Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

01.01.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1997  -ից մինչեւ   01.01.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 24.10.05 ՀՕ-206-Ն օրենք` 01.01.06 թվականից)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի
կողմից «3» դեկտեմբերի 1996 թ.

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնակչության զբաղվածության կարգավորման իրավական հիմունքները, ինչպես նաև աշխատանքի ազատ ընտրության իրավունքի իրականացման, իսկ գործազրկության դեպքում` պետության կողմից տրվող սոցիալական պաշտպանության երաշխիքները:

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i
ՀՈԴՎԱԾ 1. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետությունում բնակչության զբաղվածությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության` աշխատանքային օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենսդրության այլ ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունն անձնական և հասարակական պահանջմունքների բավարարման հետ կապված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեություն է, որը բերում է նրանց կենսագործունեության համար անհրաժեշտ եկամուտ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ընտրություն կատարել զբաղվածության և չզբաղվածության միջև` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերի:

i

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` անձինք) չզբաղվածությունը նրանց որևէ պատասխանատվության ենթարկելու համար հիմք չէ:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐ

 

Գործատու են համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները և ֆիզիկական անձինք, որոնք օգտագործում են վարձու աշխատանք` օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ

 

Զբաղված են համարվում`

ա/ գործատուների մոտ վարձու աշխատանք կատարողները.

բ/ վարձատրվող պաշտոններում ընտրված, նշանակված կամ հաստատված անձինք.

գ/ աշխատանքով ինքնուրույնաբար իրենց ապահովող անձինք.

դ/ զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք.

ե/ ուսումնական հաստատություններում, մասնագիտական պատրաստման, վերամասնագիտացման, որակավորման բարձրացման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում ընդգրկված աշխատանքային տարիքի անձինք:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻՆՔ

 

i

Աշխատանք փնտրող են համարվում 16 տարին լրացած այն աշխատունակ անձինք, որոնք անկախ զբաղված լինելու հանգամանքից, աշխատանքի տեղավորման նպատակով դիմել են զբաղվածության պետական ծառայություն:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ

 

Չզբաղված են համարվում աշխատանքային տարիքի այն աշխատունակ անձինք, որոնք զբաղված չեն սույն օրենքի 4 հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով, ինչպես նաև`

ա/ տվյալ ժամանակաշրջանում աշխատելու ցանկություն չեն հայտնում (կամավոր չզբաղվածություն).

բ/ ցանկություն ունեն աշխատելու և փնտրում են հարմար աշխատանք (հարկադիր չզբաղվածություն):

 

ՀՈԴՎԱԾ 7. ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐ

 

i

Գործազուրկ են համարվում աշխատանքային տարիքի աշխատանք փնտրող աշխատունակ այն չզբաղված անձինք, որոնք չեն ստանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակներ, ունեն առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ, աշխատանքի տեղավորման նպատակով դիմել են զբաղվածության պետական ծառայություն և ստացել գործազուրկի կարգավիճակ:

 

i
ՀՈԴՎԱԾ 8. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ՈՒ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼԸ

 

Աշխատանքի տեղավորման, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների ստացման, մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, մասնագիտական պատրաստման, վերամասնագիտացման և որակավորման բարձրացման հարցերով դիմող անձանց հաշվառումն իրականացնում է զբաղվածության պետական ծառայությունը:

Զբաղվածության պետական ծառայությունում հաշվառվելու համար անձն անձամբ ներկայացնում է համապատասխան փաստաթղթեր, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը:

Աշխատանք փնտրող չզբաղված անձանց գործազուրկի կարգավիճակ է տալիս զբաղվածության պետական ծառայությունը` ոչ ուշ, քան տաս օրվա ընթացքում` անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔ

 

i

Հարմար է համարվում այն աշխատանքը, որը համապատասխանում է աշխատողի կրթությանը, մասնագիտական պատրաստվածությանը` հաշվի առնելով վարձատրության չափը և առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիությունը:

Գործազուրկ անձանց համար, որոնց հնարավոր չի եղել ապահովել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հարմար աշխատանքով, հարմար կարող է համարվել այն աշխատանքը, որը պահանջում է որակավորման բարձրացում կամ վերամասնագիտացում:

Առաջին անգամ աշխատանք փնտրող և մասնագիտություն չունեցող անձանց համար հարմար կարող է համարվել ցանկացած վարձատրվող աշխատանք:

Հարմար աշխատանքի պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 2
ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

i
ՀՈԴՎԱԾ 10. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Աշխատանք փնտրող անձինք և գործազուրկներն իրավունք ունեն`

ա/ անվճար ստանալ մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն և ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկություններ.

