ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
| Քաղ. Երևան |
3 փետրվարի 2026 թ. |
2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով.
նախագահող` Արման Դիլանյանի,
դատավորներ` Արտակ Զեյնալյանի,
Հրայր Թովմասյանի,
Դավիթ Խաչատուրյանի,
Երվանդ Խունդկարյանի,
Հովակիմ Հովակիմյանի (զեկուցող),
Էդգար Շաթիրյանի,
Սեդա Սաֆարյանի,
Արթուր Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
Կառավարության ներկայացուցիչ` Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2025 թվականի հունիսի 27-ին Մինսկում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների` մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2025 թվականի նոյեմբերի 14-ի N 1603-Ա որոշմամբ հավանություն է տվել 2025 թվականի հունիսի 27-ին Մինսկում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների` մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության` 2025 թվականի նոյեմբերի 17-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ նաև` ԵԱՏՄ) և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների` մյուս կողմից (այսուհետ նաև` առանձին` Կողմ, իսկ միասին` Կողմեր), միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը (այսուհետ նաև` Համաձայնագիր) ստորագրվել է 2025 թվականի հունիսի 27-ին Մինսկում` սակագնային և ոչ սակագնային խոչընդոտները նվազեցնելու միջոցով Կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանն աջակցելու, ինչպես նաև Կողմերի միջև առևտրի ընդլայնումը խրախուսելու նպատակով:
2. Համաձայնագրով նախատեսվում են Կողմերի հորիզոնական պարտավորությունների, ազգային ռեժիմի, ապրանքների արտահանման և ներմուծման գործընթացների ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն, ինչպես նաև ընդհանուր առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ Առևտրի համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) նորմերի ապահովում:
3. Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում Համաձայնագրի հավելվածները, ինչպես նաև կից ցանկերը, որոնց մեջ ներառված ապրանքատեսակներով Կողմերը տրամադրելու են սակագնային արտոնություններ:
4. Կողմերը Համաձայնագրով ստեղծում են ազատ առևտրի գոտի` 1994 թվականի Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի (այսուհետ` ՍԱԳՀ 1994) XXIV հոդվածին համապատասխան (հոդված 1.1):
5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես`
5.1. հաստատել մյուս Կողմերի նկատմամբ առկա իրավունքներն ու պարտավորությունները` ԱՀԿ համաձայնագրի և այլ համաձայնագրերի համաձայն, որոնց կողմ է Հայաստանի Հանրապետությունը (հոդված 1.4, պարբերություն 1),
5.2. ձեռնարկել այնպիսի ողջամիտ միջոցներ, որոնք կարող են հասանելի լինել Հայաստանի Հանրապետությանը` իր տարածքներում կենտրոնական, տարածաշրջանային և տեղական կառավարման մարմինների և իշխանությունների կողմից պատվիրակված պետական լիազորություններն իրականացնելիս տարածաշրջանային և տեղական կառավարությունների ու մարմինների և ոչ պետական մարմինների կողմից սույն Համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու համար (հոդված 1.5, պարբերություն 1),
5.3. մյուս Կողմի ապրանքների համար տրամադրել ազգային ռեժիմ` ՍԱԳՀ 1994-ի III հոդվածին համապատասխան (հոդված 2.3),
5.4. ներմուծման կամ արտահանման համար կիրառվող կամ դրանց հետ կապված կամ ներմուծման օբյեկտների և արտահանման օբյեկտների համար վճարումների միջազգային փոխանցման համար կամ դրանց հետ կապված մաքսատուրքերի և ցանկացած տեսակի գանձումների առնչությամբ, տուրքերը և գանձումները գանձելու մեթոդի առնչությամբ և ներմուծման ու արտահանման հետ կապված բոլոր կանոնների և ձևակերպումների առնչությամբ, ինչպես նաև ՍԱԳՀ 1994-ի III հոդվածի 2-րդ և 4-րդ պարբերություններում նշված բոլոր հարցերի առնչությամբ ցանկացած երրորդ երկրի տարածքի ծագում ունեցող կամ այդ երրորդ երկրի տարածքի համար նախատեսված ապրանքի համար տրամադրված ցանկացած առավելություն, բարենպաստ պայման, արտոնություն կամ անձեռնմխելիություն անհապաղ և անվերապահորեն տրամադրել մյուս Կողմի համանման ապրանքի համար կամ այդ Կողմի տարածքի համար նախատեսված համանման ապրանքի համար (հոդված 2.4, պարբերություն 1),
5.5. եթե Համաձայնագրով այլ բան նախատեսված չէ, մյուս Կողմի ծագում ունեցող ապրանքի համար չավելացնել գործող մաքսատուրքը կամ չընդունել նոր մաքսատուրք, որը գերազանցում է Համաձայնագրի 2Ա (Սակագնային պարտավորությունների ժամանակացույց), 2Բ (ԱՄԷ սակագնային պարտավորությունների ժամանակացույց) և 2Գ (ԵԱՏՄ սակագնային պարտավորությունների ժամանակացույց) հավելվածներում նշված սակագնային պարտավորությունների Հայաստանի Հանրապետության ժամանակացույցում սահմանված մաքսատուրքերի չափերը (հոդված 2.5, պարբերություն 1),
5.6. մյուս Կողմի ծագում ունեցող ապրանքների համար նվազեցնել կամ վերացնել մաքսատուրքերը Համաձայնագրի 2Ա (Սակագնային պարտավորությունների ժամանակացույց), 2Բ (ԱՄԷ սակագնային պարտավորությունների ժամանակացույց) և 2Գ (ԵԱՏՄ սակագնային պարտավորությունների ժամանակացույց) հավելվածներում նշված սակագնային պարտավորությունների Հայաստանի Հանրապետության ժամանակացույցին համապատասխան (հոդված 2.5, պարբերություն 2),
5.7. խորհրդակցել պահանջ ներկայացնող Կողմի հետ` Համաձայնագրի 2Ա (Սակագնային պարտավորությունների ժամանակացույց), 2Բ (ԱՄԷ սակագնային պարտավորությունների ժամանակացույց) և 2Գ (ԵԱՏՄ սակագնային պարտավորությունների ժամանակացույց) հավելվածներում նշված սակագնային պարտավորությունների իրենց ժամանակացույցում սահմանված մաքսատուրքերի վերացման գործընթացն արագացնելու, դրա շրջանակը բարելավելու կամ ընդլայնելու համար (հոդված 2.6, պարբերություն 1),
