05.09.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 սեպտեմբերի 2022 թվականի N 1023-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի կատարման աշխատանքները համակարգող և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման խորհուրդ:
(1-ին կետը փոփ. 05.09.2025 թիվ 782-Ա որոշում)
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի կատարման աշխատանքները համակարգող և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 05.09.2025 թիվ 782-Ա որոշում)
3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի կատարման աշխատանքները համակարգող և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
(3-րդ կետը փոփ. 05.09.2025 թիվ 782-Ա որոշում)
(վերնագիրը փոփ. 05.09.2025 թիվ 782-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
2022 թ. սեպտեմբերի 7
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2022 թ. սեպտեմբերի 7-ի
N 1023-Ա որոշման
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
(վերնագիրը փոփ. 05.09.2025 թիվ 782-Ա որոշում)
1. Խորհուրդը կազմված է նախագահից և խորհրդի անդամներից:
2. Ի պաշտոնե խորհրդի կազմում ընդգրկվում են`
1) ՀՀ վարչապետը (խորհրդի նախագահ).
2) ՀՀ փոխվարչապետները.
3) ՀՀ ֆինանսների նախարարը.
4) ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը.
5) ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը.
6) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը.
7) ՀՀ էկոնոմիկայի նախարարը.
8) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը.
9) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը.
10) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը.
11) ՀՀ առողջապահության նախարարը:
2.1. Հարկաբյուջետային ռիսկերի կառավարմանը վերաբերող նիստերին խորհրդի կազմում ընդգրկվում են նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարը, ՀՀ ներքին գործերի նախարարը և ՀՀ արդարադատության նախարարը:
3. Խորհրդի աշխատանքներին մասնակցելու նպատակով, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրվել նաև այլ շահագրգիռ պետական մարմինների ղեկավարները:
(1-ին հավելվածը փոփ. 05.09.2025 թիվ 782-Ա որոշում)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2022 թ. սեպտեմբերի 7-ի
N 1023-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
(վերնագիրը փոփ. 05.09.2025 թիվ 782-Ա որոշում)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի կատարման աշխատանքները համակարգող և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 05.09.2025 թիվ 782-Ա որոշում)
2. Խորհրդի հիմնական նպատակներն են`
1) պետական բյուջեի կատարման գործընթացում աշխատանքների համակարգում, բյուջեի վերանայման գծով առաջարկությունների ներկայացում և աշխատանքների նկատմամբ մշտադիտարկման իրականացում.
2) Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կայունության ու կանխատեսելիության ապահովում` հարկաբյուջետային ռիսկերի բացահայտման, գնահատման և համակարգված կառավարման ուղղությունների ու քաղաքականությունների սահմանման և ներգրավված պետական մարմինների աշխատանքների համակարգման միջոցով:
(2-րդ կետը փոփ. 05.09.2025 թիվ 782-Ա որոշում)
2. ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Խորհրդի խնդիրներն են`
1) պետական բյուջեի կատարման աշխատանքների համակարգումը.
2) պետական բյուջեի կատարման ընթացքի մշտադիտարկման և գնահատման աշխատանքների համակարգումը.
3) հարկաբյուջետային ռիսկերին վերաբերող վերլուծությունների և պետական մարմինների կողմից արձագանքների համակարգումը:
(3-րդ կետը փոփ. 05.09.2025 թիվ 782-Ա որոշում)
3. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Խորհրդի գործառույթներն են`
1) պետական բյուջեի կատարման ընթացքի մշտադիտարկման և գնահատման աշխատանքների արդյունքներով և դրանց հիման վրա` պետական բյուջեի վերանայման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկությունների ներկայացումը, այդ թվում` տարվա ընթացքում պետական բյուջեի ծախսային խնայողությունների և (կամ) եկամուտների առկայության պարագայում դրանց ծախսման ուղղությունների դիտարկում`
ա. տվյալ տարվա պետական բյուջեի հավելվածով նախատեսված առաջնահերթություններ,
բ. նոր ի հայտ եկած իրողություններով պայմանավորված հրատապ ծախսեր,
գ. առաջիկա տարիների համար նախատեսված ծախսային ծրագրերի տեղաշարժեր.
2) միջազգային վարկային պայմանագրերի ժամկետների երկարացմամբ պայմանավորված բյուջետային ծրագրերի թերի կատարողականի գնահատումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկությունների ներկայացումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսված ծրագրային դրույթների հիման վրա նախատեսված` պետական բյուջեում արտացոլված ծախսային ծրագրերի նկատմամբ մշտադիտարկման իրականացում, որոնց գծով արձանագրվող շեղումները խնդիրներ կարող են առաջացնել սահմանված նպատակներին հասնելու համար.
4) հարկաբյուջետային ռիսկերին առնչվող հիմնական փաստաթղթերի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության կառավարության տարեկան բյուջետային ուղերձի, հարկաբյուջետային ռիսկերի զեկույցի և հարկաբյուջետային ռիսկերի մեղմման հաշվետվության) նախագծերի քննարկում.
5) պետական մարմինների կողմից իրականացվող` հարկաբյուջետային ռիսկերի կառավարմանն առնչվող միջոցառումների համակարգում` վաղ հայտնաբերման, արձագանքման և մեղմման նպատակով.
6) հարկաբյուջետային ճգնաժամային իրավիճակների դեպքում (այդ թվում` արտակարգ իրավիճակներ) արտահերթ նիստերի կազմակերպման միջոցով իրավիճակային վերլուծություն և անհետաձգելի հակազդման միջոցառումների քննարկում:
(4-րդ կետը փոփ. 05.09.2025 թիվ 782-Ա որոշում)
4.1. Հարկաբյուջետային ռիսկերի կառավարման գործառույթների հետ կապված խորհրդին աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով ստեղծվում է աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբի գործառույթներն են կառավարել հարկաբյուջետային ռիսկերին առնչվող տեղեկատվության հավաքագրման, փոխանակման և վերլուծության մեխանիզմները` հարկաբյուջետային ռիսկերի համակարգված վերհանման և մեղմման նպատակով: Աշխատանքային խմբի կազմը, գործառույթները և աշխատակարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով:
(4.1-ին կետը լրաց. 05.09.2025 թիվ 782-Ա որոշում)
4. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Խորհրդի նախագահը`
1) հրավիրում և նախագահում է խորհրդի նիստերը.
2) ստորագրում է խորհրդի նիստերի արձանագրությունները.
3) որոշում է կայացնում խորհրդի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց վերաբերյալ.
4) խորհրդի նիստերի ընթացքում կարող է տալ ցուցումներ ու հանձնարարականներ.
5) իրականացնում է սույն աշխատակարգի դրույթներից բխող այլ գործառույթներ:
6. Խորհրդի անդամը`
1) անձամբ մասնակցում է խորհրդի նիստերին և աշխատանքներին, իսկ մասնակցության անհնարինության դեպքում` նշանակում է փոխարինող իր տեղակալի (փոխվարչապետի մասնակցության անհնարինության դեպքում` փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի) մակարդակով.
2) կարող է խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր` համապատասխան հիմնավորմամբ.
3) խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում է բանավոր կամ գրավոր կարծիք.
4) քվեարկում է խորհրդի օրակարգում ներառված հարցերի շուրջ կայացվող որոշումների համար.
5) խորհրդի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում է գրավոր (հատուկ) կարծիք.
6) խորհրդի նախագահի հանձնարարությամբ` հանդես է գալիս որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.
7) խորհրդում քննարկված հարցերի վերաբերյալ իրազեկում է իր կողմից ներկայացվող գերատեսչությանը, ինչպես նաև զեկուցում է գերատեսչության կողմից կատարված աշխատանքների մասին:
5. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
7. Խորհրդի քարտուղարության գործառույթը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
8. Խորհրդի քարտուղարության գործառույթներն են`
1) խորհրդի նիստերի օրակարգերի ձևավորումը և բյուջետային գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմինների առաջարկությամբ օրակարգերում քննարկման ենթակա հարցերի ընդգրկումը.
2) խորհրդի աշխատանքների մասնագիտական աջակցությունը` բյուջեի կատարման արդյունավետության և հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ վերլուծությունների պատրաստումը.
3) խորհրդին եռամսյակային պարբերականությամբ հաշվետվողականության ապահովումը, որն ընդգրկում է նաև տեղեկատվություն տվյալ ժամանակահատվածում կատարված վերաբաշխումների, պլանային ցուցանիշների նկատմամբ թերակատարման, միջազգային վարկային պայմանագրերի ժամկետների երկարացմամբ պայմանավորված բյուջետային ծրագրերի թերի կատարողականի գնահատման և մակրոտնտեսական ազդեցությունների վերաբերյալ.
3.1) խորհրդին տարեկան պարբերականությամբ հարկաբյուջետային ռիսկերի զեկույցի և ռիսկերի մեղմման հաշվետվության ներկայացումը և ըստ անհրաժեշտության` մոնիտորինգի արդյունքներով հայտնաբերված ռիսկերի պրոֆիլի փոփոխությունների վերաբերյալ հաշվետվողականության ապահովումը.
4) խորհրդի որոշումների կատարման ընթացքի մշտադիտարկումը:
(8-րդ կետը փոփ. 05.09.2025 թիվ 782-Ա որոշում)
6. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
9. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի և շրջաբերական գրությունների միջոցով: Խորհրդի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` պետական բյուջեի կատարման հաշվետվությունները ստանալուց հետո:
10. Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առաջարկությամբ կարող են գումարվել արտահերթ նիստեր:
11. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը կամ խորհրդի անդամներից որևէ մեկը` խորհրդի նախագահի ցուցումով:
12. Խորհրդի նախագահի կամ խորհրդի քարտուղարության կողմից աշխատանքային գործընթացը խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է գրավոր հաղորդակցության միջոցով:
13. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մասով պետական մարմինների համապատասխան ներկայացուցիչներ, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ:
15. Խորհրդի նիստի օրակարգում նշվում են`
1) խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.
2) քննարկման ենթակա հարցերը.
3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:
16. Խորհրդի նիստի օրակարգը և օրակարգի հարցերի շուրջ առկա նյութերը խորհրդի անդամներին տրամադրվում են էլեկտրոնային եղանակով խորհրդի նիստի անցկացումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
17. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին համապատասխան ներկայացուցչի զեկուցմամբ:
18. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նիստերի արձանագրումն ապահովում է խորհրդի քարտուղարությունը:
19. Խորհրդի նիստի արձանագրությունը ստորագրվում է խորհրդի նիստի անցկացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում և տրամադրվում խորհրդի անդամներին և բյուջետային գլխավոր կարգադրիչ հանդիսացող համապատասխան մարմիններին:
20. Խորհրդի նիստի արձանագրությամբ բյուջետային գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմիններին տրված հանձնարարությամբ` սահմանված կարգով շրջանառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծը: