Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱ ...

 

 

i

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ, ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Ֆրանսիայի Հանրապետությունը,

հաշվի առնելով իրենց երկու ժողովուրդների միջև պատմության ընթացքում հաստատված առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները և բազմաբնույթ կապերը,

ընդունելով այն իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության իրավահաջորդ պետություններից մեկն է,

ցանկանալով իրենց կապերն ամրապնդել դարերի խորքից եկող բարեկամության ոգով և զարգացնել իրենց համագործակցությունը բոլոր բնագավառներում,

վերահաստատելով իրենց հավատարմությունը միջազգային իրավունքին, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունից բխող պարտավորություններին,

գիտակցելով այն պարտավորությունների կարևորությունը, որ իրենք ստանձնել են` ստորագրելով Հելսինկիի Եզրափակիչ ակտը և Փարիզի խարտիան Նոր Եվրոպայի համար, և ձգտելով ամբողջ եվրոպական մայրցամաքում ստեղծել անվտանգության և համագործակցության մեխանիզմներ,

ցանկանալով նպաստել միացյալ Եվրոպայի կայունությանն ու զարգացմանը,

հաշվի առնելով Եվրոպական միության կառուցման հեռանկարը և խաղաղ ու համերաշխ Եվրոպայի կառուցման գործին նրա ներդրումը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Իրենց երկկողմ հարաբերություններում Հայաստանի Հանրապետությունը և Ֆրանսիայի Հանրապետությունը գործում են որպես ինքնիշխան և իրավահավասար պետություններ, բարեկամության ու փոխադարձ վստահության ոգով` սերտորեն համագործակցելով բոլոր բնագավառներում:

Երկու Կողմերը, ըստ անհրաժեշտության, կնքում են այլ համաձայնագրեր սույն Պայմանագրի կետերի կիրառման համար:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Հայաստանի Հանրապետությունը և Ֆրանսիայի Հանրապետությունը, ընդունելով ազատության և ժողովրդավարության համընդհանուր արժեքները, համագործակցում են մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության ու խթանման համար, մասնավորապես, իրավասու միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Նրանք միավորում են իրենց ջանքերը միջազգային անվտանգությանը նպաստելու, հակամարտությունները կանխելու և պետությունների հարաբերություններում միջազգային իրավունքի նորմերը հարգելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Հայաստանի Հանրապետությունը և Ֆրանսիայի Հանրապետությունը կանոնավոր խորհրդակցություններ են անցկացնում համապատասխան մակարդակներով, երկկողմ հարաբերությունների վերաբերյալ տեսակետներ փոխանակելու համար, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող միջազգային խնդիրների, մասնավորապես, Եվրոպայի անվտանգության և համագործակցության արմատական հարցերի վերաբերյալ:

Այդ բնագավառներում Կողմերը ձգտում են հնարավորին չափ ներդաշնակեցնել իրենց դիրքորոշումները և, ըստ անհրաժեշտության, վարում են համատեղ կամ համաձայնեցված գործողություններ:

Այդ նպատակով Կողմերի միջև ամենաբարձր մակարդակի հանդիպումներ են տեղի ունենում` ըստ համաձայնության, իսկ արտաքին գործերի նախարարների միջև` առնվազն տարին մեկ անգամ: Արտաքին գործերի նախարարությունների միջև հաստատվում է սերտ համագործակցություն:

Երկու պետությունների կառավարությունների մյուս անդամները հանդիպում են ըստ անհրաժեշտության` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Հայաստանի Հանրապետությունը և Ֆրանսիայի Հանրապետությունը միմյանց հետ խորհրդակցություններ են անցկացնում այն միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որոնց անդամակցում են, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպությունում` անհրաժեշտության դեպքում իրենց դիրքորոշումները հնարավորին չափ ներդաշնակեցնելու և այդ շրջանակներում ընդունված որոշումները առավելագույն արդյունավետությամբ իրագործելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Ֆրանսիայի Հանրապետությունը պարտավորվում է աջակցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ընկերակցության միջև կապերի զարգացմանը:

Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ համաձայնագրերով Ֆրանսիայի Հանրապետության ստանձնած պարտավորություններում հարգվում են Եվրոպական ընկերակցության հիմնարար պայմանագրերը և նրանց կիրառման համար կազմված տեքստերը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Հայաստանի Հանրապետությունը և Ֆրանսիայի Հանրապետությունը սերտորեն համագործակցում են Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության շրջանակներում:

Կողմերը համատեղ գործողություններ են ծավալում նրա` հատկապես իրավական ոլորտի հաստատությունների ամրապնդման համար, որպեսզի նպաստեն կայունությանը, անվտանգությանը և իրավական պետությանը Եվրոպական մայրցամաքում:

Նրանք օժանդակում են մասնավորապես այն նորմերի ընդունմանը, որոնք նպաստում են հակամարտությունների կանխմանը:

Կողմերը համագործակցում են միմյանց և այլ շահագրգիռ երկրների հետ` Եվրոպայի անվտանգության վերաբերյալ պայմանագիր կնքելու նպատակով:

Ֆրանսիայի Հանրապետությունը ընդգծում է Եվրոպական միության կառուցման կարևորությունը, որը, իրագործելով ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականություն, թույլ կտա ամրապնդել համագործակցությունը Եվրոպայի պետությունների միջև և կարևորագույն ներդրում կունենա մայրցամաքի և ամբողջ աշխարհի կայունության գործում: Հայաստանի Հանրապետությունը ողջունում է այդ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Հայաստանի Հանրապետությունը և Ֆրանսիայի Հանրապետությունը, ընդգծելով զինաթափման համաձայնագրի վճռական դերը Եվրոպայի և միջազգային անվտանգության գործում, Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության շրջանակներում օժանդակում են զինաթափման գործընթացին, վստահության ու անվտանգության ամրապնդմանը և հակամարտությունների կանխմանը Անվտանգության համաժողովի շրջանակներում:

Կողմերը, մասնավորապես, կարևորություն են տալիս զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանն ուղղված միջոցառումներին և այդ նպատակով համաձայնեցված գործունեություն են ծավալում միջազգային ատյաններում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Հաշվի առնելով Եվրոպայի անվտանգության հարցերում տեղի ունեցած հիմնական փոփոխությունները և, մասնավորապես, առճակատման իրողության ավարտը` Հայաստանի Հանրապետությունը և Ֆրանսիայի Հանրապետությունը զարգացնում և խորացնում են իրենց կապերը ռազմական ասպարեզում: Այդ նպատակով Կողմերը պարբերաբար տեսակետներ են փոխանակում պաշտպանության իրենց հիմնախնդիրների վերաբերյալ:

Այդ նպատակով նրանք օժանդակում են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև երկու պետությունների բանակների գլխավոր շտաբների միջև կապերին:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Այն դեպքում, երբ ծագում է Կողմերից մեկի կարծիքով խաղաղությանը սպառնացող կամ նրա անվտանգության հիմնական շահերը հարցականի տակ դնող իրավիճակ, տվյալ Կողմը կարող է դիմել մյուս Կողմին, որ այդ խնդրի շուրջ անհապաղ խորհրդակցություններ անցկացվեն: Նրանք կջանան որդեգրել մի ընդհանուր դիրքորոշում և հնարավորին չափ համաձայնեցված կգործեն միջազգային ատյաններում` այդ իրավիճակին դիմակայելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Հայաստանի Հանրապետությունը և Ֆրանսիայի Հանրապետությունը նպաստում են երկու պետությունների պառլամենտների և պառլամենտականների միջև համագործակցության հաստատմանն ու փորձի փոխանակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Հայաստանի Հանրապետությունը և Ֆրանսիայի Հանրապետությունը զարգացնում են համագործակցություն ժողովրդավարական ինստիտուտների և իրավական պետության ոլորտներում:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Հայաստանի Հանրապետությունը և Ֆրանսիայի Հանրապետությունը զարգացնում են համագործակցությունը տնտեսության, արդյունաբերության, գիտության և տեխնիկայի բնագավառներում:

Կողմերն ընդունում են այդ համագործակցության կարևորությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տնտեսական բարենորոգումների հաջողության համար:

2. Յուրաքանչյուր Կողմ աշխատում է բարելավել մյուս Կողմի ձեռնարկությունների գործունեության պայմաններն իր տարածքում: Կողմերը քաջալերում են անմիջական ներդրումները, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, տեխնիկական և գիտական փորձի փոխանակումը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բնագավառի մասնագետների պատրաստումը:

3. Կողմերը սերտ համագործակցություն են զարգացնում այն բնագավառներում, որոնք առանձնահատուկ կարևորություն ունեն իրենց ապագայի համար, մասնավորապես, հետևյալ ասպարեզներում.

- տնտեսության վերակառուցում և կառավարում,

- տրանսպորտ և սարքավորումներ,

- հեռահաղորդակցություններ,

- էներգիա,

- գյուղատնտեսություն և սննդի արդյունաբերություն,

- ռեսուրսների շահագործում,

- շրջակա միջավայրի պահպանություն:

4. Հաշվի առնելով իրենց փոխադարձ շահերը և կապի մեջ լինելով Եվրոպական ընկերակցության և նրա անդամների հետ` Կողմերը համագործակցում են միջազգային տնտեսական և ֆինանսական հաստատությունների` մասնավորապես Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի և Միջազգային դրամական ֆոնդի շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Հայաստանի Հանրապետությունը և Ֆրանսիայի Հանրապետությունը, ցանկանալով զարգացնել հարաբերությունները Հայաստանի ու Ֆրանսիայի ժողովուրդների միջև և նպաստել Եվրոպական մայրցամաքի բոլոր ժողովուրդների համար բաց մշակութային տարածքի ստեղծմանը, խորացնում են իրենց համագործակցությունը գիտության, տեխնիկայի, կրթության ու մշակույթի բնագավառներում` առանձնահատուկ կարևորություն տալով կադրերի պատրաստմանը, մասնավորապես, տնտեսական ու վարչական կառավարման բնագավառներում, ինչպես նաև փոխանակումներին ու համատեղ գործողություններին:

2. Հայաստանի Հանրապետությունը առանձնահատուկ աջակցություն է ցուցաբերում ֆրանսերենի ուսուցմանը և օգտագործմանը: Ֆրանսիայի Հանրապետությունը խրախուսում է հայոց լեզվի ուսումնասիրումը Ֆրանսիայում:

Երկու Կողմերը առանձնահատուկ կարևորություն են տալիս լեզվական կրթությանը, որն անհրաժեշտ նախադրյալ է երկարաժամկետ համագործակցության համար:

3. Կողմերը աջակցում են գիտահետազոտական հիմնարկների և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև հարաբերությունների զարգացմանը` խրախուսելով համատեղ գիտական նախագծերի մշակումը:

4. Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների ավելի լավ փոխճանաչման նպատակով Կողմերն օժանդակում են փոխանակումների զարգացմանը մշակույթի և գեղարվեստի բնագավառներում: Նրանք նպաստում են համագործակցության զարգացմանը զանգվածային լրատվության ասպարեզում, ինչպես նաև մյուս Կողմի գրականության և մամուլի տարածմանը: Կողմերը նպաստում են մշակութային հաստատությունների ստեղծմանը:

5. Կողմերը, ցանկանալով միմյանց միջև հաստատել հավասարակշռված և իրենց պետությունների շահերին համապատասխանող համագործակցություն, համաձայնում են պարբերականորեն մշակել փոխանակումների համատեղ ծրագրեր մշակույթի, կրթության, գիտության, տեխնիկայի և ուսուցման ասպարեզներում:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Հայաստանի Հանրապետությունը և Ֆրանսիայի Հանրապետությունը խրախուսում են կապերը երկու երկրների քաղաքացիների, մասնավորապես, երիտասարդության միջև:

Այդ նպատակով նրանք նպաստում են հատկապես դպրոցների, լիցեյների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական ինստիտուտների միջև ուղիղ համագործակցությանը` աշակերտների, ուսուցիչների ու դասախոսների, գիտաշխատողների փոխանակման ճանապարհով:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Հայաստանի Հանրապետությունը և Ֆրանսիայի Հանրապետությունը խրախուսում են ապակենտրոնացված համագործակցությունը, մասնավորապես, տեղական վարչական մարմինների եղբայրացումը` հարգելով սույն Պայմանագրով սահմանված նպատակները: Կողմերը նպաստում են իրենց համալսարանների, առևտրի պալատների, գյուղատնտեսության պալատների և հանրային այլ հաստատությունների միջև հարաբերությունների հաստատմանը:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Նույն ոգով Կողմերը դյուրացնում են համագործակցությունը երկու երկրների ընկերությունների և քաղաքական, հասարակական, արհմիութենական ու մարդասիրական կազմակերպությունների միջև:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Հայաստանի Հանրապետությունը և Ֆրանսիայի Հանրապետությունը ընդլայնում են իրենց համագործակցությունը հյուպատոսական ծառայությունների բնագավառում:

Կողմերը համապատասխան պայմաններ են ստեղծում` դյուրացնելու համար երկու երկրների քաղաքացիների տեղաշարժը:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Հայաստանի Հանրապետությունը և Ֆրանսիայի Հանրապետությունը նպաստում են երկու երկրների դատական հիմնարկների միջև համագործակցությանը, մասնավորապես, քաղաքացիական իրավունքի հարցերով փոխօգնության խնդիրներում:

Կողմերը կազմակերպում են համագործակցություն հանրային անվտանգությունն ապահովող մարմինների` առանձնապես ոստիկանության և ժանդարմերիայի միջև: Կողմերը համագործակցում են մասնավորապես Ինտերպոլի շրջանակներում` կազմակերպված հանցագործության, թմրադեղերի անթույլատրելի առևտրի, մաքսանենգության, ինչպես նաև արվեստի գործերի անօրինական առևտրի դեմ պայքարի համար: Նրանք համապատասխան համագործակցություն կսկսեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Սույն Պայմանագրի կետերը ոչ մի կերպ չեն անդրադառնում Կողմերի ստանձնած պարտավորություններին երրորդ պետությունների նկատմամբ և ուղղված չեն նրանցից ոչ մեկի դեմ:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

1. Սույն Պայմանագիրը կներկայացվի վավերացման և ուժի մեջ կմտնի վավերացման վերջին փաստաթղթի ստացումից 30 օր հետո:

2. Սույն Պայմանագիրը կնքվում է 10 տարի ժամկետով: Նրա գործողությունը ինքնըստինքյան կերկարաձգվի յուրաքանչյուր հինգ տարին մեկ, եթե Կողմերից որևէ մեկը մյուս Կողմին ընթացիկ ժամկետի ավարտից մեկ տարի առաջ գրավոր չզգուշացնի Պայմանագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ իր որոշման մասին:

 

Կատարված է Փարիզ քաղաքում 1993 թվականի մարտի 12-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ֆրանսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1995 թվականի մայիսի 31-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
12.03.1993
Համաձայնագիր