Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻՋԵ ...

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսուհետ` Կողմեր,

ցանկանալով աջակցել միմյանց միջև ավելի լայն տնտեսական համագործակցությանը մի Կողմի տարածքում մյուս Կողմի քաղաքացիների և ընկերությունների ներդրումների նկատմամբ,

ընդունելով, որ նման ներդրումների պայմանակարգի մասին համաձայնագիրը կխթանի մասնավոր կապիտալի հոսքը և Կողմերի տնտեսական զարգացումը,

համաձայնելով, որ կապիտալ ներդրումների իրականացման արդարացի և անկողմնակալ պայմանակարգը ցանկալի է, որպեսզի պահպանվի ներդրումների և տնտեսական ռեսուրսների լավագույն օգտագործման ամուր կառուցվածք,

ընդունելով, որ տնտեսական և գործնական կապերի զարգացումը կնպաստի երկու Կողմերի աշխատավորության բարեկեցությանը և կաջակցի աշխատավորության միջազգային ճանաչմանը արժանացած իրավունքները հարգելուն,

ընդունելով կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ պայմանագրի կնքման մասին որոշում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Սույն Պայմանագրի նպատակների համար.

ա) «ներդրում» նշանակում է Կողմերից մեկի տարածքում ցանկացած տեսակի ներդրում, որը պատկանում է մյուս Կողմի քաղաքացիներին կամ ընկերություններին կամ գտնվում է նրանց ուղղակի կամ անուղղակի հսկողության տակ, ինչպիսիք են բաժնետոմսը, պարտքային պարտավորությունը, ծառայությունը և ներդրման պայմանագրերը, և իր մեջ ներառում է.

1/ նյութական և ոչ նյութական գույքը, այդ թվում` այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են գրավադրումները, գրավականները, պարտապանի գույքի վրա կալանք դնելու իրավունքը,

2/ ցանկացած ընկերություն կամ բաժնետոմսեր կամ այլ շահեր ընկերությունում կամ տոկոսներ ակտիվներից,

3/ դրամի կամ տնտեսական արժեք ունեցող ցանկացած գործարքի նկատմամբ պահանջներ` կապված ներդրումների հետ,

4/ մտավոր սեփականությունը, որը ներառում է, inter alia, իրավունքներ, որոնք վերաբերում են`

- գրական և գեղարվեստական ստեղծագործություններին, այդ թվում` ձայնագրություններին,

- գյուտարարությանը` մարդկային գործունեության բոլոր բնագավառներում,

- արտադրական նախագծերին,

- կիսահաղորդիչ դիմակային աշխատանքներին,

- առևտրական գաղտնիքներին, «նոու-հաուներին», ձեռներեցության գաղտնի տեղեկատվությանը, և ապրանքանիշերին, ծառայողական նշաններին և առևտրային անվանումներին, և

5/ օրենքով կամ պայմանագրով տրվող ցանկացած իրավունք, ինչպես նույն օրենքից բխող ցանկացած արտոնագիր և թույլտվություն,

բ) Կողմի «ընկերություն» նշանակում է ցանկացած կորպորացիա, որը հիմնվել է որևէ Կողմի օրենքների կամ կանոնակարգերի կամ դրա քաղաքական ստորաբաժանման համաձայն` անկախ նրանից` կազմավորվել է դրամական շահույթ ստանալու նպատակով, թե ոչ, կամ տնօրինվո՞ւմ է կամ վերահսկվում մասնավորի կամ կառավարության կողմից,

գ) Կողմի «քաղաքացի» նշանակում է ֆիզիկական անձ, որը հանդիսանում է Կողմի քաղաքացի` Կողմի գործող օրենքներին համապատասխան,

դ) «եկամուտ» նշանակում է ներդրումներից ստացված կամ նրա հետ կապված գումար, ներառյալ շահույթը, շահաբաժինը, տոկոսները, կապիտալ արժեքի աճից ստացված եկամուտները, հեղինակային իրավունքները, ինչպես նաև կառավարման, տեխնիկական օգնության կամ այլ վճարումները, եկամուտները` բնեղեն արտահայտությամբ,

ե) «ներդրումների հետ կապված գործունեությունները» ներառում են`

ընկերությունների, բաժանմունքների, գործակալությունների, գրասենյակների, գործարանների կամ գործարար գործունեության այլ հնարավորությունների կազմակերպումը, վերահսկումը, շահագործումը, պահպանումը և տնօրինումը,

պայմանագրերի կատարումը, իրագործումը և կիրարկումը,

տարբեր տեսակի գույք ձեռք բերելը, օգտագործումը, պաշտպանությունը և տնօրինումը, ներառյալ մտավոր սեփականության իրավունքները,

միջոցների փոխառությունը,

բաժնետոմսերի և այլ արժեթղթերի գնում, թողարկում և վաճառք, ինչպես նաև արտասահմանյան արժույթի գնումը` ներմուծումների համար:

2. Կողմերից յուրաքանչյուրին իրավունք է վերապահվում մերժելու ցանկացած ընկերության սույն Պայմանագրի առավելությունները տրամադրելը, եթե այդ ընկերությունը կառավարվում է որևէ երրորդ պետության քաղաքացիների կողմից, իսկ մյուս Կողմի ընկերության դեպքում այդ ընկերությունը ոչ մի էական գործարար գործունեություն չի ծավալում մյուս Կողմի տարածքում կամ կառավարվում է երրորդ Կողմի քաղաքացիների կողմից, որի հետ մերժող Կողմը նորմալ տնտեսական հարաբերություններ չի պահպանում:

3. Ակտիվների ներդրման կամ կրկնակի ներդրման ձևերի ոչ մի փոփոխություն չի կարող ազդել դրա բնույթի վրա` որպես ներդրում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Կողմերից յուրաքանչյուրը կթույլատրի կատարել ներդրումներ և ծավալել դրա հետ կապված գործունեություն ու կստեղծի ոչ պակաս բարենպաստ պայմաններ, քան նման իրավիճակում ներդրումներ և համատեղ գործունեություն իրականացնող իր քաղաքացիների կամ ընկերությունների կամ ցանկացած երրորդ պետության քաղաքացիների կամ ընկերությունների համար` կախված նրանից, թե նրանցից որն է ավելի նպաստավոր պայմանով, որ յուրաքանչյուր Կողմն իրավունք ունի սահմանել կամ պահպանել բացառություններ այն ոլորտներում, որոնք թվարկվել են սույն Պայմանագրի Հավելվածում: Կողմերից յուրաքանչյուրը համաձայն է նախապես կամ սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրից ծանուցել մյուս Կողմին բոլոր այն օրենքների ու կանոնակարգերի մասին, որոնք վերաբերում են Հավելվածում թվարկված ճյուղերին կամ ոլորտներին: Բացի դրանից, Կողմերից յուրաքանչյուրը համաձայնում է մյուս Կողմին տեղեկացնել Հավելվածում թվարկված ոլորտներին կամ ճյուղերին վերաբերող հետագա ցանկացած բացառության մասին և նման բացառությունները հասցնել նվազագույնի: Որևէ Կողմի կողմից ցանկացած հետագա բացառություն չի կիրառվի այդ ճյուղում կամ ոլորտում առկա ներդրման նկատմամբ բացառությամբ ուժի մեջ մտնելուց հետո: Ցանկացած բացառության հիման վրա տրամադրվող պայմանակարգը, բացի նրանցից, որոնք նշված են Հավելվածում, կլինեն ոչ պակաս բարենպաստ, քան նրանք, որոնք նման դեպքում տրամադրվում են ցանկացած երրորդ պետության քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումների և դրանց հետ կապված գործունեության նկատմամբ:

2. ա) Ներդրումներին կտրամադրվի արդարացի և հավասար պայմանակարգ, դրանք կլինեն լիարժեք պաշտպանված և անվտանգ, և ոչ մի դեպքում նրանց չի տրամադրվի միջազգային իրավունքով պահանջվող պայմանակարգից պակաս պայմանակարգ:

բ) Կողմերից ոչ մեկը խտրական միջոցներով ոչ մի ձևով չի խոչընդոտի կամային կամ ներդրումների կառավարմանը, գործունեությանը, պահպանմանը, օգտագործմանը, գործածմանը, ձեռք բերմանը, ընդլայնմանը կամ տնօրինմանը: 6-րդ և 7-րդ հոդվածների համաձայն վեճի կարգավորման նպատակով ցանկացած միջոց կարող է լինել կամայական կամ խտրական` չնայած այն փաստին, որ Կողմը ունեցել է կամ օգտվել է Կողմի դատարաններում կամ վարչական դատարաններում նման միջոցը քննելու հնարավորությունից:

գ) Յուրաքանչյուր Կողմ կպահպանի ներդրումների հետ կապված ցանկացած պարտավորություն, որն ինքը կարող է ընդունել:

3. Օտարերկրացիների ժամանմանը և տեղավորմանը վերաբերող օրենքներին համապատասխան` Կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիներին կթույլատրվի մեկնել և մնալ մյուս Կողմի տարածքում ներդրման իրականացման, զարգացման, կառավարման կամ գործելու հարցերով խորհրդատվություն անցկացնելու նպատակով, որի հետ կապված առաջին Կողմի քաղաքացիները կամ նրանց վարձած ընկերությունը ներդրել կամ իրականացնում են զգալի չափով կապիտալ գումար կամ այլ ռեսուրսներ:

4. Ընկերություններին, որոնք օրինականորեն ստեղծված են մի Կողմի գործող օրենքներին և կանոնակարգերին համապատասխան և հանդիսանում են ներդրողներ, կթույլատրվի իրենց ընտրությամբ վարձել ղեկավար կառավարչական անձնակազմ` անկախ քաղաքացիությունից:

5. Կողմերից ոչ մեկը պահանջներ չի դնի ներդրումների իրականացման, ընդլայնման կամ պահպանման գործունեության նկատմամբ, որոնք պահանջում կամ կիրարկում են արտադրված ապրանքների արտահանման պարտավորություններ, կամ որոշում է, որ ապրանքները կամ ծառայությունները պետք է ձեռք բերվեն տեղական շուկայում, կամ սահմանում են ցանկացած այլ համանման պահանջներ:

6. Կողմերից յուրաքանչյուրը կապահովի հայցերի հաստատման և իրավունքների կիրարկման արդյունավետ միջոցներ ներդրումների, ներդրումային համաձայնագրերի և լիազորությունների առնչությամբ:

7. Կողմերը կհրապարակեն բոլոր օրենքները, կանոնակարգերը, վարչական պրակտիկան և ընթացակարգերը, ինչպես նաև դատական վճիռները, որոնք վերաբերում են ներդրումներին կամ առնչվում են նրանց:

8. Սույն հոդվածի դրույթների համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և ընկերությունների ներդրումներին և դրանց առնչվող գործունեությանը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող պայմանակարգը Ամերիկայի Միացյալ Նահանգների ցանկացած նահանգում, տարածքում կամ տիրույթում կլինի ոչ պակաս բարենպաստ, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների այլ նահանգների, տարածքների կամ տիրույթների օրենքների և կանոնակարգերի համաձայն ստեղծված ընկերությունների և դրանցում բնակվող Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների ներդրումներին և դրանց առնչվող գործունեություններին տրամադրված պայմանակարգը:

9. Սույն հոդվածի առավելագույն բարենպաստ ազգային դրույթները չպետք է կիրառվեն ցանկացած երրորդ երկրի քաղաքացիներին կամ ընկերություններին որևէ Կողմի կողմից տրամադրված առավելությունների նկատմամբ` ելնելով.

ա) տվյալ Կողմի պարտավորություններից, որոնք բխում են ազատ առևտրի գոտում կամ մաքսային միության լիարժեք անդամությունից, կամ

բ) տվյալ Կողմի պարտավորություններից, Սակագների և առևտրի գլխավոր Համաձայնագրի շրջանակներում կնքված ցանկացած բազմակողմանի միջազգային համաձայնագրին համապատասխան, որն ուժի մեջ է մտնում սույն Պայմանագրի ստորագրումից հետո:

10. Կողմերը ընդունում և համաձայնում են, որ միավորված գործունեությունները առանց սահմանափակման ներառում են այնպիսի գործունեություններ, ինչպիսիք են`

ա) արտոնությունների կամ արտոնագրի հիման վրա իրավունքների տրամադրումը,

բ) գրանցումների, արտոնագրերի, թույլատրությունների և այլ հաստատումների մատչելիությունը (որը ցանկացած դեպքում շտապ պետք է հրապարակվի),

գ) ֆինանսական հաստատությունների և վարկային շուկաների մատչելիությունը,

դ) ֆինանսական հաստատություններում պահվող իրենց ֆոնդերի մատչելիությունը,

ե) ձեռներեցության գործերի նորմալ ղեկավարման համար անհրաժեշտ սարքավորումների ներմուծումը և տեղադրումը, ներառյալ, բայց առանց սահմանափակման, գրասենյակային սարքավորումը և ավտոմոբիլները, և այդպես ներմուծված ցանկացած սարքավորման և ավտոմոբիլների արտահանումը,

զ) առևտրական տեղեկության տարածումը,

է) շուկայի ուսումնասիրությունների կառավարումը,

ը) առևտրական ներկայացուցիչների նշանակումը, ներառյալ գործակալները, խորհրդատուները և բաշխողները ու նրանց մասնակցությունը առևտրական տոնավաճառներին և այլ միջոցառումներին,

թ) ապրանքների և ծառայությունների մարկետինգը, ներառյալ` ներքին բաշխման և մարկետինգի համակարգերի միջոցով, ինչպես նաև գովազդի և անհատների ու ընկերությունների հետ ուղղակի կապի միջոցով,

ժ) կոմունալ ծառայությունների, հանրային ծառայությունների և ոչ խտրական գներով տարածքի առևտրական վարձի մատչելիությունը, եթե գները սահմանված են կամ ղեկավարվում են կառավարության կողմից, և

ժա) հումքերի, ներդրումների և բոլոր տեսակի ծառայությունների ոչ խտրական գներով մատչելիությունը, եթե գները սահմանված են կամ ղեկավարվում են կառավարության կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Ներդրումները չեն բռնագրավվի կամ ազգայնացվի ուղղակի կամ անուղղակի ճանապարհով («բռնագրավում») այնպիսի միջոցառումների իրականացմամբ, որոնք հավասարազոր են բռնագրավմանը կամ ազգայնացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք կատարվում են ի շահ հասարակության, անխտրական ձևով, արագ վճարման հիմքի վրա, արդյունավետ և համապատասխան փոխհատուցմամբ և օրենքով ու 11-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված պայմանակարգի ընդհանուր սկզբունքներով: Փոխհատուցումը պետք է համարժեք լինի բռնագրավված ներդրման ճշգրիտ շուկայական արժեքին բռնագրավում գործողության իրականացումից կամ նրա մասին հայտնի դառնալուց առաջ` կախված այն բանից, թե որն է ավելի վաղ տեղի ունեցել.

պետք է հաշվարկվի ազատ փոխարկելի արժույթով` այդ ժամանակի գերակայող շուկայական դրույքաչափի հիման վրա,

պետք է վճարվի առանց ուշացման,

բռնագրավման օրվանից սկսած` ներառի ընդունելի առևտրական

դրույքաչափին համապատասխան տոկոսներ,

լինի ազատ փոխարկելի:

2. Կողմերից յուրաքանչյուրի քաղաքացին կամ ընկերությունը, որը հաստատում է իր ներդրումների լիովին կամ մասնակի բռնագրավման մասին, մյուս Կողմի համապատասխան դատական կամ վարչական մարմինների կողմից արագ վերանայման իրավունք պետք է ունենա` որոշելու համար, թե արդյոք այդպիսի բռնագրավումը տեղին է, թե ոչ, և եթե` այո, ապա այդպիսի բռնագրավումը ու նրա հետ կապված փոխհատուցումը համապատասխանո՞ւմ են միջազգային իրավունքի սկզբունքներին:

3. Յուրաքանչյուր Կողմի քաղաքացիներին կամ ընկերություններին, որոնց ներդրումներին վնաս է պատճառվել մյուս Կողմի տարածքում պատերազմի կամ այլ զինված ընդհարման, հեղաշրջման, արտակարգ դրության, խռովության, քաղաքացիական անկարգությունների կամ համանման իրադարձությունների հետևանքով, նման վնասների առնչությամբ ընդունված ցանկացած միջոցառումների կապակցությամբ կտրամադրվի ոչ պակաս բարենպաստ պայմանակարգ, քան նրանք, որոնք տրամադրվում են նրա կողմից իր քաղաքացիներին կամ ընկերություններին կամ ցանկացած երրորդ երկրի քաղաքացիներին կամ ընկերություններին` կախված նրանից, թե որն է առավել նպաստավոր:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Կողմերից յուրաքանչյուրը թույլ կտա ներդրման հետ կապված բոլոր փոխանցումները դեպի իր տարածք և իր տարածքից դուրս իրականացնել անարգելք և առանց ուշացումների:

Այդպիսի փոխանցումները ընդգրկում են`

ա) եկամուտներ,

բ) փոխհատուցում` 3-րդ հոդվածի համաձայն,

գ) ներդրումների առիթով ծագած վեճերից բխող վճարումներ,

դ) վճարումներ պայմանագրի հիման վրա, ներառյալ հիմնական և ավելացած տոկոսային վճարումների ամորտիզացիան` փոխառության համաձայնագրի համապատասխան,

ե) ներդրման ամբողջ մասի կամ մի մասի վաճառքից կամ լուծարումից ստացված հասույթը,

զ) ներդրման պահպանման և ընդլայնման նպատակով լրացուցիչ ներդրումներ կապիտալի մեջ:

Փոխանցումները կիրականացվեն ազատ փոխարկելի արժույթով` հաշվարկված փոխանցման օրվա փոխանակման գերադասելի շուկայական դրույքաչափով փոխանցելի արժույթով գործարքների առնչությամբ:

2. Անկախ 1-ին և 2-րդ կետերի դրույթներից` Կողմերից յուրաքանչյուրը կարող է պահպանել այն օրենքներն ու կանոնակարգերը, որոնք`

ա) պահանջում են հաշվետվություններ արժույթի փոխանցման վերաբերյալ, և

բ) դնում են եկամտահարկեր այնպիսի միջոցներով, ինչպիսիք են շահաբաժինների կամ այլ փոխանցումների նկատմամբ կիրառելի` պահվող հարկը: Բացի այդ, Կողմերից յուրաքանչյուրը կարող է պաշտպանել վարկատուների իրավունքները կամ ապահովել դատական վարույթներում ընդունված որոշումների կատարումը իր օրենսդրության արդարացի, անխտրական և անաչառ կիրառման միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը համաձայնում են իրենցից յուրաքանչյուրի խնդրանքով անհապաղ անցկացնել խորհրդակցություն սույն Պայմանագրի առնչությամբ ծագած ցանկացած վեճի լուծման նպատակով կամ սույն Պայմանագրի կիրառմանը կամ մեկնաբանմանը վերաբերող ցանկացած հարցի քննարկման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Սույն հոդվածի նպատակների համար ներդրման հետ կապված վեճը վեճ է մի Կողմի և մյուս Կողմի քաղաքացու կամ ընկերության միջև, որը ծագում կամ վերաբերում է`

ա) այդ Կողմի և նման քաղաքացու կամ ընկերության միջև ներդրումների վերաբերյալ կնքված համաձայնագրերին,

բ) այդ Կողմի օտարերկրյա ներդրումային մարմնի կողմից նման քաղաքացուն կամ ընկերությանը տված` ներդրմանը վերաբերող թույլտվությանը, կամ

գ) սույն Պայմանագրով ցանկացած ներդրման առնչությամբ վկայակոչված կամ հաստատված ցանկացած իրավունքի ենթադրյալ խախտմանը:

2. Ներդրման կապակցությամբ վեճ ծագելու դեպքում Կողմերը սկզբնապես կձգտեն այն լուծել խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով: Եթե վեճը չի կարող լուծվել բարեկամաբար, ապա շահագրգիռ քաղաքացին կամ ընկերությունը կարող է լուծման համար վեճը ներկայացնել.

ա) վեճի կողմ հանդիսացող Կողմի դատարաններին կամ վարչական դատարաններին,

բ) կիրառելի, նախօրոք համաձայնեցված վեճերի լուծման ընթացակարգերի համաձայն, կամ

գ) 3-րդ կետի պայմանների համաձայն:

3. ա) Պայմանով, որ շահագրգիռ քաղաքացին կամ ընկերությունը վճիռ կայացնելու համար վեճը չի ներկայացրել համաձայն 2-րդ հոդվածի «ա» և «բ» կետերի, և որ վեճի առաջացման պահից սկսած` վեց ամիս ժամանակ է անցել, ապա շահագրգիռ քաղաքացին կամ ընկերությունը գրավոր համաձայնությամբ կարող է ներկայացնել միջնորդ դատարանի լուծմանը.

I) պետությունների և մյուս պետությունների քաղաքացիների միջև ներդրումների հետ կապված վեճերի լուծման մասին 1965թ. մարտի 18-ին Վաշինգտոնում կատարված կոնվենցիայով («ICSID» կոնվենցիա) հաստատված ներդրումների հետ կապված վեճերի լուծման միջազգային կենտրոնին (Կենտրոն)` պայմանով, որ այդ Կողմը այդ կոնվենցիայի կողմ է հանդիսանում, կամ

II) եթե Կենտրոնը մատչելի չէ` Կենտրոնի Լրացուցիչ մեխանիզմին, կամ

III) Միջազգային առևտրային օրենքի (UNICITIRAL) Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի արբիտրաժային կանոնների համաձայն, կամ

IV) որևէ այլ միջնորդ հաստատություն կամ համաձայն որևէ այլ միջնորդ դատարանի կանոնների, որի մասին վեճի կողմերը կարող են փոխադարձ համաձայնություն ձեռք բերել:

բ) Եթե շահագրգիռ քաղաքացին կամ ընկերությունը այսպես համաձայնել են, վեճի յուրաքանչյուր Կողմ կարող է նախաձեռնել արբիտրաժ` համաձայն համաձայնության մեջ սահմանված ընտրության:

4. Յուրաքանչյուր Կողմ սույնով համաձայնում է լուծման նպատակով ներկայացնել ցանկացած ներդրումային վեճ միջնորդ դատարանին 3-րդ կետի համաձայն` քաղաքացու կամ ընկերության գրավոր համաձայնության մեջ նշված ընտրության համաձայն: Նման համաձայնությունը 3-րդ կետի համաձայն տրված` քաղաքացու կամ ընկերության գրավոր համաձայնության հետ միասին կբավարարի հետևյալի պահանջները`

ա) վիճող կողմերի գրավոր համաձայնությունը` ICSID կոնվենցիայի (Կենտրոնի իրավասություն) 2-րդ գլխի և Լրացուցիչ մեխանիզմի կանոնների նպատակների համար, և

բ) «գրավոր համաձայնագիր»` 1958 թ. հունիսի 10-ին Նյու Յորքում կատարված` Օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման և կիրարկման վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի II հոդվածի նպատակների համար (Նյու Յորքի կոնվենցիա):

5. Սույն հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի II, III կամ IV կետերի համաձայն ցանկացած դատավարություն պետք է տեղի ունենա Նյու Յորքի կոնվենցիայի մասնակից որևէ պետությունում:

6. Սույն հոդվածի համաձայն միջնորդ դատարանի կայացրած ցանկացած վճիռ վիճող կողմերի համար կլինի վերջնական և պարտավորեցնող: Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է առանց ուշացման իրականացնել նման վճռի դրույթները և ապահովել իր տարածքում դրա կիրարկումը:

7. Ներդրման կապակցությամբ ցանկացած վարույթում ցանկացած Կողմ որպես պաշտպանություն չպետք է պնդի հանդիպակաց պահանջներ, հաշվառման իրավունք կամ այլ կերպ, որը շահագրգիռ քաղաքացին կամ ընկերությունը ստացել են կամ կստանան ապահովագրման կամ երաշխավորման պայմանագրի հիման վրա, փոխհատուցման կամ այլ հատուցման համաձայն, որոնք լրիվ կամ մասամբ ծածկում են հայտարարած վնասները:

8. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն միջնորդ դատարանի նպատակների համար որևէ Կողմի կիրառելի օրենքների և կանոնակարգերի համաձայն օրինականորեն հաստատված ցանկացած ընկերություն կամ դրա որևէ քաղաքական ստորաբաժանում, բայց որը, վեճի պատճառ հանդիսացած դեպքի կամ դեպքերի պատահելուց անմիջապես առաջ հանդիսանում է մյուս Կողմի քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումը, կօգտվի նույն պայմանակարգից, ինչպես նման մյուս Կողմի քաղաքացին կամ ընկերությունը` ICSID կոնվենցիայի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Սույն Պայմանագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Կողմերի միջև ծագած ցանկացած վեճ, որը չի լուծվել խորհրդակցությունների կամ այլ դիվանագիտական ուղիների միջոցով, Կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով կներկայացվի միջնորդ դատարան, միջազգային իրավունքի գործող կանոններին համապատասխան, պարտադրող որոշում կայացնելու նպատակով: Եթե Կողմերը չհամաձայնեն այլ կերպ, ապա կգերակայեն միջազգային առևտրային օրենքի (UNICITIRAL) Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի արբիտրաժային կանոնները, բացառությամբ Կողմերի կամ միջնորդ դատավորների կողմից որոշված փոփոխությունների:

2. Խնդրանքը ստանալուց 2 ամսվա ընթացքում Կողմերից յուրաքանչյուրը կնշանակի մեկական միջնորդ դատավոր: Այդ երկու միջնորդ դատավորները կընտրեն որևէ երրորդ միջնորդ դատավորի` որպես նախագահի, որը որևէ երրորդ պետության քաղաքացի է: Երեք անդամներ ունեցող դատարանի անդամների նշանակման UNICITIRAL-ի կանոնները կկիրառվեն mutatis mutandis միջնորդ դատարանի կազմի նշանակման նկատմամբ, բացառությամբ այն, որ նշանակող մարմինը, որի մասին նշվում է այդ կանոնների մեջ, կլինի կենտրոնի գլխավոր քարտուղարը:

3. Եթե այլ բան չի համաձայնեցվել, ապա բոլոր ներկայացումները կիրականացվեն, և բոլոր լսումները կավարտվեն երրորդ միջնորդ դատավորի ընտրությունից սկսած` վեց ամսվա ընթացքում, և դատարանը կընդունի իր որոշումները վերջին ներկայացման կամ լսումների ավարտման ժամկետից սկսած` երկու ամսվա ընթացքում` կախված այն բանից, թե որն է ավելի ուշ տեղի ունեցել:

4. Նախագահի, մյուս միջնորդ դատավորների գործունեության հետ կապված ծախսերը և դատավարության հետ կապված այլ ծախսերը Կողմերը կվճարեն հավասար չափով: Սակայն դատարանը կարող է իր հայեցողությամբ սահմանել, թե Կողմերից որը պետք է վճարի ծախսերի մեծ մասը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

6-րդ և 7-րդ հոդվածների դրույթները չեն կիրառվի այն վեճերի նկատմամբ, որոնք առաջանում են.

ա) ԱՄՆ-ի արտահանման-ներմուծման բանկի արտահանման վարկի, երաշխիքի և ապահովագրության ծրագրերից, կամ

բ) այլ պաշտոնական վարկից, երաշխիքից կամ ապահովագրական միջոցառումներից, որոնց համաձայն Կողմերը համաձայնել են լուծել վեճերը այլ միջոցներով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Պայմանագիրը չի վնասի.

ա) Կողմերից յուրաքանչյուրի օրենքները և կանոնակարգերը, վարչական պրակտիկան կամ ընթացակարգերը, վարչական կամ դատական որոշումները,

բ) միջազգային իրավական պարտավորությունները, կամ

գ) Կողմերից յուրաքանչյուրի ստանձնած պարտավորությունները, ներառյալ ներդրման համաձայնագրում կամ ներդրման համար թույլտվությունում առկա պարտավորությունները, որոնք ներդրումներին կամ ներդրման հետ կապված գործունեություններին տրամադրում են ավելի բարենպաստ պայմանակարգ, քան այն, որը նման դեպքերում տրվում է սույն Պայմանագրով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Սույն Պայմանագիրը չի արգելի ցանկացած Կողմին` կիրառելու միջոցներ, որոնք անհրաժեշտ են հասարակական կարգի պահպանման, միջազգային խաղաղության կամ անվտանգության պահպանման կամ վերականգնման առնչությամբ իր պարտավորությունների իրականացման կամ իր անվտանգության էական շահերի պաշտպանության համար:

2. Սույն Պայմանագիրը չի արգելի Կողմերից յուրաքանչյուրին` սահմանելու հատուկ ձևականություններ ներդրումների իրականացման կապակցությամբ, բայց այդպիսի ձևականությունները չպետք է վնասեն սույն Պայմանագրում նշված իրավունքներից ցանկացածի էությանը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Կողմերից յուրաքանչյուրը իր հարկային քաղաքականության առնչությամբ պետք է ջանա տրամադրել արդար և հավասար պայմանակարգ մյուս Կողմի քաղաքացիների կամ ընկերությունների ներդրման նկատմամբ:

2. Այնուամենայնիվ, սույն Պայմանագրի դրույթները և, մասնավորապես, 6-րդ և 7-րդ հոդվածները կկիրառվեն հարկումներին վերաբերող հարցերին` հետևյալի կապակցությամբ`

ա) սեփականազրկում` համաձայն 3-րդ հոդվածի,

բ) փոխանցումներ` համաձայն 4-րդ հոդվածի, կամ

գ) 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» կամ «բ» ենթակետերում նշված ներդրումային համաձայնագրի կամ թույլտվության պայմանների պահպանում և կիրարկում` այնքանով, որքանով դրանք ենթակա չեն երկու Կողմերի միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին կոնվենցիայի` վեճերի լուծման վերաբերյալ դրույթներին կամ ծագել են նման վեճերի լուծման դրույթների համաձայն և չեն լուծվել ընդունելի ժամանակաշրջանում:

Այնքանով, որքանով նրանք չեն ընկնում Կողմերի միջև երկակի հարկումից խուսափելու մասին կոնվենցիայի դրույթների տակ կամ ծագել են վեճերի լուծման այդ տեսակ կարգի կապակցությամբ և չեն կարգավորել ընդունելի ժամանակահատվածում:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Պայմանագիրը կկիրառվի Կողմերի քաղաքական ստորաբաժանումների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակումից երեսուն օր հետո: Այն կգործի 10 տարվա ընթացքում և կշարունակի գործել այնքան ժամանակ, մինչև չի դադարեցվի սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կկիրառվի այն ներդրումների նկատմամբ, որոնք գոյություն ունեն նրա ուժի մեջ մտնելու պահից, ինչպես նաև այն ներդրումների նկատմամբ, որոնք իրականացվել կամ ձեռք են բերվել ուժի մեջ մտնելուց հետո:

2. Կողմերից յուրաքանչյուրը առաջին տասնամյա շրջանի ավարտից մեկ տարի առաջ կարող է գրավոր ծանուցում ուղարկել մյուս Կողմին սույն Պայմանագրի գործողության դադարեցման մասին, իսկ դրանից հետո` ցանկացած ժամանակ:

3. Այն ներդրումների առնչությամբ, որոնք իրականացվել կամ ձեռք են բերվել մինչև սույն Պայմանագրի գործողության դադարեցման ժամկետը, և որոնց նկատմամբ սույն Պայմանագիրն այլ կերպ կիրառվում է, սույն Պայմանագրի մյուս բոլոր հոդվածների դրույթները կշարունակեն գործել դադարեցման ժամկետից հետո հաջորդ տասը տարիների ընթացքում:

4. Հավելվածը պետք է հանդիսանա Պայմանագրի անբաժանելի մասը:

Ի հաստատումն վերոնշյալի` համապատասխան լիազոր ներկայացուցիչները ստորագրեցին սույն Պայմանագիրը:

 

Կատարված է 1992 թվականի սեպտեմբերի 23-ին, Վաշինգտոն քաղաքում, երկու բնօրինակով, անգլերեն: Հայերեն տեքստը պետք է պատրաստվի, որը հավասարազոր կհամարվի անգլերեն տեքստին` դրա համապատասխանության մասին հաստատող դիվանագիտական ծանուցումների փոխանակման պահից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

1. Հայաստանը իրեն իրավունք է վերապահում անել կամ պահպանել սահմանափակ բացառություններ ազգային պայմանակարգի նկատմամբ, ինչպես սահմանված է 2-րդ հոդվածի 1-ին կետում` ներքոնշյալ բնագավառներում կամ հարցերում.

կառավարության նպաստներ, կառավարական ապահովագրություն և փոխառության ծրագրեր, մաքսային ծառայության մեջ բրոկերություն, հասարակական ռադիո և հեռուստակայանների սեփականություն և կառավարում, բնական ռեսուրսների հանույթ, հանրային բնագավառի հանքարդյունաբերություն:

2. Ամերիկայի Միացյալ Նահանգները իրեն իրավունք է վերապահում անել կամ պահպանել սահմանափակ բացառություններ ազգային պայմանակարգի նկատմամբ, ինչպես սահմանված է 2-րդ հոդվածի 1-ին կետում` ներքոնշյալ բնագավառներում կամ հարցերում.

օդային հաղորդակցություն, օվկիանոսային և մերձափնյա նավագնացություն, բանկային գործունեություն, ապահովագրություն, կառավարական նպաստներ, կառավարական ապահովագրության և փոխառությունների ծրագրեր, էներգետիկայի արտադրություն, մաքսային ծառայության մեջ բրոկերություն, անշարժ գույքի սեփականություն, հաղորդումների, հասարակական ռադիոյի և հեռուստակայանների սեփականություն և կառավարում, կապի արբանյակների ընկերությունների բաժնետոմսերի սեփականություն, հասարակական հեռախոսային և հեռագրական ծառայությունների տրամադրում, ստորջրյա հեռագրական ծառայության տրամադրում, հողի և բնական ռեսուրսների օգտագործում, հանրային բնագավառի հանքարդյունաբերություն, ծովային և նրա հետ կապված ծառայություններ, Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության արժեթղթերի հետ հիմնական գործարքներ:

3. Ամերիկայի Միացյալ Նահանգները իրեն իրավունք է վերապահում անել կամ պահպանել սահմանափակ բացառություններ ամենաբարենպաստ ազգային պայմանակարգի նկատմամբ, ինչպես սահմանված է 2-րդ հոդվածի 1-ին կետում` ներքոնշյալ բնագավառներում կամ հարցերում.

անշարժ գույքի սեփականություն, հանրային բնագավառի հանքարդյունաբերություն, ծովային և նրա հետ կապված ծառայություններ, Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության արժեթղթերի հետ հիմնական գործարքներ:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի մարտի 29-ից:

 

 

pin
ԱՄՆ
23.09.1992
Համաձայնագիր