Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՆՑԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ Ե ...

30.06.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.03.2003  -ից մինչեւ   30.06.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 29.06.2023 թիվ 1046-Ն որոշում)

i

040.0122.200203

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2003 թվականի N 122-Ն

 

i

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային ծառայողի վերապատրաստման անցկացման կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշմամբ սահմանված կարգին և պայմաններին վերաբերող գերատեսչական ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հունվարի 30-ի N 122-Ն որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով և պայմաններով կարգավորվում են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հարկային ծառայողների վերապատրաստում անցկացնելու (անցնելու) հետ կապված հարաբերությունները:

2. Հարկային ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

3. Վերապատրաստման ժամանակահատվածում պահպանվում է հարկային ծառայողի վարձատրությունը, իսկ բնակության վայրից դուրս (Հայաստանի Հանրապետության այլ մարզում կամ արտասահմանում) վերապատրաստման դեպքում տրվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փոխհատուցում:

 

2. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

4. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարը հաստատում է հարկային ծառայողների վերապատրաստման ծրագրերը, ժամանակացույցը, հարկային ծառայողների վերապատրաստում անցկացնող մասնագետների (դասախոսներ, փորձագետներ) ցանկը, ինչպես նաև հարկային ծառայության պաշտոնների նկարագրերին և հարկային ծառայության ընթացակարգերին համապատասխան վերապատրաստվող խմբերի կազմը:

5. Հարկային ծառայողների վերապատրաստման ծրագիրը (այսուհետ` ծրագիր) կազմվում է` հաշվի առնելով հարկային ծառայողների պաշտոնների նկարագրերը, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատանքային ընթացակարգերի առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի առջև դրված խնդիրների առանձնահատկությունները:

6. Վերապատրաստման ենթակա հարկային ծառայողների խմբերի կազմը (անուն, ազգանուն, պաշտոն, կոչում) հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի կադրերի ստորաբաժանման, իսկ ատեստավորման արդյունքներով վերապատրաստման դեպքում` հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի ներկայացմամբ:

 

3. ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Հարկային ծառայողի վերապատրաստումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին անցկացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպությունում կամ հաստատությունում` ծրագրին համապատասխան:

8. Սույն կարգի և պայմանների 7-րդ կետում նշված կազմակերպության կամ հաստատության ընտրության նպատակով` վերապատրաստումն սկսվելուց առնվազն 3 ամիս առաջ Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմինն առնվազն 3 հազար օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակում է հայտարարություն նշված կազմակերպությունների կամ հաստատությունների ցանկում ընդգրկվելու համար հայտ ներկայացնելու մասին: Հայտի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմինը:

9. Հայտարարությունն առնվազն ներառում է`

ա) ծրագիրը,

բ) վերապատրաստում անցկացնող դասախոսական կազմին ներկայացվող պահանջները,

գ) ուսուցման և գնահատման ձևերը,

դ) վերապատրաստվող հարկային ծառայողների խմբերի նկարագրերը,

ե) հարկային ծառայողների վերապատրաստման նպատակով առանձնացվող ուսումնատեխնիկական բազային ներկայացվող պահանջները,

զ) հայտն ու դրան կցվող փաստաթղթերը ներկայացնելու վայրը, հեռախոսահամարն և դրանք ներկայացնելու վերջին ժամկետը:

10. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմինը ներկայացված հայտերի հիման վրա ընտրում է համապատասխան կազմակերպությունը կամ հաստատությունը (կազմակերպությունները կամ հաստատությունները), որտեղ պետք է անցկացվի հարկային ծառայողների վերապատրաստումը, առաջնությունը տալով այն կազմակերպությանը կամ հաստատությանը, որն ունի հարկային ծառայողների (մինչև «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը հարկային մարմնի մասնագետների) վերապատրաստում անցկացնելու փորձ:

11. Բացի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին հարկային ծառայողի վերապատրաստումը ծրագրին համապատասխան կարող է անցկացվել Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարի որոշած կազմակերպություններում (հաստատություններում) կամ օտարերկրյա պետությունների համապատասխան կազմակերպություններում (կառույցներում):

 

4. ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

12. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի տասներորդ մասի 3-րդ կետի համաձայն հարկային ծառայողի վերապատրաստման ժամանակ համապատասխան կազմակերպությունում կամ հաստատությունում վարվում են վերապատրաստվող խմբերի մատյաններ, որոնցում վերապատրաստման դասընթացի յուրաքանչյուր օրվա համար նշվում է վերապատրաստվողի ներկա կամ բացակա լինելը:

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի տասներորդ մասի 3-րդ կետի համաձայն վերապատրաստման դասընթացի ավարտից հետո անցկացվում է տուգանք, որի արդյունքում հարկային ծառայողն ստանում է դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական:

Ստուգարքն ընդունում է հարկային ծառայողների տվյալ վերապատրաստվող խմբին դասախոսություններ կարդացած (ուսումնական պարապմունքներ անցկացրած) բոլոր մասնագետներից (դասախոսներ, փորձագետներ) կազմված հանձնաժողովը` բաց քվեարկության ձևով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ: Տվյալ հարկային ծառայողի վերապատրաստման արդյունքը գնահատվում է դրական, եթե կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամների առնվազն կեսը:

Վերապատրաստման դասընթացների ավելի քան մեկ երրորդից հարկային ծառայողի անհարգելի բացակայության դեպքում վերապատրաստման արդյունքը գնահատվում է բացասական` առանց ստուգարք անցկացնելու:

Վերապատրաստման դասընթացներից հարկային ծառայողի հարգելի բացակայության դեպքում (հիվանդություն, գործուղում և այլն) հարկային ծառայողին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու ծրագրի նույն թեմայով անցկացվող հաջորդ դասընթացներից որևէ մեկին, որին ավարտից հետո անցկացվում է ստուգարք:

Վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստացած հարկային ծառայողին տրվում է վերապատրաստումը հավաստող փաստաթուղթ, որի պատճենը հարկային ծառայողը տրամադրում է հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովին` այնուհետև հարկային ծառայողի անձնական գործին կցելու համար:

Ատեստավորման արդյունքում վերապատրաստում անցնող հարկային ծառայողը բացասական գնահատականի դեպքում «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի տասներկուերորդ մասի 3-րդ կետի համաձայն ազատվում է հարկային ծառայության պաշտոնից:

13. Սույն կարգի և պայմանների 12-րդ կետով նախատեսված դեպքերից բացի, այլ դեպքերում վերապատրաստման արդյունքում հարկային ծառայողը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարին և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի սահմանած կարգով ներկայացնում է հաշվետվություն, որը կցվում է հարկային ծառայողի անձնական գործին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.01.2003
N 122-Ն
Որոշում