5.8. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների ժամանակացույցի փոխատեղմամբ մյուս Կողմի ծագում ունեցող ապրանքների համար չսահմանվի պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը սահմանված է Համաձայնագրի 2Ա (Սակագնային պարտավորությունների ժամանակացույց), 2Բ (ԱՄԷ սակագնային պարտավորությունների ժամանակացույց) և 2Գ (ԵԱՏՄ սակագնային պարտավորությունների ժամանակացույց) հավելվածներում նշված սակագնային պարտավորությունների Հայաստանի Հանրապետության ժամանակացույցով (հոդված 2.7, պարբերություն 2),
5.9. չընդունել կամ չպահպանել մյուս Կողմի ապրանքի ներմուծման կամ մյուս Կողմի տարածքի համար նախատեսված ապրանքի արտահանման կամ արտահանման նպատակով վաճառքի որևէ արգելք կամ սահմանափակումներ` բացառությամբ այն դեպքերի, երբ Համաձայնագրով և ՍԱԳՀ 1994-ի XI հոդվածով և դրա բացատրական ծանոթագրություններով այլ բան է նախատեսված (հոդված 2.8),
5.10. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության` «Ներմուծման լիցենզավորման մասին» համաձայնագրի 1-3-րդ հոդվածներով սահմանված ներմուծման լիցենզավորման ընթացակարգերն իրականացվեն թափանցիկ և կանխատեսելի ձևով և կիրառվեն «Ներմուծման լիցենզավորման մասին» համաձայնագրին համապատասխան (հոդված 2.9, պարբերություն 1),
5.11. ներմուծման լիցենզավորման նոր կամ փոփոխված ընթացակարգ կիրառելուց առաջ այն հրապարակել այնպիսի եղանակով, որով հնարավորություն է ընձեռվում պետական մարմիններին և առևտուր իրականացնողներին ծանոթանալ դրան, այդ թվում` հրապարակելով կառավարության պաշտոնական կայքում, ինչպես նաև հնարավորության դեպքում այն հրապարակել ուժի մեջ մտնելուց առնվազն 21 օր առաջ (հոդված 2.9, պարբերություն 2),
5.12. ապահովել թափանցիկությունը Համաձայնագրի 2.11-րդ հոդվածով կարգավորվող սուբսիդիաների ոլորտում և Կողմի պահանջով ողջամիտ ժամկետում «Սուբսիդիաների և փոխհատուցման միջոցների մասին» համաձայնագրով (այսուհետ` ՍՓՄ համաձայնագիր) սահմանված կարգով ծանուցել Հայաստանի Հանրապետության տրամադրած կամ ունեցած կոնկրետ սուբսիդիայի վերաբերյալ, ընդ որում այդ ծանուցումը պարունակում է ՍՓՄ համաձայնագրի 25.3-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները (հոդված 2.11, պարբերություն 4),
5.13. ձգտել վճարային հաշվեկշռի նպատակով խուսափել սահմանափակող միջոցառումների կիրառումից և ապրանքների առևտրի նպատակով ձեռնարկվող ցանկացած այդպիսի միջոցառում համապատասխանեցնել ՍԱԳՀ 1994-ի XII հոդվածին, դրա բացատրական ծանոթագրություններին և ՍԱԳՀ 1994-ի` Վճարային հաշվեկշռի դրույթների մասին փոխհամաձայնությանը, որի դրույթները ներառվում են Համաձայնագրում և կազմում են դրա մասը (հոդված 2.12),
5.14. ՍԱԳՀ 1994-ի VIII:1 հոդվածին և դրա բացատրական ծանոթագրություններին համապատասխան` ապահովել, որ ցանկացած բնույթի բոլոր վճարները և գանձումները, որոնք կիրառվում են ապրանքների ներմուծման կամ արտահանման նկատմամբ կամ դրանց հետ կապված, սահմանափակվեն մատուցվող ծառայությունների մոտավոր արժեքի չափով, որը չի հաշվարկվում ադվալորային սկզբունքով և չի կազմում հայրենական արտադրանքի համար անուղղակի պաշտպանություն կամ ֆիսկալ նպատակներով ներմուծման կամ արտահանման հարկում (հոդված 2.13, պարբերություն 1),
5.15. տրամադրել մյուս Կողմին այն վճարների և գանձումների ընթացիկ ցանկը, որոնք կիրառվում են ներմուծման կամ արտահանման առնչությամբ (հոդված 2.13, պարբերություն 2),
5.16. Կողմերի միջև հաղորդակցությունը դյուրացնելու համար նշանակել համակարգող և այդ մասին ծանուցել մյուս Կողմի համակարգողին: Անհապաղ տեղեկացնել մյուս Կողմին իր համակարգողի ցանկացած փոփոխության մասին (հոդված 2.14, պարբերություն 1),
5.17. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության օրենքները, կարգավորումները, ընթացակարգերը և վարչական որոշումները, որոնք վերաբերում են ոչ սակագնային միջոցներին, չկազմվեն, չընդունվեն կամ չկիրառվեն մյուս Կողմի հետ առևտրում անհարկի խոչընդոտներ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմի միջև առևտրի վրա բացասաբար ազդելու դիտավորությամբ կամ նպատակով (հոդված 2.14, պարբերություն 2),
5.18. որպես պահանջ ստացող Կողմ պատասխանել պահանջ ներկայացնող Կողմին և այլ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում անցկացնել տեխնիկական խորհրդակցություններ գրավոր պահանջը ստանալուց հետո 20 օրվա ընթացքում` փոխադարձաբար գոհացուցիչ լուծման հանգելու նպատակով (հոդված 2.14, պարբերություն 4),
5.19. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի միջոցով ձգտել ընդունել և պահպանել Համաձայնագրի 2.16-րդ հոդվածի համաձայն ընդունված ապրանքների արագ բացթողում նախատեսող ընթացակարգեր. հնարավորության դեպքում, այս ընթացակարգերով նախատեսել, որ եթե այդ ապրանքներն ուղեկցվում են մյուս Կողմի քաղաքացու կամ ռեզիդենտի կողմից, որը ցանկանում է ստանալ ժամանակավոր մուտքի թույլտվություն, ապա ապրանքները բաց թողնվեն այդ քաղաքացու կամ ռեզիդենտի մուտքին զուգահեռ (հոդված 2.16, պարբերություն 6),
5.20. Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների, կանոնների և կարգավորումների համաձայն` թույլատրել մյուս Կողմի տարածքից ներմուծվող առևտրային նմուշների, տպագիր գովազդային նյութերի և ոչ մեծ արժեքով այլ ապրանքների` առանց մաքսատուրքի մուտքը` անկախ դրանց ծագումից (հոդված 2.17, պարբերություն 1),
