Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ...

 

 

i

ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր, երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման, ու հավասարության և փոխշահավետության հիման վրա առևտրատնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով պայմանավորվեցին ներքոհիշյալի վերաբերյալ.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը անհրաժեշտ բոլոր միջոցներ կձեռնարկեն երկու երկրների միջև երկարաժամկետ և կայուն առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը աջակցելու համար և այդ նպատակների համար կստեղծեն բարենպաստ պայմաններ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերը միմյանց համար առավել նպաստավոր պայմաններ են ստեղծում երկու երկրների ներմուծվող ու արտահանվող ապրանքների մաքսային հարկման, այլ հարկերի, մաքսային կարգավորման կանոնների, ինչպես նաև, մաքսային արարողությունների իրագործման նկատմամբ:

Տվյալ դրույթը չի վերաբերում.

1. Այն արտոնություններին, որոնք Պայմանավորվող կողմերից մեկը տրամադրել է կամ պետք է տրամադրի հարևան երկրներին` սահմանամերձ առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:

2. Այն արտոնություններին, որոնք Պայմանավորվող կողմերից մեկը տրամադրել է կամ պետք է տրամադրի մաքսային միությունների և ազատ առևտրի գոտիների անդամ պետություններին:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի դրույթների և յուրաքանչյուր երկրում գործող օրենսդրության հիման վրա կխթանեն ու կպաշտպանեն Պայմանավորվող կողմերից մեկի ներդրողների կապիտալ ներդրումները մյուս Կողմի տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերը յուրաքանչյուր երկրում գործող օրենսդրության շրջանակներում կնպաստեն երկու երկրների ընկերակցությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև տնտեսական համագործակցության տարբեր ձևերի զարգացմանը և դրա համար կստեղծեն բարենպաստ պայմաններ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Երկու երկրների արտաքին տնտեսական ու առևտրական գործունեությամբ զբաղվող ընկերակցությունները, ձեռնարկությունները և կազմակերպությունները առևտրային բանակցություններ կվարեն և պայմանագրեր կստորագրեն` հաշվի առնելով ստեղծված միջազգային առևտրական պրակտիկան:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը ապրանքների գները կհամաձայնեցնեն և կսահմանեն` ելնելով համաշխարհային շուկայում համապատասխան ապրանքների ընթացիկ գներից:

Ապրանքների դիմաց վճարումները պետք է իրականացվեն յուրաքանչյուր երկրում արժութային կարգավորման բնագավառում գործող օրենսդրությանը համապատասխան, երկու Կողմերի միջև համաձայնեցված ազատ փոխարկելի արժույթով հնարավոր է պայմանավորվածություն փոխհաշվարկների այլ ձևերի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության լիազորված բանկը և Չինաստանի բանկը պետք է սահմանեն սույն Համաձայնագրին համապատասխան իրականացվող առևտրատնտեսական բնույթի գործառնությունների գծով հաշվարկների ու վճարումների տեխնիկական կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման նպատակով Պայմանավորվող կողմերը միմյանց աջակցություն ցույց կտան առևտրական տոնավաճառների, ցուցահանդեսների և տեխնիկատնտեսական հարցերին նվիրված տոնավաճառների կազմակերպման գործում, ինչպես նաև առևտրական պատվիրակությունների և խմբերի փոխանակման ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, իր երկրի օրենսդրությանը համապատասխան, թույլ է տալիս իր տարածքում բացելու մյուս Կողմի ընկերակցությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների մշտական ներկայացուցչություններ, որոնք զբաղվում են առևտրատնտեսական գործունեությամբ, և ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմանները նշված ներկայացուցչությունների նորմալ աշխատանքի համար:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Պայմանավորվող կողմերը ցանկացած Կողմի առաջարկությամբ կարող են առևտրատնտեսական հարցերի շուրջ բանակցություններ վարել, հաջորդաբար Հայաստանի Հանրապետությունում և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Պայմանավորվող կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, կարող են փոփոխություններ և լրացումներ կատարել սույն Համաձայնագրում:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու օրվանից և կգործի հինգ տարվա ընթացքում: Եթե Պայմանավորվող կողմերից մեկը սույն Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին, այն ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ` մեկ տարով:

Սույն Համաձայնագրի գործողության ժամանակաընթացքում կնքված և դրա ժամկետը լրանալու պահին չավարտված պայմանագրերը պետք է կատարվեն սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

 

Կատարված է Երևան քաղաքում 1992 թվականի հունվարի 9-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չինարեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի հունվարի 9-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.01.1992
Համաձայնագիր