Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅ ...

 

25.06.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

12 մայիսի 2025 թվականի N 41-Ն

 

ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎՈՂ ՄՈԴՈՒԼՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՌՆՎԱԶՆ 30 ԿՐԵԴԻՏ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26. 24-րդ կետով`

 

Հրամայում եմ

 

1. Սահմանել մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Նախարար`                               Ժ. Անդրեասյան

 

5/12/2025

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2025 թվականի մայիսի 12-ի

N 41-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎՈՂ ՄՈԴՈՒԼՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՌՆՎԱԶՆ 30 ԿՐԵԴԻՏ ՇՆՈՐՀԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով երաշխավորված մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի (այսուհետ` դասընթաց) միջոցով առնվազն 30 կրեդիտի շնորհման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Դասընթացին սույն կարգի 7-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված հավակնորդների մասնակցության մասին որոշում կայացնելու նպատակով նախարարի հրամանով ձևավորվում է հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

3. Հանձնաժողովը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, հանրակրթության վարչության, դասընթաց իրականացնող հաստատության կամ կազմակերպության` համապատասխան գործընթացը համակարգող մեկական ներկայացուցչի ընդգրկմամբ: Հանձնաժողովը նախագահում է նախարարի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալը: Հանձնաժողովն ունի քարտուղար` առանց քվեարկության իրավունքի: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:

4. Հանձնաժողովի կողմից որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ ձայների հավասար լինելու դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը:

5. Հանձնաժողովի նիստերը գումարվում են առնվազն 10 դիմումի առկայության դեպքում, բայց ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է անդամների 2/3-ը: Առկա ձևաչափով կազմակերպելու անհնարինության դեպքում նիստը կարող է կազմակերպվել նաև առցանց` հանձնաժողովի նախագահի որոշմամբ:

6. Հանձնաժողովը նիստի արդյունքում ընդունում է որոշում հավակնորդին` սույն կարգի 7-րդ կետի 1-3-րդ ենթակետերից որևէ մեկին համապատասխանելու կամ չհամապատասխանելու մասին տեղեկանք տրամադրելու վերաբերյալ, որը հիմք է հանդիսանում հաստատության կամ կազմակերպության համար վերջինիս հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար:

7. Դասընթացին կարող է մասնակցել այն անձը, որն ունի`

1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն,

2) բարձրագույն կրթություն և տվյալ առարկայի ոլորտի 80 և ավելի կրեդիտ,

3) բարձրագույն կրթություն, տվյալ առարկայի ոլորտում 40-79 կրեդիտ և կամավոր ատեստավորված լինելու մասին հավաստող փաստաթուղթ:

(7-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 26-Ն հրաման)

8. Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով դասընթաց իրականացնող հաստատությունները երաշխավորված դասընթացի մոդուլները կարող են բաշխել բակալավրիատի ուսումնառության տարբեր կիսամյակներում:

9. Դասընթացները կազմակերպվում են վճարովի կամ անվճար` հաստատության կամ կազմակերպության կողմից սահմանված հիմունքներով: Վճարման չափը և կարգը սահմանվում է հաստատության կամ կազմակերպության և հավակնորդի միջև կնքվող պայմանագրով:

10. Դասընթացին մասնակցելու համար հաստատության համապատասխան ստորաբաժանումը կամ կազմակերպությունը հավակնորդների ընդունելության համար իր պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն` նշելով դիմումների ընդունման ժամկետը, դիմումները թղթային եղանակով ներկայացնելու դեպքում` հաստատության կամ կազմակերպության գտնվելու վայրը, էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեն, պահանջվող փաստաթղթերի ցանկը, դասընթացի արժեքը, դասընթացի իրականացման վայրը, դասընթացի ուղղությունը` ըստ առարկաների, տեղերի թիվը, ըստ անհրաժեշտության` այլ տեղեկություն:

11. Ընդունելության գործընթացի և փաստաթղթերի համապատասխանության դիտարկման համար տվյալ հաստատության ռեկտորի հրամանով կամ կազմակերպության ղեկավարի հաստատմամբ սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորվում է հանձնաժողով, որն ունի քարտուղար: Ստացված դիմումներն ամփոփվում և հանձնաժողովի նիստից 15 աշխատանքային օր առաջ աշխատանքային կարգով տրամադրվում են հանձնաժողովի բոլոր անդամներին:

12. Դասընթացի տևողությունը, կրեդիտների բաշխվածությունն ըստ մոդուլների, պրակտիկայի և հետազոտական աշխատանքի ուղղությունը սահմանվում է հաստատության կամ կազմակերպության կողմից ներկայացված և նախարարի հրամանով երաշխավորված ծրագրում:

13. Կրեդիտային և մոդուլային ուսուցման համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքում կիրառվում են հավակնորդների գիտելիքների գնահատման հետևյալ ձևերը` ըստ դասընթացի վերջնարդյունքի.

1) հայտորոշիչ գնահատում,

2) միջանկյալ գնահատում,

3) ամփոփիչ գնահատում:

14. Դասընթացի ավարտին հավակնորդը պաշտպանում է հետազոտական ավարտական աշխատանք, որի արդյունքով նրան տրվում է հաստատության կամ կազմակերպության կողմից սահմանված ձևի վկայական և ներդիր:

15. Վկայականում պարտադիր պետք է լինի նշում ծրագրի` նախարարի հրամանով երաշխավորված լինելու, հաստատության կամ կազմակերպության, «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջին համապատասխանելու, ինչպես նաև առարկայի (առարկաների) վերաբերյալ, որոնք կարող է դասավանդել (համաձայն Ձև 1-ի և Ձև 2-ի):

(15-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 26-Ն հրաման)

16. Ավարտական աշխատանքի իրականացման և պաշտպանության ընթացակարգը սահմանվում է տվյալ հաստատության կամ կազմակերպության կողմից:

 

2. ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

 

17. Դասընթացին մասնակցելու նպատակով հավակնորդը դիմում է ներկայացնում տվյալ հաստատության ռեկտորի կամ կազմակերպության ղեկավարի անունով, որին կից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

1) անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և լուսապատճենը,

2) բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնօրինակները և լուսապատճենները,

3) 2 լուսանկար` 3x4 սմ չափսի:

18. Հաստատությունը կամ կազմակերպությունը սույն կարգի 3-րդ կետով ստեղծվող հանձնաժողովի նիստից հետո` առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդին տրամադրում է դասընթացին մասնակցության վերաբերյալ տեղեկանքը:

19. Դասընթացների կազմակերպման ժամանակացույցի և ձևաչափի մասին տեղեկությունը ընդունվում է տվյալ հաստատության կամ կազմակերպության կողմից և հրապարակվում պաշտոնական կայքում:

20. Դասընթացների նկարագրիչները, ուսումնամեթոդական նյութերն ու անհրաժեշտ տեղեկությունը պարտադիր տեղադրվում են տվյալ հաստատության ուսուցման կառավարման համակարգում կամ կազմակերպության պաշտոնական կայքում կամ մասնակցին հասանելի այլ հարթակում:

21. Հավակնորդը կարող է մասնակցել դասընթացի ամփոփիչ գնահատմանը` յուրաքանչյուր դասընթացի համար սահմանված ժամաքանակի առնվազն 80 տոկոսին մասնակցած լինելու դեպքում:

22. Դասընթացի մասնակցի կողմից կրթական ծրագրի ելքային կրթական արդյունքներին համապատասխան մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձեռքբերումը հաստատվում է ծրագրի ավարտից հետո կազմակերպվող ավարտական հետազոտական աշխատանքի պաշտպանությամբ: Հետազոտական աշխատանքի կառուցվածքը և ծավալը որոշվում է տվյալ հաստատության կամ կազմակերպության կողմից:

23. Ավարտական հետազոտական աշխատանքի պաշտպանության անցկացման համար հաստատությունում կամ կազմակերպությունում ռեկտորի հրամանով կամ կազմակերպության ղեկավարի հաստատմամբ ստեղծվում են քննական հանձնաժողովներ (այսուհետ` քննական հանձնաժողով)` բաղկացած առնվազն 5 անդամից: Քննական հանձնաժողովի ձևավորումից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ հանձնաժողովի կողմից սահմանվում է նաև քննական հանձնաժողովի աշխատակարգը: Դասընթացների կազմակերպման յուրաքանչյուր փուլում գործընթացի ավարտից հետո հանձնաժողովի նախագահը կազմում ու ռեկտորին (կազմակերպության ղեկավարին) է ներկայացնում հաշվետվություն դասընթացների մասնակիցների թվի և 30 կրեդիտ ստացողների վերաբերյալ:

24. Ավարտական հետազոտական աշխատանքն անցկացվում է դասավանդվելիք առարկայի առանձնահատկություններին և ծրագրերի պահանջներին համապատասխան և գնահատվում հաստատության կամ կազմակերպության կողմից սահմանված գնահատման չափանիշներով:

25. Ավարտական հետազոտական աշխատանքի պաշտպանության ընթացքը տեսաձայնագրվում է և պահպանվում է արդյունքները հրապարակելուց հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ բողոքարկման ժամանակ` մինչև գործընթացի ավարտը:

26. Ավարտական հետազոտական աշխատանքի պաշտպանության գնահատականները հավակնորդին հայտնվում են նույն օրը` բանավոր եղանակով:

27. Գնահատականի հետ անհամաձայնության դեպքում հավակնորդը նույն օրը գրավոր դիմում է հանձնաժողովի նախագահին:

28. Դիմումը ներկայացնելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, հաստատությունում կամ կազմակերպությունում ռեկտորի հրամանով կամ կազմակերպության ղեկավարի հաստատմամբ ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով, որը քննարկում է դիմումը և ըստ անհրաժեշտության` ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի հետ քննարկում է վերանայման ենթակա աշխատանքը:

29. Քննարկման արդյունքում բողոքարկված աշխատանքի գնահատականը կարող է բարձրացվել կամ թողնվել անփոփոխ` կազմելով համապատասխան արձանագրություն:

30. Բողոքարկման հանձնաժողովը արդյունքի մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրամադրում է տեղեկանք: Արդյունքների հետ անհամաձայնության դեպքում բողոքարկումը կարող է իրականացվել նաև դատական կարգով:

31. Ամփոփիչ ատեստավորումից անբավարար գնահատական ստացած հավակնորդները կարող են ըստ հաստատության կամ կազմակերպության կողմից սահմանված ընթացակարգի վճարովի կամ անվճար հիմունքներով կրկնել ամբողջ դասընթացը կամ ուղղակիորեն վերահանձնել քննությունը:

32. Ամփոփիչ ատեստավորման ընթացքում հիվանդության կամ այլ պատճառով բացակայած կամ քննությունն ընդհատած հավակնորդի վերաբերյալ կազմվում է արձանագրություն` հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ: Քննական հանձնաժողովի նախագահն արձանագրությունը ներկայացնում է ռեկտորին (կազմակերպության ղեկավարին), և քննության ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է ընդունում քննությունն ընդհատած հավակնորդին լրացուցիչ քննության թույլատրելու և օրը նշանակելու մասին:

33. Դասընթացի` հաստատության կամ կազմակերպության կողմից սահմանված գնահատման համակարգով ընթացիկ գնահատման արդյունքում նվազագույն դրական միավորի շեմը չապահոված մասնակցին չի թույլատրվում մասնակցել ամփոփիչ քննությանը կամ վերահանձնել այն:

34. Բաց թողնված կրեդիտները հավակնորդը կարող է լրացնել կազմակերպվող դասընթացների հաջորդ փուլերի ընթացքում` իր կողմից ներկայացված դիմումի հիման վրա` ըստ հաստատության կամ կազմակերպության կողմից սահմանված ընթացակարգի վճարովի կամ անվճար հիմունքներով:

 

(1-ին ձևը լրաց. 18.06.2026 թիվ 26-Ն հրաման)

 

Ձև 1

 

(ՀՀ զինանշան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

_____________________________________________

                 (համալսարանի/կազմակերպության անվանումը)

 

ՎԿԱՅԱԿԱՆ

 

N __________________

 

Տրվում է ________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն)

առ այն, որ նա հաջողությամբ ավարտել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

_________________________________________________հրամանով հաստատված

(հրամանի համարը, ամսաթիվը)

_________________________________________________ -ում իրականացվող

(հաստատության/կազմակերպության անվանումը)

«Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտի շնորհման» դասընթացը

_________________________________________________ առարկայի (առարկաների)

(առարկա (առարկաներ)) դասավանդման համար:

 

ՌԵԿՏՈՐ/ՏՆՕՐԵՆ` _____________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Կից հավելված` 1 էջ:

Տրման ամսաթիվ` ________ __________________ 20____ թ.

 

Ձև 2

 

.______________________________________________________________________.

|Անուն, Հայրանուն, Ազգանուն |                        |    ՀԱՅԱՍՏԱՆԻ    |

|___________________________|________________________| ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |

|Ծննդյան տարեթիվ            |                        |    ԿՐԹՈՒԹՅԱՆ,   |

|___________________________|________________________|    ԳԻՏՈՒԹՅԱՆ,   |

|Կրթության վերաբերյալ       |ՀՀ Որակավորումների      |   ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ  |

|նախորդ մակարդակը           |ազգային շրջանակի 6-րդ   |      ՍՊՈՐՏԻ     |

|                           |մակարդակ                |  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |

|___________________________|________________________|                 |

|Ուսումնառության սկիզբը,    |                        |  (ՀՀ զինանշան)  |

|___________________________|________________________|                 |

|ԲՈՒՀ-ի անվանումը, հրամանի  |                        |  Հաստատության/  |

|համարը                     |                        | կազմակերպության |

|___________________________|________________________|     անունը      |

|Ուսումնառությունն ավարտել է|                        |                 |

|___________________________|________________________|    ՎԿԱՅԱԿԱՆԻ    |

|Մասնագիտությունը           |                        |    ՀԱՎԵԼՎԱԾ     |

|___________________________|________________________|                 |

|Ավարտական աշխատանքի թեմայի |                        |        N        |

|անվանումը                  |                        |                 |

|____________________________________________________|Տրվել է` _______ |

|Ավարտական քննական հանձնաժողովի որոշմամբ հաջողությամբ|20____ թ.        |

|ավարտել է Հայաստանի Հանրապետության կրթության,       |                 |

|գիտության, մշակույթի և  սպորտի նախարարի             |Ռեկտոր/          |

|________________________________ հրամանով հաստատված |տնօրեն`_________ |

|________________________________ իրականացվող        |                 |

|«Մանկավարժահոգեբանական և  ուսումնամեթոդական         |Գրանցման համար`  |

|հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող      |                 |

|դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտի շնորհման»      |Թիվ              |

|դասընթացը:                                          |                 |

|____________________________________________________|_________________|

|Ուսումնառության ընթացքում հանձնել է ստուգարքներ և   |                 |

|քննություններ հետևյալ  առարկաներից                  |                 |

|____________________________________________________|                 |

|Թիվ|Դասընթացի|Աշխատաժամանակը |Գնահատականները        |                 |

|   |անվանումը|կրեդիտներով.   |                      |                 |

|   |         |               |                      |                 |

|   |         |1 կրեդիտ 30 ժամ|                      |                 |

|   |         |հաշվարկով      |                      |                 |

|___|_________|_______________|______________________|                 |

|1  |         |               |                      |                 |

|___|_________|_______________|______________________|                 |

|2  |         |               |                      |                 |

|___|_________|_______________|______________________|                 |

|...|         |               |                      |                 |

|____________________________________________________|_________________|

|Ընդամենը` 30 կրեդիտ (900 ժամ)                       |                 |

.______________________________________________________________________.

Սույն հավելվածն անվավեր է առանց հավաստագրի:

 

(2-րդ ձևը լրաց. 18.06.2026 թիվ 26-Ն հրաման)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 մայիսի 2025 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
12.05.2025
N 41-Ն
Հրաման