5.21. չկիրառել մաքսատուրք այն ապրանքների նկատմամբ, անկախ դրանց ծագումից, որոնք կրկին մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենքներին համապատասխան նշված ժամկետում այն բանից հետո, երբ այդ ապրանքները Հայաստանի Հանրապետությունից արտահանվել են մյուս Կողմի տարածք վերանորոգման կամ փոփոխման նպատակով` անկախ այն հանգամանքից` այդ վերանորոգումը կամ փոփոխումը կարող էր կատարվել Հայաստանի Հանրապետությունում, թե` ոչ, բացառությամբ այն դեպքերի, երբ մաքսատուրքը կարող է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենքների համաձայն կիրառվել մյուս Կողմի տարածքում կատարված վերանորոգման կամ փոփոխման արդյունքում ավելացված արժեքի նկատմամբ (հոդված 2.18, պարբերություն 1),
5.22. չկիրառել մաքսատուրք այն ապրանքների նկատմամբ, անկախ դրանց ծագումից, որոնք ժամանակավոր ներմուծվել են մյուս Կողմի տարածքից վերանորոգման կամ փոփոխման նպատակով` պայմանով, որ այդ ապրանքներն արտահանվեն Հայաստանի Հանրապետությունից` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենքներին համապատասխան նշված ժամկետում (հոդված 2.18, պարբերություն 2),
5.23. նախատեսել, որ ապրանքների տեղափոխման համար նախատեսված փաթեթավորման նյութերը և տարաները հաշվի չառնվեն ապրանքների ծագումը որոշելիս (հոդված 3.13),
5.24. նախատեսել, որ ծագում ունեցող ապրանքները պահպանում են իրենց ծագումը, եթե ապրանքները փոխադրվում են անմիջապես ներմուծող Կողմ` առանց Կողմ չհանդիսացող պետության տարածքով (հոդված 3.17, պարբերություններ 1),
5.25. ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` ապահովելու համար, որ ծագման ապացույցի օգտագործմամբ վաճառվող` ծագում ունեցող ապրանքները, որոնց փոխադրման ընթացքում օգտագործվում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող ազատ գոտին, չփոխարինվեն այլ ապրանքներով և չենթարկվեն անվնաս պահելու համար նախատեսված բնականոն գործողություններից բացի այլ մշակման (հոդված 3.18, պարբերություն 1),
5.26. որպես ներմուծող Կողմ չմերժել ծագում ունեցող ապրանքների համար սակագնային առանձնաշնորհումների ռեժիմի կիրառումն այն դեպքերում, երբ հաշիվ-վավերագիրը տրվում է Կողմ չհանդիսացող պետության տարածքում` պայմանով, որ այդ ապրանքները համապատասխանում են Համաձայնագրի 3-րդ գլխի պահանջներին (հոդված 3.19, պարբերություն 1),
5.27. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենքներն ու ընթացակարգերը լինեն թափանցիկ, ոչ խտրական, հետևողական և խուսափեն առևտրի համար անհարկի ընթացակարգային խոչընդոտներից (հոդված 4.3, պարբերություն 1),
5.28. պարբերաբար վերանայել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենքներն ու ընթացակարգերը` Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմի միջև առևտուրը դյուրացնելու համար դրանց հետագա պարզեցման և զարգացման նպատակով (հոդված 4.3, պարբերություն 4),
5.29. նշանակել, ստեղծել և շարունակել կիրառել մեկ կամ մի քանի տեղեկատվական կետեր` մաքսային հարցերի առնչությամբ շահագրգիռ անձանց հարցումները կարգավորելու նպատակով, և էլեկտրոնային միջոցներով հրապարակել նշանակված տեղեկատվական կետերի և այդպիսի հարցումներ կատարելու ընթացակարգերի վերաբերյալ տեղեկությունները (հոդված 4.4, պարբերություն 2),
5.30. ընդունել կամ շարունակել կիրառել ռիսկերի կառավարման մոտեցում մաքսային հսկողության համար` հիմնվելով ռիսկերի գնահատման վրա` դյուրացնելու համար ցածր ռիսկային ապրանքների մաքսազերծումը` միաժամանակ մաքսային հսկողությունը կենտրոնացնելով բարձր ռիսկային ապրանքների վրա (հոդված 4.5),
5.31. շարունակել կիրառել միջոցներ, որոնցով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության խախտման համար սահմանվում են ինչպես առանձին, այնպես էլ համակցված քրեական կամ վարչական տույժեր (հոդված 4.8, պարբերություն 1),
5.32. ապահովել, որ մաքսային օրենքների խախտման համար տույժերը նշանակվեն միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված` խախտման համար պատասխանատու անձի (անձանց) նկատմամբ (հոդված 4.8, պարբերություն 2),
5.33. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից նշանակվող տույժը կախված լինի տվյալ գործի փաստերից ու հանգամանքներից և համաչափ լինի խախտման աստիճանին և ծանրությանը (հոդված 4.8, պարբերություն 3),
5.34. ապահովել, որ եթե Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից նշանակվում է տույժ մաքսային օրենքի խախտման համար, ապա գրավոր պարզաբանում տրվի այն անձին (անձանց), որի նկատմամբ կիրառվել է տույժը` նշելով խախտման բնույթը և տույժի չափը որոշելու համար կիրառված օրենքները (հոդված 4.8, պարբերություն 5),
5.35. մաքսային ընթացակարգերը կիրառել և մաքսային գործողությունները կատարել արդյունավետ կերպով` արագացնելու համար ապրանքների բացթողումը և դյուրացնելու համար Կողմերի միջև առևտուրը (հոդված 4.9, պարբերություն 1),
5.36. որքանով գործնականում հնարավոր է և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենքներին համապատասխան` թույլ տալ ներմուծման համար նախատեսված ապրանքները Հայաստանի Հանրապետություն տեղափոխել մաքսային հսկողության ներքո Կողմի տարածք մուտքի կետից դեպի Հայաստանի Հանրապետությունում գտնվող մեկ այլ մաքսատուն, որտեղից ապրանքները նախատեսվում են բաց թողնվել` պայմանով, որ կիրառելի կարգավորող պահանջները կատարվեն (հոդված 4.9, պարբերություն 3),
