Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՉՀ ...

 

09.04.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2022 թվականի N 1820-Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՉՀԱՎԱՔՎԱԾ ԿԱՄ ԿԱԶՄԱՏՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՉԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԱՆԱՎԱՐՏ ՎԻՃԱԿՈՒՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԱՅԴՊԻՍԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ, ԱՅԴՊԻՍԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՇՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում` չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման, այդպիսի որոշման մեջ փոփոխություններ կատարելու, դրա գործողության դադարեցման կարգը և ժամկետները` համաձայն N 1 հավելվածի.

2) ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման, այդպիսի որոշման մեջ փոփոխություններ կատարելու և դրա գործողությունը դադարեցնելու որոշումների, ինչպես նաև նշված որոշումների ընդունման համար մաքսային մարմիններ ներկայացվող դիմումների ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. նոյեմբերի 28

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2022 թվականի նոյեմբերի 24-ի

N 1820-Ն որոշման

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՉՀԱՎԱՔՎԱԾ ԿԱՄ ԿԱԶՄԱՏՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՉԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԱՆԱՎԱՐՏ ՎԻՃԱԿՈՒՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԱՅԴՊԻՍԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածը սահմանում է չհավաքված կամ կազմատված, այդ թվում` չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների (այսուհետ` ապրանքներ) դասակարգման վերաբերյալ որոշում ընդունելու, այդպիսի որոշման մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև դրա գործողությունը դադարեցնելու կարգը և ժամկետները:

2. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն ընդունվում է համապատասխան անձանց դիմումի հիման վրա` հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017 թվականի պայմանագրի հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` միություն) մաքսային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 21-րդ և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 13-րդ, 88-րդ հոդվածներով սահմանված առանձնահատկությունները:

3. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն ընդունում է մաքսային մարմնի` ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումների տրամադրման լիազորություն ունեցող ստորաբաժանումը` ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման համար ներկայացված դիմումի հիման վրա (այսուհետ` դիմում)` սույն որոշման N 2 հավելվածի N 1 ձևին համապատասխան:

4. Թղթային տարբերակով ներկայացվելու դեպքում դիմումը պետք է լինի ստորագրված, իսկ էլեկտրոնայինի դեպքում` էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված:

5. Որպես դիմումատու կարող է հանդես գալ ցանկացած անձ` օրենսգրքի 21-րդ հոդվածին համապատասխան, իսկ օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված` միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում` չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները կիրառելու համար ապրանքների դասակարգման մասին որոշումը, ի թիվս նույն հոդվածով սահմանված պայմանների, պետք է տրամադրվի այն անձին, ով հանդես է գալու որպես ապրանքի բաղադրիչների հայտարարատու:

6. Սույն որոշմամբ սահմանված դիմումը և փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացվում են, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից սույն որոշմամբ նախատեսված որոշումները կայացվում և դիմումատուին են ուղարկվում մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով, իսկ մինչև նշված համակարգում համապատասխան փոփոխությունների գործարկումը` էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

(6-րդ կետը փոփ. 26.03.2026 թիվ 388-Ն / սույն փոփոխությամբ նախատեսված` մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի փոփոխությունները գործարկվում են մինչև 2028 թվականի դեկտեմբերի 1-ը /

որոշում)

7. Մաքսային մարմին ներկայացվող դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

1) դիմումատուի վերաբերյալ տվյալներ` սույն որոշման N 2 հավելվածի N 1 ձևին համապատասխան.

2) ապրանքի վերաբերյալ տվյալներ` սույն որոշման N 2 հավելվածի N 1 ձևին համապատասխան.

3) ապրանքի մատակարարման ժամկետը (առկայության դեպքում).

4) ապրանքների դասակարգման որոշման` մաքսային մարմնի կողմից տրամադրման նախընտրելի տարբերակը (էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով).

5) դիմումի ներկայացման օրվա դրությամբ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի առկայության վերաբերյալ տեղեկատվություն:

8. Դիմումին կից ներկայացվում են`

1) ապրանքի մատակարարման պայմանագիրը.

2) սույն որոշման N 2 հավելվածի N 2 ձևին համապատասխան ապրանքի բաղադրիչների ցանկը.

3) փաստաթղթեր, որոնք պարունակում են ապրանքի տեխնիկական նկարագիրը` ապրանքի նշանակության, իրականացվող գործառույթների, գործողության սկզբունքի (այդ թվում` ապրանքի առանձին բաղադրիչների փոխգործակցության մասով) նշումով.

