Սեղմել Esc փակելու համար:
{11.07.2027 - } ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{11.07.2027 - } ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը ուժի մեջ է մտնելու   11.07.2027  -ից:         անցնել գործող խմբագրությանը
 

11.07.2027 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

(Օրենքը խմբ. 10.12.21 ՀՕ-419-Ն օրենք)

Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության իրականացման հիմքերը և կանոնակարգում գնահատման գործունեությանն առնչվող հարաբերությունները:

 

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գնահատման գործունեության վրա:

2. Սույն օրենքը չի տարածվում մշակութային արժեքների, արժեթղթերի, ածանցյալ ֆինանսական գործիքների (գործարքների), արժութային արժեքների, թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված զարդերի գնահատման, անշարժ գույքի կադաստրային գնահատման վրա:

 

Հոդված 3. Գնահատման գործունեության մասին օրենսդրությունը

 

1. Գնահատման գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության գնահատման ստանդարտներով և այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

2. Գնահատման գործունեության ոլորտում Կառավարությունն իրավասու է հաստատելու և իրականացնելու գնահատման գործունեության ոլորտի ծրագրեր և հայեցակարգեր:

(3-րդ հոդ. լրաց. 18.06.26 ՀՕ-286-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) գնահատող` ֆիզիկական անձ, որն ունի գնահատողի որակավորման գործող վկայական և հաշվառված է լիազոր մարմնի կողմից.

2) գնահատման կազմակերպություն` գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որը սույն օրենքով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնի կողմից.

3) լիազոր մարմին` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, ֆիզիկական անձանց գնահատման մասնագիտական որակավորում (այսուհետ` Որակավորում) իրականացնող, որակավորման վկայականի գործողությունը կասեցնող և դադարեցնող, գնահատման գործունեություն իրականացնելու նպատակով գնահատողներին, գնահատման կազմակերպություններին (այդ թվում` անհատ ձեռնարկատեր հանդիսացող), ինչպես նաև գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններին հաշվառող և հաշվառումից հանող լիազոր մարմին.

4) գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություն` ոչ առևտրային, անկախ, մասնագիտացված, ինքնակարգավորվող և ինքնաֆինանսավորվող կազմակերպություն, որը գնահատողների մասնագիտացված միություն է և ստեղծված է գնահատողների և գնահատման կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի դրսևորման ու պաշտպանության, նրանց գործնական ու մեթոդական օգնություն ցուցաբերելու և սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնելու համար.

5) գնահատման ստանդարտ` Կառավարության սահմանած, գնահատման միջազգային ստանդարտներին համահունչ, գնահատումը կանոնակարգող, համընդհանուր և բազմակի կիրառման համար կանոններ, ցուցումներ պարունակող փաստաթուղթ.

6) գնահատում` գնահատման օբյեկտի արժեքի որոշմանը նպատակաուղղված` սույն օրենքով, գնահատման ստանդարտներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված գնահատման գործողությունների ամբողջությունն է.

7) գնահատման հաշվետվություն` փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություն սույն օրենքով, գնահատման ստանդարտներով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատվիրված ամսաթվի դրությամբ որոշված գնահատման օբյեկտի արժեքի վերաբերյալ.

8) գնահատման առաջադրանք` պատվիրատուի կողմից գնահատողին ներկայացվող առաջադրանք, որում արտացոլվում են գնահատվող օբյեկտի նույնականացման տվյալները, գնահատման նպատակով ներկայացված փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև գնահատման արժեքի տեսակը, գնահատման նպատակը և գնահատվող օբյեկտի նկատմամբ իրավունքների տեսակը.

9) որակավորման հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության ոլորտում մասնագիտական որակավորման քննություններն անցկացնող, այդ թվում` որակավորման քննությունների հարցաշարերը, առաջադրվող հարցերը և խնդիրները կազմող հանձնաժողով.

10) մասնագիտական հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության ուսումնասիրություն իրականացնող, գնահատման կազմակերպության և գնահատողների կողմից սույն օրենքի, այլ նորմատիվ իրավական ակտերի, գնահատման ստանդարտների ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող և գնահատման հաշվետվությունների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տրամադրող հանձնաժողով.

11) գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագիր` լիազոր մարմնի ներդրած` առցանց աշխատող էլեկտրոնային տեղեկատվական համակարգ (այսուհետ` Հաշվառման ծրագիր), որտեղ մուտքագրվում են անշարժ գույքի գնահատման հաշվետվությունների վերաբերյալ սույն օրենքով սահմանված տվյալները, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված` անշարժ գույքի գնահատման պարտադիր դեպքերում` նաև անշարժ գույքի գնահատման հաշվետվությունները.

12) պատվիրատու` գնահատման աշխատանքներ պատվիրող քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտ.

13) շահառու` պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններ, ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք հանդիսանում են գնահատման արդյունքների օգտագործողներ, կամ գնահատման արդյունքները որևէ կերպ առնչվում են իրենց օրինական շահերին.

14) ծառայություններ մատուցող` գույքի գնահատման ծառայություններ մատուցող օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում փոխադարձության սկզբունքով կարող է մատուցել կամ մտադիր է մատուցել նման ծառայություններ Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ այն գնահատման ծառայությունների, որոնց պատվիրատուն պետությունն է կամ համայնքը.

15) ծառայություններ մատուցողների ռեեստր` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում գույքի գնահատման ծառայություններ մատուցողների ռեեստր, որը ծառայություններ մատուցողների բաց ցուցակ է, և որը վարում է ծառայություններ մատուցողի հաշվառման երկրի (կամ հիմնադրման վայրի) լիազոր մարմինը.

16) Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստր` ռեեստր, որը ներառում է տեղեկատվություն այն գնահատողների և գնահատման կազմակերպությունների վերաբերյալ, որոնք մատուցում կամ մտադիր են մատուցել գույքի գնահատման ծառայություններ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում, և որը վարում է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը.

17) ռեցիպիենտ երկիր` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այն պետությունը, որի տարածքում Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառված գնահատողները և գնահատման կազմակերպությունները իրականացնում են գույքի գնահատման ծառայությունների մատուցում:

18) հաշվառում` լիազոր մարմնի կողմից որակավորված անձանց, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններին սույն օրենքով սահմանված դիմումի և փաստաթղթերի հիմքով Հաշվառման ծրագրում ներառելը և սույն օրենքով սահմանված պահանջների ապահովման դեպքում Հաշվառման ծրագիրը կիրառելու նպատակով հասանելիություն տրամադրելը:

(4-րդ հոդ. փոփ. 20.01.26 ՀՕ-9-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 18.06.26 ՀՕ-286-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 5. Գնահատման գործունեության սուբյեկտները

 

1. Սույն օրենքի իմաստով` գնահատման գործունեության սուբյեկտ են համարվում սույն օրենքով սահմանված գնահատման կազմակերպությունները, գնահատողները, ինչպես նաև պատվիրատուները:

 

Հոդված 6. Գնահատման օբյեկտները

 

1. Սույն օրենքի իմաստով` գնահատման օբյեկտներ են համարվում գույքը (անշարժ և շարժական), գույքի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները, ինչպես նաև քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են  հանդիսանալ քաղաքացիաիրավական շրջանառության օբյեկտներ, որոնց վերաբերյալ սահմանված են գնահատման ստանդարտներ:

 

Հոդված 7. Գնահատման ստանդարտների սահմանումն ու դրանց կիրառումը

 

1. Հայաստանի Հանրապետությունում գնահատման ստանդարտները, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը` գնահատման միջազգային ստանդարտներին ու վարքագծի կանոններին համահունչ, որոնց կիրառումը պարտադիր է գնահատողների համար:

 

Հոդված 8. Հաշվառման ծրագրի կիրառումը

 

1. Հաշվառման ծրագիր մուտք գործելու համար նախատեսված մուտքանունը և գաղտնաբառը գնահատման կազմակերպության ղեկավարին, գնահատողին ու ծառայություններ մատուցողներին տրամադրում է լիազոր մարմինը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հաշվառման ծրագիր մուտք են գործում «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով:

1.1. Գնահատողի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված պայմանագիրը` անշարժ գույքի դեպքում, կնքելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Հաշվառման ծրագիր պարտադիր ենթակա են մուտքագրման այդ պայմանագրի անբաժանելի հավելված հանդիսացող գնահատման առաջադրանքը, գնահատման նպատակը և գնահատման ենթակա օբյեկտի հասցեն, որի վերաբերյալ համակարգը գեներացնում է համապատասխան նույնականացնող տվյալներ պարունակող քաղվածք: Սույն մասով սահմանված պայմանագրի հիման վրա գնահատման հաշվետվություն կազմելուց հետո գնահատողի կողմից Հաշվառման ծրագիր պարտադիր ենթակա են մուտքագրման անշարժ գույքի վերաբերյալ իր կազմած յուրաքանչյուր գնահատման հաշվետվության վերաբերյալ հետևյալ տվյալները.

1) գնահատված օբյեկտի հասցեն.

2) գնահատման նպատակը, պայմանագրի անբաժանելի հավելված հանդիսացող գնահատման առաջադրանքը.

3) գնահատման տարին, ամիսը, ամսաթիվը.

4) գնահատված արժեքը.

5) գնահատված օբյեկտի վերաբերյալ առկա այն սահմանափակումները, որոնք ազդել են արժեքի որոշման վրա.

6) գնահատված օբյեկտի տեղազննության արձանագրությունը:

2. Յուրաքանչյուր գնահատման հաշվետվություն կամ հաշվետվության վերաբերյալ տվյալներ Հաշվառման ծրագիր մուտքագրելիս ինքնաշխատ ձևավորվում է հաշվետվությունը նույնականացնող անհատական ծածկագիր: Հաշվառման ծրագրում հաշվետվության տվյալների մուտքագրումը փաստում է հաշվետվության գոյության մասին: Հաշվետվության վերաբերյալ տվյալները Հաշվառման ծրագիր մուտքագրված չլինելու դեպքում տվյալ հաշվետվությունը չի կարող օգտագործվել որպես գնահատման հաշվետվություն:

3. Հաշվառման ծրագիր մուտքագրվող տվյալները չպետք է պարունակեն օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն: Սույն հոդվածի 1.1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջները չեն տարածվում պետական մարմինների կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գաղտնի կամ հրապարակման ոչ ենթակա վարույթի, ուսումնասիրության կամ գործի շրջանակում պատվիրված և կազմված գնահատման հաշվետվությունների վրա: Սույն մասով սահմանված տվյալները Հաշվառման ծրագիր մուտքագրելու դեպքում պատասխանատվությունը կրում է գնահատողը:

4. Հաշվառման ծրագրի վարման կարգը և մուտքագրվող տվյալների ցանկը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

5. Սույն օրենքով սահմանված կարգով վկայականի կասեցման դեպքում գնահատողին կարող է տրամադրվել Հաշվառման ծրագրի կիրառման սահմանափակ հասանելիություն, բացառապես այն դեպքում, երբ Հաշվառման ծրագրում առկա է գնահատողի մուտքագրած ընթացիկ գնահատման առաջադրանք, որի կապակցությամբ պատվիրատուն սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված կարգով պահանջել է շարունակել պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը:

(8-րդ հոդ. փոփ. 20.01.26 ՀՕ-9-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 18.06.26 ՀՕ-286-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 9. Գնահատման պարտադիր դեպքերը

 

1. Գնահատումը պարտադիր է`

1) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման դեպքերում, բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի ոչ աճուրդային կարգով օտարման դեպքերի.

2) գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում.

ԻՐՏԵԿ 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը կշարադրվի նոր խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից 22.10.25 ՀՕ-344-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչև 2026 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակը պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը 22.10.25 ՀՕ-344-Ն օրենքի պահանջներին համապատասխանեցնելուց հետո:             

3) պետական կամ համայնքային գույքը վարձակալությամբ հանձնելու դեպքերում, բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերի.

4) պետական կամ համայնքային կարիքների համար գույք վարձակալելու դեպքերում.

5) սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված օբյեկտներն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կամ հիմնադրամներում ներդնելու դեպքերում.

6) գույքի բռնագանձման հետևանքով դրա իրացման դեպքերում, բացառությամբ կատարողական վարույթի շրջանակներում իրացման.

7) գույքի սեփականատիրոջը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սնանկ ճանաչելու և գույքը հրապարակային սակարկություններով օտարելու դեպքերում.

8) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ դեպքերում:

(9-րդ հոդ. փոփ. 11.04.24 ՀՕ-205-Ն, 17.12.25 ՀՕ-506-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 2
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 10. Գնահատման գործունեության կազմակերպումը և իրականացումը

 

1. Գնահատման գործունեությունը կազմակերպում և իրականացնում են գնահատման կազմակերպությունները` գնահատման պատվերի հիման վրա` գնահատողի կամ ծառայություններ մատուցողի միջոցով:

2. Գնահատման պատվերի համար իրավական հիմք է գնահատման կազմակերպության և պատվիրատուի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր):

(10-րդ հոդ. փոփ. 20.01.26 ՀՕ-9-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 11. Պայմանագրի էական պայմանները

 

1. Պայմանագիրը կնքվում է գրավոր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Գնահատման առաջադրանքը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի հավելվածը:

2. Պայմանագիրը պետք է պարունակի պարտադիր տեղեկություններ`

1) գնահատվող օբյեկտի անվանման և նույնականացման վերաբերյալ.

2) գնահատման դիմաց վճարի չափի, ինչպես նաև գնահատման հաշվետվության կազմման համար անհրաժեշտ տեղեկությունների, փաստաթղթերի ձեռքբերման պետական տուրքի և այլ վճարների չափի վերաբերյալ, որը չի ներառվում գնահատման դիմաց վճարի գումարի մեջ և, ըստ անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ձեռքբերման դիմաց վճարման ենթակա պետական տուրքի և այլ վճարների չափի փոփոխության, կարող է փոփոխվել և ենթակա է վճարման պատվիրատուի կողմից.

3) գնահատման ստանդարտներով սահմանված և գնահատմամբ որոշվող արժեքի տեսակի, գնահատման ամսաթվի և տարեթվի վերաբերյալ.

4) պատվիրատուին ուղղված ծանուցում` սույն օրենքի համաձայն պայմանագրի կնքման հիմքով պատվիրատուի անունից գնահատման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու մասով գնահատողին լիազորություն ընձեռելու վերաբերյալ.

5) գնահատվող օբյեկտի վերաբերյալ պատվիրատուի կողմից Պայմանագրի կնքման պահին տրամադրված տեղեկությունների և փաստաթղթերի ամբողջական ցանկի վերաբերյալ:

(11-րդ հոդ. փոփ. 18.06.26 ՀՕ-286-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 12. Գնահատողների, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը

 

1. Անձը որպես գնահատող հաշվառվելու նպատակով լիազոր մարմին է ներկայացնում դիմում` կից ներկայացնելով գնահատողի որակավորման գործող վկայականի պատճենը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում` նաև Հայաստանի Հանրապետությունում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ այն դեպքերի, երբ լիազոր մարմնում սահմանված կարգով որևէ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություն հաշվառված չէ:

2. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը հաշվառվելու նպատակով լիազոր մարմին են ներկայացնում դիմում` կից ներկայացնելով իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում` պետական հաշվառման համարը, գնահատողի հետ կնքված աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրի վերաբերյալ տեղեկանք, սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ապահովագրության վկայագրի պատճենը, գնահատողի անձնագրի և որակավորման վկայականի պատճենը: Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի` հաշվառելու մասին դիմումները և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով, որոնց կարգը, ինչպես նաև գնահատողի հետ կնքված աշխատանքային և ծառայությունների մատուցման պայմանագրի վերաբերյալ տեղեկանքի ձևը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դիմումները և դրանց կից փաստաթղթերը լիազոր մարմին մուտքագրվելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինն ուսումնասիրում է դրանք և կայացնում որոշում` անձին, իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը հաշվառելու կամ հաշվառման դիմումը մերժելու վերաբերյալ:

Դիմումը և կից փաստաթղթերը վերադարձվում են, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են: Փաստաթղթերում առկա թերությունները վերացնելու համար լիազոր մարմինը տրամադրում է երեք աշխատանքային օր ժամկետ, որը հաշվարկվում է դիմողի կողմից փաստաթղթերն ստանալու օրվանից: Երեք աշխատանքային օրվա ընթացքում թերությունները վերացվելու և լիազոր մարմին կրկին ներկայացվելու դեպքում դիմումը համարվում է ներկայացված այն սկզբնապես ներկայացվելու օրը:

4. Անձին որպես գնահատող հաշվառելու դիմումը մերժվում է, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկություններն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են.

2) անձը չունի գնահատողի գործող որակավորման վկայական.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը Հայաստանի Հանրապետությունում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ չէ:

5. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին որպես գնահատման կազմակերպություն հաշվառելու դիմումը մերժվում է, եթե`

1) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած փաստաթղթերն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են.

2) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

3) դիմում ներկայացրած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, օրենքի համաձայն, իրավունք չունի զբաղվելու գնահատման գործունեությամբ.

4) դիմում ներկայացրած կազմակերպությունը չի համապատասխանում սույն օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին:

6. Հաշվառում ստանալու դիմումը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

7. Հաշվառում ստանալու դիմումը մերժվելու դեպքում ֆիզիկական անձը, իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի նոր դիմում ներկայացնելու` սույն հոդվածով սահմանված կարգով:

8. Լիազոր մարմնի որոշմամբ գնահատողը հանվում է հաշվառումից`

1) իր դիմումի համաձայն.

2) որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում.

3) եթե, իր դիմումի համաձայն, դուրս է եկել գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունից և մեկամսյա ժամկետում չի դարձել Հայաստանի Հանրապետությունում գործող` գնահատողների որևէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ.

4) եթե գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների քանակի առնվազն երկու երրորդի համաձայնությամբ վարքագծի կանոնների խախտման հիմքով դադարեցվել է նրա անդամակցությունը գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը:

5) որակավորման վկայականի գործողության կասեցման դեպքում.

6) սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով նախատեսված պահանջը խախտելու դեպքում:

8.1. Գնահատողը հաշվառումից չի հանվում և շարունակում է զբաղվել գնահատման գործունեությամբ, եթե լիազոր մարմնում սահմանված կարգով որևէ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություն հաշվառված չէ:

8.2. Սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանվելու դեպքում անձն իրավունք ունի որպես գնահատող հաշվառում ստանալու համար նոր դիմում ներկայացնելու միայն հաշվառումից հանվելուց վեց ամիս հետո, եթե հաշվառումից դուրս գալու դիմում ներկայացնելու պահին հանդիսացել է մասնագիտական կամ որակավորման հանձնաժողովի անդամ:

8.3. Սույն հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանվելու դեպքում անձն իրավունք ունի որպես գնահատող հաշվառում ստանալու համար նոր դիմում ներկայացնելու միայն սույն օրենքով նախատեսված հիմքերի վերացման դեպքերում:

8.4. Սույն հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանվելու դեպքում գնահատողն իրավունք ունի հաշվառում ստանալու նոր դիմում ներկայացնելու միայն հիմքերի վերացումից հետո:

9. Սույն հոդվածի 8-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով հաշվառումից հանվելու դեպքերում անձն իրավունք ունի սույն հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու նոր դիմում` որպես գնահատող հաշվառում ստանալու համար:

10. Սույն հոդվածի 8-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանվելու դեպքում անձն իրավունք ունի նոր դիմում ներկայացնելու որպես գնահատող հաշվառում ստանալու համար միայն հաշվառումից հանվելուց վեց ամիս հետո:

11. Լիազոր մարմնի որոշմամբ գնահատման կազմակերպությունը հանվում է հաշվառումից`

1) սույն օրենքի 18-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում.

2) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու դեպքում.

3) վերջին երեք տարում միևնույն գնահատման կազմակերպությունում աշխատող կամ աշխատած երեք և ավելի գնահատողների` սույն օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով որակավորման վկայականների դադարեցման դեպքում, եթե որակավորման վկայականի դադարեցման հիմքը գնահատողի` տվյալ գնահատման կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածում թույլ տրված խախտումներն են:

12. Սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանվելու դեպքում գնահատման կազմակերպությունն իրավունք ունի հաշվառում ստանալու նոր դիմում ներկայացնելու սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտումները վերացնելուց հետո:

13. Սույն հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանվելու դեպքում գնահատման կազմակերպությունն իրավունք ունի հաշվառում ստանալու նոր դիմում ներկայացնելու միայն հաշվառումից հանվելուց մեկ տարի հետո:

14. Սույն հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքերով հաշվառումից հանվելու դեպքում գնահատման կազմակերպությունն այլևս չի կարող հաշվառվել լիազոր մարմնում:

(12-րդ հոդ. փոփ. 02.10.24 ՀՕ-363-Ն , 18.06.26 ՀՕ-286-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 13. Գնահատման հաշվետվության վերաբերյալ պարտադիր պահանջները

 

1. Գնահատման արդյունքները ձևակերպվում են բացառապես էլեկտրոնային փաստաթղթի տեսքով` գնահատման հաշվետվությամբ:

2. Գնահատման հաշվետվությունը ստորագրում է գնահատողը` էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

3. Գնահատման հաշվետվությունը հաստատվում է գնահատողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ (անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում), իսկ իրավաբանական անձանց դեպքում` այն իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի էլեկտրոնային թվային ստորագրությամբ, որի հետ գնահատողը կնքել է աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր, ինչպես նաև նշվում է էջերի քանակը:

4. Անշարժ գնահատման հաշվետվությունը պարտադիր պետք է պարունակի տեղեկություն Հաշվառման ծրագրի կողմից ձևավորված անհատական համարի վերաբերյալ, որը պետք է արտացոլված լինի գնահատման հաշվետվության բոլոր էջերի վրա:

5. Գնահատման հաշվետվությունում չի թույլատրվում`

1) օգտագործել վավերականությունը չհաստատված աղբյուրներից ստացված տվյալներ, ներառել գնահատման չհիմնավորված մեկնաբանություններ և եզրակացություններ, ինչպես նաև տվյալներ և տեղեկություններ, որոնք ստացվել են այլ գնահատման հաշվետվություն կազմելու նպատակով` Հաշվառման ծրագրի գեներացրած այլ քաղվածքի հիման վրա.

2) հրապարակել տեղեկություններ, որոնք, օրենքի համաձայն, համարվում են պետական, ծառայողական, առևտրային, բանկային և ապահովագրական գաղտնիք.

3) գնահատմամբ որոշված արժեքը չարտահայտել համարժեք դրամով:

6. Գնահատման հաշվետվության վերաբերյալ ընդհանուր պահանջները և դրանցում պարտադիր պարունակվող տեղեկությունները սահմանվում են գնահատման ստանդարտներով:

7. Սույն հոդվածի 1-4-րդ մասերից որևէ մեկի պահանջների խախտմամբ կազմված հաշվետվությունները, որպես գնահատման հաշվետվություն, օգտագործվել չեն կարող:

(13-րդ հոդ. փոփ. 18.06.26 ՀՕ-286-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 14. Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունը

 

1. Գնահատման հաշվետվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և գնահատման ստանդարտներին համապատասխանության խնդիրները կարող է պարզաբանել լիազոր մարմինը` իրեն ուղղված գնահատման գործունեության սուբյեկտներից յուրաքանչյուրի կամ շահառուների դիմումի հիման վրա, կամ լիազոր մարմնի նախաձեռնությամբ, բացառությամբ եթե լիազոր մարմնում առկա է տեղեկատվություն առ այն, որ գնահատման հաշվետվությունը դատարանում քննության առարկա է կամ դատական քննության ընթացքում ներկայացվել է որպես ապացույց, որոնց վերաբերյալ վեճերը լուծվում են դատական կարգով:

2.  (2-րդ մասն ուժը կորցրել է 11.07.2027 թվականից ՀՕ-286-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

(14-րդ հոդ.փոփ. 18.06.26 ՀՕ-286-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 15. Գնահատողի անկախությունը

 

1. Գնահատման աշխատանքներն իրականացնելիս գնահատողն անկախ է և գնահատումն իրականացնում է սույն օրենքին, գնահատման ստանդարտներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2. Գնահատողի անկախությունը գնահատման գործունեության իրականացման հիմնարար և պարտադիր պայման է:

 

Հոդված 16. Գնահատման կազմակերպության, գնահատողի և ծառայություններ մատուցողի իրավունքներն ու պարտականությունները

 

1. Գնահատողն իրավունք ունի`

1) գնահատման ընթացքում գնահատման կազմակերպությունից և պատվիրատուներից պահանջելու անհրաժեշտ տեղեկությունների ապահովում, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական, ծառայողական, առևտրային, բանկային և ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների, իսկ այդ տեղեկատվությամբ գույքի արժեքի արժանահավատությունը պայմանավորված լինելու դեպքում նշելու այդ մասին հաշվետվությունում.

1.1) գնահատման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից` Հաշվառման ծրագրի գեներացրած համապատասխան քաղվածքի հիման վրա, հետևյալ եղանակներով`

ա. էլեկտրոնային եղանակով` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների շտեմարաններին հասանելիության ապահովման միջոցով` համապատասխան մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա,

բ. թղթային եղանակով` գրավոր հարցման հիման վրա.

2) օգտվելու սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված իրավունքներից.

3) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից.

4) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում իրականացնելու գնահատման գործունեություն` գործող որակավորման վկայականի հիման վրա, որը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետություններում ճանաչվում է առանց ճանաչման ընթացակարգեր անցնելու:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով սահմանված տեղեկություններ ստանալու իրավունքը ծագում է սույն օրենքի ուժով Հաշվառման ծրագրի կողմից համապատասխան քաղվածքի գեներացման պահից: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների շտեմարաններին գնահատողների հասանելիության կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Գնահատման կազմակերպությունն իրավունք ունի`

1) գնահատման ընթացքում պատվիրատուից պահանջելու անհրաժեշտ տեղեկությունների ապահովում, բացառությամբ օրենքով սահմանված կարգով պետական, ծառայողական, առևտրային, բանկային և ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերելու գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալներ և այլ տեղեկություններ, այդ թվում` հարցում կատարելու երրորդ անձանցից` տեղեկատվություն ստանալու համար.

2.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կնքված պայմանագրի հիման վրա Կառավարության սահմանած կարգով ստանալու հասանելիություն համապատասխան մարմնի տվյալների շտեմարաններին.

3) անհրաժեշտության դեպքում պայմանագրային հիմունքներով գնահատմանը ներգրավելու այլ մասնագետ(ներ)ի.

4) մասնակցելու իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և ծանոթանալու հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին.

5) գնահատման իր գործունեության մասին լիազոր մարմնի ընդունած որոշումները բողոքարկելու դատական կարգով.

6) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից.

7) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում իրականացնելու գնահատման գործունեություն` լիազոր մարմնում հաշվառված լինելու հիման վրա, որը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետություններում ճանաչվում է առանց ճանաչման ընթացակարգեր անցնելու:

3. Գնահատողը պարտավոր է`

1) գնահատումը կատարել սույն օրենքով, գնահատման ստանդարտներով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառապես գնահատվող օբյեկտի տեղազննության հիման վրա: Տեղազննության արդյունքների արձանագրման ճշգրտության և հիմնավորվածության համար պատասխանատվությունը կրում է գնահատողը: Եթե տեղազննություն իրականացնելիս որևէ կերպ խոչընդոտվել է անշարժ գույք մուտք գործելը, կամ գնահատման հաշվետվությունը պատվիրվել է պետական մարմինների կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գաղտնի կամ հրապարակման ոչ ենթակա վարույթի, ուսումնասիրության կամ գործի շրջանակում, ապա գնահատումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով.

1.1) յուրաքանչյուր գնահատման հաշվետվություն կազմելիս օգտագործել բացառապես տվյալ հաշվետվության համար կատարված հարցման արդյունքով ձեռք բերված տվյալները և տեղեկությունները.

2) Հաշվառման ծրագրում մուտքագրել սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերում կազմված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված` Հաշվառման ծրագրում մուտքագրման ենթակա գնահատման հաշվետվությունների վերաբերյալ տվյալները.

3) գնահատման հաշվետվության յուրաքանչյուր էջում լրացնել Հաշվառման ծրագրի ձևավորած անհատական ծածկագիրը.

4) էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրել հաշվետվությունը.

5) հրաժարվել գնահատման իրականացումից, եթե գնահատման օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ սույն օրենքով և գնահատման ստանդարտներով սահմանված պարտադիր պահանջների պահպանմամբ գնահատման հաշվետվություն կազմելու համար.

5.1) հրաժարվել գնահատման իրականացումից շահերի բախման իրավիճակում, այդ թվում` եթե նույն գույքի վերաբերյալ նախկինում իրականացրել է գնահատում` հանդիսանալով գնահատման այլ կազմակերպության աշխատակից.

6) իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս պահպանել գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները.

7) կրել սույն հոդվածի 4-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված պարտականությունները.

8) չհանդիսանալ մեկից ավելի գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ:

9) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որակավորման հանձնաժողովի կամ 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված մասնագիտական հանձնաժողովի անդամ հանդիսանալու դեպքում ապահովել ներկայություն հանձնաժողովի նիստերին.

10) ռեցիպիենտ երկրների օրենսդրությանը համապատասխան պատրաստված գնահատման հաշվետվությունների կամ դրանց բացակայության մասին տեղեկատվությունը տարեկան առնվազն մեկ անգամ (Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում գնահատողի մասին տվյալները ներառելու օրվանից սկսած), բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը էլեկտրոնային եղանակով ներկայացնել լիազոր մարմին` այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու նպատակով: Սույն կետով նշված տեղեկատվությունը յուրաքանչյուր տարի (դրա վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու օրվանից) լիազոր մարմին չուղարկելը հանգեցնում է ռեցիպիենտ երկրների տարածքներում գնահատման գործունեություն իրականացնելու իր իրավունքի կասեցման` մինչև այդ տեղեկատվությունն ուղարկելը:

11) լիազոր մարմնի պահանջով երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել իր կազմած գնահատման հաշվետվությունները, գնահատման հաշվետվությունների ցանկը, ինչպես նաև վերահսկողություն իրականացնելու համար լիազոր մարմնի պահանջած` գնահատման ստանդարտներով սահմանված գնահատման աշխատանքի ընթացքում ձեռք բերված հիմնական, նախնական տվյալները, բոլոր հաշվարկները, հետազոտության և վերլուծության արդյունքները, որոնց միջոցով կայացվել է արժեքի վերաբերյալ վերջնական եզրակացությունը: Երեք աշխատանքային օրվա ընթացքում պահանջված տեղեկատվությունը ներկայացնելու անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը պարտավոր է գրավոր դիմել լիազոր մարմին` հայտնելով կատարման անհնարինության մասին, նշելով անհնարինության պատճառները և հայցելով կատարման նոր ժամկետ.

12) սույն մասի 11-րդ կետում նշված լիազոր մարմնի պահանջով ներկայացման ենթակա հաշվետվություններում, պահանջված տեղեկատվությունում, ինչպես նաև այլ փաստաթղթերում չներառել կեղծ կամ խեղաթյուրված տվյալներ:

4. Գնահատման կազմակերպությունը պարտավոր է`

1) գնահատման գործունեություն իրականացնելուց առաջ սահմանված կարգով հաշվառվել լիազոր մարմնում.

2) գնահատման հաշվետվությունը հաստատել գնահատման կազմակերպության ղեկավարի էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապահովել պայմանագրով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարումը.

3) պահպանել պատվիրատուից և երրորդ անձանցից գնահատման ընթացքում ստացված փաստաթղթերը` հաշվետվությունների թղթային կամ էլեկտրոնային կրկնօրինակների հետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետի ընթացքում.

4) ապահովել պատվիրատուներից և երրորդ անձանցից գնահատման ընթացքում ստացված տեղեկատվության գաղտնիությունը.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հաշվետվությունների պատճենները կամ դրանցում առկա գույքի արժեքի վերաբերյալ էլեկտրոնային կամ փաստաթղթային տեղեկատվությունը, պատվիրատուներից բացի, տրամադրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան մարմիններին.

6) գնահատողի կամ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել գնահատողի հետ կնքված պայմանագրի վերաբերյալ տեղեկանք.

7) գնահատողի կամ ծառայությունների մատուցման պայմանագիրը լուծելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին.

8) հրաժարվել գնահատման իրականացումից, եթե գնահատման օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ սույն օրենքով և գնահատման ստանդարտներով սահմանված պարտադիր պահանջների պահպանմամբ գնահատման հաշվետվություն կազմելու համար.

9) ռեցիպիենտ երկրների օրենսդրությանը համապատասխան պատրաստված գնահատման հաշվետվությունների կամ դրանց բացակայության մասին տեղեկատվությունը տարեկան առնվազն մեկ անգամ (Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում գնահատման կազմակերպության մասին տվյալները ներառելու օրվանից սկսած), բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը էլեկտրոնային եղանակով ներկայացնել լիազոր մարմին` այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու նպատակով: Սույն կետում նշված տեղեկատվությունը յուրաքանչյուր տարի (դրա վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու օրվանից) լիազոր մարմին չուղարկելը հանգեցնում է ռեցիպիենտ երկրների տարածքներում գնահատման գործունեություն իրականացնելու իր իրավունքի կասեցման` մինչև այդ տեղեկատվությունն ուղարկելը:

5. Ծառայություններ մատուցողն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնելու գնահատման գործունեություն` իր հաշվառման (հիմնադրման) երկրի տարածքում ստացած թույլտվության (եթե այդպիսին առկա է), ինչպես նաև ծառայություններ մատուցողի կամ նրա անձնակազմի կողմից Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունում ստացած մասնագիտական որակավորման հիման վրա, որոնք ճանաչվում են առանց ճանաչման ընթացակարգեր անցնելու և գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում այն պայմանով, որ այդ ծառայություններ մատուցողի վերաբերյալ տեղեկատվությունը ներառված է իր հաշվառման (հիմնադրման) երկրի ծառայություններ մատուցողների ռեեստրում:

(16-րդ հոդ. փոփ. 02.10.24 ՀՕ-363-Ն, 20.01.26 ՀՕ-9-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 18.06.26 ՀՕ-286-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 17. Պատվիրատուի իրավունքներն ու պարտականությունները

 

1. Պատվիրատուն իրավունք ունի`

1) ինքնուրույն ընտրելու գնահատման կազմակերպությունը.

2) գնահատման կազմակերպության միջոցով գնահատողից պահանջելու ներկայացնել գնահատողի մասնագիտական որակավորման վկայականի բնօրինակը.

3) գնահատման հաշվետվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և գնահատման ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ պարզաբանում ստանալու լիազոր մարմնում կամ վիճարկելու դատարանում.

4) գնահատման կազմակերպությունից պահանջելու պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարում.

4.1) գնահատողի վկայականի կասեցման դեպքում պահանջելու կատարել պայմանագրով ստանձնած պարտականությունները կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով միակողմանի հրաժարվելու պայմանագրից.

5) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

2. Պատվիրատուն պարտավոր է`

1) գնահատման կազմակերպությանը կամ գնահատողին տրամադրել գնահատման օբյեկտի վերաբերյալ և գնահատման համար անհրաժեշտ իր տիրապետության ներքո գտնվող ամբողջական, հավաստի տեղեկատվություն և փաստաթղթեր, այդ թվում` գնահատվող օբյեկտի ֆիզիկական և տեխնիկական բնութագրեր, գնահատողի պահանջով ներկայացնել պարզաբանումներ, ինչպես նաև ապահովել գնահատվող գույքի տեղազննման հնարավորություն.

2) չխոչընդոտել գնահատման գործընթացը և չմիջամտել դրան.

3) պատշաճ կատարել իր պայմանագրային պարտավորությունները.

4) կրել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պարտականություններ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գնահատման հաշվետվության կապակցությամբ առաջացած յուրաքանչյուր անբարենպաստ հետևանքի համար պատասխանատվությունը կրում է բացառապես պատվիրատուն, բացառությամբ այն դեպքերի, երբ պատվիրատուն ապացուցում է, որ պարտականությունների պատշաճ կատարումն անհնարին է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով:

(17-րդ հոդ. փոփ. 18.06.26 ՀՕ-286-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

 

Հոդված 18. Գնահատման կազմակերպությանը ներկայացվող պարտադիր պահանջները

 

1. Գնահատման կազմակերպությունն աշխատանքային պայմանագիր պետք է ունենա որևէ այլ գործատուի մոտ` որպես գնահատող հիմնական հաստիքով չաշխատող, առնվազն մեկ գնահատողի հետ:

2. Գնահատման կազմակերպությունը պարտավոր է ապահովագրել իր գործունեությունը հնարավոր դրամական վնասներից, որոնք կարող են պատճառվել պատվիրատուներին կամ շահառուներին իրենց աշխատակից հանդիսացող գնահատողի կամ ծառայություններ մատուցողի կողմից գույքի թերագնահատման կամ գերագնահատման հետևանքով: Կազմակերպության գործունեության պարտադիր ապահովագրման տարեկան նվազագույն չափը յուրաքանչյուր գնահատողի կամ ծառայություններ մատուցողի համար կազմում է 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ:

(18-րդ հոդ. փոփ. 20.01.26 ՀՕ-9-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 19. Գնահատման կազմակերպությանը, գնահատողին և ծառայություններ մատուցողին ներկայացվող սահմանափակումները

 

1. Գնահատման կազմակերպությունը, գնահատողը և ծառայություններ մատուցողն իրավունք չունեն իրականացնելու գնահատում կամ գնահատման հաշվետվության վերաբերյալ կարծիք տրամադրելու, եթե գնահատման կազմակերպության բաժնետերը, գործադիր մարմնի անդամը կամ գնահատողը հանդիսանում են տվյալ գնահատման օբյեկտի սեփականատեր կամ օգտագործող կամ պատվիրատու հանդիսացող ընկերության մասնակից կամ բաժնետեր կամ տվյալ գնահատման օբյեկտի նկատմամբ ունեն կամ ձեռք են բերում գույքային, ոչ գույքային և այլ պարտավորություններ, իրավունքներ կամ պահանջներ, ինչպես նաև այն դեպքում, երբ մերձավոր ազգակցական կապի (երեխա, ամուսին, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ, ինչպես նաև ամուսնու երեխա, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ) կամ աշխատանքային հարաբերությունների մեջ են տվյալ գնահատման օբյեկտի սեփականատիրոջ (օգտագործողի) կամ պատվիրատուի կամ շահառուի հետ:

2. Գնահատման կազմակերպության կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակման խախտումը գնահատման կազմակերպությանը մեկ տարով հաշվառումից հանելու հիմք է, իսկ իրականացված գնահատման հաշվետվությունը, որպես գնահատման հաշվետվություն, օգտագործվել չի կարող:

3. Գնահատողի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակման խախտումը գնահատողի որակավորման վկայականն ուժը կորցրած ճանաչելու հիմք է, եթե վերոնշյալ խախտումն իրականացրել է գնահատողը, իսկ իրականացված գնահատման հաշվետվությունը չի կարող օգտագործվել որպես գնահատման հաշվետվություն:

(19-րդ հոդ. փոփ. 20.01.26 ՀՕ-9-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 3
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 20. Գնահատման մասնագիտական որակավորման ստուգման կարգը, կազմակերպումն ու իրականացումը

 

1. Որակավորումը կազմակերպում և իրականացնում է լիազոր մարմինը` որակավորման քննությունների միջոցով:

2. Որակավորման քննություններն ընդունում է լիազոր մարմնի ստեղծած որակավորման հանձնաժողովը: Որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի երկու ներկայացուցիչ և գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրի առաջարկությամբ առնվազն երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող մեկական գնահատող` ռոտացիոն կարգով, առավելագույնը մեկ տարի ժամկետով: Որակավորման հանձնաժողովում գնահատող անդամների քանակը չպետք է պակաս լինի երեքից: Որակավորման հանձնաժողովում որպես հանձնաժողովի անդամ ընդգրկելու նպատակով գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից գնահատողներ չառաջարկվելու կամ առաջարկված գնահատողների քանակը երեքից պակաս լինելու դեպքում լիազոր մարմինն իր նախաձեռնությամբ հանձնաժողովում ընդգրկում է առնվազն երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող այլ գնահատողների:

3. Որակավորման քննությունները դասակարգվում են հետևյալ տեսակների`

1) 3-րդ կարգի գնահատողի որակավորման քննություն, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող անձինք.

2) 2-րդ կարգի գնահատողի որակավորման քննություն, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և գնահատման ոլորտում երկու տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք, ինչպես նաև 3-րդ կարգի գնահատողի որակավորում ունեցող և լիազոր մարմնի հաստատած վեցամսյա մասնագիտական դասընթացին մասնակցած անձինք.

3) 1-ին կարգի գնահատողի որակավորման քննություն, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն և գնահատման ոլորտում հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք, ինչպես նաև 2-րդ կարգի գնահատողի որակավորում ունեցող և լիազոր մարմնի հաստատած վեցամսյա մասնագիտական դասընթացին մասնակցած անձինք:

4. Որակավորման քննությունների համար դիմելու և քննություններին մասնակցելու պայմանները, որակավորման քննությունների մասնակիցներին ներկայացվող պահանջները և որակավորման քննությունների կարգը սահմանում է Կառավարությունը, որով սահմանվում են յուրաքանչյուր տեսակի որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները և ձևերը, ինչպես նաև որակավորման քննություններին առաջադրվող հարցերի, խնդիրների և առաջադրանքների քանակը, քննությունների արդյունքների գնահատման կարգը, քննության անցկացման համար նախատեսված ժամանակը, տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, քննության արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաև քննությունը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ:

5. Քննության հարցաշարերը և խնդիրները նախապատրաստում է լիազոր մարմինը, որը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը: Քննության հարցաշարերը պետք է պարտադիր հրապարակվեն լիազոր մարմնի պաշտոնական կայքում ոչ ուշ, քան քննության անցկացման օրվանից 30 օր առաջ:

6. Գնահատողի որակավորման քննությունն իրականացվում է համակարգչի միջոցով: Մասնակիցն իրավունք ունի նախօրոք ծանոթանալու տեխնիկական միջոցներից օգտվելու կարգին և պայմաններին: Որակավորման քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին քննության մասնակիցները պատշաճ տեղեկացվում են քննությունից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ: Մասնակցի պահանջի դեպքում եռօրյա ժամկետում տրամադրվում է մասնակցի լրացրած հարցաթերթիկի թղթային տարբերակը` հաստատված լիազոր մարմնի կողմից:

7. Որակավորման քննությունն անցկացվում է դռնբաց: Քննության ընթացքը տեսաձայնագրվում է, ինչպես նաև կարող է առցանց հեռարձակվել քննության նկատմամբ շահագրգիռ անձանց նախաձեռնությամբ:

8. Քննության արդյունքների մասին քննության մասնակիցները պատշաճ տեղեկացվում են քննության ավարտից անմիջապես հետո:

9. Քննության դրական արդյունքներով լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտատուին համապատասխանաբար 3-րդ կարգի, 2-րդ կարգի կամ 1-ին կարգի գնահատողի որակավորման վկայական տրամադրելու վերաբերյալ:

(20-րդ հոդ. փոփ. 02.10.24 ՀՕ-363-Ն, 18.06.26 ՀՕ-286-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 20.1 Որակավորման վկայականների դասակարգումը

 

1. Որակավորման վկայականները, ըստ տեսակների, դասակարգվում են 3-րդ կարգի, 2-րդ կարգի և 1-ին կարգի գնահատողի որակավորման վկայականների:

2. 3-րդ կարգի գնահատողի որակավորման վկայական ունեցող գնահատողը (3-րդ կարգի գնահատողը) իրավասու է իրականացնելու միայն բնակարանների և մարդատար ավտոմեքենաների գնահատում, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված դեպքերի և նոր ստեղծվող (կառուցման ընթացքում գտնվող) անշարժ գույքի:

3. 2-րդ կարգի գնահատողի որակավորման վկայական ունեցող գնահատողը (2-րդ կարգի գնահատողը) իրավասու է իրականացնելու բոլոր տեսակի գնահատման օբյեկտների գնահատում, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված դեպքերի և նոր ստեղծվող (կառուցման ընթացքում գտնվող) անշարժ գույքի:

4. 1-ին կարգի գնահատողի որակավորման վկայական ունեցող գնահատողը (1-ին կարգի գնահատողը) իրավասու է իրականացնելու ցանկացած տեսակի գնահատման օբյեկտի գնահատում:

(20.1-ին հոդ. լրաց. 18.06.26 ՀՕ-286-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 21. Վկայականի ժամկետը, վերաձևակերպումը և կրկնօրինակի տրամադրումը

 

1. Գնահատողի որակավորման վկայականը տրվում է հինգ տարի ժամկետով:

2. Գնահատողի անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո` 15 օրվա ընթացքում, գնահատողը պարտավոր է վկայականի վերաձևակերպման համար դիմել լիազոր մարմին` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթեր:

3. Վկայականի վերաձևակերպումն իրականացվում է լիազոր մարմնում գնահատողի դիմումը և համապատասխան փաստաթղթերը մուտքագրվելուց հետո` 10-օրյա ժամկետում:

4. Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլնի) դեպքում գնահատողը պարտավոր է դրա մասին հայտնել լիազոր մարմնին` վկայականի կրկնօրինակն ստանալու համար:

5. Լիազոր մարմինը պարտավոր է վկայականի կրկնօրինակը տրամադրել գնահատողին դիմումը ներկայացնելու օրվանից հետո` 10-օրյա ժամկետում: Վկայականի կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է ,Կրկնօրինակե նշագրումը:

6. Վկայականի կրկնօրինակի կորստի կամ ոչ պիտանի դառնալու դեպքում վկայականի կրկնօրինակը տրվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

 

1. Գնահատողի որակավորման վկայական ստացած անձին որակավորման վկայական տրամադրելու օրվանից մեկ տարի ժամկետով գնահատման գործունեություն իրականացելու համար տրվում է 20 միավոր: Գնահատողին յուրաքանչյուր հաջորդ տարի տրվում է 20 միավոր, ընդ որում, նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի:

2. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար համապատասխանաբար կիրառվում են 1, 3 կամ 20 միավոր նվազեցումները: Նվազեցումները

 

Հոդված 22. Գնահատման գործունեություն իրականացնելու համար տրամադրվող միավորները և դրանց նվազեցման կարգը, վկայականի գործողության կասեցման և դադարեցման հիմքերը

 

1. Գնահատողի որակավորման վկայական ստացած անձին որակավորման վկայական տրամադրելու օրվանից մեկ տարի ժամկետով գնահատման գործունեություն իրականացելու համար տրվում է 20 միավոր: Գնահատողին յուրաքանչյուր հաջորդ տարի տրվում է 20 միավոր, ընդ որում, նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի:

2. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար համապատասխանաբար կիրառվում են 1, 3 կամ 20 միավոր նվազեցումները: Նվազեցումները կատարում է լիազոր մարմինը մասնագիտական հանձնաժողովի միջոցով` գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրությունների շրջանակում կազմված եզրակացությունների հիման վրա:

3. 1 միավոր նվազեցումը կիրառվում է, եթե գնահատողն իր կազմած գնահատման հաշվետվությունում թույլ է տվել տեխնիկական կամ ձևաբանական սխալ կամ վրիպակ, որը չի հանգեցնում կազմած գնահատման հաշվետվության անարժանահավատության և չի ազդում գնահատված արժեքի վրա: Ընդ որում, յուրաքանչյուր գնահատման հաշվետվության ուսումնասիրության ընթացքում սույն մասով սահմանված յուրաքանչյուր սխալի համար հանվում է մեկական միավոր, իսկ նույն գնահատման հաշվետվության մեջ ամբողջությամբ նույն տեխնիկական կամ ձևաբանական սխալը կամ վրիպակը մեկից ավելի անգամ կրկնվելու դեպքում, անկախ դրանց ընդհանուր քանակից, հանվում է 1 միավոր:

4. 3 միավոր նվազեցումը կիրառվում է, եթե գնահատողն իր կազմած գնահատման հաշվետվությունում թույլ է տվել մեթոդաբանական կամ վերլուծական այնպիսի խախտում, որը չի ազդել գնահատված արժեքի վրա: Սույն մասով նախատեսված հիմքով յուրաքանչյուր խախտման համար հանվում է երեքական միավոր, ընդ որում, յուրաքանչյուր գնահատման հաշվետվության ուսումնասիրության ընթացքում յուրաքանչյուր սխալի համար հանվում է երեքական միավոր: 3 միավորի նվազեցումը կիրառվում է նաև այն դեպքում, երբ գնահատողը չի կատարել սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով սահմանված պարտականությունը:

5. 20 միավոր նվազեցումը կատարվում է, եթե գնահատողը իր կազմած գնահատման հաշվետվությունում թույլ է տվել գնահատման արժեքի վրա ազդող սխալ կամ գնահատումն իրականացրել է շահերի բախման իրավիճակում:

6. Վկայականի գործողության կասեցման հիմքերն են`

1) մեկ օրացուցային տարվա ընթացքում 7 միավոր նվազեցումը.

2) վկայականի գործողությունը կասեցնելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը.

3) պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ լինելու ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաև հանրային պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում` իր լիազորությունների ժամկետով.

4) գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարը երկու ամիս անընդմեջ չվճարելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը համարվում է կասեցված գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից լիազոր մարմին ներկայացված կասեցման դիմումի և անդամավճարը վճարված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա մինչև վճարումներն ամբողջությամբ կատարելը.

5) գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը մեկ ամիս անընդմեջ չանդամակցելը մինչև անդամակցելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը կասեցվում է գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից լիազոր մարմին ներկայացված կասեցման դիմումի և անդամակցությունը դադարեցված լինելը հավաստող տեղեկանքի հիման վրա.

6) սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի «գ» և «դ» ենթակետերով սահմանված կարգով նախատեսված տեղեկատվությունը լիազոր մարմին ոչ ամբողջական ներկայացնելը կամ չներկայացնելը:

7. Վկայականի գործողությունը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կասեցնում է լիազոր մարմինը` մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով վկայականի գործողությունը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կասեցվում է նվազագույնը մեկ ամիս ժամկետով, իսկ առավելագույնը` երկու տարի ժամկետով` սույն հոդվածի 20-րդ մասով սահմանված կարգով:

8. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքով վկայականի գործողությունը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կասեցվում է անորոշ ժամկետով մինչև հիմքերի պատշաճ վերացումը:

9. Վկայականի գործողությունը կասեցնելու մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանը (այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) այն կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկվում է համապատասխան որակավորված անձին` Կառավարության սահմանած կարգով` Հաշվառման ծրագրի միջոցով: Որակավորված անձը համարվում է հրամանի մասին պատշաճ ծանուցված այն Հաշվառման ծրագրում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Հրամանն ուժի մեջ է մտնում Հաշվառման ծրագրում տեղադրելու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրվանից: Որակավորված անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ Հաշվառման ծրագրից տեղեկություններ ստանալու համար և լիազոր մարմնին անհապաղ գրավոր տեղեկացնել Հաշվառման ծրագրից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման տեղեկություն ստանալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը համապատասխան հրամանը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է որակավորված անձին: Վկայականի գործողության կասեցման մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը լիազոր մարմնի պաշտոնական կայքում կատարվում է վկայականի գործողության կասեցման մասին նշում:

10. Վկայականի գործողության կասեցման ընթացքում գնահատողն իրավունք չունի իրականացնելու գնահատման գործունեություն, բացառությամբ նախքան վկայականի կասեցումը կնքված և գործող պայմանագրերի հիման վրա սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված դեպքերում պատվիրատուի կողմից պայմանագրով ստանձնած պարտականությունները կատարելու պահանջի հիմքով կատարված գնահատման գործունեության:

11. Վկայականի գործողության դադարեցման հիմքերն են`

1) մեկ օրացուցային տարվա ընթացքում կամ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված խախտման հիմքով 20 միավոր նվազեցումը.

2) վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հետագայում հայտնաբերված կեղծ կամ խեղաթյուրված տվյալների առկայությունը.

3) որակավորված անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ գնահատման գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը.

4) գնահատողի մահվան կամ նրան մահացած ճանաչելու մասին դատական ակտն ուժի մեջ մտնելը.

5) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որակավորված անձի դիմումը.

6) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումը խախտելը.

7) վկայականի գործողության կասեցման ժամկետում սույն օրենքի իմաստով գնահատման գործունեություն իրականացնելը.

8) որակավորման վկայականի` սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալը:

12. Սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքերի առկայության, ինչպես նաև Կառավարության սահմանած դեպքերում և կարգով լիազոր մարմինը ստեղծում է լիազոր մարմնի և գնահատման ինքնակարգավորվող կազմակերպությունների մասնակցությամբ հանձնաժողով, որի կազմը պետք է տարբերվի գործող մասնագիտական հանձնաժողովի կազմից, և որի գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում հանձնաժողովը, ուսումնասիրելով գնահատման հաշվետվությունը և մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը, քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ որոշում է` արդյոք առկա են 20 միավոր նվազեցնելու հիմքեր: Քվեարկության ժամանակ ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի կազմում ներառված լիազոր մարմնի ներկայացուցիչներն ունեն որոշիչ ձայնի իրավունք: Հանձնաժողովի նիստերն ուղիղ եթերով առցանց հեռարձակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում կամ սոցիալական ցանցի էջում: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի հայտնելու հատուկ կարծիք: Հանձնաժողովի եզրակացության հիման վրա կազմվում է ամփոփաթերթ, որը կցվում է վարչական վարույթի նյութերին: Որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է վկայականն ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

13. Վկայականի գործողությունը լիազոր մարմնի ղեկավարի` վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանով դադարեցնում է լիազոր մարմինը` մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

14. Վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանը (այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) այն կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկվում է համապատասխան որակավորված անձին` Հաշվառման ծրագրի միջոցով: Որակավորված անձը համարվում է հրամանի մասին պատշաճ ծանուցված այն Հաշվառման ծրագրում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Հրամանն ուժի մեջ է մտնում Հաշվառման ծրագրում տեղադրելու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրվանից: Որակավորված անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ Հաշվառման ծրագրից տեղեկություններ ստանալու համար և լիազոր մարմնին անհապաղ գրավոր տեղեկացնել Հաշվառման ծրագրից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման տեղեկություն ստանալու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը համապատասխան հրամանը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է որակավորված անձին: Վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը լիազոր մարմնի պաշտոնական կայքում կատարվում է վկայականի գործողության դադարեցման մասին նշում:

15. Ցանկացած կարգի գնահատողի որակավորման վկայականի գործողության դադարեցումից հետո անձը Կառավարության սահմանած կարգով կարող է դիմել 3-րդ կարգի գնահատողի որակավորման քննությանը մասնակցելու համար վերջինիս վկայականի գործողության դադարեցումից երեք ամիս հետո, իսկ 1-ին և 2-րդ կարգի գնահատողի որակավորման վկայականի գործողության դադարեցումից հետո համապատասխանաբար նույն կարգի գնահատողի որակավորման քննություններին մասնակցելու համար` վկայականի գործողության դադարեցումից մեկ տարի հետո:

16. Վկայականն ուժը կորցրած ճանաչելու կամ գործողությունը կասեցնելու մասին լիազոր մարմնի հրամանները ենթակա են անհապաղ կատարման, և դրանց դատական կարգով բողոքարկումը չի կասեցնում վիճարկվող հրամանի կատարումը:

17. Վկայականը կասեցնելու և դադարեցնելու մասին լիազոր մարմնի հրամանի պատճենը Հաշվառման ծրագրի միջոցով ուղարկվում է նաև գնահատման կազմակերպություն:

18. Սույն հոդվածով սահմանված հիմքերով 6 միավոր և ավելի նվազեցվելու դեպքում գնահատողը պարտավոր է անցնել մասնագիտական վերապատրաստում: Յուրաքանչյուր նվազեցված միավորի դիմաց գնահատողը պարտավոր է անցնել մեկական ժամ մասնագիտական վերապատրաստում:

19. Մասնագիտական վերապատրաստումն իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների, հաշվառված գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների, անհատական դասընթացների, ինչպես նաև միջազգային դասընթացներին մասնակցությամբ, որոնց արդյունքները, դասընթացների ժամաքանակը և ժամկետները պետք է ամրագրված լինեն դասընթացը կազմակերպողի հավաստագրով: Մասնագիտական վերապատրաստման նվազագույն պահանջները սահմանում է լիազոր մարմինը:

20. Համապատասխան ժամաքանակով մասնագիտական վերապատրաստումը հավաստող հավաստագրի ներկայացման դեպքում լիազոր մարմնի որոշմամբ գնահատողի որակավորման վկայականի կասեցումը վերացվում է: Ընդ որում, մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը հավաստող հավաստագրի տրամադրման ժամկետը կարող է նաև նախորդել վկայականը կասեցնելու կամ միավորները նվազեցնելու ամսաթվին, բայց ոչ ավելի, քան այդ ամսաթվին նախորդող մեկ տարի ժամկետը: Գնահատողի կողմից մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը հավաստող հավաստագիրը լիազոր մարմին կարող է ներկայացվել վկայականի կասեցման հրամանն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս հետո` մինչև երկու տարին լրանալը: Վկայականը կասեցնելու մասին լիազոր մարմնի հրամանն ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում, սույն հոդվածով սահմանված կարգով մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը հավաստող հավաստագիրը լիազոր մարմին չներկայացվելու դեպքում վկայականի գործողությունը դադարեցվում օրենքի ուժով:

(22-րդ հոդ. փոփ. 02.10.24 ՀՕ-363-Ն , խմբ. 18.06.26 ՀՕ-286-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 23. Գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, որակավորում իրականացնող լիազոր մարմինը

 

1. Գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, ֆիզիկական անձանց գնահատման մասնագիտական որակավորում իրականացնող լիազոր մարմինը Կադաստրի կոմիտեն է:

2. Լիազոր մարմինը`

1) ստեղծում է մասնագիտական հանձնաժողով և հաստատում դրա անհատական կազմը: Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի երկու ներկայացուցիչ և գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրի առաջարկությամբ առնվազն երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող հինգ գնահատող` ռոտացիոն կարգով, առավելագույնը մեկ տարի ժամկետով: Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրը մասնագիտական հանձնաժողովում ընդգրկելու նպատակով պարտավոր է առաջարկել մեկական գնահատողի թեկնածություն, որոնք սույն մասի պահանջները բավարարելու դեպքում ընդգրկվում են մասնագիտական հանձնաժողովում: Մասնագիտական հանձնաժողովում որպես հանձնաժողովի անդամ ընդգրկելու նպատակով գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից գնահատողներ չառաջարկվելու կամ առաջարկված գնահատողների քանակը հինգից պակաս լինելու կամ գնահատողներին սույն մասով ներկայացված պահանջները չբավարարելու դեպքում լիազոր մարմինն իր նախաձեռնությամբ հանձնաժողովում ընդգրկում է առնվազն երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող այլ գնահատողների: Մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը և գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը.

2) ղեկավարի ընդունած իրավական ակտով վաղաժամկետ դադարեցնում է մասնագիտական հանձնաժողովի գնահատող անդամի անդամակցությունը: Մասնագիտական հանձնաժողովի գնահատող անդամի անդամակցությունը վաղաժամկետ դադարում է գնահատողի որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելով կամ կասեցնելով, գնահատողին հաշվառումից հանելով, մասնագիտական հանձնաժողովի նիստերից երկու և ավելի անգամ անհարգելի բացակայելու դեպքերում.

3) հաստատում է որակավորման քննությունների հարցաշարերը, առաջադրվող հարցերը և խնդիրները.

4) հաստատում է որակավորման վկայականի ձևը.

5) կազմակերպում և անցկացնում է գնահատողների մասնագիտական որակավորման քննությունները.

6) սույն օրենքի 20-րդ հոդվածի 9-րդ մասով, 21-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 6-րդ մասերով, 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերը հայտնի դառնալու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում ընդունում է որոշում որակավորման վկայականի կամ կրկնօրինակի տրամադրման, վերաձևակերպման և գործողության դադարեցման վերաբերյալ: Եթե նշված ժամկետում որոշում չի կայացնում, ապա որոշումը համարվում է կայացված.

7) մասնագիտական հանձնաժողովի միջոցով իրականացնում է հսկողություն գնահատման կազմակերպությունների, գնահատողների և ծառայություններ մատուցողների կողմից սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ, այդ թվում`

ա. գնահատման սուբյեկտների կամ շահառուների դիմումների հիման վրա կամ լիազոր մարմնի նախաձեռնությամբ կատարում է գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրություններ մասնագիտական հանձնաժողովի միջոցով, այդ թվում` գնահատված օբյեկտի արժեքի արժանահավատության, ինչպես նաև գնահատման հաշվետվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և գնահատման ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ, որոնք եզրափակվում են մասնագիտական հանձնաժողովի կողմից տրված` սույն օրենքով սահմանված եզրակացությունների հիման վրա` լիազոր մարմնի` վարչական վարույթը` համապատասխան դեպքով և հիմքերով, եզրափակելու մասին վարչական ակտ կայացնելով: Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության դեպքերը և կարգը սահմանում է Կառավարությունը: Մասնագիտական հանձնաժողովի մասնագիտական ուսումնասիրությունների առարկա չեն կարող լինել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով նախատեսված օտարվող սեփականության և դրա նկատմամբ գույքային իրավունքների գնահատման հաշվետվությունները: Մասնագիտական հանձնաժողովի կողմից ուսումնասիրության ենթակա չեն այն գնահատման հաշվետվությունները, որոնց կապակցությամբ լիազոր մարմնում առկա է տեղեկատվություն առ այն, որ դրանք դատարաններում քննության առարկա են կամ դատական քննության ընթացքում ներկայացվել են որպես ապացույց: Լիազոր մարմնի նախաձեռնությամբ մասնագիտական ուսումնասիրություններ իրականացնելու դեպքերը սահմանվում են գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգով,

բ. գնահատման հաշվետվություններում անհամապատասխանություն արձանագրելու դեպքում գնահատման գործունեության սուբյեկտներին և շահառուներին երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով ուղարկում կամ հանձնում է տվյալ գնահատման հաշվետվության վերաբերյալ մասնագիտական եզրակացության պատճենը.

գ. գնահատողներից կամ գնահատման կազմակերպություններից պահանջում է ներկայացնել գնահատման հաշվետվությունները, ինչպես նաև վերահսկողություն իրականացնելու համար լիազոր մարմնի պահանջած` գնահատման ստանդարտներով սահմանված` գնահատման աշխատանքի ընթացքում ձեռք բերված հիմնական, նախնական տվյալները, բոլոր հաշվարկները, հետազոտության և վերլուծության արդյունքները, որոնց միջոցով կայացվել է արժեքի վերաբերյալ վերջնական եզրակացությունը: Պահանջված տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու անհնարինության և նոր ժամկետ հայցելու վերաբերյալ գրավոր դիմումի հիման վրա լիազոր մարմինը կատարման անհնարինությունը հաստատվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է փաստաթղթերի ներկայացման նոր ժամկետ տրամադրելու մասին,

դ. գնահատման հաշվետվությունները, ինչպես նաև սույն կետի «գ» ենթակետում նշված տեղեկատվությունները ոչ ամբողջական ներկայացնելու դեպքում գնահատողներին կամ գնահատման կազմակերպություններին տրամադրվում է երեք աշխատանքային օր` ճշգրտված տեղեկատվությունը կրկին ներկայացնելու համար.

8) գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության ղեկավարին, ծառայություններ մատուցողներին, գնահատման կազմակերպության ղեկավարին, գնահատողին և ծառայություններ մատուցողին տրամադրում է Հաշվառման ծրագիր մուտք գործելու մուտքանուն և գաղտնաբառ.

9) գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների առաջարկությամբ հաստատում է վերապատրաստման դասընթացների ծրագիրը.

10) լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակում է գնահատողի որակավորում ունեցող անձանց, որակավորման վկայականի գործողությունը դադարեցված անձանց (ներառյալ վկայականի գործողության դադարեցման իրավական հիմքը և գնահատման կազմակերպության անվանումը), լիազոր մարմնի հաշվառած գնահատողների, գնահատման կազմակերպությունների և գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների անվանացանկերը, իսկ կոնտակտային տվյալները` նրանց համաձայնությամբ: Հրապարակված անվանացանկերը փոփոխվում են այդ փոփոխության իրավական հիմքի առաջացումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում.

11) իրականացնում է գնահատմանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված այլ գործառույթներ:

3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում լիազոր մարմինը`

1) ստեղծում և վարում է Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրը.

2) ծառայություններ մատուցողների կողմից Հայաստանի Հանրապետությունում գնահատման ոլորտը կարգավորող օրենսդրության խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է ծառայություններ մատուցողների հաշվառման (հիմնադրման) երկրի իրավասու մարմնին.

3) գնահատողներից, գնահատման կազմակերպություններից ստացված` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում գնահատման գործունեություն իրականացնելու մտադրության մասին տեղեկության հիման վրա վերջիններիս վերաբերյալ տեղեկությունները ներառում է Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում այդ տեղեկատվությունն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

4) ռեցիպիենտ երկրի տարածքում գնահատողների և գնահատման կազմակերպությունների գնահատման գործունեության վերաբերյալ շահագրգիռ անձից բողոք ստացվելու դեպքում այդ բողոքը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ռեցիպիենտ երկրի իրավասու մարմին.

5) գնահատողների և գնահատման կազմակերպությունների կողմից ռեցիպիենտ երկրի` գույքի գնահատման բնագավառում օրենսդրության խախտման դեպքում ռեցիպիենտ երկրի իրավասու մարմնից ստացված տեղեկությունների հիման վրա ապահովում է խախտումների և ներգործության միջոցների վերաբերյալ տեղեկատվության ներառումը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում, իսկ այնպիսի խախտումների դեպքում, որոնց հիմքով նախատեսվում են գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքի կասեցում և (կամ) այդ իրավունքից զրկում, Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառում է նաև գնահատողների, գնահատման կազմակերպությունների` ռեցիպիենտ երկրի տարածքում գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ տեղեկատվությունը.

6) գնահատողների և գնահատման կազմակերպությունների` ռեցիպիենտ երկրի տարածքում գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքի սահմանափակման հիմքերի վերացման դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա վերաբերյալ տեղեկատվությունը ներառում է Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում:

(23-րդ հոդ. փոփ. 02.10.24 ՀՕ-363-Ն, 20.01.26 ՀՕ-9-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 11.02.26 ՀՕ-32-Ն, 18.06.26 ՀՕ-286-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 4
ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հոդված 24. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը

 

1. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը ոչ առևտրային, անկախ, մասնագիտացված, ինքնակարգավորվող և ինքնաֆինանսավորվող կազմակերպություն է:

2. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 24.10.2024 թվականից` 02.10.24 ՀՕ-363-Ն օրենք)

4. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության կարգավիճակը ծագում է սույն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում հաշվառվելու պահից: Լիազոր մարմնում կարող է հաշվառվել առավելագույնը հինգ ինքնակարգավորվող կազմակերպություն:

5. Կազմակերպությունը հաշվառվում է որպես գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություն միայն այն դեպքում, երբ այդ կազմակերպությանն անդամակցում է լիազոր մարմնում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի առնվազն 10 տոկոսը:

6. Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև իր կանոնադրության բազմակի կամ կոպիտ խախտումների համար գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է լուծարվել դատարանի որոշմամբ` լիազոր մարմնի կամ շահագրգիռ անձանց դիմումով:

(26-րդ հոդ. փոփ. 02.10.24 ՀՕ-363-Ն օրենք)

 

Հոդված 24.1. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության հաշվառման կարգը

 

1. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը լիազոր մարմնում հաշվառվելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով ներկայացնում է դիմում` կից ներկայացնելով սահմանված փաստաթղթերի պատճենները, իր անդամների ցանկը, գործունեության հնգամյա ծրագիրը, ծրագրի նպատակները, կատարվելիք միջոցառումները, ակնկալվող արդյունքները և այդ ծրագրի իրականացման ժամանակացույցը: Սույն մասով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների, բացառությամբ գործունեության հնգամյա ծրագրի և դրա իրականացման ժամանակացույցի, փոփոխության դեպքում գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունն այդ մասին անհապաղ, սակայն ոչ ուշ, քան տվյալների փոփոխությունից հետո` եռօրյա ժամկետում, լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով հայտնում է լիազոր մարմնին:

2. Լիազոր մարմինն ուսումնասիրում է ներկայացված հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը, որոնց հավանություն տալու պարագայում 20-օրյա ժամկետում հաստատում է դրանք և կայացնում որոշում գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառելու վերաբերյալ: Այն դեպքում, երբ միաժամանակ հավանության են արժանանում հինգից ավելի գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների ներկայացրած հնգամյա ծրագրերը և դրանց իրականացման ժամանակացույցերը, ապա լիազոր մարմնում հաշվառվում են առավել վաղ դիմում ներկայացրած կազմակերպությունները: Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության հնգամյա ծրագիրը պետք է հիմնված լինի Կառավարության հաստատած գործունեության միջոցառումների ծրագրի, լիազոր և այլ պետական մարմինների սահմանած` գնահատման գործունեության ոլորտին առնչվող ռազմավարությունների, ինչպես նաև ոլորտում առկա ժամանակակից ուղղությունների վրա: Հնգամյա ծրագիրը և (կամ) դրա իրականացման ժամանակացույցը գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության դիմումի հիման վրա կարող են փոփոխվել` նախապես 1 տարի առաջ լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելով փոփոխությունների ծրագիրը և դրանց հիմնավորումը: Լիազոր մարմինը ներկայացված հնգամյա ծրագրի և (կամ) դրա իրականացման ժամանակացույցի փոփոխությանը հավանություն տալու պարագայում 20-օրյա ժամկետում հաստատում է այն: Հաստատված հնգամյա ծրագրի ավարտից վեց ամիս առաջ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը սույն հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմին է ներկայացնում հերթական հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը: Հերթական հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը չհաստատվելու դեպքում լիազոր մարմինը վերադարձնում է ներկայացված փաստաթղթերը` սահմանելով առկա թերությունները վերացնելու և փաստաթղթերը կրկին ներկայացնելու մինչև 15-օրյա ժամկետ: Լիազոր մարմնի մատնանշած թերությունները չվերացնելուց հետո հերթական հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը կրկին ներկայացնելը հաշվառման մերժման, ինչպես նաև հաշվառված ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառումից հանելու հիմք է: Լիազոր մարմնում գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանվում է լիազոր մարմնի ղեկավարի իրավական ակտով:

3. Հաշվառում ստանալու համար ներկայացված դիմումը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

(24.1-ին հոդ. լրաց. 02.10.24 ՀՕ-363-Ն օրենք)

 

Հոդված 25. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության սկզբունքները

 

1. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով.

1) ինքնակարգավորվող կազմակերպությունների անկախություն պետական մարմիններից, պատվիրատուներից և շահառուներից.

2) ինքնակարգավորման գործընթացների թափանցիկություն.

3) ինքնակարգավորման գործընթացների անկախ և կայուն ֆինանսավորման ապահովվածություն.

4) պատվիրատուների և շահառուների նկատմամբ ինքնակարգավորվող կազմակերպության անդամների պատասխանատվության ապահովում.

5) կազմակերպության անդամների կողմից գնահատման գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների, ինչպես նաև վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով գնահատողների ինքնակարգավորման կազմակերպության կազմակերպական համակարգում մասնագիտական օղակների առկայության ապահովում:

 

Հոդված 26. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության գործառույթները

 

1. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության գործառույթներն են`

1) գնահատողների և գնահատման կազմակերպությունների շահերի պաշտպանում.

2) գնահատման ոլորտի կայացմանը և ընդլայնմանն աջակցում.

3) գնահատման ոլորտում մեթոդական աջակցության և խորհրդատվության տրամադրում.

4) վերապատրաստման դասընթացների կազմակերպում և անցկացում.

5) գնահատման ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցում և փորձի փոխանակում.

6) գնահատողի մասնագիտության ճանաչելիության, վարկանիշի և վստահելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի իրականացում.

7) գնահատման ոլորտին վերաբերող մասնագիտական գրականության հավաքում, մշակում, կազմում և հրատարակում.

8) գնահատման ոլորտում այլ գործառույթներ:

 

Հոդված 27. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության իրավունքները և պարտավորությունները

 

1. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վիճարկելու պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց որոշումները, գործողությունները կամ անգործությունը, որոնց հետևանքով խախտվում են գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության և իր անդամ գնահատողների օրինական շահերը կամ իրավունքները.

2) սույն օրենքով կամ իր կանոնադրությամբ սահմանված նպատակների և գործառույթների իրականացման նպատակով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանված գաղտնիք պարունակող տեղեկությունների.

3) անդամակցելու գնահատողների միջազգային կազմակերպությունների.

4) իր բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով սահմանելու ու հավաքագրելու անդամավճարներ և օրենքով չարգելված աղբյուրներից ներգրավելու ֆինանսական միջոցներ.

5) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

2. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է`

1) սույն օրենքով սահմանված կարգով հաշվառվել լիազոր մարմնում.

2) պահպանել սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ սահմանված պահանջները.

3) ներկայացնել ու պաշտպանել իր անդամների օրինական շահերը և իրավունքները պետական կառավարման մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, գնահատողների միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև այլ կազմակերպություններում.

4) կազմել և մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնել իր կողմից հաջորդ տարի իրականացման ենթակա վերապատրաստման դասընթացների ծրագիրը.

5) յուրաքանչյուր եռամսյակ կազմակերպել և անցկացնել վերապատրաստման դասընթացներ լիազոր մարմնի հաստատած ծրագրին համապատասխան.

6) մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը լիազոր մարմին ներկայացնել իր անդամ գնահատողների թեկնածությունները հաջորդ տարվա որակավորման և մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկվելու նպատակով: Ընդ որում, միևնույն գնահատողը չի կարող միաժամանակ առաջարկվել և՛ որակավորման, և՛ մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկվելու նպատակով.

7) ընթացք տալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց դիմումներին` ուղղված գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների գործողություններին կամ անգործությանը.

8) վարել և հրապարակել գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների գրանցամատյանը: Գրանցամատյանները տեղադրվում են կազմակերպության և լիազոր մարմնի պաշտոնական կայքերում: Գրանցամատյաններում փոփոխությունները կատարվում են այդ փոփոխությունների կատարման համար իրավական հիմքի առաջացումից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում.

9) իրականացնել իր անդամների կողմից սույն օրենքի, ստանդարտների և այլ նորմատիվ իրավական ակտերի, իր կանոնադրությամբ սահմանված պահանջների, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն.

10) սույն օրենքով սահմանված դեպքերում մերժել անդամակցելու հայտ ներկայացնողին կամ դադարեցնել գնահատողի անդամակցությունը.

11) յուրաքանչյուր եռամսյակ ոչ ուշ, քան հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը իր պաշտոնական կայքում հրապարակել տեղեկություններ գնահատողների ինքնակարգավորվող մարմնի իրականացրած գործողությունների վերաբերյալ.

12) մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 1-ը իր պաշտոնական կայքում հրապարակել կազմակերպության տարեկան ֆինանսական հաշվետվությունները.

13) կրել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պարտականություններ:

14) կատարել հաշվառման համար ներկայացրած իր ծրագրի առնվազն 80 տոկոսը.

15) լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով ներկայացնել ամենամյա հաշվետվություններ:

(27-րդ հոդ. փոփ. 02.10.24 ՀՕ-363-Ն օրենք)

 

Հոդված 28. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանն անդամակցելու հայտի մերժման և անդամակցությունը դադարեցնելու դեպքերը

 

1. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանն անդամակցելու ֆիզիկական անձի հայտը մերժվում է, եթե հայտ ներկայացնողը`

1) չունի գնահատողի գործող որակավորման վկայական.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող այլ կազմակերպության անդամ է:

2. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը գնահատողի անդամակցությունը դադարեցվում է հետևյալ դեպքերում.

1) գնահատողի դիմումի համաձայն.

2) սույն օրենքով սահմանված կարգով գնահատողի որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում.

3) վարքագծի կանոնների խախտման հիմքով գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների քանակի առնվազն երկու երրորդի համաձայնության դեպքում:

3. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանն անդամակցելու հայտը մերժելու կամ անդամակցությունը դադարեցնելու որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

4. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը գնահատողի անդամակցությունը դադարեցնելու հաջորդ օրն այդ մասին պարտավոր է տեղյակ պահել`

1) գնահատողին, որի անդամակցությունը դադարեցվել է.

2) գնահատման կազմակերպություններին, որոնց հետ գնահատողը կնքել է աշխատանքային պայմանագիր.

3) լիազոր մարմնին:

 

Հոդված 29. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը հաշվառումից հանելու դեպքերը

 

1. Լիազոր մարմնի որոշմամբ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը հանվում է հաշվառումից հետևյալ դեպքերում.

1) 12 օրացուցային ամիսների ընթացքում ավելի քան 60 օր կազմակերպությանն անդամակցող գնահատողների քանակը պակաս է լիազոր մարմնում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի 10 տոկոսից.

2) 12 օրացուցային ամիսների ընթացքում սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտավորությունները երեք և ավելի անգամ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում:

3) չի կատարում հաշվառման ներկայացրած իր ծրագրի առնվազն 80 տոկոսը կամ կատարում է ժամանակացույցով սահմանված ժամկետների երկու և ավելի անգամ խախտումներով.

4) լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով չի ներկայացնում ամենամյա հաշվետվությունները կամ երկու և ավելի անգամ մեկ ամսից ավելի ժամկետով ուշացնում է հաշվետվության ներկայացումը.

5) հերթական հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը չհաստատվելու դեպքում.

6) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որակավորման հանձնաժողովում կամ 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված մասնագիտական հանձնաժողովում ընդգրկելու նպատակով գնահատողի թեկնածություն չառաջարկելու դեպքում:

(29-րդ հոդ. փոփ. 02.10.24 ՀՕ-363-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 5
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 30. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

 

1. Սույն օրենքի պահանջները խախտելու համար գնահատման կազմակերպությունները, գնահատողները, գնահատման գործունեության պատվիրատուները, որակավորման ու մասնագիտական հանձնաժողովների անդամները, գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունները, ինչպես նաև լիազոր մարմնի պատասխանատու անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:

2. Գնահատողների գործող որակավորման վկայականները դադարում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, լիազոր մարմինն անցկացնում է առնվազն երեք որակավորման քննություն:

Սույն մասով սահմանված որակավորման քննություններին մասնակցելու համար դիմած և գործող անշարժ գույքի գնահատման որակավորման վկայականներ ունեցող անձանց վրա չի տարածվում սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վերապատրաստման դասընթացին մասնակցելու և համապատասխան հավաստագիր ունենալու պահանջը:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից գործում են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գնահատման ստանդարտը, գնահատման գործունեության վերաբերյալ իրավական ակտերը մինչև սույն օրենքով նախատեսված գնահատման ստանդարտները և իրավական ակտերն ուժի մեջ մտնելը:

5. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում գնահատման ստանդարտները, գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները, 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հաշվառելու մասին դիմումների և կից փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը, գնահատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկանքի ձևը, 20-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված որակավորման քննությունների անցկացման կարգը, 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը և գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը պետք է ընդունվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու ամսվա ընթացքում:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու ամսվա ընթացքում, կազմակերպությունը լիազոր մարմին դիմելու դեպքում համարվում է հաշվառված` որպես գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություն, անկախ սույն օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը բավարարելու հանգամանքից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո սույն օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը չբավարարելու դեպքում հաշվառված ինքնակարգավորվող կազմակերպությունները համարվում են հաշվառումից հանված:

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից անշարժ գույքի գնահատողի գործող որակավորման վկայականներ ունեցող անձինք համարվում են լիազոր մարմնում հաշվառված գնահատողներ:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում գործող գնահատողների ինքնակարգավորվող որևէ կազմակերպությանը չանդամակցելու դեպքում լիազոր մարմնի որոշմամբ գնահատողը հանվում է հաշվառումից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. դեկտեմբերի 24
Երևան
ՀՕ-419-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 դեկտեմբերի 2021 թվական:

 

pin
ՀՀ 04.10.2005
N ՀՕ-189-Ն օրենք