5.37. ապահովել, որ սահմանին հսկողության գործառույթների և ապրանքների ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանն առնչվող ընթացակարգերի իրականացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության մարմինները և գերատեսչությունները համագործակցեն միմյանց հետ և համակարգեն իրենց գործողությունները` առևտուրը դյուրացնելու նպատակով (հոդված 4.11),
5.38. ընդունել կամ շարունակել կիրառել արագացված մաքսային ընթացակարգեր այն ապրանքների համար, որոնք պարունակվում են առնվազն այն ապրանքների էքսպրես առաքանիներում, որոնք մուտք են գործել օդային բեռնափոխադրումների օբյեկտների միջոցով` պահպանելով համապատասխան մաքսային հսկողությունը (հոդված 4.12),
5.39. Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքներին, կանոններին և կարգավորումներին համապատասխան` ապահովել, որ ցանկացած անձ, որի վերաբերյալ կայացվել է մաքսային հարցի վերաբերյալ որոշում, կամ որի նկատմամբ իրականացվել են որոշակի մաքսային գործողություններ, մատչելիություն ունենա`
5.39.1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից ընդունված որոշման և (կամ) իրականացված գործողությունների վարչական վերանայմանն առնվազն մեկ մակարդակում` անկախ վերանայման ենթակա որոշման և (կամ) գործողության համար պատասխանատու պաշտոնատար անձից կամ գրասենյակից,
5.39.2. վարչական վերանայման վերջնական մակարդակում ընդունված որոշումների դատական վերանայմանը (հոդված 4.13, պարբերություն 1),
5.40. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության վերանայման և բողոքարկման ընթացակարգերն իրականացվեն ոչ խտրական եղանակով և ժամանակին (հոդված 4.13, պարբերություն 2),
5.41. ապահովել, որ վերանայում կամ բողոքարկում իրականացնող մարմինը գրավոր տեղեկացնի անձին վերանայման կամ բողոքարկման մասով իր որոշման և որոշման պատճառների մասին (հոդված 4.13, պարբերություն 3),
5.42. Համաձայնագրի 4-րդ գլխում պարունակվող որևէ դրույթ չմեկնաբանել որպես Հայաստանի Հանրապետության կողմից այնպիսի գաղտնի տեղեկություններ տրամադրել կամ դրանց հասանելիությունը թույլատրել պահանջող, որոնց բացահայտումը կխոչընդոտի օրենքի կիրարկումը կամ այլ կերպ կհակասի հանրային շահին, կամ որը կսահմանափակի հանրային կամ մասնավոր իրավունքի առանձին ձեռնարկությունների իրավաչափ առևտրային շահերը, և Համաձայնագրի 4-րդ գլխի համաձայն ստացված ցանկացած տեղեկություն համարել գաղտնի` Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքներին համապատասխան (հոդված 4.15, պարբերություն 1),
5.43. Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների համաձայն ապահովել Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից Համաձայնագրի 4-րդ գլխի համաձայն ձեռք բերված տեղեկությունների գաղտնիությունը և պաշտպանել այդ տեղեկությունները բացահայտումից, որը կարող է վտանգել տեղեկությունները տրամադրող անձանց մրցակցային դիրքը, ընդ որում այդ տեղեկություններն առանց դրանք տրամադրող Կողմի մարմնի գրավոր թույլտվության չեն բացահայտվում մաքսային մարմինների շրջանակներից դուրս (հոդված 4.15, պարբերություն 2),
5.44. ճանաչել հակագնագցման, փոխհատուցման միջոցներ և համընդհանուր պաշտպանական միջոցառումներ կիրառելու մյուս Կողմի իրավունքը և հակագնագցման, փոխհատուցման տուրքի և պաշտպանության մասով քննությունների գործընթացում թափանցիկության խթանման կարևորությունը` ԱՀԿ-ի համապատասխան կանոններին և կանոնակարգերին համապատասխան (հոդված 5.1),
5.45. Համաձայնագրի 5.3-րդ հոդվածով այլ բան նախատեսված չլինելու դեպքում կիրառել հակագնագցման և փոխհատուցման միջոցներ` ՍԱԳՀ 1994-ի VI հոդվածի, Հակագնագցման մասին համաձայնագրի և ՍՓՄ համաձայնագրի դրույթների համաձայն (հոդված 5.3, պարբերություն 1),
5.46. Համաձայնագրի 5.4-րդ հոդվածով այլ բան նախատեսված չլինելու դեպքում կիրառել համընդհանուր պաշտպանական միջոցառումներ` համաձայն ՍԱԳՀ 1994-ի XIX հոդվածի և «Պաշտպանական միջոցառումների մասին» համաձայնագրի (հոդված 5.4, պարբերություն 1),
5.47. որպես համընդհանուր պաշտպանական միջոցառումների մասով քննություն իրականացնող Կողմ` մյուս Կողմին տրամադրել «Պաշտպանական միջոցառումների մասին» համաձայնագրի 12-րդ հոդվածի 1-ին կետի և 4-րդ կետի համաձայն տրվող ծանուցման օրինակը (հոդված 5.4, պարբերություն 5),
5.48. մյուս Կողմին ըստ պահանջի տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածք արտադրանքի ներմուծման հետ կապված սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների օրինակները (հոդված 6.6, պարբերություն 4),
5.49. մյուս Կողմի համար սահմանել առնվազն 60 օր ժամկետ` առաջարկվող սանիտարական կամ բուսասանիտարական միջոցառումների վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու համար` բացառությամբ այն դեպքերի, երբ առաջանում են առողջության պահպանման հետ կապված հրատապ խնդիրներ, կամ առկա է դրանց առաջացման վտանգ (հոդված 6.6, պարբերություն 5),
5.50. մշտապես թարմացնել Հայաստանի Հանրապետության համակարգողների և իրավասու մարմինների մասին տեղեկությունները (հոդված 6.8, պարբերություն 3),
5.51. Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերը մշակելիս առաջնորդվել միջազգային չափանիշներով, եթե այդ միջազգային չափանիշները չեն համարվում օրինական նպատակներն իրագործելու համար ոչ արդյունավետ կամ ոչ նպատակահարմար: Մյուս Կողմի պահանջով պարզաբանել, թե ինչու Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերը մշակելու համար որպես հիմք չի օգտագործել միջազգային չափանիշները (հոդված 7.6, պարբերություն 1),
5.52. հատկացնել տեխնիկական կանոնակարգի և (կամ) համապատասխանության գնահատման ընթացակարգի ընդունման և դա (դրանք) ուժի մեջ մտնելու օրվանից հետո առնվազն 180-օրյա ժամկետ` բացառությամբ այնպիսի իրավիճակների, երբ անվտանգության, առողջության, շրջակա միջավայրի պաշտպանության կամ ազգային անվտանգության հետ կապված հրատապ խնդիրներ են առաջանում Կողմերի համար, կամ կա այդպիսի վտանգ (հոդված 7.8, պարբերություն 3),
5.53. անհապաղ տեղեկացնել մյուս Կողմին Հայաստանի Հանրապետության համակարգողի ցանկացած փոփոխության մասին (հոդված 7.11, պարբերություն 2),
5.54. Համաձայնագրի 8-րդ գլուխը կիրառել էլեկտրոնային առևտրի վրա ազդող` Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված կամ պահպանվող միջոցառումների նկատմամբ, բացառությամբ պետական գնումների և պահվող կամ մշակվող տեղեկությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կողմից կամ անունից հավաքված կամ փոխանցված տեղեկությունների կամ այդ տեղեկությունների հետ կապված միջոցառումների, այդ թվում` դրանց հավաքման, պահման, մշակման կամ փոխանցման հետ կապված միջոցառումների (հոդված 8.3),
5.55. ապրանքների առևտրի համար ոչ թղթային սահմանային միջավայր ստեղծելու նպատակով ճանաչել ապրանքների ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման համար անհրաժեշտ թղթային ձևերը և փաստաթղթերը վերացնելու կարևորությունը (հոդված 8.7, պարբերություն 1),
5.56. ընդունել կամ պահպանել սպառողների իրավունքների պաշտպանությունն ապահովող միջոցներ` արգելելով մոլորեցնող, խարդախ և խաբեությամբ իրականացվող առևտրային գործունեությունը, որը վնաս կամ հնարավոր վնաս է պատճառում էլեկտրոնային առևտրում ներգրավված սպառողներին (հոդված 8.8, պարբերություն 2),
5.57. ճանաչել սպառողների պաշտպանության` Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմի միջև համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության, այդ թվում` տեղեկությունների և լավագույն գործելակերպերի փոխանակման, ինչպես նաև Էլեկտրոնային առևտրի մասով սպառողների իրավունքների խախտման` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համապատասխան դեպքերի շուրջ համագործակցության կարևորությունը (հոդված 8.8, պարբերություն 6),
5.58. ճանաչել էլեկտրոնային առևտուր իրականացնող կամ էլեկտրոնային առևտրում ներգրավված անձանց անձնական տվյալների պաշտպանության տնտեսական և սոցիալական առավելությունները և էլեկտրոնային առևտրի նկատմամբ սպառողների վստահության բարձրացման գործում դրա ունեցած ներդրումը (հոդված 8.9, պարբերություն 1),
5.59. ձգտել ընդունել կամ պահպանել այն միջոցառումները, որոնք ապահովում են անձնական տվյալների պաշտպանությունը, այդ թվում` անձնական տվյալների միջսահմանային փոխանցումը և մշակումը, ինչպես նաև դրանց առնչվող պայմաններն ու պահանջները` իրենց օրենքներին և կարգավորումներին համապատասխան (հոդված 8.9, պարբերություն 2),
5.60. անձնական տվյալների պաշտպանության ցանկացած իրավական համակարգ մշակելիս ձգտել նկատի առնել համապատասխան միջազգային կազմակերպությունների սկզբունքները և ուղեցույցները (հոդված 8.9, պարբերություն 3),
5.61. ձգտել ապահովել անհատի` իր անձնական տվյալների միջսահմանային փոխանցման համար համաձայնություն ձեռք բերելը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով և կարգավորումներով սահմանված դեպքերի (հոդված 8.9, պարբերություն 5),
5.62. ձգտել տրամադրել իրավական պաշտպանության միջոցներ անցանկալի առևտրային էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկողի նկատմամբ, որը չի կատարել Համաձայնագրի 8.11-րդ հոդվածի 1-ին կետում նշված մոտեցման համաձայն ընդունված կամ պահպանված միջոցը (հոդված 8.11, պարբերություն 2),
5.63. ճանաչել, որ տեխնոլոգիաները կարող են Կառավարության գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ և ճկուն, բարելավել պետական ծառայությունների որակը և հուսալիությունը և հնարավորություն ընձեռել պետական մարմիններին ապահովելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և այլ շահագրգիռ անձանց կարիքների սպասարկման առավել բարձր մակարդակ, և այս նպատակով ձգտել մշակել և կիրարկել Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության և ծառայությունների թվայնացման ազգային ռազմավարությունները (հոդված 8.14, պարբերություններ 1 և 2),
5.64. ձգտել խթանել էլեկտրոնային առևտրի ոլորտում ներգրավված` Կողմերի մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև երկխոսությունը և համագործակցությունը, այդ թվում` համաժողովներ, սեմինարներ և փորձագիտական երկխոսություններ կազմակերպելով (հոդված 8.16, պարբերություն 3),
5.65. ընդունել «ԹՐԻՓՍ համաձայնագրի և հանրային առողջապահության մասին» ԱՀԿ-ի նախարարական համաժողովի կողմից 2001 թվականի նոյեմբերի 14-ին կատարված հռչակագրում սահմանված սկզբունքները (հոդված 9.6),
5.66. ձգտել, որ ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների կամ ապրանքների ծագման տեղանունների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների, արդյունաբերական նմուշների, գյուտերի, օգտակար մոդելների արտոնագրերի, ինչպես նաև բույսերի սորտերի իրավունքների կիրառման և գրանցման վերաբերյալ տեղեկությունները հասանելի դառնան Կողմերի շահագրգիռ անձանց (հոդված 9.7, պարբերություն 1),
