20.01.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունվարի 2022 թվականի N 14-Ն
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) ինքնակամ կառույցների և կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների (այսուհետ` ինքնակամ կառույց) հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ պատվիրատուի համաձայնության ձևը` համաձայն N 2 հավելվածի:
i
2. Ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառելու նպատակով` սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով ներկայացվում և Կադաստրի կոմիտեի կողմից հաշվառվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում սահմանված ժամկետներում:
i
2.1. Ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառելու նպատակով` սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով ներկայացվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված ժամկետում, որոնց հաշվառումը Կադաստրի կոմիտեի կողմից հաստատվում կամ մերժվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետներում:
(2.1-ին կետը լրաց. 08.01.2026 թիվ 22-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունվարի 5
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի հունվարի 5-ի
N 14-Ն որոշման
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
i
1. Սույն կարգում կիրառվող ներքոնշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) ինքնակամ կառույց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կառույցը` անկախ դրա ավարտվածության աստիճանից.
2) չափագրող` «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 16-րդ և 17-րդ մասերով սահմանված գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության և քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայական ստացած անձ.
3) պատվիրատու` ինքնակամ կառույցը հաշվառելու նպատակով չափագրողին դիմած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին.
4) հաշվառման փաթեթ` հաշվառողի կողմից Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի ապրիլի 8-ի N 75-Ն հրամանին, սույն կարգի 4-րդ և 6-րդ կետերին համապատասխան կազմված կամ ձեռքբերված փաստաթղթեր.
5) առցանց չափագրման գրասենյակ` անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում ներդրված առցանց էլեկտրոնային հարթակ, որի միջոցով չափագրողը ներբեռնում է հաշվառման փաթեթը:
(1-ին կետը փոփ. 08.01.2026 թիվ 22-Ն որոշում)
2. Կադաստրի կոմիտեում չհաշվառված ինքնակամ կառույցը հաշվառելու նպատակով պատվիրատուն դիմում է չափագրողին:
i
3. Չափագրողը հողամասի հանութագրման, ինքնակամ կառույցի չափագրման և արդյունքների փաստաթղթավորման աշխատանքներն իրականացնում է ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1028-Ն որոշման պահանջներին համապատասխան: Ընդ որում` եթե ինքնակամ կառույցն իրականացվել է տարբեր սեփականատերերին պատկանող հողամասերում, ապա հաշվառման փաթեթը կազմվում է յուրաքանչյուր սեփականատիրոջ մասով առանձին:
(3-րդ կետը փոփ. 08.01.2026 թիվ 22-Ն որոշում)
i
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտական փաստաթղթերին կցվում են նաև կառույցի հարկայնությունը և բոլոր կողմերը հստակ արտացոլող` նվազագույնը 4, իսկ առավելագույնը 6 գունավոր լուսանկար, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված անհրաժեշտ այլ փաստաթղթեր:
(4-րդ կետը փոփ. 08.01.2026 թիվ 22-Ն որոշում)
5. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված աշխատանքները կատարելուց և փաստաթղթերը կազմելուց հետո չափագրողը հաշվառման փաթեթը համաձայնեցնում է պատվիրատուի հետ:
6. Պատվիրատուի կողմից չափագրման փաթեթի բոլոր տվյալները ստուգելուց հետո հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում պատվիրատուն և չափագրողը կազմում և ստորագրում են N 2 հավելվածով սահմանված համաձայնագիրը:
7. Համաձայնագիրը ստորագրվելուց հետո չափագրողը հաշվառման փաթեթը ներբեռնում է առցանց չափագրման գրասենյակ:
i
8. Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր և ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից, որի վերաբերյալ պատվիրատուն տեղեկացվում է կարճ հաղորդագրության միջոցով (sms), իսկ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերում ինքնակամ կառույցը հաշվառվում է սույն կարգի 8.1-ին կետով սահմանված կարգով:
(8-րդ կետը փոփ. 08.01.2026 թիվ 22-Ն որոշում)
i
8.1. Չափագրողի կողմից 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված (իսկ պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում անկախ 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված լինելու հանգամանքի) ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ հաշվառման փաթեթն առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելուց և Կադաստրի կոմիտե ներկայացնելուց հետո ձևավորվում է չափագրման ծածկագիր, և պատվիրատուն դրա վերաբերյալ տեղեկացվում է կարճ հաղորդագրության միջոցով (sms), որը հավաստում է հաշվառման փաթեթը Կադաստրի կոմիտե ներկայացված լինելու հանգամանքը: Ներկայացված հաշվառման փաթեթն ուսումնասիրվում է Կադաստրի կոմիտեի կողմից` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետներում: Սույն կետով նախատեսված ուսումնասիրությունն իրականացվում է չափագրողի կողմից կազմված տվյալները օրթոֆոտոհատակագծերի (օրթոֆոտոլուսանկարների) հետ համեմատելով և փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելով, որի արդյունքում Կադաստրի կոմիտեն հաստատում կամ մերժում է ինքնակամ կառույցի հաշվառումը: Ինքնակամ կառույցի հաշվառումը հաստատելու կամ մերժելու վերաբերյալ պատվիրատուն տեղեկացվում է կարճ հաղորդագրության միջոցով (sms):
(8.1-ին կետը լրաց. 08.01.2026 թիվ 22-Ն որոշում)
8.2. Այն ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների), որոնք Կադաստրի կոմիտե հաշվառման են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված ժամկետների խախտմամբ, սակայն գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում արտացոլված են, հաշվառված լինելու վերաբերյալ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրվում է համապատասխան տեղեկանք` դիմումի ներկայացման պարագայում: Սույն կետում նշված դեպքում տեղեկանք տրամադրելու համար Կադաստրի կոմիտեն ուսումնասիրում է 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերը (օրթոֆոտոլուսանկարները) և իր կողմից ստեղծված, հավաքագրված, այդ թվում` գրանցման համար ներկայացված տվյալները: Տեղեկանքի տրամադրումը մերժվում է, եթե ներկայացված հաշվառման փաթեթը չի համապատասխանում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված պահանջներին:
(8.2-րդ կետը լրաց. 08.01.2026 թիվ 22-Ն որոշում)
9. Ինքնակամ կառույցը հաշվառելուց հետո առցանց չափագրման գրասենյակում ներբեռնված հաշվառման փաթեթը ենթակա չէ խմբագրման:
i
10. Սույն կարգի իմաստով որպես ինքնակամ կառույց Կադաստրի կոմիտեում հաշվառված է համարվում նաև այն շինությունը, որը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում և 3.1-ին մասով սահմանված վերջնաժամկետներում պետական գրանցման համար ներկայացված, ինչպես նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի գույքագրման փաստաթղթերում կամ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում արտացոլված է որպես ինքնակամ կառույց:
(10-րդ կետը փոփ. 08.01.2026 թիվ 22-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի հունվարի 5-ի
N 14-Ն որոշման
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
_______________________________ ____________________________________
(համաձայնագիրը կազմելու վայրը) (համաձայնագիրը կազմելու տարին, ամիսը
և ամսաթիվը)
Ես` __________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, բնակության հասցեն, անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը, տրամադրման տարին, իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու դեպքում` նաև իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, պաշտոնը, բջջային հեռախոսահամարը)
Հաստատում եմ, որ __________________________________________________ -ի
(հաշվառողի անունը, հայրանունը, ազգանունը)
կողմից կազմված հաշվառման փաթեթը համապատասխանում է ____________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
(ինքնակամ կառույցի իրականացման տարին, առկայության դեպքում` հասցեն)
կառուցված ինքնակամ կառույցի որակական և քանակական տվյալներին:
_____________________________ ______________________
_____________________________ ______________________
(պատվիրատուի ստորագրությունը, (չափագրողի ստորագրությունը,
անունը և ազգանունը) անունը և ազգանունը)
*Սույնով հավաստում եմ, որ կարդացել եմ համաձայնագիրը և տեղյակ եմ, որ ինքնակամ կառույցը հաշվառելուց հետո առցանց չափագրման գրասենյակում ներբեռնված հաշվառման փաթեթը իմ կողմից համաձայնեցված է և վերջնական է:
Պաշտոնական հրապարակման օրը` 5 հունվարի 2022 թվական: