Սեղմել Esc փակելու համար:
«ԽՄԵԼՈՒ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ՇՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԽՄԵԼՈՒ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ՇՇԱԼՑՄԱՆԸ ՆԵՐԿԱ ...

 

 

100.0137.160403

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»         04           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10003132

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

10 մարտի 2003 թվականի N 137

 

i

«ԽՄԵԼՈՒ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ՇՇԱԼՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-4.1-04-2003 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի ե) ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից խմելու հանքային ջրերի մշակման և շշալցման արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Խմելու հանքային ջրերի մշակմանը և շշալցմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-04-2003 սանիտարական կանոնները (կցվում է):

2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին` սահմանել հսկողություն «Խմելու հանքային ջրերի մշակմանը և շշալցմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-04-2003 սանիտարական կանոնների և հիգիենիկ պահանջների կատարման նկատմամբ:

 

Հաստատված է

ՀՀ առողջապահության

նախարարության

10.03. 2003 թ.

N 137 հրամանով

 

ԽՄԵԼՈՒ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ՇՇԱԼՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Սանիտարական կանոններ և հիգիենիկ նորմեր N 2-III-4.1-04-2003_________

 

1. Ընդհանուր դրույթներ

Սույն սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանվում են հանքային ջրերի կապտաժներին, խմելու բնական հանքային ջրերի պահման, տեղափոխման, հանքային ջրերի մշակման և շշալցման գործընթացներին, ինչպես նաև օգտագործվող սարքավորումներին և նյութերին ներկայացվող սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պահանջները:

 

2. Կապտաժային շինությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ

2.1. Կապտաժը ջրառման հիդրոտեխնիկական շինություն է, որն ապահովում է ջրի կայուն քիմիական կազմը` պահպանելով այն մակերեսային կամ ստորգետնյա ջրերի ներթափանցումից և կանխում հանքային ջրի աղտոտումը:

2.2. Հորատանցքի ցողունը ամրացվում է միմյանց մեջ մտնող խողովակներով, որոնց ստորին մասը, անհրաժեշտության դեպքում, կահավորվում է ֆիլտրով` հանքային ջրի մեջ հողի փոքր մասնիկների ներթափանցումը կանխելու նպատակով:

Սկզբնային հատվածը կահավորվում է խողովակագլխով, որի վրա տեղադրվում են հանքային ջրի մակարդակի, ջերմաստիճանի, ջրի ծախսի չափիչ սարքեր, ինչպես նաև նմուշառման ծորակներ` քիմիական և մանրէաբանական հետազոտության նպատակով հանքային ջրի նմուշառման համար:

2.3. Խողովակները և խողովակագլխի սարքավորումները պետք է պատրաստված լինեն հանքային ջրերի հետ շփման համար նախատեսված նյութերից:

2.4. Ստորգետնյա ջրերի ներթափանցումը և հանքային ջրի մանրէային պատահական աղտոտումը բացառելու նպատակով, վերոհիշյալ խողովակներն ամբողջ երկարությամբ և հատկապես կցման հատվածներում, պետք է լինեն անջրաթափանց:

2.5. Հարխողովակային տարածքի մակերեսային ջրերով աղտոտումը կանխելու նպատակով, անհրաժեշտ է ցեմենտապատել ջրառման խողովակի շրջակա տարածքը:

2.6. Կապտաժը պետք է կահավորված լինի վերկապտաժային փակ, լուսավոր և պարտադիր օդափոխվող տաղավարով, որը պետք է սպասարկվի միայն սահմանված կարգով նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննման ենթարկված անձնակազմի կողմից:

2.7. Կապտաժի շուրջը պետք է սահմանվի սանիտարական պահպանման գոտի 30-50 մետրից ոչ պակաս շառավղով` ելնելով կապտաժի տեսակից:

2.8. Այն կազմակերպությունների լաբորատորիաները, որոնց հաշվեկշռում գտնվում է կապտաժը, պետք է կատարեն կապտաժից նմուշառված հանքային ջրի մանրէաբանական հետազոտություններ` հավելված N 1-ում սահմանված հաճախականությամբ (պարբերականությամբ):

2.9. Հանքային ջրի մանրէաբանական հետազոտության անբավարար արդյունքների դեպքում, կապտաժի սարքավորումները պետք է ախտահանվեն: Ախտահանումը կատարվում է շրջակա միջավայրի օդի ջերմաստիճան ունեցող լուծույթով, 1 ժամ տևողությամբ: Ախտահանումից հետո լվացումը կատարվում է հանքային ջրով` մինչև մնացորդային ակտիվ քլորի բացակայությունը:

 

3. Խողովակագծերին և հանքային ջրի տեղափոխման տարողություններին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ

3.1. Կապտաժից մինչև շշալցման արտադրամաս հանքային ջրի տեղափոխման համար օգտագործվող խողովակագծերը, ավտո և երկաթուղային տարողությունները (ցիստեռնները) պետք է պատրաստված լինեն, համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի, սանիտարահիգիենիկ փորձաքննության տվյալների հիման վրա պարենահումքի և սննդամթերքի հետ շփման համար դրական եզրակացություն ունեցող նյութերից:

3.2. Խողովակագծերն ամբողջ երկայնքով պետք է լինեն անջրաթափանց և աշխատեն լրիվ հատույթով:

3.3. Խողովակագծերի և կոլեկտորների տեխնիկական վիճակի ստուգումը կատարվում է ըստ անհրաժեշտության, բայց եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս: Ստուգումը կատարում է կազմակերպության կողմից ստեղծված հանձնաժողովը: Եթե կապտաժը կամ կոմունիկացիաները և ջրագծերը գտնվում են այլ կազմակերպության կամ հիմնարկի տնօրինության ներքո, ապա հանձնաժողովի աշխատանքներին պետք է մասնակցեն վերջիններիս ներկայացուցիչները:

3.4. Խողովակագծերի անջրաթափանցությունը ստուգվում է տարին մեկ անգամ` հիդրավլիկ փորձարկման եղանակով:

3.5. Խողովակագծերի և կոլեկտորների սանիտարական մշակումը (ախտահանումը) կատարվում է վերանորոգման աշխատանքներից հետո և, անհրաժեշտության դեպքում, դրանց ստուգումից (ռեվիզիայից) հետո: Ախտահանումն իրականացվում է շրջակա միջավայրի ջերմաստիճան ունեցող քլոր պարունակող լուծույթով` 1 ժամ տևողությամբ, ապա կատարվում է խողովակագծերի լվացում խմելու ջրով, մինչև ակտիվ քլորի հետքերի վերանալը, այնուհետև` պարզաջրվում խողովակագծերի տարողունակությանը հավասար ծավալի հանքային ջրով:

