ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական գործ
քաղաքացիական պալատի որոշում թիվ ԵԴ/13854/02/23
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/13854/02/23 2026 թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող Գ. Հակոբյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
2026 թվականի հունվարի 09-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.06.2025 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Ալեքսանդր Սահակյանի բողոքը քաղաքացիական գործով ըստ Ալեքսանդր Սահակյանի հայցի ընդդեմ Կարինե Հակոբյանի, իրավասու մարմին Արդարադատության նախարարության` երեխային մշտական բնակության վայր վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ալեքսանդր Սահակյանը պահանջել է Կարինե Հակոբյանին պարտավորեցնել Առնո Սահակյանին անհապաղ վերադարձնել իր մշտական բնակության վայր, այն է` *********(1):
________________________
1) Առկա է անձնական տվյալ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 11.04.2023 թվականի որոշմամբ Ալեքսանդր Սահակյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ և վերջինիս ներկայացուցչի միջնորդությունը մասնակիորեն բավարարելու արդյունքում կիրառվել է հայցի ապահովման համապատասխան միջոց:
Դատարանի 16.09.2024 թվականի որոշմամբ Ալեքսանդր Սահակյանի ներկայացուցչի միջնորդությունը` հայցի ապահովման միջոցը ձևափոխելու մասին, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.01.2025 թվականի որոշմամբ Ալեքսանդր Սահակյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.06.2025 թվականի որոշմամբ Ալեքսանդր Սահակյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Գ. Հակոբյանը, Ա. Աթաբեկյանը և Ս. Մեղրյանը հայտնել են հատուկ կարծիք:
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Ալեքսանդր Սահակյանը (ներկայացուցիչ Առնոլդ Վարդանյան):
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սահմանադրական դատարանի 11.11.2025 թվականի թիվ ՍԴՈ-1802 որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.06.2025 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու հիմք է, քանի որ նշված որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն` հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով: Միաժամանակ Սահմանադրական դատարանը գտել է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով` նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը նրա նկատմամբ կիրառվել է նույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
i
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «Վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ և բավարարել այն: Որպես նոր հանգամանք` ՀՀ Սահմանադրական դատարանի` 2025 թվականի նոյեմբերի 11-ի թիվ ՍԴՈ-1802 որոշման հիմքով վերանայել թիվ ԵԴ/13854/02/23 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի հունիսի 4-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը: Վերանայման արդյունքում վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 2025 թվականի հունվարի 20-ի որոշումը` վերաքննիչ բողոքը քննության ընդունելը մերժելու վերաբերյալ, և կայացնել նոր դատական ակտ` արձանագրելով Հայցվոր Ալեքսանդր Սահակյանի արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանություն հայցելու իրավունքների խախտման փաստը»:
3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Դատարանի 11.04.2023 թվականի որոշմամբ Ալեքսանդր Սահակյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ և վերջինիս ներկայացուցչի միջնորդությունը մասնակիորեն բավարարելու արդյունքում կիրառվել է հայցի ապահովման համապատասխան միջոց (հավելված 1-ին, գ. թ. 3-10).
2) Դատարանի 16.09.2024 թվականի որոշմամբ Ալեքսանդր Սահակյանի ներկայացուցչի միջնորդությունը` հայցի ապահովման միջոցը ձևափոխելու մասին, մերժվել է (հավելված 1-ին, գ. թ. 218-222).
3) Դատարանի 16.09.2024 թվականի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ալեքսանդր Սահակյանը, որի ընդունումը Վերաքննիչ դատարանի 20.01.2025 թվականի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ`
- «Բողոքաբերը բողոքարկում է Դատարանի 16.09.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը, մինչդեռ, նշված որոշումն ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով, այնպես էլ որևէ օրենքով բողոքարկման ենթակա չէ, որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Բողոքաբերի կողմից բողոքարկվել է Դատարանի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով, ուստիև Վերաքննիչ դատարանը, վերը նշված նորմերի իրավակարգավորումների ներքո իրավասու չլինելով գնահատելու Դատարանի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման օրինականությունը և իրավաչափությունը և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իրավակարգավորումները, գտնում է, որ Բողոքաբերի վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման, քանի որ հայցի ապահովման միջոցը ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը ՀՀ օրենսդրությամբ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ» (հավելված 2-րդ, գ. թ. 45, 46).
4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը Վերաքննիչ դատարանի 20.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ալեքսանդր Սահակյանի բերած վճռաբեկ բողոքը քննել է բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու հիմնավորման շրջանակներում` պայմանավորված Վերաքննիչ դատարանի կիրառած նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմնավորման շրջանակներում` պայմանավորված Վերաքննիչ դատարանի կողմից նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի այնպիսի խախտում թույլ տալու հետ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, պատճառաբանելով, որ հիմնավորված չի համարում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայության վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկը, ինչպես նաև, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, եզրահանգել է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ու 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է (հավելված 2-րդ, գ. թ. 161-165).
5) Սահմանադրական դատարանը, Ալեքսանդր Սահակյանի դիմումի հիման վրա քննելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 11.11.2025 թվականի թիվ ՍԴՈ-1802 որոշմամբ որոշել է. «1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն` հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով: 2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ» (ներկայացվել է բողոքին կից):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (...) նոր հանգամանքներով կարող են վերանայվել (...) Վճռաբեկ դատարանի` (...) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին (...) որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք (...):
Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է` նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում` Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով` նորմատիվ իրավական ակտի` դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:
Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր հանգամանքով կարող են վերանայվել նաև Վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայում է Վճռաբեկ դատարանը` նաև գործին մասնակցող անձանց բողոքի հիման վրա:
Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավակարգավորմամբ օրենսդիրը որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու դեպք է նախատեսել նաև այն, երբ թեև Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտնում է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Միևնույն ժամանակ վերը նշված հիմքով դատական ակտը վերանայելու համար օրենսդիրը նախատեսել է եռամսյա ժամկետ` դրա հաշվարկի սկիզբը համարելով Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրը:
i
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ Սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:
i
Սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
Հիմք ընդունելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ցանկացած վերանայում դրանց կայունության և անփոփոխելիության, կամ որ այն է` իրավական որոշակիության (res judicata) սկզբունքի խախտում է: Մինչդեռ օրենքով սահմանված բացառիկ դեպքերում, երբ առկա են res judicata սկզբունքի հանդեպ գերակա հանգամանքներ, այդ սկզբունքից շեղվելը և օրինական ուժի մեջ մտած ակտերը վերանայելն արդարացված է` պայմանով, որ այդ վերանայումը հետապնդի դատական էական սխալներն ուղղելու, արդարադատության չարաշահումները վերացնելու նպատակ:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 11.04.2023 թվականի որոշմամբ Ալեքսանդր Սահակյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ և վերջինիս ներկայացուցչի միջնորդությունը մասնակիորեն բավարարելու արդյունքում կիրառվել է հայցի ապահովման համապատասխան միջոց:
Դատարանի 16.09.2024 թվականի որոշմամբ Ալեքսանդր Սահակյանի ներկայացուցչի միջնորդությունը` հայցի ապահովման միջոցը ձևափոխելու մասին, մերժվել է:
Դատարանի 16.09.2024 թվականի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ալեքսանդր Սահակյանը, որի ընդունումը Վերաքննիչ դատարանի 20.01.2025 թվականի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ`
- «Բողոքաբերը բողոքարկում է Դատարանի 16.09.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը, մինչդեռ, նշված որոշումն ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով, այնպես էլ որևէ օրենքով բողոքարկման ենթակա չէ, որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Բողոքաբերի կողմից բողոքարկվել է Դատարանի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով, ուստիև Վերաքննիչ դատարանը, վերը նշված նորմերի իրավակարգավորումների ներքո իրավասու չլինելով գնահատելու Դատարանի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման օրինականությունը և իրավաչափությունը և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իրավակարգավորումները, գտնում է, որ Բողոքաբերի վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման, քանի որ հայցի ապահովման միջոցը ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը ՀՀ օրենսդրությամբ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը Վերաքննիչ դատարանի 20.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ալեքսանդր Սահակյանի բերած վճռաբեկ բողոքը քննել է բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու հիմնավորման շրջանակներում` պայմանավորված Վերաքննիչ դատարանի կիրառած նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմնավորման շրջանակներում` պայմանավորված Վերաքննիչ դատարանի կողմից նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի այնպիսի խախտում թույլ տալու հետ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, պատճառաբանելով, որ հիմնավորված չի համարում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայության վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկը, ինչպես նաև, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, եզրահանգել է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ու 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:
Սահմանադրական դատարանը, Ալեքսանդր Սահակյանի դիմումի հիման վրա քննելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 11.11.2025 թվականի թիվ ՍԴՈ-1802 որոշմամբ որոշել է. «1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն` հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով: 2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»:
i
Այժմ Ալեքսանդր Սահակյանը ներկայացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.06.2025 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ բողոք` նշելով, որ Սահմանադրական դատարանի 11.11.2025 թվականի թիվ ՍԴՈ-1802 որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.06.2025 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու հիմք է, քանի որ նշված որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն` հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով: Միաժամանակ Սահմանադրական դատարանը գտել է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով` նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը նրա նկատմամբ կիրառվել է նույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.06.2025 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար, քանի որ տվյալ դեպքում թեև Սահմանադրական դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն իր կողմից կայացված որոշման եզրափակիչ մասում գտել է, որ նշված նորմը կիրառվել է նույն որոշմամբ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու պարագայում ենթակա է լուծման սույն գործով Վերաքննիչ դատարանի 20.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ալեքսանդր Սահակյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը: Անդրադառնալով նշված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու կամ առանց քննության թողնելու հիմքերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Տվյալ դեպքում բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք նշել է նաև մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությունը` պատճառաբանելով, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի խախտում` ներկայացնելով դրա վերաբերյալ հիմնավորումներ:
Հիմք ընդունելով վճռաբեկ բողոքում նշված վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները, բողոքը վարույթ ընդունելու հիմքերն ու հիմնավորումները, Սահմանադրական դատարանի 11.11.2025 թվականի թիվ ՍԴՈ-1802 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և եզրահանգումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի պահանջներին, ուստի այն պետք է ընդունել վարույթ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ, 408-րդ, 419-րդ, 426-րդ ու 427-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.06.2025 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:
2. Թիվ ԵԴ/13854/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ալեքսանդր Սահակյանի բերած վճռաբեկ բողոքն ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
նախագահող և զեկուցող Գ. Հակոբյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=45880421204420646