5.67. ապահովել ապրանքների և ծառայությունների ապրանքային նշանների համարժեք ու արդյունավետ պաշտպանություն` Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների և կարգավորումների, այն միջազգային համաձայնագրերի համաձայն, որոնց կողմ է Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև ԹՐԻՓՍ համաձայնագրի 15-ից 21-րդ հոդվածներին համապատասխան (հոդված 9.10),
5.68. ապահովել համապատասխան միջոցներ հայտը մերժելու կամ գրանցումը չեղյալ հայտարարելու և նույնական կամ նման ապրանքների կամ ծառայությունների համար այնպիսի ապրանքային նշանի օգտագործումն արգելելու համար, որը նույնական կամ նման է հայտնի ապրանքային նշանին, եթե այդ ապրանքային նշանի օգտագործումը հավանական է, որ առաջացնի շփոթություն մինչ այդ հայտնի ապրանքային նշանի հետ (հոդված 9.12, պարբերություն 4),
5.69. ստեղծել և շարունակել կիրառել ապրանքային նշանների գրանցման համակարգ, որը ներառում է`
5.69.1. ապրանքային նշանի գրանցումը մերժելու պատճառների վերաբերյալ հայտ ներկայացնողի համար գրավոր հաղորդակցություն ապահովելու պահանջ (այդ հաղորդակցությունը կարող է ապահովվել էլեկտրոնային եղանակով),
5.69.2. չեղյալ հայտարարելու մասով վարույթի վերաբերյալ որոշումների` հիմնավորված լինելու և գրավոր ներկայացվելու պահանջ (այդ գրավոր որոշումները կարող են տրամադրվել էլեկտրոնային եղանակով),
5.69.3. շահագրգիռ անձանց համար ապրանքային նշանի չեղյալ հայտարարելը կամ անվավեր ճանաչելը հայցելու հնարավորություն` դրա գրանցումից հետո (հոդված 9.13),
5.70. ձգտել ստեղծել և շարունակել կիրառել ապրանքային նշանների համար էլեկտրոնային եղանակով հայտ ներկայացնելու և դրանք պահպանելու համակարգ և գրանցված ապրանքային նշանների հանրամատչելի էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, այդ թվում` առցանց տվյալների շտեմարան (հոդված 9.14),
5.71. ընդունել կամ շարունակել կիրառել ապրանքային նշանների դասակարգման համակարգ, որը համահունչ է «Նշանների գրանցման նպատակներով ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման վերաբերյալ» 1957 թվականի հունիսի 15-ին կատարված Նիցցայի վերանայված և փոփոխված համաձայնագրին (հոդված 9.15),
5.72. ապահովել, որ ապրանքային նշանի նախնական գրանցումը և գրանցման յուրաքանչյուր երկարաձգում լինեն 10 տարուց ոչ պակաս ժամկետով (հոդված 9.16),
5.73. օրինական միջոցներ տրամադրել մյուս Կողմերի շահագրգիռ անձանց` կանխելու համար Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմերի երկրների անվանումների առևտրային նպատակով օգտագործումն ապրանքի առնչությամբ այնպես, որ սպառողներին մոլորության մեջ չգցեն այդ ապրանքի ծագման հարցում (հոդված 9.17),
5.74. ապահովել, որ աշխարհագրական նշումների կամ ապրանքների ծագման տեղանունների պաշտպանությունը կամ ճանաչումը վավեր լինի 10 տարուց ոչ պակաս ժամկետով (հոդված 9.19),
5.75. Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների և կարգավորումների համաձայն` ապահովել օգտակար մոդելների պատշաճ և արդյունավետ իրավական պաշտպանություն (հոդված 9.21, պարբերություն 2),
5.76. ապահովել գյուտերի, օգտակար մոդելների կամ արդյունաբերական նմուշների արտոնագրերի ուսումնասիրության և գրանցման համակարգ, որն, ի թիվս այլնի, ներառում է`
5.76.1. հայտատուին գրավոր հայտնել, որը կարող է լինել էլեկտրոնային եղանակով, գյուտերի, օգտակար մոդելների կամ արդյունաբերական նմուշների արտոնագրերի գրանցումը մերժելու պատճառների մասին,
5.76.2. հայտատուին տալ հնարավորություն` արձագանքելու իրավասու մարմիններից ստացված հաղորդակցություններին, վիճարկելու ցանկացած նախնական մերժում և դատական կարգով բողոքարկելու գյուտերի, օգտակար մոդելների կամ արդյունաբերական նմուշների արտոնագրերի գրանցման ցանկացած վերջնական մերժում,
5.76.3. շահագրգիռ անձանց տալ հնարավորություն` չեղյալ հայտարարելու կամ անվավեր ճանաչելու գյուտերի, օգտակար մոդելների կամ արդյունաբերական նմուշների գրանցված արտոնագրերը, և բացի այդ, կարող է հնարավորություն ընձեռել շահագրգիռ անձանց առարկություն ներկայացնելու գյուտերի, օգտակար մոդելների կամ արդյունաբերական նմուշների արտոնագրերի գրանցման դեմ,
5.76.4. կայացնել հիմնավորված և գրավոր որոշումներ` առարկություններ ներկայացնելու, չեղյալ հայտարարելու կամ անվավեր ճանաչելու մասով վարույթի շրջանակում, որոնք կարող են ներկայացվել էլեկտրոնային միջոցներով (հոդված 9.24, պարբերություն 1),
5.77. ապահովել, որ գրանցված արդյունաբերական նմուշի պահպանության ապահովման կամ կիրառման մասով պահանջներն անհիմն կերպով չխաթարեն այդպիսի պահպանություն ստանալու կամ կիրառելու հնարավորությունը (հոդված 9.26, պարբերություն 1),
5.78. ապահովել, որ ստեղծագործության, կատարման կամ հնչյունագրի պահպանության ժամկետը հաշվարկվի այն միջազգային պայմանագրերի համաձայն, որոնց կողմ է Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների ու կարգավորումների համաձայն (հոդված 9.29),
5.79. ընդունել հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասով կոլեկտիվ կառավարման ընկերությունների դերը ռոյալթիների հավաքագրման և բաշխման գործում` հիմնված արդար, արդյունավետ, թափանցիկ և հաշվետու գործելակերպերի վրա, որոնք կարող են ներառել տվյալների պահպանման և հաշվետվությունների ներկայացման համապատասխան կառուցակարգեր` Հայաստանի Հանրապետության օրենքներին և կարգավորումներին համապատասխան (հոդված 9.33),
5.80. Հայաստանի Հանրապետության օրենքների և կարգավորումների, ինչպես նաև ԹՐԻՓՍ համաձայնագրի 4-րդ բաժնի III մասի դրույթների համաձայն` ընդունել կամ շարունակել կիրառել ընթացակարգեր, որոնք իրավատիրոջը, որն օրինական հիմքեր ունի կասկածելու, որ կարող է տեղի ունենալ կեղծ ապրանքային նշան ունեցող ապրանքների կամ հեղինակային իրավունքի խախտմամբ ստացված ապրանքների ներմուծում, հնարավորություն տալ գրավոր դիմում ներկայացնելու Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ, եթե Հայաստանի Հանրապետությունում են կիրառվում սահմանային միջոցառումների ընթացակարգերը, որպեսզի Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները կասեցնեն այդպիսի ապրանքներն ազատ շրջանառություն բաց թողնելը (հոդված 9.35, պարբերություն 1),
5.81. ընդունել Հայաստանի Հանրապետության արտոնագրերի գրանցման համապատասխան համակարգերի որակի և արդյունավետության բարելավման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան արտոնագրային գրասենյակների կամ այլ հաստատությունների ընթացակարգերն ու գործընթացները` պարզեցնելու և օպտիմալացնելու կարևորությունը` Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմերի կողմից որոշված կարգով` ի շահ արտոնագրային համակարգի բոլոր օգտագործողների և ամբողջ հանրության (հոդված 9.37, պարբերություն 1),
5.82. հրապարակել Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքներն ու կարգավորումները, ինչպես նաև պետական գնումների վերաբերյալ տեղեկությունները Համաձայնագրի 10Ա (Օրենքների և կարգավորումների ու պետական գնումների մասին տեղեկությունների հրապարակում) հավելվածում թվարկված աղբյուրներում, իսկ ավելի մեծ թափանցիկություն ապահովելու նպատակով ապահովել այդ տեղեկությունների աղբյուրների հանրային հասանելիությունը (հոդված 10.3, պարբերություն 1),
5.83. ձգտել էլեկտրոնային եղանակով հրապարակել պետական գնումների վերաբերյալ հասանելի տեղեկությունները (գնման հայտ ներկայացնելու հայտարարությունը, գնումների փաստաթղթերը, այդ ծանուցումների և փաստաթղթերի փոփոխությունները, գնումների փաստաթղթերի պարզաբանումները, գնումների գործընթացի ընթացքում կազմված արձանագրությունները, գնումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները) (հոդված 10.3, պարբերություն 2),
5.84. ձգտել ընդլայնել պետական գնումների վերաբերյալ էլեկտրոնային եղանակով հրապարակված տեղեկությունների բովանդակության ծավալը (հոդված 10.3, պարբերություն 4),
5.85. ընդունելով փոքր և միջին ձեռնարկությունների (այսուհետ` ՓՄՁ) հիմնարար դերը Հայաստանի Հանրապետության համապատասխան տնտեսությունների դինամիկայի պահպանման և մրցունակության բարձրացման գործում` նպաստել Հայաստանի Հանրապետության ՓՄՁ-ների միջև սերտ համագործակցության զարգացմանը և համագործակցել ՓՄՁ-ներում աշխատատեղերի խթանման և ՓՄՁ-ների աճի, ինչպես նաև միջազգային առևտրին վերջիններիս մասնակցության հարցում (հոդված 11.1),
5.86. ստեղծել կամ շարունակել օգտագործել Հայաստանի Հանրապետության սեփական անվճար, հանրամատչելի կայքը, որը պարունակում է 11.3-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները սույն Համաձայնագրի վերաբերյալ (հոդված 11.3, պարբերություն 1),
5.87. մյուս Կողմերի հետ համատեղ ստեղծել ՓՄՁ հարցերով ենթակոմիտե` բաղկացած յուրաքանչյուր Կողմի ներկայացուցիչներից (հոդված 11.4, պարբերություն 1),
5.88. համաձայնել խթանել համագործակցությունը փոխշահավետ հիմունքներով` Կողմերի միջև առևտուրը զարգացնելու, դյուրացնելու և տնտեսական աճ ապահովելու համար (հոդված 12.1, պարբերություն 1),
5.89. ճանաչել Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմի համապատասխան հակամենաշնորհային մարմինների միջև համագործակցության հաստատման կարևորությունը` Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների, կարգավորումների համաձայն, և հասանելի ռեսուրսների կիրառմամբ մրցակցության ոլորտում իրավակիրառ գործունեության արդյունավետ իրականացումը խթանելու համար (հոդված 12.3, պարբերություն 5),
5.90. ձգտել մյուս Կողմի հետ համաձայնություն ձեռք բերել Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ, և համագործակցության միջոցով գործադրել հնարավոր բոլոր ջանքերը` իրենց գործունեության վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած հարցում փոխադարձ բավարարող լուծման հասնելու համար (հոդված 13.3),
5.91. պահպանել մյուս Կողմի կողմից որպես գաղտնի սահմանված տեղեկությունների գաղտնիությունը` Հայաստանի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի համաձայն (հոդված 14.2, պարբերություն 1),
5.92. մյուս Կողմի կողմից Համաձայնագրի համաձայն տեղեկություններ տրամադրելու և այդ տեղեկությունները որպես գաղտնի սահմանված լինելու պարագայում` պահպանել դրանց գաղտնիությունը. այդ տեղեկություններն օգտագործել միայն նշված նպատակներով և որևէ պարագայում չհրապարակել` առանց տեղեկությունները տրամադրող Կողմի հատուկ թույլտվության (հոդված 14.2, պարբերություն 3),
5.93. առավելագույն հնարավոր չափով մյուս Կողմին ծանուցել ցանկացած միջոցառման մասին, որը կարող է էականորեն ազդել Համաձայնագրի գործողության վրա կամ այլ կերպ էականորեն ազդել մյուս Կողմի` Համաձայնագրով սահմանված շահերի վրա (հոդված 14.3, պարբերություն 1),
5.94. մյուս Կողմի պահանջով օպերատիվ կերպով տրամադրել տեղեկություններ և պատասխանել Համաձայնագրի գործողության ոլորտում ընդգրկված ցանկացած խնդրի առնչվող միջոցառումների վերաբերյալ հարցերին` անկախ այն հանգամանքից, թե հարցում կատարող Կողմը նախապես ծանուցվել է այդ միջոցառման մասին, թե` ոչ (հոդված 14.3, պարբերություն 2),
