Սեղմել Esc փակելու համար:
{01.11.2026 - } ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.11.2026 - } ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը ուժի մեջ է մտնելու   01.11.2026  -ից:         անցնել գործող խմբագրությանը
 

01.11.2026 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին

 

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է օտարերկրացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու և բնակվելու, այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով, Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկելու, Հայաստանի Հանրապետությունից ելքի, ինչպես նաև օտարերկրացիների հետ կապված այլ հարաբերություններ:

2. Սույն օրենքի գործողությունը Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններում, հյուպատոսական հիմնարկներում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում կամ դրանց ներկայացուցչություններում աշխատելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրացիների և նրանց ընտանիքների անդամների վրա տարածվում է այնքանով, որքանով վերջիններիս հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունները սահմանված չեն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

3. Սույն օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող օտարերկրացուն ապաստան և համապատասխան կարգավիճակ տալու կամ այն մերժելու, կորցնելու հիմքերի հետ կապված հարաբերությունների վրա:

(1-ին հոդ. փոփ. 17.12.14 ՀՕ-214-Ն, 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 2. Օտարերկրացիները

 

Սույն օրենքով «օտարերկրացիներ» հասկացության մեջ ներառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող այն անձինք, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն (օտարերկրյա քաղաքացիներ) կամ չունեն որևէ պետության քաղաքացիություն (քաղաքացիություն չունեցող անձինք):

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (այսուհետ` անձնագիր)` միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ, որը տրված է օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից և իրավունք է տալիս հատելու պետական սահմանը.

մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս մուտք գործելու Հայաստանի Հանրապետություն, տարանցիկ երթևեկելու Հայաստանի Հանրապետության տարածքով, գտնվելու Հայաստանի Հանրապետությունում և դուրս գալու Հայաստանի Հանրապետությունից` դրանում նշված նպատակներով, պայմաններով և ժամկետներում.

ժամանակավոր կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում` այդ կարգավիճակը հավաստող փաստաթղթի վավերականության ժամկետներում.

մշտական կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում` այդ կարգավիճակը հավաստող փաստաթղթի վավերականության ժամկետներում.

(պարբերությունն ուժը կորցրել է 01.11.2026 թվականից` 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվություն` միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից շահագործվող էլեկտրոնային հարթակներում մուտքագրվող էլեկտրոնային հաստատում, որը թույլ է տալիս օտարերկրացուն ձեռք բերել աշխատանքային մուտքի վիզա կամ ժամանակավոր կացության կարգավիճակ կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական գտնվելու ժամկետում աշխատել Հայաստանի Հանրապետությունում.

ծագման պետություն` պետություն, որի քաղաքացին է համարվում այն անձը կամ այն պետությունը, որում բնակվում է քաղաքացիություն չունեցող անձը կամ այն անձը, որի քաղաքացիությունը հնարավոր չէ հաստատել.

հրավեր կամ միջնորդագիր (այսուհետ` հրավեր)` փաստաթուղթ, որը հիմնավորում է օտարերկրացու մուտքը և գտնվելը Հայաստանի Հանրապետւթյան տարածքում` դրանում նշված նպատակներով և ժամկետներով.

արտաքսում` սույն օրենքով նախատեսված դեպքերում իրավասու պետական մարմնի կողմից օտարերկրացու հարկադիր հեռացումը Հայաստանի Հանրապետությունից.

կոլեկտիվ արտաքսում` առնվազն երկու օտարերկրացիներից բաղկացած խմբի արտաքսումը` առանց խմբի յուրաքանչյուր անդամի անձնական տվյալները և առանձնահատուկ վիճակը հաշվի առնող օբյեկտիվ և ողջամիտ քննարկման հիման վրա ընդունված որոշման.

փոխադրող` ցամաքային և օդային տրանսպորտով միջազգային ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպություն.

ուղեկցող` մշակութային, մարզական, երիտասարդական միջոցառումներին մասնակցելու կամ խմբակային զբոսաշրջության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող մինչև 18 տարեկան օտարերկրացիների խմբի ղեկավար.

ընդունող կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ, որը կազմակերպում է մինչև 18 տարեկան օտարերկրացիների մասնակցությամբ մշակութային, մարզական, երիտասարդական միջոցառումներ կամ զբոսաշրջային տուրեր.

էլեկտրոնային միասնական հարթակ` էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է օտարերկրացիներին ժամանակավոր կամ մշտական կարգավիճակ տալու, ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու, կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը փոխանակելու, աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվություն տալու վարույթները, այդ վարույթների շրջանակում ապահովում է պետական մարմինների, գործատուների, ուսումնական հաստատությունների, քաղաքացիների և օտարերկրացիների միջև ծանուցումների, տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակումը.

օրինական բնակության իրավունք` ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ, ինչպես նաև սույն օրենքով (բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկանքի) կամ «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող այլ կարգավիճակ.

քվոտա` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարվա համար սահմանվող կացության կարգավիճակների սահմանաչափի նախատեսում` ըստ կացության կարգավիճակների տեսակի, քանակի և հիմքերի:

(3-րդ հոդ. փոփ. 18.05.15 ՀՕ-51-Ն, 23.03.18 ՀՕ-152-Ն, 24.10.19 ՀՕ-204-Ն, 27.05.21 ՀՕ-267-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 20.01.26 ՀՕ-11-Ն (օրեքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների իրավական վիճակի մասին օրենսդրությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների կարգավիճակին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(4-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-224-Ն օրենք)

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների իրավական վիճակի սկզբունքները

 

1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիները պարտավոր են հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, իրավական այլ ակտերը, ազգային սովորույթներն ու ավանդույթները:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրացիները կրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար պատասխանատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

 

ԳԼՈՒԽ 2
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԼՔԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԹԵՎԵԿԵԼԸ

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը

 

1. Օտարերկրացիները մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն պետական սահմանի անցման կետերով` վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա և սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

2. Մինչև 18 տարեկան օտարերկրացիները կարող են մուտք գործել Հայաստանի Հանրապետություն իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի կամ ուղեկցողի հետ միասին կամ միայնակ, եթե նրանք գալիս են Հայաստանի Հանրապետություն իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն:

3. Առանց անձնագրի, դրան փոխարինող փաստաթղթի կամ անվավեր անձնագրով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացիների մուտքը չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածք, և հնարավորության դեպքում նրանք անմիջապես վերադարձվում են իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, նույն փոխադրողի տրանսպորտային միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք Հայաստան են ժամանել ապաստանի իրավունք հայցելու նպատակով:

4. Սույն հոդվածի երրորդ մասում նշված օտարերկրացիների սեփական միջոցների բացակայության դեպքում նրանց վերադարձի ծախսերը միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կատարում են փոխադրողները, որոնք իրականացրել են այդ օտարերկրացիների փոխադրումը Հայաստանի Հանրապետություն, կամ Հայաստանի Հանրապետությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց` պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի տրամադրման, Հայաստանի Հանրապետությունից ելքի, Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկման, ինչպես նաև այն պետությունների քաղաքացիների, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, անձնագրերում հատուկ նշում կատարելու հետ կապված` սույն օրենքով նախատեսված գործառույթներն իրականացնում են ազգային անվտանգության մարմինները:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործառույթներն ազգային անվտանգության մարմինն իրականացնում է սույն օրենքին, «Պետական սահմանի մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

7. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործառույթի իրականացմանն առնչվող առանձին հարցեր կարող են կարգավորվել Կառավարության որոշմամբ:

(6-րդ հոդ. փոփ. 17.12.14 ՀՕ-214-Ն, 06.07.22 ՀՕ-330-Ն օրենք)

 

Հոդված 7. Առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետություն ժամանելու իրավունք ունեցող օտարերկրացիների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելը

 

1. Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված օտարերկրացիների անձնագրում հատուկ նշում է կատարվում նրանց` Հայաստանի Հանրապետություն ժամանման ամսաթվի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված կատեգորիայի օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց անմիջապես հետո պարտավոր է դիմել միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին` իր և իր ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու համար:

Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված կատեգորիայի օտարերկրացուն և նրա ընտանիքի անդամին բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք տալու դիմումները քննարկելու, ներառյալ` կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով, որը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հնարավոր է վճարել նաև առցանց:

4. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված օտարերկրացուն իրավասու մարմնի ներկայացմամբ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը տրամադրում է տեղեկանք և հանրային ծառայությունների համարանիշ, եթե այդ անձը չունի Հայաստանի Հանրապետությունում կացության այլ կարգավիճակ: Տեղեկանքի ձևը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված տեղեկանքի ձևը, այն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, տրամադրման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(7-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-355-Ն, 27.05.21 ՀՕ-267-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

i
Հոդված 8. Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելն արգելելը

 

i

1. Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե`

ա) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի.

բ) նա սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է մեկ տարի.

գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է`

- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,

- իրականացնել ահաբեկչական գործունեություն,

- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ

- իրականացնել մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում.