3.6. Խողովակագծերի և կոլեկտորի յուրաքանչյուր ստուգման և ախտահանման արդյունքների վերաբերյալ կատարվում են նշումներ (գրառումներ):

3.7. Հանքային ջրի տեղափոխման համար հատկացված ավտո և երկաթուղային տարողությունները (ցիստեռնները) պետք է օգտագործվեն միայն հանքային ջուր տեղափոխելու համար և ունենան «Հանքային ջուր» մակնշում:

3.8. Ավտո և երկաթուղային ցիստեռնները հանքային ջրով լցնելու և դատարկելու համար պետք է օգտագործվեն միայն սննդամթերքի հետ շփվելու համար, համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի, սանիտարահիգիենիկ փորձաքննության ենթարկված և դրական եզրակացություն ունեցող նյութերից պատրաստված ստացիոնար խողովակներ: Չի թույլատրվում հանքային ջուրը լցնել և դատարկել ռետինե խողովակների միջոցով:

3.9. Սննդարդյունաբերությունում օգտագործելու համար նախատեսված ռետինե և պոլիմերային նյութերից պատրաստված խողովակները կարող են օգտագործվել միայն ցիստեռնները ստացիոնար խողովակագծերին միացնելու նպատակով: Ռետինե խողովակները պետք է պահել դրանց հնարավոր աղտոտումը բացառող պայմաններում` կախիչների կամ դարակաշարերի վրա:

3.10. Ցիստեռնների լցման և դատարկման սարքավորումների (ամրաններ) միացման ռետինե խողովակները պետք է ենթարկվեն մանրամասն ախտահանման: Միացման խողովակները պետք է ախտահանվեն ամեն օր, շոգեհարվեն գոլորշիով կամ մշակվեն քլոր պարունակող ախտահանիչ լուծույթով (հավելված 3): Ախտահանման որակի հսկողությունն իրականացնում է կազմակերպության մանրէաբանական լաբորատորիայի մանրէաբանը:

3.11. Ավտո և երկաթուղային ցիստեռնները և շշալցման կազմակերպությունում օգտագործվող բոլոր տարողությունները, նախքան օգտագործելը և օգտագործման ընթացքում, պետք է ախտահանվեն (հավելված 3):

3.12. Ավտոցիստեռնների ախտահանումը պետք է կատարվի ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ: Ախտահանման որակը հսկվում է մանրէաբանական հետազոտության միջոցով:

Հանքային ջուրը դատարկելուց հետո ցիստեռնը պետք է զննվի մանրէաբանի կողմից: Անհրաժեշտության դեպքում, մանրէաբանի ցուցումով, պետք է կատարվի ցիստեռնի արտահերթ ախտահանում:

3.13. Նոր և խիստ աղտոտված ավտո և երկաթուղային ցիստեռնները նստվածքի, թաղանթի և այլնի առկայության դեպքում, ենթարկվում են մշակման հետևյալ եղանակով.

- ցիստեռններն ամբողջ ծավալով լցվում են 1,0-1,5%-անոց կալցիումացված կամ կաուստիկ սոդայի լուծույթով և պահվում 2-4 ժամ տևողությամբ,

- ցիստեռնների ներքին մակերեսը խոզանակով մաքրվում է նստվածքից, աղերից, թաղանթներից և մեխանիկական այլ աղտոտումներից և լվացվում խմելու ջրով,

- կատարվում է ախտահանում գոլորշիով կամ քլոր պարունակող նյութերով (հավելվածներ 2,3)` ցիստեռնի ամբողջ տարողությունը լցվում է ախտահանիչ լուծույթով, 1 ժամ տևողությամբ,

- լվացում խմելու ջրով, մինչև ախտահանիչ նյութի հետքերի վերացումը:

3.14. Մշտապես շահագործվող ցիստեռններն ախտահանվում են համաձայն 3.13. կետի պահանջների: Արգելվում է ալյումինից պատրաստված ցիստեռններն ախտահանել հիմնային ախտահանիչ նյութերով:

3.15. Երկաթուղային ցիստեռններն ախտահանվում են յուրաքանչյուր անգամ հանքային ջուր լցնելուց առաջ:

3.16. Ցիստեռնների ախտահանումը կատարվում է հատուկ կահավորված հարթակներում, որոնք պետք է ունենան կարծր ծածկույթ և տեղակայված լինեն ծածկի տակ: Հարթակը պետք է կոյուղացված լինի, ապահովված խմելու ջրի և գոլորշու խողովակագծերով, ինչպես նաև պաշտպանիչ ցանց ունեցող շարժական էլեկտրալամպով:

3.17. Ցիստեռնների մտոցները, դիտահորերը, ինչպես նաև լցման և դատարկման սարքավորումները, պետք է լինեն կապարակնքված: Կնիքների ամբողջականությունը պետք է պահպանված լինի հանքային ջրի տեղափոխման ամբողջ ընթացքում, ինչպես նաև մինչև ցիստեռնի հանքային ջրով լցնելը:

3.18. Միացման խողովակների և տեղափոխման տարողությունների ախտահանման որակը հսկվում է լաբորատորիայի կողմից:

3.19. Ավտո և երկաթուղային ցիստեռնները սպասարկող անձնակազմը պետք է սահմանված կարգով ենթարկվի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննման:

 

4. Հանքային ջրերի շշալցման կազմակերպությունների (արտադրամասերի) տարածքներին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ

4.1. Տարածքին ներկայացվող ընդհանուր պահանջները վերաբերում են տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանմանը և սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների ապահովմանը:

4.2. Տարան, շինարարական և տնտեսական նյութերը պետք է պահվեն առանձնացված պահեստներում կամ ծածկի տակ` բետոնածածկ, ասֆալտածածկ կամ հեշտ մաքրման հնարավորություն ընձեռող այլ ծածկով հարթակների վրա:

4.3. Ապակու ջարդոնի և աղբի հավաքման տարողությունները պետք է տեղադրված լինեն բետոնածածկ, ասֆալտածածկ կամ հեշտ մաքրման հնարավորություն ընձեռող այլ ծածկով հարթակների վրա:

4.4. Աղբի հավաքման տարողությունները, դատարկվելուց հետո, պետք է ախտահանվեն քլորակրի 10%-անոց լուծույթով կամ համարժեք ախտահանիչ այլ նյութերով, տարվա ցուրտ ժամանակ` ամիսը 1 անգամից ոչ պակաս, տաք ժամանակ` շաբաթը մեկ անգամ:

4.5. Վարորդների, առաքիչների, հաճախորդների համար նախատեսված սան. հանգույցներն անհրաժեշտ է տեղադրել օժանդակ սենքում (շինությունում)` արտադրական և պահեստային սենքերից առանձնացված: Սան. հանգույցներն ամեն օր պետք է ախտահանվեն քլորակրի 10%-անոց լուծույթով կամ համարժեք ախտահանիչ այլ նյութերով:

Չի թույլատրվում ախտահանման համար կիրառել չոր քլորակիր:

 

5. Ջրամատակարարմանը և ջրահեռացմանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ

5.1. Հանքային ջրերի շշալցման կազմակերպությունները պետք է ապահովված լինեն բավարար քանակի «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխանող ջրով:

5.2. Ջրամատակարարման աղբյուրի ջրառման տեղի ընտրությունը, ջրամատակարարման աղբյուրի սանիտարական պահպանման գոտու սահմանումը, ինչպես նաև ջրամատակարարման համակարգի կառուցվածքը պետք է համապատասխանի «Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և կառույցներ» 2.04.02-84 ՍՆիՊ -ի և սույն սանիտարական կանոնների պահանջներին:

5.3. Հանքային ջրի շշալցման կազմակերպությունների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի կառուցվածքը պետք է համապատասխանի 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆիՊ-ների, ինչպես նաև սույն սանիտարական կանոնների պահանջներին:

Մթնոլորտային տեղումներից առաջացած ջրի հավաքման և հեռացման համար պետք է նախատեսել առանձին հեղեղատար:

Արգելվում է միացնել արտադրական և կենցաղային ջրահեռացման գծերը, դրանցից յուրաքանչյուրն առանձին պետք է միանա բակային ցանցին:

5.4. Կազմակերպությունների ջրահեռացման բակային ցանցերը պետք է տեղադրված լինեն ջրմուղի ջրագծից ցածր: Դրանց հատման տեղամասերի սարքավորումը և զուգահեռ գծերի միջև տարածությունը պետք է համապատասխանի N 2.04.02-84 «Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և կառույցներ», N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆիՊ-ների պահանջներին:

5.5. Խմելու ջրի որակը պետք է հսկվի կազմակերպության արտադրական լաբորատորիայի կողմից, ոչ ուշ, քան 2 շաբաթը 1 անգամ և Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների կողմից` ընտրանքային կարգով: Ջրի որակի նկատմամբ մանրէաբանական հսկողության հաճախականությունը կարող է փոխվել (ավելացվել), ելնելով տարածաշրջանի համաճարակային իրավիճակից:

5.6. Արտեզյան հորատանցքերը և պահուստային ջրակուտակիչները պետք է ունենան սանիտարական պահպանման գոտի: Արտեզյան հորատանցքերի և ջրատար սարքավորումների տեխնիկական վիճակի նկատմամբ պետք է իրականացվի մշտական հսկողություն, որի համար պետք է առկա լինեն ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի ուրվագծերը:

5.7. Ջրամատակարարման կենտրոնացված և տեղային ցանցերից ստացվող ջրի բաշխիչ խողովակագծերը արգելվում է միացնել միմյանց հետ:

5.8. Չկոյուղացված բնակավայրերում կեղտաջրերի հեռացումը (բաց ջրամբարներ բաց թողնելու դեպքում) պետք է կատարվի նախնական մաքրումից և վարակազերծումից հետո:

 

6. Հանքային ջրերի պահման (կուտակիչ) տարողություններին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ

6.1. Շշալցման արտադրամասերում հանքային ջրի պահման համար նախատեսված տարողությունները պետք է պատրաստված լինեն սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից:

6.2. Տարողությունների կափարիչները պետք է ունենան սննդամթերքի հետ շփման համար նախատեսված ռետինե միջադիր և լինեն կապարակնքված:

6.3. Տարողությունները պետք է ապահովված լինեն ջրաչափ ապակիներով և ծորակներով` քիմիական ու մանրէաբանական հետազոտության նպատակով ջրի նմուշառման համար:

6.4. Կապտաժից հանքային ջրի ընդունման համար նախատեսված տարողությունները պետք է մաքրվեն և ախտահանվեն տարին 1 անգամ (հավելված 3), իսկ վերանորոգումից հետո կամ մանրէային աղտոտում հայտնաբերելու դեպքում` ենթարկվեն արտահերթ ախտահանման:

Հատկապես մանրամասն պետք է ախտահանվեն ջրաչափ ապակիները և նմուշառման ծորակները:

Ախտահանման որակի հսկողությունը կատարվում է հավելված 2-ին համապատասխան:

6.5. Երկաթուղային ցիստեռններով տեղափոխելու դեպքում, հանքային ջրի պահման տարողությունները պետք է ախտահանվեն յուրաքանչյուր դատարկվելուց հետո:

6.6. Ավտոցիստեռններով տեղափոխելու դեպքում, հանքային ջրի պահման տարողությունները պետք է ախտահանվեն եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս:

6.7. Տարողություններում պահվող առաջնային մշակման չենթարկված հանքային ջրի օգտագործման ժամկետը չպետք է գերազանցի 2 օրից:

Երկաթուղային ցիստեռններով տեղափոխման դեպքում, առաջնային մշակման ենթարկված հանքային ջրի օգտագործման ժամկետը չպետք է գերազանցի 5 օրից:

6.8. Կուտակիչ տարողությունների սանիտարական մշակումը պետք է կատարվի հետևյալ եղանակով.

- մեխանիկական մաքրում աղերից, նստվածքից, տիղմից,

- լվացում խմելու ջրով,

- ախտահանում ախտահանիչ նյութերով (հավելված 3), 1 ժամ տևողությամբ,

- լվացում խմելու ջրով:

Մեխանիկական մաքրումից և լվացումից հետո, թույլատրվում է տարողություններն ախտահանել գոլորշիով` 1 ժամ տևողությամբ:

6.9. Տարողությունների սանիտարական մշակման և ախտահանման որակը հսկվում է լաբորատորիայի աշխատակիցների կողմից:

6.10. Տարողությունների օգտագործումը թույլատրվում է մանրէաբանի կողմից` լաբորատոր հսկողության բավարար արդյունքների հիման վրա:

 

7. Լուսավորմանը, ջեռուցմանը, օդափոխությանը, օդի լավորակմանը և աղմուկին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ

7.1. Հանքային ջրի շշալցման արտադրամասերի լուսավորումը պետք է համապատասխանի «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96-ի պահանջներին:

7.2. Ջեռուցման համակարգը պետք է համապատասխանի «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» ՀՀ ՇՆ IV-12.01-2000-ի պահանջներին: Արտադրական, կենցաղային շենքերի ջեռուցման համակարգի համար գերադասելի է օգտագործել գերտաքացված ջուր, կարելի է նաև հագեցած գոլորշի:

7.3. Խոնավության, ջերմության և վնասակար նյութերի աղբյուր հանդիսացող սարքավորումները պետք է ապահովված լինեն օդափոխության տեղային արտաձիգ համակարգով:

7.4. Օդափոխիչ համակարգը սենքերում պետք է ապահովի ներհոս և արտաձիգ օդափոխանակության հաշվեկշիռը:

7.5. Օդափոխության սարքավորումները պետք է տեղադրվեն աղմուկը և ցնցումը նվազեցնող սարքավորումներով ապահովված օդափոխիչ խցիկերում` համաձայն «Պաշտպանությունը աղմուկից» ՍՆԻՊ II-12-77-ի պահանջների:

Աղմուկի մակարդակը պետք է համապատասխանի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին:

 

8. Արտադրական և օժանդակ սենքերին, սարքավորումներին և գույքին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ

8.1. Համաձայն ՍՆԻՊ 2.08.01-89 «Բնակելի շենքեր»-ի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի թիվ 222 հոդվածի, արգելվում է բնակելի շենքերում տեղակայել խմելու հանքային ջրերի շշալցման արտադրամասեր:

8.2. Արտադրամասերի, տեղամասերի (բաժինների) պատերը 1,8 մ-ից ոչ պակաս բարձրությամբ պետք է սալիկապատված, բաց երանգի յուղաներկով ներկված լինեն կամ ունենան խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն ընձեռող այլ հիգիենիկ ծածկ:

8.3. Բոլոր սենքերի հատակները պետք է լինեն անջրաթափանց և ունենան 0,030-ից ոչ պակաս թեքություն դեպի հատականցքերը: Հատականցքերի և ջրահեռացման խողովակների տրամագիծը պետք է ապահովի լվացման և հետադարձ կեղտաջրերի լրիվ հեռացումը հատակի ցանկացած հատվածից:

8.4. Խողովակագծերը պետք է լինեն յուղաներկված:

8.5. Սենքերի պատերի և առաստաղի սպիտակեցումն ու ներկումը կատարվում է ըստ անհրաժեշտության (բորբոսի, աղտոտվածության հետքերի առաջացման դեպքերում): Բորբոսով պատված մակերեսները յուղաներկելուց առաջ անհրաժեշտ է մշակել հակասնկային միջոցներով:

8.6. Բացվող բոլոր պատուհանները և օդանցքները տարվա տաք ժամանակաշրջանում պետք է ցանցապատվեն` միջատների ներթափանցումը կանխելու նպատակով:

8.7. Վարչական, արտադրական և օժանդակ սենքերի ու պահեստների մուտքերի մոտ պետք է տեղադրվեն կոշիկների մաքրման հարմարություններ, իսկ արտադրական տեղամասերի մուտքերում` ախտահանիչ լուծույթով թրջված գորգիկներ:

8.8. Կողմնակի անձանց մուտքն արտադրական տեղամասեր և պահեստներ չի թույլատրվում:

8.9. Շշերի խցանների պահման և ներարտադրամասային տեղափոխման համար օգտագործվող տարողությունները (տուփեր, արկղեր) պետք է ունենան հիգիենիկ ծածկույթ և յուրաքանչյուր շաբաթ լվացվեն 0,5%-անոց կալցիումացված սոդայի լուծույթով կամ ախտահանիչ այլ միջոցներով ու լվացվեն ջրով (հավելված 3):

8.10. Արտադրական և օժանդակ սենքերը, սարքավորումները և գույքը պետք է ըստ անհրաժեշտության մաքրվեն, լվացվեն և ախտահանվեն:

8.11. Աշխատանքն ավարտելուց հետո բոլոր տեղամասերը, սարքավորումները և գույքը պետք է մաքրվի: Խոնավ մաքրումը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ. սկզբում դռները, պատերի տախտակադրվագները, քիվերը, պատուհանագոգերը, ջեռուցման սարքերը, խողովակագծերը, վերջում հատակը:

8.12. Պատուհանների ներսի մակերեսը, ապակիները պետք է լվացվեն և մաքրվեն ըստ աղտոտվածության:

8.13. Հարդարման (մաքրման) աշխատանքներն ավարտելուց հետո մաքրող գույքը պետք է լվացվի և ախտահանվի քլորակրի 2%-անոց լուծույթով կամ համարժեք ախտահանիչ այլ նյութերով: Արտադրական տեղամասի մաքրման գույքը և պարագաները պետք է լինեն մակնշված և պահվեն առանձին: Արգելվում է դրանց օգտագործումը սան. հանգույցների մաքրման համար:

 

9. Հանքային ջրի մշակմանը և շշալցման սարքավորումներին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ

9.1. Հանքային ջրի մշակման և շշալցման գործընթացում օգտագործվող սարքավորումները պետք է պահվեն մաքուր վիճակում և սանիտարական մշակման ենթարկվեն համաձայն սարքավորումների լվացման և ախտահանման որակի նկատմամբ սանիտարամանրէաբանական հսկողության աղյուսակի (հավելված 2):

9.2. Հանքային ջրերի մշակման և շշալցման սարքավորումների ախտահանման համար կարող են օգտագործվել այդ նպատակի համար նախատեսված ախտահանիչ միջոցներ (հավելված 3):

9.3. Սարքավորումների ախտահանման ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ հաջորդականությունը.

- ախտահանիչ լուծույթը լցվում է ֆիլտրից առաջ տեղադրված խողովակագծի մեջ և պոմպերի միջոցով 0,12-0,15 ՄՊա ճնշման տակ մղվում ջրի վարակազերծման, արտադրամասային տարողությունների, սատուրատորի (ածխաթթու գազով հագեցնող սարք) և շշալցման մեքենաների մեջ ու պահվում մեկ ժամ տևողությամբ,

- բոլոր սարքավորումները լվացվում են խմելու ջրով, մինչև ախտահանիչ նյութի հետքերի վերանալը, ապա պարզաջրվում հանքային ջրով:

Սարքերի լվացման ջրի վերջին բաժնից կատարվում է նմուշառում` մանրէաբանական հետազոտության համար:

9.4. Ճենապակյա (կերամիկայից) մոմային ֆիլտրերի ախտահանումը կատարվում է մոմերի յուրաքանչյուր վերականգնելուց հետո` քլորակրի պարզեցված լուծույթով կամ 0,1գ/դմ3 ակտիվ քլոր պարունակող հիպոքլորիդի լուծույթով, մեկ ժամ տևողությամբ կամ այդ նպատակի համար նախատեսված այլ ախտահանիչ միջոցներով:

Ախտահանելուց հետո ֆիլտրերը լվացվում են խմելու ջրով 0,13-0,15 ՄՊա ճնշման տակ մինչև ակտիվ քլորի հետքերի վերանալը, ապա պարզաջրվում հանքային ջրով:

9.5. Խողովակագծերը և սարքավորումները պետք է ապահովված լինեն ծորակներով` մանրէաբանական հետազոտության համար նմուշառում կատարելու համար:

 

10. Տարաներին և խցաններին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ

10.1. Հանքային ջրերի շշալցման նպատակով օգտագործվող ապակյա տարաները պետք է նախապես ստուգվեն, ապա ընդունվեն արտադրամաս:

10.2. Հանքային ջրի շշալցման համար չի թույլատրվում օգտագործել նախկինում տեխնիկական հեղուկների շշալցման համար օգտագործված, կողմնակի հոտ ունեցող, ինչպես նաև վնասված և պղպջակներով շշերը: Նման թերություններ ունեցող շշերը ենթակա են խոտանման:

Խիստ աղտոտված հետադարձ շշերը պետք է ենթարկվեն պարտադիր նախնական մշակման (թրջվեն) կամ կրկնակի լվացման` շշերի լվացման մեքենայում:

10.3. Շշերի լվացման համար պետք է օգտագործվեն միայն լվացող մեքենայի շահագործման հրահանգով նախատեսված լվացող միջոցներ:

Արգելվում է շշերի լվացումը կատարել լվացքի փոշիներով:

10.4. Շշերի լվացումը մեքենաներում պետք է կատարվի վերջիններիս շահագործման հրահանգի պահանջների պահպանմամբ:

10.5. Շշերի լվացման մեքենաների աշխատանքի նկատմամբ պետք է իրականացվի կանոնավոր տեխնիկական և լաբորատոր հսկողություն:

10.6. Շշերի լվացման մեքենաների մաքրումը կատարվում է ըստ անհրաժեշտության: Լվացման ավազանները դատարկելուց հետո հեռացնում են ապակու, պիտակների մնացորդները և այլ աղբը, ապա լվացման ավազանների ներքին մակերեսը թրջում են քլորակրի 2%-անոց լուծույթով, մեկ ժամ տևողությամբ, ապա լվանում ջրով: Լվանալուց հետո մեքենաները լցվում են լվացող հեղուկով:

10.7. Լվացված շշերի մաքրության հսկողությունը կատարվում է լուսային էկրանների առջև, վատ լվացված շշերը վերադարձվում են կրկնակի լվացման:

10.8. Շշերի լվացման որակի մանրէաբանական հսկողությունն իրականացվում է լաբորատորիայի կողմից (հավելված 1):

10.9. Ապակու ջարդոնի հավաքման համար արտադրամասում պետք է տեղադրվի տարողություն:

10.10. Շշերի փակման համար օգտագործվող խցանները պետք է ստացվեն չվնասված պարկերով: Չի թույլատրվում խցանների ստացումը վնասված (պատռված) պարկերով:

Խցանների պարկերը պետք է բացել անմիջապես օգտագործելուց առաջ:

10.11. Համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի, հանքային ջրերի շշալցման պոլիմերային տարաները կարող են օգտագործվել միայն սանիտարահիգիենիկ փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում:

10.12. Պոլիմերային տարաների կրկնակի օգտագործումը հանքային ջրերի շշալցման նպատակով արգելվում է:

 

11. Պատրաստի արտադրանքին, դրա պահմանը և տեղափոխմանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ

11.1. Չի թույլատրվում հանքային ջրի շշալցումը կատարել այլ ըմպելիքների շշալցման տեխնոլոգիական հոսքագծերի վրա:

11.2. Բացառիկ դեպքերում, հանքային ջրի և ոչ ալկոհոլային ըմպելիքների շշալցումը կարող է կատարվել նույն հոսքագծի վրա: Այդ դեպքում հանքային ջրի շշալցում կատարելուց առաջ լցնող (փաթեթավորող) մեքենան և խողովակագծերը պարտադիր պետք է լվացվեն 800 C-ից ոչ ցածր ջերմաստիճանի խմելու ջրով:

Եթե նույն հոսքագծի վրա շշալցվում են տարբեր անվանումով հանքային ջրեր, շշալցնելուց առաջ մեքենան և խողովակագծերը լվացվում են և պարզաջրվում շշալցվող հանքային ջրով:

11.3. Եթե կապտաժից ստացված հանքային ջրի կոլի ինդեքսը 3-ից բարձր է, այն պետք է ախտահանվի արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգի պահանջներին համապատասխան:

11.4. Մանրէաբանական հետազոտության համար հանքային ջրի նմուշառումը կատարվում է հավելված 1-ում սահմանված ծավալով և ժամկետներում:

11.5. Պատրաստի արտադրանքի որակը պետք է համապատասխանի արտադրողի կողմից մշակված և սահմանված կարգով պետական գրանցում ունեցող ստանդարտների (ՀՀ ՍՏ, ՏՊ-ներ), իսկ անվտանգության ցուցանիշները` սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջներին:

11.6. Սանիտարամանրէաբանական հետազոտության ոչ բավարար արդյունքների դեպքում պատրաստի արտադրանքը ենթարկվում է կարանտինի:

Կարանտինի տևողությունը որոշվում է ելնելով մանրէաբանական հետազոտության արդյունքներից. եթե հետազոտված երկու կամ ավելի նմուշներից որևէ մեկում կոլի ինդեքսի ցուցանիշը եղել է 6 կամ 6-ից բարձր, ապա պատրաստի արտադրանքը կարանտինում պահվում է 5 օր:

Կրկնակի հետազոտություններ կատարվում են 3 օրը մեկ անգամ: Հետազոտությունների կատարումը դադարեցնում են, եթե հետազոտված նմուշներում կոլի ինդեքսի ցուցանիշը կազմում է 3 կամ 3-ից ցածր:

11.7. Եթե 90 օր տևողությամբ կարանտինում գտնվող պատրաստի արտադրանքի մանրէաբանական հետազոտության ընթացքում ստացվում են ոչ բավարար արդյունքներ, ապա նման արտադրանքը ենթակա չէ իրացման:

11.8. Եթե եզակի նմուշի հսկողական հետազոտության արդյունքում կոլի ինդեքսը կազմել է 3, ապա պատրաստի արտադրանքը կարող է իրացվել 7 օրից ոչ շուտ:

 

12. Արտադրության սանիտարամանրէաբանական հսկողություն

12.1. Հանքային ջրերի մշակման և շշալցման նկատմամբ կանոնավոր մանրէաբանական հսկողությունը պետք է իրականացնի արտադրական լաբորատորիան:

Հսկողությունն իրականացվում է ելնելով յուրաքանչյուր արտադրության յուրահատկություններից:

Հանքային ջրի մանրէաբանական ցուցանիշների և արտադրության սանիտարական վիճակի նկատմամբ հսկողության աղյուսակը ներկայացված է հավելված 1- ում:

12.2. Հանքային ջրում ախտածին մանրէների որոշումը կատարվում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:

Pseudomonas aeroginesa տեսակի մանրէների որոշումը կատարվում է տեխնոլոգիական գործընթացի համաճարակաբանական կարևոր նշանակություն ունեցող կետերում` կապտաժում, պատրաստի արտադրանքում, ինչպես նաև միացնող խողովակների մաքրության ստուգման ժամանակ:

12.3. Հանքային ջուրը համաճարակաբանական տեսակետից համարվում է անվտանգ, եթե մանրէաբանական ցուցանիշները համապատասխանում են անվտանգության հիգիենիկ պահանջներին:

 

13. Արտադրությունում ընդհանուր ախտահանման կարգ և առաջարկվող ախտահանիչ միջոցներ

13.1. Հանքային ջրերի մշակման և շշալցման կազմակերպություններում անհրաժեշտ է կատարել սենքերի, սարքավորումների, խողովակագծերի և գույքի մանրամասն ախտահանում:

Ընդհանուր ախտահանման աշխատանքները, ներառյալ հանքային ջրի կուտակիչ տարողություններինը, կատարում են տարին մեկ անգամ:

13.2. Ընդհանուր ախտահանում կատարելուց առաջ սարքավորումները պետք է ենթարկվեն մանրամասն մեխանիկական մաքրման: Ախտահանումը կատարելու համար օգտագործվում են միայն թարմ պատրաստված լուծույթներ, որոնց խտությունը պետք է հսկվի լաբորատորիայի կողմից:

13.3. Ախտահանիչ նյութերը պետք է պահվեն առանձին` փակ, չոր և մութ պայմաններում:

13.4. Ախտահանելուց հետո բոլոր սարքավորումները պետք է մանրամասն լվացվեն խմելու ջրով, մինչև ախտահանիչ լուծույթի լրիվ հեռացումը:

13.5. Յուրաքանչյուր ախտահանումից հետո պետք է կատարել լվացման համար օգտագործված ջրի վերջին բաժնի նմուշառում` մանրէաբանական հետազոտության համար:

 

14. Կրծողների և միջատների դեմ պայքարի միջոցառումներ

14.1. Հանքային ջրերի մշակման և շշալցման օբյեկտներում չի թույլատրվում կրծողների և միջատների առկայությունը:

14.2. Միջատների և կրծողների առկայության կանխարգելման նպատակով անհրաժեշտ է արտադրական տեղամասերում և պահեստներում պահպանել պատշաճ մաքրություն և համապատասխան սանիտարական ռեժիմ:

14.3. Տարվա տաք եղանակներին բոլոր պատուհանները և օդանցքները պետք է ցանցապատվեն:

14.4. Միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցառումները պետք է իրականացվեն այդ աշխատանքները կատարելու համար իրավասու (լիազորված) անձանց կողմից:

 

15. Աշխատակիցների անձնական հիգիենային և սանիտարակենցաղային պայմաններին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ

15.1. Հանքային ջրերի մշակման և շշալցման օբյեկտների աշխատակիցները պարտավոր են.

- նախքան աշխատանքի ընդունվելն անցնել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննման (հետազոտման): Սահմանված կարգով բժշկական զննման չենթարկված անձինք չեն թույլատրվում աշխատանքի,

- անձնական իրերը, վերնահագուստը, կոշիկները թողնել հանդերձարանում` անձնական պահարանում,

- աշխատանքի անցնելուց առաջ հագնել մաքուր սանիտարական արտահագուստ, մազերը ծածկել գլխաշորով կամ գլխարկով,

- սան. հանգույց հաճախելուց առաջ սանիտարական արտահագուստը թողնել այդ նպատակի համար հատկացված տեղում: Սան. հանգույցից օգտվելուց հետո ձեռքերը լվանալ օճառով և ախտահանել 0,2%-անոց քլորամինի լուծույթով կամ այդ նպատակի համար թույլատրված ախտահանիչ այլ միջոցներով,

- պահպանել մաքրություն աշխատատեղում, հետևել սարքավորումների և գույքի մաքրությանը,

- արտադրական տեղամասերում չծխել և սնունդ չընդունել,

- արգելվում է սանիտարական արտահագուստը ամրացնել գնդասեղով, քորոցով, ասեղով, արտահագուստի գրպաններում պահել գնդասեղ, դրամ, ծխախոտ և այլ կողմնակի իրեր` պատրաստի արտադրանքում կողմնակի իրերի հայտնվելը կանխելու նպատակով:

15.2. Խառատները, էլեկտրիկները, մոնտաժման և շին. վերանորոգման աշխատանքներով զբաղվող այլ բանվորները պարտավոր են.

- պահպանել անձնական հիգիենայի կանոնները,

- գործիքները, պահեստամասերը պահել հատուկ պահարանում և դրանք տեղափոխել բռնակներ ունեցող, գործիքների տեղափոխման համար նախատեսված, հատուկ փակ արկղերով,

- նորոգման աշխատանքներ կատարելիս լինել զգույշ, կանխել կողմնակի իրերի հայտնվելը պատրաստի արտադրանքում:

15.3. Լվացարանները և սան. հանգույցները անհրաժեշտ է ապահովել անձնական հիգիենայի կանոնների պահպանումն ապահովող պարագաներով` օճառ, սրբիչ-էլեկտրաչորացուցիչներ կամ միանգամյա օգտագործման թղթե անձեռոցիկներ, ախտահանիչ լուծույթներ:

Սան. հանգույցների նախամուտքերը պետք է ապահովված լինեն կախիչներով` սան. արտահագուստի համար:

Սան. հանգույցի մուտքի մոտ պարտադիր է ախտահանիչ լուծույթով թրջված գորգերի առկայությունը:

15.4. Սան. հանգույցների մաքրման և ախտահանման համար պետք է հատկացված լինեն մակնշված առանձին գույք և պարագաներ (դույլեր, ավելներ, խոզանակներ, լաթեր), որոնք պետք է պահվեն առանձին և օգտագործվեն նպատակային:

 

16. Սույն սանիտարական կանոններն ու հիգիենիկ նորմերը պետք է լուսաբանվեն հանքային ջրերի մշակմամբ և շշալցմամբ զբաղվող կազմակերպությունների աշխատակիցների և անհատ ձեռնարկատերերի շրջանում:

17. Սույն սանիտարական կանոնների ու հիգիենիկ նորմերի պահանջները խախտողները պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

18. Սույն սանիտարական կանոնների պահանջների պահպանման վերահսկողությունն իրականացվում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:

 

Հավելված 1

 

Արտադրության սանիտարական վիճակի և հանքային ջրի մանրէաբանական

ցուցանիշների հսկողության աղյուսակ

 

Հավելված 2

 

Հանքային ջրերի շշալցման արտադրամասի սարքավորումների լվացման և

ախտահանման որակի մարէաբանական հսկողության

 

Հավելված 3

 

Խմելու հանքային ջրերի մշակման և շշալցման արտադրությունում

օգտագործվող թույլատրելի ախտահանիչ նյութերի ցանկ

 

* Կարող են օգտագործվել նաև այլ ախտահանիչ նյութեր, որոնց համար առկա է Առողջապահության նախարարության կողմից տրված դրական եզրակացություն:

 

Հավելված 1

 

Արտադրության սանիտարական վիճակի և հանքային ջրի մանրէաբանական

ցուցանիշների հսկողության աղյուսակ

 

._________________________________________________________________________.

|N  |Նմուշառման տեղ               |Հետազոտվող|Որոշվող    |Հաճախականություն|

|   |                             |օբյեկտ    |ցուցանիշներ|                |

|___|_____________________________|__________|___________|________________|

|1. |Ջրամատակարարման ցանց         |Խմելու    |Մանրէների  |Ամիսը 2 անգամ   |

|   |                             |ջուր      |ընդհանուր  |                |

|   |                             |          |թիվ, կոլի  |                |

|   |                             |          |ինդեքս     |                |

|___|_____________________________|__________|___________|________________|

|2. |Կապտաժ                       |Հանք. ջուր|Մանրէների  |Ամիսը 2 անգամ   |

|   |                             |          |ընդհանուր  |Շաբաթը 1 անգամ  |

|   |                             |          |թիվ, կոլի  |                |

|   |                             |          |ինդեքս,    |                |

|   |                             |          |պսևդոմոնաս |                |

|___|_____________________________|__________|___________|________________|

|3. |Արտադրամասի տարողություններ  |Հանք. ջուր|Մանրէների  |Շաբաթը 1 անգամ  |

|   |չմշակված ջրով և  լցակայանի   |          |ընդհանուր  |                |

|   |կուտակիչ տարողություն        |          |թիվ, կոլի  |                |

|   |                             |          |ինդեքս     |                |

|___|_____________________________|__________|___________|________________|

|4. |Արտ. տարողություններ         |Հանք. ջուր|Մանրէների  |Տարողության     |

|   |երկաթուղային ցիստեռններով    |          |ընդհանուր  |յուրաքանչյուր   |

|   |բերված հանքային ջրի համար    |          |թիվ, կոլի  |լցման ժամանակ   |

|   |                             |          |ինդեքս     |                |

|___|_____________________________|__________|___________|________________|

|5. |Ընդհանուր կոլեկտոր           |Հանք. ջուր|Մանրէների  |Շաբաթը 1 անգամ  |

|   |(խողովակագիծ) ֆիլտրված ջրի   |          |ընդհանուր  |հերթափ. 1 անգամ |

|   |համար և  երկաթգծի ցիստեռնի   |          |թիվ, կոլի  |                |

|   |լցակայան                     |          |ինդեքս     |                |

|___|_____________________________|__________|___________|________________|

|6. |Արտադրամասի տարողություններ` |Հանք. ջուր|Մանրէների  |Շաբաթը 1 անգամ  |

|   |ֆիլտրած և  ախտահանված ջրով   |          |ընդհանուր  |հերթափ. 1 անգամ |

|   |                             |          |թիվ, կոլի  |                |

|   |                             |          |ինդեքս     |                |

|___|_____________________________|__________|___________|________________|

|7. |Փաթեթավորվող ջուր            |Հանք. ջուր|Մանրէների  |Շաբաթը 1 անգամ  |

|   |                             |          |ընդհանուր  |հերթափ. 1 անգամ |

|   |                             |          |թիվ, կոլի  |                |

|   |                             |          |ինդեքս     |                |

|___|_____________________________|__________|___________|________________|

|8. |Կափարիչների (խցաններ) լվացման|10 հատի   |ԱՑԽՄ       |Հերթափ. 1 անգամ |

|   |ջուր                         |լվացման   |առկայութ-  |                |

|   |                             |մանրէա-   |յուն       |                |

|   |                             |զերծման   |           |                |

|   |                             |100 սմ3   |           |                |

|   |                             |ջուր      |           |                |

|___|_____________________________|__________|___________|________________|

|9. |Լվացված շշեր գծից            |Յուրաքանչ-|Մանրէների  |Հերթափ. 1 անգամ |

|   |                             |յուր      |ընդհանուր  |                |

|   |                             |մեքենայից,|թիվ, կոլի  |                |

|   |                             |լվացուկ 10|ինդեքս     |                |

|   |                             |շշից      |           |                |

|___|_____________________________|__________|___________|________________|

|10.|Փաթեթավորվող արտադրանք       |Պատրաստի  |մանրէների  |Հերթափոխում 1   |

|   |                             |արտադրանք |ընդհանուր  |շիշ             |

|   |                             |յուրաքանչ-|թիվ 1 շշից |Հերթափոխում 3   |

|   |                             |յուր      |կոլի       |անգամ, 2 շիշ    |

|   |                             |մեքենայից |ինդեքս,    |                |

|   |                             |          |պսևդոմոնաս |                |

|   |                             |          |աէրոգինոզ  |                |

._________________________________________________________________________.

 

Հավելված 2

 

Հանքային ջրերի շշալցման արտադրամասի սարքավորումների լվացման և

ախտահանման որակի մանրէաբանական հսկողություն

 

._________________________________________________________________________.

|N  |Նմուշառման տեղ|Հետազոտվող|Լվացման և       |Կատարվող         |Հետազո- |

|   |(վայր)        |օբյեկտ    |ախտահանման      |հետազոտություններ|տութ-   |

|   |              |          |հաճախականություն|                 |յունների|

|   |              |          |                |                 |հաճախա- |

|   |              |          |                |                 |կանութ- |

|   |              |          |                |                 |յուն    |

|___|______________|__________|________________|_________________|________|

|1  |     2        |    3     |       4        |        5        |   6    |

|___|______________|__________|________________|_________________|________|

|1. |Կապտաժ        |Վերջին    |Ըստ             |Մանրէների        |յուրա-  |

|   |              |լվացման   |անհրաժեշտության`|ընդհանուր թիվ,   |քանչյուր|

|   |              |ջուր      |ելնելով         |կոլի ինդեքս,     |ախտահա- |

|   |              |          |մանրէաբանական   |ՄՀՖԱՄ ԱՑԽՄ       |նումից  |

|   |              |          |հետազոտության   |պսևդոմոնաս       |հետո    |

|   |              |          |արդյունքներից   |աէրոգինոզ        |        |

|___|______________|__________|________________|_________________|________|

|2. |Կոլեկտորների  |Վերջին    |նորոգումից հետո |Մանրէների        |յուրա-  |

|   |և             |լվացման   |և  ըստ          |ընդհանուր թիվ,   |քանչյուր|

|   |խողովակագծերի |ջուր      |անհրաժեշտության,|ՄՀՖԱՄ ԱՑԽՄ       |ախտահա- |

|   |միջև  շշալցման|(հանքային |ստուգ. հետո     |կոլի ինդեքս      |նումից  |

|   |արտադրամաս    |ջուր)     |                |                 |հետո    |

|   |              |խմելու    |                |                 |        |

|   |              |ջուր      |                |                 |        |

|___|______________|__________|________________|_________________|________|

|3. |Խողովակագծից  |«        |տարին 1 անգամ,  |«               |«      |

|   |չմշակված ջրով |          |ըստ             |                 |        |

|   |տարողություն- |          |անհրաժեշտության |                 |        |

|   |ներ           |          |                |                 |        |

|___|______________|__________|________________|_________________|________|

|4. |Ավտոցիստեռն-  |«        |եռամսյակը մեկ   | «              |«      |

|   |ներով բերված  |          |անգամ           |                 |        |

|   |ջրի  տարողութ-|          |                |                 |        |

|   |յուններ       |          |                |                 |        |

|___|______________|__________|________________|_________________|________|

|5. |Երկաթուղային  |«        |յուրաքանչյուր   |«               |«      |

|   |ցիստեռններով  |          |դատարկումից հետո|                 |        |

|   |բերված ջրով   |          |                |                 |        |

|   |տարողություն- |          |                |                 |        |

|   |ներ           |          |                |                 |        |

|___|______________|__________|________________|_________________|________|

|6. |Միացնող       |վերջին    |օրը 1 անգամ     |Մանրէների        |շաբաթը 1|

|   |խողովակաշարեր |լվացվող   |                |ընդհանուր թիվ,   |անգամից |

|   |(ռետինե       |ջուր      |                |կոլի ինդեքս,     |ոչ պակաս|

|   |խողովակներ)   |(խմելու   |                |պսևդոմոնաս       |        |

|   |              |ջուր)     |                |աէրոգինոզ        |        |

|___|______________|__________|________________|_________________|________|

|7. |Ավտոցիստեռններ|«        |ամիսը 1 անգամից |Մանրէների        |ախտահա- |

|   |              |          |ոչ պակաս        |ընդհանուր թիվ,   |նումից  |

|   |              |          |                |կոլի ինդեքս      |հետո    |

|___|______________|__________|________________|_________________|________|

|8. |Երկաթուղային  |«        |լցնելուց առաջ   |«               |«      |

|   |ցիստեռններ    |          |                |                 |        |

|___|______________|__________|________________|_________________|________|

|9. |Կերամիկական   |«        |մոմի            |«               |«      |

|   |մոմային       |          |վերականգնիչ,    |                 |        |

|   |ֆիլտրեր       |          |ռեգեներացիայից  |                 |        |

|   |              |          |հետո            |                 |        |

|___|______________|__________|________________|_________________|________|

|10.|Ախտահանման    |«        |ամիսը 1 անգամից |«               |«      |

|   |սարքավորումներ|          |ոչ պակաս        |                 |        |

|___|______________|__________|________________|_________________|________|

|11.|Սատուրատորներ |«        |«              |«               |«      |

|___|______________|__________|________________|_________________|________|

|12.|Ներարտադրամա- |«        |«              |«               |«      |

|   |սային         |          |                |                 |        |

|   |խողովակագծեր  |          |                |                 |        |

|___|______________|__________|________________|_________________|________|

|13.|Արտադրամասային|«        |«              |«               |«      |

|   |տարողություն- |          |                |                 |        |

|   |ներ           |          |                |                 |        |

|___|______________|__________|________________|_________________|________|

|14.|Շշալցման      |«        |«              | «              | «     |

|   |մեքենաներ     |          |                |                 |        |

|___|______________|__________|________________|_________________|________|

|15.|Շիշ լվացող    |«        |շաբաթը 2 անգամ  | «              |շաբաթը  |

|   |մեքենաներ     |          |                |                 |2 անգամ |

|___|______________|__________|________________|_________________|________|

|16.|Փակիչներ      |«        |օրը 1 անգամ     |մանրէների        |օրը 1   |

|   |հավաքող       |          |                |ընդհանուր թիվ    |անգամ   |

|   |մեքենա**      |          |                |                 |        |

|___|______________|__________|________________|_________________|________|

|17.|Բանվորների    |«        |«              |ԱՑԽՄ-ի           |ընտրողա-|

|   |ձեռքերից`     |          |                |առկայություն     |բար,    |

|   |արտադրամասերի,|          |                |                 |հերթափո-|

|   |լցակայանի,    |          |                |                 |խը 1    |

|   |փակող         |          |                |                 |անգամ   |

|   |մեքենավարների,|          |                |                 |        |

|   |փակողների,    |          |                |                 |        |

|   |տեսակավորողնե-|          |                |                 |        |

|   |րի,           |          |                |                 |        |

|   |ցիստեռնները   |          |                |                 |        |

|   |ջուր լցնողների|          |                |                 |        |

._________________________________________________________________________.

 

Հավելված 3

 

Խմելու հանքային ջրերի մշակման և շշալցման արտադրությունում

օգտագործվող թույլատրելի ախտահանիչ նյութերի ցանկ

 

._________________________________________________________________________.

|Ախտահանիչ նյութի անվանում        |Լուծույթի խտություն                    |

|_________________________________|_______________________________________|

|Քլորակիր                         |2,0-4,0 %-անոց (ակտիվ քլորի պարունակ.  |

|                                 |ոչ պակաս 25 %-ից, եթե ակտիվ քլորի      |

|                                 |խտությունը պակաս է, կատարվում է        |

|                                 |վերահաշվարկ)                           |

|_________________________________|_______________________________________|

|Նատրիումի հիպոքլորիդ             |1,1-0,5 գ/դմ3 (ըստ ակտիվ քլորի)        |

|_________________________________|_______________________________________|

|Կաուստիկ սոդա                    |1,0-3,0 %                              |

|_________________________________|_______________________________________|

|Կալցիումացված սոդա               |1,0-3,0 %                              |

|_________________________________|_______________________________________|

|Ֆորմալին                         |1,5-2,0 %                              |

|_________________________________|_______________________________________|

|Կատամին ԱԲ                       |0,5  0,1                               |

|_________________________________|_______________________________________|

|Սուլֆոքլորանտին                  |0,25-0,5 %                             |

|_________________________________|_______________________________________|

|Թթու էմոցիդ (ազոտաթթվի և         |0,1 մոլ/դմ3                            |

|ազոտաթթվային կալիումի խառնուրդ)  |0,1 մոլ/դմ3                            |

|_________________________________|_______________________________________|

|Անտիֆորմին                       |1,2-1,5 գ/դմ3 ըստ ակտիվ քլորի,         |

|                                 |ընդհանուր հիմնայնությունը` 1,0-1,2 %   |

._________________________________________________________________________.

* Կարող են օգտագործվել նաև այլ ախտահանիչ նյութեր, որոնց համար առկա են Առողջապահության նախարարության կողմից տրված դրական եզրակացություն:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
10.03.2003
N 137
Հրաման