4) փաստաթղթեր, որոնք պարունակում են ապրանքի առանձին բաղադրիչների նկարագիրը` նշանակությանը, իրականացվող գործառույթներին, գործողության սկզբունքին, բաղկացուցիչ նյութերին վերաբերող նշումով.

5) հավաքման (մոնտաժային) գծագիրը (սխեման).

6) փաստաթուղթ, որը հաստատում է դիմումն ստորագրող անձանց լիազորությունը.

7) պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

9. Մաքսային մարմինը մերժում է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման մասին դիմումի քննությունը հետևյալ դեպքերում`

1) եթե դիմումն ստորագրված է դրա ներկայացման համար լիազորություն չունեցող անձի կողմից.

2) եթե դիմումը և դրան կից փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հավելվածի 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պահանջներին:

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 26.03.2026 թիվ 388-Ն որոշում)

11. Դիմումի քննարկումը մերժելու մասին որոշումը, որի ձևը սահմանված է սույն որոշման N 2 հավելվածի N 3 ձևով, մաքսային մարմնի կողմից ընդունվում է դիմումը գրանցելու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում և դիմումատուին է ուղարկվում վերոնշյալ ժամկետում թղթային կրիչով փաստաթղթի կամ էլեկտրոնային փաստաթղթի ձևով` նշելով մերժման պատճառները:

12. Այն դեպքում, երբ սույն հավելվածի 7-րդ և 8-րդ կետերով դիմումատուի կողմից ներկայացված փաստաթղթերը և տվյալները պարունակում են հակասող տեղեկություններ կամ թերի են ներկայացված, մաքսային մարմինը թղթային կրիչով փաստաթղթի կամ էլեկտրոնային փաստաթղթի միջոցով ծանուցում է դիմումատուին լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտության մասին` դիմումը գրանցելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում` սույն որոշման N 2 հավելվածի N 4 ձևով սահմանված ծանուցումը դիմումատուին ուղարկելու միջոցով: Դիմումատուից լրացուցիչ տեղեկատվության հարցումը պետք է լինի հիմնավորված և պարունակի լրացուցիչ հայցվող փաստաթղթերի կամ տվյալների ցանկը:

13. Լրացուցիչ տեղեկատվությունը մաքսային մարմին է ներկայացվում դրա մասին դիմումատուին ծանուցելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Լրացուցիչ տեղեկատվությունը մաքսային մարմին ներկայացնելու համար սույն կետով սահմանված 10 աշխատանքային օրվա ժամկետը դիմումատուի պատճառաբանված դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել ևս 10 աշխատանքային օրով:

14. Դիմումատուին ծանուցելու օր է հանդիսանում մաքսային մարմնի կողմից հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով կամ ստացման փաստը հաստատելու հնարավորություն տրամադրող այլ եղանակով դիմումատուի կողմից սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված ծանուցումն ստանալու օրը, ինչի մասին մաքսային մարմինն իրազեկվում է էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

15. Մաքսային մարմինը մերժում է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը հետևյալ դեպքերում`

1) ապրանքի բաղադրիչներն ապրանքների դասակարգման կանոններին համապատասխան չեն ձևավորում սույն հավելվածի 1-ին կետում նշված ապրանքը.

2) սույն հավելվածին համապատասխան մաքսային մարմինների կողմից հայցվող ամբողջ տեղեկատվությունը չի ներկայացվել սահմանված ժամկետում.

3) եթե ներկայացված դիմումի, դրան կից փաստաթղթերի և սույն հավելվածին համապատասխան մաքսային մարմինների կողմից ստացված լրացուցիչ տեղեկատվության միջև առկա են անհամապատասխանություններ:

16. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին որոշումն ընդունվում և դիմումատուին է ներկայացվում թղթային կրիչով փաստաթղթի կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով` նշելով մերժման պատճառները` մաքսային մարմնի կողմից դիմումը գրանցելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողի դեպքում` 15 աշխատանքային օրվա ընթացքում` սույն որոշման N 2 հավելվածի N 5 ձևին համապատասխան:

17. Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտության դեպքում սույն հավելվածի 16-րդ կետում նշված ժամկետը կասեցվում է դիմումատուին ծանուցում ուղարկելու օրվանից մինչև վերջինիս կողմից մաքսային մարմին լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու օրը, իսկ եթե լրացուցիչ տեղեկատվությունը սույն հավելվածով սահմանված ժամկետում չի ներկայացվել, ապա մինչև նշված ժամկետը լրանալու օրը:

18. Այն դեպքում, երբ սույն հավելվածի 7-րդ կետում նշված` դիմումի քննարկումը մերժելու կամ սույն հավելվածի 15-րդ կետում նշված` ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու հիմքերը բացակայում են, ապա մաքսային մարմինը դիմումի գրանցման օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողի դեպքում` 15 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում` սույն որոշման N 2 հավելվածի N 6 ձևին համապատասխան:

19. Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտության դեպքում վերոնշյալ ժամկետը կասեցվում է դիմումատուին ծանուցում ուղարկելու օրվանից մինչև վերջինիս կողմից լրացուցիչ տեղեկատվության ներկայացման օրը, իսկ եթե լրացուցիչ տեղեկատվությունը սույն հավելվածով սահմանված ժամկետում չի ներկայացվել, ապա մինչև նշված ժամկետը լրանալու օրը:

20. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

1) մաքսային մարմնի այն ստորաբաժանման անվանումը, որն ընդունել է այդ որոշումը.

2) ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման գրանցման համարը և ընդունման ամսաթիվը.

3) դիմումատուի վերաբերյալ տվյալները սույն որոշման N 2 հավելվածի N 6 ձևին համապատասխան.

4) ապրանքի անվանումը.

5) ապրանքի ԱՏԳ ԱԱ տասանիշ ծածկագիրը.

6) ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման հիմնավորումը.

7) ապրանքի բաղադրիչների անվանումները, քանակը կամ քաշը, այդ թվում` ապրանքի բաղադրիչների ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան չափման միավորներով.

8) մատակարարման պայմանագրի վավերապայմանները, որին համապատասխան իրականացվելու է ապրանքի բաղադրիչների ներմուծումը կամ արտահանումը.

9) ապրանքի հայտարարատուի մասին տվյալներ, եթե առկա է այդպիսի տեղեկատվություն: Այն դեպքում, երբ ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն օգտագործվում է օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները կիրառելու նպատակով, ապա այդպիսի տեղեկատվության նշումը կրում է պարտադիր բնույթ` հաշվի առնելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգավորումները.

10) ապրանքի մատակարարման ժամկետի մասին տվյալներ, եթե առկա է այդպիսի տեղեկատվություն: Այն դեպքում, երբ ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն օգտագործվում է օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները կիրառելու նպատակով, ապա այդպիսի տեղեկատվության նշումը կրում է պարտադիր բնույթ` հաշվի առնելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգավորումները.

11) մաքսային մարմնի այն ստորաբաժանման անվանումը, որտեղ իրականացվելու է ապրանքի հայտարարագրումը, եթե առկա է այդպիսի տեղեկատվություն.

12) այն մաքսային ընթացակարգը, որով ապրանքը ձևակերպվելու է, եթե առկա է այդպիսի տեղեկատվություն.

13) ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն ընդունող մաքսային մարմնի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը:

21. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն ընդունվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով:

22. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից:

23. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը, ինչպես նաև ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշումն ընդունում է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն ընդունած մաքսային մարմնի համապատասխան ստորաբաժանումը:

24. Մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններն իրականացվում են հետևյալ դեպքերում`

1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Համաշխարհային մաքսային կազմակերպության (եթե վերջինս չի տեղեկացվել ընդունված որոշման` Հայաստանի Հանրապետության կողմից չիրականացման մասին) կամ մաքսային մարմինների կողմից` պարտադիր կատարման ենթակա այն ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումների կամ պարզաբանումների ընդունում, որի մասով ընդունվել է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում.

2) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում համապատասխան փոփոխությունների իրականացում.

3) սխալների հայտնաբերում, որոնք թույլ են տրվել ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ժամանակ կամ դիմումատուի կողմից փաստաթղթերի պատրաստման ժամանակ.

4) եթե փոփոխվել է դիմումատուն.

5) ապրանքների մատակարարման պայմանագրի փոփոխություն, եթե այդպիսի փոփոխությունը վերաբերում է ապրանքին կամ դրա առանձին բաղադրիչներին, որոնց մասով ընդունվել է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումը.

6) հայտարարատուի կողմից ապրանքի բաղադրիչների հետագա մատակարարումից հրաժարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացում, եթե ապրանքի հայտարարագրված բաղադրիչները ձևավորում են ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշմամբ նշված դասակարգման ծածկագիրը:

25. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններն իրականացվում են դիմումատուի կողմից սույն որոշման N 2 հավելվածի N 7 ձևով սահմանված դիմումի հիման վրա, իսկ սույն հավելվածի 24-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում նաև առանց դիմումատուի կողմից դիմումի ներկայացման:

26. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին դիմումը պետք է պարունակի`

1) դիմումատուի մասին տվյալները սույն որոշման N 2 հավելվածի N 7 ձևին համապատասխան.

2) ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ամսաթիվը և գրանցման համարը.

3) այն պատճառների մասին, որոնց առնչությամբ ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխությունների իրականացման անհրաժեշտություն է առաջացել:

27. Որոշման մեջ փոփոխություններ իրականացնելու մասին դիմումին կցվում են այն փաստաթղթերը, որոնք հաստատում են այդպիսի փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը (տեխնիկական նկարագիր, հավաքման (մոնտաժման) գծագրեր (սխեմաներ), մատակարարի (արտադրողի) նամակը, պայմանագրի մեջ փոփոխություններն արտացոլող փաստաթղթերը, փաթեթավորման թերթիկներ, հաշիվ-ապրանքագրեր, մասնագրեր):

28. Այն դեպքում, երբ ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն օգտագործվում է օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունների կիրառման նպատակով և հայտարարատուն հրաժարվում է ապրանքի բաղադրիչների հետագա մատակարարումից, ապա ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին դիմումը պետք է ներկայացվի ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն ընդունած մաքսային մարմին մինչև ապրանքի վերջին բաղադրիչի ներկայացման` օրենսգրքի 117-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված ժամկետի լրանալը:

29. Սույն հավելվածի 24-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունվում է համապատասխան իրավական ակտերի ընդունումից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում և ուժի մեջ է մտնում վերոնշյալ ակտերի ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ:

30. Սույն հավելվածի 24-րդ կետի 3-6-րդ ենթակետերով սահմանված դեպքերում մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունվում է մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում` սույն որոշման N 2 հավելվածի N 8 ձևին համապատասխան:

(30-րդ կետը փոփ. 26.03.2026 թիվ 388-Ն որոշում)

31. Մաքսային մարմինը սույն հավելվածի 30-րդ կետով սահմանված ժամկետում մերժում է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման ընդունումը` սույն որոշման N 2 հավելվածի N 9 ձևին համապատասխան, եթե դիմումատուի կողմից ներկայացված փաստաթղթերը և տվյալները պարունակում են անհամապատասխանություններ կամ ներկայացված են ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ իրականացնելու համար ոչ ամբողջական ծավալով:

(31-րդ կետը փոփ. 26.03.2026 թիվ 388-Ն որոշում)

32. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշումը մաքսային մարմինների կողմից ընդունվում է սույն որոշման N 2 հավելվածի N 10 ձևին համապատասխան հետևյալ դեպքերում`

1) մաքսային մարմնի կողմից հայտնաբերվել է, որ դիմումատուն ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում ընդունելու համար ներկայացրել է փաստաթղթեր, որոնք պարունակում են ոչ ճշգրիտ կամ ոչ ամբողջական տվյալներ կամ կեղծ տվյալներ.

2) դիմումատուն հրաժարվել է ապրանքների մատակարարումից, այդ թվում` ապրանքի առանձին բաղադրիչների ներմուծումից կամ արտահանումից հետո, բացառությամբ սույն հավելվածի 24-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված դեպքի.

3) մաքսային մարմնի կողմից հայտնաբերվել են սխալներ, որոնք թույլ են տրվել ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում ընդունելուց և, որոնք ազդում են ապրանքների ծածկագրի վերաբերյալ տեղեկությունների վրա:

(32-րդ կետը փոփ. 26.03.2026 թիվ 388-Ն որոշում)

33. Սույն հավելվածի 32-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման գործողության դադարեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումն ընդունվելու օրվանից:

34. Սույն հավելվածի 32-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքում ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման գործողության դադարեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունվելու օրվանից:

35. Թղթային եղանակով սույն որոշմանը համապատասխան տրամադրված ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումը, ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը, ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշումը դիմումատուի կողմից կորցնելու դեպքում մաքսային մարմինները տրամադրում են դիմումատուի կողմից նախկինում ստացված որոշման կրկնօրինակը` կրկնօրինակը տրամադրելու մասին դիմումը գրանցելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

36. Մաքսային մարմինների կողմից ընդունված` Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում` չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի` դասակարգման վերաբերյալ որոշում ընդունելու համար ներկայացվող դիմումի քննարկումը մերժելու մասին, դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին, դասակարգման վերաբերյալ, դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ իրականացնելու մասին, դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշումները կարող են բողոքարկվել մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով կամ դատարան` «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան:

(36-րդ կետը լրաց. 26.03.2026 թիվ 388-Ն որոշում)

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.11.2022
N 1820-Ն
Որոշում