Սեղմել Esc փակելու համար:
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2003-2015 ԹՎԱԿ ...

 

 

040.1000.210803

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2003 թվականի N 1000-Ն

 

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2003-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարության շրջանակներում նախատեսված` մոր և մանկան առողջության պահպանման նպատակային ծրագրերի իրականացումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

օգոստոսի 8-ի N 1000-Ն որոշման

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2003-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

Մոր և մանկան առողջության բարելավումը բնակչության առողջության պահպանման կարևորագույն նախադրյալներից է: Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը սոցիալ-տնտեսական անկման պայմաններում առաջին հերթին տուժում են երեխաները և կանայք` հասարակության առավել խոցելի այն խավը, որն ապագայի կրողն է և, որի պահպանումը, հետևաբար, յուրաքանչյուր երկրի առաջնահերթ խնդիրներից է:

Երեխաների և մայրերի պաշտպանությանն ուղղված խնդիրների կարևորությունը բազմիցս հաստատվել է համաշխարհային հանրության կողմից: Հայաստանի Հանրապետությունն անկախության հռչակումից հետո, որպես Միացյալ Ազգերի Կազմակերպության անդամ-երկիր, միացել է նրանց կողմից ստանձնած պարտավորություններին, որոնց կատարման շրջանակներում կանանց և երեխաների հիմնահարցերին տրվել է համազգային նշանակություն: 2002-2003 թթ.-ի ընթացքում Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր ասամբլեայի 4 նստաշրջաններում ընդունվել են մի շարք ելքային փաստաթղթեր` ուղղված կանանց և երեխաների հիմնահարցերի բարելավմանը: Դրանք են` «Պեկին+5» քաղաքական հռչակագիրը` (Նյու-Յորք-2000 թ.), Հազարամյակի հռչակագիրը` (Նյու-Յորք-2000 թ.), Պայքար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման դեմ` (Նյու-Յորք-2001 թ.), Ստեղծենք աշխարհ, որ պիտանի է երեխաների համար` (Նյու-Յորք-2002 թ.): Սույն ռազմավարությունը հենվում է նշված միջազգային փաստաթղթերի, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրասենյակի կողմից հռչակված մի շարք քաղաքական ռազմավարական փաստաթղթերի վրա: Այն է` «Առողջություն բոլորի համար-21-րդ դար», «Վերարտադրողական և սեռական առողջության Եվրոպական ռազմավարություն», «Մորից երեխային մարդու իմունոանբավարարության վիրուսի փոխանցման կանխարգելման ռազմավարություն», «Երեխայի և դեռահասների առողջության պահպանման ռազմավարություն»:

Հանրապետությունում երեխաների և կանանց կեցության բարելավման ու առողջության պահպանության խնդիրները գտնվում են պետության հովանավորության ներքո: Դրանք ամրագրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով («Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Երեխաների իրավունքների մասին», «Մարդու վերարտադրողական առողջության և իրավունքների մասին»):

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

1.1. 1995 թ.-ից առողջապահական համակարգում իրականացվում են բարեփոխումներ, որոնց նպատակն էր համակարգի գործունեության հարմարեցումը երկրում ստեղծված ընդհանուր տնտեսական իրավիճակին: Բարեփոխումների գործընթացն անցումային շրջանում, որը զուգակցվեց տնտեսական կյանքում շուկայական հարաբերությունների ներդրման հետ, իր անդրադարձն ունեցավ հասարակության առողջության ցուցանիշների վրա:

Համակարգի ֆինանսավորման քրոնիկական դեֆիցիտի պայմաններում իրականացվող տնտեսական բարեփոխումները, բուժօգնության վճարովի համակարգի ներմուծումը համակարգ, դեղորայքի շուկայական գների բարձրացումը` առողջապահական ռեսուրսների նվազման ֆոնի վրա բերեցին բժշկական օգնության մատչելիության և որակի զգալի անկման: Վերը նկարագրվածն իր արտացոլումն է գտել բժշկադեմոգրաֆիկ հիմնական ցուցանիշներում:

Լուրջ անհանգստության առիթ է բնակչության ծնելիության և բնական աճի նվազման միտումը: Բնակչության 1000 շնչին ընկնող բնական աճը կրճատվել է ավելի քան 7 (1990-16.3; 2001-2.1), իսկ ծնելիության և պտղաբերության ցուցանիշները 2 և ավելի անգամ: Բարեբախտաբար 2002 թ. արձանագրվեց ծնելիության ցուցանիշի անկման դադար և նույնիսկ աննշան աճ:

1.2. Երեխաների առողջության բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերի իրագործման շնորհիվ վերջին 10 տարվա ընթացքում այս ոլորտում արձանագրվում է որոշակի առաջընթաց: Մասնավորապես` բավականին բարենպաստ է իրավիճակը կառավարվող ինֆեկցիոն հիվանդությունների առումով, 1994 թ. համեմատությամբ շուրջ 3 անգամ բարձրացել է կրծքով սնուցման ցուցանիշը, մանկական մահացությունը փորլուծային և շնչառական հիվանդություններից կրճատվել է կիսով չափ: Եվ չնայած մանկական մահացության (ՄՄ) ցուցանիշը շարունակել է իջնել մինչև 1998 թ.-ը, վերջին տարիներին նկարագրվում է նրա անկման տեմպերի նվազում: Մանկական մահացության կառուցվածքում գնալով ավելի է մեծանում շուրջծննդյան հիվանդություններից և զարգացման բնածին արատներից մահացության տեսակարար կշիռը: Նորածինների հիվանդության դեպքերի և ցածր քաշով ծնված երեխաների թիվը համապատասխանաբար աճել է 14 և 20%-ով: Երեխաների մոտ հիվանդացության աճ է նկարագրվում այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են` ուռուցքային հիվանդությունները, տուբերկուլյոզը, նյարդային համակարգի ախտահարումները և այլն:

Չնայած իմունականխարգելման ծրագրի հաջողություններին, այնուամենայնիվ բազմաթիվ հիմնախնդիրներ դեռևս բարելավման կարիք ունեն (սառցե շղթայի լավացում, հատկապես` գյուղական վայրերում, անվտանգ ներարկումների քաղաքականության մշակում և իրագործում, թափոնների ապահով ոչնչացում և այլն), իսկ պատվաստանյութերի ձեռքբերման խնդրում երկրի վերցրած պարտավորությունների կատարումը դարձել է օրակարգային հարց:

Հաշմանդամ երեխաների թիվը մինչ 1995 թ. մակարդակի համեմատությամբ աճել է շուրջ 60%-ով: Սակայն այս տվյալները չեն արտացոլում մանկուց հաշմանդամության խնդրում առկա իրական իրավիճակը, և այն լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի: Հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժումը և նրանց ինտեգրումը հասարակության մեջ այս ոլորտի հիմնախնդիրներից մեկն է:

Երկրում առկա մանկական առողջարանների թիվը գնալով կրճատվում է և նրանց ներկայիս քանակը բավարար չէ երեխաների վերականգնողական-առողջարանային բուժումն անհրաժեշտ ծավալով ապահովելու համար, իսկ վերջինիս կազմակերպումը պետության միջոցների հաշվին գործնականում անիրատեսական է հատկացումների բացակայության պատճառով:

Մտահոգիչ է երեխաների հոգեկան առողջության պահպանման խնդիրը: Այս ոլորտում հետազոտության և վիճակագրական հավաստի տվյալների բացակայությունը թույլ չի տալիս գնահատել հիմնախնդրի ծանրության աստիճանը:

Բռնության հիմնախնդիրը ևս լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք ունի: Հայտնի փաստ է, որ ընտանեկան բռնության հետևանքները կրկնակի բացասական ազդեցություն ունեն երեխաների առողջության վրա, թե որպես բռնության ուղղակի զոհեր, և թե որպես բռնության փաստի վկաներ:

1. Դեռահասների առողջության պահպանման խնդիրներն առավել քան կարևոր են երեխաների ընդհանուր առողջապահական հիմնախնդիրների համատեքստում:

Փաստ է, որ դեռահասները բավարար տեղեկացված չեն տարրական բժշկահիգիենիկ գիտելիքների և սեռական դաստիարակության ու սեռավարակների կանխարգելման հարցերում: Առողջ ապրելակերպի, վնասակար սովորությունների (ծխել, խմել և այլն) վերաբերյալ իրազեկության պակասն արտահայտվում է նրանց վարքագծում և հետագայում դրսևորվում նրանց առողջության հարցերում: Սեռավարակների աճը զուգակցվում է նրանց երիտասարդացմամբ: Գնալով այն ավելի ակտուալ խնդիր է դառնում դեռահասների համար: Ակնհայտ է դեռահասների վերարտադրողական, հոգեկան, սեռական առողջության պահպանման և առողջապահական կրթական ծրագրերի իրականացման, ինչպես նաև դեռահասներին բարյացակամ առողջապահական ծառայությունների ստեղծման անհրաժեշտությունը:

2. Մայրերի առողջության հիմնախնդիրներում բացասական միտումներն ավելի վառ են արտահայտված, մինչդեռ հայտնի փաստ է, որ` առողջ մայրությունն առողջ մանկության նախապայման է: Մայրական մահացության (100.000 ծնունդի նկատմամբ) միջին եռամյա ցուցանիշների համեմատությունը վկայում է, որ եթե մինչև 1998 թ. մայրական մահացության մակարդակը նվազել էր շուրջ 20%-ով, ապա վերջին տարիներին այն ընդհակառակը աճել է: (1989-1991թթ.` 42/100.000, 1995-1997թթ.` 32.1/100.000, իսկ 1998-2000 թթ.` 41/100.000): Մայրական մահացության Հայաստանի ցուցանիշը 4-5 անգամ գերազանցում է Եվրոպական երկրների համանուն ցուցանիշի միջին մակարդակը, թեև ավելի ցածր է ԱՊՀ միջին մակարդակից:

Մայրական մահացության դեպքերը հիմնականում պայմանավորված են կանխարգելելի պատճառներով` արյունահոսություններ, հղիության հիպերտենզիաներ, ինֆեկցիաներ, աբորտներ: Վերջին տարիներին աճել է էքստրագենիտալ հիվանդությունների տեսակարար կշիռը մայրական մահացության կառուցվածքում: Վերջինս կապված է կանանց ընդհանուր առողջական վիճակի վատթարացման, անտենատալ բուժօգնության որակի և մատչելիության անկման հետ:

Կտրուկ վատացել է հղիների նախածննդյան հսկողության և խնամքի կազմակերպման գործընթացը` շուրջ 2 անգամ կրճատվել է կանանց կոնսուլտացիաների կողմից հղիների վաղ հաշվառման (մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը) ցուցանիշը: Զգալի աճել են հղիության ախտաբանությունները և բարդացած ընթացքով ծննդաբերության դեպքերը: Ըստ պաշտոնական վիճակագրության 1990-2001 թթ.-ի ընթացքում հղիության սակավարյունությունն աճել է 10 և ավելի անգամ:

1.5. Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներից միայն սիֆիլիսի ու գոնորեայի նկատմամբ է իրականացվում զանգվածային հետազոտություն, որոնք 1990-97 թթ. ընթացքում դրսևորեցին բարձրացման միտում` 1990 թ.` 4,8 և 16,1, 1997 թ.` 16,9 և 28,4/100000 բնակչի հաշվով: Վերջին տարիներին նկատվում է դրանց իջեցման միտում` 1999 թ.` 11,6 և 24,2, 2001 թ.` 5,8 և 25,9/1000000: Սակայն մտահոգող է կանանց գերակշռումը տղամարդկանց համեմատությամբ և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների երիտասարդացման միտումը:

1.6. Հանրապետությունում չի իրականացվում համատարած հետազոտություն մյուս կարևոր սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, հատկապես խլամիդիոզի, ցիտոմեգալովիրուսի, հերպեսի, պապիլոմավիրուսի նկատմամբ, որոնք ունեն էթիոպաթոգենետիկ կարևոր դեր ոչ միայն որպես սեռավարակ, այլև նաև պերինատալ ու օնկոլոգիական ախտաբանության առաջացման պատճառ:

Անհանգստացնող է իրավիճակը նաև մարդու իմունոանբավարարության վիրուսի ձեռքբերովի իմունոանբավարարության համախտանիշի առումով: Եթե մինչև 1997 թ. հղիների շուրջ 25% հետազոտվում էին մարդու իմունոանբավարարության վիրուսի ախտորոշման համար, ապա ներկայումս հետազոտված հղիների թիվը չի գերազանցում 3%-ը: 2000 թ. արդեն իսկ գրանցվել են հղիության և մարդու իմունոանբավարարության վիրուսի զուգակցման մի քանի դեպքեր, 2001 թ. ձեռքբերովի իմունոանբավարարության համախտանիշ ախտորոշվեց առաջին երեխայի մոտ: 2002 թ. արձանագրվեց առաջին երեխայի մահը ձեռքբերովի իմունոանբավարարության համախտանիշից, իսկ 2003 թ.-ին` մարդու իմունոանբավարարության վիրուսով վարակակիր կնոջ կանխավ հայտնի (իրազեկված) առաջին ծննդաբերությունը:

2002 թ. տվյալներով հանրապետությունում գրանցված 210 մարդու իմունոանբավարարության վիրուսով վարակակիրների 21%-ը կանայք էին, 3-ը (1,3%) երեխաներ` վերջիններս վարակվել էին ներարգանդային ճանապարհով: Մարդու իմունոանբավարարության վիրուսի/ ձեռքբերովի իմունոանբավարարության համախտանիշի իրավիճակի այլընտրանքային գնահատումը վկայում է Հայաստանում ՄԻԱՎ-ի տարածվածության շուրջ 10 անգամ բարձր ցուցանիշների մասին: Մարդու իմունոանբավարարության վիրուսի վարակակիր 45 կանանց 93%-ը վարակվել է հետերոսեքսուալ ճանապարհով` ամուսնուց, դրանք պտղաբեր տարիքի կանայք են` երեխա ունենալու ակնկալիքով:

1.7. Վերջին տասնամյակում արձանագրվել է ոչ միայն սեռական օրգանների, մասնավորապես կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի հաճախականության (1991 թ. համապատասխանաբար` 26,8 և 12,6/100000, 2001 թ.` 39,7 և 13,1/100000 բնակչի հաշվով), այլև, որը շատ ավելի անհանգստացնող է, բարձիթողի վիճակների զգալի աճ (1990 թ.` 17,5% և 13,7%, 2001 թ.` 21,5% և 34%), ինչպես նաև երիտասարդացման միտում:

1.8. Վերջին տարիներին հանրապետությունում առկա է ժամանակակից հակաբեղմնավորիչների օգտագործման առումով դրական միտում, եթե 1992 թ. ներարգանդային պարույր և հորմոնալ միջոցներ էին օգտագործում, համապատասխանաբար` 1,6 և 0,06%, 2002 թ.` 6,8% և 3,5%:

Չնայած 2000 թ. ժողովրդագրական առողջապահական ազգային հետազոտության տվյալներով մանկածնման տարիքի կանանց 61%-ը օգտագործում էին հակաբեղմնավորիչ միջոցներ, սակայն վստահելի, ժամանակակից հակաբեղմնավորիչները կազմում էին 22%: Ըստ էության պտղաբերության կարգավորման հիմնական մեթոդը շարունակում է մնալ արհեստական վիժումը:

Վերջին տարիներին, կապված` վերարտադրողական առողջության ազգային ծրագրի շրջանակներում ընտանիքի պլանավորման ծառայությունների բարելավման հետ, նկատվել է աբորտների կրճատման միտում, եթե 1995 թ. 1000 ծննդի և 1000 պտղաբեր կնոջ հաշվով աբորտի ցուցանիշներն էին 623 և 30,5, 1997 թ. համապատասխանաբար` 562 և 24,3, ապա 2001 թ.` 325 և 9,5:

Սեռավարակների ու արհեստական վիժումների բարձր մակարդակով է պայմանավորված անպտղության, հատկապես երկրորդային անպտղության բարձր մակարդակը (28,5%), այն դեպքում, երբ առաջնային չբերությունը 3,4% է և էականորեն չի տարբերվում եվրոպական տարածաշրջանի մյուս երկրներից:

Վերջին տարիներին նկատելի է դարձել կանանց խտրականության, բռնության և թրաֆիքինգի հիմնախնդիրների նկատմամբ ոչ պատշաճ ուշադրության և ուսումնասիրման բացակայություն:

1.9. Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման հետևանքներից է նաև չբալանսավորված, սպիտակուցի և վիտամինների դեֆիցիտով միօրինակ սննդի օգտագործումը, ինչն առաջին հերթին անդրադառնում է հղիների, կերակրող մայրերի և երեխաների վրա: Անհանգստացնում է այն փաստը, որ երեխաների քրոնիկ թերսնուցումը (հասակ-տարիքային ցուցանիշի դեֆիցիտ) ունի աճի միտում: Ըստ ժողովրդագրական առողջապահական հետազոտության (2000 թ.) տվյալների` 0-5 տ. երեխաների մոտ կազմել է 13%: Սակավարյունությունը բավականին բարձր թվերի վրա է թե երեխաների, և թե կանանց մոտ (26% և 16% համապատասխանաբար):

Չբալանսավորված սնունդը հանգեցրել է հղիների վաղ և ուշ անեմիաների տասնապատիկ բարձրացման, եթե 1990 թ. այն կազմել է համապատասխանաբար` 1,3% և 9,5%օ, ապա 2001 թ.` 14,3% և 136,8%օ:

Հայաստանը յոդի դեֆիցիտի էնդեմիկ օջախ է և այս խնդիրը մտահոգիչ է: Չնայած հաջողվել է հասնել յոդացված աղի օգտագործման բարձր ցուցանիշի (83%), յոդի դեֆիցիտը երեխաների մոտ կազմում է` 30%, իսկ կանանց մոտ` 33%: Սնուցման հետ կապված ներկայացված խնդիրներն առավել հրատապ են գյուղական վայրերում:

Երեխաների և կանանց սնուցման բարելավման, այդ ուղղությամբ մասնագիտական խորհրդատվության, առողջ սնուցման ու կրծքով կերակրման քարոզչական ծրագրերի շարունակական ներդրման անհրաժեշտությունն առավել քան ակնհայտ է: Երեխաների և կանանց սննդապահովման ծրագրերի զարգացումը հնարավոր և անհրաժեշտ միջոց է նրանց վիճակի բարելավման համար:

 

2. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Մայրական, մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ու հիվանդացության դեռևս բարձր մակարդակը, մանկության ու մայրության առողջության պահպանման խնդիրների գերակայության վերահաստատման անհրաժեշտություն.

2. Մանկական մահացության աճի դրսևորվող միտում` պերինատալ պատճառներով և վաղ նորածնային մահացության մեծ տեսակարար կշռով.

3. Երեխաների սնուցման վիճակի շարունակական վատացումը, թերսնուցման և անեմիաների տարածվածությունը.

4. Ցածր քաշով ծնված երեխաների տեսակարար կշռի մեծացումը.

5. Դեռահասների համար բարյացակամ և պատշաճ առողջապահական ծառայությունների բացակայությունը.

6. Հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժման կազմակերպման անհրաժեշտ պայմանների անբավարար մակարդակ.

7. Երեխաների հոգեկան առողջության և նրանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ տվյալների բացակայություն ու իրավիճակի գնահատման անհրաժեշտություն.

8. Մարդու իմունոանբավարարության հիմնախնդրի, մասնավորապես` մորից երեխային վարակի փոխանցման կանխարգելման միջոցառումների ոչ պատշաճ մակարդակ.

9. Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների բարձր հիվանդացություն և դինամիկայում աճման ու երիտասարդացման միտում.

10. Ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման անբավարար մակարդակ.

11. Կանանց վերարտադրողական օրգանների քաղցկեղային հիվանդությունների և մահացության բարձրացման միտում.

12. Անպտղության, հատկապես` երկրորդային, բարձր հաճախականություն.

13. Կանանց նկատմամբ խտրականության, բռնությունների և թրաֆիքինգի իրավիճակի անբավարար ուսումնասիրություն ու գնահատում, նպատակային ծրագրերի և ռազմավարության բացակայություն.

14. Երեխաների և մայրերի առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացման գործընթացում արդյունավետ միջգերատեսչական ու միջազգային համագործակցության ապահովման անհրաժեշտություն:

 

3. ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՀԵՏԵՎՅԱԼՆ ԵՆ (ՄԻՆՉԵՎ 2015 Թ. ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՎ)`

 

3.1. Երեխաների առողջության պահպանմանն ուղղված նպատակները հետևյալն են`

. Նվազեցնել մանկական (0-1 տ.) և մինչև 5 տ. երեխաների մահացության մակարդակը` նվազագույն 1/3-ով (այն չպետք է գերազանցի 10%-ը` 2015 թ.-ին), այդ թվում` շնչառական հիվանդություններից` 30%-ով, իսկ փորլուծային հիվանդություններից` 50%-ով.

. Ցածր քաշով և անհաս նորածինների թիվը կրճատել 1/3-ով (այն չպետք է գերազանցի 7%-ը` 2015 թ.-ին).

. Պտղի զարգացման արատների հաճախականությունը նվազեցնել մինչև 5-7% (2015 թ.-ին).

. Հաշմանդամություն ունեցող երեխաների 65%-ի ընդգրկվածության ապահովում` անհատական վերականգնողական ծրագրերում (2010-2015 թթ.)` վաղ միջամտության ծրագրի իրականացման ճանապարհով.

. Սակավարյունության հետևանքով առաջացած խանգարումների կրճատում` 50%-ով (մինչև 2015 թ.).

. Ապահովել մինչև 4 ամսական երեխաների 65%-ի և մինչև 6 ամսական երեխաների 40%-ի բացառապես կրծքով սնուցումը և պահպանել դրա շարունակականությունը երեխայի կյանքի երկրորդ տարվա ընթացքում (մինչև 2009 թ.).

. Ապահովել երեխաների պատվաստումներով ընդգրկվածությունը 95% և ավելի սահմաններում:

Այդ թվում`

- դիվթերիայի տեղական դեպքերի վերացում (2007 թ.),

- Կարմրուկի վերացում (2010 թ.).

. Պետական և մասնավոր սեկտորների համագործակցության միջոցով հասնել յոդի անբավարարության վերացմանը 2008 թ.-ին,

. Կանխարգելել ՄԻԱՎ-ի տարածումը երեխաների շրջանում` ապահովելով հղիների 80%-ի ընդգրկվածություն ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրում` 2007 թ.-ին,

. Մշակել և իրագործել ծրագրեր` ուղղված վաղ հասակի երեխաների ակտիվ ֆիզիկական և մտավոր, էմոցիոնալ ու հոգևոր զարգացմանը (մինչև 2009 թ.):

 

3.2. Դեռահասների առողջության պահպանմանն ուղղված նպատակները հետևյալն են`

. Մշակել և իրագործել ծրագրեր` ուղղված դեռահասների ֆիզիկական, մտավոր և հոգեկան զարգացմանը, առողջ ապրելակերպի քարոզչությանը և վերարտադրողական առողջության պահպանմանը` ապահովելով վերարտադրողական առողջության և իրավունքի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը բնակչության համապատասխան տարիքային խմբերի համար (մինչև 2009 թ.).

. Կանխարգելել մարդու իմունոանբավարարության վիրուսի տարածումը երեխաների և դեռահասների շրջանում` ապահովելով ձեռքբերովի իմունոանբավարարության համախտանիշի վերաբերյալ հավաստի տեղեկատվության մատչելիություն երիտասարդների (15-24 տ.) 90%-ի համար` 2010 թ.-ին:

 

3.3. Մայրերի առողջության պահպանմանն ուղղված նպատակները հետևյալն են`

. Նվազեցնել մայրական մահացության մակարդակը` նվազագույնը 1/2-ով (միջին եռամյա ցուցանիշը չպետք է գերազանցի 20/100000 ծնունդից 2015 թ.-ին).

. Մարդու իմունոանբավարարության վիրուսի նկատմամբ սկրինինգի իրականացումը` նվազագույնը հղիների 80%-ի մոտ (մինչև 2015 թ.).

. Նախածննդյան հսկողության ցուցանիշների կրկնակի բարելավում (մինչև 2009 թ.).

. Հղիության սակավարյունության կրճատում` 50%-ով (մինչև 2015 թ.):

 

3.4. Վերարտադրողական առողջության պահպանմանն ուղղված նպատակները հետևյալն են`

. Վերարտադրողական օրգանների (կրծքագեղձ, արգանդի վզիկ) քաղցկեղային հիվանդությունների կրճատում` նվազագույնը 30%-ով (մինչև 2015 թ.).

. Ժամանակակից հակաբեղմնավորիչների շարունակական տրամադրում, օգտագործող կանանց թվի կրկնապատկում (մինչև 2009 թ.).

. Կանանց շրջանում սեռավարակների հաճախականության կրճատում` նվազագույնը 1/3-ով (մինչև 2015 թ.).

. Մարդու իմունոանբավարարության վիրուսի նկատմամբ սկրինինգի իրականացում` ռիսկի խմբի կանանց և առնվազն 80% հղիների մոտ (մինչև 2015 թ.).

. Հղիության արհեստական վիժումների կրճատում` նվազագույնը 30%-ով (մինչև 2015 թ.).

. Երկրորդային անպտղության կրճատում` 30%-ով (մինչև 2015 թ.):

 

3.5. Սնուցման բարելավմանն ուղղված նպատակները հետևյալն են`

. Նվազեցնել քրոնիկական թերսնուցման տարածվածությունը երեխաների մոտ առնվազն 1/3-ով (հասակ-տարիքային ցուցանիշի դեֆիցիտը 0-5 տարեկան երեխաների մոտ չպետք է գերազանցի 8%-ը մինչև 2015 թ.),

. Կրճատել սակավարյունության տարածվածությունը երեխաների և հղիների մոտ` 50%-ով (մինչև 2015 թ.),

. Հասնել յոդի դեֆիցիտի հետևանքների վերացմանը (2008 թ.):

 

4. ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

4.1. Կանանց և երեխաների առողջության բարելավմանն ուղղված այս նպատակների իրագործման համար որդեգրած համընդհանուր ռազմավարության ուղղությունները հետևյալն են`

. Երեխաների և մայրերի անվճար բժշկական օգնության անհրաժեշտ ծավալների ապահովում` պետության կողմից երաշխավորված նպատակային ծրագրերի շրջանակներում:

. Առողջության առաջնային պահպանման համակարգի, որպես բնակչությանն առավել մատչելի բուժօգնության տեսակի, տեղի և դերի էլ ավելի կարևորում, երեխաների և կանանց առողջության բարելավմանն ուղղված նպատակային ծրագրերի շարունակական իրագործում և զարգացում:

. Կանանց և երեխաների բժշկական օգնություն իրականացնող ծառայությունների ուժեղացում` գյուղական առողջապահության շեշտադրմամբ:

. Երեխաների, մայրերի և կանանց վերարտադրողական առողջության իրավիճակի պարբերական հսկման ու կարիքների գնահատման տեղեկատվական-վերլուծական (մոնիտորինգի) համակարգերի կատարելագործում:

. Երեխաների ծնունդների և մանկական մահացության գրանցման գործընթացի բարելավում: Կենդանածնության, մեռելածնության և պերինատալ շրջանի` Առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշումների ներդրում երկրում («Կենդանածնության և մեռելածնության Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշների ընդունման մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային վիճակագրական ծառայության համատեղ հրաման):

. Բուժօգնության մատչելիության և որակի բարելավում, կարողությունների զարգացում, երեխաների ու կանանց բուժօգնություն իրականացնող բժշկական կադրերի վերապատրաստում, նրանց որակավորման բարձրացման միջոցով գիտելիքների գնահատման համակարգի կատարելագործում, ուսումնական ծրագրերի վերանայում:

. Մոր և մանկան ծառայության ոլորտում բուժօգնության որակի հսկման ու բարելավման շարունակական միջոցառումների իրականացում:

. Մայրության նկատմամբ պետական հովանավորության պլանավորում, նպաստների համակարգում գոյություն ունեցող օրենսդրական ակտերի մշակում, որը կխթանի ծնելիության բարձրացմանը, բնական աճի ավելացմանը, անցանկալի հղիությունների թվի նվազեցմանը, հղիների և նրանց երեխաների առողջության պահպանմանը:

. Շրջակա միջավայրն ախտոտող գործոնների (ջրային, վարակածին, ծխախոտի ծուխ, սննդային ախտոտիչներ) վնասազերծմանն ուղղված միջոցառումների իրականացում:

 

4.2. Երեխաների և դեռահասների առողջության բարելավմանն ուղղված ռազմավարության ուղղությունները հետևյալն են`

. Նորածինների խնամքի և անհետաձգելի բուժօգնության որակյալ ծառայությունների զարգացում:

. Վաղ հասակի երեխաների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայությունների ու կարողությունների զարգացում:

. Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ռազմավարության ներդրում, համայնքային և հիվանդանոցային բաղադրամասերի զարգացում:

. Վաղ հասակի երեխայի աճի և զարգացման ռազմավարության ներդրման հետագա ընդլայնում:

. Նոր և որակյալ պատվաստանյութերով ապահովում, պատվաստումների օրացույցի ընդլայնում, սառցե շղթայի որակի բարելավում և անվտանգ ներարկումների ռազմավարության ներդրում:

. Մորից երեխային մարդու իմունոանբավարարության վիրուսով վարակի կանխարգելում, վարակակիր հղիների և երեխաների բուժօգնության բարելավմանն ուղղված միջոցների ապահովում:

. Հաշմանդամ երեխաների և նրանց ընտանիքների համակարգված բուժսպասարկման բարելավում, ծնողների առողջապահական կրթման ապահովում, համայնքների ներգրավում հաշմանդամների խնդիրների լուծման գործընթացի մեջ:

. Զարգացման շեղումներով երեխաների «Վաղ միջամտություն» ծրագրի իրականացում:

. Երեխաների հոգեկան առողջության ոլորտում հիմնախնդիրների բացահայտմանը նվիրված հետազոտությունների իրականացում, հետագայում արդյունավետ ու նպատակաուղղված ծրագրերի մշակում և իրագործում:

. Կրծքով սնուցման խրախուսման (այդ թվում` բացառապես կրծքով սնուցում կյանքի առաջին 6 ամսվա ընթացքում), «Մանկանը բարեկամ ծննդատուն» նախաձեռնության հետագա ընդլայնում:

. Հաշվի առնելով երեխաների առկա զարգացողական և առողջական կարիքները, նրանց խնամքի համար պատասխանատու անձանց շրջաններում երեխաների զարգացման ու առողջության պահպանման վերաբերյալ տեղեկատվության տարածում:

. Ինֆեկցիոն և պարազիտար (տուբերկուլյոզ, սեռավարակներ, խոզուկ, մալարիա և այլն) հիվանդությունների դեմ պայքարի ծրագրերի շարունակական իրականացում:

. Երեխաների նկատմամբ բռնությունների և շահագործման նվազեցման և կանխարգելման ծրագրերի խրախուսում:

. Երեխաների համար նպաստավոր շրջակա միջավայրի ապահովում:

. Դեռահասների միջավայրում առողջ ապրելակերպի խրախուսում` ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործման կործանարար հետևանքներից պաշտպանելու նպատակով, սեռական դաստիարակության և առողջապահական կրթության ծրագրերի իրականացում, «Դեռահասներին բարեկամ» բժշկական ծառայությունների ցանցի ստեղծում:

 

4.3. Մայրական և վերարտադրողական առողջության բարելավմանն ուղղված ռազմավարության ուղղությունները հետևյալն են`

. Վերարտադրողական առողջության, այդ թվում` անվտանգ մայրության հիմնախնդիրների գերակայության վերահաստատում և ազգային նպատակային ծրագրերի մշակում ու շարունակական իրագործում:

. Մանկաբարձագինեկոլոգիական օգնության որակի կատարելագործում, պերինատալ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, ծննդօգնության հաստատությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդում:

. Հղիների նախածննդյան խնամքի ուժեղացում, ներարգանդային ախտորոշման բարելավման, շուրջծննդյան ապահով և անվտանգ բուժօգնության տրամադրում:

. Կանանց վերարտադրողական առողջության բարելավում, անցանկալի հղիությունների, սեռավարակների, երկրորդային անպտղության կանխարգելմանն ու նվազեցմանն ուղղված ծրագրերի շարունակական իրագործում և զարգացում:

. Անվտանգ մայրության, սեռավարակների և վերարտադրողական օրգանների նախաքաղցկեղային հիվանդությունների կանխարգելմանն ուղղված առողջ կենսակերպի և անվտանգ սեռական վարքագծի քարոզչություն, այդ հարցերի շուրջ բնակչության իրազեկման բարելավման համակարգի մշակում և ներդրում:

. Հղիների սոցիալ-հոգեբանական և ֆիզիկական նախապատրաստման համակարգի ներդրում:

. Կանանց նկատմամբ խտրականության, բռնությունների, այդ թվում` թրաֆիքինգի, կանխարգելման առողջապահական ծրագրերի իրականացում:

. Հղիների, կերակրող մայրերի և 0-5 տ. երեխաների սնուցման իրավիճակի շարունակական հսկողություն և սննդապահովման ծրագրերի իրականացում:

 

5. ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՈՒՂԻՆ

 

Վերը նշված հիմնախնդիրների լուծման, ռազմավարությունների իրագործման և նպատակների նվաճման գործընթացը հնարավոր է ապահովել նպատակային ծրագրերի շարունակական ներդրման, և առաջադրված խնդիրներից ելնելով, նորերի մշակման և այդ շրջանակներում հստակ գործողությունների իրականացման միջոցով, ինչը հնարավոր է միջգերատեսչական ու միջազգային սերտ համագործակցության պայմաններում, համայնքների առավելագույն ներգրավման և հնարավոր բոլոր ռեսուրսների մոբիլիզացիայի պարագայում:

 

6. ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

6.1. Երեխաների և դեռահասների առողջության բարելավմանն ուղղված ծրագրերն են`

. Մոր և մանկան առողջության պահպանման պետական նպատակային ծրագիր (պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն և սպասարկում),

. Երեխայի առողջության առաջնային պահպանման բարելավման ծրագիր (վաղ հասակի երեխայի աճ և զարգացում),

. Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ռազմավարության ներդրման ծրագիր,

. Իմունականխարգելման հանրապետական ծրագիր,

. Կրծքով սնուցման խրախուսման և «Մանկան բարեկամ ծննդատներ» նախաձեռնության ներդրման ծրագիր,

. Մինչև 5 տարեկան երեխաների և կանանց սնուցման վիճակի շարունակական հսկողության և սնուցման բարելավման ծրագիր,

. Ծնունդների և մանկական մահացության գրանցման գործընթացի բարելավման ծրագիր,

. Երեխաների անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնության բարելավման ծրագիր,

. Մորից երեխային մարդու իմունոանբավարարության վիրուսի/ ձեռքբերովի իմունոանբավարարության համախտանիշի փոխանցման կանխարգելման ծրագիր,

. Նորածնային խնամքի և ինտենսիվ հսկողության բարելավման ծրագիր,

. Երեխաների վերականգնողական բուժօգնության բարելավման ծրագիր,

. Հաշմանդամ երեխաների համակարգված բուժօգնության և սպասարկման բարելավման ծրագիր,

. Հատուկ կարիքներով երեխաների զարգացման և վաղ միջամտության ծրագիր,

. Դեռահասների առողջության բարելավման և «բարյացակամ» առողջապահական ծառայությունների ստեղծման ծրագիր:

 

6.2. Մայրական և վերարտադրողական առողջության բարելավմանն ուղղված ծրագրերն են`

. Պերինատալ խնամքի բարելավման, ներառյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության/ Միացյալ ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի «Արդյունավետ պերինատալ խնամքի խրախուսման» ծրագրի ներդրում` նախածննդյան խնամք ապահովող բուժսպասարկման բարելավումը, ներառյալ բնածին արատների վաղ հայտնաբերումը, հղիության բարդությունների կանխումը, նորածնի և ծննդկանի բուժօգնության որակի բարելավումը,

. Հղիության արհեստական ընդհատումների (աբորտների) դեմ պայքարի ծրագիր, ներառյալ արհեստական վիժումների կանխումը, ժամանակակից հակաբեղմնավորիչների օգտագործման խրախուսումը, անվտանգ սեռական կյանքի քարոզչությունը,

. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի ծրագիր, ներառյալ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման և բուժման բարելավումը և առողջապահական կրթական ծրագրերի իրականացումը,

. Վերարտադրողական օրգանների քաղցկեղային և նախաքաղցկեղային հիվանդությունների կանխարգելման ծրագիր,

. Մորից երեխային մարդու իմունոանբավարարության վիրուսով վարակի փոխանցման կանխարգելման ծրագիր, ներառյալ մարդու իմունոանբավարարության վիրուսով պերինատալ վարակի կանխարգելիչ բուժման ապահովումը:

 

7. ՄՈՆԻՏՈՐԻՆԳ

 

Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի, բնակչության առողջական վիճակի և մոր ու մանկան առողջության պահպանման բարելավմանն ուղղված միջոցառումների արդյունավետության գնահատման հիմնական ցուցանիշները հետևյալն են`

. Նորածնային (0-28 օրական), մանկական (0-1 տարեկան) և մինչև 5 տ. երեխաների մահացության մակարդակը (1000 կենդանածնության հաշվով),

. Մինչև մեկ տարեկան երեխաների մահացության մակարդակը` փորլուծային և շնչառական հիվանդություններից (%օ),

. Պերինատալ մահացության ցուցանիշի մակարդակը (1000 ծնունդի հաշվով),

. Մայրական մահացության ցուցանիշի մակարդակը (100 000 ծնունդի հաշվով),

. Բացառապես կրծքով սնուցման ցուցանիշը (%),

. Պատվաստումներով ընդգրկվածության ցուցանիշն ըստ առանձին հիվանդությունների (%),

. Ինֆեկցիոն կառավարելի հիվանդություններով հիվանդացության մակարդակը (100 000 բնակչության հաշվով),

. Ցածր քաշով և անհաս ծնված երեխաների թիվը (100 ծնունդի հաշվով),

. 0-5 տարեկան երեխաների թերսնուցման մակարդակը (հասակ-տարիքային ցուցանիշի դեֆիցիտը-%-ով),

. Սակավարյունությունների տարածվածությունը երեխաների և հղի կանանց մոտ (%),

. Զարգացման արատներով ծնունդների ցուցանիշը (100 ծնունդի հաշվով),

. Վերարտադրողական օրգանների չարորակ նորագոյացություններով հիվանդացության ցուցանիշը (100 000 կնոջ հաշվով),

. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հիվանդացության ցուցանիշը (100 000 բնակչի հաշվով),

. Հղիության արհեստական ընդհատումների ցուցանիշը (1000 պտղաբեր կնոջ հաշվով և 1000 կենդանածնության հաշվով),

. Հակաբեղմնավորիչների օգտագործման տարածվածության ցուցանիշը (100 պտղաբեր կնոջ հաշվով),

. Հղիների վաղ ընդգրկման ցուցանիշը (մինչև 12 շաբաթական` 100 հղիի հաշվով),

. Հակաբեղմնավորիչների օգտագործման տարածվածության ցուցանիշը (100 պտղաբեր կնոջ հաշվով),

. Հղիների վաղ ընդգրկման ցուցանիշը (մինչև 12 շաբաթական` 100 հղիի հաշվով),

. Հղիության գեստացիոն բարդությունների և էքստրագենիտալ հիվանդացության ցուցանիշը (100 հղիի հաշվով):

 

8. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը`

Ամենամյա բյուջեում մոր և մանկան առողջության պահպանման ծրագրերի գերակայության ճանաչում, մայրության, մանկության և վերարտադրողական առողջության հիմնախնդիրներին առնչվող իրավական ակտերի մշակման և հաստատման ընթացակարգի ապահովում (ՀՀ օրենքներ` «Իմունականխարգելման մասին» և «Արհեստական կաթնախառնուրդների մարկետինգի վերաբերյալ միջազգային կոդի վավերացման մասին», ՀՀ կառավարության որոշումներ` «ՀՀ բնակչության սննդում օգտագործվող կերակրի աղի պարտադիր յոդացման մասին», «Սեռաբջիջների, այդ թվում` դոնորական, և սաղմի պահպանման կարգն ու պայմանները», «Կամավոր բժշկական ամլացման կարգն ու պայմանները», «Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները»):

. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավասությունը`

Գերակա ուղղությունների սահմանում, ծրագրերի ռազմավարական պլանավորում և մշակում, գերատեսչական նորմատիվ ակտերի մշակում, ծրագրերի մշակման և ներդրման գործընթացի կառավարում:

. Հայաստանի Հանրապետության մարզպետարանի և Երևանի քաղաքապետի իրավասությունը`

Պետական և այլ նպատակային ծրագրերի իրագործում, հսկողություն, մոր և մանկան առողջության բարելավման ուղղությամբ միջոցառումների մշակում և իրականացում:

. Այլ պետական կառավարման մարմինների իրավասությունները`

- Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` առողջապահական նպատակային ծրագրերի կայուն ֆինանսավորում,

- Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն` կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությունն ապահովող հատուկ միջոցների նախատեսում և ծրագրերի իրականացում:

Մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված վերը ներկայացված ռազմավարության և սահմանված նպատակների իրագործումը հնարավոր է միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության պայմաններում, որոնք կարող են աջակցել հանրային առողջապահությանն ուղղված ծրագրերի իրականացմանը, բնակչության իրազեկմանը և առողջապահական կրթմանը (կրծքով սնուցում, առողջ ապրելակերպ, սեռական դաստիարակություն, թմրանյութերի, ալկոհոլի, ծխախոտի չարաշահում և այլն), առողջապահական կարևորագույն խնդիրների վերաբերյալ տեղեկատվության տարածմանը, հետազոտությունների կազմակերպմանը, ինչպես նաև բժշկական սպասարկման մատչելիության բարելավմանն ուղղված կարողությունների հզորացմանը:

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - բնագրում 1-ին բաժնի 1.3 և 1.4 ենթակետերը չկան

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2003
N 1000-Ն
Որոշում