04.01.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2003 թվականի սեպտեմբերի 23-ին
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
| Հոդված 1. |
Սույն օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը |
1. Սույն օրենքը կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները:
i
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա:
i
| Հոդված 2. |
Տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը |
1. Տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
| Հոդված 3. |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
i
տեղեկատվության ազատություն` տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացում.
տեղեկություն` անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ` անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ).
տեղեկատվություն տնօրինող` տեղեկություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական հիմնարկներ, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններ, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններ և դրանց պաշտոնատար անձինք.
հանրային նշանակության կազմակերպություն` ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաև առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, տրանսպորտի և կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններ.
հարցում` տեղեկություն փնտրելու և (կամ) դա ստանալու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն տնօրինողին ուղղված գրավոր կամ բանավոր դիմում.
հրապարակում` տեղեկությունը մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով, համաշխարհային համակարգչային ցանցով (այսուհետ` Ինտերնետ), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով հանրությանը տեղեկացնելը և մատչելի դարձնելը:
i
| Հոդված 4. |
Տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքները |
Տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքներն են`
1) տեղեկությունները գրանցելու, դասակարգելու և պահպանելու միասնական կարգի սահմանումը.
2) տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության պաշտպանությունը.
3) տեղեկություններ տրամադրելու մատչելիության ապահովումը.
4) հրապարակայնությունը:
i
| Հոդված 5. |
Տեղեկատվությունների գրանցումը, դասակարգումը և պահպանումը ↩ |
(5-րդ հոդվածն ուժը կորցրել է 04.01.2026 թվականից` 04.12.25 ՀՕ-445-Ն օրենք)
i
| Հոդված 6. |
Տեղեկատվության ազատության իրականացումը |
i
1. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը:
2. Օտարերկրյա անձինք սույն օրենքով նախատեսված իրավունքներից և ազատություններից կարող են օգտվել միայն օրենքով և (կամ) միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում:
3. Տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում:
i
| Հոդված 7. |
Տեղեկությունների մատչելիության և հրապարակայնության ապահովումը |
1. (1-ին մասն ուժը կորցրել է 04.01.2026 թվականից` 04.12.25 ՀՕ-445-Ն օրենք) ↩
2. Տեղեկատվություն տնօրինողն անհապաղ հրապարակում կամ այլ մատչելի ձևով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը:
3. Եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և (կամ) օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա տեղեկատվություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է իր գործունեությանն առնչվող հետևյալ տեղեկությունները և դրանցում կատարված փոփոխությունները.
1) հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները և ծառայությունները.
2) բյուջեն.
3) գրավոր հարցումների ձևերը և դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները.
4) հաստիքացուցակները, ինչպես նաև պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները.
5) աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերը.
6) շրջակա միջավայրի վրա ներգործությունը.
7) հասարակական միջոցառումների ծրագրերը.
8) քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը և վայրը.
9) աշխատանքների և ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները).
10) տնօրինվող տեղեկությունների ցանկը և դրանց տնօրինման կարգը.
11) ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում` մերժման հիմքերը.
12) սույն մասում սահմանված տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները.
13) սույն մասում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկություններում կատարված փոփոխությունները հրապարակվում են դրանք կատարվելուց հետո` 10-օրյա ժամկետում:
5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված տեղեկությունները հրապարակվում են հանրության համար մատչելի ձևով, տեղեկատվություն տնօրինողի ինտերնետային էջի առկայության դեպքում` նաև դրանով:
6. Հանրային նշանակության, ինչպես նաև բյուջեից հատկացում (ֆինանսավորում) ստացող կազմակերպությունները կարող են չհրապարակել սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերում սահմանված տեղեկությունները և դրանց փոփոխությունները:
(7-րդ հոդ. փոփ. 04.12.25 ՀՕ-445-Ն օրենք)
i
| Հոդված 8. |
Տեղեկատվության ազատության սահմանափակումները |
i
1. Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա`
1) պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն. ↩
2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը.
3) պարունակում է քրեական վարույթի` հրապարակման ոչ ենթակա տվյալներ. ↩
4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք).
5) խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները:
2. Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:
3. Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա`
1) վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաև տարերային (ներառյալ` պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց հետևանքներին.
2) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը.
3) չտրամադրելը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա:
(8-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-224-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 01.03.23 ՀՕ-89-Ն օրենքներ)
| Հոդված 9. |
Հարցումը ներկայացնելու և քննարկելու կարգը |
1. Գրավոր հարցման մեջ նշվում է դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը: Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի (իրավաբանական անձի դեպքում` դրա անվանումը, գտնվելու վայրը):
2. Գրավոր հարցումների գործավարությունն իրականացվում է քաղաքացիների դիմումների և բողոքների համար օրենսդրությամբ սահմանված կարգով` գործավարության մյուս ձևերից առանձին:
3. Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե`
1) դա չի պարունակում սույն հոդվածի 1-ին մասում նշված բոլոր տվյալները.
2) պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են.
3) դա նույն անձի կողմից նույն տեղեկությունն ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի:
4. Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը:
5. Բանավոր հարցմամբ դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր անունը և ազգանունը: Բանավոր հարցման պատասխանը տրվում է, եթե`
1) պահանջվող տեղեկության տրամադրումը կարող է կանխել պետական, հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը.
2) անհրաժեշտ է ճշտել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի մոտ համապատասխան տեղեկության առկայության փաստը.
3) անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի կողմից գրավոր հարցումների քննարկման կարգը:
6. Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում: Եթե բանավոր հարցմամբ դիմողը չի հայտնում իր անունը և ազգանունը, և (կամ) բանավոր հարցումը չի համապատասխանում սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջներին, ապա տեղեկատվություն տնօրինողը կարող է չպատասխանել բանավոր հարցմանը:
7. Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում.
1) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում.
2) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում.
3) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:
8. Գրավոր հարցման պատասխանը տրվում է այդ հարցման մեջ նշված նյութական կրիչով: Եթե նյութական կրիչը նշված չէ, և դա անհնար է պարզել տվյալ հարցմանը` սույն օրենքով սահմանված ժամկետում պատասխանելու համար, ապա գրավոր հարցման պատասխանը տրվում է տեղեկությունը տնօրինողին առավել ընդունելի նյութական կրիչով:
9. Սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում հարցմամբ դիմողն իր ցանկությամբ կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով տեղում ծանոթանալ տեղեկությանը` հետ վերցնելով իր գրավոր հարցումը:
10. Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում` արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը:
11. Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցման պատասխանում նշում է նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում` արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկատվությանը վերաբերող մյուս տվյալները:
i
| Հոդված 10. |
Տեղեկությունների տրամադրման պայմանները |
1. (1-ին մասն ուժը կորցրել է 04.01.2026 թվականից` 04.12.25 ՀՕ-445-Ն օրենք) ↩
2. Տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում հետևյալ դեպքերում. ↩
1) բանավոր հարցումներին պատասխանելիս.
2) մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս.
3) տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս.
4) սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկությունների տրամադրման մասին գրավոր հարցումներին պատասխանելիս.
5) սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով և 9-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկության տրամադրման ժամկետի փոփոխման մասին տեղեկություններ տրամադրելիս.
6) տեղեկության տրամադրումը մերժելիս:
3. Հանրային նշանակության կազմակերպություններն ինքնուրույն են որոշում տեղեկությունների տրամադրման համար գանձվող գումարի չափը, որը չի կարող գերազանցել այդ տեղեկության տրամադրման ծախսերը:
4. Ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն տրամադրած մարմինը կամ կազմակերպությունն այդ տեղեկությունն ստացած անձի գրավոր հարցման հիման վրա պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով անվճար տրամադրել ճշգրտված տվյալներով տեղեկություն:
(10-րդ հոդ. փոփ. 04.12.25 ՀՕ-445-Ն օրենք)
| Հոդված 11. |
Տեղեկության տրամադրումը մերժելու հիմքերը և կարգը |
1. Տեղեկության տրամադրումը մերժվում է սույն օրենքի 8-րդ հոդվածում սահմանված դեպքերում կամ այդ տեղեկության տրամադրման համար սահմանված գումարը չվճարվելու դեպքում:
2. Տեղեկատվություն տնօրինողը կարող է չպատասխանել բանավոր հարցմանը, եթե տվյալ պահին դա խոչընդոտում է տեղեկատվություն տնօրինողի հիմնական պարտականությունների կատարմանը, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
3. Գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին` նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաև դրա բողոքարկման կարգը:
4. Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան:
| Հոդված 12. |
Տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողների պարտականությունները |
i
Տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով`
1) ապահովել տեղեկությունների մատչելիությունը և հրապարակայնությունը.
2) իրականացնել իր տնօրինության տակ գտնվող տեղեկությունների գրանցումը, դասակարգումը և պահպանումը.
3) տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաստի և իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն.
4) (4-րդ կետն ուժը կորցրել է 04.01.2026 թվականից` 04.12.25 ՀՕ-445-Ն օրենք) ↩
5) նշանակել տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձին:
(12-րդ հոդ. փոփ. 04.12.25 ՀՕ-445-Ն օրենք)
| Հոդված 13. |
Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու անձը |
1. Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձը կարող է լինել տեղեկատվություն տնօրինողի նշանակած պաշտոնատար անձը կամ տեղեկատվություն տնօրինողի ղեկավարը:
2. Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձն օրենսդրությամբ սահմանված կարգով`
1) ապահովում է տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողի պարտականությունների իրականացումը.
2) տեղեկություն փնտրողին մատչելի ձևով բացատրում է տեղեկության տրամադրման կարգը, պայմանները և ձևերը.
3) մշակում է ստացված հարցումների վիճակագրական և ամփոփ տվյալները:
| Հոդված 14. |
Պատասխանատվությունը տեղեկատվության ազատության խախտման համար |
1. Բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, տեղեկություն տրամադրելուց հրաժարվելը կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգի այլ խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկության հրապարակումը չի կարող առաջացնել վարչական կամ քրեական պատասխանատվություն:
| Հոդված 15. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
2003 թ. հոկտեմբերի 22 Երևան ՀՕ-11-Ն
|