Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԹԱՆԿԱՐԺԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ Ե ...

03.09.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.12.2011  -ից մինչեւ   03.09.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 09.08.18 թիվ 907-Ն որոշում)

i

040.0737.240603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2003 թվականի N 737-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 163 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ և 11-րդ հոդվածի 1-ին մասերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 19-ի «Թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանի կանոնադրությունը հաստատելու մասին» N 163 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 15.05.08 թիվ 499-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 2-ի N 737-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի պետական պահուստների ձևավորման, համալրման և կառավարման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը փոփ. 12.05.11 թիվ 581-Ն որոշում)

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է սույն կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, նախարարի հրամաններով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու գործակալության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության արտադրական, ֆինանսական, գիտական, մշակութային, ներդրումային ու այլ կարիքների բավարարման նպատակով թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների ձևավորման, համալրման, պահպանության, տեղաբաշխման ու ծախսման ապահովումը: Պետական սեփականություն հանդիսացող բոլոր թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի (ցանկացած տեսքով և վիճակում)` պետական պահուստներում միասնական հաշվառման ու հաշվեգրման ապահովումը.

բ) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արդյունահանման, արտադրության, օգտագործման, շրջանառության, տեղաբաշխման և պահպանության բնագավառում գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների և առաջատար փորձի արմատավորման ապահովումը:

Հայրենական արտադրանքի համար նոր շուկաների յուրացման նպատակով գործադիր իշխանության այլ մարմինների հետ համատեղ մեթոդական և տեղեկատվական աջակցության ապահովումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեսակների, անվանացանկի ու ծավալների համաձայն թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների կուտակման ծրագրերի կատարումը, այդ արժեքների պահպանման, ցուցադրման, վերամշակման, զտման, մետաղական հաշիվներում տեղաբաշխման և կառավարման գործառույթների իրականացումը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

i

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 19.08.10 թիվ 1146-Ն որոշում)

բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 19.08.10 թիվ 1146-Ն որոշում)

գ) պետական պահուստներում կուտակելու նպատակով ներքին և արտաքին շուկաներից թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի ձեռքբերում, դրանց կուտակման գծով ծախսերի ֆինանսավորման ապահովում և տվյալ տարում դրանց համար վճարումների իրականացում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներին համապատասխան ստացված արժեքները մուտքագրելով պետական պահուստներ.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն բռնագանձված, բռնագրավված, հօգուտ պետությանը տիրազուրկ ճանաչված, ռեկվիզիցիայի կարգով, ժառանգության իրավունքով, նվիրատվությամբ ու այլ հիմքերով պետությանն անցած թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի, ինչպես նաև այդպիսի իրերի ջարդոնի` պետական պահուստներ մուտքագրման ապահովում.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և չափով թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի պետական պահուստներից բացթողում, բաց թողնված արժեքների դիմաց վճարումների գանձում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մաս մուտքագրում: Նախարարության միջոցով յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների համալրման ու ծախսման մասին մինչև հաջորդ տարվա մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն հաշվետվություն ներկայացնելը.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի պետական պահուստներում հաշվեգրման և միասնական հաշվառման ապահովում, դրանց առկայության և շարժի ամփոփ հաշվառում.

է) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստներում հաշվեգրված արժեքները տնօրինող, տիրապետող ու օգտագործող պետական հիմնարկներից իրենց կողմից օգտագործվող պետական պահուստների նյութական արժեքների առկայության, շարժի, որակական վիճակի, գույքագրումների և պահպանման պայմանների մասին փաստաթղթային տվյալներ ներկայացնել պահանջելը.

ը) գործադիր իշխանության մարմիններից իր կանոնադրական խնդիրների կատարման համար անհրաժեշտ համապատասխան տեղեկատվության և տվյալների պահանջում և ստացում.

թ) (թ ենթակետն ուժը կորցրել է 19.08.10 թիվ 1146-Ն որոշում)

ժ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բացթողման, ինչպես նաև պետական պահուստները համալրելու նպատակով թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի գնման գների հաստատում.

ժա) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի գները հրապարակելը և իրավասու պետական մարմիններ ներկայացնելը` այդ մետաղների և քարերի օգտակար հանածոների արդյունահանված պաշարների համար բնօգտագործման վճարները հաշվարկելու, ինչպես նաև մասնավորեցվող կամ սնանկացման գործընթացում գտնվող պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունների գույքի կազմում առկա թանկարժեք մետաղներն ու թանկարժեք քարերը գնահատելու նպատակով.

ժբ) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող պետական հիմնարկների հաշվեկշռում գտնվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի միասնական հաշվառում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահուստներում գտնվող արժեքների, այդ արժեքների իրացման գների, շահագործման կորուստների ու վերագնահատման արդյունքների վերաբերյալ համաձայնություն տալը` հիմք ընդունելով դրանց ներկայացվող` իրավական ակտերով սահմանված պահանջները և չափորոշիչները.

ժգ) (ժգ ենթակետն ուժը կորցրել է 19.08.10 թիվ 1146-Ն որոշում)

ժդ) (ժդ ենթակետն ուժը կորցրել է 19.08.10 թիվ 1146-Ն որոշում)

ժե) պետական հիմնարկներից ու կազմակերպություններից գույքի վերանորոգումից, դուրսգրումից և օտարումից գոյացած թանկարժեք մետաղների ջարդոնի ու թափոնի ընդունում, դրանց վերամշակման, զտման կազմակերպում և արտադրված թանկարժեք մետաղների` Հայաստանի Հանրապետության պետական պահուստներում հաշվեգրում.

ժզ) վերամշակման, վերանորոգման և զտման (աֆինաժի) մասին կնքված պայմանագրերի համաձայն վերամշակող, վերանորոգող ու զտող կազմակերպություններ զտված և ոչ կոնդիցիոն թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրերի և նյութերի, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնի առաքում.

ժէ) օրենքով սահմանված կարգով բնակչությունից թանկարժեք մետաղների, ինչպես նաև դրանցից պատրաստված իրերի ջարդոնների, թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների, թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված բարձր գեղարվեստական և պատմամշակութային արժեք ներկայացնող իրերի գնումների կազմակերպում և իրականացում` դրանք մուտքագրելով պետական պահուստներում.

ժը) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով պետական պաշտոնատար անձանց կողմից պաշտոնի բերումով ստացված թանկարժեք նվերների` պետական պահուստներում մուտքագրումը և (կամ) հաշվառումն ապահովելը.

ժթ) իր կողմից ժամանակավորապես ի պահ ընդունված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի տերերին վերադարձման ապահովում` դատական մարմինների վճիռների համաձայն.

ի) պետական պահուստներում մուտքագրված արժեքների ամենամյա գույքագրում, հաշվառում, այդ թվում` պետական պահուստներում հաշվեգրված և այլ սուբյեկտների հաշվեկշռում գտնվող արժեքների ամփոփ հաշվառում.

իա) գիտնականներից և համապատասխան կազմակերպությունների ու հիմնարկների մասնագետներից և ղեկավարներից կազմված խորհրդատվական ու փորձագիտական խորհուրդների և հանձնաժողովների ստեղծում պետական պահուստները համալրելու նպատակով ձեռք բերվող հազվագյուտ, պատմամշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերն ու դրանցից պատրաստված իրերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով փորձաքննության ենթարկելու և գնահատելու համար.

իբ) պետական պահուստներում գտնվող թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված մշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերի ցուցադրության կազմակերպում, Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում կազմակերպվող ոսկերչական իրերի ցուցահանդես-վաճառքներին մասնակցություն.

ժգ) (ժգ ենթակետն ուժը կորցրել է 19.08.10 թիվ 1146-Ն որոշում)

իդ) թանկարժեք քարերի դասակարգման, տեսակավորման, մշակման, փորձաքննության ու գնահատման համաշխարհային և հայրենական առաջավոր փորձի ուսումնասիրում ու ներդրում, այդ թվում` թանկարժեք քարերի գնահատման միասնական ստուգանմուշների պահպանում և կիրառում ու կադրերի վերապատրաստման կազմակերպում.

իե) թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի ներքին ու արտաքին շուկաների իրավիճակի ուսումնասիրում` պետական պահուստներն արդյունավետ կառավարելու նպատակով.

իզ) Հայաստանի Հանրապետության անունից օտարերկրյա պետությունների ու իրավաբանական անձանց միջև թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հանքահետախուզման, արդյունահանման, արտադրության, օգտագործման ու շրջանառության բնագավառում կնքվող պայմանագրերի տնտեսաիրավական փորձաքննության կատարմանը մասնակցություն.

իէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գործակալությանը վերապահված այլ խնդիրների և գործառույթների իրականացում.

իը) թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերի վրա անվանանիշի, հարգադրոշմի և տարբերանիշի դրոշմահետքի փորձաքննություն.

իթ) տարբերանիշերի պատվիրում, տրամադրում և հաշվառում, անվանանիշերի պատվիրում, տրամադրում և հաշվառում.

լ) «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալություն մուտքագրվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի փորձաքննություն, որակական գնահատման ապահովում և թանկարժեք մետաղների ստուգիչ տարրալուծումների կատարում, ինչպես նաև թանկարժեք քարերի անվանման որոշում և որակական գնահատման ապահովում.

լա) գանձարանում առկա թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների արժեքային գնահատում.

լբ) գանձարան մուտքագրվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի շուկայական գնահատում.

լգ) թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող, թանգարանային նմուշների ու արխիվային արժեքների փորձաքննության կատարում.

լդ) պետական մարմինների և դատարանների կողմից ընդունված որոշումների հիման վրա կատարվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի փորձաքննություն.

լե) հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննություն:

(8-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 67-Ն, 19.08.10 թիվ 1146-Ն, 15.12.11 թիվ 1833-Ն որոշումներ)

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գործակալության պետը պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին և գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Գործակալության պետը`

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների ու ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության կանոնադրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) կատարում է աշխատանքի բաշխում իր ենթակաների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ, և գործակալությունը կարող է ունենալ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի պահոցներ և ցուցասրահներ:

16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 2-ի N 737-Ն որոշման

 

i

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների հաշվառման և կառավարման բաժին

2. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի փորձագիտական և ապրանքագիտական բաժին

 

(կառուցվածքը փոփ. 15.12.11 թիվ 1833-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.05.2003
N 737-Ն
Որոշում