Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԿ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ     -ը:
 

(ուժը կորցրել է 19.03.02 թիվ 68 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 1996 թվականի թիվ 140

 

i

ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հաստատել «Բանկերի վերակազմավորման և լուծարման մասին» կանոնակարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 14-ի թիվ 116 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, դրանց, ինչպես նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման, գրանցման, արտոնագրման և գործունեության դադարեցման մասին» կանոնակարգի 7-րդ բաժինը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

i

/փոփ. 13.09.96 թիվ 6 որոշում/

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական

բանկի վարչության 1996 թվականի

օգոստոսի 16-ի թիվ 140 որոշմամբ

 

                     Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ    6

 

ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Բանկերի վերակազմավորումը և լուծարումը կարգավորվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Բանկերի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնակարգով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

 

ԳԼՈՒԽ 1. ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ Կանոն 1. Բանկերի վերակազմավորում հասկացությունը

 

1. Բանկերի վերակազմավորումը բանկի միաձուլումն է մեկ այլ բանկի հետ, բանկի վերափոխումն է այլ կազմակերպաիրավական տեսակի` առանց լուծարման ընթացակարգ անցնելու:

2. Բանկը համարվում է վերակազմավորված` վերակազմավորման գործարքը (պայմանագիրը) ՀՀ կենտրոնական բանկում գրանցելու պահից:

 

Կանոն 2. Բանկերի վերակազմավորման հիմքերը

 

Բանկերի վերակազմավորումը կատարվում է բանկի կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ, ինչպես նաև դատարանի որոշմամբ` «Բանկերի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում:

Բանկի կառավարման բարձրագույն մարմին է հանդիսանում բանկի մասնակիցների (հիմնադիրների, բաժնետերերի, փայատերերի, անդամների) ընդհանուր ժողովը:

 

ԳԼՈՒԽ 2. ԲԱՆԿԵՐԻ ՄԻԱՁՈՒԼՈՒՄԸ Կանոն 3. Բանկերի միաձուլում հասկացությունը

 

1. Բանկերի միաձուլում է համարվում մեկ կամ ավելի բանկերի (միաձուլվող բանկեր) գործունեության դադարումը` նրանց իրավունքների (ակտիվների) և պարտականությունների (պարտավորությունների) փոխանցմամբ այլ բանկի (պահպանվող բանկ):

2. Միաձուլվող բանկերը կնքում են միաձուլման գործարք (պայմանագիր), որը հաստատվում է միաձուլվող յուրաքանչյուր բանկի և պահպանվող բանկի կառավարման բարձրագույն մարմինների կողմից:

 

Կանոն 4. Բանկերի միաձուլման համար անհրաժեշտ պայմանները

 

1. Մեկ կամ մի քանի բանկեր կարող են միաձուլվել, եթե գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր բանկի կառավարման բարձրագույն մարմինը, տվյալ բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով, այդ մասին որոշում է ընդունում և հաստատում է միաձուլման ծրագիրը:

Գործարքի կողմ հանդիսացող բանկերն են` միաձուլվող բանկերը և պահպանվող բանկը:

2. Առանց ՀՀ կենտրոնական բանկի համաձայնության` միաձուլման գործարքը կամ գործարքները իրավական ուժ չունեն:

 

Կանոն 5. Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը

 

1. Միաձուլվող և պահպանվող բանկերը միաձուլման գործարքը (պայմանագիրը) հաստատելուց հետո` տասնօրյա ժամկետում, դիմում են ՀՀ կենտրոնական բանկ` վերջինիս համաձայնությունը ստանալու նպատակով` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

միջնորդագիր` կնքված միաձուլվող յուրաքանչյուր բանկի և պահպանվող բանկի կնիքով և ստորագրված դրանց իրավասու պաշտոնատար անձանց կողմից.

միաձուլման գործարքը (պայմանագիրը).

միաձուլման ծրագրի նախագիծը.

միաձուլվող յուրաքանչյուր բանկի և պահպանվող բանկի կառավարման բարձրագույն մարմնի որոշումը կամ քաղվածք արձանագրությունից` միաձուլման գործարքը հաստատելու մասին.

պահպանվող բանկի կանոնադրությունը կամ կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները և լրացումները:

2. Միաձուլման գործարքը (պայմանագիրը) պետք է բովանդակի դրույթներ միաձուլվող յուրաքանչյուր բանկի և պահպանվող բանկի պարտատերերի և պարտապանների հանդեպ բոլոր պարտավորությունների իրավահաջորդության վերաբերյալ:

 

Կանոն 6. Միաձուլման ծրագիրը

 

Միաձուլման ծրագիրը սահմանում է`

ա) միաձուլվող յուրաքանչյուր բանկի անվանումը և պահպանվող այն բանկի անվանումը, որի հետ նրանք միաձուլվում են.

