Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)

01.01.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.02.2009  -ից մինչեւ   01.01.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 22.12.10 ՀՕ-243-Ն օրենք)

i

010.0519.310303

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 19-ին

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

Սույն օրենքը կարգավորում է կենսաթոշակային համակարգի կազմակերպմանը, կառավարմանը և ֆինանսավորմանն առնչվող հարաբերությունները, սահմանում է`

1) պետական կենսաթոշակային ապահովագրության կազմակերպման և իրականացման սկզբունքները.

2) կենսաթոշակային ապահովության իրավական երաշխիքները.

3) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմանները.

4) պետական կենսաթոշակի տեսակները, կենսաթոշակի նշանակման և վճարման կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Պետական կենսաթոշակային ապահովության և պետական կենսաթոշակային ապահովագրության կազմակերպման և իրականացման սկզբունքներն են`

1) կենսաթոշակի իրավունքի ապահովումը` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

2) պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության պարտադիրությունը.

3) կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության, հաշվեկշռվածության և զարգացման ապահովումը.

4) անհատական (անձնավորված) ապահովագրական հաշիվներում արտացոլվող` կենսաթոշակային ապահովագրության համար կատարված վճարումների մասին տեղեկատվության հիման վրա կենսաթոշակների նշանակման և վճարման ապահովումը.

5) սոցիալական համերաշխության և սոցիալական արդարության ապահովումը.

6) պետության երաշխավորած նվազագույն կենսաթոշակի ապահովումը:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Կենսաթոշակային ապահովության հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական այլ ակտերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

i

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգն ընդգրկում է`

1) պետական (պարտադիր) կենսաթոշակային ապահովագրությունը, որը պետական բյուջեի միջոցների հաշվին երաշխավորում է քաղաքացիների կենսաթոշակային սոցիալական ապահովության իրականացումը` տրամադրելով սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կենսաթոշակներ.

2) պետական կենսաթոշակային ապահովությունը, որը պետական բյուջեի միջոցների հաշվին երաշխավորում է պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգում չընդգրկված քաղաքացիների կենսաթոշակային սոցիալական ապահովության իրականացումը ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և օրենքով սահմանված այլ դեպքերում.

3) կամավոր կենսաթոշակային ապահովագրությունը, որը գործատուների ու քաղաքացիների կամավոր վճարների և դրանց ներդրումից ստացված եկամուտների հաշվին օրենքով սահմանված կարգով երաշխավորում է ապահովագրված անձանց լրացուցիչ սոցիալական ապահովության իրականացումը:

(4-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-247-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 5. ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Կենսաթոշակային ապահովության և կենսաթոշակային ապահովագրության բնագավառում իրականացվող պետական քաղաքականության նպատակը համապատասխան երաշխիքներ ստեղծելու միջոցով համակարգի բնականոն և արդյունավետ գործունեության, զարգացման սոցիալական ծրագրերի իրականացման ապահովումն է:

 

ԳԼՈՒԽ 2.
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 6. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովում է կենսաթոշակային համակարգի պետական միասնական քաղաքականության իրականացումը, կենսաթոշակային ոլորտում կրթական և գիտական գործունեության զարգացումը:

(6-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-247-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 7. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը`

1) իրագործում է համակարգի պետական միասնական քաղաքականությունը.

2) իրականացնում է կենսաթոշակային օրենսդրության կիրառման և անհատական հաշվառման տվյալների բազայի վարման վերահսկողությունը.

2.1) իրականացնում է կենսաթոշակների նշանակման (վերահաշվարկման) և վճարման մեթոդական ղեկավարումը.

3) (7-րդ հոդվածի 3-րդ կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-35-Ն օրենք)

4) (4-րդ կետն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-247-Ն օրենք)

i

5) կազմում է համակարգի զարգացման պետական համապատասխան ծրագրեր և ապահովում դրանց իրականացումը.

6) եզրակացություն է տալիս կադրերի վերապատրաստում և որակավորման բարձրացում իրականացնող ուսումնական կազմակերպությունների` կենսաթոշակային բնագավառին վերաբերող ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների նախագծերի վերաբերյալ.

7) կազմում է Հայաստանի Հանրապետության բնակչության կենսաթոշակային ապահովության մասին պետական ամենամյա զեկույց և յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտից հետո` երկու ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո հրապարակում է.

8) համագործակցում է համապատասխան հասարակական ու միջազգային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ.

9) իրականացնում է սույն օրենքի դրույթներից և իրավական այլ ակտերից բխող այլ գործառույթներ:

(7-րդ հոդվածը փոփ. 09.11.04 ՀՕ-120-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8. ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

i

Կենսաթոշակները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` այդ նպատակով առանձնացված միջոցներից:

(8-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-247-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 3.
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

ՀՈԴՎԱԾ 9. ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

i

1. Պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա են հետևյալ անձինք.

1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվողները.

2) անհատ ձեռնարկատերերը.

3) գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը:

Անձն ապահովագրական կենսաթոշակի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և պարտադիր սոցիալական ապահովության (մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` սոցիալական վճար) կատարած լինելու դեպքում:

2. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակի իրավունք ձեռք չբերած անձինք կենսաթոշակի իրավունք ունեն սույն օրենքով: Այդ անձանց ապահովագրական ստաժը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ:

i

(9-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-247-Ն օրենք) (9-րդ հոդվածի 3-րդ մասը` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակության մասով, որով սահմանափակվում է անձի իրավունքը կենսաթոշակը նշանակելուց հետո կատարել վերընտրություն, ճանաչվել է անվավեր 10.02.10 ՍԴՈ-865 որոշում)

 

ՀՈԴՎԱԾ 10. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար:

 

ՀՈԴՎԱԾ 11. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Սույն օրենքով սահմանվում են կենսաթոշակի հետևյալ տեսակները.

1. ապահովագրական`

1) տարիքային,

2) արտոնյալ պայմաններով,

3) երկարամյա ծառայության,

4) հաշմանդամության,

5) կերակրողին կորցնելու դեպքում,

6) մասնակի.

2. սոցիալական`

1) ծերության,

2) հաշմանդամության,

3) կերակրողին կորցնելու դեպքում:

 

ԳԼՈՒԽ 4.
ՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 12. ՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Տարիքային կենսաթոշակի իրավունք ունի 63 տարին լրացած անձը` 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում:

Մինչև սույն հոդվածի առաջին մասով սահմանված կենսաթոշակային տարիքի հասնելը կանայք կենսաթոշակի անցնելու իրավունք ունեն ըստ հետևյալ սանդղակի.

 

._______________________________________________.

| Ծննդյան տարեթիվ       | Տարիք | Կենսաթոշակի   |

|                       |       | անցնելու տարին|

|_______________________|_______|_______________|

| 01.07.1944-31.12.1944 |   59  |  2003         |

| 01.01.1945-30.06.1945 |  59,5 |  2004         |

| 01.07.1945-31.12.1945 |   60  |  2005         |

| 01.01.1946-30.06.1946 |  60,5 |  2006         |

| 01.07.1946-31.12.1946 |   61  |  2007         |

| 01.01.1947-30.06.1947 |  61,5 |  2008         |

| 01.07.1947-31.12.1947 |   62  |  2009         |

| 01.01.1948-30.06.1948 |  62,5 |  2010         |

| 01.07.1948-31.12.1948 |   63  |  2011         |

| և  հետո               |       |               |

._______________________________________________.

 

Տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել առանց ժամկետի սահմանափակման:

Տարիքային կենսաթոշակը սահմանվում է ցմահ:

 

i
ՀՈԴՎԱԾ 13. ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

i

1. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունի`

i

1) 55 տարին լրացած անձը` 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում, որից 15 տարին` առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 Ցուցակ), եթե լրիվ աշխատանքային օրը զբաղված է եղել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներով, ընդ որում, մինչև սույն կետով սահմանված կենսաթոշակային տարիքի հասնելը տղամարդիկ և կանայք կենսաթոշակի անցնելու իրավունք ունեն ըստ հետևյալ սանդղակի.

 

._____________________________________________________________________.

|Ծննդյան տարեթիվ      |Տղամարդ|  Ծննդյան տարեթիվ    | Կին |Կենսաթոշակի|

|                     |       |                     |     |անցնելու   |

|                     |       |                     |     |տարին      |

|_____________________|_______|_____________________|_____|___________|

|01.07.1949-31.12.1949|  54   |01.07.1954-31.12.1954|  49 |2003       |

|01.01.1950-30.06.1950| 54,5  |01.01.1955-30.06.1955| 49,5|2004       |

|01.07.1950-31.12.1950|  55   |01.07.1955-31.12.1955|  50 |2005       |

|և  հետո              |       |01.01.1956-30.06.1956| 50,5|2006       |

|                     |       |01.07.1956-31.12.1956|  51 |2007       |

|                     |       |01.01.1957-30.06.1957| 51,5|2008       |

|                     |       |01.07.1957-31.12.1957|  52 |2009       |

|                     |       |01.01.1958-30.06.1958| 52,5|2010       |

|                     |       |01.07.1958-31.12.1958|  53 |2011       |

|                     |       |01.01.1959-30.06.1959| 53,5|2012       |

|                     |       |01.07.1959-31.12.1959|  54 |2013       |

|                     |       |01.01.1960-30.06.1960| 54,5|2014       |

|                     |       |01.07.1960-31.12.1960|  55 |2015       |

|                     |       |և  հետո              |     |           |

._____________________________________________________________________.

 

2) 59 տարին լրացած անձը` 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում, որից 20 տարին` վնասակար, ծանր պայմաններում (թիվ 2 Ցուցակ), եթե լրիվ աշխատանքային օրը զբաղված է եղել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներով, ընդ որում, մինչև սույն կետով սահմանված կենսաթոշակային տարիքի հասնելը կանայք կենսաթոշակի անցնելու իրավունք ունեն ըստ հետևյալ սանդղակի.

 

.______________________________________________.

|  Ծննդյան տարեթիվ      | Կին  | Կենսաթոշակի   |

|                       |      | անցնելու տարին|

|_______________________|______|_______________|

|01.07.1949-31.12.1949  |  54  |  2003         |

|01.01.1950-30.06.1950  | 54,5 |  2004         |

|01.07.1950-31.12.1950  |  55  |  2005         |

|01.01.1951-30.06.1951  | 55,5 |  2006         |

|01.07.1951-31.12.1951  |  56  |  2007         |

|01.01.1952-30.06.1952  | 56,5 |  2008         |

|01.07.1952-31.12.1952  |  57  |  2009         |

|01.01.1953-30.06.1953  | 57,5 |  2010         |

|01.07.1953-31.12.1953  |  58  |  2011         |

|01.01.1954-30.06.1954  | 58,5 |  2012         |

|01.07.1954-31.12.1954  |  59  |  2013         |

|և  հետո                |      |               |

.______________________________________________.

 

3) հիպոֆիզարային թզուկությամբ (լիլիպուտ) հիվանդ անձը` 45 տարին լրանալու և 20 տարվա ապահովագրական ստաժ ունենալու դեպքում:

2. Սույն հոդվածի առաջին մասի 1-2-րդ կետերով նախատեսված` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 1 և թիվ 2 Ցուցակները (այսուհետ` Ցուցակներ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(13-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-223-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 14. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

i

Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեն քաղաքացիական ավիացիայի հետևյալ աշխատողները.

1) թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամները` 45 տարեկան դառնալու և 25 տարի ծառայած լինելու դեպքում, իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատված անձինք` 20 տարի ծառայած լինելու դեպքում.

2) բորտօպերատորները և բորտուղեկցորդները` 45 տարեկան դառնալու և 25 տարի ծառայած լինելու դեպքում, իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատված անձինք` 20 տարի ծառայած լինելու դեպքում.

3) օդային երթևեկության կառավարումն իրականացնող ծառայության անձնակազմի անդամները, ովքեր ունեն դիսպետչերի (ենթակարգավարի) վկայական, 50 տարեկան դառնալու և 25 տարվա ապահովագրական ստաժ ունենալու դեպքում, որից 15 տարին անմիջականորեն զբաղված են եղել օդային երթևեկության կառավարման աշխատանքներով, իսկ առողջական վիճակի պատճառով օդային երթևեկության անմիջական կառավարման աշխատանքներից ազատված անձինք` 50 տարեկան դառնալու և 25 տարվա ապահովագրական ստաժ ունենալու դեպքում, որից 10 տարին անմիջականորեն զբաղվել են օդային երթևեկության կառավարման աշխատանքներով.

4) ինժեներատեխնիկական անձնակազմի անդամները` 55 տարեկան դառնալու և 25 տարվա ապահովագրական ստաժ ունենալու դեպքում, որից 20 տարին զբաղվել են երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներով:

Սույն հոդվածով նախատեսված կենսաթոշակի իրավունք տվող գործունեության տեսակների, պաշտոնների ցանկը և երկարամյա ծառայության ստաժի հաշվառման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(14-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-50-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 15. ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

i

Յուրաքանչյուր անձ 35 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում կենսաթոշակի անցնելու իրավունք ունի սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված տարիքից մեկ տարի շուտ, եթե չի աշխատում: Կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է մինչև անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալը:

(15-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-35-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 16. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Կենսաթոշակի չափը հաշվարկվում է կենսաթոշակի հիմնական և ապահովագրական մասերի գումարից:

Կենսաթոշակի ապահովագրական մասը հաշվարկվում է մինչև անձնավորված հաշվառման ներդրումը ձեռք բերված ապահովագրական ստաժի և անձնավորված հաշվառման ներդրումից հետո անհատական ապահովագրական հաշիվներում արտացոլվող` կենսաթոշակային ապահովագրության համար կատարված վճարումների մասին տեղեկատվության հիման վրա:

Կենսաթոշակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Կ=Հ+ (ո X Ա) X Գ + Վ / Տ, որտեղ`

 

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,

ո-ը` ապահովագրական ստաժի տարիները,

Ա-ն` մինչև անձնավորված հաշվառման ներդրումը ձեռք բերված ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը,

Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը,

Վ-ն` անձնավորված հաշվառման ներդրումից հետո անհատական հաշիվներում արտացոլվող` կենսաթոշակային ապահովագրության համար կատարված վճարումների ընդհանուր գումարի մասին տվյալը,

Տ-ն` կենսաթոշակի անցնելու պահին կանանց և տղամարդկանց կյանքի սպասվելիք միջին տևողությունը` ամիսներով, որը յուրաքանչյուր տարի հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ելնելով պետական վիճակագրական տեղեկատվությունից:

Անձնավորված հաշվառման ներդրումից հետո անհատական հաշիվներում արտացոլվող` կենսաթոշակային ապահովագրության համար կատարված վճարումների ընդհանուր գումարի մասին տվյալի հիման վրա (Վ /Տ) կենսաթոշակի հաշվարկման կարգը սահմանվում է առանձին օրենքով:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ

 

i

Հիմնական կենսաթոշակի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հիմնական կենսաթոշակի սահմանվող նոր չափը չի կարող պակաս լինել հիմնական կենսաթոշակի` նախկինում սահմանված չափից:

 

ՀՈԴՎԱԾ 18. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔԸ

 

Ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Ապահովագրական ստաժի մեկ տարվա սահմանվող նոր արժեքը չի կարող պակաս լինել ապահովագրական ստաժի մեկ տարվա` նախկինում սահմանված արժեքից:

 

ՀՈԴՎԱԾ 19. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԻՑԸ

 

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը (Գ) հաշվարկվում է կենսաթոշակառուի ունեցած փաստացի ստաժի տարիների և սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պահանջվող ստաժի (25 տարի) հարաբերությամբ. ընդ որում, 25 տարին գերազանցող ապահովագրական ստաժի յուրաքանչյուր մեկ տարվա համար գործակիցը սահմանվում է 0,02:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՈՉ ԼՐԻՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺՈՎ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ

 

Տարիքային կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող ստաժ չունեցող, սույն օրենքի 12-րդ հոդվածով և 13-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կենսաթոշակային տարիքի քաղաքացին առնվազն հինգ տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում ունի ոչ լրիվ ապահովագրական ստաժով տարիքային կենսաթոշակի իրավունք:

 

ԳԼՈՒԽ 5.
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 21. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

i

Հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին`

1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով` անկախ ապահովագրական ստաժից.

2) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին և այլ աղետների հետևանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ անձն ունեցել է հետևյալ ապահովագրական ստաժը.

._______________________________________.

| Տարիքային խումբը | Ապահովագրական ստաժը|

|__________________|____________________|

| մինչև  23        |   2 տարի           |

| 23 - 26          |   3 տարի           |

| 26 - 30          |   4 տարի           |

| 30 և  ավելի      |   5 տարի           |

._______________________________________.

Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամության կենսաթոշակն ընդհանուր հիվանդության հետևանքով հաշմանդամության կենսաթոշակի փոխվելու դեպքում անհրաժեշտ ապահովագրական ստաժը որոշվում է առաջնակի հաշմանդամության խումբ սահմանելու ժամանակ անձի ունեցած տարիքին համապատասխան:

Կենսաթոշակը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

(21-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-223-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 22. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽԵՂՄԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ

 

i

Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակը վճարում է սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` գործատուի, գործատու հանդիսացող իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում` դրա իրավահաջորդի միջոցներից, իսկ գործատուի լուծարման (անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուի մահվան կամ գործունեության դադարեցման) դեպքում` համապատասխան վճարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կապիտալացվում են` դրանք կենսաթոշակառուին վճարելու համար:

Գործատուն կամ դրա իրավահաջորդը աշխատանքի վարձատրության համար նախատեսված միջոցներից պետական բյուջեին վճարումներ է կատարում կենսաթոշակ վճարելու համար մինչև կենսաթոշակառուի` սույն օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը:

(22-րդ հոդվածը փոփ. 09.11.04 ՀՕ-120-Ն, 24.10.07 ՀՕ-247-Ն օրենքներ)

 

i
ՀՈԴՎԱԾ 23. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԽՈՒՄԲԸ ՓՈԽՎԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՉՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

Հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում կենսաթոշակը նոր չափով վճարվում է այդ հանգամանքի առաջացման ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Բժշկասոցիալական վերափորձաքննությամբ հաշմանդամ չճանաչվելու դեպքում կենսաթոշակը վճարվում է մինչև հաշմանդամության ժամկետը լրանալու ամսվա վերջը:

(23-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-223-Ն օրենք)

 

i
ՀՈԴՎԱԾ 24. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

Հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը բաց թողնելու դեպքում երեք ամսվա ընթացքում վերափորձաքննության ներկայանալու և այդ ժամանակահատվածում հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կասեցման օրվանից:

Վերափորձաքննությամբ վերստին հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակն այդ ժամանակահատվածի համար վճարվում է նախկին հաշմանդամության խմբով հաշվարկված չափով:

Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև «հաշմանդամ երեխա» ճանաչված անձանց վրա:

(24-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-223-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 25. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

Հաշմանդամության կենսաթոշակը հաշվարկվում է սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հաշմանդամության հիմնական կենսաթոշակի չափը կազմում է`

1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 140 տոկոսը.

2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 120 տոկոսը.

3) երրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 100 տոկոսը:

(25-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-223-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 6.
ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 26. ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

i

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն ընտանիքի հետևյալ անդամները.

1) 18 տարին չլրացած երեխան, եղբայրը, քույրը և թոռը, ընդ որում, եղբայրը, քույրը և թոռը, եթե չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.

2) ամուսինը կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` անկախ տարիքից ու աշխատունակությունից, եթե նա զբաղված է մահացած կերակրողի ութ տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով և չի աշխատում.

3) կերակրողի մահվան պահին սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում.

4) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը և չեն աշխատում:

ՈՒսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունի մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 23 տարին լրանալը:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը սահմանվում է սույն հոդվածով նախատեսված ամբողջ ժամանակահատվածի համար:

Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև մահացած ճանաչված անձի ընտանիքի վրա: Մահացած ճանաչված անձի ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելիս այդ անձի մահվան օր է համարվում նրան մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում սահմանված օրը:

(26-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-35-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 27. ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում ընտանիքի` սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված այն անդամներին, ովքեր մինչև կերակրողի մահը գտնվել են նրա խնամքի տակ:

Երեխաների` մահացած ծնողի (ծնողների) խնամքի տակ գտնվելը ենթադրվում է և ապացույցներ չի պահանջում:

Ընտանիքի` կենսաթոշակի իրավունք ունեցող բոլոր անդամների համար նշանակվում է մեկ ընդհանուր կենսաթոշակ:

Ընտանիքի անդամի պահանջով կենսաթոշակի նրա բաժինն առանձնացվում և վճարվում է առանձին` առանձնացման վերաբերյալ դիմումը տալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակով ապահովվող ընտանիքի անդամների թիվը փոփոխվելիս կենսաթոշակի չափը փոխվում է ընտանիքի` կենսաթոշակի իրավունք ունեցող անդամների թվին համապատասխան:

Ընդհանուր հիվանդության (այդ թվում` աշխատանքի հետ չկապված խեղման) հետևանքով մահացած անձի ընտանիքին ապահովագրական կենսաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը մահվան պահին ունեցել է սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող ստաժը:

Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով մահացած անձի ընտանիքին կենսաթոշակ նշանակվում է` անկախ ապահովագրական ստաժի տևողությունից:

 

ՀՈԴՎԱԾ 28. ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

i

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը հիմնական կենսաթոշակի չափով նշանակվում է ընտանիքի` սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված անդամներից յուրաքանչյուրին` ավելացնելով մահացած կերակրողի հաշվարկված կենսաթոշակի ապահովագրական մասը հետևյալ չափերով.

1) մեկ խնամարկյալին` 50 տոկոսի չափով.

2) երկու խնամարկյալին` 90 տոկոսի չափով.

3) երեք խնամարկյալին` 120 տոկոսի չափով.

4) չորս և ավելի խնամարկյալին` 150 տոկոսի չափով:

Երկկողմանի ծնողազուրկ յուրաքանչյուր երեխայի կենսաթոշակը նշանակվում է` հիմնական կենսաթոշակի հնգապատիկին ավելացնելով յուրաքանչյուր ծնողի հաշվարկված կենսաթոշակի ապահովագրական մասը` սույն հոդվածի առաջին մասով սահմանված չափերով:

(28-րդ հոդվածը փոփ. 11.05.04 ՀՕ-72-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 29. ՈՐԴԵԳՐՈՂԻ, ՈՐԴԵԳՐՎԱԾԻ, ԽՈՐԹ ՀՈՐ (ՄՈՐ) ԵՎ ԽՈՐԹ ՈՐԴՈՒ (ԴՍՏԵՐ) ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Սույն հոդվածով նախատեսված` որդեգրողի և որդեգրվածի կենսաթոշակի իրավունքն ու կենսաթոշակի չափերը սահմանվում են սույն օրենքի 27-28-րդ հոդվածներով:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող անչափահասն այդ իրավունքը պահպանում է նաև որդեգրվելու դեպքում:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող որդեգրվածը որդեգրողի մահվան դեպքում կենսաթոշակի ընտրության իրավունք ունի:

Խորթ հայրը (մայրը) կենսաթոշակի իրավունք ունի հարազատ հորը (մորը) հավասար, եթե մահացած խորթ որդուն կամ դստերն անչափահաս տարիքում խնամել է առնվազն 5 տարի:

Խորթ որդին (դուստրը) կենսաթոշակի իրավունք ունի հարազատ որդուն (դստերը) հավասար:

 

ՀՈԴՎԱԾ 30. ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ

 

i

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը վճարվում է ընտանիքի` գործունակ չափահաս, ինչպես նաև օրենքով իրենց եկամուտը տնօրինելու իրավունք ունեցող անչափահաս անդամներից որևէ մեկին կամ խնամակալին:

Կենսաթոշակի չափը փոփոխվում կամ ընտանիքի անդամներին դրա վճարումը դադարեցվում է սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը դադարելու հանգամանքների առաջացման ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) ապրող երեխային վճարվում է կենսաթոշակի 50 տոկոսը: Այդ գումարները, մինչև երեխայի չափահաս դառնալը, կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով կուտակվում են երեխայի անունով հատուկ այդ նպատակով բացված համապատասխան հաշվում և երեխայի չափահաս դառնալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում են միանվագ կարգով:

(30-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-223-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 7.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 31. ԾԵՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Սույն օրենքով սահմանված տարիքային ապահովագրական կենսաթոշակի իրավունք չունեցող անձին 65 տարին լրանալու դեպքում նշանակվում է ծերության սոցիալական կենսաթոշակ:

Ծերության սոցիալական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել առանց ժամկետի սահմանափակման:

Ծերության սոցիալական կենսաթոշակը նշանակվում է ցմահ:

 

ՀՈԴՎԱԾ 32. ԾԵՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ

 

Ծերության սոցիալական կենսաթոշակը նշանակվում է օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 33. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված հաշմանդամության ապահովագրական կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամին, ինչպես նաև «հաշմանդամ երեխա» ճանաչված անձին նշանակվում է հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ:

Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

 

ՀՈԴՎԱԾ 34. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ

 

i

Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ նշանակվում է`

1) առաջին խմբի հաշմանդամին և «հաշմանդամ երեխա» ճանաչված անձին` հիմնական կենսաթոշակի 140 տոկոսի չափով.

2) երկրորդ խմբի հաշմանդամին` հիմնական կենսաթոշակի 120 տոկոսի չափով,

3) երրորդ խմբի հաշմանդամին` հիմնական կենսաթոշակի 100 տոկոսի չափով:

(34-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-223-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 35. ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ՉԱՓԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

i

Սույն օրենքով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում ապահովագրական կենսաթոշակի իրավունք չունեցող անձին նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ:

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը նշանակվում է սույն օրենքի 26-27-րդ և 29-30-րդ հոդվածներով նախատեսված կարգով, որոնց դրույթները տարածվում են նաև առանց ծնողական խնամքի մնացած այն երեխաների վրա, որոնց ծնողներն անհայտ են:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը ընտանիքի` սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված անդամներից յուրաքանչյուրին նշանակվում է հիմնական կենսաթոշակի չափով:

Երկկողմանի ծնողազուրկ յուրաքանչյուր երեխայի կենսաթոշակը նշանակվում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկի չափով:

(35-րդ հոդվածը փոփ. 11.05.04 ՀՕ-72-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 36. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

(36-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-247-Ն օրենք)

 

i

ԳԼՈՒԽ 8.
ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ

 

ՀՈԴՎԱԾ 37. ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

i

Մասնակի կենսաթոշակի իրավունք ունեն`

1) (37-րդ հոդ. 1-ին մ 1-ին կետն ուժը կորցրել է 11.11.05 ՀՕ-223-Ն օրենք)

2) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողները` 55 տարին լրանալու և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առնվազն 12 տարվա մասնագիտական ապահովագրական ստաժ ձեռք բերած լինելու դեպքում.

3) թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասանները` 50 տարին լրանալու և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առնվազն 12 տարվա մասնագիտական ապահովագրական ստաժ ձեռք բերած լինելու դեպքում:

Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների և աշխատանքային գործունեության տեսակների ցանկերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Մասնակի կենսաթոշակ նշանակվում է դրա իրավունքը տվող պաշտոններում և մասնագիտություններով աշխատելու ընթացքում ձեռք բերված ապահովագրական ստաժին համամասնորեն: Մասնագիտական ապահովագրական ստաժում հաշվառվում են մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ցանկերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանելը հիմնական աշխատավայրում աշխատած ժամանակահատվածները, համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական ապահովագրական ստաժում չի հաշվառվում:

Մասնակի կենսաթոշակ սահմանվում է մինչև սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված տարիքային կենսաթոշակի տարիքը լրանալը:

(37-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-223-Ն, 26.12.08 ՀՕ-35-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 38. ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

i

Մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք տվող ապահովագրական ստաժ ունեցող և սույն օրենքի 37-րդ հոդվածով սահմանված տարիքը չլրացած անձը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` յոթ տարվա ընթացքում, պարտավոր է հաշվառվելու համար դիմել իր մշտական բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

Մասնակի կենսաթոշակին առնչվող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով:

Մասնակի կենսաթոշակի հաշվարկման, նշանակման և վճարման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(38-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-35-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 39. ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

(39-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-247-Ն օրենք)

 

i

ԳԼՈՒԽ 9.
ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ) ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 40. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

Անհատական (անձնավորված) հաշվառումն արտացոլում է ապահովագրության ենթակա անձանց պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համար կատարված ապահովագրական վճարումների մասին անձնավորված տեղեկատվություն:

Կենսաթոշակային ապահովագրության ենթակա անձանց անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների միասնական բազայի (այսուհետ` բազա) ստեղծման նպատակն է`

1) ապահովել կենսաթոշակային ապահովագրության ենթակա անձանց մասին տվյալներ հավաքելը.

2) նպաստել կենսաթոշակային ապահովագրության ոլորտի հարաբերությունների կարգավորմանը և ապահովել ֆիզիկական անձի կենսաթոշակային ապահովագրության իրավունքի պաշտպանությունը.

3) կենսաթոշակի չափը պայմանավորել կատարված ապահովագրական վճարումներով և ապահովագրական ստաժի տևողությամբ.

4) անհատական հաշիվներում արտացոլել կենսաթոշակային ապահովագրության համար կատարված վճարումների և աշխատավարձի չափերը, ինչպես նաև կենսաթոշակի իրավունք տվող` օրենքով նախատեսված այլ տվյալներ:

 

ՀՈԴՎԱԾ 41. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱԶԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

i

Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համար անհրաժեշտ բազան ձևավորվում է`

1) աշխատող քաղաքացիների մասին կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմին գործատուների և ֆիզիկական անձանց կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացվող տվյալներից.

2) գործատուների և ֆիզիկական անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով և ծավալով ներկայացվող այլ տվյալներից.

3) ֆիզիկական անձանց մահվան մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից ներկայացվող տվյալներից.

4) օրենքով սահմանված կարգով պահանջվող անհրաժեշտ այլ տվյալներից:

(41-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-184-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 42. ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ) ՀԱՇՎՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա յուրաքանչյուր ֆիզիկական անձի համար անձնավորված հաշվառման բազայում էլեկտրոնային և փաստաթղթային տեսքով բացված հաշվառման քարտում արտացոլվում են ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը և հետևյալ տվյալները.

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան օրը, ամիսը և տարին.

3) (42-րդ հոդ. 1-ին մ 3-րդ կետն ուժը կորցրել է 11.11.05 ՀՕ-223-Ն օրենք)

4) սեռը.

i

5) հաշվառման և (կամ) փաստացի բնակության վայրի հասցեն.

6) այն փաստաթղթի անվանումը, տալու ժամկետը, սերիան, համարը, որից վերցվել են տվյալները.

7) քաղաքացիությունը.

8) ֆիզիկական անձի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների մասին օրենսդրությամբ սահմանված տվյալները և նրանց սոցիալական ապահովության քարտերի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքների համարները.

9) աշխատավարձի (դրան հավասարեցված եկամտի) չափը, որից կենսաթոշակային ապահովագրության համար վճարումներ են կատարվել.

10) ապահովագրական վճարումների չափը` նշելով այն տարին և ամիսը, որոնց համար դրանք կատարվել են.

11) աշխատանքային և հանրօգուտ այլ գործունեության, պարտադիր զինվորական ծառայության, գործազրկության և օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածների մասին տվյալներ.

12) արտոնյալ կենսաթոշակային ապահովագրության իրավունք տվող աշխատանքի հատուկ պայմանների մասին տվյալներ.

13) կենսաթոշակների նշանակման, հաշվարկման (վերահաշվարկման) և վճարման օրը, ամիսը և տարին, կենսաթոշակի չափը.

14) կուտակման սկզբունքով ձևավորվող` կենսաթոշակային ապահովագրության համար կատարված վճարումների մասին տվյալներ.

15) տեղեկություն ֆիզիկական անձի մահվան մասին:

Անհատական հաշվի` ֆիզիկական անձի հաշվառման քարտի ձևը սահմանում է կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բազան ձևավորող և վարող լիազոր մարմինը:

(42-րդ հոդվածը փոփ. 24.09.03 ՀՕ-3-Ն, 14.12.04 ՀՕ-184-Ն, 22.02.07 ՀՕ-106-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 43. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻ ՎԱՐՈՒՄԸ

 

i

Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա անձանց անհատական (անձնավորված) հաշվառման բազան Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձևավորում և վարում է կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմինը:

Անհատական տվյալները պաշտպանվում են օրենքով սահմանված կարգով:

Ֆիզիկական անձն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով ծանոթանալ անհատական (անձնավորված) հաշվառման բազայի` իրեն վերաբերող տվյալներին:

(43-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-184-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 44. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բազայի տվյալներն օգտագործվում են կենսաթոշակ նշանակելու, հաշվարկելու (վերահաշվարկելու), վճարելու համար և օրենքով սահմանված այլ նպատակներով:

Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բազայի տվյալներն անձի մահվանից հետո պահպանվում են օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 10.
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ՀՈԴՎԱԾ 45. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ

 

i

1. Ապահովագրական ստաժը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածների հանրագումարն է, որի ընթացքում ֆիզիկական անձը ենթակա է եղել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության, և նրա կողմից օրենքով սահմանված կարգով կատարվել են սոցիալական վճարներ:

Ապահովագրական ստաժը հաշվառվում է տարիներով և հաշվարկվում է` օրենքով սահմանված չափերով վճարումներ կատարած ամիսների թիվը 12-ի բաժանելով:

Եթե ապահովագրված անձի կատարած սոցիալական վճարները պակաս են եղել վճարելու պահին գործող օրենքով սահմանված տարեկան չափից, ապա այդ տարվա ապահովագրական ստաժը համամասնորեն պակասեցվում է:

2. Մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի ապահովագրական ստաժ, բացառությամբ սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգի:

3. (45-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-35-Ն օրենք)

i

4. Զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմիններում, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում գործող բանակի կազմում, պարտիզանական ջոկատներում և միավորումներում գտնվելու ժամանակահատվածները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառվում են ապահովագրական ստաժում:

4.1. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող` հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածը հաշվառվում է ապահովագրական ստաժում, բայց մինչև նրա տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

4.2. Արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը հաշվառվում է ապահովագրական ստաժում օրենքով սահմանված կարգով և չափով սոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում:

5. Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ 5 տարվա ապահովագրական (աշխատանքային) ստաժի առկայության դեպքում ապահովագրական ստաժում հաշվառվում են նաև`

1) պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը.

2) ժամանակավոր անաշխատունակության նպաստ ստանալու ժամանակահատվածը.

3) գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը.

4) ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի` հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի.

5) ծնողներից (որդեգրողներից) մեկի` մինչև յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի.

6) բռնադատված, անհիմն կերպով քրեական պատասխանատվության ենթարկված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձի` կալանքի տակ գտնվելու, ազատազրկման վայրերում և աքսորավայրերում պատիժ կրելու ժամանակահատվածները.

7) սպայական կազմի, ենթասպայական կազմի և գերակետիկ ծառայության զինծառայող ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածն այն վայրերում, որտեղ բացակայել է ըստ մասնագիտության աշխատանքի տեղավորվելու հնարավորությունը, սակայն հինգ տարուց ոչ ավելի.

8) օտարերկրյա պետությունում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը, սակայն հինգ տարուց ոչ ավելի.

9) ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը, սակայն վեց տարուց ոչ ավելի:

i

Սույն հոդվածի հինգերորդ մասի 1-9-րդ կետերով սահմանված ժամանակահատվածները ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվում են նաև ընդհանուր հիվանդության հետևանքով հաշմանդամ դարձած անձին կամ ընդհանուր հիվանդության հետևանքով մահացած անձի ընտանիքին կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` սույն օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով սահմանված ապահովագրական (աշխատանքային) ստաժի առկայության դեպքում:

(45-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-223-Ն, 24.10.07 ՀՕ-247-Ն, 26.12.08 ՀՕ-249-Ն, 26.12.08 ՀՕ-35-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 46. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և անհատական հաշվառման բազայի ձևավորումը ապահովագրված անձի ունեցած աշխատանքային ստաժը օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան փաստաթղթերի հիման վրա, հաշվառվում է ապահովագրական ստաժում:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց և անհատական հաշվառման բազայի ձևավորումից հետո ապահովագրված անձի ձեռք բերած ապահովագրական ստաժը հաշվարկվում է անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների հիման վրա:

 

i
ՀՈԴՎԱԾ 47. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՍՏԱԺԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

i

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և անհատական հաշվառման բազայի ձևավորումը ապահովագրված անձի ունեցած աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992 թվականի հունվարից սկսած` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը: Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

(47-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-223-Ն, 24.10.07 ՀՕ-247-Ն, 26.12.08 ՀՕ-35-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 48. ՍՏԱԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

1. Ապահովագրական ստաժում եռակի չափով հաշվառվում են`

1) բռնադատված կամ անհիմն կերպով քրեական պատասխանատվության ենթարկված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձի` կալանքի տակ գտնվելու, ազատազրկման վայրերում և աքսորավայրերում պատիժ կրելու ժամանակահատվածները.

2) մարտական գործողությունների ընթացքում գործող բանակի կազմում, պարտիզանական ջոկատներում և միավորումներում գտնվելու ժամանակահատվածները:

2. Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների երկարամյա ծառայության ժամկետները հաշվարկվում են`

1) մխոցային օդանավերով կատարած յուրաքանչյուր 20 ժամ թռիչքը` որպես մեկ ամսվա ստաժ.

2) ռեակտիվ օդանավերով, ուղղաթիռներով, հատուկ կիրառման ավիացիայում (սանիտարական թռիչքներ, ավիաքիմիական աշխատանքներ, ավիալուսանկարահանում, պարեկություն, մթնոլորտի զոնդում և այլ տեսակի աշխատանքներ), այլ պետությունների օդանավերին ուղեկցող խմբերի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների պաշտոններում աշխատելու, ինչպես նաև ավիացիայի թռիչքային անձնակազմի կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում սովորելու ժամանակ կատարած յուրաքանչյուր 12 ժամ թռիչքը` որպես մեկ ամսվա ստաժ.

3) վթարային-փրկարարական (որոնող-փրկարարական) ստորաբաժանումներում օդանավերի թռչող անձնակազմի մեկ տարվա աշխատանքը` որպես մեկուկես տարվա ստաժ.

4) ԴՕՍԱԱՖ-ի ուսումնական և սպորտային ավիացիայի կազմակերպությունների թռչող անձնակազմի պաշտոններում կատարած մեկ տարվա ծառայությունը որպես`

մեկուկես տարվա ստաժ, եթե կատարվել է ուսումնաթռիչքային պատրաստման պլանը,

երկու տարվա ստաժ, եթե կատարվել են թռիչքային բարդ կամ բարձրակարգ հնարքներ.

5) պարաշյուտիստների և փրկարարների մեկ տարվա ծառայությունը որպես`

մեկուկես տարվա ստաժ, եթե կատարվել է մխոցային օդանավերից, ուղղաթիռներից, դիրիժաբլներից և աերոստատներից թռչելու, տաս մետրից ոչ պակաս բարձրության վրա կախման ռեժիմում գտնվող ուղղաթիռներից հատուկ իջեցնող հարմարանքներով վայրէջքի տարեկան նորման,

երկու տարվա ստաժ, եթե կատարվել է ռեակտիվ ինքնաթիռներից և ուղղաթիռներից թռչելու տարեկան նորման:

3. Սույն հոդվածի երկրորդ մասի 4-5-րդ կետերով սահմանված ծառայության ժամկետների արտոնյալ հաշվարկման իրավունք տվող պայմանները չկատարելու դեպքում մեկ տարվա ծառայությունը հաշվարկվում է որպես մեկ տարվա ստաժ:

4. Ստաժի հաշվարկման, դրանում աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության առանձին տեսակների հաշվառման, ստաժի հաստատման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

i

5. Պատերազմների, ռազմական գործողությունների, տարերային աղետների, վթարների, արհավիրքների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքով ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծում է ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովներ, որոնց կազմի մեջ մտնում են գործադիր իշխանությունների, գործատուների, արհմիությունների կամ աշխատողների կողմից լիազորված այլ ներկայացուցիչներ:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ 19.11.2002
N ՀՕ-519-Ն օրենք