Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳ ...

 

01.09.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

7 փետրվարի 2024 թվականի N 07-Ն

 

ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2024 թվականի փետրվարի 7-ի

թիվ 07-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունում (այսուհետ` հաստատություն) մանկավարժական աշխատողի (մասնագիտական մոդուլներ (առարկաներ) դասավանդող դասախոսների և վարպետների) (այսուհետ` մանկավարժական աշխատող) ատեստավորման (այսուհետ` ատեստավորում) կազմակերպման, անցկացման, ատեստավորման հանձնաժողովի ձևավորման, ատեստավորման արդյունքների բողոքարկման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Ատեստավորման նպատակն է մանկավարժական աշխատողի` ըստ դասավանդման մոդուլների (առարկաներ) ուղղության (այսուհետ` ուղղություն) գիտելիքների իմացության աստիճանի գնահատումը և զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգումն է:

3. Նույն ուղղությամբ այլ հաստատությունում համատեղությամբ կնքված աշխատանքային պայմանագրով դասավանդող մանկավարժական աշխատողն ատեստավորման է ներկայացվում հիմնական աշխատավայրից:

4. Եթե մանկավարժական աշխատողն այլ հաստատությունում համատեղությամբ կնքված պայմանագրով դասավանդում է հիմնական աշխատավայրում դասավանդվող ուղղությունից տարբերվող ուղղությամբ, ապա ատեստավորման է ներկայացվում ինչպես հիմնական աշխատավայրից, այնպես էլ այն հաստատությունից, որտեղ հանդիսանում է համատեղությամբ աշխատող` նախարարի հրամանով հաստատված ուղղություններին և ժամանակացույցին համապատասխան:

4.1 Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժները կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման:

(4.1-ին կետը լրաց. 15.08.2025 թիվ 61-Ն հրաման)

5. Ատեստավորման ենթակա չեն`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող դասախոսը կամ արտադրական ուսուցման վարպետը, եթե նա նման հայտ չի ներկայացրել.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:

6. Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը ենթակա է ատեստավորման արձակուրդից վերադառնալուց մեկ տարի հետո` նախարարի հրամանով հաստատված իր դասավանդման ուղղություններին և ժամանակացույցին համապատասխան, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:

7. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող մանկավարժական աշխատողը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց չորս ամիս հետո` իր դասավանդման ուղղությամբ կազմակերպվող հաջորդ վերապատրաստմանը` նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցին համապատասխան:

8. Վերապատրաստմանը և ատեստավորմանը իր միջոցների հաշվին կարող է մասնակցել նաև նախարարի հրամանով հաստատված ուղղությանը համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող և չաշխատող անձը, և սույն կարգի 40-րդ կետի 1-ից 4-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերելու դեպքում օգտվել դրույքաչափի փոփոխության և հավելավճարի տրամադրման իրավունքից` աշխատանքի ընդունվելու օրվանից:

9. Մանկավարժական աշխատողի ատեստավորման գործընթացի ժամանակացույցը` ըստ ուղղությունների և քննական կենտրոնների, հաստատվում է նախարարի հրամանով և հրապարակվում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն), «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ԳԹԿ) պաշտոնական կայքէջերում` ժամանակացույցով հաստատված առաջին ատեստավորումից առնվազն 15 օր առաջ:

10. Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` նախարար) սահմանած կարգին համապատասխան` հաստատության տնօրենը կազմում է ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների ցանկը` համաձայն նախարարի հրամանով հաստատված ուղղությունների և ներկայացնում նախարարություն, ինչպես նաև մուտքագրում է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ԿՏԱԿ) (այսուհետ` ԿՏԱԿ) կայքում մանկավարժների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը:

11. Ատեստավորումն ըստ ուղղությունների իրականացվում է թեստավորման կամ գործնական աշխատանքների կատարման եղանակով:

 

2. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

12. Ատեստավորմանը մասնակցելու համար հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակվում է նախարարության և ԳԹԿ-ի պաշտոնական կայքէջերում:

13. Հայտարարության մեջ նշվում են`

1) հայտերի ընդունման սկիզբը և վերջնաժամկետը:

2) ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

3) Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում հայտագրման գործընթացի մանրամասները.

4) ուղղությունների ցանկը, որոնցով դասավանդող մանկավարժական աշխատողները կարող են հայտ ներկայացնել.