բ) միաձուլման կարգը, պայմանները և ժամկետները.

գ) միաձուլվող յուրաքանչյուր բանկի բաժնեմասերը` պահպանվող բանկի բաժնեմասերի, պարտավորությունների, այլ արժեթղթերի, դրամի կամ այլ միջոցների հետ ամբողջությամբ կամ մասամբ փոխանակելու եղանակը և ձևը.

դ) միաձուլվող և պահպանվող բանկերի բաժնետոմսերի դիմաց շահաբաժիններ ստանալու կարգը և պայմանները.

ե) քվեարկության կարգը մասնակիցների ընդհանուր ժողովում, մասնակիցների ձայների բաշխման կարգը.

զ) միաձուլման տնտեսագիտական հիմնավորումը, որը պետք է ներառի տեղեկություններ այն մասին, որ նախատեսվող գործարքը չի հանգեցնի դրա կողմերից որևէ մեկի կամ որևէ այլ անձի մենաշնորհ դիրքին բանկային շուկայում, և նախատեսվող գործարքի կողմ հանդիսացող բանկի կամ բանկերի ֆինանսական վիճակն էականորեն չի վտանգվի:

Միաձուլման տնտեսագիտական հիմնավորումը պետք է ներառի նաև տեղեկություններ պահպանվող բանկի ներքին կազմակերպական կառուցվածքի, նախատեսվող ֆինանսական գործառնությունների ու գործունեության հիմնական ուղղությունների ակտիվների, պասսիվների մոտավոր կազմի, կառուցվածքի մասին, բանկի գործունեության առաջին երկու տարվա կանխատեսվող հաշվեկշռի, շահույթների և վնասների հաշվարկը գործունեության յուրաքանչյուր տարվա վերջի դրությամբ.

է) միաձուլման գործարքով (պայմանագրով) սահմանված այլ պայմանները, ինչպես նաև այլ տեղեկություններ միաձուլման գործարքի կողմերի հայեցողությամբ:

 

Կանոն 7. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերի քննման

ժամկետները: ՀՀ կենտրոնական բանկի համաձայնությունը

 

1. Սույն կանոնակարգի 5-րդ կանոնով նախատեսված բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո, հնարավոր կարճ ժամկետում, բայց ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը քննում է դրանք և կայացնում որոշում`

ա) միաձուլման գործարքին համաձայնություն տալու մասին, կամ

բ) միջնորդագիրը մերժելու մասին:

2. ՀՀ կենտրոնական բանկը մերժում է միջնորդագիրը և չի տալիս իր համաձայնությունը, եթե`

ա) նախատեսվող գործարքը (պայմանագիրը) կհանգեցնի դրա կողմերից որևէ մեկի կամ որևէ այլ անձի մենաշնորհ դիրքին բանկային շուկայում.

բ) նախատեսվող գործարքի կողմ հանդիսացող բանկի կամ բանկերի ֆինանսական վիճակն էականորեն կվտանգվի.

գ) միաձուլման գործարքին համաձայնություն տալու համար ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերի մեջ բացահայտվել են անարժանահավատ տվյալներ.

դ) ՀՀ կենտրոնական բանկը գտնում է, որ միաձուլման տնտեսագիտական հիմնավորումը բավարար չէ:

3. ՀՀ կենտրոնական բանկը որոշում կայացնելու պահից հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան սույն կանոնի 1-ին մասով նախատեսված ժամկետում, միաձուլման գործարքին (պայմանագրին) իր համաձայնությունը տալու կամ միջնորդագիրը մերժելու մասին ծանուցում է միաձուլման գործարքի (պայմանագրի) կողմերին:

4. Եթե ՀՀ կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում միաձուլման գործարքի (պայմանագրին) կողմերին չի տեղեկացնում նախատեսվող գործարքը սույն կանոնի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկով մերժելու մասին, համաձայնությունը համարվում է տրված:

 

Կանոն 8. Միաձուլման գործարքը (պայմանագիրը) հաստատելու և գրանցելու

համար ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը

 

1. ՀՀ կենտրոնական բանկի միաձուլման գործարքին (պայմանագրին) համաձայնություն տալու մասին ծանուցումն ստանալու պահից երկու ամսվա ընթացքում միաձուլման գործարքի (պայմանագրի) կողմերը, գործարքը (պայմանագիրը) հաստատելու և գրանցելու համար, ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում`

դիմում` միաձուլման գործարքը (պայմանագիրը) հաստատելու և գրանցելու մասին.

միաձուլման ծրագիրը` հաստատված միաձուլվող յուրաքանչյուր բանկի և պահպանվող բանկի կառավարման բարձրագույն մարմինների կողմից.

տեղեկանք` միաձուլվող յուրաքանչյուր բանկի և պահպանվող բանկի ձայների ընդհանուր թվի մասին.

տեղեկանք` միաձուլվող յուրաքանչյուր բանկի և պահպանվող բանկի, միաձուլման ծրագրին կողմ և դեմ քվեարկած ձայների ընդհանուր թվի մասին:

2. Սույն կանոնի առաջին մասով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական բանկ չդիմելու դեպքում` ՀՀ կենտրոնական բանկի որոշումը միաձուլման գործարքին (պայմանագրին) համաձայնություն տալու մասին` ուժը կորցնում է:

 

Կանոն 9. Միաձուլման գործարքի (պայմանագրի) հաստատումը և

գրանցումը

 

Սույն կանոնակարգի 8-րդ կանոնով նախատեսված փաստաթղթերը ստանալու պահից եռօրյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում և գրանցում է միաձուլման գործարքը (պայմանագիրը):

 

Կանոն 10. Միաձուլման իրավական հետևանքները

 

1. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից միաձուլման գործարքը հաստատելուց և գրանցելուց հետո`

ա) միաձուլման գործարքի (պայմանագրի) կողմ հանդիսացող բանկերը միաձուլվում են պահպանվող բանկի հետ և, բացառությամբ պահպանվող բանկի, մնացած բոլոր բանկերի գործունեությունը դադարում է, իսկ դրանց բանկային գործունեության լիցենզիաներն ուժը կորցնում են.

բ) միաձուլված բանկերի ամբողջ գույքը և մյուս միջոցները, մասնավորապես` միաձուլվող յուրաքանչյուր բանկի ընդհանուր կապիտալը, եկամուտները, ծախսերը, անցնում են պահպանվող բանկին` սեփականության իրավունքով.

գ) պահպանվող բանկը ստանձնում է միաձուլված բանկերի բոլոր պարտավորությունները.

դ) մինչև միաձուլման գործարքը` միաձուլված բանկերի հանդեպ հարուցված իրավական վարույթները կարող են շարունակվել պահպանվող բանկի մասնակցությամբ.

ե) միաձուլման ծրագրով նախատեսված պահպանվող բանկի կանոնադրության մեջ փոփոխությունները և լրացումներն իրավական ուժ են ստանում.

զ) միաձուլվող յուրաքանչյուր բանկի բաժնետոմսերը (բաժնեմասերը), որոնք, ըստ միաձուլման ծրագրի, ենթակա են փոխանակման պահպանվող բանկի կամ այլ անձի բաժնետոմսերի (բաժնեմասերի), պարտավորությունների և այլ արժեթղթերի, դրամական և այլ միջոցների հետ, համարվում են փոխանակված.

է) միաձուլված յուրաքանչյուր բանկի նախկին մասնակիցները կարող են օգտվել միայն միաձուլման ծրագրով և Հայաստանի Հանրապետության օրենքներով ու այլ իրավական ակտերով իրենց վերապահված իրավունքներից:

2. ՀՀ կենտրոնական բանկի կողմից միաձուլման գործարքը (պայմանագիրը) հաստատելու և գրանցելու պահից մեկօրյա ժամկետում` միաձուլված բանկերը պարտավոր են ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել իրենց բանկային գործունեության լիցենզիաները:

3. ՀՀ կենտրոնական բանկում վարվող բանկերի գրանցումների մատյանում համապատասխան գրառում կատարելու պահից բանկերը համարվում են միաձուլված:

 

Կանոն 11. Դուստր բանկի միաձուլումը մայր բանկի հետ

 

1. Եթե բանկը (մայր բանկ) ունի դուստր բանկի յուրաքանչյուր տեսակի բաժնետոմսերի (բաժնեմասերի) մինչև 90 %-ը, ապա դուստր բանկը մայր բանկի հետ կարող է միաձուլվել, եթե միաձուլման գործարքը (պայմանագիրը) հաստատվում է մայր բանկի և դուստր բանկի կառավարման բարձրագույն մարմինների կողմից:

2. Այն բանկը (մայր բանկ), որն ունի դուստր բանկի յուրաքանչյուր տեսակի բաժնետոմսերի (բաժնեմասերի) 90%-ը կամ ավելին, կարող է իր տնօրենների խորհրդի որոշմամբ միաձուլել դուստր բանկն իր հետ` առանց իր կամ դուստր բանկի բաժնետերերի համաձայնության:

3. Միաձուլման ծրագիրը սահմանում է`

ա) դուստր բանկի և մայր բանկի ֆիրմային անվանումը.

բ) միաձուլման կարգը, պայմանները և ժամկետները.

գ) դուստր բանկի բաժնեմասերը մայր բանկի կամ այլ անձի բաժնեմասերի, պարտավորությունների, այլ արժեթղթերի, դրամի կամ այլ միջոցների հետ ամբողջությամբ կամ մասամբ փոխանակելու եղանակն ու ձևը:

4. Մայր բանկի խորհրդի կողմից դուստր բանկն իր հետ միաձուլելու մասին որոշում կայացնելու պահից 10-օրյա ժամկետում` մայր բանկը միաձուլման համառոտ ծրագիրը ծանուցում է դուստր բանկի յուրաքանչյուր բաժնետիրոջը: Այդ ծանուցումը կատարելուց հետո ոչ շուտ, քան 30 օր հետո, մայր բանկը միաձուլման գործարքը ներկայացնում է ՀՀ կենտրոնական բանկի հաստատմանը և գրանցմանը` ներկայացնելով սույն կանոնակարգի 6-րդ և 8-րդ կանոններով նախատեսված փաստաթղթերը:

5. ՀՀ կենտրոնական բանկը հաստատում և գրանցում է միաձուլման գործարքը` սույն կանոնակարգի 9-րդ կանոնով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 3. ԲԱՆԿԻ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ Կանոն 12. Բանկի վերափոխում հասկացությունը

 

1. Բանկի վերափոխումը նրա կազմակերպական-իրավական տեսակի կամ ձևի փոփոխությունն է կամավոր հիմունքներով կամ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հիմքերով:

2. Բանկերը կարող են վերափոխվել բաց կամ փակ բաժնետիրական, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կամ կոոպերատիվ բանկերի, եթե այդ վերափոխումը չի հակասում օրենքի պահանջներին:

 

Կանոն 13. Բանկի վերափոխման համար անհրաժեշտ պայմանները

 

1. Վերափոխման միջոցով վերակազմավորման մասին որոշումը պետք է ընդունվի վերափոխման միջոցով վերակազմավորվող բանկի կառավարման բարձրագույն մարմնի կողմից, որը պետք է հաստատի բանկի վերափոխման կարգը և պայմանները, վերափոխման միջոցով վերակազմավորվող բանկի բաժնետոմսերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը բաց կամ փակ բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկի բաժնետոմսերի և (կամ) այլ արժեթղթերի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկի բաժնեմասերի կամ կոոպերատիվ բանկի փայաբաժինների, ինչպես նաև փոխանցման ակտը:

2. Վերափոխման միջոցով ստեղծվող բանկի հիմնադիր փաստաթուղթը (կանոնադրությունը) և դրա կառավարման մարմինները հաստատվում և ընտրվում են կազմակերպական-իրավական նոր տեսակի վերափոխված բանկի մասնակիցների ընդհանուր ժողովում` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

3. Բանկի վերափոխման դեպքում` վերափոխված բանկը հանդիսանում է վերափոխման միջոցով վերակազմավորվող բանկի իրավահաջորդը:

 

Կանոն 14. Բանկի վերափոխման գրանցման համար ՀՀ կենտրոնական բանկ

ներկայացվող փաստաթղթերը

 

Վերափոխման միջոցով վերակազմավորվող բանկի հիմնադիր փաստաթղթում կատարվում են համապատասխան փոփոխություններ, որոնք վերափոխվող բանկի մասնակիցների ընդհանուր ժողովում հաստատվելուց հետո` հնգօրյա ժամկետում, ներկայացվում են ՀՀ կենտրոնական բանկ` կատարված փոփոխությունները գրանցելու համար:

 

Կանոն 15. Վերափոխման գրանցումը ՀՀ կենտրոնական բանկի կողմից

 

1. ՀՀ կենտրոնական բանկը, վերափոխման միջոցով վերակազմավորվող բանկի հիմնադիր փաստաթղթում կատարված փոփոխությունները, գրանցում է կանոնակարգ 1-ով սահմանված կարգով:

2. ՀՀ կենտրոնական բանկում վարվող բանկերի գրանցումների մատյանում համապատասխան գրառում կատարելու պահից բանկը համարվում է վերափոխված:

 

ԳԼՈՒԽ 4. ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ Կանոն 16. Բանկի լուծարման հիմքերը

 

Բանկի լուծարում տեղի է ունենում հետևյալ դեպքերում`

լիցենզիան անվավեր ճանաչելու.

լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու.

բանկի ինքնալուծարման.

բանկի անվճարունակության հետևանքով բանկը օրենքով սահմանված կարգով այլ բանկի հետ միաձուլելու կամ լուծարելու.

օրենքով նախատեսված այլ հիմքերով:

 

Կանոն 17. Լուծարային հանձնաժողովը

 

1. Լուծարային հանձնաժողովը ստեղծվում է բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով` բանկը լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու և պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով: Այն կազմված է առնվազն 5 անդամներից:

2. Բանկի լուծարային հանձնաժողովը հանդիսանում է բանկի իրավահաջորդը:

3. Մինչև լուծարային հանձնաժողովի աշխատանքները սկսելը` դադարեցվում է լուծարվող բանկի` ՀՀ կենտրոնական բանկում թղթակցային հաշվով գործառնությունների կատարումը, բացառությամբ այն գործառնությունների, որոնք կապված են բանկի նկատմամբ եղած պարտավորությունների կատարման հետ:

4. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից նրան են անցնում բանկի գործերի կառավարման իրավասությունները:

5. Լուծարային հանձնաժողով ստեղծելուց հետո` 3 օրվա ընթացքում, բանկը հայտարարություն է տալիս մամուլում և ծանուցում է ՀՀ կենտրոնական բանկին` բանկի լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետի և կարգի մասին:

6. Լուծարային հանձնաժողովն իր նշանակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, իրականացնում է լուծարման հետ կապված հետևյալ միջոցառումները`

հաշվեգրում և գնահատում է լուծարվող բանկի ակտիվներն ու պասսիվները.

հայտնաբերում է բանկի պարտապաններին և սահմանում լուծարվող բանկի կողմից տրված վարկերի ժամկետից շուտ վերադարձնելու կարգը.

միջոցներ է ձեռնարկում լուծարվող բանկի ակտիվներն առավել շահավետ իրացնելու համար.

միջոցներ է ձեռնարկում լուծարվող բանկի նկատմամբ առկա պարտավորությունների ապահովման ուղղությամբ,

որոշում է բանկի պարտավորությունների կատարումից հետո մնացած միջոցները մասնակիցների միջև բաշխելու կարգը:

7. Բանկի պարտատերերի պահանջները բավարարվում են լուծարային միջոցների` սեփականության իրավունքով բանկին պատկանող գույքի (միջոցների) հաշվին:

 

Կանոն 18. Լուծարային հանձնաժողովի կողմից ՀՀ կենտրոնական բանկ

ներկայացվող հաշվետվությունները և դրանց ներկայացման

ժամկետները

 

Լուծարային հանձնաժողովը պարտավոր է առնվազն ամիսը մեկ անգամ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություն իր գործունեության վերաբերյալ:

 

Կանոն 19. Լուծարային հանձնաժողովի գործունեության արդյունքների

վերաբերյալ հաշվետվության հաստատումը

 

1. Լուծարային միջոցների բաշխումից հետո լուծարային հանձնաժողովը ամփոփ հաշվետվություն է ներկայացնում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդին` իր գործունեության արդյունքների վերաբերյալ:

2. Ներկայացված ամփոփ հաշվետվությունը ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատվելուց հետո` բանկը համարվում է լուծարված, իսկ լուծարային հանձնաժողովն ազատվում է բանկի լուծարման հետ կապված իր վրա դրված պարտավորություններից:

3. Բանկի լուծարման մասին ՀՀ կենտրոնական բանկում վարվող բանկերի գրանցումների մատյանում և ձեռնարկությունների պետական ռեգիստրում համապատասխան գրառում է կատարվում:

4. Լուծարային հանձնաժողովը բանկի լուծարման վերաբերյալ տեղեկանք է հրապարակում:

 

Կանոն 20. Լուծարման դեպքում լիցենզիան ՀՀ կենտրոնական բանկ

վերադարձնելու կարգն ու ժամկետները

 

1.Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու, բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ինքնալուծարում թույլատրելու մասին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման ուժի մեջ մտնելու, ինչպես նաև անվճարունակ բանկի նկատմամբ լուծարային կառավարում սկսելու մասին, դատարանի որոշման կայացման կամ լիցենզիան անվավեր ճանաչելու մասին դատարանի որոշումը ուժի մեջ մտնելու պահից` բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին տրված լիցենզիան համարվում է անվավեր կամ ուժը կորցրած, բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը զրկվում է բանկային գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են նրա պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը:

2. Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու, բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ինքնալուծարում թույլատրելու մասին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումները, ինչպես նաև անվճարունակ բանկի նկատմամբ լուծարային կառավարում սկսելու մասին կամ լիցենզիան անվավեր ճանաչելու մասին դատարանի որոշումները հրապարակվում են : Այդ որոշումների ընդունման մասին ՀՀ կենտրոնական բանկը կամ դատարանը, օրենքով սահմանված ժամկետներում, ծանուցում են բանկին, նրա մասնաճյուղերին և ներկայացուցչություններին: Ծանուցումը ստանալու պահից մեկ օրվա ընթացքում բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը պարտավոր են լիցենզիան վերադարձնել ՀՀ կենտրոնական բանկ:

 

ԳԼՈՒԽ 5. ԲԱՆԿԻ ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՈՒՄԸ Կանոն 21. Բանկի ինքնալուծարման համար անհրաժեշտ պայմանները

 

1. Բանկի ինքնալուծարման մասին բանկի կառավարման բարձրագույն մարմինն ընդունում է որոշում և, ինքնալուծարման թույլտվություն ստանալու համար, որոշում ընդունելու պահից սկսած հնգօրյա ժամկետում, դիմում է ՀՀ կենտրոնական բանկ` կցելով ինքնալուծարումը հիմնավորող փաստաթղթեր:

 

Կանոն 22. Ինքնալուծարումը հիմնավորող ՀՀ կենտրոնական բանկ

ներկայացվող փաստաթղթերը

 

Ինքնալուծարման հիմնավորման համար` ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերն են`

բանկի կառավարման բարձրագույն մարմնի կողմից ընդունված ինքնալուծարման մասին որոշումը (կամ պատճենը).

բանկի ամփոփ հաշվեկշիռը.

տեղեկանք այն մասին, թե բանկի ինքնալուծարման դեպքում բանկն ի վիճակի

կլինի բավարարել իր պարտատերերի պահանջները:

 

Կանոն 23. Ինքնալուծարման համար ՀՀ կենտրոնական բանկի թույլտվությունը

 

1. Սույն կարգի 22-րդ կանոնում թվարկված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը տասնօրյա ժամկետում ուսումնասիրում է դրանք և կայացնում հետևյալ որոշումներից մեկը`

բանկի ինքնալուծարումը թույլատրելու մասին.

բանկի ինքնալուծարումը մերժելու մասին:

2. ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել ինքնալուծարման մասին դիմումը, եթե ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով`

բանկի ինքնալուծարման դեպքում բանկն ի վիճակի չի լինի լրիվ բավարարել իր պարտատերերի պահանջները,

ինքնալուծարումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ապակայունացմանը: Այս դեպքում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը կարող է երկարաձգել բանկի գործունեությունը` մինչև երկու տարի ժամկետով:

 

Կանոն 24. Լուծարման նախագիծը

 

1. ՀՀ կենտրոնական բանկի կողմից ինքնալուծարման թույլտվություն ստանալուց հետո, 10 օրյա ժամկետում բանկը ՀՀ կենտրոնական բանկի հաստատմանը պետք է ներկայացնի բանկի կառավարման բարձրագույն մարմնի կողմից ընդունված լուծարման նախագիծ:

2. Լուծարման նախագիծն ընդգրկում է`

բանկի պարտատերերի օրինական պահանջների բավարարմանն ուղղված միջոցառումները.

բանկի նկատմամբ առկա պարտավորությունների կատարմանն ուղղված միջոցառումները.

բանկի ամփոփ հաշվեկշիռը.

բանկի լուծարման կարգը, պայմանները և ժամկետները.

լուծարային հանձնաժողովի լիազորությունները.

լուծարման ընթացքում բանկի գործունեության կարգը.

լուծարման ընթացակարգի այլ պայմաններ:

 

Կանոն 25. Լուծարման նախագծի հաստատումը ՀՀ ԿԲ կողմից

 

Ներկայացված լուծարման նախագիծը ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատվելուց հետո` սկսվում է բանկի լուծարման ընթացակարգը` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված կարգով:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
16.08.1996
N 140
Որոշում