դ) նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն` նման հիվանդությունը բուժելու նպատակով: Այդ վարակիչ հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

ե) նա մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա մուտքը կամ գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը, կամ

զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ.

է) նա ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից անցել է մեկ տարի:

2. Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում, կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե նա օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման Հայաստանի Հանրապետությունում հանցագործություն կատարելու համար:

Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմինը օտարերկրացու ազատազրկման դատապարտման մասին Հայաստանի Հանրապետության դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական մարմնին` սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով արտաքսման վերաբերյալ գործ հարուցելու համար:

Օրինական ուժի մեջ մտած դատավճռով օտարերկրացու ազատազրկման դատապարտվելու պատճառով արտաքսման մասին որոշում կայացվելու դեպքում օտարերկրացու մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե օրինական ուժի մեջ մտած արտաքսման մասին որոշումն ի կատար ածելուց հետո ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարելու դեպքում չի անցել երեք տարի, ծանր հանցագործություն կատարելու դեպքում` հինգ տարի, իսկ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու դեպքում` ութ տարի:

Սույն մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվող մերձավոր ազգականներ (ամուսին, զավակ, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործություն կատարելու համար հետախուզվող անձանց վրա:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 01.11.2026 թվականից` 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

4. Բացառության կարգով սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ» և «է» կետերում նշված հիմքերի առկայության դեպքում օտարերկրացիների մուտքը կարող է թույլատրվել խիստ հիմնավորված դեպքերում:

5. Սույն հոդվածով մուտքի վիզայի տրամադրման (ժամկետի երկարաձգման) մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրացու անձնագրում կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի նշում:

i

6. Սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված անձանց մասին տվյալները մտցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկ:

Տվյալների բանկը վարում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, որն էլ անհրաժեշտ տեղեկություններ է մուտքագրում տվյալների բանկ: Տվյալների բանկում տեղեկություններ մուտքագրելու նպատակով ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին տեղեկություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, ոստիկանությունը, միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը:

Տվյալների բանկից օգտվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության դատարանները, Հայաստանի Հանրապետության քրեական հետապնդում իրականացնող մարմինները:

Տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Սույն հոդվածով նախատեսված գործառույթները պետական սահմանի անցման կետերում իրականացնում են ազգային անվտանգության մարմինները:

(8-րդ հոդ. փոփ. 02.02.10 ՀՕ-4-Ն, 17.12.14 ՀՕ-214-Ն, 22.06.15 ՀՕ-82-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.12.15 ՀՕ-181-Ն, 24.10.19 ՀՕ-204-Ն , 27.05.21 ՀՕ-267-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 06.07.22 ՀՕ-330-Ն, 16.12.22 ՀՕ-471-Ն, 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

i
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզան

 

1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են Հայաստանի Հանրապետությունում մինչև 120 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ, եթե սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

i

2. Եթե սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, ապա Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են մեկանգամյա մուտքի համար:

3. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են անհատական, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև խմբակային:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հրավերի հիման վրա:

4.1. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի: Ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա կամ անհրաժեշտության դեպքում նաև միակողմանիորեն որոշ պետությունների քաղաքացիների համար կարող է սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ կամ որոշակի կատեգորիայի անձանց կարող է ազատել մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

i

6. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիներից գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

7. Օրենքով որոշ պետությունների քաղաքացիներ կամ որոշակի կատեգորիայի անձինք կարող են ազատվել մուտքի վիզայի համար սահմանված պետական տուրքից կամ կարող են նվազեցվել կամ ավելացվել պետական տուրքերի դրույքաչափերը:

i

8. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու դիմումի քննարկման կարգը, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը և խմբակային մուտքի վիզաների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(9-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-355-Ն օրենք)

   
Հոդված 10. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տեսակները

 

1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տեսակներն են`

ա) այցելության մուտքի վիզա` հարազատներին (ընկերներին) այցելելու կամ տեսակցելու, ընտանիքի վերամիավորման, զբոսաշրջության (հանգստի), բուժման, Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններում ուսանելու, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող մշակութային, մարզական, գիտական և այլ միջոցառումներին, խորհրդաժողովներին մասնակցելու, Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական աջակցության, մարդասիրական, բարեգործական, ֆինանսական օգնության կարճատև ծրագրերի իրականացման, գործարար բանակցություններին մասնակցելու, տնտեսական գործունեություն ծավալելու (առևտրային կազմակերպություն հիմնադրելու, օտարերկրյա պետության առևտրային կազմակերպության մասնաճյուղ կամ ներկայացուցչություն հիմնադրելու, Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու, ապրանքների և ծառայությունների ներմուծում և արտահանում իրականացնելու) նպատակով այցելության համար, ինչպես նաև միջազգային օդային կամ ցամաքային ուղևորաբեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմերի անդամների համար` մեկանգամյա մուտքի կամ մինչև մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար.

բ) պաշտոնական մուտքի վիզա` պաշտոնական (ծառայողական) անձնագիր կրող անձանց համար`

- Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, Հայաստանի Հանրապետությունում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ նրանց ներկայացուցչությունների դիվանագիտական կարգավիճակ չունեցող աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար` մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար,

- Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կամ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների հրավերով ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց` մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար,

- սովորական անձնագրերով պաշտոնական պատվիրակությունների անդամների համար` մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար.

գ) դիվանագիտական մուտքի վիզա` դիվանագիտական անձնագիր կրող կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց համար`

- Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, Հայաստանի Հանրապետությունում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ նրանց ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար` մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար,

- պաշտոնական, պետական, աշխատանքային այցով կամ ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակության անդամներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց համար` մեկ մուտքի կամ մինչև 1 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար,

- ոչ ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանողների համար` մինչև 120 օր վավերականության ժամկետով մեկ մուտքի համար.

դ) տարանցիկ մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետության տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտով երթևեկողների համար մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` մինչև 3 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 4 օր երկարաձգելու հնարավորությամբ.

ե) աշխատանքային մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում կարճաժամկետ աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար Հայաստանի Հանրապետության տարածքից դիմում ներկայացնելու կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթն ստանալու համար` մինչև 120 օր գտնվելու իրավունքով մեկանգամյա կամ բազմակի մուտքի համար` առանց երկարաձգման հնարավորության: Աշխատանքային մուտքի վիզան տրվում է տվյալ օրացուցային տարվա ընթացքում միայն մեկ անգամ:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մուտքի վիզաները կոդավորվում են ըստ այցելության տեսակի:

3. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տալիս են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում` ազգային անվտանգության մարմինները: Պետական սահմանի անցման կետ չհանդիսացող Հայաստանի Հանրապետության տարածքում մուտքի վիզա տալիս են միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, ինչպես նաև արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը:

i

4. Արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը տրամադրում և երկարաձգում է սույն հոդվածի առաջին մասի «բ» և «գ» կետերում նշված մուտքի վիզաները, ինչպես նաև տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ, որոնց տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը տալիս և երկարաձգում է սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «դ» կետերում նշված մուտքի վիզաների տեսակները, ինչպես նաև տրամադրում է սույն հոդվածի 1-ին մասի «ե» կետում  նշված մուտքի վիզան, որոնց տրամադրման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի նպատակը փոխելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ազգային անվտանգության մարմինները տալիս են սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «դ» կետերում նշված մուտքի վիզաների տեսակները միայն պետական սահմանի անցման կետերում:

5. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրվող մեկանգամյա մուտքի վիզայի վավերականության ժամկետը երկու ամսով գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամկետը, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետում կամ անհրաժեշտության դեպքում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում տրվող մեկ մուտքի վիզայի ժամկետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամկետին: Դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում տրվող մուտքի վիզայի վավերականության ժամկետը կարող է համապատասխանեցվել օտարերկրացու կողմից գրավոր հայտարարված Հայաստանի Հանրապետություն մուտքի ժամկետի հետ:

6. Օտարերկրացին կարող է դիմել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու խնդրանքով նախատեսվող այցից առավելագույնը 4 ամիս առաջ:

i

7. Վիզա տրամադրող մարմինները մուտքի վիզա ստացած անձանց տվյալները մտցնում են համապատասխան տվյալների բանկ, որը վարում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը: Մուտքի վիզա ստացած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(10-րդ հոդ. փոփ. 06.07.22 ՀՕ-330-Ն, 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

i
Հոդված 11. Հրավերը

 

1. Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավեր կարող են տալ`

ա) Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին.

բ) Հայաստանի Հանրապետությունում կացության կամ փախստականի կարգավիճակ ունեցող օտարերկրացին.

գ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք.