5) տվյալ ուղղության ատեստավորմանը հատկացվող ժամանակահատվածը:

14. Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն քննարկվում և վերադարձվում են հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողին` նշելով պատճառը:

15. Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով` կցելով 13-րդ կետով սահմանված փաստաթղթերն ու տեղեկատվությունը, և նույն էջում էլեկտրոնային եղանակով ստանում են ծանուցում հայտը գրանցված լինելու մասին:

16. Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը`

1) մանկավարժական աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը.

2) ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան).

3) դասավանդվող ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել.

4) այլ ուսումնական հաստատությունում համատեղությամբ աշխատելու դեպքում` տեղեկանք աշխատանքի վայրից.

5) հանրային ծառայությունների համարանիշը.

6) մանկավարժական աշխատողի էլեկտրոնային հասցեն, բջջային հեռախոսահամարը որը կարող է փոփոխվել միայն ատեստավորման գործընթացի ավարտից հետո:

7) պետական կրթական չափորոշչով սահմանված մասնագիտական կրթության հավաստող ավարտական փաստաթղթի կամ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքի պատճենը,

8) ատեստավորման նպատակով մանկավարժական աշխատողի վերապատրաստում անցնելու մասին վկայականի պատճենը.

9) սույն կարգի 42-րդ կետով սահմանված մանկավարժի դեպքում` տնօրենի կողմից տրամադրված տեղեկանք` ատեստավորմանը չմասնակցելու կամ 0-59 տոկոս արդյունք ցուցաբերելու մասին:

(16-րդ կետը փոփ. 15.08.2025 թիվ 61-Ն հրաման)

17. Անկախ դասավանդած ուղղությունների քանակից` մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ` իր ընտրությամբ:

 

3. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

18. Թեստային եղանակով ատեստավորման դեպքում.

1) Ատեստավորման թեստերը կազմում են տվյալ ուղղությամբ ոլորտային մասնագետները, որոնք նշանակվում են ԳԹԿ-ի տնօրենի հրամանով:

2) Թեստերում ընդգրկվող նյութերը և առաջադրանքների նմուշները` ըստ ուղղությունների, ներկայացվում են ԳԹԿ-ի կողմից մշակված մեթոդական ուղեցույցներում, որոնք կազմվում են ԳԹԿ-ում` տվյալ ուղղությամբ ոլորտային և առնվազն 7 տարվա մանկավարժական կամ գիտամանկավարժական գործունեության փորձ ունեցող մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից և տրամադրվում են ԳԹԿ-ին:

19. Գործնական եղանակով, ինչպես նաև թեստավորման և գործնական եղանակների համադրմամբ ատեստավորման դեպքում.

1) Ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է նախարարի համապատասխան հրամանով:

2) Ատեստավորման Հանձնաժողովը ձևավորվում է 3-5 անդամից` հետևյալ կազմով` նախարարությունից 1-2 անդամ և տվյալ ոլորտը ներկայացնող այլ շահագրգիռ կազմակերպություններից` 2-4 անդամ:

3) Ատեստավորման Հանձնաժողովը մշակում և հաստատում է իր աշխատակարգը, որում ամրագրվում են հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, ատեստավորման անցկացման 7 որոշումների կայացման, ինչպես նաև ստուգման ուղեցույցը և գնահատման մեխանիզմները:

4) Ատեստավորման Հանձնաժողովի լիազորությունները սահմանվում են օրենքով և սույն կարգով:

 

4. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

20. Ուղղության առանձնահատկություններով պայմանավորված ատեստավորումը կազմակերպվում է թեստավորման կամ գործնական եղանակով կամ երկու եղանակների համադրմամբ:

21. Թեստային եղանակով ատեստավորման դեպքում.

1) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ԿՏԱԿ) (այսուհետ` ԿՏԱԿ) կայքում հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ինքնաշխատ եղանակով ձևավորվում են հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողների ցուցակները` ըստ ուղղության: Ատեստավորման նպատակով հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողների` ինքնաշխատ եղանակով ցուցակների ձևավորման օրվանից հետո նախարարությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում դրանք կից գրությամբ Էլեկտրոնային եղանակով փոխանցում է ԳԹԿ-ին:

2) ԳԹԿ-ն յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակում է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը և ընդգրկվող նյութը, գործնական եղանակով ատեստավորման առաջադրանքների կառուցվածքը և ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

3) Հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողների ցուցակների հիման վրա ԳԹԿ-ն ատեստավորումը կազմակերպելու նպատակով ընտրում է ատեստավորման կենտրոններ և սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամանակացույցով հաստատված առաջին ատեստավորումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ մանկավարժական աշխատողներին բաժանում է խմբերի և յուրաքանչյուր մանկավարժական աշխատող իր էլեկտրոնային հասցեին ստանում է իր անցաթուղթը:

4) Անցաթուղթը պարունակում է մանկավարժական աշխատողների տվյալները (անունը, հայրանունը և ազգանունը), անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը), մարզը, հաստատությունը, ուղղությունը, ատեստավորման կենտրոնի գտնվելու վայրը, խմբի համարը, գիտելիքի ստուգման օրը և ժամը, ինչպես նաև արդյունքների մասին տեղեկանալու համար 6 նիշից բաղկացած ԳԹԿ անձնական համարը:

5) Ատեստավորման գործընթացը ատեստավորման կենտրոններում կազմակերպում են ԳԹԿ-ի տնօրենի հրամանով նշանակված` ատեստավորման կենտրոնի ղեկավարը և ներկայացուցիչները: Կենտրոնում հերթապահների ցուցակը կազմում և նրանց ներկայությունն ապահովում է տվյալ ուսումնական հաստատության տնօրենը:

6) Ատեստավորման կենտրոնի խմբերում ընդգրկված մանկավարժական աշխատողների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Ատեստավորման սենյակում յուրաքանչյուր խմբի աշխատանքները համակարգում է` առաջին խմբի համար` երկու ներկայացուցիչ, յուրաքանչյուր հաջորդ խմբի համար` մեկական ներկայացուցիչ:

7) Ներկայացուցիչներին ըստ խմբերի բաշխում է կենտրոնի ղեկավարը` յուրաքանչյուր ատեստավորման սենյակում նշանակելով պատասխանատու ներկայացուցիչ, որը կազմում է սույն կարգի 4-րդ գլխում նախատեսված արձանագրությունները:

8) Ատեստավորման կենտրոնում աշխատանքներն սկսվելուց մեկ ժամ առաջ կենտրոնի ղեկավարը ատեստավորման սենյակում յուրաքանչյուր ներկայացուցչին տալիս է խմբերում ընդգրկված մանկավարժական աշխատողների ցուցակները և խմբերի համար նախատեսված պատասխանների ձևաթղթերի ծրարները: Պատասխանների ձևաթղթի ձևը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը:

9) Պատասխանների ձևաթղթերի ծրարը պարունակում է ատեստավորման սենյակում գտնվող մանկավարժական աշխատողների թվով պատասխանների ձևաթուղթ, որոնք տրվում են մանկավարժական աշխատողներին, և յուրաքանչյուր խմբի համար հինգ լրացուցիչ ձևաթուղթ, որոնք օգտագործվում են պատասխանների ձևաթղթերի խոտանման դեպքում:

10) Ատեստավորման օրը մանկավարժական աշխատողը ատեստավորման կենտրոն է ներկայանում սույն կարգի 21-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված անցաթղթում նշված ժամից 45 րոպե առաջ` իր հետ ունենալով անցաթուղթը և անձը հաստատող փաստաթուղթ:

11) Մանկավարժական աշխատողների մուտքը կենտրոն սկսվում է ատեստավորման կենտրոնի ղեկավարի հրահանգով:

12) Մանկավարժական աշխատողը մոտենում է իր խմբի ներկայացուցչին և ստանում պատասխանների ձևաթուղթը, ցուցակում ստորագրում է իր անվան դիմաց և նստում ըստ վիճակահանության արդյունքի` համապատասխան նստարանին:

13) Մանկավարժական աշխատողի մուտքը ատեստավորման սենյակ թույլատրվում է անձը հաստատող փաստաթղթով և անցաթղթով:

14) Գրավոր աշխատանքն սկսվելուց 15 րոպե առաջ ներկայացուցիչը մանկավարժական աշխատողների համար ընթերցում է ատեստավորման անցկացման կարգը, տեղեկացնում գրավոր աշխատանքի բողոքարկման գործընթացի մասին:

15) Մանկավարժական աշխատողը պատասխանների ձևաթղթում լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը և անձնական համարը: Այնուհետև ներկայացուցիչները մոտենում են մանկավարժական աշխատողներին, կտրում պատասխանների ձևաթղթերի` անձնական տվյալները պարունակող մասերը, հաշվում և հանձնում պատասխանատու ներկայացուցչին:

16) Պատասխանատու ներկայացուցիչը պատասխանների ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող մասերն առնվազն մեկ ներկայացուցչի մասնակցությամբ հաշվում, ստուգում, այնուհետև տեղավորում է այդ նպատակով ստացված ծրարում` ծրարի վրա գրելով ատեստավորման սենյակի, խմբերի համարները և կտրված մասերի թիվը:

17) Ատեստավորումն անցկացվում է գրավոր` թեստերի միջոցով: Թեստերը բաղկացած են ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:

18) Պատասխանատու ներկայացուցիչը, կենտրոնի ղեկավարից ստանալով խմբերի թվին համապատասխան թեստերի փաթեթները, դրանք բերում է ատեստավորման սենյակ, թեստերի փաթեթները ցուցադրում է մանկավարժական աշխատողներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա:

19) Պատասխանատու ներկայացուցիչը թեստերի փաթեթները բացում է մանկավարժական աշխատողների ներկայությամբ` բոլորին տեսանելի ձևով: Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում խմբերի ներկայացուցիչները կատարում են նշում, որի դիմաց ստորագրում է առջևում նստած մանկավարժական աշխատողը:

20) Խմբերի ներկայացուցիչները բաժանում են թեստերը: Մանկավարժական աշխատողը, ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր խմբի և նստարանի համարները: Հայտարարվում են գրավոր աշխատանքի սկիզբը, տևողությունը, ցուցատախտակի վրա կատարվում է նշում գրավոր աշխատանքի սկզբի և ավարտի վերաբերյալ:

21) Գրավոր աշխատանքի սկիզբը հայտարարելուց հետո արգելվում է ուշացած մանկավարժական աշխատողի մուտքն ատեստավորման սենյակ:

22) Գրավոր աշխատանքի ընթացքում արգելվում է այլ մանկավարժական աշխատողի հետ խոսելը, թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, միմյանցից արտագրելը, բջջային հեռախոսներ կամ կապի այլ միջոցներ ատեստավորման սենյակ բերելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը:

23) Գրավոր աշխատանքի ընթացքում ատեստավորման սենյակից մանկավարժական աշխատողը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` ներկայացուցչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ:

24) Եթե ատեստավորման ընթացքում մանկավարժական աշխատողն առանց թույլտվության դուրս է եկել ատեստավորման սենյակից, խոսել է այլ մանկավարժական աշխատողների հետ, փոխել է տեղը, արտագրել է, կամ նրա մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս կամ այլ կապի միջոց, ապա ներկայացուցիչը պարտավոր է կենտրոնի ղեկավարի և պատասխանատու ներկայացուցչի մասնակցությամբ դադարեցնել նրա ատեստավորումը, որի վերաբերյալ արձանագրում է քննասենյակի մանկավարժական աշխատողների խմբի ցուցակի «Նշում» սյունակում, և տեղյակ է պահում մանկավարժական աշխատողին:

25) Ատեստավորումը դադարեցվելուց հետո ատեստավորման տվյալ սենյակի պատասխանատու ներկայացուցիչն արձանագրում է կատարված խախտումը: Ատեստավորման գործընթացը դադարեցված մանկավարժական աշխատողի պատասխանների ձևաթուղթը չի սքանավորվում և չի ստուգվում:

26) Ատեստավորման սենյակում թեստի բովանդակության վերաբերյալ մանկավարժական աշխատողի հարցերը չեն քննարկվում:

27) Գրավոր աշխատանքի ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների ձևաթղթերը նորերով փոխարինում է կենտրոնի ղեկավարը պատասխանատու ներկայացուցչի ներկայությամբ` արձանագրությունների համապատասխան տողում նշելով այդ փաստը: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում են «Խոտանված է» բառերը:

28) Մանկավարժական աշխատողների գրավոր աշխատանքի ամբողջ ընթացքում ատեստավորման սենյակներում կարող են ներկա գտնվել միայն քննական կենտրոնի ղեկավարն ու ներկայացուցիչները:

29) Գրավոր աշխատանքի ավարտից 30 րոպե առաջ ներկայացուցիչը մանկավարժական աշխատողների ուշադրությունն է հրավիրում ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները թեստերից պատասխանների ձևաթղթերի վրա անցկացնելու մասին:

30) Գրավոր աշխատանքն ավարտած կամ հիվանդության պատճառով, կամ սեփական նախաձեռնությամբ անավարտ թողած մանկավարժական աշխատողը մոտենում է ներկայացուցչին, պատճենահանում պատասխանների ձևաթուղթը, այնուհետև մոտենում իր խմբի ներկայացուցչին, թեստը և պատասխանների ձևաթուղթը ներկայացուցչին է հանձնում` ստորագրելով իր խմբի ցուցակի համապատասխան տեղում: Ներկայացուցիչը համեմատում է թեստի և պատասխանների ձևաթղթում նշված թեստի համարները: Մանկավարժական աշխատողը պատասխանների ձևաթղթի պատճենահանված օրինակը պահում է իր մոտ:

31) Պատասխանատու ներկայացուցիչը խմբերի պատասխանների ձևաթղթերը (օգտագործված, չօգտագործված, խոտանված), խմբերի ցուցակների ծրարները, ատեստավորման սենյակի արձանագրությունը, պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի ծրարները և թեստերը (օգտագործված, չօգտագործված) հաշվում և հանձնում է կենտրոնի ղեկավարին:

32) Կենտրոնի ղեկավարը, պատասխանատու ներկայացուցչի հետ համատեղ, ներկայացված պատասխանների ձևաթղթերը, խմբերի ցուցակները պարունակող և ատեստավորման սենյակներից ստացված կտրված մասերով ծրարները վերահաշվելով, կազմում է կենտրոնում անցկացված գրավոր աշխատանքի արձանագրությունը:

33) Կենտրոնի ղեկավարը ատեստավորման նյութերը ԳԹԿ է տեղափոխում գրավոր աշխատանքի ավարտից հետո` նույն օրը:

22. Թեստային եղանակով ատեստավորման արդյունքների ամփոփումը և տվյալների հրապարակումը.

1) ԳԹԿ-ում կենտրոնի ղեկավարի և կենտրոնում ԳԹԿ-ի ներկայացուցչի մասնակցությամբ ընդունվում են գրավոր աշխատանքի նյութերը: Պատասխանների ձևաթղթերը հաշվվում և սքանավորվում են: Պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի հաշվումից հետո կազմվում է բոլոր նյութերի հանձնման և ընդունման արձանագրություն:

2) Պատասխանների ձևաթղթերը ստուգվում են ԳԹԿ-ում` համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով:

3) Թեստերը չեն ստուգվում: Սքանավորվում, ճանաչվում և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը:

4) Պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես մանկավարժական աշխատողի ատեստավորման արդյունք:

5) Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորման օրվանից հետո` հինգերորդ աշխատանքային օրը` ԳԹԿ-ի կայքէջում:

23. Ատեստավորման արդյունքի հետ անհամաձայնության դեպքում մանկավարժական աշխատողը արդյունքների հրապարակմանը հաջորդող աշխատանքային օրը` ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, կարող է ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումը էլեկտրոնային եղանակով ուղարկել ԳԹԿ:

24. Հանձնաժողովը չի քննարկում`

1) սույն կարգի 23-րդ կետով նախատեսված ժամկետից հետո ներկայացված բողոքը.

2) մանկավարժական աշխատողի կողմից պատասխանների ձևաթղթի լրացման ընթացքում թույլ տրված վրիպումների կամ սխալների վերաբերյալ դիմումները:

25. Բողոքարկման արդյունքում ընդունվում է որոշում գրավոր աշխատանքի միավորի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա գրավոր աշխատանքի բողոքարկման արդյունքները հրապարակվում են ԳԹԿ-ի կայքէջում գրավոր աշխատանքի բողոքարկման ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

26. Գործնական եղանակով ատեստավորման դեպքում.

1) Ատեստավորման Հանձնաժողովն իրավազոր է հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում: Ոչ իրավազոր լինելու դեպքում հաջորդ ատեստավորման գործընթացը տեղի է ունենում ատեստավորմանը հաջորդող 5 օրվա ընթացքում` առնվազն մեկ օր առաջ տեղեկացնելով ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողներին:

2) Ատեստավորման Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են գնահատման միջոցով` իր կողմից մշակված տվյալ ուղղության համար նախապես մշակված 10 հարցերի հիման վրա:

3) Մշակվելիք հարցերի համար հիմք է հանդիսանում տվյալ ուղղության պետական կրթական չափորոշիչներով հաստատված մոդուլները:

4) Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի ատեստավորման գործընթացի ավարտից հետո ներկայացնում է գնահատման արդյունքը:

5) Գործնական եղանակով ատեստավորման ամբողջ գործընթացը տեսաձայնագրվում է:

27. Թեստավորման և գործնական եղանակների համադրմամբ ատեստավորման դեպքում թեստավորման գործընթացը կազմակերպվում է համաձայն սույն կարգի 21-րդ և 22-րդ կետերով, իսկ գործնական եղանակով ատեստավորման դեպքում 26-րդ կետով սահմանված պահանջների համաձայն և հետևյալ համամասնությամբ`

1) դասախոսների դեպքում` ատեստավորման առաջադրանքը բաղկացած է թեստից և գործնական առաջադրանքներից` յուրաքանչյուրի ընդհանուր առաջադրանքի 50% համամասնությամբ:

2) վարպետների դեպքում` թեստավորման ընդհանուր առաջադրանքի 30%-ի և գործնական ընդհանուր առաջադրանքի 70% հարաբերակցությամբ:

28. Թեստավորման և գործնական եղանակով ատեստավորումը կազմակերպվում է տարբեր օրերին` ըստ նախարարի կողմից հաստատված ժամանակացույցի:

29. Գործնական եղանակով ատեստավորմանը թույլատրվում է մասնակցել այն մանկավարժական աշխատողներին, ովքեր թեստավորման արդյունքում ճիշտ են կատարել առաջադրանքների թվի 50%-ից ավելին:

30. Գործնական եղանակով ատեստավորման արդյունքների ամփոփումը և տվյալների հրապարակումը.

1) արդյունքները գնահատվում են ատեստավորման հանձնաժողովի կողմից մշակված ստուգման և գնահատման մեխանիզմներին համապատասխան,

2) արդյունքը հրապարակվում է մանկավարժական աշխատակցի կողմից գործնական աշխատանքների ավարտից հետո` մանկավարժական աշխատակցի ներկայությամբ:

3) արդյունքները ատեստավորման հանձնաժողովը մեկ օրյա ժամկետում տրամադրում է ԳԹԿ-ին, որոնք հրապարակվում են հաջորդ աշխատանքային օրը ԳԹԿ-ի կայքէջում:

31. Գործնական եղանակով ատեստավորման արդյունքը մանկավարժական աշխատակցի կողմից կարող է բողոքարկել ատեստավորման հանձնաժողովին` արդյունք հանձնաժողովի կողմից հայտարարելուց անմիջապես հետո: Հանձնաժողովը կարող է վերանայել գնահատման արդյունքը կամ թողնել անփոփոխ` ներկայացնելով հիմնավորում:

32. Թեսթավորման և գործնական առաջադրանքների յուրաքանչյուր հարցը ունենում է նաև համապատասխան բարդության կշիռ, որը ազդում է առաջադրանքի կատարման արդյունքի տոկոսի վրա:

33. Թեսթավորման և գործնական առաջադրանքների համակցված արդյունքի 60% հաղթահարած մանկավարժը համարվում է ատեստավորում անցած:

 

6. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ, ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

34. Ատեստավորման վերջնական արդյունքի հետ անհամաձայնության դեպքում մանկավարժական աշխատողը արդյունքների հրապարակմանը հաջորդող աշխատանքային օրը` ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, կարող է ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումը (այսուհետ` դիմում) էլեկտրոնային եղանակով ուղարկել նախարարություն:

35. Մանկավարժական աշխատողի դիմումը քննելու նպատակով տվյալ ուղղությամբ նախարարի հրամանով ստեղծվում է 5 հոգուց բաղկացած բողոքարկման հանձնաժողով, որը ձևավորվում է բողոքը մուտքագրվելուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ըստ ուղղությունների մասնագետներ, նախարարության և ատեստավորումը կազմակերպած կառույցի աշխատակից: Գործնական եղանակով, ինչպես նաև գործնական և տեսական եղանակների համադրմամբ ատեստավորման հանձնաժողովի անդամը ներկայացնում է բողոքարկման հանձնաժողովին ատեստավորման գործընթացի տեսաձայնագրությունը:

36. Բողոքարկման հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացությունը հանձնաժողովի ձևավորումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է դիմում ներկայացրած մանկավարժական աշխատողին: Բողոքի քննարկման արդյունքի մասին որոշում ընդունվում է բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:

37. Հանձնաժողովը չի քննարկում`

1) սույն կարգի 34-րդ կետով նախատեսված ժամկետից հետո ներկայացված դիմումը.

2) մանկավարժական աշխատողի կողմից պատասխանների ձևաթղթի լրացման ընթացքում թույլ տրված վրիպումների կամ սխալների վերաբերյալ դիմումները:

38. Բողոքարկման արդյունքում ընդունվում է որոշում գրավոր աշխատանքի միավորի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա գրավոր աշխատանքի բողոքարկման արդյունքները հրապարակվում են ԳԹԿ-ի կայքէջում գրավոր աշխատանքի բողոքարկման ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

39. Բողոքարկման գործընթացի ավարտից և ամփոփումից հետո ԳԹԿ-ն 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն ներկայացնում է ատեստավորմանը մասնակցած բոլոր մանկավարժական աշխատողների ատեստավորման անհատական արդյունքները` ըստ ուղղությունների, մարզերի, հաստատությունների և ճիշտ կատարած առաջադրանքների թվի (նաև` արտահայտած տոկոսով):

 

7. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

40. Նախարարությունը սույն կարգի 39-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարի հրամանով հաստատում է ատեստավորում անցած մանկավարժական աշխատողների ցուցակը` յուրաքանչյուրի անվան դիմաց նշելով արդյունքը` ըստ տոկոսների.

1) ատեստավորման 90-100 տոկոս.

2) ատեստավորման 80-89 տոկոս.

3) ատեստավորման 70-79 տոկոս:

4) 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած մանկավարժական աշխատողները համարվում են ատեստավորված, դրույքաչափը փոխվում է` առանց հավելավճարի տրամադրման:

41. 0-59 տոկոսից ցածր հավաքած մանկավարժը համարվում է ատեստավորում չանցած:

42. 0-59 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում կամ ատեստավորմանը չմասնակցած մանկավարժը համարվում է ատեստավորում չանցած և ենթակա է ատեստավորման` իր ուղղությամբ կազմակերպվելիք հաջորդ ատեստավորմանն` իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստում անցնելու հնարավորությամբ:

(42-րդ կետը փոփ. 15.08.2025 թիվ 61-Ն հրաման)

43. Երկրորդ անգամ ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարելը կամ 2 անգամ տվյալ ուղղությամբ կազմակերպվող ատեստավորմանն անընդմեջ չմասնակցելը` հիմք է մանկավարժական աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:

(43-րդ կետը փոփ. 15.08.2025 թիվ 61-Ն հրաման)

44. Սույն կարգի 40-րդ կետով սահմանված արդյունք ցուցաբերած մանկավարժական աշխատողների դրույքաչափը և հավելավճարը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգով:

45. Սույն կարգի 40-րդ կետով սահմանված հրամանը հաստատվելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարությունը ատեստավորում անցած մանկավարժական աշխատողների ցուցակը տրամադրում է համապատասխան լիազոր մարմնին կամ հիմնադրին, որում նշվում է միայն ատեստավորում անցած մանկավարժական աշխատողների` սույն կարգի 21-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված անցաթղթի անհատական ծածկագիրը և տվյալ մանկավարժական աշխատողի ատեստավորման արդյունքը:

46. Ատեստավորման հանձնաժողովների անդամների, ինչպես նաև ատեստավորման գործընթացը կազմակերպելու, անցկացնելու և գործնական աշխատանքների նյութերի ձեռքբերման համար կարող են ըստ ուղղությունների հաշվարկվել և տրամադրվել ՀՀ պետական բյուջեից ֆինանսական միջոցներ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 փետրվարի 2024 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
07.02.2024
N 07-Ն
Հրաման