18.07.2025 -
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
25 հոկտեմբերի 2022 թվականի N 369-Ն
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 14.5-րդ կետը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը
Հրամայում եմ`
1. Հաստատել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման ուղեցույցները.
1) «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության կազմման» համաձայն N 1 հավելվածի,
2) «Հանքի փակման ծրագրի կազմման»` համաձայն N 2 հավելվածի,
3) «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցության գնահատման հաշվետվության կազմման»` համաձայն N 3 հավելվածի,
4) «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման հաշվետվության կազմման»` համաձայն N 4 հավելվածի,
5) «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության լիարժեքության գնահատման»` համաձայն N 5 հավելվածի:
Հավելված N 1
Շրջակա միջավայրի նախարարի
2022 թ. հոկտեմբերի 25-ի
N 369-Ն հրամանի
ՈՒՂԵՑՈՒՅՑ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՀԱՅՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետ` ՇՄԱԳ) հաշվետվությունը մշակվում է օգտակար հանածոների երևակումների երկրաբանական ուսումնասիրության կամ հանքավայրերի լրահետախուզման, կամ արդյունահանման նախագծման աշխատանքներին զուգընթաց` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթների պահանջներին համապատասխան: Այն ներառում է տեղեկատվություն` նախատեսվող գործունեության տարածքի, շրջակա միջավայրի բաղադրիչների (ներառյալ` սոցիալական) գնահատման արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև նախագծային փաստաթղթով նախատեսված բնապահպանական կառավարման պլանը, նախատեսվող գործունեության ազդեցության մշտադիտարկման ծրագիրը:
2. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության բովանդակությունը հետևյալն է.
1) Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նպատակը` անհրաժեշտ է նշել նախատեսվող գործունեության անվանումը և նպատակը: Այս տեղեկությունը կարող է վերցվել նախագծային փաստաթղթից և լրացվել մանրամասն ավելի թարմ տեղեկատվությամբ: Գնահատման աշխատանքները պետք է ներկայացնել, հաշվի առնելով շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում հնարավոր վնասակար ազդեցությունների կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը կամ բացառումը:
2) Նախատեսվող գործունեության, տարածքի նկարագիրը հանդիսանում է ՇՄԱԳ հաշվետվության կարևոր բաժիններից մեկը, որում պահանջվում է տվյալների արժանահավատությունը, բերվում է տեղեկատվություն երկրաբանական ուսումնասիրության կամ օգտակար հանածոների արդյունահանման համար նախատեսված տարածքների գտնվելու վերաբերյալ, ներկայացվում են տարածքի աշխարհագրական կոորդինատները, ինչպես նաև հայցվող տեղամասի ծայրակետային կոորդինատները` ներկայացված ՎԻ ՋԻ ԷՍ-84, ԱՐՄՐԵՖ-02 (WGS-84, ARMREF-02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով, նկարագրվում է տրանսպորտային ցանցը, շրջանի արդյունաբերական կազմակերպությունները և հանքահումքային հենքը: Ներկայացվում է տեղագրական քարտեզ 1:50000, 1:10000 մասշտաբի, իրադրության սխեմա կամ քարտեզ` Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգով, ինչը կարտացոլի հարևանությամբ առկա օբյեկտները, բնակավայրերը, ջրային ռեսուրսները և այլն, որում նշվում է երկրաբանական ուսումնասիրության համար նախատեսված տարածքը: Ռելիեֆի և երկրաձևաբանության նկարագրության ժամանակ ներկայացվում են տեղեկություններ տարածքի բացարձակ և հարաբերական բարձրությունների, լանջերի թեքության և կտրտվածության աստիճանի վերաբերյալ: Կլիմայական բնութագիրը ներառում է տվյալներ օդի ջերմաստիճանի, հարաբերական խոնավության, մթնոլորտային տեղումների և ձնածածկույթի, քամիների, արեգակնային ճառագայթման, արևափայլի տևողության, անարև օրերի քանակի և այլի վերաբերյալ: Մթնոլորտային օդի նկարագրության ժամանակ ներկայացվում են տարածքի մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածությունը: Ջրային ռեսուրսների նկարագրության ժամանակ ներկայացվում են երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման համար նախատեսված տարածքի մակերևութային և ստորերկրյա ջրերի բնութագիրը, ջրերի որակի ֆոնային ցուցանիշները, ջրօգտագործման նկարագիրը (ջրային ռեսուրսի կամ հիդրոտեխնիկական կառույցի անվանումը, գտնվելու վայրը, նպատակը), ջրառի աղբյուրը, գտնվելու վայրը և ծավալը, ջրահեռացման վայրը և ծավալը, ինչպես նաև տեղեկատվություն ջրօգտագործման թույլտվության առկայության վերաբերյալ: Հողերի բնութագրման ժամանակ ներկայացվում է տեղեկատվություն հողամասերի սեփականության, նպատակային նշանակության, հողային ծածկույթի որակական բնութագրի, հողերի ֆոնային աղտոտվածության, մինչև նախատեսվող գործունեությունն իրականացնելը` հայցվող տարածքում նախկինում խախտված, վերականգնված հողերի, լցակույտերի, հանված, պահեստավորված, պահպանված հողաբուսական շերտի վերաբերյալ: Բուսական աշխարհի նկարագրության ժամանակ ներկայացվում են տեղեկություններ նախատեսվող գործունեության համար նախատեսված տարածքում գերակշռող բուսական համակեցությունների` ներառյալ անտառների, բույսերի տեսակային կազմի, այդ թվում Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների, էնդեմիկ տեսակների վերաբերյալ: Կենդանական աշխարհի նկարագրության ժամանակ ներկայացվում են տեղեկություններ նախատեսված տարածքին բնորոշ կենդանական համակեցությունների, կենդանիների տեսակային կազմի, այդ թվում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների, էնդեմիկ տեսակների և կենդանիների միգրացիայի ուղիների վերաբերյալ: Եթե նախագծված կամ հայցվող տարածքում առկա են բնության հատուկ պահպանվող տարածքներ, ապա ներկայացվում են տեղեկություններ դրանց գտնվելու վայրի, զբաղեցրած տարածքի և նշանակության վերաբերյալ: Անտառային ռեսուրսների նկարագրության ժամանակ ներկայացվում է նախատեսվող գործունեության տարածքում առկա անտառների նպատակային նշանակության վերաբերյալ տեղեկատվությունը, անտառային հողերի և հողատեսքերի նկարագրությունը, տեղադրության քարտեզը` 1:25000 մասշտաբի, տարածքի աշխարհագրական կոորդինատները (երկայնություն և լայնություն), կադաստրի ծածկագիրը և վկայականը: Ներկայացվում են նախատեսվող գործունեության քարտեզագրումը, հայցվող տարածքն արտացոլող, տեղանքին առնչվող թեմատիկ քարտեզներ (հայցվող տարածքի ուրվագծային արտացոլմամբ), այդ թվում` լանջերի թեքության, երկրաձևաբանական, հողերի և բուսականության տիպերի տարածման, բնության հատուկ պահպանվող տարածքների հետ համընկնման, սողանքային երևույթների տարածման: Ներկայացվում է նախագծի իրականացման ժամանակացույցը, նախագծային լուծումների այլընտրանքները` ընտրված տարբերակի հիմնավորումը` շրջակա միջավայրի պահպանության, տնտեսական, սոցիալական տեսանկյունից: Սույն բաժնում անհրաժեշտ է մանրամասնությամբ նկարագրել լեռնային աշխատանքների նախատեսվող ծավալները և գործընթացները, ինչը թույլ կտա հանրությանը օբյեկտիվորեն հասկանալ էկոլոգիական և սոցիալական ազդեցության իրական մասշտաբները: Պետք է հիմնվել նախագծային փաստաթղթում ներկայացված նախատեսվող գործունեության, արտադրական հզորությունների և օգտագործվող բնական ռեսուրսների ու նյութերի նկարագրության վրա: Օրինակ` պոչամբարների առկայության դեպքում այս բաժնում պետք է մանրամասն նկարագրվեն մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես` որտեղ է գտնվելու պոչամբարը, ինչ տարածքներ և հողեր է զբաղեցնելու, ինչ մակերևութային ջրերի հետ է այն կապված լինելու, ինչ նյութեր են օգտագործվելու պոչամբարի պատվարի շինարարության ժամանակ, նախատեսվու՞մ է արդյոք պոչամբարից բաց թողնվող ջրի մաքրում, եթե այո, ապա ինչպե՞ս, ստորերկրյա ջրերի պաշտպանության նպատակով նախատեսվում է օգտագործել ջրամերժ թաղանթ և այլն: Այս և այլ նմանատիպ հարցերին պետք է տրվի բավարար բացված պատասխան և ուղեկցվի համապատասխան տեխնիկական գծագրերով: Պետք է ներկայացվեն արտադրական գործընթացի յուրաքանչյուր փուլում ծախսվող հումքերի, ստացվող արտադրանքների բոլոր տեսակները և քանակները, թափոնի կազմը, թափոնի դասը, գործածությունը, վտանգավոր հատկությունները, վտանգավորության աստիճանը, թափոնի քանակը, ծագումը (ըստ տեխնոլոգիական կանոնակարգի) (օրինակ` արդյունահանման համար պահանջվող էներգիան, ջուրը, արդյունահանվող հանքաքարի ծավալները, կորզվող մետաղների քանակները, պոչերի սպասվող ծավալները` խորանարդ մետր/տարի, տոննա/տարի և բաղադրությունը` տոկոսներով): Այս դիտարկումներն անհրաժեշտ է կատարել գործունեության յուրաքանչյուր փուլի համար (շինարարություն, շահագործում, շահագործումից հանում և պահպանում): Անհրաժեշտ է ներկայացնել այդ տվյալների ստացման աղբյուրների մասին տեղեկություն: Պինդ և հեղուկ թափոններից են` շինարարական և քանդման թափոնները, հանված հողի ավելցուկը, տեխնոլոգիական գործընթացի թափոնները, խոտանը, վտանգավոր թափոնները, տեղանքի մաքրման կամ շահագործումն ավարտելու արդյունքում առաջացող թափոնները: Որտեղ հնարավոր է, պետք է դիտարկվի թափոններից կամ այլ ելքային նյութերից ռեսուրսների կորզման հնարավորությունը` մինչ դրանք կվերածվեն թափոնների: Ըստ գործունեության յուրաքանչյուր փուլի պետք է ներկայացվի օգտագործվող, պահվող, բարձվող-բեռնաթափվող կամ առաջացող պինդ, հեղուկ և գազային վտանգավոր նյութերի նկարագրությունը` ներառյալ դրանց բաղադրությունը և թունավորության աստիճանը: Անհրաժեշտ է նկարագրել բոլոր պինդ և հեղուկ թափոնների և մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի հավաքման, պահման, վերամշակման, տեղափոխման և տեղադրման մեթոդներն ու սարքավորումները: Պետք է ներկայացվեն նախագծի արդյունքում առաջացող մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի տեսակները և քանակները (օրինակ` տեխնոլոգիական գործընթացներից արտանետումներ, անշարժ կամ շարժական կայանքում օրգանական վառելիքի այրում, շահագործվող տրանսպորտից արտանետումներ, փոշի և հոտեր): Պետք է ներկայացվեն նախատեսվող գործունեության արդյունքում առաջացող ջերմային, լուսային կամ էլեկտրամագնիսական ճառագայթման բոլոր աղբյուրների վերաբերյալ տվյալներ (օրինակ` տրանսպորտից, լուսավորությունից, շինարարական աշխատանքներից): Նկարագրության մեջ պետք է հատուկ նշվեն նախագծի համար պահանջվող «լրացուցիչ ծառայությունները կամ կառուցապատումները», ինչպես նաև բուն արդյունահանման աշխատանքները: Անհրաժեշտ է ընդգրկել ծառայությունները (օրինակ` տրանսպորտային ծառայությունները, ջրամատակարարումը, կոյուղին, թափոնների հեռացումը, էլեկտրաէներգիան, հեռահաղորդակցումը) և կառուցապատումները (օրինակ` ճանապարհներ, հոսանքի գծեր, խողովակաշարեր): Բացի այդ, պետք է նկարագրվեն բոլոր այն գոյություն ունեցող գործունեության տեսակները, որոնք դադարեցվելու են նախագծի իրականացման արդյունքում: Անհրաժեշտ է ներկայացնել տեղեկություններ նախատեսվող գործունեության յուրաքանչյուր փուլում պահանջվող աշխատուժի և սոցիալական գնահատման վերաբերյալ: Այս և նմանատիպ այլ հարցերին անհրաժեշտ է տալ անաչառ պատասխաներ` ներկայացնելով համապատասխան տեխնիկական գծագրեր:
3) Շրջակա միջավայրի ելակետային վիճակի գնահատում.
ա. շրջակա միջավայրի ելակետային վիճակի գնահատման նպատակով օգտագործված ելակետային տվյալների աղբյուրները, հավաքագրման և ուսումնասիրությունների իրականացման մեթոդները.
բ. տեղադիրքը.
գ. ռելիեֆը, երկրաձևաբանությունը.
դ. երկրաբանական կառուցվածքը.
ե. կլիմայի փոփոխության բացասական ազդեցություն.
զ. սեյսմիկ պայմանների բնութագիրը, մանրամասն սեյսմաշրջանացման և սեյսմամիկրոշրջանացման արդյունքներ.
է. մակերևութային և ստորերկրյա ջրերի որակի բնութագիրը.
ը. մակերևութային և ստորերկրյա ջրերի քանակական բնութագիրը.
թ. մթնոլորտային օդի որակի բնութագիրը.
ժ. հողի որակի բնութագիրը.
ժա. կենդանական աշխարհի, բուսական աշխարհի բնութագիրը, վտանգված էկոհամակարգեր, բնության հատուկ պահպանվող տարածքներ, ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակներ, էնդեմիկ տեսակներ, դրանց աճելավայրեր, ապրելավայրեր, կենդանիների միգրացիայի ուղիներ.
ժբ. անտառային ռեսուրսների բնութագիրը` նախատեսվող գործունեության տարածքում առկա անտառների նպատակային նշանակության, անտառային հողերի և հողատեսքերի նկարագրության, անտառգնահատման հիմնական ցուցանիշների, անտառշինական նախագծերով նախատեսված միջոցառումների, այդ թվում անտառավերականգնման և անտառապատման վերաբերյալ տեղեկատվություն և տեղադրության քարտեզ 1:25000 մասշտաբի, տարածքի աշխարհագրական կոորդինատները (երկայնություն և լայնություն), կադաստրի ծածկագիրը և վկայականը.
ժգ. աղմուկը և թրթռումը.
ժդ. լուսային, ջերմային և էլեկտրամագնիսական ճառագայթման ֆոնային արժեքները.
ժե. ելակետային սոցիալ-տնտեսական ցուցանիշները.
ժզ. պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ և պատմական միջավայրը.
ժէ. բնության հուշարձաններ.
4) Շրջակա միջավայրի վրա պոտենցիալ (հնարավոր) և կանխատեսվող ազդեցության գնահատում.
ա. ջրային ռեսուրսների, ջրային ռեսուրսների որակական և քանակական ցուցանիշների վրա.
բ. մթնոլորտային օդի որակի վրա.
գ. կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմման և հարմարվողականության գործընթացների վրա.
դ. հողային ռեսուրսների վրա.
ե. բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև կենսառեսուրսների վրա.
զ. անտառային ռեսուրսների վրա.
է. սոցիալ-տնտեսական ազդեցությունը` օգուտների և վնասների վերլուծություն.
ը. բնակչության կյանքի ու առողջության վրա.
թ. արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերի վերաբերյալ.
ժ. գումարային ազդեցություն` համաձայն գումարային ազդեցության գնահատման (այսուհետ` ԳԱԳ) ուղեցույցի, անհրաժեշտ է պարզել, կան արդյո՞ք գոյություն ունեցող կամ նախատեսվող որևէ գործունեություն, որի դեպքում նախագիծը կունենա բացահայտված գումարային ազդեցություններ:
5) Աղտոտումների մակարդակի նվազեցմանն առաջարկվող միջոցառումների և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագրի գնահատում.
ա. ջրային ռեսուրսների և ջրի որակի պահպանություն (հանքային թթվային ցամաքուրդային ջրերի վերահսկման միջոցառումներ, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում, հեղեղներով պայմանավորված հողերի էրոզիայի և վերանստեցման վերահսկում, դատարկ ապարների լցակույտերի կառավարում, բաց հանքերի կառավարում և բաց հանքային լճերի ձևավորման բացառում, թաց պոչերի պոչամբարների կառավարում, տարալվացման օբյեկտների կառավարում).
բ. ջրային ռեսուրսների որակի և քանակի հսկողություն (հանքային թթվային ցամաքուրդային ջրերի վերահսկման միջոցառումներ, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում, հեղեղներով պայմանավորված հողերի էրոզիայի և վերանստեցման վերահսկում, դատարկ ապարների լցակույտերի կառավարում, բաց հանքերի կառավարում և բաց հանքային լճերի ձևավորման բացառում, թաց պոչերի պոչամբարների կառավարում, տարալվացման օբյեկտների կառավարում).
գ. հողերի որակի հսկողություն.
դ. մթնոլորտային օդի որակի հսկողություն.
ե. կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմման և հարմարվողականության գործընթացների հսկողություն.
զ. թափոնների ծավալների հսկողություն.
է. աղմուկի և թրթռման վերահսկողություն.
ը. վտանգավոր նյութերի կառավարում (ցիանիդի և սնդիկի օգտագործում, վառելանյութի և հեղուկ նյութերի պահեստավորում).
թ. վայրի բնության պահպանություն և հսկողություն.
ժ. բնական պաշարների արդյունավետ, համալիր և ողջամիտ օգտագործման հսկողություն:
6) Շրջակա միջավայրի մշտադիտարկումների պլան (նախատեսվող գործունեության ազդեցության մշտադիտարկման (մոնիթորինգի) և հետնախագծային վերլուծության ծրագիր)
ա. ջրի որակի և քանակի մշտադիտարկում (մակերևութային ջրերի որակի և քանակի մշտադիտարկում, ստորերկրյա ջրերի որակի և քանակի մշտադիտարկում, ջրի որակի և քանակի մշտադիտարկման ցուցանիշներ).
բ. մթնոլորտային օդի որակի մշտադիտարկում.
գ. բուսականության և հողի որակի մշտադիտարկում (աճելավայրերի մշտադիտարկում).
դ. կենդանական և բուսական աշխարհի վրա ազդեցության մշտադիտարկում` տարածքին բնորոշ գերակշռող և ուղեկցող տեսակների, ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների և էնդեմիկ տեսակների մշտադիտարկում (քանակական և որակական), ապրելավայրերի, աճելավայրերի մշտադիտարկում.
ե. լեռնային աշխատանքների ազդեցության գոտում գտնվող ազդակիր համայնքների վրա ազդեցության մշտադիտարկում (բնակչության առողջություն, սոցիալ-տնտեսական զարգացման նախատեսված ներդրումներ).
զ. բնակչության կյանքի և առողջության սպառնալիքների մշտադիտարկում.
է. բնության հուշարձանների քանակի ու վիճակի մշտադիտարկում.
7) «Տվյալների արժանահավատություն» բաժին. Նախատեսվող գործունեությունը և դրան առնչվող բոլոր հնարավոր տարրերը, կառույցները և արտանետումները մանրամասն նկարագրելուց հետո անհրաժեշտ է ներկայացնել արված հայտարարությունների ու կատարված հաշվարկների հիմքում ընկած տվյալների արժանահավատությունն ապացուցող նյութեր և ընդգրկել դրանք ՇՄԱԳ հաշվետվությունում` համապատասխան փաստաթղթերի տեսքով կամ տեղեկատվության աղբյուրներին հղումներով: Անհրաժեշտ է նաև յուրաքանչյուր դեպքի համար ներկայացնել տվյալների ճշտության աստիճանը, այդ թվում` կատարված ենթադրությունները, տվյալների կամ հարցերի պատասխանների ստացման ընթացքում առաջացած բարդությունները և զգայունության վերլուծությունը: Դրա հիման վրա փորձաքննություն անցկացնող մարմինը կարող է լիարժեք պատկերացում կազմել նախատեսվող գործունեության արդյունքում հնարավոր ռիսկերի ու ազդեցությունների աստիճանների վերաբերյալ և փոխկապակցել դրանք ազդեցությունների նշանակալիության ու հավանականության դիտարկումների և մշակված մեղմացնող միջոցառումների հետ:
8) «Նախատեսվող գործունեության քարտեզագրում» բաժին. Նախատեսվող գործունեության քարտեզագրումը պետք է իրականացվի ՎԻ ՋԻ ԷՍ-84, ԱՐՄՐԵՖ-02 (WGS-84, ARMREF-02) ազգային գեոդեզիական կոորդինատային տվյալներով քարտեզ-սխեմայի, հատակագծերի և սխեմաների տեսքով և ներառի պայմանական նշանների, մասշտաբի և այլ մեկնաբանությունների մասին լիարժեք հետևյալ տեղեկատվությունը.
ա. տեղակայման վայրը, ենթակառուցվածքները, կարևոր առանձնահատկությունները (օրինակ` ջրային հոսքեր, ջրային մարմիններ, խմելու ջրի ջրամատակարարման աղբյուրներ, առկա կառույցներ, սահմաններ).
բ. նախագծի բոլոր փուլերում (շինարարություն, շահագործում, շահագործումից հանում և պահպանում) արդյունահանման տեղամասերը, պոչամբարները, հանքահարստացման տեղամասերը, աշխատակիցների կենցաղային օբյեկտները, լանդշաֆտը, տեղանքի բարձրության նիշերը, շենքերը կամ այլ առկա կառույցները, ստորգետնյա կառույցները, մերձափային կառույցները, պահեստարանները, ջրօգտագործման հետ կապված առանձնահատկությունները, բուսական և կենդանական աշխարհը (աճելավայր, ապրելավայր) և սահմանները.
գ. ճանապարհները և մերձատար ուղիները, ուղղահայաց և հորիզոնական առանցքների նկատմամբ դիրքը և բոլոր թունելներն ու հողային աշխատանքների իրականացման վայրերը.
դ. արդյունահանման տեղամասերը և պոչամբարների տարածքները` դրանց վերականգնումից և ռեկուլտիվացիայից հետո:
Սրանցից յուրաքանչյուրը կարող է ներկայացվել կոորդինատային կապակցում ունեցող քարտեզների, հատակագծերի և սխեմաների միջոցով: Բոլոր շինությունները և կառույցները պետք է պատկերվեն ըստ մասշտաբի (օրինակ` հատակների մակերեսները և շենքերի բարձրությունները, փոսորակների չափերը, բուսական ծածկույթի մակերեսը կամ բարձրությունը, ամբարտակների (կամուրջների, ծխնելույզների) բարձրությունը, ջրի հոսքը կամ խորությունը, գազային արտանետումների ծխնելույզների բարձրությունը և գազային արտանետումների արագությունն ու ջերմաստիճանը):
9) «Գումարային ազդեցության դիտարկումներ» բաժին.
10) «Նախագծի իրականացման ժամանակացույցը» բաժնում անհրաժեշտ է ներառել նախատեսվող գործունեության իրականացման ծրագիրը` նշելով շինարարության, շահագործման, շահագործումից հանման և պահպանման փուլերի սպասվող տևողությունը (օրեր) և դրանց սկզբի ու ավարտի ամսաթվերը: Պետք է հատուկ նշել ժամանակավոր օգտագործման տարածքները (օրինակ` շինարարության համար պահանջվող պահեստային կամ մուտքի), որոնք անհրաժեշտ է հաշվի առնել և ցույց տալ քարտեզի վրա:
11) «Նախագծի այլընտրանք» բաժնում պետք է ներկայացվեն նախագծի այլընտրանքային եղանակներով իրականացման վերլուծության արդյունքները` շրջակա միջավայրի համար նվազագույն վնասակար և իրապես կիրառելի այլընտրանքների նշումով: Հանքի տեղակայման վայրը, որպես կանոն, քննարկման առարկա չի կարող լինել և, հետևաբար, չունի այլընտրանք, սակայն դրա առանձին ենթակառուցվածքների տեղակայումը, ինչպես նաև հանքաքարի արդյունահանման եղանակը (բաց, ստորգետնյա, համակցված) պետք է լինի հիմնավորված ոչ միայն տեխնիկատնտեսական, այլ նաև բնապահպանական և սոցիալական տեսանկյունից: Այսպես` բաց եղանակով հանքի շահագործման նախագծում իբրև այլընտրանք պետք է դիտարկվի ստորգետնյա եղանակով մշակումը, որը հնարավորություն կտա պահպանել մակերևույթը, տարհանել ավելի քիչ բնակչություն, ավելի լավ պաշտպանել ստորերկրյա և մակերևութային ջրերը, ինչպես նաև նվազագույնի հասցնել վայրի բնությանը հասցվող վնասը: Պետք է հստակ տրվի հետևյալ հարցի պատասխանը. արդյո՞ք ընտրված տարբերակը հանդիսանում է շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցություն ունեցող այլընտրանք: Հանքի կարևոր ենթակառուցվածքների` հարստացուցիչ ֆաբրիկայի, լցակույտերի, պոչամբարների տեղակայման վայրերի ընտրության հարցերը նույնպես պետք է լինեն քննարկման առարկա: Դրանց տեղակայման վայրի ընտրությունը պետք է հիմնված լինի բնակչության անվտանգության և բնական ռեսուրսների վրա նվազագույն ազդեցության սկզբունքների ապահովման վրա: Օրինակ` եթե արվել է եզրակացություն, որ նվազագույն վնաս կհասցվի թաց պոչերի պահեստավորման դեպքում, ապա անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել պոչամբարի վայրի ընտրությանը: Այն չպետք է տեղակայված լինի կարևոր ջրային ռեսուրսների մոտակայքում և գտնվի այսպես կոչված «բուֆերային գոտուց» անվտանգ հեռավորության վրա: Պետք է պատասխան տրվի հետևյալ հարցին. արդյո՞ք հանքի ենթակառուցվածքները տեղակայված են էկոլոգիայի տեսանկյունից քիչ ռիսկային վայրերում: Հանքարդյունահանող ընկերությունները հաճախ հանքաքարի հարստացման ժամանակ ունեն տեխնոլոգիայի ընտրության հնարավորություն: Հանքաքարի հարստացման որոշ մեթոդներ ավելի քիչ վնասակար են, օրինակ` ոսկու հանքաքարի հարստացումը գրավիտացիոն եղանակով ավելի քիչ վնաս է հասցնում շրջակա միջավայրին և բնակչության առողջությանը, քան ցիանիդով հանքաքարի տարալվացումը: Հետևաբար, ՇՄԱԳ հաշվետվությունում պետք է հիմնավորվի հանքաքարի հարստացման կիրառվող մեթոդի ընտրությունը` որպես առավել անվտանգ շրջակա միջավայրի համար: Լեռնահարստացուցիչ կազմակերպության պոչերը իրենցից ներկայացնում են մեծ ծավալների թափոններ, որոնք հաճախ պարունակում են բարձր կոնցենտրացիաների վտանգավոր նյութեր: Գոյություն ունեն պոչերի տեղադրման երեք հիմնական տարբերակներ` թաց պոչերի տեղադրման ամբարներ` պոչամբարներ, պոչերի ջրազերծում և օգտագործում հանքերում իբրև լցափակման նյութ կամ չոր պոչերի օգտահանում, պոչերի ստորջրյա պահեստավորում (տեղադրվում է ծովերում մեծ խորությունների վրա): Միջազգային լավագույն փորձը վկայում է, որ պոչերի պահպանման առումով նախապատվություն է տրվում չոր պոչերի օգտահանմանը: Նույնիսկ հանքարդյունահանող կազմակերպություններն են նշում չոր պոչերի օգտահանման առավելությունների մասին: Եթե նախատեսվող գործունեության ընթացքում չի նախատեսվում չոր պոչերի կիրառում (ինչը գործնականում միշտ հանդիսանում է էկոլոգիապես նախապատվելի տարբերակ), ապա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մեջ պետք է հստակ նշվի չոր պոչերի օգտահանման անհնարինությունը կամ թաց պոչերի տեղադրման հստակ հիմնավորված էկոլոգիական առավելությունները: ՇՄԱԳ հաշվետվությունը չի կարող համարվել ամբողջական և լիարժեք, առանց էկոլոգիական և սոցիալական հետևանքների համեմատական վերլուծության` իբրև այլընտրանք հանքագործությունից հրաժարման տարբերակի դեպքում (այսինքն` ապագա, որում ենթադրվող նախագիծը չի իրականացվելու): Օրինակ` եթե օգտակար հանածոների արդյունահանումը նախատեսվում է իրականացնել սաղարթախիտ անտառային տարածքում, սակայն արդյունահանում որոշված է չիրականացնել, ապա իբրև այլընտրանք կարող է դիտարկվել տեղական համայնքներին եկամուտ և աշխատատեղեր ապահովող զբոսաշրջային գործունեության ընդլայնումը:
12) «Շրջակա միջավայրի ելակետային վիճակի գնահատում» բաժնում մանրակրկիտ պետք է նկարագրվի շրջակա միջավայրի առկա վիճակը, այն նաև պետք է հստակ ցուցադրի թե որքանով են ճիշտ ընկալված էկոլոգիական և սոցիալական պայմանները, որոնք խախտվելու են ենթադրվող լեռնային աշխատանքների նախագծի շրջանակներում: Օրինակ` եթե ՇՄԱԳ հաշվետվությունում ներառված չէ մինչ նախագծի նախատեսումը մակերևութային ջրերի, օդի որակի, ինչպես նաև կենսաբազմազանության հազվագյուտ և անհետացող տեսակների ու քանակի, բնության հատուկ պահպանվող տարածքների, ներառյալ բնության հուշարձանների վերաբերյալ տեղեկատվությունը, ապա նախագծի նախաձեռնողները չեն կարողանա հստակ կանխատեսել նախագծի իրագործման հետևանքով դրանց փոփոխությունները: Անհրաժեշտ է նկարագրել նախատեսվող հողատարածքում կամ հարակից տարածքներում այն բոլոր ապագա փոփոխությունները, որոնք կարող են տեղի ունենալ նախատեսվող գործունեության բացակայության պայմաններում (օրինակ` «ընդերքօգտագործման իրավունքից հրաժարման» կամ «նախագծի չիրականացման» տարբերակի դեպքում): Սա թույլ կտա հետագայում գնահատել նախատեսվող գործունեության հետ կապված ազդեցությունների նշանակալիությունը և մեծացումը` համեմատելով դրանք այն ազդեցությունների հետ, որոնք ապագայում կարող են առաջանալ առանց նախատեսվող գործունեության իրականացման: Ստորև բերվում է շրջակա միջավայրի ելակետային վիճակի կոնկրետ տվյալների մանրակրկիտ նկարագրությունը, որը պետք է ներկայացվի նախատեսվող հանքարդյունահանման ՇՄԱԳ հաշվետվությունում:
ա. «Շրջակա միջավայրի ելակետային վիճակի սահմանման նպատակով տվյալների հավաքագրումը և հետազոտության մեթոդները» բաժնում շրջակա միջավայրի ելակետային վիճակի գնահատումը պետք է ներառի նախատեսվող գործունեության կողմից զբաղեցվող հողատարածքը, ինչպես նաև դրա անմիջական հարևանությամբ գտնվող տարածքները և ցանկացած այլ տարածքներ, որոնց վրա կարող են ազդել նախատեսվող գործունեությամբ պայմանավորված աշխատանքները: Այդ տարածական սահմանները կարող են արտացոլել բնական խզումները (գետերի հովիտներ, ջրբաժանները), կամ սոցիալական զբաղվածությամբ համայնքները: Այստեղ կարող են նշվել նաև անդրսահմանային տարածքները: Գնահատման ժամանակ յուրաքանչյուր տարածքի ընտրություն (կամ դրա բացառում) անհրաժեշտ է հիմնավորել: Պետք է հիմնավորել նաև շրջակա միջավայրի ելակետային վիճակը` տվյալների հավաքագրման միջոցով, որի դեպքում անհրաժեշտ է ապահովել` համապատասխան մարմինների հետ կապը, տվյալների աղբյուրներին համապատասխան հղումների առկայությունը, տվյալների հավաքագրման պատշաճ մեթոդների կիրառումը, տվյալների հավաքագրման բարդությունների կամ օգտագործված տվյալներում առկա բացերի նկարագրությունը: Հարցերի պատասխանները պետք է լինեն ամբողջական, իսկ առկա անորոշությունների աստիճանը` նկարագրված: Եթե տվյալների բացերի լրացման նպատակով կարող էին կատարվել լրացուցիչ ուսումնասիրություններ, անհրաժեշտ է նշել, թե ինչու դրանք չեն կատարվել:
բ. «Տեղադիրքը, ռելիեֆը, գեոմորֆոլոգիան և երկրաբանական կառուցվածքը» բաժին`
1. Տեղադիրքը
. Աշխարհագրական դիրք`
նշել տարածքի աշխարհագրական կոորդինատները (լայնություն, երկայնություն) և վարչատարածքային դիրքը (օրինակ` մարզ, համայնք):
. Սահմաններ և հարակից տարածքներ`
նկարագրել, թե ինչ տարածքներ կամ ենթակառուցվածքներ են հարում տարածքին (քաղաքներ, գետեր, ջրամբարներ, բնապահպանական արգելոցներ և այլն):
2. Ռելիեֆը
. Բարձրության տատանումներ`
նշել ծովի մակարդակից տարածքի նվազագույն և առավելագույն բարձրությունները:
. Հիմնական ռելիեֆային տարրեր`
նկարագրել լեռնային զանգվածները, հովիտները, սարահարթերը, ժայռերը կամ լեռնանցքները:
. Լանջերի թեքություն`
նկարագրել լանջերի թեքության աստիճանը (փոքր, միջին կամ կտրուկ) և ուղղությունները:
3. Գեոմորֆոլոգիա
. Գեոմորֆոլոգիական կառուցվածք`
նշել, թե ինչ տիպի ռելիեֆային ձևեր են տարածված (լեռնաշղթաներ, սարավանդակներ, հովիտներ):
. Տարածքի գեոմորֆոլոգիական զարգացում`
արձանագրել, թե ինչպես են ձևավորվել ռելիեֆի այս ձևերը (էրոզիա, հողմապտույտներ, հրաբխային գործունեություն):
. Դինամիկա`
նշել տարածքում ակտիվ սողանքների, էրոզիայի կամ երկրաշարժերի հավանականությունը:
4. Երկրաբանական կառուցվածք
. Հիմնական քարատեսակներ և հանքանյութեր`
նկարագրել տարածքում հանդիպող հիմնական քարատեսակները (հրաբխային, նստվածքային կամ մետամորֆային), ինչպես նաև հանքային ռեսուրսների առկայությունը:
. Երկրաբանական ժամանակաշրջաններ`
նշել, թե որ երկրաբանական ժամանակաշրջանի շերտերն են հանդիպում տվյալ տարածքում (օրինակ` չորրորդական, միջին պալեոզոյ):
. Կոտրվածքներ և այլ երկրաբանական անոմալիաներ`
նշել ակտիվ կամ պասիվ սեյսմիկ կոտրվածքները և դրանց ազդեցությունը տարածքի կառուցվածքի վրա:
Բաժնում շրջակա միջավայրի ելակետային վիճակի նկարագրությունը պետք է ներառի հանքավայրի տարածքի երկրաբանական պայմանների, ներառյալ` օգտակար հանածոների պաշարների և մակաբացման ապարների կազմի մանրակրկիտ նկարագրությունը: Անհրաժեշտ է նկարագրել արդյունահանվող նյութերում վտանգավոր նյութերի կոնցենտրացիաները, ինչպես նաև դրանց թթվագեներացիայի հնարավորությունները (նման դեպքերում հաճախ ստեղծվում են պայմաններ թթվային հանքաջրերի ցամաքուրդի համար): Առանձնահատուկ մանրամասնությամբ պետք է ներկայացվի տեղեկատվություն շրջակա միջավայրի բնական բաղադրիչների աղտոտման աղբյուր հանդիսացող տարրերի պարունակությունների վերաբերյալ:
գ. «Կլիմայի բնութագիր» բաժնում պետք է ներառվի հանքարդյունահանման ենթադրվող տարածքի տեղումների բաշխման ռեժիմը, ներառյալ` քանակը և սեզոնային փոփոխությունները: Էքստրեմալ կլիմայական երևույթները (երաշտ, ջրհեղեղ, ցիկլոններ և այլն) պետք է առանձնահատուկ քննարկման առարկա դառնան` ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համատեքստում: Հանքի տարածքի և շրջանի կլիմայական պայմանները (տեղումներ, գոլորշիացում, կլիմայի տեսակը, սեզոնային կամ երկարաժամկետ փոփոխությունները, գերակշռող քամիների ուղղությունները, փոթորիկները, ջերմաստիճանը): Հաշվի առնել ռելիեֆի դերը` կարող են արդյոք լեռնային կամ հովտային տեղանքները նպաստել աղտոտման կուտակմանը (օրինակ` ջերմային ինվերսիաներ):
դ. «Սեյսմիկ պայմանների բնութագիր» բաժինը պարտադիր է թաց պոչամբարի առկայությամբ նախագծերի դեպքում: Մասնավորապես, եթե նախագիծը նախատեսում է նմանատիպ պոչամբարների կառուցում, ապա անհրաժեշտ է գնահատման հաշվետվության մեջ պատշաճ կերպով նկարագրել առկա սեյսմիկ պայմանները, մասնավորապես` սեյսմիկ ազդեցության ճշգրտված բնութագրերը (գետնի սպասվող առավելագույն արագացում և գրունտային պայմաններ` ըստ սեյսմիկ հատկությունների), մանրամասն սեյսմաշրջանացման և սեյսմամիկրոշրջանացման արդյունքները, ներառյալ` ուժեղ երկրաշարժի վտանգը, որը կարող է վնասել հանքի օբյեկտները և առաջացնել աղետալի հետևանքներ (օրինակ` պոչամբարի ամբարտակի փլուզումը): ՇՄԱԳ հաշվետվությունը պետք է ներառի հանքի տարածքում հնարավոր երկրաշարժի սցենարի նկարագրությունը և հանքի ենթակառուցվածքների (հատկապես թաց պոչերի տեղադրման պոչամբարի, եթե այդպիսին նախատեսվում է) վրա դրա պոտենցիալ ազդեցության գնահատականը` համաձայն սեյսմիկ ռիսկի քարտեզի:
ե. «Մակերևութային և ստորերկրյա ջրերի որակի բնութագիր» բաժինը պետք է պարունակի մանրակրկիտ տեղեկատվություն մակերևութային և ստորերկրյա ջրերի տեղադիրքի, բաշխման, որակի և քանակության վերաբերյալ, որոնք կարող են կապված լինել նախագծի կամ դրա այլընտրանքային տարբերակների հետ: Տվյալները և դրանց հիման վրա իրականացված վերլուծությունը պետք է լինեն բավարար մակարդակի մանրամասնեցված` էկոլոգիապես նշանակալի աշխարհագրական շրջանների պայմանները հասկանալու համար: Ջրի որակի ելակետային վիճակի հետազոտությունը պետք է հաշվի առնի ջրավազանային կառավարման տարածքներում ջրօգտագործման (կոմունալ-կենցաղային, արդյունաբերական, քաղաքային, գյուղատնտեսական, ռեկրեացիոն և այլ) պայմանները և գնահատի ջրի որակն իբրև էկոհամակարգի մի մաս (կենդանիների և բույսերի գոյության տեսանկյունից ելնելով): Ջրի որակի հետազոտման արդյունքները պետք է համեմատվեն ջրի որակի ստանդարտների և այլ նորմատիվների հետ` ըստ ջրօգտագործման յուրաքանչյուր տեսակի: Քանակական մոտեցումը պետք է արտացոլի մի քանի գործոններ, օրինակ` ջրհավաք ավազանների տեղադիրքը, հիդրոլոգիական գործընթացները, տարբեր ջրօգտագործողների կողմից ջրային ռեսուրսների նկատմամբ հասանելիությունը: Մակերևութային ջրերի առկա որակի բնութագիրը պետք է հաշվի առնի` հիդրոլոգիան (նախագծի իրացման և ազդեցության գոտում բոլոր մակերևութային ջրերի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և հիդրոլոգիական բնութագրերի նկարագրությունը և տեղադիրքը, ներառյալ` սեզոնային տատանումները). քարտեզների վրա տեղադիրքը և առվակների, գետերի ու լճերի ավազանների բնութագիրը. ջրերի աղտոտման գոյություն ունեցող աղբյուրների բացահայտումը, հոսքերի ծավալները, նվազագույն ծախսը. ճահճացված տարածքների բացահայտումը. ջրհեղեղի ժամանակ ջրածածկ տարածքները, ջրի հոսքի նվազագույն արագությունը և ուղղությունը. ջրի որակի կիրառվող ստանդարտները. ջրի որակի ընդհանուր ցուցանիշները (ֆիզիկական և քիմիական, pH, պղտորություն, կախյալ մասնիկները, ջերմաստիճանը, լուծված թթվածինը, թթվածնի կենսաքիմիական պահանջը, թթվածնի քիմիական պահանջը, լուծված պինդ մարմինները, հանքայնացումը): Առանձնահատուկ անհանգստություն առաջացնող տարածված աղտոտող նյութերն են` մկնդեղ, քրոմ, պղինձ, կադմիում, ցիանիդ, երկաթ, կապար, սնդիկ, մոլիբդեն, նիկել, ազոտաթթու, սուլֆատներ, ուրան, վանադիում, ցինկ, թալիում, ամոնիակ, մանգան: Եթե ընտրված են ջրի ֆոնային նմուշներ (մակերևութային կամ գրունտային), ապա դրանք պետք է անալիզի ենթարկվեն վերոշարադրյալ բոլոր ցուցանիշներով և ըստ աղտոտող նյութերի առկայության: Բացի այդ անհրաժեշտ է անալիզի ենթարկել նաև տվյալ շրջանին, ինչպես նաև հանքաքարի հարստացմանն առաջարկվող մեթոդին բնորոշ այլ աղտոտող նյութերի առկայությունը պարզելու համար:
Ջրային հաշվեկշիռը (ջրի մուտքի և ելքի բաղադրիչների քանակական հարաբերակցություն որոշակի ժամանակամիջոցում): Դա հնարավորություն է տալիս իմանալ ջրի ավելցուկի և պակասորդի ժամանակաշրջանները և դրա պատճառները: Այդ տեղեկատվությունը կարևոր է նաև ջրի որակի գնահատման համար, քանի որ թույլ է տալիս իմանալ կան արդյո՞ք տարվա կտրվածքով ժամանակաշրջաններ, երբ աղտոտիչների խտությունները ավելի բարձր են: Մակերևութային ջրերի որակի վերաբերյալ տվյալները պետք է հաստատվեն մեթոդոլոգիական և վերլուծական տվյալներով:
զ. «Մակերևութային և ստորերկրյա ջրերի քանակական բնութագիր» բաժնում պետք է ներկայացվի հետևյալ հիմնական տեղեկատվությունը ստորերկրյա ջրերի պաշարների վերաբերյալ` ստորերկրյա ջրերի տեղադրման խորությունը` սեզոնից կախված. ջրատար հորիզոնների հզորությունը, երկրաբանությունը և տեղադիրքը, ինչպես նաև դրանց հիդրավլիկ հաղորդականության դիապազոնը, ստորերկրյա ջրերի հոսքի ուղղությունը, աղբյուրների տեղադիրքը և ջրահոսքը, ստորերկրյա ջրերի օգտագործողները, ստորերկրյա և մակերևութային ջրերի միավորման վայրերը:
է. «Ջրօգտագործման նկարագիրը» բաժնում պետք է ներկայացվեն (ջրային ռեսուրսի կամ հիդրոտեխնիկական կառույցի անվանումը, գտնվելու վայրը, նպատակը), ջրառի աղբյուրը, գտնվելու վայրը և ծավալը, ջրահեռացման վայրը և ծավալը, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության առկայության և տվյալ տարածքում գործող ջրօգտագործողների վրա իրականացվող գործունեության ազդեցության վերաբերյալ տեղեկատվություն:
ը. «Մթնոլորտային օդի որակի բնութագիր» բաժնում պետք է ներկայացվեն հետևյալ ելակետային տեղեկությունները` օդային ավազանի վրա ազդեցությունը, մթնոլորտային օդի որակի փոփոխման պատմական միտումները, մթնոլորտային օդի որակը նախատեսվող լեռնային աշխատանքների օդային ավազանում, խոցելի յուրացնողներին (ռեցիպիենտ), օդի որակի մշտադիտարկումների կայանի տեղադիրքը կամ օդի նմուշների վերցման վայրերը: Մթնոլորտային օդի որակի ելակետային անալիզը պետք է ներառի հետևյալ պարամետրերի չափումները` կախված մասնիկներ (այդ թվում PM10 և PM2.5), ածխածնի օքսիդ (CO), ազոտի օքսիդներ (N Ox), ծծմբի երկօքսիդ (SO2), ծանր մետաղներ (կապար (Pb), կադմիում (Cd), մկնդեղ (As), սնդիկ (Hg)), մուր, բենզ(ա)պիրեն, մանգանի օքսիդներ, ֆտորիդներ, երկաթի օքսիդներ, ֆտորաջրածին, ածխաջրածիններ: Մթնոլորտային օդի որակի ելակետային ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ամրագրված լինի մեթոդոլոգիական և վերլուծական տվյալներով: Այլ կերպ ասած, ազդեցության գնահատման հաշվետվությունը պետք է հստակ ներառի օդի նմուշների ընտրության մեթոդների նկարագրությունը, ինչպես նաև նմուշների վերցման հստակ կետերը և քանակը: Դրանք պետք է լինեն ներկայացուցչական նախատեսվող գործունեության ազդեցության գոտու համար:
Նշել` օդի աղտոտման տարրեր
. Նշել տարածքի մթնոլորտային աղտոտիչների ցուցանիշները` կախված մասնիկներ (այդ թվում PM10 և PM2.5), ածխածնի օքսիդ (CO), ազոտի օքսիդներ (N Ox), ծծմբի երկօքսիդ (SO2), ծանր մետաղներ (կապար (Pb), կադմիում (Cd), մկնդեղ (As), սնդիկ (Hg)), մուր, բենզ(ա)պիրեն, մանգանի օքսիդներ, ֆտորիդներ, երկաթի օքսիդներ, ֆտորաջրածին, ածխաջրածիններ:
Հաշվի առնել ռելիեֆի դերը` կարող են արդյոք լեռնային կամ հովտային տեղանքները նպաստել աղտոտման կուտակմանը (օրինակ` ջերմային ինվերսիաներ)
Ներկայացնել` հողի, ջրի և օդի աղտոտման տարածման դինամիկան:
Նկարագրել ռելիեֆի ազդեցությունն աղտոտիչների տարածման ուղղության վրա (օրինակ. գետահովիտներն ու լանջերը կարող են նպաստել ծանր մետաղների և պեստիցիդների տեղափոխմանը դեպի ստորին հոսանքներ):
Նշել հնարավոր սողանքների, էրոզիայի և հողմահարման հետևանքով աղտոտման տարածման վտանգները:
թ. «Հողի որակի բնութագիր» բաժնում հողի որակի ելակետային ցուցանիշների հետազոտումը հիմնված է տեղեկատվության երեք գլխավոր աղբյուրների վրա` կամերալ անալիզ, դաշտային աշխատանք և լաբորատոր անալիզ: Ելակետային ցուցանիշների հետազոտումը պետք է ներառի հողային քարտեզագրում, քիմիական բաղադրիչների պարունակությունների աղյուսակներ, անալիզի մեթոդների նկարագրություն, գրականության տեսություն, հողի նմուշարկման տվյալներ և լաբորատոր անալիզի արդյունքներ: Հողի նմուշների վերցման վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ընդգրկի նմուշարկման կետերի, հանքային իրավունքի տրամադրման տեսանկյունից, ողջամիտ քանակություն: Պետք է նմուշարկվի հողի հատույթներում հանդիպող յուրաքանչյուր հորիզոն: Հողային պրոֆիլի առավելագույն խորությունը սովորաբար կազմում է մինչև 150 սմ, հատկապես ալյուվիալ հողերում: Ընդհանուր առմամբ նմուշները վերցվում են համակարգված կերպով` ըստ նմուշարկման ցանցի, սակայն միևնույն ժամանակ կարող է տեղին լինել առանձնահատուկ հետաքրքրություն առաջացնող տեղամասերի նմուշարկումը կամ միանգամյա նմուշի վերցնումը: Լաբորատոր անալիզը պետք է տեղեկատվություն ներկայացնի հողի բաղադրության վերաբերյալ: Բացի այդ, պետք է ներկայացվեն ջրի պարունակության, օրգանական կազմի, հողի կառուցվածքի, մասնիկների մեծության և ծավալային զանգվածի վերաբերյալ տվյալներ: Հողի ելակետային որակի անալիզը պետք է պարունակի հետևյալ պարամետրերի չափումը` pH, կատիոնային փոխանակման տարողունակությունը (հողային կոլոիդների վրա կլանված կատիոնների ընդհանուր թիվը ցույց է տալիս պոտենցիալ բերքատվությունը), հողի սնուցման ռեժիմը (կալիում, կալցիում, մագնիում, ազոտ և ֆոսֆոր), ծանր մետաղներ (կապար, պղինձ, ցինկ, կադմիում, սնդիկ և քրոմ):
ժ. «Բուսական և կենդանական աշխարհ» բաժնում զետեղված ելակետային տեղեկատվությունը պետք է պարունակի նախատեսվող տարածքի բուսական և կենդանական համակեցությունները, բույսերի և կենդանիների տեսակային կազմը, ինչպես նաև միջտեսակային ու տեսակների պոպուլյացիաների փոխազդեցության սխեմաները և այն աճելավայրերի, ապրելավայրերի և կենդանիների միգրացիայի ուղիների բնութագրերը, որոնք կարող են ընկնել նախատեսվող գործունեության ազդեցության տակ: ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների, ինչպես նաև էնդեմիկ տեսակների համար պետք է իրականացվի մանրամասն հետազոտություն` տվյալ տարածքի վրա դրանց տարածման և թվաքանակի որոշման նպատակով: Կենսաբազմազանության տեսակների բոլոր այդպիսի տեղադիրքերը պետք է նշվեն համապատասխան մեկնաբանություններով քարտեզների վրա:
ժա. «Վտանգված էկոհամակարգեր, բնության հատուկ պահպանվող տարածքներ» բաժնում նկարագրել բնության հատուկ պահպանվող տարածքների առկայության, գործունեության տարածքից հեռավորության, վտանգված, Կարմիր գրքում գրանցված կենդանական և բուսական տեսակների վերաբերյալ տեղեկություններ:
ժբ. «Աղմուկ» բաժնում անհրաժեշտ է նկարագրել աղմուկի առկա իրավիճակը, եթե նախատեսվող գործունեության արդյունքում շրջակա միջավայրի այս բնութագիրը ենթարկվելու է ազդեցության:
ժգ. «Լուսային, ջերմային և էլեկտրամագնիսական ճառագայթում» բաժնում պետք է նկարագրել լուսային, ջերմային և էլեկտրամագնիսական ճառագայթման հետ կապված առկա իրավիճակը, եթե նախատեսվող գործունեության արդյունքում շրջակա միջավայրի այս բնութագրերը ենթարկվելու են ազդեցության:
ժդ. «Ելակետային սոցիալ-տնտեսական ցուցանիշներ» բաժինը ներառում է ամբողջ գործունեությունը և սոցիալ-տնտեսական գործընթացները, որոնց վրա ուղղակի կամ անուղղակի կերպով կարող է ազդել լեռնային աշխատանքների նախագիծը (տես` N 4 հավելվածով սահմանված սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման հաշվետվության կազմման ուղեցույցը): Հիմնականում առանձնանում է ազդեցության տակ ընկնող կոնկրետ սոցիալ-տնտեսական միջավայրը: Առանձնահատուկ կարևորվում է տեղական համայնքների վրա ազդեցության գնահատականը: Հարցերի բնույթը, քանակը և մանրամասնության աստիճանը չափազանց փոփոխական է: Տվյալ բաժնում պետք է պարտադիր առկա լինի հետևյալ տեղեկատվությունը` տեղի բնակչության բաշխվածությունը ենթադրվող օբյեկտի տեղադիրքի նկատմամբ. ժողովրդագրական նկարագիրը (տարածքի բնակչության քանակությունը, տարիքային կազմը, թվաքանակի աճը). տնտեսական գործունեությունը, զբաղվածությունը, եկամուտները, բնակելի ֆոնդի որակը և քանակը, հասարակական անվտանգությունը (ոստիկանություն, հրշեջ ծառայություն և այլն), կրթություն (միջին մակարդակ, մատչելիություն, պետական և մասնավոր), բժշկական ծառայություններ, հանգստյան գոտիներ, ազդակիր համայնքների զարգացման ծրագրերի առկայություն, նախատեսվող գործունեության համապատասխանությունը դրանց կոմունալ ենթակառուցվածքների մատչելիություն, նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրության վերաբերմունքը, տեղեկատվություն հանրության ծանուցման, հանրային լսումների վերաբերյալ (ծանուցման հրապարակման պատճեները, ստացված դիտողություններն ու առաջարկությունները, հանրային լսումների արձանագրությունները, լուսանկարները կամ տեսաձայնագրությունները): Անհրաժեշտ է նկարագրել նախատեսվող գործունեության արդյունքում զբաղեցվող հողատարածքի և հարակից տարածքների առկա հողօգտագործումները (այդ թվում` բնակելի, կոմերցիոն, արդյունաբերական, գյուղատնտեսական, ռեկրեացիոն ու բարեկարգման նպատակով հողօգտագործումները և բոլոր շենքերը, շինությունները կամ այլ սեփականություն), ինչպես նաև հողն օգտագործող բնակչության մասին տեղեկություն: Բացի դրանից, պետք է դիտարկել նախատեսվող տեղանքի և հարակից տարածքների լանդշաֆտը կամ քաղաքային լանդշաֆտը, եթե առկա են որևէ նշանակված կամ պահպանվող լանդշաֆտներ կամ դիտակետեր:
ժե. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ և պատմական միջավայր» բաժնում պետք է նկարագրել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները և պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցները, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց գրաված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքով, դրանց մասը կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, պատմամշակութային և բնապատմական արգելոցները և հիշարժան վայրերը, որոնք գտնվում են նախատեսվող գործունեության տարածքում կամ հարակից տարածքներում և կարող են հատվել նախատեսվող գործունեության կամ դրա հետ կապված աշխատանքային գոտու հետ:
ժզ. «Բնության հուշարձաններ» բաժնում պետք է նկարագրել բնության հուշարձանի անվանումը և դասակարգումը, տիպը, տեղադիրքը, որոնք գտնվում են նախատեսվող գործունեության տարածքում կամ հարակից տարածքներում և կարող են հատվել նախատեսվող գործունեության կամ դրա հետ կապված աշխատանքային գոտու հետ:
13) Շրջակա միջավայրի վրա պոտենցիալ և կանխատեսվող ազդեցության գնահատում, որի սկզբում անհրաժեշտ է հստակ սահմանել իրականացվելիք ազդեցությունների գնահատման շրջանակները: Այս բաժնում պետք է կիրառել հետևյալ մոտեցումները.
ա. գնահատել նախատեսվող գործունեության միայն այն ազդեցությունները և բաղադրիչները, որոնք կարող են ենթարկվել ազդեցության (ինչպես բերված է շրջակա միջավայրի ելակետային վիճակի նկարագրությունում և նախատեսվող գործունեության շրջանակներում) (տես` N 3 հավելվածով սահմանված շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցության գնահատման հաշվետվության կազմման ուղեցույցը.
բ. կիրառել գնահատման շրջանակների նկատմամբ համակարգված մոտեցում.
գ. հնարավոր ազդեցությունների հավանականության և նշանակալիության բացահայտման և գնահատման նպատակով տրամադրել անցկացված քննարկումների շրջանակների վերաբերյալ փաստեր (տես` N 4 հավելվածով սահմանված սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման հաշվետվության կազմման ուղեցույցը):
Սույն բաժնում դիտարկվող ազդեցություններից յուրաքանչյուրն անհրաժեշտ է նկարագրել ըստ աշխարհագրական տարածման, տևողության, հաճախականության, դարձելիության և տեղի ունենալու հավանականության: Պետք է նկարագրել շրջակա միջավայրի վրա ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցությունները: Շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցությունների դիտարկման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել արտակարգ պատահարների և վտանգավոր գործոնների հավանականությունը: Անհրաժեշտ է նկարագրել արտակարգ պատահարների և վթարների կանխարգելման և դրանց արձագանքման միջոցառումները, այդ թվում` կանխարգելիչ միջոցառումները, ուսուցումը, վթարային և արտակարգ իրավիճակներում միջոցառումների պլանները: Հնարավոր ռիսկերից են` վտանգավոր նյութերի բարձման-բեռնաթափման արդյունքում առաջացող ռիսկերը. արտահոսքի, հրդեհի կամ պայթյունի ռիսկերը. ճանապարհա-տրանսպորտային պատահարների ռիսկերը. տեխնոլոգիական գործընթացների կամ սարքավորանքի խափանման արդյունքում առաջացող ռիսկերը. նախագծի վրա բնական աղետների ազդեցության ռիսկերը (երկրաշարժ, ջրհեղեղ, փլուզում և այլն): Հնարավոր ազդեցությունների կանխատեսումներում անհրաժեշտ է ընդգրկել այն հողատարածքը, որը ենթադրաբար կզբաղեցվի նախատեսվող գործունեության համար, ինչպես նաև հարակից տարածքները և ցանկացած այլ տարածքներ, որոնք կարող են համարվել նախատեսվող գործունեության հետ կապված աշխատանքների ազդեցության գոտում: Եթե որևէ տվյալ, որը կարող էր օգտագործվել ազդեցությունների կանխատեսման համար հասանելի չէ, ապա դրա մասին պետք է նշել, իսկ հետևանքները դիտարկել: Կանխատեսվող ազդեցությունների գնահատման ժամանակ պետք է հիմնավորել տվյալ մեթոդաբանության կիրառումը: Անհրաժեշտ է նշել` եղել են արդյո՞ք բարդություններ որևէ ազդեցության կանխատեսման ժամանակ, կան արդյո՞ք արված որևէ եզրակացությունների հետ կապված անորոշություններ, կան արդյո՞ք չլրացված բացեր: Բոլոր այս հարցերին պետք է տալ ամբողջական պատասխաններ և հստակ նկարագրել առկա բոլոր անորոշությունների աստիճանը: Եթե գնահատման ժամանակ բացահայտվել են անորոշություններ, անհրաժեշտ է կանխատեսումներում ներառել զգայունության վերլուծություն և վատագույն տարբերակով` դեպքի դիտարկում: Նախատեսվող գործունեության (կամ դրան առնչվող և դրա հետ անուղղակի կապ ունեցող գործունեություն) հնարավոր ազդեցությունների դիտարկման ժամանակ անհրաժեշտ է գնահատել տվյալ ազդեցության հավանականությունը և նշանակալիությունը: Պետք է դիտարկել յուրաքանչյուր կանխատեսվող ազդեցության նշանակալիությունը կամ կարևորությունն ըստ դրա համապատասխանության օրենսդրական պահանջներին և ազդեցության ենթարկվող մարդկանց, ռեսուրսների կամ այլ ռեցեպտորների թվի, կարևորության և զգայունության: Անհրաժեշտ է հստակ սահմանել ազդեցությունների հավանականության և նշանակալիության գնահատման մեթոդաբանությունը, որը նույնպես կարևորվում է դրական եզրակացության ստացման համար: Պետք է համապատասխան շեշտադրում անել նախագծի ամենամեծ վնասակար ազդեցություններին և ավելի պակաս ուշադրության արժանացնել նվազ կարևոր ազդեցությունները: Անհրաժեշտ է հստակ ցույց տալ, որ հաշվի են առնվել ազգային կամ միջազգային չափորոշիչներն ու համապատասխան ուղեցույցներն այն դեպքերում, երբ գնահատվում է ազդեցությունների համապատասխանությունը օրենսդրական պահանջներին: Գոյություն ունեն էկոլոգիական արդյունքի և ազդեցության տեսակների որոշման մի քանի եղանակներ: Դրանցից ամենատարածվածներն են` հսկող հարցերի ցուցակները, մատրիցները, բլոկ-սխեմաները, շրջակա միջավայրի պայմանների գնահատման համակարգերը: Հսկող հարցերի ցուցակները հիմնված են նախագծին վերաբերող կենսաֆիզիկական, սոցիալական և տնտեսական հատուկ գործոնների ցուցակների վրա: Հսկող հարցերի ցուցակները սովորաբար չեն պարունակում պատճառահետևանքային ուղիղ կապեր նախագծային գործունեության հետ: Աղյուսակ 1-ում ներկայացված է բաց լեռնային աշխատանքներով շահագործվող և կույտային տարալվացման եղանակով հարստացվող հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության նախագծում ներկայացվող հսկող հարցերի ցուցակների օրինակելի նմուշը: Մատրիցն աղյուսակ է (աղյուսակ 2), որի միջոցով որոշվում են նախագծի գործունեության տեսակների և էկոլոգիական բնութագրության փոխգործողությունները: Մատրիցները կազմակերպում և քանակական գնահատական են տալիս մարդու գործունեության և համապատասխան ռեսուրսների միջև փոխհարաբերություններին: Մատրիցի վանդակների լրացումից հետո, այն հնարավորություն է տալիս գնահատել որոշակի ռեսուրսների, էկոհամակարգերի և համայնքների վրա մի քանի տեսակի ազդեցություններ: Մատրիցներում նշվում են ցուցանիշների «մեծությունը» և «նշանակալիությունը»: «Մեծությունը» վերաբերում է երևույթի մասշտաբներին կամ աստիճանին, իսկ «նշանակալիությունը» կապված է ենթադրվող ազդեցությունների պոտենցիալ հետևանքների կարևորության հետ: Որպես կանոն մատրիցներն ունեն 1-10 գնահատման աստիճան, որտեղ առավելագույնը հանդիսանում է 10: Մատրիցների հիմնական թերությունն այն է, որ դրանք արդյունավետ ներկայացնում են միայն ազդեցության սկզբնական տեսակները: Այդ իսկ պատճառով հաճախ ազդեցության գնահատման հաշվետվություններում մատրիցներից բացի լրացուցիչ տրվում են աղյուսակներ, հսկող հարցերի ցուցակներ, ցանցային դիագրամներ` առավել բարձր կարգի ազդեցությունների ներկայացման համար:
Աղյուսակ 1.
Բաց լեռնային աշխատանքներով շահագործվող և կույտային տարալվացման
եղանակով հարստացվող հանքավայրի
շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության նախագծում
ներկայացվող հսկող հարցերի ցուցակների օրինակելի նմուշը:
._____________________________________________________________________.
|Նախագծի |Շրջակա միջավայրի վրա պոտենցիալ ազդեցության աղբյուրները|
|փուլերը | |
|______________|______________________________________________________|
|Շինարարություն|Հանքաքարի և դատարկ ապարների տեղափոխման ճանապարհների |
| |շինարարություն |
| |______________________________________________________|
| |Կոշտ թափոնների պահեստավորման հրապարակի նախապատրաստում |
| |______________________________________________________|
| |Ֆաբրիկայի թափոնների և տարալվացման տեղամասի կուտակիչ |
| |______________________________________________________|
| |Ջրհեռացման ուղիների շինարարություն |
| |______________________________________________________|
| |Ֆաբրիկայի հիմքի շինարարություն |
| |______________________________________________________|
| |Կույտային տարալվացման հրապարակի նախապատրաստում |
| |______________________________________________________|
| |Հողաբուսական բերրի շերտի հանում և պահպանում |
| |______________________________________________________|
| |Կենցաղային հոսքաջրերի օգտահանման հարթակի |
| |նախապատրաստում |
| |______________________________________________________|
| |Ջրհեռացման կառույցների հարթակի նախապատրաստում |
| |______________________________________________________|
| |Բանավանի, գրասենյակների, արհեստանոցների, պահեստների |
| |կառուցում |
| |______________________________________________________|
| |Բացահանքի տարածքի նախապատրաստում |
|______________|______________________________________________________|
|Շահագործում |Բացահանքերի շահագործում |
| |______________________________________________________|
| |Հանքաքարի տեղափոխում տարալվացման հրապարակ |
| |______________________________________________________|
| |Տարալվացման հրապարակի ընդլայնում |
| |______________________________________________________|
| |Հանքաքարի տարալվացում |
| |______________________________________________________|
| |Նյութերի տեղափոխում և օգտահանում, թափոնների |
| |տեղափոխում |
| |______________________________________________________|
| |Հանքաքարի տեղափոխում վերամշակող գործարան և պահպանում |
| |______________________________________________________|
| |Վերամշակող գործարանում վերամշակման նյութերի, |
| |լուծույթների կառավարում |
| |______________________________________________________|
| |Ջարդված հանքաքարի պահպանություն |
| |______________________________________________________|
| |Հանքաքարի մանրեցում և մետաղների առանձնացում |
| |______________________________________________________|
| |Հանքաքարի հարստացման պոչերի օգտահանում |
| |______________________________________________________|
| |Արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերի մշակում |
| |______________________________________________________|
| |Վտանգավոր նյութերի կառավարում |
|______________|______________________________________________________|
|Հանքի փակում |Բացահանքերի փակում |
| |______________________________________________________|
| |Դատարկ ապարների լցակույտերի փակում |
| |______________________________________________________|
| |Կույտային տարալվացման հրապարակների փակում |
| |______________________________________________________|
| |Դատարկ ապարների կիրառումը լցափակման համար |
| |______________________________________________________|
| |Պահեստային շինությունների փակում |
| |______________________________________________________|
| |Ջրի և էլեկտրաէներգիայի աղբյուրների փակում |
| |______________________________________________________|
| |Տեղանքի մաքրում |
| |______________________________________________________|
| |Հողերի ռեկուլտիվացիա |
| |______________________________________________________|
| |Ներքին ճանապարհների վերականգնում |
| |______________________________________________________|
| |Բուսական շերտի վերականգնում |
| |______________________________________________________|
| |Տարածքի հետագա օգտագործում |
._____________________________________________________________________.
---------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում