Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406 ...

 

 

040.0291.030403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» ապրիլի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մարտի 2003 թվականի N 291-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1499-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության կենտրոնական պետական արխիվները և պետական արխիվների սպասարկման ծառայությունը (այսուհետ` պետական հիմնարկներ)` համաձայն N 1 հավելվածի, միացման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` պետական կազմակերպություն)».

i

բ) որոշումն 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1, 1.2 և 1.3-ին կետերով.

«1.1. Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվները վերակազմակերպել պետական կազմակերպության մասնաճյուղերի` համաձայն N 2 հավելվածի:

1.2. Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվների մասնաճյուղերը վերակազմակերպել պետական կազմակերպության տարածքային ներկայացուցչությունների` համաձայն N 3 հավելվածի:

1.3. Հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 4 հավելվածի».

i

գ) որոշման ամբողջ տեքստում «պետական կազմակերպություններ» բառերը փոխարինել «պետական կազմակերպություն» բառերով` ըստ հոլովառության.

դ) որոշման 3-րդ կետը «մատուցում» բառից հետո լրացնել «, փաստաթղթերի և գրականության վերականգնում ու կազմապատում, արխիվային տուփերի, արկղերի և արխիվային փաստաթղթերի ապահովագրական պատճենների պատրաստում» բառերով.

ե) որոշման 4-րդ կետի`

i

առաջին պարբերությունը «հիմնարկների» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր նախկին արխիվային գործի վարչության», իսկ «գույքի,» բառից հետո` «83559426 դրամ սկզբնական արժեքով» բառերով.

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր նախկին արխիվային գործի վարչության հաշվեկշռում հաշվառված` Երևանի Հ. Քոչարի 5 հասցեում գտնվող շենքերը և շինությունները` 8954 քառ. մետր մակերեսով, որոնց սկզբնական արժեքը 63365194 հազ. դրամ է, մաշվածությունը` 15578097 դրամ, մնացորդային արժեքը` 47787097 դրամ, Մարշալ Բաղրամյան 59գ հասցեում գտնվող շենքը` 3700 քառ. մետր մակերեսով, որի սկզբնական արժեքը 21332850 դրամ է, մաշվածությունը` 7039840 դրամ, մնացորդային արժեքը` 14293010 դրամ, և Թբիլիսյան խճուղու 25ա հասցեում գտնվող ստորգետնյա արխիվադարանը` 7200 քառ. մետր մակերեսով, որի սկզբնական արժեքը 182558530 դրամ է, մաշվածությունը` 76538432 դրամ, մնացորդային արժեքը` 106020098 դրամ, ինչպես նաև պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր».

զ) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Պետական կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե», «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը».

է) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Պետական կազմակերպության պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաև կազմակերպությանը հանձնված գույքի գրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից` համաձայն «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասի».

i

ը) որոշման 10-րդ կետում «պետական արխիվները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային արխիվը, նրա մասնաճյուղերը և ներկայացուցչությունները» բառերով.

i

թ) որոշումը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-րդ կետով.

«10.1. Սահմանել, որ պետական կազմակերպությունն ԱՊՀ անդամ պետությունների միջև 1992 թվականի հուլիսի 6-ին և 1999 թվականի հունիսի 4-ին ստորագրած միջպետական համաձայնագրերի շրջանակներում համագործակցում է ԱՊՀ անդամ պետությունների արխիվային ծառայությունների հետ»:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը.

բ) ապահովել պետական կազմակերպության պետական գրանցումը:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1499-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մարտի 20-ի N 291-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |                              Անվանումը                              |

|ը/կ|                                                                     |

|___|_____________________________________________________________________|

| 1.|Հայաստանի Հանրապետության պատմության կենտրոնական պետական արխիվ        |

|___|_____________________________________________________________________|

| 2.|Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կենտրոնական պետական    |

|   |արխիվ                                                                |

|___|_____________________________________________________________________|

| 3.|Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կազմակերպությունների  |

|   |փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ                                |

|___|_____________________________________________________________________|

| 4.|Հայաստանի Հանրապետության արվեստի, գրականության և  մամուլի փաստաթղթերի|

|   |կենտրոնական պետական արխիվ                                            |

|___|_____________________________________________________________________|

| 5.|Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական փաստաթղթերի կենտրոնական      |

|   |պետական արխիվ                                                        |

|___|_____________________________________________________________________|

| 6.|Հայաստանի Հանրապետության պետական արխիվների սպասարկման ծառայություն   |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մարտի 20-ի N 291-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |   Պետական արխիվի անվանումը        |    Մասնաճյուղի անվանումը        |

|ը/կ|                                   |                                 |

|___|___________________________________|_________________________________|

| 1.|Երևան  քաղաքի պետական արխիվ        |Երևանի  քաղաքային մասնաճյուղ     |

|___|___________________________________|_________________________________|

| 2.|Արագածոտնի մարզի պետական արխիվ     |Արագածոտնի մարզային մասնաճյուղ   |

|___|___________________________________|_________________________________|

| 3.|Արարատի մարզի պետական արխիվ        |Արարատի մարզային մասնաճյուղ      |

|___|___________________________________|_________________________________|

| 4.|Արմավիրի մարզի պետական արխիվ       |Արմավիրի մարզային մասնաճյուղ     |

|___|___________________________________|_________________________________|

| 5.|Գեղարքունիքի մարզի պետական արխիվ   |Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ |

|___|___________________________________|_________________________________|

| 6.|Լոռու մարզի պետական արխիվ          |Լոռու մարզային մասնաճյուղ        |

|___|___________________________________|_________________________________|

| 7.|Կոտայքի մարզի պետական արխիվ        |Կոտայքի մարզային մասնաճյուղ      |

|___|___________________________________|_________________________________|

| 8.|Շիրակի մարզի պետական արխիվ         |Շիրակի մարզային մասնաճյուղ       |

|___|___________________________________|_________________________________|

| 9.|Սյունիքի մարզի պետական արխիվ       |Սյունիքի մարզային մասնաճյուղ     |

|___|___________________________________|_________________________________|

|10.|Վայոց ձորի մարզի պետական արխիվ     |Վայոց ձորի մարզային մասնաճյուղ   |

|___|___________________________________|_________________________________|

|11.|Տավուշի մարզի պետական արխիվ        |Տավուշի մարզային մասնաճյուղ      |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մարտի 20-ի N 291-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |  Մասնաճյուղի անվանումը |Ներկայացուցչության անվանումը                |

|ը/կ|                        |                                            |

|___|________________________|____________________________________________|

| 1.|Ապարանի մասնաճյուղ      |Ապարանի տարածքային ներկայացուցչություն      |

|___|________________________|____________________________________________|

| 2.|Ծաղկահովտի մասնաճյուղ   |Ծաղկահովտի տարածքային ներկայացուցչություն   |

|___|________________________|____________________________________________|

| 3.|Թալինի մասնաճյուղ       |Թալինի տարածքային ներկայացուցչություն       |

|___|________________________|____________________________________________|

| 4.|Արարատի մասնաճյուղ      |Արարատի տարածքային ներկայացուցչություն      |

|___|________________________|____________________________________________|

| 5.|Մասիսի մասնաճյուղ       |Մասիսի տարածքային ներկայացուցչություն       |

|___|________________________|____________________________________________|

| 6.|Արմավիրի մասնաճյուղ     |Արմավիրի տարածքային ներկայացուցչություն     |

|___|________________________|____________________________________________|

| 7.|Բաղրամյանի մասնաճյուղ   |Բաղրամյանի տարածքային ներկայացուցչություն   |

|___|________________________|____________________________________________|

| 8.|Ճամբարակի մասնաճյուղ    |Ճամբարակի տարածքային ներկայացուցչություն    |

|___|________________________|____________________________________________|

| 9.|Մարտունու մասնաճյուղ    |Մարտունու տարածքային ներկայացուցչություն    |

|___|________________________|____________________________________________|

|10.|Սևանի  մասնաճյուղ       |Սևանի  տարածքային ներկայացուցչություն       |

|___|________________________|____________________________________________|

|11.|Վարդենիսի մասնաճյուղ    |Վարդենիսի տարածքային ներկայացուցչություն    |

|___|________________________|____________________________________________|

|12.|Ալավերդու մասնաճյուղ    |Թումանյանի տարածքային ներկայացուցչություն   |

|___|________________________|____________________________________________|

|13.|Սպիտակի մասնաճյուղ      |Սպիտակի տարածքային ներկայացուցչություն      |

|___|________________________|____________________________________________|

|14.|Ստեփանավանի մասնաճյուղ  |Ստեփանավանի տարածքային ներկայացուցչություն  |

|___|________________________|____________________________________________|

|15.|Տաշիրի մասնաճյուղ       |Տաշիրի տարածքային ներկայացուցչություն       |

|___|________________________|____________________________________________|

|16.|Աբովյանի մասնաճյուղ     |Աբովյանի տարածքային ներկայացուցչություն     |

|___|________________________|____________________________________________|

|17.|Եղվարդի մասնաճյուղ      |Եղվարդի տարածքային ներկայացուցչություն      |

|___|________________________|____________________________________________|

|18.|Չարենցավանի մասնաճյուղ  |Չարենցավանի տարածքային ներկայացուցչություն  |

|___|________________________|____________________________________________|

|19.|Ախուրյանի մասնաճյուղ    |Ախուրյանի տարածքային ներկայացուցչություն    |

|___|________________________|____________________________________________|

|20.|Ամասիայի մասնաճյուղ     |Ամասիայի տարածքային ներկայացուցչություն     |

|___|________________________|____________________________________________|

|21.|Մարալիկի մասնաճյուղ     |Մարալիկի տարածքային ներկայացուցչություն     |

|___|________________________|____________________________________________|

|22.|Աշոցքի մասնաճյուղ       |Աշոցքի տարածքային ներկայացուցչություն       |

|___|________________________|____________________________________________|

|23.|Արթիկի մասնաճյուղ       |Արթիկի տարածքային ներկայացուցչություն       |

|___|________________________|____________________________________________|

|24.|Գորիսի մասնաճյուղ       |Գորիսի տարածքային ներկայացուցչություն       |

|___|________________________|____________________________________________|

|25.|Մեղրու մասնաճյուղ       |Մեղրու տարածքային ներկայացուցչություն       |

|___|________________________|____________________________________________|

|26.|Սիսիանի մասնաճյուղ      |Սիսիանի տարածքային ներկայացուցչություն      |

|___|________________________|____________________________________________|

|27.|Վայքի մասնաճյուղ        |Վայքի տարածքային ներկայացուցչություն        |

|___|________________________|____________________________________________|

|28.|Նոյեմբերյանի մասնաճյուղ |Նոյեմբերյանի տարածքային ներկայացուցչություն |

|___|________________________|____________________________________________|

|29.|Բերդի մասնաճյուղ        |Բերդի տարածքային ներկայացուցչություն        |

|___|________________________|____________________________________________|

|30.|Դիլիջանի մասնաճյուղ     |Դիլիջանի տարածքային ներկայացուցչություն     |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մարտի 20-ի N 291-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` պետական կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակով չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող գիտական և մշակութային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի մշտական պահպանման, հաշվառման, համալրման, օգտագործման և հրատարակման բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:

Պետական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության կենտրոնական ու մարզային (Երևան քաղաքի) պետական արխիվների իրավահաջորդն է:

Պետական կազմակերպությունն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

2. Պետական կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին ու իրավական ակտերին, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

3. Պետական կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունն իրավունք ունի իր անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

4. Պետական կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

5. Պետական կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների ու ծախսերի նախահաշիվ և բանկային հաշիվներ:

6. Պետական կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար, իսկ հիմնադիրը` պետական կազմակերպության պարտավորությունների համար:

7. Պետական կազմակերպության անվանումն է`

հայերեն լրիվ` «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ` Գօսուդառստվեննայա նեկօմմեռչեսկայա օռգանիզացիյա «Նացիօնալնիյ առխիվ Առմենիի»,

ռուսերեն կրճատ` «Նացիօնալնիյ առխիվ Առմենիի» ԳՆՕ,

անգլերեն լրիվ` State Non Profit Organization «National Archives of Armenia»,

անգլերեն կրճատ` «National Archives of Armenia» SNPO:

8. Պետական կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ, Երևան, Հ. Քոչարի 5:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

9. Պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են պատմամշակութային ժառանգության` Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի պահպանումը, հաշվառումը, համալրումը, օգտագործումը, հրապարակումը և հանրահռչակումը:

10. Պետական կազմակերպությունն իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան`

ա) իրականացնում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումը.

բ) վարում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի կենտրոնացված հաշվառումը.

գ) սահմանված կարգով օգտագործում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդը (հավաքածուն).

դ) լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերը հատկապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու վերաբերյալ, ստեղծում և պահպանում է դրանց ապահովագրական պատճենները.

ե) արխիվային գործի և գործավարության բնագավառում իրականացնում է պետական ծրագրերը.

զ) ներդնում է փաստաթղթերի պահպանության, կոնսերվացման, պատճենման, վերականգնման և օգտագործման առավել արդյունավետ համակարգեր ու մեթոդներ.

է) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` համագործակցում է օտարերկրյա արխիվների ու արխիվային ծառայությունների հետ, արխիվային գործի և գործավարության բնագավառում մասնակցում միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքին.

ը) լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ համալրման աղբյուրների ցանկի և արխիվում պահպանության ենթակա փաստաթղթերի կազմի, Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերն օտարելիս պետության անունից առաջնային գնման վերաբերյալ.

թ) մասնակցում է արխիվային գործի ավտոմատ տեղեկատվական համակարգերի մշակման, ներդրման և օգտագործման, տեղեկատվական ցանցի և էլեկտրոնային տվյալների միասնական կենտրոնական շտեմարանի ստեղծման աշխատանքներին.

ժ) աջակցում է իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող արխիվների պահպանման գործին.

ժա) լիազորված պետական մարմին է ներկայացնում արխիվային գործի և գործավարության բնագավառում վարչական վիճակագրությունը.

ժբ) պատրաստում և հրատարակում է գիտական աշխատություններ, մենագրություններ, Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի, դրանց կազմի և բովանդակության վերաբերյալ գիտատեղեկատվական և գիտահանրամատչելի գրականություն, տեղեկագրեր, ուսումնական ու գործնական ձեռնարկներ, քարոզչական բնույթի և գովազդային նյութեր.

ժգ) կազմակերպում է արխիվագիտության, հնագրագիտության, փաստաթղթավարության, այլ օժանդակ պատմական գիտությունների հիմնախնդիրներին նվիրված գիտական նստաշրջաններ, համաժողովներ, գիտագործնական սեմինարներ և խորհրդակցություններ.

ժդ) ուսումնասիրում է հետադարձ տեղեկատվության հասարակական պահանջները, փաստաթղթերի նպատակային և արդյունավետ օգտագործումը.

ժե) քննարկում է քաղաքացիների նամակները (դիմումները և բողոքները), լուծում բարձրացված հարցերը:

11. Պետական կազմակերպությունը, որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացնում է`

ա) արխիվային վավերագրերի հրատարակություն.

բ) փաստաթղթերի պատճենների տրամադրում.

գ) ֆիզիկական և իրավաբանական անձանց արխիվագիտական ծառայությունների մատուցում.

դ) փաստաթղթերի և գրականության վերականգնում ու կազմապատում.

ե) արխիվային տուփերի, արկղերի և արխիվային փաստաթղթերի ապահովագրական պատճենների պատրաստում:

Պետական կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

 

III. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

12. Պետական կազմակերպությունը ֆինանսավորվում է`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` սուբսիդիայի ձևով.

բ) միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցներից.

գ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթից.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից:

Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորման չափերի նվազեցմանը:

13. Պետական կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված հետևյալ նպատակների իրականացման համար`

ա) պետական կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.

բ) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) մասին տեղեկատվություն ներկայացնելը և հանրահռչակման միջոցառումների իրականացումը (գովազդներ, հայտարարություններ, խորհրդակցություններ և այլն).

գ) արխիվային գործին վերաբերող գրականության ձեռքբերում, Հայաստանի ազգային արխիվային ֆոնդին (հավաքածուին) վերաբերող տեղեկությունները հասարակությանը մատչելի դարձնելու նպատակով գրքույկների և տեղեկագրերի հրատարակման կազմակերպում.

դ) պետական կազմակերպության աշխատողների կենսաապահովման բարձրացում` պարգևատրումների, հավելավճարների և խրախուսման այլ ձևերով.

ե) պետական կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերում.

զ) պետական կազմակերպության աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում կամ մասնակցություն կազմակերպված դասընթացներին.

է) լիազորված պետական մարմնի կողմից և պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ նպատակներ:

Պետական կազմակերպության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:

14. Պետական կազմակերպության ֆինանսական գործունեությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:

15. Պետական կազմակերպությունը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

16. Պետական կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա կողմից լիազորված մարմինը, կազմակերպության գործադիր մարմինը` տնօրենը:

17. Պետական կազմակերպության հիմնադիրն ունի պետական կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

ա) պետական կազմակերպության հիմնադրումը.

բ) պետական կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

գ) պետական կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրա մեջ փոփոխությունների կատարումը.

դ) պետական կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.

ե) օրենքով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

18. Լիազորված պետական մարմինն իրականացնում է պետական կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ իրականացման համար:

Լիազորված պետական մարմինը`

ա) հաստատում է պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.

բ) սահմանում է պետական կազմակերպության կառավարման համակարգը.

գ) նշանակում է պետական կազմակերպության լուծարման հանձնաժողովը և հաստատում լուծարման հաշվեկշիռը.

դ) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է պետական կազմակերպության կառավարման մարմինը և վաղաժամկետ դադարեցնում նրա լիազորությունները.

ե) իրականացնում է վերահսկողություն պետական կազմակերպության գործունեության նկատմամբ.

զ) կասեցնում կամ ուժը կորցրած ճանաչում պետական կազմակերպության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

է) լսում է պետական կազմակերպության գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

ը) իրականացնում է վերահսկողություն պետական կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

թ) իրականացնում է վերահսկողություն պետական կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, համաձայնություն է տալիս պետական կազմակերպությանը` նրան սեփականության իրավունքով հանձնված գույքի օտարման համար.

ժ) հաստատում է պետական կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.

ժա) հաստատում է պետական կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

ժբ) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրության նախատեսված այլ գործառույթներ:

19. Պետական կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է (նրա լիազորությունները դադարում են) լիազորված պետական մարմինը:

Պետական կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է պետական կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն` օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

20. Պետական կազմակերպության տնօրենի գործառույթներն իրականացնող անձի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրով սահմանվում են պետական կազմակերպության տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերն անհրաժեշտ կգտնեն: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

21. Պետական կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձը պարտավոր է չկատարել հիմնադրի լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

22. Պետական կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձի բացակայության դեպքում, նրան նշանակված մարմնի գրավոր որոշման համաձայն, այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:

23. Պետական կազմակերպության տնօրենը`

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս պետական կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի, լիազորված պետական մարմնի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է պետական կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) տալիս է պետական կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է պետական կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

է) սահմանում է պետական կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները, աշխատողների թիվը, աշխատանքի վարձատրության ձևերը, աշխատավարձի չափերն ու վճարման կարգը և հաստատում հաստիքացուցակը.

ը) հաստատում է պետական կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.

թ) նշանակում է պետական կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարներին.

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և պետական կազմակերպության կառավարման այլ մարմինների չվերապահված այլ լիազորություններ:

24. Պետական կազմակերպության հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են նրա բաժինները, բաժանմունքները և լաբորատորիաները, որոնք գործում են իրենց կանոնակարգերին համապատասխան:

Պետական կազմակերպության կառուցվածքի մեջ են մտնում նաև սպասարկող և օժանդակ բնույթի կառուցվածքային ստորաբաժանումները կամ առանձին հաստիքներ (հաշվապահություն, կադրային աշխատանք, գրասենյակ, տնտեսության վարում):

25. Պետական կազմակերպության գործունեության հիմնական հարցերի քննարկման, գիտամեթոդական և կազմակերպական աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով տնօրենին առընթեր ստեղծվում են խորհրդակցական մարմիններ` գիտական խորհուրդ և մեթոդական փորձագիտական հանձնաժողով:

Պետական կազմակերպության խորհրդակցական մարմիններն իրենց գործառույթներն իրականացնում են իրենց կանոնակարգերի հիման վրա: Պետական կազմակերպության խորհրդակցական մարմինների կազմում ընդգրկվում են պետական կազմակերպության ղեկավարները և մասնագետները, ինչպես նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Պետական կազմակերպության խորհրդակցական մարմինների կազմը և կանոնակարգը հաստատում է պետական կազմակերպության տնօրենը: Պետական կազմակերպության խորհրդակցական մարմինների որոշումներն իրականացվում են պետական կազմակերպության տնօրենի հրամաններով:

26. Պետական կազմակերպության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, պետական կազմակերպության աշխատանքային ներքին ու կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերով և այլ իրավական ակտերով:

27. Պետական կազմակերպության աշխատողների ատեստավորումը կազմակերպվում է յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակում:

Պետական կազմակերպության յուրաքանչյուր աշխատող ենթակա է ատեստավորման` յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ:

Ատեստավորման անցկացման կարգը հաստատում է լիազորված պետական մարմինը:

Տվյալ տարում ատեստավորման ենթակա աշխատողների ցուցակը հաստատում է պետական կազմակերպության տնօրենը:

 

V. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

28. Պետական կազմակերպության սեփականությունը ձևավորվում է պետական կազմակերպության հիմնադրման ժամանակ` հիմնադրման մասին հիմնադրի որոշմամբ լիազորված մարմնի սահմանված չափով հանձնված գույքից, հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև պետական կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

29. Պետական կազմակերպությունն իրավունք ունի, օրենքին, հիմնադրի որոշումներին և սույն կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

30. Պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ` բացառությամբ պետական կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

31. Պետական կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

32. Պետական կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

33. Հիմնադիրը կարող է պետական կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:

Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից պետական կազմակերպությանն ամրացված գույքը:

34. Պետական կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:

Պետական կազմակերպությունն իրավունք չունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության:

35. Հիմնադրի կողմից գույքը պետական կազմակերպությանն ամրացվելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

36. Հիմնադրի կողմից պետական կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ պետական կազմակերպության` օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

 

VI. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

37. Պետական կազմակերպությունն ունի մասնաճյուղեր` Հայաստանի Հանրապետության մարզերում (Երևան քաղաքում), և ներկայացուցչություններ` տարածաշրջաններում, որոնք գործում են սույն կանոնադրությանն ու իրենց կանոնադրություններին համապատասխան և ենթակա են հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

38. Պետական կազմակերպության մասնաճյուղերը և ներկայացուցչություններն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, պետական կազմակերպության և իրենց` հայերեն անվանմամբ կլոր կնիք ու ձևաթուղթ:

 

VII. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

39. Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի:

Պետական կազմակերպությունը կարող է դատական կարգով վերակազմակերպվել` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

40. Պետական կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

Պետական կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

Պետական կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

Պետական կազմակերպությունը կարող է դատական կարգով լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

41. Պետական կազմակերպության լուծարման դեպքում պետական կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

VIII. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

42. Սույն կանոնադրությամբ չպարզաբանված հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և գործող այլ իրավական ակտերին համապատասխան:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.03.2003
N 291-Ն
Որոշում