Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈ ...

27.02.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.12.2009  -ից մինչեւ   27.02.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 16.01.14 թիվ 25-Ն հրաման)

i

110.0678.241003

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»         10           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11003339

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

7 հոկտեմբերի 2003 թվականի N 678-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 890-Ն որոշման 2-րդ կետի բ/ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գործավարության կարգը»:

2. Քարտուղարությանը /Գ. Հովհաննիսյան/` օրենսդրության և իրավաբանական վարչությանը /Է. Սանթրոսյան/` վերոնշյալ կարգը ներկայացնել պետական գրանցման:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի 2003թ. փետրվարի 7-ի N 63-Լ հրամանը:

 

Հաստատում եմ`

ՀՀ կրթության և գիտության

նախարար Ս. Երիցյան

07.10.2003 թ.

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության /այսուհետ` նախարարություն/ գործավարության կարգը:

2. Նախարարության գործավարության կազմակերպումն իրականացնում է նախարարության աշխատակազմը /այսուհետ` աշխատակազմ/:

3. Աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումներում (այսուհետ` ստորաբաժանում) գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը:

4. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

 

2. Նախարարությունում ստացված թղթակցության ընդունումը, գրանցումն ու

շարժը

 

5. Աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է աշխատակազմի քարտուղարությունում /այսուհետ` քարտուղարություն/ քարտերի, մատյանների մեջ, նաև` զուգահեռաբար տարվող համակարգչածրագրային միջոցներով, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:

Գրանցված փաստաթղթի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մուտքագրման համարը և ամսաթիվը:

Ստացված փաստաթղթերի մուտքագրման համարը բաղկացած է գործավարական դասակարգիչներով գրությանը տրված պայմանանիշից և դրա հերթական համարից:

6. Քարտուղարությունում բացվում են ստացված ծրարները /նաև էլեկտրոնային/, բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից` տեղքերից/ֆայլերից/:

«Անձամբ» մակագրությամբ ծրարները գրանցվում են առանձին մատյանում և փակ վիճակում հանձնվում են / առաքվում են / հասցեատիրոջը:

7. Քարտուղարության աշխատողների կողմից պարտադիր ստուգվում են բացված ծրարի փաստաթղթերի առկայությունը /ներառյալ հավելվածները/, առդիր թերթերի քանակը, ինչպես նաև փաստաթղթերի համարները` դրանք համեմատելով ծրարի վրա նշվածների հետ:

Փաստաթղթերի կամ տեղքերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` 3 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը:

Եթե ծրարում կամ տեղքում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, ապա դրանք նոր ծրարով կամ համակարգչային ցանցով առաքվում են ըստ պատկանելույն` փաստաթղթերին կցելով այն ծրարները /նաև էլեկտրոնային/, որոնցով դրանք ստացվել են: Անհրաժեշտության դեպքում վերոհիշյալի մասին տեղյակ է պահվում այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:

8. Ծրարները /նաև էլեկտրոնային/, որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել առաքողի հասցեն, կամ եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի առաքման ու ստացման ժամանակը որոշելու համար:

9. Հեռապատճենային և էլեկտրոնային կապի միջոցով ստացված փաստաթղթերը ուղարկվում են քարտուղարություն` մուտքագրման համար: Շտապ և բովանդակությամբ կարևոր հեռագրերն անհապաղ զեկուցվում են նախարարին: Հրատապ պատասխան պահանջող հեռագրի ստացման դեպքում աշխատակազմի ղեկավարը ստացված փաստաթղթի պատճենը հանձնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին /այսուհետ նախարար/ կամ նախարարի համապատասխան տեղակալին կամ մակագրում է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին` մինչև քարտուղարությունում բնօրինակի մուտքագրումը: Աշխատանքային օրվա ավարտից հետո կամ հանգստյան օրերին ստացված հեռագրերն ընդունվում են հերթապահ աշխատողի կողմից:

Վերոնշյալ տեղեկատվական շտեմարանից օգտվելու իրավունքը վերապահվում է նախարարին, նախարարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին, ստորաբաժանումների պետերին և նրանց կողմից լիազորված անձանց:

10. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից ստացված նյութերը և «Շտապ» մակագրությամբ թղթակցությունն անհապաղ գրանցվում և հանձնվում է աշխատակազմի ղեկավարին:

Այլ թղթակցությունը հասցեատերերին է տրվում աշխատանքային մեկ օրվա ընթացքում` սույն կարգին համապատասխան:

11. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները քարտուղարությունում սահմանված կարգով գրանցվելուց հետո հանձնվում են աշխատակազմի ղեկավարին` նախարարին զեկուցելու համար: Նախարարի հանձնարարականով փաստաթղթերը քարտուղարության միջոցով հանձնվում են նախարարի տեղակալներին և նախարարության ստորաբաժանումներին:

12. Ստորաբաժանումների ղեկավարները, կատարման համար ստանալով վերոնշյալ փաստաթղթերը, պարտավոր են աշխատակազմի մյուս աշխատողներին ծանոթացնել այդ փաստաթղթերին, եթե դրանք անմիջականորեն առնչվում են նրանց գործառույթներին, մշակել այդ փաստաթղթերից բխող այլ միջոցառումներ ու կատարման մասին նշումով քարտուղարության միջոցով հանձնել նախարարության օրենսդրության և իրավաբանական վարչություն` մշտական պահպանման համար:

Այդ իրավական ակտերը նախարարության օրենսդրության և իրավաբանական վարչությունից դուրս են տրվում միայն աշխատակազմի աշխատողներին ոչ ավելի, քան 5-օրյա ժամկետում վերադարձնելու պայմանով:

13. Նախարարին և նախարարությանը հասցեագրված փաստաթղթերի գրանցումից հետո աշխատակազմի ղեկավարը զեկուցում է նախարարին: Նախարարի անմիջական ցուցում պահանջող գրությունները նրա հանձնարարականով և քարտուղարության միջոցով ուղարկվում են նախարարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին, աշխատակազմին կամ ստորաբաժանումներին:

14. Նախարարի տեղակալներին հասցեագրված գրությունները, նամակները, հեռագրերն ու մյուս փաստաթղթերը քարտուղարության կողմից գրանցվում և փոխանցվում են քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով նախատեսված` օգնականի կամ գործավարի գործառույթներ իրականացնող անձանց` նախարարի տեղակալներին զեկուցելու համար: Նախարարի տեղակալները հանձնարարականներ են տալիս կամ փաստաթղթերը մակագրում են միայն իրենց կողմից համակարգվող ստորաբաժանումների ղեկավարներին:

15. Երկու և ավելի ստորաբաժանումներին տրված կատարման հանձնարարականի դեպքում կատարման արդյունքները ամփոփում և ներկայացնում է հանձնարարականում առաջինը նշված ստորաբաժանումը` մյուսների նշագրումներով:

16. Փաստաթղթերը ստանալու և վերադարձնելու ժամանակ ստորաբաժանումների համապատասխան աշխատողները ստորագրում են քարտուղարության հատուկ մատյանում:

Նախարարության ստորաբաժանման աշխատողը, ստանալով ստորաբաժանմանը վերաբերող գրությունները, դրանք գրանցում է թղթակցությունների մատյանում, հանձնում է ստորաբաժանման ղեկավարին և նրա մակագրության համաձայն` հանձնում անմիջական կատարողներին` մատյանում արտացոլելով փաստաթղթաշրջանառությունը ստորաբաժանումում:

17. Թղթակցության շարժը նախարարությունում իրականացվում է միայն քարտուղարության միջոցով: Նախարարությունում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում, ինչպես նաև դրանց կցված հանձնարարականների վրա որևէ նշում կատարելն արգելվում է: Անհրաժեշտության դեպքում մակագրության փոփոխություն թույլատրվում է տվյալ մակագրությունը կատարած պաշտոնատար անձին:

Ստորաբաժանումից ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին են հանձնվում քարտուղարության միջոցով` աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի համաձայնությամբ:

 

3. Իրավական ակտերի, այլ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստումը,

ձևակերպումը և առաքումը

 

18. Նախարարության հրամանների ու կարգադրությունների նախագծերը մշակվում և ներկայացվում են նախարարին և /կամ/ աշխատակազմի ղեկավարին` ստորաբաժանումների պետերի կողմից ուղեկցող նամակով: Նախագծերի առաջին էջի վերին աջ անկյունում գրվում է «ՆԱԽԱԳԻԾ» բառը:

19. Աշխատակազմի աշխատողը հրամանների և կարգադրությունների նախագիծ պատրաստելիս`

ա) անհրաժեշտության դեպքում համագործակցում է համապատասխան ստորաբաժանման հետ` տվյալ ղեկավարների գիտությամբ,

բ) ապահովում է պատշաճ մակարդակով մշակված նախագծերի ներկայացումը` համաձայնեցված նախարարի տեղակալների, նախարարության աշխատակազմի ղեկավարի, շահագրգիռ ստորաբաժանումների պետերի և օրենսդրության և իրավաբանական վարչության, ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության հետ /նրանց նշագրումներով/:

20. Հրամանի կամ կարգադրության նախագծի վերաբերյալ ստանալով նախարարի և /կամ/ աշխատակազմի ղեկավարի, առանձնացված ստորաբաժանման պետի գրավոր համաձայնությունը` այն վերադարձվում է ստորաբաժանում, ուր փոխանցվում է համապատասխան ձևաթղթի վրա և ներկայացվում է ստորագրության` ըստ պատկանելույն` նախարարին կամ աշխատակազմի ղեկավարին կամ առանձնացված ստորաբաժանման պետին:

21. Ստորագրված փաստաթուղթը` համապատասխան հիմքերով և կցված առաքման հասցեաթերթով, հանձնվում է քարտուղարություն:

Հրամանների ու կարգադրությունների համար կատարվում է առանձին համարակալում` տարեսկզբից մինչև տարեվերջ:

Համարակալված հրամաններն ու կարգադրությունները բազմացվում են, յուրաքանչյուր օրինակ հավաստվում է քարտուղարության կնիքով և առաքվում հասցեատերերին:

22. Իրավական ակտերի նախագծերը, որոնց վերաբերյալ առկա են տարակարծություններ, կարող են նախապես քննության առնվել նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի մոտ հրավիրվող խորհրդակցություններում:

Կատարողը կազմում է խորհրդակցության հրավիրվողների ցուցակ` համաձայնեցնելով աշխատակազմի ղեկավարի հետ և ապահովում նրանց մասնակցությունը:

23. Ստորաբաժանումներում հրավիրվող խորհրդակցությունների և քննարկումների արդյունքում առաջարկվող փոփոխությունների մասին համապատասխան ստորաբաժանման ղեկավարը զեկուցում է աշխատակազմի ղեկավարին, նախարարի տեղակալներին կամ նախարարին:

24. Կատարող ստորաբաժանումը խորհրդակցության արդյունքում լրամշակված նախագիծը համապատասխան արձանագրության հետ միասին հանձնում է աշխատակազմի ղեկավարին:

25. Նախարարի կողմից հավանության արժանացած իրավական ակտի նախագիծը` աշխատակազմի ղեկավարը «Ստորագրություն» մակագրությամբ և կից փաստաթղթերով, հանձնում է քարտուղարություն:

26. Խորհրդակցությունների սպասարկման աշխատանքը, հրավիրվող անձանց ծանուցումը իրականացնում է կատարող ստորաբաժանումը:

27. Խորհրդակցության արձանագրության հիման վրա լրամշակված նախագիծը տվյալ հարցը զեկուցողն արձանագրության մեջ նշված ժամկետում ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին:

Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների կողմից ներկայացված որոշման նախագծում կատարում են էական փոփոխություններ, լրամշակողը նախագծին պետք է կցի տեղեկանք այդ փոփոխությունների և շահագրգիռ մարմինների հետ լրացուցիչ համաձայնեցման մասին:

28. Խորհրդակցությունում քննարկված նախագծում փոփոխություններ կատարելիս կատարող ստորաբաժանման կողմից այն կրկին նշագրման է տրվում լրացում կամ փոփոխություն առաջարկած ստորաբաժանմանը և աշխատակազմի օրենսդրության և իրավաբանական վարչություն: Լրամշակումից հետո կատարող ստորաբաժանումը լրամշակված նախագիծը` աշխատակազմի ղեկավարի «Ստորագրություն» մակագրությամբ, հանձնում է քարտուղարություն:

29. Խորհրդակցությունում սահմանված կարգով, առանց դիտողության ընդունված որոշումները քարտուղարությունից կատարող ստորաբաժանում են վերադարձվում վերջնական նշագրումներ ստանալու համար:

30. Խորհրդակցությունների արձանագրումն ապահովում է կատարող ստորաբաժանումը:

Արձանագրության մեջ նշվում է քննարկվող հարցն ընդունելու, այն քննարկումից հանելու կամ հետաձգելու, հավանության արժանացած առարկությունների ու առաջարկությունների, ինչպես նաև խորհրդակցությունը վարողի ամփոփիչ որոշման մասին:

31. Կատարող ստորաբաժանումը խորհրդակցության արձանագրությունը հանձնում է քարտուղարությանը, որտեղ նրան տրվում է հերթական համար` միասնական համարակալման համաձայն, որը կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ:

32. Խորհրդակցությունում քննարկված նախագծերը լրամշակվում են արված առարկությունների և առաջարկությունների հիման վրա` նիստը վարողի ընդհանրացումներին համապատասխան:

Արձանագրությունները ճշգրիտ կազմելու նպատակով, ըստ անհրաժեշտության, խորհրդակցությունը կարող է ձայնագրվել:

33. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը իրավական ակտերը ներկայացնելիս`

ա/ ապահովում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացվեն միայն հիմնավորված, միմյանց չկրկնող հարցերի նախագծեր,

բ/ կցում է իրավական ակտի նախագծի ընդունման հիմնավորումը,

գ/ ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում հնարավոր փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը.

դ/ տվյալ նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը.

ե/ օրենքի նախագծի ներկայացման դեպքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի այն որոշումների ցանկը, որոնցով ընդունվելիք օրենքի կարգավորման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրվել է օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու լիազորություն, կամ տեղեկանք դրանց բացակայության մասին:

Հայաստանի Հանրապետության օրենքների, մյուս իրավական ակտերի նախագծերը համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և շահագրգիռ նախարարությունների հետ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների նախագծերը պետք է համաձայնեցվեն մյուս շահագրգիռ նախարարությունների հետ` դրանք ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:

Կառավարության քննարկմանը ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, նորմատիվ ակտերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերը 10-օրյա ժամկետում համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

Նորմատիվ ակտերի նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, շահագրգիռ նախարարությունների առարկությունները և առաջարկությունները կցվում են այդ նախագծերին:

Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը` անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով և նյութերով, տեղեկատվության փոխանցման էլեկտրոնային կրիչներով կամ այլ կրիչներով, կառավարության քննարկմանն են ներկայացվում 1 օրինակից` հարց ներկայացնող նախարարի ուղեկցական գրությամբ, ու հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

 

4. Փաստաթղթերի քննարկման ժամկետները

 

34. Աշխատակազմում փաստաթղթերի քննարկման համար սահմանվում են հետևյալ ժամկետները`

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, նախարարություններից, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմիններից ստացված` նախարարության լուծումը պահանջող հարցերի վերաբերյալ գրություններին պատասխանելու համար /եթե այլ ժամկետներ չեն սահմանված/`

ա/ լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր` մինչև 5 աշխատանքային օր.

բ/ լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցեր` մինչև 10 աշխատանքային օր:

35. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման այլ մարմինների գրությունների հիման վրա նախարարության իրավասության շրջանակներում ձևակերպումների կամ նոր գրությունների պատրաստման համար /եթե այլ ժամկետներ չեն նախատեսված/`

ա/ լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ չպահանջող հարցեր` մինչև 7 աշխատանքային օր.

բ/ լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ, թղթակցություն պահանջող հարցեր` մինչև 15 աշխատանքային օր:

36. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականների կատարման համար /եթե այլ ժամկետներ չեն նախատեսված/`

ա/ լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ չպահանջող հարցեր` մինչև 3 աշխատանքային օր.

բ/ լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ, թղթակցություն պահանջող հարցեր` մինչև 7 աշխատանքային օր:

37. Պետական, համայնքային և ոչ պետական կազմակերպություններից ստացված հարցումներին և այլ գրություններին պատասխանելու համար /եթե այլ ժամկետներ չեն առաջարկվում/`

ա) լրացուցիչ ուսումնասիրություններ,

քննարկումներ չպահանջող հարցեր` մինչև 3 աշխ. օր.

բ) լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցեր` մինչև 7 աշխ. օր.

գ) լրացուցիչ հիմնավորումներ, նամակագրություն պահանջող հարցեր` մինչև 15 աշխ. օր:

38. Փաստաթղթերի կատարման և պահպանման համար պատասխանատվություն են կրում անմիջական կատարողը և նրա անմիջական ղեկավարը:

 

5. Ելից թղթակցության ձևակերպումը

 

39. Աշխատակազմում ելից փաստաթղթերն ստորագրվում են նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, առանձնացված ստորաբաժանման պետերի /նրանց բացակայության դեպքում տեղակալների/ կամ նրանց գրավոր հանձնարարությամբ վարչության և բաժնի պետի կողմից:

i

40. Ելից փաստաթղթերի համար նախարարությունում օգտագործվում են հետևյալ պաշտոնական ձևաթղթերը /բլանկներ/`

ա/ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ձևաթուղթ,

բ/ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի ձևաթուղթ,

գ/ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի ձևաթուղթ,

դ/ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանի ձևաթուղթ,

ե/ առանձնացված ստորաբաժանումների պետի կարգադրության ձևաթուղթ,

զ/ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանի ձևաթուղթ:

(40-րդ կետը փոփ. 25.11.09 թիվ 947-Ն հրաման)

41. Նախարարության պաշտոնական ձևաթղթերի նմուշները հաստատում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:

i

42. Նախարարի ստորագրմանը ներկայացվող ելից փաստաթղթի պատճենի վրա դրվում է նախագիծը պատրաստող ստորաբաժանման ղեկավարի, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալի, նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալի, «հանրակրթության վարչության պետի տեղակալի, տվյալ ստորաբաժանման աշխատանքները համակարգող նախարարի տեղակալի, այնուհետև` աշխատակազմի ղեկավարի ստորագրությունները: Այն ներկայացվում է ստորագրման նախարարության աշխատակազմի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի միջոցով: Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության կառավարություն ուղղված փաստաթղթերի պատճենի վրա դրվում է նաև օրենսդրության և իրավաբանական վարչության պետի ստորագրությունը:

(42-րդ կետը փոփ. 25.11.09 թիվ 947-Ն հրաման)

i

43. Նախարարի տեղակալների ստորագրմանը ներկայացվող ելից փաստաթղթի պատճենը նշագրվում է նախագիծը պատրաստող աշխատողի, տվյալ ստորաբաժանման պետի կողմից, իսկ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունում, նախնական և միջին մասնագիտական կրթության վարչությունում և հանրակրթության վարչությունում նաև վարչությունների պետերի տեղակալների կողմից

Այն նամակներում, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, պարտադիր կերպով տեքստի տակ նշվում են կցվող նյութի անվանումը, ամսաթիվը, համարը և առդիր թերթերի թիվը: Կատարողի ազգանունը, անվան սկզբնատառերը և հեռախոսահամարը նշվում են նամակի վերջին էջի ներքևի ձախ անկյունում:

(43-րդ կետը փոփ. 25.11.09 թիվ 947-Ն հրաման)

44. Արգելվում է վարչություններում ու բաժիններում ելից թղթակցության ձևակերպումը: Ամբողջ կից թղթակցությունը բաց վիճակում հանձնվում է քարտուղարություն գրանցման և առաքման համար` նշելով հասցեները: Ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից` դրանք գրանցվելուց հետո կարող են տրվել նախարարության աշխատողներին` նրանց պատասխանատվությամբ /ստորագրությամբ/ հասցեատիրոջն առձեռն հանձնելու կամ հեռապատճենային կապով ուղարկելու նպատակով:

45. Ելից փաստաթղթերն ընդունելիս քարտուղարության աշխատողները պարտավոր են ստուգել փաստաթղթի ձևակերպման համապատասխանությունը սույն կարգով սահմանված բոլոր չափանիշներին:

46. Առաքվող նամակը գրանցելիս ձևաթղթի վերին ձախ անկյունում նշվում են ելից ամսաթիվը և գրանցման համարը. վերջինս բաղկացած է քարտուղարության դասակարգիչով համապատասխան ստորաբաժանմանը տրված պայմանանիշից և ուղարկվող փաստաթղթի հերթական համարից:

Այն դեպքում, երբ փաստաթղթերն առաքվում են որպես ստացված գրությունների պատասխաններ, հասցեատիրոջ անվան տակ` վերին ձախ անկյունում, նշվում են այդ գրությունների ամսաթիվը և համարը:

47. ՈՒղարկվող նամակի օրինակը /կից նյութերով/ պահվում է քարտուղարությունում` սահմանված կարգով: Փաստաթղթի մեկ օրինակ /կարևորված գրությունների դեպքում` ամբողջական պատճենը/ պահվում է այն ստորաբաժանումում, որի պայմանանիշը դրված է փաստաթղթի վրա:

48. Ծրարված թղթակցությունը գրանցվում է քարտուղարության համապատասխան մատյանում և սահմանված կարգով առաքվում հասցեատիրոջը:

Առաքվող թղթակցության ցուցակները պահվում են քարտուղարությունում:

 

6. Ստացված փաստաթղթերի կատարման նկատմամբ վերահսկողության կազմակերպումը

 

49. Քարտուղարության աշխատողը, ստանալով նախարարությանը հասցեագրված փաստաթուղթը, նրանում արձանագրված կատարման ժամկետի առկայության դեպքում վերցնում է հսկողության` փաստաթղթի կամ ուղեկցող նամակի առաջին էջի ներքևի աջ անկյունում դնելով «ՀՍԿՈՂԱԿԱՆ» դրոշմակնիքը:

50. Քարտուղարության աշխատողը հսկողության է վերցնում նաև ղեկավարությանը հասցեագրված և նրա կողմից համապատասխան մակագրությամբ հետ ստացված փաստաթղթերը: Եթե առաքման ենթակա փաստաթղթի մակագրության մեջ սահմանվել է ժամկետ, ապա հսկողության է վերցվում նշված ժամկետը, իսկ եթե որոշակի ժամկետ չի նշվել, ապա բաժնի աշխատողը ինքն է նշում կատարման ժամկետը` ելնելով սույն կարգի թ.թ. 34, 35, 36, 37 կետերից: Բոլոր հսկողական նշումները արձանագրվում են փաստաթղթերի գրանցման մատյանում:

51. Հսկողության ժամկետը լրանալուց մեկ օր առաջ քարտուղարությունը աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է սահմանված ձևի հիշեցում-տեղեկանք, իսկ կատարման ժամկետը լրանալիս` ահազանգման տեղեկանք:

52. Հսկողականի կատարման ապահովումը դրվում է ստորաբաժանման ղեկավարի վրա, որը հանձնարարականը կատարելուց հետո բաժնի աշխատողի միջոցով փաստաթուղթը հանձնում է քարտուղարություն` առաքելու և հսկողությունից հանելու:

Հանձնարարությունը հսկողությունից հանվում է քարտուղարության կողմից` ներկայացված փաստաթղթի պատասխանի հիման վրա:

53. Քարտուղարությունը եռամսյակը մեկ անգամ ստուգում է բոլոր փաստաթղթերի շարժը: Ժամկետանց և չկատարված փաստաթղթերի մասին աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է տեղեկանք:

 

7. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկումը

 

54. Նախարարությունում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

55. Քաղաքացիներից ստացված առաջարկությունների, դիմումների և բողոքների գծով գործավարությունը տարվում է առանձին: Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկումը նախարարությունում կազմակերպելու համար անձնական պատասխանատվություն է կրում աշխատակազմի ղեկավարը:

56. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:

Առաջարկությունը, դիմումը և բողոքը չեն քննարկվում նաև այն դեպքում, եթե պարզվում է, որ դրանց հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են:

57. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը, անունը:

58. Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով առաքված և նույն պետական մարմնում ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները հաշվի են առնվում առաջին առաջարկության, դիմումի ու բողոքի գրանցման պայմանանիշով` ավելացնելով հերթական համարը` կոտորակի ձևով:

59. Նախարարության իրավասու անձի կողմից քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են գրանցման` օրենքով սահմանված կարգով:

60. Նախարարություն դիմող քաղաքացիների գրավոր առաջարկությունները, դիմումները և բողոքները ստացման օրը կենտրոնացված կարգով պետք է գրանցվեն սահմանված ձևի քարտերում և նույն օրը ներկայացվեն ղեկավարության քննարկմանը:

61. Քաղաքացիների նամակների կատարման ժամկետները հաշվելիս հիմք է ընդունվում նախարարությունում դրանց ստացման օրը:

Օրենքով սահմանված ժամկետը պահպանելու նպատակով միջանկյալ նամակ-հարցումներում պարտադիր է նշել պատասխանի սպասվող ժամկետը:

62. Նամակի կատարման ընթացքի վերաբերյալ տվյալները /կատարողական/` հիշեցումը, ժամկետի երկարացման թույլտվությունը, զեկուցագիրը, հարցումը և այլն, պետք է զետեղվեն գրանցման-հսկման քարտի «կատարման ընթացքը» սյունակում:

63. Նախարարությունում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների` ժամանակին կատարման հսկողությունը դրվում է պաշտոնական անձանց և ստորաբաժանումների ղեկավարների վրա, որոնք պարտավոր են ապահովել վերոհիշյալ փաստաթղթերի` ժամանակին, ճիշտ և լրիվ քննարկումը, դրանց վերաբերյալ կայացրած որոշման իրականացումը:

64. Քաղաքացիների այն նամակները, որոնք նախարարությունում ստացվել են վերադաս և այլ կազմակերպություններից` դրանցում նշված փաստերը ուսումնասիրելու և արդյունքների մասին տեղեկացնելու խնդրանքով, վերցվում են հատուկ հսկողության: Այդ դեպքում բոլոր գրանցման-հսկման քարտերի և առաջարկությունների, դիմումների և բողոքների վրա դրվում է «Հսկողական» դրոշմակնիքը:

65. Քաղաքացիների այն առաջարկությունները, դիմումները և բողոքները, որոնց տրվում են միջանկյալ պատասխաններ, հսկողությունից չեն հանվում:

Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները կատարված են համարվում և հսկողությունից հանվում են, եթե քննարկվել են նրանցում բարձրացված բոլոր հարցերը, դրանց վերաբերյալ ընդունվել են անհրաժեշտ, հիմնավորված որոշումներ, լուծումներ և սպառիչ պատասխաններ` համաձայն գործող օրենսդրության:

66. Քաղաքացիների առաջարկություններին, դիմումներին և բողոքներին պատասխանում են նախարարը, նրա տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև նրանց կողմից լիազորված անձինք: Պատասխանը կարող է տրվել գրավոր կամ բանավոր. բանավոր պատասխանի դեպքում գրանցում է կատարվում դիմումի վրա և գրանցման-հսկման քարտում:

Պատասխանի գործակիցը կազմվում է գրանցման գործակցից և գործի համարից /ըստ անվանակարգի/, որում կատարվում են տվյալ հարցի վերաբերյալ գրագրությունները:

67. Վերջնական քննարկումից հետո առաջարկությունները, դիմումները և բողոքներն իրենց բոլոր նյութերով վերադարձվում են քարտուղարություն` որոշումը կայացնողի «Գործին կցել» մակագրությամբ, ստորագրությամբ և ամսաթվի նշումով: Հսկողական քարտերը ձևավորվում են ըստ կատարման ժամկետի, կատարողների և այլն:

68. Նախարարության ղեկավարները կամ նրանց հանձնարարությամբ այլ պաշտոնատար անձինք պարբերաբար վերլուծում և ընդհանրացնում են քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները, որոնք բովանդակում են գործնական դիտողություններ` նպատակ ունենալով բացահայտելու և վերացնելու քաղաքացիների` օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի խախտումների պատճառները, ինչպես նաև կատարելագործելու կրթության համակարգի աշխատանքները:

69. Եռամսյակը մեկ անգամ նախարարության կողմից տեղեկատվություն է հրապարակվում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման արդյունքների մասին:

 

8. Փաստաթղթերի պահպանումը

 

70. Նախարարության փաստաթղթերը օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանվում են նախարարության արխիվում:

Նախարարության արխիվ են հանձնվում նախորդ տարվա` մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը` սահմանված կարգով մշակելուց հետո:

71. Պետական պահպանման ենթակա փաստաթղթերը նախարարության արխիվում պահվում են 15 տարի ժամկետով, որից հետո հանձնվում են պետական արխիվ:

72. Գործավարության համար պատասխանատու անձինք պարտավոր են ապահովել փաստաթղթի պահպանվածությունը: Փաստաթղթերի պահպանման կարգը և պայմանները սահմանվում են պետական արխիվի հրահանգներով:

Արգելվում է գործերից փաստաթղթերի հանումը և բացթողումը:

Խստիվ արգելվում է նախարարության արխիվից բնօրինակ փաստաթղթերով գործերի դուրս տալը:

Անհրաժեշտության դեպքում նախարարության արխիվից գործերի բացթողումը կատարվում է աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ:

73. Արխիվում գործերին ծանոթությունը կատարվում է արխիվարիուսի թույլտվությամբ` ստորաբաժանման ղեկավարի գիտությամբ:

Նախարարության արխիվը պահպանության համար գործավարության փաստաթղթերն ընդունում է ըստ ցուցակների և գործերի պայմանանիշերի:

Արխիվի աշխատողը գործերի ընդունման համար ստորագրում է ցուցակների բոլոր օրինակներում, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:

Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են արխիվում: Նախարարության արխիվը գործավարության փաստաթղթերն ընդունելուց հետո դրանք նախապատրաստում է հետագայում պետական արխիվ հանձնելու համար:

 

9. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

i

(9-րդ բաժինը լրաց. 22.09.08 թիվ 762-Ն հրաման)

 

74. Նախարարության առանձնացված ստորաբաժանումներում գործավարությունը կազմակերպվում է սույն կարգի պահանջներին համապատասխան:

75. Նախարարության առանձնացված ստորաբաժանումներում ամբողջ թղթակցությունը գրանցվում է հատուկ գրանցամատյանների և /կամ/ համակարգչի միջոցով:

76. Նախարարի, աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների, հրամանների, մակագրված փաստաթղթերի պատշաճ և ժամանակին կատարման համար անմիջականորեն պատասխանատու է առանձնացված ստորաբաժանման ղեկավարը:

77. Նախարարության առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներն իրավունք ունեն ստորագրել անմիջապես իրենց անունով ստացված գրությունների պատասխանները, ինչպես նաև անմիջականորեն իրենց լիազորությունների շրջանակներում գտնվող հարցերի լուծմանը վերաբերող փաստաթղթերը:

78. Նախարարության առանձնացված ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ փաստաթղթերի առաքումը կատարվում է առանձնացված ստորաբաժանման միջոցով:

Մնացած բոլոր դեպքերում նախարարության առանձնացված ստորաբաժանման ելից փաստաթղթերի ստորագրումը, ելքագրումը, առաքումը կանոնակարգվում է սույն կարգի 5-րդ բաժնի դրույթներին համապատասխան:

79. Նախարարության առանձնացված ստորաբաժանումներին նախարարության կողմից հատկացվում է հատուկ դասիչ ելից փաստաթղթերը ձևակերպելու համար:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
07.10.2003
N 678-Ն
Հրաման