դ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները:

2. Հրավերը պարունակում է հրավիրվողի և հրավիրողի տվյալները, հրավերի նպատակը, հրավիրվողի` Հայաստանի Հանրապետությունում մնալու ժամկետները:

Հրավերի տիպային ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

i

3. Հրավերը վավերական է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից հաստատվելուց հետո, որի համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

4. Հրավերը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատմանը ներկայացնելիս սույն հոդվածի առաջին մասի «ա» կետում նշված քաղաքացիները ներկայացնում են անձնագիր, «բ» կետում նշված անձինք` անձնագիր և կացության կամ փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, իսկ սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետում նշված իրավաբանական անձինք` Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի տված գրանցման վկայականի պատճենը:

Սույն մասում նշված անձինք ներկայացնում են նաև տեղեկատվություն հրավիրվողի կողմից իր կեցության ծախսերը, այդ թվում` նրա հնարավոր բուժօգնության և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու ծախսերը հոգալու մասին, կամ պարտավորություն այդ ծախսերը իր կողմից հոգալու մասին` երկու դեպքում էլ ներկայացնելով պետական տուրքի վճարման անդորրագիր:

5. Իրավասու մարմնի կողմից հրավերի հաստատումը մերժվում է, եթե առկա են սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերը, կամ հրավիրողը նախկինում խախտել է սույն հոդվածի 4-րդ մասում նշված իր պարտավորությունները:

i

6. Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները և մուտքի վիզան երկարաձգելու միջնորդագրերը առավելագույնը 15-օրյա ժամկետում հաստատում է`

ա) սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերում նշված դեպքերում` միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը.

բ) սույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերում նշված դեպքերում` արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը.

գ) («գ» կետն ուժը կորցրել է 01.01.2022 թվականից` 27.05.21 ՀՕ-267-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) օրենք)

Հրավերների հաստատման և հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(11-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-355-Ն, 22.06.15 ՀՕ-82-Ն, 27.05.21 ՀՕ-267-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ), 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 12. Հայաստանի Հանրապետությունից ելքը

 

1. Օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունից կարող են դուրս գալ վավերական անձնագրի և մինչև դուրս գալու պահը Հայաստանի Հանրապետության տարածքում նրանց օրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի առկայության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ օրենքով կամ միջազգային պայմանագրերով:

i

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով վարչական պատասխանատվության ենթարկված օտարերկրացին առանց վավերական անձնագրի և մինչև Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու պահը Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի կարող է դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից տուգանքի վճարման մասին անդորրագիրը (տուգանքի վճարումը հավաստող այլ փաստաթուղթը) սահմանային հսկողության մարմնին ներկայացնելու դեպքում:

3. Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացու ելքն արգելվում է, եթե օրենքով սահմանված կարգով`

ա) նրա նկատմամբ նշանակվել է այնպիսի պատիժ, որի կրումը հնարավոր է միայն Հայաստանի Հանրապետությունում մինչև պատիժը կրելու ժամկետի ավարտը կամ պատիժը կրելուց օրենքով սահմանված կարգով ազատվելը.

բ) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, և որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարույթն իրականացնող մարմինը տվյալ անձին Հայաստանի Հանրապետությունից ելքի գրավոր թույլտվություն է տվել:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց մասին տվյալները անհապաղ փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Այն դեպքում, երբ վերանում են հանգամանքները, որոնց ուժով արգելվել է օտարերկրացու ելքը Հայաստանի Հանրապետությունից, իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է անմիջապես տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին:

(12-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-355-Ն, 09.06.22 ՀՕ-238-Ն (օրենքն ունի անցումային դրույթ)  օրենքներ)

 

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկելը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկություն է համարվում որևէ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտի միջոցներով դեպի երրորդ պետություն օտարերկրացիների երթևեկությունը:

2. Տարանցիկ երթևեկության դեպքում օտարերկրացիները ներկայացնում են դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա և կարող են մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում 72 ժամից ոչ ավել, բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքերի: Հայաստանի Հանրապետության ցամաքային սահմանով երրորդ երկիր տարանցիկ երթևեկող օտարերկրացիները կարող են տարանցիկ վիզա ստանալ նաև առանց դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա ներկայացնելու:

3. Եթե օտարերկրացին գտնվում է տարանցիկ գոտում և չի մտնելու Հայաստանի Հանրապետության տարածք, ապա նա կարող է գտնվել տարանցիկ գոտում 48 ժամից ոչ ավել, բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքերի:

(13-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-355-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԸ

 

Հոդված 14. Օտարերկրացիների կացության կարգավիճակները

 

1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների համար սահմանվում են կացության հետևյալ կարգավիճակները.

ա) ժամանակավոր.

բ) մշտական.

գ) (գ կետն ուժը կորցրել է 01.11.2026 թվականից` 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

2. Հայաստանի Հանրապետության ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար ժամանակավոր կացության քարտը և մշտական կացության քարտը, որոնց ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

i

2.1. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը, կացության վկայականի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2.2. Օտարերկրացին Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է ունենալ օրինական բնակությունը հավաստող միայն մեկ կարգավիճակ:

i

3. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու վարույթն իրականացվում է միայն էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով, որը վարում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը: Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու դիմումները քննարկելու, ներառյալ` կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով, որը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հնարավոր է վճարել նաև առցանց:

(14-րդ հոդ. փոփ. 31.05.19 ՀՕ-45-Ն, 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 15. Ժամանակավոր կացության կարգավիճակ տալու հիմքերը և ժամկետները

 

1. Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև մեկ տարի ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ:

Այդպիսի հանգամանքներ կարող են լինել`

ա) ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթական ծրագրերում, մասնագիտական վերապատրաստման դասընթացներում, կրթական փոխանակման ծրագրերում ուսումնառությունը, ինչպես նաև գիտատեխնոլոգիական կամ նորարարական (ինովացիոն) գործունեություն իրականացնելը.

բ) սույն օրենքի համաձայն` աշխատանքային վիզայի, աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվության կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կամ 13-րդ կետով սահմանված իրավունքի առկայությունը կամ.

գ) (գ կետն ուժը կորցրել է 01.11.2026 թվականից` 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում կացության կամ փախստականի կարգավիճակ ունեցող օտարերկրացու ընտանիքի անդամ` ամուսին, ծնող, զավակ լինելը կամ

ե) ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը.

զ) ազգությամբ հայ լինելը.

զ.1) օրենքով սահմանված կարգով կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրով կամավոր աշխատանք կատարելը

է) օրենքով սահմանված այլ դեպքեր:

2. Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև մեկ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիմքով ժամանակավոր կարգավիճակ ձեռք բերած օտարերկրացի ամուսինը Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու հետ ամուսնությունը լուծելու կամ անվավեր ճանաչելու դեպքում կարող է դիմել ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումով, եթե նա ամուսնության մեջ է գտնվել և Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվել է առնվազն մեկ տարի:

(15-րդ հոդ. փոփ. 02.02.10 ՀՕ-4-Ն, 08.12.11 ՀՕ-355-Ն, 17.12.14 ՀՕ-214-Ն, 27.05.21 ՀՕ-267-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ), 14.06.23 ՀՕ-213-Ն, 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 16. Մշտական կացության կարգավիճակ տալու հիմքերը և ժամկետները

 

1. Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`

ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ընտանիքի անդամի (ամուսնու, ծնողի, զավակի) առկայությունը, Հայաստանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելը օրենքով սահմանված կարգով վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի ժամկետով Հայաստանի Հանրապետությունում ունեցել է ժամանակավոր կացության կարգավիճակ կամ

բ) ազգությամբ հայ է կամ

գ) Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելը օրենքով սահմանված կարգով վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի ժամկետով Հայաստանի Հանրապետությունում ունեցել է ժամանակավոր կացության կարգավիճակ կամ

դ) Հայաստանի Հանրապետությունում ներդրում է կատարել կամ

ե) Հայաստանի Հանրապետությանը մատուցել է բացառիկ ծառայություններ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով մշտական կացության կարգավիճակը տրվում է հինգ տարի ժամկետով:

(16-րդ հոդ. փոփ. 02.02.10 ՀՕ-4-Ն, 08.12.11 ՀՕ-355-Ն, խմբ. 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 17. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի ներկայացումը, քննարկումը, որոշման կայացումը և ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակներ ունեցող օտարերկրացիների հաշվառումը

 

1. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ներկայացվում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին:

2. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալը, մերժելը, կացության քարտ տրամադրելը, կացության կարգավիճակ տալու մասին որոշումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով իրականացնում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Էլեկտրոնային միասնական հարթակի կիրառմամբ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման հայտերի լրացման և ներկայացման, օտարերկրացիներին ժամանակավոր կամ մշտական կարգավիճակ տալու, ծանուցման կարգը, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, վարչական մարմինների միջև տեղեկատվությունը, փաստաթղթեր փոխանակելու կարգը և հարթակի տեխնիկական նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշումը, բացառությամբ 16-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված հիմքի, կայացնում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում` հիմք ընդունելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տվյալ տարվա կացության կարգավիճակների սահմանաչափի վերաբերյալ քվոտային ցուցանիշները:

Եթե ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու վարույթի ընթացքում լրացել է օտարերկրացու` Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական գտնվելու կամ բնակվելու ժամկետը, ապա մինչև վարույթի ավարտը և միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից որոշման կայացումը օտարերկրացու գտնվելը Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում է օրինական:

5. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված հիմքով օտարերկրացուն մշտական կացության կարգավիճակ տրվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

6. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին հաշվառում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը էլեկտրոնային միասնական հարթակի կիրառմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

7. Օտարերկրացին ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի քարտը, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնից ստանում է անձամբ` տրամադրելով կենսաչափական տվյալները` մատնահետքերը և ստորագրության էլեկտրոնային օրինակը, բացառությամբ 16 տարին չլրացած օտարերկրացիների, որոնց օրինական բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթն ստանում է ծնողը կամ օրինական  ներկայացուցիչը:

8. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին, բացառությամբ 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ե» կետերով նախատեսված հիմքերով կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու, Հայաստանի Հանրապետությունից 183 օր և ավելի բացակայելու դեպքում այդ մասին էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով 183-օրյա ժամկետը լրանալու պահից հաշվարկված ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում ծանուցում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին:

9. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու վարույթի ընթացքում կացության կարգավիճակ ստանալու դիմում ներկայացրած անձը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ծանուցվում է հայտնաբերված սխալները, վրիպակները շտկելու, ինչպես նաև ոլորտը կարգավորող օրենսդրությամբ պահանջվող տեղեկություններ կամ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին:

Եթե ժամանակավոր կամ մշտական կացություն ստանալու դիմում ներկայացրած անձը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ծանուցումն ստանալու պահից հնգօրյա ժամկետում չի կատարում ծանուցմամբ նշված գործողությունը, ապա էլեկտրոնային միասնական հարթակն ինքնաշխատ եղանակով կասեցնում է վարույթը:

10. Եթե ժամանակավոր կամ մշտական կացություն ստանալու դիմում ներկայացրած անձը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն, կասեցված վարույթը վերսկսելու հետ կապված գործողություններ չի կատարում մեկ ամսվա ընթացքում, ապա էլեկտրոնային միասնական հարթակն ինքնաշխատ եղանակով կարճում է վարույթը:

(17-րդ հոդ. փոփ. 27.05.21 ՀՕ-267-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ), 14.06.23 ՀՕ-213-Ն, խմբ. 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 18. Հատուկ կացության կարգավիճակ տալու հիմքերը և ժամկետները

(18-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.11.2026 թվականից` 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 

 

Հոդված 19. Կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերը

 

1. Օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե`

1) օտարերկրացին արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման որոշման կատարման պահից կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի.

2) օտարերկրացին դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով չի մարվել կամ վերացվել.

3) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում է այն կամ այնպիսի կազմակերպության անդամ է, որի նպատակն է`

ա. վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,

բ. իրականացնել ահաբեկչական գործունեություն,

գ. սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր,

դ. իրականացնել մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում.

4) օտարերկրացին տառապում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով.

5) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին ուղղված հիմնավորված սպառնալիքներ.

6) կացության կարգավիճակ հայցելիս օտարերկրացին ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը.

7) օտարերկրացին սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է մեկ տարի, կամ մինչև մեկ տարին լրանալը կատարել է վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը.

8) վերացել է կացության կարգավիճակ տալու հիմքը.

9) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ չի կնքվել աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր, կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «զ1» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալուց հետո կարգավիճակը ստանալու համար հիմք հանդիսացող կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը լուծվել է, և 15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ նոր կամավոր աշխատանքի մասին պայմանագիր չի կնքվել.

10) սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» և «դ» կետերում նշված մուտքի վիզաներից որևէ մեկով օտարերկրացին ժամանել է Հայաստանի Հանրապետություն և առանց մուտքի վիզայի տեսակը փոխելու դիմել է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար.

11) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օտարերկրացին մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն և առանց  աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվություն ստանալու դիմել է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքերով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար.

12) առկա է դատարանի` օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության տարածքից արտաքսելու կամ վտարելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշում.

13) լրացել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված քվոտան:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում օրինական կարգով բնակվող ամուսին, ծնող կամ զավակ ունեցող անձանց վրա:

(19-րդ հոդ. փոփ. 02.02.10 ՀՕ-4-Ն, 08.12.11 ՀՕ-355-Ն, 17.12.14 ՀՕ-214-Ն, 09.06.22 ՀՕ-238-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), խմբ. 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 20. Կացության կարգավիճակ տալու վերաբերյալ դիմումի մերժման բողոքարկումը

 

1. Կացության կարգավիճակ ստանալու կամ երկարաձգելու համար ներկայացված դիմումի մերժումը օտարերկրացին կարող է բողոքարկել դատական կարգով:

2. Եթե մինչև դատարանի կողմից գործի քննությունը կամ դատարանի կողմից կայացված որոշման ուժի մեջ մտնելը սպառվում է օտարերկրացու մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակի վավերականության ժամկետը, ապա միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը նրան տալիս է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր մնալու թույլտվություն` մինչև դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը: Ժամանակավոր մնալու թույլտվություն տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Եթե կացության կարգավիճակ ստանալը կամ երկարաձգելը մերժելու մասին որոշումը դատարանը թողնում է ուժի մեջ, ապա օտարերկրացին պարտավոր է դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 10-օրյա ժամկետում, կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից:

4. Կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում օտարերկրացին մեկ տարի հետո կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար, որի մասին նշում է կատարվում մերժման մասին որոշման մեջ: Սույն մասի դրույթները չեն տարածվում 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ կետերով և 27-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված մերժման հիմքերի վրա: Նշված հիմքերով մերժման որոշում կայացնելու դեպքում օտարերկրացին կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար, եթե վերացել են մերժման համար հիմք հանդիսացող հանգամանքները:

(20-րդ հոդ. փոփ. 02.02.10 ՀՕ-4-Ն, 23.03.18 ՀՕ-152-Ն, 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 21. Կացության կարգավիճակը կամ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք տալու վերաբերյալ որոշումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու հիմքերը, կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու հետևանքները

 

1. Օտարերկրացուն տրված կացության կարգավիճակը կամ սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով բնակության օրինականությունն ուժը կորցրած է ճանաչում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, եթե`

1) վերացել են օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու հիմքերը.

2) օտարերկրացին  կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.

3) օտարերկրացին ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

4) օտարերկրացին ձեռք է բերել փախստականի կարգավիճակ.

5) մինչև ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը օտարերկրացու հետ լուծվել է աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիրը, և աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի միջոցով 15 աշխատանքային օրվա ընթացքում չի կնքվել նոր պայմանագիր.

6) մինչև ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը օտարերկրացու հետ լուծվել է օրենքով սահմանված կարգով կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը, և 15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ նոր կամավոր աշխատանքի մասին պայմանագիր չի կնքվել.

7) օտարերկրացին չի կատարել սույն օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ կետով իր վրա դրված պարտավորությունը.

8) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Օտարերկրացուն տրված կացության կարգավիճակն անվավեր է ճանաչվում, և օտարերկրացին զրկվում է կացության կարգավիճակից, եթե`

1) պարզվել է, որ կացության կարգավիճակ ստանալիս նա ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը.

2) Հայաստանի Հանրապետությունում նրա գտնվելն սպառնում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին:

3. Կացության կարգավիճակն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու մասին որոշման եզրափակիչ մասում պետք է արտացոլված լինեն նաև կացության կարգավիճակից զրկված լինելու, Հայաստանի Հանրապետության տարածքից օտարերկրացու կամավոր հեռանալու ժամկետների, մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից հեռանալը նրա բնակվելու վայրի, առանց թույլտվության այդ բնակության վայրը թողնելու արգելքի մասին նշումները:

4. Կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու հետևանքով կացության կարգավիճակից զրկված օտարերկրացու վերաբերյալ տվյալները ներմուծվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասում նշված տվյալների բանկ:

(21-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-355-Ն, 27.05.21 ՀՕ-267-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ), 14.06.23 ՀՕ-213-Ն, խմբ. 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ

(վերնագիրը խմբ. 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 22. Օտարերկրացիների աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում

 

1. Օտարերկրացիներն իրավունք ունեն ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները, ընտրելու մասնագիտության և գործունեության տեսակը, զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեությամբ` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները: Երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարության սկզբունքը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, քաղաքացիությունից և աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 01.11.2026 թվականից` 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 01.11.2026 թվականից` 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 01.11.2026 թվականից` 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 01.11.2026 թվականից` 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

(22-րդ հոդ. փոփ. 22.06.15 ՀՕ-82-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 27.05.21 ՀՕ-267-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ), 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 22.1. 

Միասնական էլեկտրոնային հարթակը և այդ հարթակով օտարերկրացի աշխատողների կամ կամավորների ներգրավումը

(Վերնագիրը փոփ. 14.06.23 ՀՕ-213-Ն օրենք)

 

1. Օտարերկրացի աշխատող ներգրավելու համար գործատուն կամ կամավոր ներգրավելու համար` «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված Կազմակերպությունը լրացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հայտ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից վարվող միասնական էլեկտրոնային հարթակում:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 01.11.2026 թվականից` 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 01.11.2026 թվականից` 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

(22.1-ին հոդ. լրաց. 27.05.21 ՀՕ-267-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ), փոփ. 14.06.23 ՀՕ-213-Ն, 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 23.  Հայաստանի Հանրապետությունում առանց աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվություն ստանալու աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու իրավունք ունեցողները

 

1. Հայաստանի Հանրապետությունում առանց աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվություն ստանալու աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու իրավասություն ունեն`

1) Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ունեցողները` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.

2) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ», «ե» կամ «զ» կետերով նախատեսված հիմքերով Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.

3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների և դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները` փոխադարձության սկզբունքի հիման վրա.

4) կինեմատոգրաֆիայի, թատրոնի, համերգային շրջագայությունների նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող կատարողները, արտիստները և այդ միջոցառումների համար պատասխանատու վարչական և տեխնիկական սպասարկման անձնակազմը` Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող մասնագետները կամ այլ անձինք` Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

6) լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները` Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

7) Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող, փախստականի կարգավիճակ ունեցող և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած օտարերկրացիները` համապատասխան կարգավիճակի ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.

8) տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին մասնակցելու նպատակով ժամանած անձինք` այդ աշխատանքներում մասնակցելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

9) համատեղ իրականացվող վարույթներով հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքներում ներգրավվելու նպատակով ժամանած մասնագետները` Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

10) oրենքով սահմանված կարգով զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ ունեցող անձինք և հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցիչը` Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու կամ կացության կարգավիճակը չգերազանցող ժամկետում.

11) Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի իրավունք ունեցող օտարերկրացիները` հանրային ծառայության համարանիշի առկայության դեպքում.

12) օտարերկրացի դատապարտյալները կամ կալանավորված անձինք, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիները` սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկանքի և հանրային ծառայության համարանիշի առկայության դեպքում.

13) համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում աշխատանք կատարող ուսանողները.

14) ազգությամբ հայ այն օտարերկրացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է այդ անձանց կյանքին կամ առողջությանը` Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում:  Անձանց կյանքին կամ առողջությանն սպառնացող արտակարգ իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումը տրամադրում է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը` միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա:

(23-րդ հոդ. փոփ. 17.12.14 ՀՕ-214-Ն, 22.06.15 ՀՕ-82-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 24.10.19 ՀՕ-199-Ն, 06.05.20 ՀՕ-256-Ն, խմբ. 27.05.21 ՀՕ-267-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ), 09.06.22 ՀՕ-238-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 17.01.23 ՀՕ-1-Ն, 14.06.23 ՀՕ-213-Ն, խմբ. 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 24. 

Աշխատանքային գործունեության կամ կամավոր աշխատանք կատարելու հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տալը և ժամանակավոր կացության քարտի գործողության ժամկետը երկարաձգելը

(24-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.11.2026 թվականից` 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 25. Աշխատանքի թույլտվություն տրամադրելը մերժելու հիմքերը

(25-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.11.2026 թվականից` 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 26. Աշխատանքի թույլտվության մերժման բողոքարկումը

 

( հոդվածն ուժը կորցրել է 01.01.2022 թվականից` 27.05.21 ՀՕ-267-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) օրենք)

(26-րդ հոդ. փոփ. 22.06.15 ՀՕ-82-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 27.05.21 ՀՕ-267-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) օրենքներ)

 

Հոդված 27. Օտարերկրացու հետ աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը

 

1. Օտարերկրացու հետ աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրված կացության կարգավիճակի, աշխատանքային վիզայի կամ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվության ժամկետը չգերազանցող ժամկետով, բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի:

Եթե մինչև սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ1» կետերի հիմքով տրված  ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը լուծվել է օտարերկրացու հետ կնքված աշխատանքային, ծառայությունների մատուցման կամ կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը, ապա օտարերկրացին կարող է 15 աշխատանքային օրվա ընթացքում կնքել  նոր պայմանագիր:

Աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրում պետք է ներառվեն նաև օտարերկրացի աշխատողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետություն փոխադրման, սոցիալական ապահովության և ապահովագրության, դիմավորման, կացարանով ապահովման և բնակության վայրում հաշվառման և վերադարձի հետ կապված հարցերը:

2. Օտարերկրացու հետ աշխատանքային կամ ծառայությունների մատուցման  պայմանագիր կնքելը մերժվում է, եթե`

1) տվյալ աշխատանքը կատարելու համար Հայաստանի Հանրապետության օրենքներով պահանջվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

2) ներկայացված տեղեկատվությունը կամ փաստաթղթերը սխալ են կամ կեղծված են.

3) գործատուն, որի մոտ պետք է աշխատի տվյալ օտարերկրացին, նախկինում խախտել է օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու պահանջները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նշված հիմքերով մերժվում է նաև աշխատանքային մուտքի վիզա տալու կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմումը:

4. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում նշված օտարերկրացիների հետ գործատուներն աշխատանքային պայմանագիր են կնքում աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(27-րդ հոդ. փոփ. 02.02.10 ՀՕ-3-Ն, 22.06.15 ՀՕ-82-Ն, 27.05.21 ՀՕ-267-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), խմբ. 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 28.  Աշխատանքային գործունեության հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելը

(28-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.11.2026 թվականից` 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 29. Անօրինական միգրացիայի դեմ պայքարը

 

i

1. Եթե գործատուն Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք գործած օտարերկրացի աշխատողին չի ապահովում այն աշխատանքով, որի համար օտարերկրացուն սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրվել է ժամանակավոր կացության կարգավիճակ կամ աշխատանքային մուտքի վիզա, ապա գործատուն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով հոգում է նրա, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների, որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրան, ապրուստի, անձնական ունեցվածքի փոխադրման ծախսերը, ինչպես նաև վերադարձի ծախսերն իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարերկրացի աշխատողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 01.11.2026 թվականից` 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

(29-րդ հոդ. փոփ. 22.06.15 ՀՕ-82-Ն, 27.05.21 ՀՕ-267-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ), 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 29.1. Աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի իրականացման նկատմամբ պետական հսկողությունը և վերահսկողությունը

(29.1-ին հոդվածն ուժը կորցրել է 01.11.2026 թվականից` 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 29.2.  Օտարերկրացու մահվան դեպքում հուղարկավորության կազմակերպումը

 

1. Աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրի գործողության ժամանակահատվածում, աշխատանքային պարտականությունների կատարմամբ պայմանավորված, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով օտարերկրացու մահվան դեպքում գործատուն հոգում է նրա դին ծագման պետություն տեղափոխելու հետ կապված ծախսերը: Տեղափոխման անհնարինության դեպքում հուղարկավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացու ընտանիքի անդամների գրավոր համաձայնությամբ: Հուղարկավորության կազմակերպումն ստանձնողներ չլինելու դեպքում հուղարկավորությունը կատարվում է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով:

(29.2-րդ հոդ. լրաց. 27.05.21 ՀՕ-267-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) օրենք)

 

Հոդված 29.3. Ուսումնառության հիմքով ժամանակավոր կացություն տալը

 

1. Օտարերկրացիները կարող են Հայաստանի Հանրապետությունում ստանալ ֆորմալ և ոչ ֆորմալ ուսումնառության կամ գիտատեխնոլոգիական կամ  նորարարական (ինովացիոն) գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, եթե առկա է Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական, արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող հաստատության, գիտական կազմակերպության կամ համապատասխան իրավասություն ունեցող և ծառայություն մատուցող կազմակերպությունների և օտարերկրացու միջև կնքված տվյալ հաստատությունում կամ կազմակերպությունում օտարերկրացու ուսումնառության կամ գիտատեխնոլոգիական կամ նորարարական (ինովացիոն) գործունեության մասին պայմանագիր:

2. Հանրակրթական, արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունները և գիտական կազմակերպությունները էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ներկայացնում են դիմում, ուսումնառության կամ գիտատեխնոլոգիական կամ նորարարական (ինովացիոն) գործունեության մասին պայմանագիր և այլ փաստաթղթեր, եթե դրանք սահմանված են սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Ոչ ֆորմալ կրթության (ուսումնառության) հիմքով համապատասխան ուսումնական հաստատությունը կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպությունը և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպությունը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ներկայացնում են էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով:

4. Ոչ ֆորմալ կրթության (ուսումնառության) հիմքով կացության կարգավիճակի տրամադրման դիմում կարող են ներկայացնել կրթական գործունեություն իրականացնող հաստատությունները և (կամ) կազմակերպությունները: Եթե ոչ ֆորմալ կրթության (ուսումնառության) ծրագիր իրականացնում է կազմակերպությունը, որի հիմնական գործունեության ոլորտը կրթական ծրագրեր իրականացնելը չէ, ապա այդ կազմակերպությունը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետք է ներկայացնի ոչ ֆորմալ կրթության (ուսումնառության) հիմքով օտարերկրացուն կացության կարգավիճակի տրամադրման դիմում ներկայացնելու թույլտվություն ստանալու դիմում: Դիմումի մասին դրական կամ բացասական եզրակացություն է տալիս կրթության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմինը:

5. Ուսումնառության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացուն ժամանակավոր կացության կարգավիճակ է տրվում` հիմք ընդունելով ուսումը կազմակերպող հաստատության հետ կնքված պայմանագրում նշված ժամկետը, բայց ոչ ավելի, քան ժամանակավոր կացության կարգավիճակի համար օրենքով նախատեսված ժամկետը:

6. Ուսումնառության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

1) ուսումնական հաստատությունը լուծել է օտարերկրացու հետ կնքված ուսման մասին պայմանագիրը, կամ կրթությունը (ուսումնառությունը) օրենքով սահմանված կարգով ընդհատվել է.

2) օտարերկրացին դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման կամ սույն օրենքով սահմանված կարգով արտաքսվել է Հայաստանի Հանրապետությունից.

3) օտարերկրացուն կարգավիճակի տրամադրման դիմում ներկայացրած իրավաբանական անձը լուծարվել է, վերակազմակերպվել է կամ դադարեցրել է իրականացնել համապատասխան կրթական, ուսումնական կամ գիտական գործունեությունը:

7. Օտարերկրացուն կրթության կամ ուսումնառության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման դիմում ներկայացրած իրավաբանական անձը սույն  հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում պարտավոր է էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին տեղեկացնել օտարերկրացու հետ կնքված կրթության (ուսումնառության) մասին պայմանագիրը լուծելու կամ կրթությունը (ուսումնառությունը) սահմանված կարգով ընդհատվելու մասին լուծելու կամ ընդհատելու օրվանից 10-օրյա ժամկետում:

(29.3-րդ հոդ. լրաց. 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 29.4. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալը

 

1. Օտարերկրացիները կարող են Հայաստանի Հանրապետությունում ստանալ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Ձեռնարկատիրական գործունեության հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը` էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` օտարերկրացին անձամբ` գրանցվելով էլեկտրոնային միասնական հարթակում:

3. Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կարող է հիմք լինել կացության կարգավիճակ ստանալու համար, եթե օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունում առևտրային կազմակերպության մասնակից կամ բաժնետեր կամ արժեթղթերի սեփականատեր է և առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրել է առնվազն երկու միլիոն դրամ կամ ձեռք է բերել երկու միլիոն դրամ արժեքով բաժնետոմսեր կամ արժեթղթեր կամ հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, ունի անհատ ձեռնարկատիրոջ տարբեր արժույթներով հաշիվներին դրամային արտահայտմամբ առնվազն մեկ միլիոն դրամի չափով գումար կամ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 60 օրվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության արդյունքով ունի մեկ միլիոն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի դրամաշրջանառություն:

4. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստացած օտարերկրացուն նույն հիմքով նոր կացության կարգավիճակ է տրվում, եթե առկա է դիմում և Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշմամբ սահմանված` ձեռնարկատիրական գործունեության շարունակականությունը հաստատող էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ստացված տեղեկատվություն, իսկ այդպիսի տեղեկատվության բացակայության դեպքում` օտարերկրացու կողմից ներկայացված փաստաթղթեր:

5. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով կացության կարգավիճակը ճանաչվում է ուժը կորցրած, եթե առևտրային կազմակերպությունից դուրս է հանվել կանոնադրական կապիտալում ներդրած կապիտալը, կամ այն պակաս է մեկ միլիոն դրամից, կամ բաժնետոմսերի կամ արժեթղթերի արժեքը պակաս է մեկ միլիոն դրամից, կամ կացության կարգավիճակն ստանալուց հետո` 180-օրյա ժամկետում, պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում ձեռնարկատիրական գործունեության արդյունքով հաշվարկված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է: Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով կացության կարգավիճակն ուժը կորցրած չի ճանաչվում, եթե օտարերկրացին`

1) առևտրային կազմակերպությունից կանոնադրական կապիտալը դուրս հանելու պահի դրությամբ ունի դրան համարժեք կատարված ներդրում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մեկ այլ առևտրային կազմակերպությունում կամ

2) առևտրային կազմակերպությունից դուրս է հանել կանոնադրական կապիտալում ներդրված կապիտալը և հաջորդող մեկ ամսվա ընթացքում այն ներդրել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մեկ այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում:

(29.4-րդ հոդ. լրաց. 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 29.5. Ընտանեկան հանգամանքների կամ ազգությամբ հայ լինելու հիմքով կացության կարգավիճակ տալը

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում գործող կացության կամ փախստականի կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելու հիմքով կացության կարգավիճակ տալու դիմումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ կացության կամ փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքի անդամը` էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով:

2. Ազգությամբ հայ լինելու հիմքով կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը ներկայացնում է անձամբ օտարերկրացին: Նախքան դիմում ներկայացնելը օտարերկրացին գրանցվում է էլեկտրոնային միասնական հարթակում, ներկայացնում է կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և հարթակի միջոցով հերթագրվում է դիմումն անձամբ ներկայացնելու համար, եթե միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը նախնական ուսումնասիրությամբ հաստատել է, որ ներկայացված փաստաթղթերն ու տեղեկություններն ամբողջական են և համապատասխանում են սահմանված պահանջներին: Փաստաթղթերն ու տեղեկություններն ամբողջական չլինելու կամ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում անձը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ծանուցվում է դրանք ներկայացնելու կամ համալրելու անհրաժեշտության մասին:

3. Մինչև 16 տարեկան երեխաները կացության կարգավիճակ կարող են ստանալ ծնողներից մեկի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքի հիման վրա`  կացության կարգավիճակ տալու մասին դիմումում ծնողի նշած ժամկետով, սակայն ոչ ավելի, քան կացության տվյալ կարգավիճակի համար օրենքով սահմանված առավելագույն ժամկետը, կամ ծնողներից մեկի կացության կարգավիճակի հիման վրա` վերջինիս տրված կացության կարգավիճակի վավերականության ժամկետով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ուսումնական հաստատություններում կամ փոխանակման ծրագրերով սովորող օտարերկրացի երեխաների:

(29.5-րդ հոդ. լրաց. 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 29.6. Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու հիմքով մշտական կացության կարգավիճակ տալը

 

1. Օտարերկրացիները կարող են  Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու հիմքով ստանալ մշտական կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնում է օտարերկրացին անձամբ` գրանցվելով էլեկտրոնային միասնական հարթակում:

3. Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու հիմքով մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ վավերապայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու հիմքով մշտական կացության կարգավիճակն ուժը կորցրած է ճանաչվում, եթե կացության կարգավիճակ ստանալուց հետո դադարել է բավարարել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված վավերապայմանները:

(29.6-րդ հոդ. լրաց. 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 29.7. Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած լինելու հիմքով մշտական կացության կարգավիճակ տալը

 

1. Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած լինելու հիմքով մշտական կացության կարգավիճակ տալու դիմում-հայտը էլեկտրոնային միասնական հարթակ է մուտքագրում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը` կցելով օտարերկրացու` Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ստանալու մասին համաձայնությունը, օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցելու հիմքով մշտական կացության կարգավիճակ տալու պետական կառավարման մարմնի միջնորդությունը (առկայության դեպքում) և ազգային անվտանգության ու ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմինների` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում տրված եզրակացությունները, որոնք ստանում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը` Ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն հարցումներ կատարելու միջոցով:

(29.7-րդ հոդ. լրաց. 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 5
ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ԿԱՄԱՎՈՐ ՀԵՌԱՆԱԼԸ ԵՎ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ

 

Հոդված 30. Օտարերկրացիների կամավոր հեռանալը Հայաստանի Հանրապետությունից

 

Օտարերկրացին պարտավոր է կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից, եթե`

ա) լրացել է նրա մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակի վավերականության ժամկետը.

բ) առկա են սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերը.

գ) մերժվել է նրա` կացության կարգավիճակ ստանալու կամ ժամկետը երկարաձգելու համար դիմումը.

դ) նա սույն օրենքի 21-րդ հոդվածի «ա»-«դ» կետերում նշված հիմքերով զրկվել է կացության կարգավիճակից:

ե) սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած է ճանաչվել, կամ լրացել է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ.1» կետերով սահմանված հիմքերով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը:

Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտավորությունը չի տարածվում այն օտարերկրացու նկատմամբ, որը օրենքով նախատեսված կարգով գտնվում է մտորման ժամկետում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի «ե» կետում նշված դեպքում օտարերկրացին պարտավոր է 15 աշխատանքային օրվա ընթացքում կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվելու համար նրա նկատմամբ չի կարող կիրառվել վարչական պատասխանատվության միջոց:

(30-րդ հոդ. փոփ. 17.12.14 ՀՕ-214-Ն, 24.10.19 ՀՕ-204-Ն, 27.05.21 ՀՕ-267-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ), 14.06.23 ՀՕ-213-Ն, 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 31. Օտարերկրացու արտաքսման վերաբերյալ գործի հարուցումը

 

1. Եթե սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում օտարերկրացին կամավոր չի հեռացել Հայաստանի Հանրապետության տարածքից, կամ եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմինը սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկացրել է համապատասխան դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու մասին, ապա միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը արտաքսման վերաբերյալ գործ է հարուցում և ներկայացնում դատարան:

(31-րդ հոդ. խմբ. 24.10.19 ՀՕ-204-Ն օրենք)

 

Հոդված 32. Օտարերկրյա քաղաքացիների արտաքսումն արգելող հանգամանքները

 

1. Արգելվում է օտարերկրացիներին արտաքսել այն պետություն, որտեղ խախտվում են մարդու իրավունքները, մասնավորապես, եթե նրան սպառնում է հետապնդում ռասայական, կրոնական պատկանելության, սոցիալական ծագման, քաղաքացիության կամ քաղաքական համոզմունքների պատճառով, կամ եթե տվյալ օտարերկրացիները կարող են ենթարկվել խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կամ մահապատժի:

Հետապնդման սպառնալիքի կամ խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ մահապատժի իրական վտանգի գոյության մասին ապացույցները դատարան է ներկայացնում տվյալ օտարերկրացին:

2. Արգելվում է արտաքսել Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրացուն, եթե նա`

- անչափահաս է, և նրա ծնողները օրինական հիմքերով բնակվում են Հայաստանի Հանրապետությունում կամ

- իր խնամքի տակ ունի անչափահաս երեխա, կամ

- 80 տարեկանից բարձր տարիքի է:

3. Արգելվում է օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսումը:

 

Հոդված 33. Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները արտաքսման վերաբերյալ գործի քննության ընթացքում

 

Օտարերկրացին, որը ենթակա է արտաքսման Հայաստանի Հանրապետությունից, օգտվում է դատական պաշտպանության համար Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված բոլոր իրավունքներից:

 

Հոդված 34. Օտարերկրացու արտաքսման մասին որոշումը

 

1. Արտաքսման վերաբերյալ գործի քննության արդյունքում դատարանը կայացնում է որոշում օտարերկրացու արտաքսման կամ արտաքսումը մերժելու մասին:

2. Արտաքսման մասին դատարանի որոշման մեջ նշվում են օտարերկրացու արտաքսման օրը, երթուղին, պետական սահմանի անցման կետը, արտաքսման ծախսերը հոգալու, մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից հեռանալը նրա բնակվելու վայրի, որոշակի պարբերականությամբ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում ներկայանալու պարտավորության, ինչպես նաև առանց թույլտվության բնակության վայրը թողնելու արգելքի մասին, սույն օրենքի 6-րդ գլխով նախատեսված դեպքերում ձերբակալված լինելու դեպքում մինչև արտաքսումը ձերբակալման մեջ պահելու կամ ազատ արձակելու մասին:

3. Արտաքսումը մերժելու մասին դատարանի որոշման մեջ նշվում է ժամանակավոր կացության կարգավիճակ տալու` ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի պարտականության մասին:

(34-րդ հոդ. փոփ. 16.12.22 ՀՕ-471-Ն  (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 35. Արտաքսման մասին որոշման բողոքարկումը

 

1. Արտաքսման մասին որոշումը օտարերկրացին կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:

2. Արտաքսման մասին որոշման բողոքարկման դեպքում օտարերկրացու արտաքսումը Հայաստանի Հանրապետությունից կասեցվում է:

 

Հոդված 36. Արտաքսման մասին որոշումն ի կատար ածելը

 

1. Արտաքսման մասին որոշման վերաբերյալ նշում է կատարվում օտարերկրացու անձնագրում:

2. միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն ի կատար է ածում օտարերկրացու արտաքսման մասին որոշումը:

2.1. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով կայացված արտաքսման որոշումն ի կատար է ածվում օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում դատավճռով սահմանված ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով համաձայնություն է ձեռք բերում դատապարտյալին պատժի մնացած մասը կրելու նպատակով իր քաղաքացիության երկիր փոխանցելու վերաբերյալ, ապա արտաքսման որոշումը համարվում է ի կատար ածված դատապարտյալի փոխանցումն իրականացնելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմնի ծանուցումն ստանալուց հետո:

2.2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով կայացված արտաքսման որոշումն ի կատար ածելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմինը օտարերկրացու` ազատազրկման ձևով պատժի կրման ժամկետն ավարտվելուց առնվազն մեկ ամիս առաջ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

2.3. Այն դեպքերում, երբ օտարերկրացին սահմանված կարգով ապաստանի հայց է ներկայացնում լիազոր մարմին, ապա սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով կայացված արտաքսման որոշումն ի կատար է ածվում նրա հայցի վերաբերյալ վերջնական մերժման որոշումն ընդունվելուց հետո` ներառյալ դատական կարգով բողոքարկումը:

3. միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է արտաքսված օտարերկրացիների առանձին հաշվառում, որոնց մասին տվյալները մտցվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասում նշված տվյալների բանկ:

4. Արտաքսման մասին արտաքսվող օտարերկրացու ծագման պետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը կամ տվյալ պետության շահերը ներկայացնող այլ պետության դիվանագիտական ներկայացուցչությունը տեղեկացվում է եռօրյա ժամկետում:

5. Արտաքսման ծախսերը օտարերկրացու կողմից չհոգալու դեպքում կատարվում են Հայաստանի Հանրապետական պետական բյուջեից:

(36-րդ հոդ. փոփ. 24.10.19 ՀՕ-204-Ն, 16.12.22 ՀՕ-471-Ն  (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)  օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 6
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՊԱՀՈՒՄԸ ԿԱՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

Հոդված 37. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մուտքի թույլտվություն չունեցող օտարերկրացիների պահումը

 

1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` օտարերկրացուն ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից նա ժամանել է, վերադարձնելու անհնարինության դեպքում, առանց անձնագրի, անվավեր անձնագրով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացիները կարող են պահվել տարանցիկ գոտում կամ այլ տեղ` այդ նպատակով ստեղծված հատուկ կացարանում:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված օտարերկրացիներն ընտանիքի անդամներ են, ապա նրանք պահվում են համատեղ:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձն առանց ծնողի կամ օրինական ներկայացուցչի ուղեկցությամբ երթևեկող 18 տարին չլրացած անձ է, ապա նա չի կարող պահվել հատուկ կացարանում և անմիջապես պետք է ուղեկցվի ծնողի (ծնողների) կամ օրինական ներկայացուցչի մոտ:

4. Սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը հատուկ կացարանում օտարերկրացուն տեղավորելուց հետո` 24 ժամվա ընթացքում, դիմում է դատարան` օտարերկրացուն մինչև 90 օր պահելու թույլտվության վերաբերյալ որոշում ստանալու համար:

Դատարանի կողմից որոշում կայացնելու նպատակով օտարերկրացին դատարան է տեղափոխվում սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ:

5. Եթե 90 օրվա ընթացքում անհնար է լինում օտարերկրացու վերադարձը ծագման պետություն, ապա օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրվում է ժամանակավոր թույլտվություն մինչև օտարերկրացու հեռացումը Հայաստանի Հանրապետությունից, սակայն ոչ ավել, քան 1 տարի ժամկետով:

6. Սահմանային անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության և օտարերկրացիներին պահելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 38. Արտաքսման նպատակով օտարերկրացու ձերբակալումը

 

1. Օտարերկրացին սույն օրենքով սահմանված կարգով կարող է ձերբակալվել և պահվել հատուկ կացարանում, եթե բավարար հիմքեր կան կասկածելու, որ նա կարող է թաքնվել մինչև դատարանում արտաքսման մասին գործի քննությունը կամ օրինական ուժի մեջ մտած արտաքսման որոշման կատարումը:

Օտարերկրացուն ձերբակալելուց և հատուկ կացարանում տեղավորելուց հետո` 48 ժամվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը դիմում է դատարան` օտարերկրացուն մինչև 90 օր պահելու թույլտվության վերաբերյալ որոշում ստանալու համար:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ձերբակալման մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացնում է ձերբակալված օտարերկրացու ծագման պետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին կամ տվյալ պետության շահերը ներկայացնող այլ պետության դիվանագիտական ներկայացուցչությանը և(կամ) տվյալ օտարերկրացու` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մերձավոր ազգականներին, իսկ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին` արգելանքի վերցնելու պահից հետո անմիջապես:

3. Ձերբակալված օտարերկրացին հատուկ կացարանում կարող է պահվել մինչև արտաքսման մասին գործի քննության արդյունքում դատարանի կայացրած որոշումն օրինական ուժի մեջ մտնելը, բայց ոչ ավելի քան 90 օր: Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո օտարերկրացու նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 36-րդ հոդվածի դրույթները:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ կացարանների գործունեության և ձերբակալված օտարերկրացիներին պահելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Սույն գլխի իմաստով սահմանված ձերբակալումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը փոխանցվում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով գործ հարուցելու մասին տեղեկացնելով:

(38-րդ հոդ. փոփ. 16.12.22 ՀՕ-471-Ն օրենք)

 

Հոդված 39. Ձերբակալված կամ պահվող օտարերկրացու իրավունքները

 

Սույն օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում պահվող կամ ձերբակալված օտարերկրացին ունի հետևյալ իրավունքները.

- իրեն հասկանալի լեզվով կամ թարգմանչի միջոցով իմանալ իր ձերբակալման և պահման պատճառների մասին,

- բողոքարկել դատարանի` իր վերաբերյալ կայացրած ցանկացած որոշում,

- փաստաբանի կամ այլ իրավական ներկայացուցչի (ներառյալ` հասարակական կազմակերպությունների), ծագման պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի պաշտոնյայի այցելության,

- դիմել դատարան իրեն ազատ արձակելու դիմումով,

- ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն:

 

ԳԼՈՒԽ 7
ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԵՏԱԳԱ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 40. Օտարերկրացիների հանձնումը և ազատազրկման ձևով հետագա պատիժը կրելու համար փոխանցումը

 

1. Օտարերկրացիների հանձնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

2. Այն օտարերկրացիները, որոնք ազատազրկման են դատապարտվել Հայաստանի Հանրապետությունում, կարող են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով փոխանցվել իրենց ծագման պետություն` հետագա պատիժը կրելու նպատակով:

 

Հոդված 41. Օտարերկրացիների հանձնումը բացառող հանգամանքները

 

Օտարերկրացիների հանձնումն արգելվում է, եթե այն արարքի համար, որի կատարման համար օտարերկրացիները պատասխանատվության են կանչվում, նախատեսված է մահապատիժ, կամ լուրջ հիմքեր կան կասկածելու, որ կարող են ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի:

 

ԳԼՈՒԽ 8
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

(8-րդ գլխի վերնագիրը փոփ. 18.05.15 ՀՕ-51-Ն օրենք)

 

Հոդված 42. Օտարերկրացիների վերաբերյալ անձնական տվյալների պաշտպանությունը

 

1. Օտարերկրացիների, ինչպես նաև այլ անձանց անձնական տվյալները մշակելիս այդ անձնական տվյալներն օգտվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտպանությունից:

(42-րդ հոդ. փոփ. 17.12.14 ՀՕ-214-Ն, 18.05.15 ՀՕ-51-Ն, 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 42.1.  Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով օտարերկրացիների և դիմումատուների վերաբերյալ հավաքվող անձնական տվյալների պաշտպանությունը

 

1. Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ստացված տեղեկություններում կամ փաստաթղթերում առկա անհամապատասխանությունների կամ անճշտությունների դեպքում էլեկտրոնային միասնական հարթակում վարչարարություն իրականացնող պետական մարմիններն առկա փաստական հանգամանքներն օբյեկտիվ ուսումնասիրելու նպատակով կարող են պահանջել տվյալ վարույթին առնչվող լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր:

2. Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով հավաքված անձնական տվյալները հավաքում և մշակում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը:

3. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, ըստ իրավասությունների շրջանակի, ապահովում է օտարերկրացու և կացության վարույթի մասնակիցների վերաբերյալ տվյալների հասանելիությունը այլ լիազոր մարմինների, այդ թվում` ազգային անվտանգության, աշխատանքի և սոցիալական հարցերի, արտաքին գործերի բնագավառներում պետական լիազոր մարմիններին սույն օրենքով իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու նպատակով:

4. Օտարերկրացու վերաբերյալ տեղեկությունը, ներառյալ` օրենքով գաղտնիք համարվող տեղեկությունները, բացառությամբ պետական գաղտնիք համարվող տեղեկությունների, փոխանակվում են միայն պետական մարմինների միջև էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու գործընթացում իր անմիջական գործառույթներն իրականացնելուց հետո միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն արգելափակում է պետական մարմինների հասանելիությունն օտարերկրացու կամ տվյալ վարույթում ներգրավված այլ անձանց վերաբերյալ տեղեկություններին:

6. Արգելվում է օտարերկրացու, իրավաբանական կամ ֆիզիկական անձի վերաբերյալ տեղեկություններն օգտագործել, հավաքել, պահպանել այլ նպատակներով, քան անհրաժեշտ է էլեկտրոնային միասնական հարթակում վարչարարություն իրականացնող պետական մարմիններին սույն օրենքով նախատեսված իր գործառույթներն իրականացնելու համար:

(42.1-րդ հոդ. լրաց. 27.05.21 ՀՕ-267-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ), 16.12.22 ՀՕ-471-Ն, խմբ. 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 42.2. Էլեկտրոնային միասնական հարթակի կիրառմամբ իրականացվող հարցումները

 

1. Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով օտարերկրացիներին կացության կարգավիճակի տրամադրման դիմումների վարույթներն իրականացնելիս և սույն օրենքով նախատեսված դեպքերում ներկայացված տեղեկատվությունն ստուգելու նպատակով  հարցումներ են կատարվում`

1) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստր` անձի նույնականացման, անուն, ազգանուն, հայրանուն դաշտերի լրացման, հաշվառման հասցեի, անձը հաստատող փաստաթղթերի, քաղաքացիության և սեռի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.

2) Իրավաբանական անձանց պետական ռեգիստր` իրավաբանական անձի գտնվելու վայրի, գործադիր մարմնի ղեկավարի, գրանցման հասցեի, կանոնադրական կապիտալի, մասնակիցների վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.

3) Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարան` օտարերկրացիների` որպես աշխատող գրանցված լինելու հանգամանքն ստուգելու, հաշվարկված հարկերի մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից հաշվարկված հարկերի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.

4) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակի տվյալների շտեմարան` օտարերկրացիների ամուսնության, Հայաստանի Հանրապետության քաղաքացու և օտարերկրացու ամուսնության, օտարերկրացիների մահվան և ծնունդների վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.

5) Կադաստրի կոմիտեի տվյալների շտեմարան` օտարերկրացու կամ նրա ընտանիքի անդամի` Հայաստանի Հանրապետությունում բնակարանով ապահովված լինելու կամ օտարերկրացու անշարժ գույք ունենալու հանգամանքի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.

6) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության շարժական գույքի տվյալների շտեմարան` օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում շարժական գույք ունենալու և շարժական գույքը շահագործելու վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.

7) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ` օտարերկրացու` Հայաստանի Հանրապետություն մուտքերի և ելքերի, ստացած վիզաների և նախկինում ունեցած կացության կարգավիճակների վերաբերյալ տվյալներ ստանալու, օտարերկրացու` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու օրինականությունը որոշելու, վերջինիս Հայաստանի Հանրապետության  տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների բանկում հաշվառված լինելու հանգամանքն ստուգելու նպատակով անհրաժեշտ տվյալներ ստանալու համար.

8) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հանցանքների և վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձևավորելու գործառույթ իրականացնող տեղեկատվական կենտրոնի քարտադարան` օտարերկրացու դատվածության, այն մարված կամ վերացած լինելու, վերջինիս նկատմամբ հետախուզման վերաբերյալ տեղեկություններ ստանալու, օտարերկրացուն վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.

9) Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա` օտարերկրացիներին պատկանող բաժնետոմսերի քանակի և արժեքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով.

10) Հայաստանի Հանրապետության գանձապետարան` սույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու կամ պետական տուրքը վճարված լինելու մասին տեղեկատվություն ստանալու նպատակով.

11) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության կրթության կառավարման տեղեկատվական կամ բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգեր` ըստ կրթական մակարդակների, կրթական աստիճանների կամ կրթական ծրագրերի` օտարերկրացիների` որպես սովորող գրանցված լինելու հանգամանքն ստուգելու և այլ անհրաժեշտ տվյալներ ստանալու նպատակով.

12) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ` օտարերկրացիների կողմից կնքված աշխատանքային պայմանագրերի, աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրերի, աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

2. Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով տրամադրված կացության կարգավիճակի հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով հարցումներ են կատարվում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համակարգերին: Հարցումներ կատարելու կարգը և հաճախականությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշմամբ:

(42.2-րդ հոդ. լրաց. 20.01.26 ՀՕ-11-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 9
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

Հոդված 43. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու դեպքում

 

Սույն օրենքը խախտելու դեպքում օտարերկրացիները, հրավիրողները, ինչպես նաև գործատուները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 10
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 44. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (17 հունիսի 1994 թվականի, ՀՕ-110):

 

Հոդված 45. Անցումային դրույթներ

 

i

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա տրված կացության կարգավիճակը գործում է մինչև դրա վավերականության ժամկետի ավարտը: Ժամկետի ավարտից հետո օտարերկրացիները կարող են սույն օրենքով նախատեսված կացության կարգավիճակ ստանալ սույն օրենքով սահմանված համապատասխան հիմքերի առկայության դեպքում:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունից պարտավոր են հեռանալ կամ դիմել սույն օրենքով նախատեսված կարգով համապատասխան կացության կարգավիճակ ստանալու նպատակով այն պետությունների քաղաքացիները, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունն ունի առանց մուտքի վիզայի ռեժիմ, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 30.07.2015 թվականից` 22.06.15 ՀՕ-82-Ն օրենք)

(45-րդ հոդ. փոփ. 02.02.10 ՀՕ-3-Ն, 22.06.15 ՀՕ-82-Ն օրենքներ)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունվարի 16
Երևան
ՀՕ-47-Ն

 

pin
ՀՀ 25.12.2006
N ՀՕ-47-Ն օրենք