոտու, մաքսային միության համաձայնագրերի մասին ծանուցումներ,

- արդյունաբերության բնագավառում լրավճարների կիրառումն ամբողջովին համապատասխանեցնել ԱՀԿ շրջանակներում գործող համաձայնագրերի դրույթներին,

- մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ն ավարտել ԱՀԿ շրջանակներում գործող Պետական գնումների մասին բազմակողմ-կամավոր համաձայնագրին միանալու շուրջ բանակցությունները:

ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի հավաստմամբ` Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ իրականացրել է օրենսդրական անհրաժեշտ բարեփոխումները և նորմատիվ բնույթի նոր պարտավորություններ չի ստանձնում:

7. ԱՀԿ համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած վերոհիշյալ և այլ պարտավորությունների կատարումը չի խոչընդոտում առևտրի բնագավառում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային այլ պարտավորությունների կատարմանը, քանի որ, ինչպես ամրագրված է Անդամակցության արձանագրությանը հավելված Աշխատանքային խմբի զեկույցում, Հայաստանի Հանրապետությունը, հատկապես ԱՊՀ շրջանակներում, իրականացնում է ազատ առևտրի քաղաքականություն` առանց մաքսատուրքերի և արտահանման ու ներմուծման բնագավառներում չարդարացված խոչընդոտների կիրառման: Այդ պարտավորությունների կատարմանը չեն խոչընդոտում նաև առևտրատնտեսական երկկողմ և բազմակողմ այլ պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները: Փաստորեն, անդամակցելով ԱՀԿ-ին` Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ոչ թե սահմանադրաիրավական նոր պարտավորություններ, այլ շուկայական տնտեսության, ազատ տնտեսական մրցակցության հետագա զարգացման նպատակով իրականացված կառուցվածքային և օրենսդրական բարեփոխումների անդառնալիության երաշխիքների շարունակական ապահովման պարտավորություն: ՈՒստի, դրանով իրական երաշխիքներ են ստեղծվում ԱՀԿ շրջանակներում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, պետությունների հետ բարիդրացիական և փոխշահավետ համագործակցության իրականացման ուղղությամբ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության արձանագրությունում, սահմանադրական դատարանում քննության առնված` այդ արձանագրությանը կից փաստաթղթերում և Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 դեկտեմբերի 2002 թվականի

ՍԴՈ-401

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.12.2002
N ՍԴՈ-401
Որոշում