5.95. Հայաստանի Հանրապետության ներքին ընթացակարգերի համաձայն` նշանակել համակարգող` Կողմերի միջև սույն Համաձայնագրի հետ կապված ցանկացած հարցի առնչությամբ պաշտոնական հաղորդակցությունն ապահովելու և դյուրացնելու համար, և այդ նշանակման մասին ծանուցել մյուս Կողմին Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրվա ընթացքում, իսկ համակարգողի ցանկացած փոփոխության դեպքում ծանուցել մյուս Կողմին 30 օրվա ընթացքում (հոդված 16.2, պարբերություն 1):
6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2025 թվականի հունիսի 27-ին Մինսկում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների` մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող Ա. Դիլանյան
3 փետրվարի 2026 թվականի
ՍԴՈ-1812
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1812 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննելով «2025 թվականի հունիսի 27-ին Մինսկում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների` մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2026 թվականի փետրվարի 3-ի ՍԴՈ-1812 որոշմամբ որոշել է, որ 2025 թվականի հունիսի 27-ին Մինսկում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների` մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
i
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2026 թվականի փետրվարի 3-ի ՍԴՈ-1812 որոշմանը` Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը:
Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը` հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է:
Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար` հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի` ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ` հատուկ կարծիք շարադրելը: Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու` իմ` որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը:
Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի` «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում: Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:
Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2026 թվականի փետրվարի 3-ի ՍԴՈ-1812 որոշմամբ 2025 թվականի հունիսի 27-ին Մինսկում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների` մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող: Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել` անկախ այդ որոշման բովանդակությունից:
Այսպես` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը: Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.
- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.
- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.
- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.
- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ:
i
Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ` ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված` հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները` գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված` էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով: Այսինքն` Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան:
Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը: Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի` իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը:
Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն:
Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում` էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին:
i
Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ` ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված` հատուկ կարծիքներում վկայակոչված` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից` կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն` առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.
- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:
Ընդ որում, էլեկտրոնային ստորագրությունը կարող է էլեկտրոնային փաստաթղթին տալ իրավական նշանակություն այն դեպքում, երբ էլեկտրոնային ստորագրությունը տեսողական դիտման համար մատչելի տեսքով և ընկալման համար հասկանալի ձևով արտահայտվում է ցուցասարքի (դիսփլեյի) էկրանին, թղթի կամ էլեկտրոնային կրիչից տարբերվող որևէ այլ նյութական առարկայի վրա:
Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի (»Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից: Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է` դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից:
Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը` պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից: Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ` ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված:
Ամփոփելով վերոգրյալը` կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում: Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր: Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը` առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար:
Դատավոր` Ե. Խունդկարյան
3 փետրվարի 2026 թ.
Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում` (concourt.am) 4 փետրվարի 2026 թվական: