(ուժը կորցրել է 07.05.15 թիվ 470-Ն որոշում)
i
040.0025.280103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունվարի 2003 թվականի N 25-Ն
i
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱ-ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2003 թվականի հունվարի 16-ի
N 25-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն) պրոֆեսորադասախոսական անձնակազմին (այսուհետ` պրոֆեսորադասախոսական անձնակազմ) ներկայացվող պահանջները:
2. Սույն իրավական ակտի իմաստով պրոֆեսորադասախոսական անձնակազմում ընդգրկվում են ուսումնական հաստատությունում գիտամանկավարժական գործունեություն իրականացնող` հետևյալ պաշտոններն զբաղեցնող ծառայողները` ուսումնական ասիստենտ, դասախոս, ավագ դասախոս, դոցենտ, պրոֆեսոր, ամբիոնի (կրթաճյուղի) և ֆակուլտետի պետեր, նրանց տեղակալներ:
3. Պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, ով համապատասխանում է հետևյալ պահանջներից որևէ մեկին`
1) ուսումնական ասիստենտի պաշտոնի համար` ունի համապատասխան մասնագիտության գծով մագիստրոսի կամ դրան համարժեք որակավորման աստիճան.
2) դասախոսի պաշտոնի համար`
ա. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան,
բ. համապատասխան մասնագիտության գծով ավարտել է ասպիրանտուրան կամ հայցորդի կարգավիճակով հանձնել է որակավորման քննությունները և ունի գիտամանկավարժական աշխատանքի առնվազն մեկ տարվա ստաժ,
գ. ունի համապատասխան մասնագիտության գծով մագիստրոսի կամ դրան համարժեք որակավորման աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 2 տարվա ստաժ.
3) ավագ դասախոսի պաշտոնի համար`
ա. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն մեկ տարվա ստաժ,
բ. առնվազն 3 տարի աշխատել է որպես դասախոս և ունի գիտամեթոդական և (կամ) ուսումնամեթոդական աշխատանքներ.
4) դոցենտի պաշտոնի համար`
ա. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 3 տարվա ստաժ,
բ. ունի համապատասխան մասնագիտության գծով դոցենտի գիտական կոչում,
գ. առնվազն 5 տարի աշխատել է որպես ավագ դասախոս և ունի գիտամեթոդական և (կամ) ուսումնամեթոդական առնվազն 4 աշխատանք.
5) պրոֆեսորի պաշտոնի համար`
ա. ունի համապատասխան մասնագիտության գծով պրոֆեսորի գիտական կոչում,
բ. ունի համապատասխան մասնագիտության գծով դոկտորի գիտական աստիճան և դոցենտի գիտական կոչում,
գ. ունի համապատասխան մասնագիտության գծով դոկտորի գիտական աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 2 տարվա ստաժ,
դ. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, դոցենտի գիտական կոչում և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 3 տարվա ստաժ,
ե. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և առնվազն 5 տարի զբաղեցրել է դոցենտի պաշտոն.
6) ամբիոնի պետի (պետի տեղակալի) պաշտոնի համար`
ա. ունի համապատասխան մասնագիտության գծով դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում,
բ. առնվազն մեկ տարի զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոն,
գ. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն 3 տարի զբաղեցրել է դոցենտի պաշտոն,
դ. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 10 տարվա ստաժ.
7) ֆակուլտետի պետի (պետի տեղակալի) պաշտոնի համար`
ա. ունի համապատասխան մասնագիտության գծով դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում,
բ. առնվազն 2 տարի զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոն,
գ. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն 5 տարի զբաղեցրել է դոցենտի պաշտոն,
դ. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 12 տարվա ստաժ:
4. Գիտական աստիճանի առկայության պահանջը պարտադիր չէ`
i
1) ուսումնական հաստատությունում նախնական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման աշխատանքներում ներգրավվող պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններում նշանակվող ծառայողների համար.
2) ուսումնական հաստատությունում միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով նախատեսված հատուկ առարկաների դասավանդման գործում ներգրավվող ուսումնական ասիստենտի, դասախոսի, ավագ դասախոսի, դոցենտի և ամբիոնի (կրթաճյուղի) պետի (պետի տեղակալի) պաշտոններում նշանակվող ծառայողների համար:
(4-րդ կետը փոփ. 14.06.12 թիվ 738-Ն որոշում)
5. Համատեղության կարգով կամ պայմանագրային հիմունքներով ուսումնական հաստատությունում գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվող անձանց վրա տարածվում են սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պահանջները:
6. Ոստիկանության ուսումնական հաստատության գիտական խորհուրդը կարող է հիմնել ու վաստակաշատ գիտնականներին սահմանված կարգով շնորհել պատվավոր պրոֆեսորի կամ պատվավոր դոկտորի տիտղոս` ներդրած գիտամանկավարժական ավանդի և ուսումնական հաստատությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար: Պատվավոր պրոֆեսորի կամ պատվավոր դոկտորի տիտղոսը կարող է շնորհվել ուսումնական հաստատությունում գիտական գործունեություն իրականացնող` ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ` օտարերկրյա պետությունների գիտնականներին:
7. Ոստիկանությունում վարչական աշխատանքի անցած ուսումնական ասիստենտները, դասախոսները, ավագ դասախոսները, դոցենտները, պրոֆեսորները համատեղության կարգով կարող են մինչև 0,5 դրույքով պահպանել իրենց պաշտոնը և նույն դրույքի սահմաններում մասնակցել պրոֆեսորադասախոսական պաշտոնների նշանակման և առաջխաղացման գործընթացին: Լիազորությունների ավարտից հետո նրանք ուսումնական հաստատությունում ապահովվում են իրենց համապատասխան գիտամանկավարժական պաշտոնով:»:
(հավելվածը փոփ. 28.07.05 թիվ 1151-Ն, 29.12.11 թիվ 1878-Ն որոշումներ)
-----------------------------------------------
ԻՐՏԵԿ - 29.12.11 թիվ 1878-Ն որոշման սույն փոփոխության գործողությունը
i
չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի
Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության
ոստիկանության ուսումնական հաստատությունում պրոֆեսորադասախոսական
կազմի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վրա: