09.01.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 սեպտեմբերի 2023 թվականի N 1523-Լ
2023 ԹՎԱԿԱՆԻ ԽԱՂՈՂԻ ԱՎԵԼՑՈՒԿԱՅԻՆ ԲԵՐՔԻ ՄԹԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ «ՀԱՅ-ԱԼՄԱՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՈՒ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 8-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9.4-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2023 թվականի խաղողի ավելցուկային բերքի մթերման գործընթացը կազմակերպելու նպատակով «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 2.0 մլրդ դրամ բյուջետային վարկ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով, 2 տարի մարման ժամկետով` հայկական կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունից (կազմակերպություններից) առնվազն 5 տարի հնացված մինչև 1.0 մլն լիտր (100%-անոց սպիրտի հաշվարկով) հայկական կոնյակի սպիրտ ձեռք բերելու համար:
1.1. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված բյուջետային վարկը վերակառուցել վարկի գծով առկա 1,547,880,076 դրամ մնացորդային պարտավորությունների, վերակառուցման նպատակով հաստատվող համաձայնագրի կնքման օրվան նախորդող օրվա դրությամբ բյուջետային վարկի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարի և տույժի հանրագումարի չափով` տարեկան 7.47% տոկոսադրույքով:
(1.1-ին կետը լրաց. 08.01.2026 թիվ 1-Լ / տարածվում է 2025 թվականի նոյեմբերի 9-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
1.2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին մինչև 2026 թվականի հունվարի 30-ը համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2023 թվականի նոյեմբերի 9-ին կնքված N 2/2023 վարկային պայմանագրում` վարկի մայր գումարի և տոկոսների մարման վերջնաժամկետ նախատեսելով 2027 թվականի հունվարի 30-ը, և սահմանել վարկի մարման գրաֆիկը:
(1.2-րդ կետը լրաց. 08.01.2026 թիվ 1-Լ / տարածվում է 2025 թվականի նոյեմբերի 9-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
2. Հաստատել հայկական կոնյակի սպիրտի գնման տեխնիկական բնութագիրը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) հայկական կոնյակի սպիրտի գնման տեխնիկական բնութագրով սահմանված ցուցանիշներին համապատասխանության լաբորատոր փորձաքննություններն իրականացվում են Հայաստանում հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների կողմից, իսկ ածխածնի, ջրածնի և թթվածնի իզոտոպային բաղադրության և խաղողի հումքով արտադրված լինելու փորձաքննություններն իրականացվում են միջազգային հավատարմագրում ունեցող փորձարկման լաբորատորիայի կողմից.
2) հայկական կոնյակի սպիրտների փորձաքննության նպատակով նմուշառումները և տարաների կապարակնքումը կատարվում են նմուշառման իրավասություն ունեցող կազմակերպության կողմից:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` հայկական կոնյակի սպիրտի ձեռքբերման նպատակով կազմակերպությունների ընտրության և գործընթացի իրականացման նպատակով 5 աշխատանքային օրվա ընթացքում ստեղծել գնահատող հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով)` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության երկու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արարատի և Արմավիրի մարզպետների աշխատակազմերի, ինչպես նաև «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ի մեկական ներկայացուցիչներ:
5. Սահմանել, որ հանձնաժողովը`
1) հաստատում է կազմակերպությունների ընտրության որակավորման չափորոշիչները, դրանց գնահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը, այն կազմակերպությունների տվյալները, որոնց պետք է տրամադրվեն հրավերները, հայտերի ներկայացման ժամկետները` 2023 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում խաղողի մթերման պայմանագրեր կնքելու նպատակով խաղողագործների տվյալները` ըստ մթերման ենթակա խաղողի քանակները և մթերման 1 կգ խաղողի նվազագույն գինը (110 դրամ): Ընտրված մասնակցին հատկացվելիք կանխավճարի առավելագույն չափը հրավերով սահմանվում է պայմանագրի ընդհանուր գնի 40 տոկոսի չափով: Մասնակիցն ընդհանուր գնային առաջարկում առանձնացված ներկայացնում է նաև մեկ լիտր (100%-անոց սպիրտի հաշվարկով) հայկական կոնյակի սպիրտի պահպանման տարեկան միավոր գինը.
2) հրավերով նախատեսված պայմաններին բավարար գնահատված և ցածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցին ճանաչում է ընտրված: Ընդ որում, ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման ապահովում.
3) ներկայացնում է առաջարկություն «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին` ընտրված մասնակցի հետ կնքելու հայկական կոնյակի սպիրտի ձեռքբերման պայմանագիր` նախատեսելով նաև, որ`
ա. կազմակերպությունը պայմանագրով սահմանված ժամկետներում ապահովում է հրավերով նախատեսված` 2023 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում խաղողի մթերման պայմանագրերի կնքման և մթերման գործընթացը,
բ. կազմակերպության կողմից հայկական կոնյակի սպիրտի դիմաց մթերվող խաղողի քանակությունը հաշվարկվում է օտարված մեկ լիտր (100%-անոց սպիրտի հաշվարկով) կոնյակը 11 կգ խաղողին համարժեք չափով, իսկ խաղողի մթերումներն իրականացվում են Արարատի և Արմավիրի մարզպետների աշխատակազմերի կողմից հաստատված ցանկերով ներկայացված խաղողագործներից,
գ. օտարվող հայկական կոնյակի սպիրտի պահպանումն իրականացվում է կազմակերպության կողմից,
դ. այն դեպքում, երբ կապարակնքված որևէ տարայի նմուշը չի համապատասխանում տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին, ապա կազմակերպությունը պարտավորվում է այն փոխարինել իրեն պատկանող կոնյակի սպիրտի այլ խմբաքանակներով: Նոր խմբաքանակներից փորձաքննության նպատակով նմուշառումները և տվյալ տարաների կապարակնքումը կատարվում են նմուշառման իրավասություն ունեցող կազմակերպության կողմից, իսկ փորձաքննության ծախսերը կատարվում են կազմակերպության միջոցների հաշվին,
ե. այն դեպքում, երբ կազմակերպությունը չի ապահովում տեխնիկական բնութագրին չհամապատասխանող խմբաքանակների փոխարինումը, ապա 10-օրյա ժամկետում վերադարձնում է օտարման չբավարարող խմբաքանակների դիմաց տրամադրված կանխավճարը, իսկ դրա հաշվին մթերված խաղողի արժեքի վճարման պարտավորություններն ապահովում է իր միջոցների հաշվին,
զ. պայմանագրի ընդհանուր արժեքի վճարումն իրականացվում է հայկական կոնյակի սպիրտի փորձաքննության դրական եզրակացության հիման վրա:
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
6.1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված կոնյակի սպիրտի օտարման նպատակով մշակել տեղեկատվական շնորհանդես` հնարավոր գնորդներին ներկայացնելու համար.
2) էլեկտրոնային տարբերակով ամսական պարբերականությամբ հնարավոր գնորդներին, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում գործող կոնյակի և կոնյակի սպիրտի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին իրազեկել կոնյակի սպիրտի օտարման վերաբերյալ` առաջարկելով իրազեկումն իրականացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել տեղեկատվություն ձեռք բերվող կոնյակի սպիրտի ծավալների և գնային առաջարկների վերաբերյալ.
3) կոնյակի սպիրտի օտարման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակել նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում և սոցիալական կայքերում` իրազեկման լայն շրջանակ ապահովելու նպատակով.
4) տնտեսավարող սուբյեկտներից ստացված կոնյակի սպիրտի գնային առաջարկների հիման վրա կնքել խմբաքանակի օտարման պայմանագիր, ըստ հետևյալ առաջնահերթությունների`
ա. առաջնահերթությունը տրվում է ամենաբարձր գնային առաջարկ ներկայացնող տնտեսավարող սուբյեկտին,
բ. եթե տարբեր տնտեսավարող սուբյեկտների կողմից առաջարկվել է նույն գնային առաջարկը, ապա կոնյակի սպիրտն օտարվում է նույն գնային առաջարկը ներկայացրած բոլոր տնտեսավարող սուբյեկտներին` առաջնահերթություն տալով ավելի մեծ խմբաքանակի առաջարկ ներկայացրած տնտեսավարող սուբյեկտին.
5) այն դեպքում, երբ խմբաքանակի համար ստացված ամենաբարձր գնային առաջարկն ավելի ցածր է, քան տվյալ պահին կոնյակի սպիրտի ձևավորված ինքնարժեքը, ապա կոնյակի սպիրտը կարող է օտարվել առաջարկված գնով.
6) կոնյակի սպիրտի օտարումը կարող է իրականացվել խմբաքանակներով.
7) կոնյակի սպիրտի ամբողջական ծավալի օտարման և ամբողջական ծավալի համար փաստացի վճարման կատարման վերջնաժամկետ սահմանել 2026 թվականի դեկտեմբերի 31-ը.
8) ապահովել օտարվող կոնյակի սպիրտի խմբաքանակների արժեքի վճարման կատարումն անկանխիկ եղանակով` հաշիվ-ապրանքագիրն օտարման պայմանագրի կողմերի կողմից ստորագրվելուց հետո 2 բանկային օրվա ընթացքում կամ 60 բանկային օրվա ընթացքում` վճարման պարտավորությունն ապահովելով բանկային երաշխիքով.
9) եթե ապրանքն իրացվում է ինքնարժեքից ցածր գնով, ապա ձեռք բերված և օտարված արժեքների բացասական տարբերությունը փոխհատուցվում է «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության սեփական միջոցների հաշվին:
(6.1-ին կետը լրաց. 14.06.024 թիվ 877-Լ, 08.01.2026 թիվ 1-Լ / տարածվում է 2025 թվականի նոյեմբերի 9-ից հետո ծագած հարաբերությունների վրա /
որոշումներ)
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 14.06.024 թիվ 877-Լ որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. սեպտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի սեպտեմբերի 7-ի
N 1523-Լ որոշման
._____________________________________________________________________.
|Ապրանքի |ԳՄԱ կոդը |Տեխնիկական բնութագիրը |Չափի |
|անվանումը| | |միավորը|
|_________|_________|_________________________________________|_______|
|Առնվազն 5|15911100 |Առնվազն 5 տարի հնացված հայկական կոնյակի |Լիտր |
|տարի | |սպիրտ` |(100- |
|հնացված | |- Էթիլ սպիրտի ծավալային մասը, %-55-72, |տոկոսա-|
|հայկական | |- Բարձր սպիրտների զանգվածային խտությունը`|նոց |
|կոնյակի | |վերահաշվարկած ըստ իզոամիլ սպիրտի, մգ/լ |սպիրտի |
|սպիրտ | |անջուր սպիրտում-1700-5000, |վերահաշ|
| | |- Ալդեհիդների զանգվածային խտությունը` |վարկով)|
| | |վերահաշվարկած ըստ քացախաթթվական ալդեհիդի,| |
| | |մգ/լ անջուր սպիրտում-50-500, | |
| | |- Միջին եթերների զանգվածային խտությունը` | |
| | |վերահաշվարկած ըստ քացախաթթվական էթիլ | |
| | |եթերի, մգ/լ անջուր սպիրտում-500-2700, | |
| | |- Ցնդող թթուների զանգվածային խտությունը` | |
| | |վերահաշվարկած ըստ քացախաթթվի, մգ/լ անջուր| |
| | |սպիրտում, ոչ ավելի-2000, | |
| | |- Ցնդող միացությունների զանգվածային | |
| | |խտությունը, մգ/լ անջուր սպիրտում, ոչ | |
| | |պակաս-1250, | |
| | |- Ֆուրֆուրոլի զանգվածային խտությունը, | |
| | |մգ/լ անջուր սպիրտում, ոչ ավելի-30, | |
| | |- Պղնձի զանգվածային խտությունը, մգ/լ, ոչ | |
| | |ավելի-8,0, | |
| | |- Ընդհանուր ծծմբի երկօքսիդի զանգվածային | |
| | |խտությունը, մգ/լ, ոչ ավելի-40, | |
| | |- Երկաթի զանգվածային խտությունը, մգ/լ, ոչ| |
| | |ավելի-1,5: | |
| | |Լաբորատոր փորձաքննության եզրակացություն- | |
| | |ների առկայությունը պարտադիր է: Պարտադիր է| |
| | |նաև ածխածնի, ջրածնի և թթվածնի իզոտո- | |
| | |պային բաղադրության և խաղողի հումքով | |
| | |արտադրված լինելու փորձաքննության | |
| | |եզրակացության առկայությունը` տրված | |
| | |միջազգային հավատարմագրում ունեցող | |
| | |փորձարկման լաբորատորիայի կողմից: | |
| | |Անվտանգության և զգայորոշման ցուցանիշ- | |
| | |ները` ըստ ՀՀ կառավարության 2006 թվականի | |
| | |մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և | |
| | |հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական | |
| | |կանոնակարգը հաստատելու մասին» N 954-Ն | |
| | |որոշման և «Սննդամթերքի անվտանգության | |
| | |մասին» ՀՀ օրենքի: | |
| | |Լրացուցիչ հատուկ պահանջներ` | |
| | |- Օտարվող հայկական կոնյակի սպիրտի | |
| | |պահպանումը պետք է իրականացվի օտարողի | |
| | |կողմից, | |
| | |- Օտարվող հայկական կոնյակի սպիրտի գինը | |
| | |պետք է ներառի նմուշների փորձաքննության և | |
| | |իրացրած կոնյակի հետագա պահպանման ծախսերը,| |
| | |- Օտարողը պարտավորվում է կատարել օտարված | |
| | |հայկական կոնյակի սպիրտի քանակին համարժեք | |
| | |քանակությամբ խաղողի մթերումներ` 1 կգ-ն | |
| | |առնվազն 110 դրամով: | |
| | |Լրացուցիչ հատուկ պահանջների կատարման հետ | |
| | |կապված հարաբերությունները սահմանվում են | |
| | |օտարողի և գնորդի միջև կնքված | |
| | |պայմանագրով: | |
._____________________________________________________________________.
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):