Սեղմել Esc փակելու համար:
1949 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1949 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ԿՈԼԵԿ ...

 

 

020.0407.080103

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1949 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ԿՈԼԵԿՏԻՎ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ
ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 8 հունվարի 2003 թվականի

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ`

Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար Ռ. Մարտիրոսյանի,

հրավիրված` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Լևոն Ամիրջանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1949 թվականի հուլիսի 1-ին Ժնևում ընդունված` Կոլեկտիվ բանակցություններ կազմակերպելու և վարելու իրավունքի սկզբունքների կիրառման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանի բացատրությունը, հրավիրված Լ. Ամիրջանյանի պարզաբանումները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1949 թվականի հուլիսի 1-ին Ժնևում` կոլեկտիվ բանակցությունների կազմակերպումն ու վարումը կանոնակարգելու նպատակով, և ուժի մեջ է մտել 1951թ. հուլիսի 18-ին:

2. Կոնվենցիայով սահմանվում են աշխատողների` աշխատանքի բնագավառում միավորման ազատության սահմանափակման խտրականությունից պատշաճորեն պաշտպանվելու իրավունքը (հոդված 1), աշխատողների և գործատուների կազմակերպությունների` միմյանց կամ իրենց անդամների կամ գործակալների կողմից այդ կազմակերպությունների ստեղծման, գործունեության և կառավարման հարցերում միջամտության ցանկացած գործողության դեմ ուղղված պատշաճ պաշտպանության իրավունքը (հոդված 2):

3. Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված իրավունքի կապակցությամբ կոնվենցիայում սպառիչ կերպով թվարկվում են այն գործողությունները, որոնք, կոնվենցիայի իմաստով, դիտվում են որպես աշխատողների` աշխատանքի բնագավառում միավորման ազատությունը սահմանափակող գործողություններ: Դրանք են. 1. աշխատողին աշխատանքի ընդունելն այն պայմանով, որ նա չմիանա որևէ միության կամ դուրս գա արհմիությանն անդամակցությունից, 2. աշխատողին աշխատանքից հեռացնելը կամ այլ միջոցով վնաս հասցնելը` այն հիմնավորումով, որ նա արհմիության անդամ է կամ մասնակցում է արհմիության գործունեությանը ոչ աշխատանքային ժամերին, կամ գործատուի համաձայնությամբ աշխատանքային ժամերին:

4. Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված իրավունքի կապակցությամբ կոնվենցիայում սպառիչ կերպով թվարկվում են այն գործողությունները, որոնք, ըստ կոնվենցիայի, դիտվում են որպես աշխատողների կազմակերպության ստեղծմանը, գործունեությանն ու կառավարմանը միջամտող գործողություններ: Դրանք, մասնավորապես, այն գործողություններն են, որոնք նպատակ ունեն օժանդակելու գործատուների կամ գործատուների կազմակերպությունների իշխանության ներքո գտնվող աշխատողների կազմակերպությունների հաստատմանը կամ աջակցելու աշխատողների կազմակերպությանը ֆինանսական կամ այլ միջոցներով` նպատակ ունենալով այդպիսի կազմակերպություններին դնել գործատուների կամ գործատուների կազմակերպությունների հսկողության տակ:

5. Կոնվենցիայով կարգավորվում են նաև կոլեկտիվ բանակցությունների կազմակերպման իրավունքի ապահովման համար մարմին ստեղծելու, կոլեկտիվ համաձայնագրերի միջոցով աշխատանքի պայմանների կարգավորման, զինված ուժերի, ոստիկանության նկատմամբ կոնվենցիայի գործողության և մի շարք այլ հարաբերություններ:

Ըստ կոնվենցիայի` դրա գործողությունը չի տարածվում պետական ծառայողների վրա:

6. Սույն կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4 և 25 հոդվածների դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1949 թվականի հուլիսի 1-ին Ժնևում ընդունված` Կոլեկտիվ բանակցություններ կազմակերպելու և վարելու իրավունքի սկզբունքների կիրառման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 հունվարի 2003 թվականի

ՍԴՈ-407

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.01.2003
N ՍԴՈ-407
Որոշում