Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ելնելով երկու երկրներում գիտության և տեխնիկայի զարգացման շահերից,

առաջնորդվելով հավասարության և փոխշահավետության սկզբունքներով,

նկատի ունենալով, որ գիտատեխնիկական համագործակցությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսական զարգացմանը,

անհրաժեշտ համարելով այդ համագործակցության զարգացման համար ստեղծել երկարաժամկետ հիմքեր,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը կնպաստեն երկու երկրների միջև գիտատեխնիկական համագործակցության զարգացմանը, կորոշեն նման համագործակցության ուղղությունները և ոլորտները, ուշադրություն կդարձնեն համագործակցության այն ուղղությունների զարգացմանը, որոնք համապատասխանում են տվյալ ոլորտում երկու երկրների ազգային նախապատվություններին, գիտատեխնիկական համագործակցության համապատասխանեցմանը, առևտրատնտեսական համագործակցության խնդիրներին:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրին համապատասխան` Կողմերի միջև համագործակցությունը կարող է ընդգրկել.

1) գիտական և տեխնիկական պատվիրակությունների, առանձին գիտնականների և մասնագետների փոխանակություն,

2) գիտատեխնիկական տեղեկությունների և փաստաթղթերի, ապրանքների ու նյութերի նմուշների, «նոու-հաու»-ների և արտոնագրերի փոխանակություն,

3) գիտատեխնիկական համաժողովների և գիտական կոնֆերանսների կազմակերպում,

4) համատեղ հետազոտությունների և մշակումների իրագործում, ինչպես նաև դրանց արդյունքների փոխանակում,

5) գիտատեխնիկական համագործակցության այլ ձևեր, որոնք կարող են փոխհամաձայնեցվել:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերը կնպաստեն երկու երկրների համապատասխան գերատեսչությունների, կազմակերպությունների և ձեռնարկությունների միջև գիտատեխնիկական համագործակցությանը` սույն Համաձայնագրի շրջանակներում կնքված համաձայնագրերին կամ պայմանագրերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրի իրավասու մարմիններ են նշանակվում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությունը, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից` ՉԺՀ գիտության և կրթության պետական կոմիտեն:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը համաձայնեցին, որ համագործակցության ընթացքում ծագող առևտրական, ֆինանսական և իրավաբանական բնույթի հարցերը պետք է մտցվեն առանձին արձանագրությունների և պայմանագրերի մեջ, որոնք կկնքվեն երկու երկրներում գործող օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց կամ իրենց ներկայացուցիչների կողմից սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված գիտատեխնիկական տեղեկությունները և փաստաթղթերը չփոխանցել որևէ երրորդ կողմի առանց այդ տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացրած Կողմի պաշտոնական համաձայնության:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրից և կգործի հինգ տարվա ընթացքում: Ամեն անգամ այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամկետների համար, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը սույն Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ մյուս Պայմանավորվող կողմին գրավոր չծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր ցանկության վերաբերյալ:

 

Կատարվել է Պեկին քաղաքում 1992 թվականի հուլիսի 4-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և չինարեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Համաձայնագրին կից ռուսերեն տեքստը հանդիսանում է աշխատանքային:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի հուլիսի 4-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.1992
Համաձայնագիր