բ/ հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման անվճար միջնորդության.

գ/ դատական կարգով գանգատարկել զբաղվածության պետական ծառայության, դրա պաշտոնատար անձանց, ինչպես նաև գործատուների գործողությունները:

Գործազուրկներն իրավունք ունեն նաև`

ա/ անվճար վերամասնագիտացման և որակավորման բարձրացման.

բ/ այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ նյութական ծախսերի հատուցման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

գ/ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և աշխատատեղեր ստեղծելու նպատակով զբաղվածության հիմնադրամից անհրաժեշտ միջոցների տրամադրման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և պայմաններով:

 

i
ՀՈԴՎԱԾ 11. ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հաշմանդամներին աշխատանքի տեղավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործատուների համար սահմանում է աշխատանքի տեղավորման կամ համապատասխան նոր աշխատատեղերի ստեղծման կայուն քվոտաներ: Եթե գործատուն, անկախ պատճառներից, ըստ սահմանված քվոտայի չի կատարում աշխատանքի տեղավորման կամ համապատասխան նոր աշխատատեղերի ստեղծման պահանջները, յուրաքանչյուր չհատկացված կամ չստեղծված աշխատատեղի դիմաց զբաղվածության հիմնադրամ է մուծում տուգանք` իր մեկ աշխատողի տարեկան միջին աշխատավարձի չափով:

Հաշմանդամներին աշխատանքի տեղավորելու նպատակով զբաղվածության պետական ծառայությունը, գործատուների հետ համաձայնեցնելով, նրանց մոտ կարող է հիմնել առանձին մասնագիտացված ձեռնարկություններ, կազմակերպել հաշմանդամների մասնագիտական ուսուցումը` զբաղվածության հիմնադրամի և համայնքի բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 12. ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` այլ պետություններում աշխատելու, մասնագիտական պատրաստման, որակավորման բարձրացման և վերամասնագիտացման իրավունքն իրականացվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 3
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 13. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

i

Բնակչության զբաղվածության պետական կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է աշխատուժի առաջարկի ու պահանջարկի հաշվեկշռվածության և կառուցվածքային համապատասխանության կարգավորում` ֆինանսավարկային, ինվեստիցիոն, հարկային և սոցիալ-ժողովրդագրական քաղաքականության միջոցում` հաշվի առնելով աշխատուժի շուկայի կազմը և կառուցվածքը:

Աղետների, բնակչության հարկադիր տեղահանման և այլ չկանխատեսված պատճառներով զանգվածային չզբաղվածությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:

i

Բնակչության զբաղվածության պետական կարգավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը:

Հայաստանի Հանրապետությունում աշխատուժի շուկայի և բնակչության զբաղվածության ընթացիկ իրավիճակն արտացոլվում է պետական վիճակագրական հաշվետվություններում:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Բնակչության զբաղվածության կարգավորման պետական ծրագրերն իրականացնում է զբաղվածության պետական ծառայությունը:

i

Զբաղվածության պետական ծառայության գործունեության կարգը և կառուցվածքը սահմանվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից:

 

i
ՀՈԴՎԱԾ 15. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Զբաղվածության պետական ծառայությունը պարտավոր է`

ա/ կատարել վերլուծական հետազոտություններ, կանխատեսել աշխատուժի առաջարկն ու պահանջարկը, տեղեկություններ տալ աշխատուժի շուկայի վիճակի մասին.

բ/ կարգավորել և կազմակերպել աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժը, օժանդակել աշխատանք փնտրող անձանց ընտրելու հարմար աշխատանք, իսկ գործատուներին` ապահովել անհրաժեշտ մասնագիտություն և որակավորում ունեցող անձանցով.

գ/ իրականացնել աշխատանք փնտրող անձանց հաշվառումը.

դ/ նշանակել գործազրկության նպաստ գործազուրկ անձանց` սույն օրենքով սահմանված կարգով.

ե/ ցույց տալ դրամական օգնություն գործազուրկ անձանց, որոնց գործազրկության նպաստի ժամկետները լրացել են, ինչպես նաև աշխատանք փնտրող չզբաղված, սակայն գործազուրկ չհամարվող և գործազրկության նպաստի իրավունք չունեցող անձանց` սույն օրենքով սահմանված կարգով.

զ/ կազմակերպել զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

է/ հրապարակել տեղեկություններ (տարեկան ոչ պակաս, քան երկու անգամ) զբաղվածության հիմնադրամի միջոցների օգտագործման մասին.

ը/ ֆինանսապես աջակցել գործազուրկներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և գործատուների մոտ լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու հարցերում:

Զբաղվածության պետական ծառայությունն իրավունք ունի`

ա/ կասեցնել կամ դադարեցնել գործազրկության նպաստի վճարումը սույն օրենքով սահմանված դեպքերում.

բ/ գործատուներից պարբերաբար պահանջել տեղեկություններ թափուր աշխատատեղերի, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին, որոնց հետևանքով կարող են տեղի ունենալ աշխատանքից ազատումներ.

գ/ գործուղել աշխատանք փնտրող անձանց գործատուների մոտ` համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում.

դ/ կասեցնել զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների ընդունած որոշումները` սույն օրենքի 19 հոդվածով սահմանված դեպքերում.

ե/ տնօրինել զբաղվածության հիմնադրամի միջոցները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի սահմանած կարգով.

զ/ ստուգել զբաղվածության պետական ծառայությանը դիմած անձանց կողմից ներկայացրած փաստաթղթերի իսկությունը.

է/ անհրաժեշտության դեպքում պահանջել համապատասխան մարմիններից տեղեկություններ` անձանց զբաղվածության մասին:

Գործազուրկների վերամասնագիտացումը և որակավորման բարձրացումն իրականացվում է զբաղվածության պետական ծառայության ուսումնական կենտրոններում կամ պայմանագրային հիմունքներով ուսումնական այլ հաստատություններում` զբաղվածության հիմնադրամի այդ նպատակների համար նախատեսված միջոցների հաշվին:

Զբաղվածության պետական ծառայության գործուղումները պարտադիր են միայն սույն օրենքի 11 հոդվածով սահմանված կարգով քվոտավորված աշխատատեղերի համար: Մնացած բոլոր դեպքերում զբաղվածության պետական ծառայության գործուղումներն աշխատանք փնտրող անձի և գործատուի միջև կրում են միջնորդային բնույթ:

Զբաղվածության պետական ծառայությունն իր իրավասության շրջանակներում տրամադրում է տեղեկություն և իրականացնում է խորհրդատվություն այլ պետություններում աշխատանքային գործունեության ծավալման մասնագիտական պատրաստման, որակավորման բարձրացման կամ վերամասնագիտացման ցանկություն ունեցող անձանց, ինչպես նաև իրականացնում է միջնորդություն նրանց և այլ պետությունների գործատուների միջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

i
ՀՈԴՎԱԾ 16. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում կարող են գործել աշխատանքի տեղավորման, այդ թվում` այլ պետություններում ծառայություններ մատուցող ոչ պետական ձեռնարկություններ, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐԸ

 

Բնակչության զբաղվածության կարգավորման ծրագրերի մշակման և իրականացման համար համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով կարող են ստեղծվել հանրապետական և տեղական համաձայնեցման կոմիտեներ, որոնց կազմում հավասար թվաքանակով ընդգրկվում են աշխատողների, գործատուների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և գործադիր իշխանության, ինչպես նաև զբաղվածության պետական ծառայության լիազոր ներկայացուցիչները:

Համաձայնեցման կոմիտեների գործունեության կազմակերպման կարգն ու իրավասության շրջանակները սահմանվում են նրանցում ներկայացված կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 18. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

 

Հայաստանի Հանրապետությունում գործատուները զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանն աջակցելու նպատակով պարտավոր են`

ա/ տեղեկություններ տալ զբաղվածության պետական ծառայությանը` թափուր աշխատատեղերի և աշխատողների հնարավոր զանգվածային ազատումների մասին.

բ/ տեղեկացնել զանգվածային ազատումների մասին զբաղվածության պետական ծառայությանը ազատման հնարավոր ժամկետից ոչ ուշ, քան երկու ամիս առաջ ներկայացնելով զանգվածային ազատումների պատճառները, ազատման ենթակա աշխատողների թիվն ու մասնագիտությունները.

i

գ/ վերակազմավորման, լուծարման, աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման հետևանքով ազատվող անձանց այդ մասին տեղեկացնել նրանց ազատելուց ոչ ուշ, քան երկու ամիս առաջ և վճարել արձակման նպաստ` ամսական միջին վաստակի չափով.

դ/ վերակազմավորման, լուծարման, աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման հետևանքով ազատվող յուրաքանչյուր անձի համար զբաղվածության հիմնադրամ փոխանցել գումար` ազատվողի ամսական միջին վաստակի չափով.

ե/ նախապես սահմանված քվոտաներին համապատասխան` ապահովել աշխատանքով զբաղվածության պետական ծառայության կողմից գործուղված հաշմանդամներին.

i

զ/ կատարել պարտադիր ապահովագրական մուծումներ զբաղվածության հիմնադրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Սույն հոդվածով նախատեսված պարտականությունները չեն տարածվում այն գործատուների վրա, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է այլ կարգ:

 

i
ՀՈԴՎԱԾ 19. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

Զանգվածային ազատումների չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Զբաղվածության պետական ծառայությունը կարող է կասեցնել աշխատողների զանգվածային ազատման վերաբերյալ գործատուների ընդունած որոշումները`

ա/ ոչ ավելի, քան մեկ ամիս ժամկետով, եթե կան դժվարություններ ազատվողներին աշխատանքի տեղավորելու հարցում, միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով մասնակիորեն փոխհատուցելով գործատուների հնարավոր վնասները զբաղվածության հիմնադրամի միջոցների հաշվին.

բ/ ոչ ավելի, քան մեկ ամիս ժամկետով, եթե գործատուն զանգվածային ազատումների մասին սույն օրենքի 18 հոդվածի «բ» կետում նշված ժամկետում չի տեղեկացրել զբաղվածության պետական ծառայությանը.

գ/ մինչև նախապես հայտնված ժամկետը, եթե գործատուն խախտել է զանգվածային ազատումների վերաբերյալ իր կողմից սահմանված ժամկետները:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

 

i

Զբաղվածության հիմնադրամը կոչված է ապահովելու զբաղվածության պետական կարգավորման իրականացման ֆինանսավորումը:

Զբաղվածության հիմնադրամը ձևավորվում է`

ա/ գործատուների պարտադիր ապահովագրական մուծումներից.

բ/ աշխատողների աշխատավարձից կատարվող պարտադիր ապահովագրական մուծումներից.

գ/ գործատուների լրացուցիչ հատկացումներից, սույն օրենքի 11 և 18 հոդվածներով նախատեսված դեպքերում.

դ/ պետական և համայնքների բյուջեներից կատարվող հատկացումներից.

ե/ Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների գործատուների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, անձանց կամավոր մուծումներից և այլ մուտքերից:

i

Զբաղվածության հիմնադրամի կազմավորման կարգի, կանոնադրության, միջոցների ձևավորման չափերի ու պայմանների, ծախսման ուղղությունների հաստատումը, ինչպես նաև դրանց վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

i

Պետական, տարածքային կառավարման մարմինները, համայնքներն ու գործատուները վարձատրվող հասարակական աշխատանքներ կազմակերպելու համար նախ և առաջ պետք է դիմեն զբաղվածության պետական ծառայություն, որն ապահովում է համապատասխան աշխատուժով` նախապատվությունը տալով գործազուրկներին: Հասարակական աշխատանքներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց հետ սահմանված կարգով կնքվում է աշխատանքային պայմանագիր: Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և անցկացման պայմանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 4
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 22. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

i

Գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց երաշխավորվում է`

ա/ գործազրկության նպաստների վճարում` սույն օրենքով սահմանված կարգով նպաստի ստացման տևողությունը հաշվառելով ընդհանուր աշխատանքային ստաժում.

բ/ կրթաթոշակների վճարում վերամասնագիտացման և որակավորման բարձրացման դասընթացներում սովորելու ընթացքում` հաշվառելով ուսուցման տևողությունը ընդհանուր աշխատանքային ստաժում:

Գործազուրկ անձանց, որոնց գործազրկության նպաստի վճարման ժամկետը լրացել է, ինչպես նաև աշխատանք փնտրող չզբաղված, սակայն սույն օրենքով գործազուրկ չհամարվող և գործազրկության նպաստի իրավունք չունեցող անձանց կարող է տրվել դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 23. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

i

Գործազրկության բազային նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գործատուի նախաձեռնությամբ, բացառությամբ աշխատանքային կարգապահության խախտման պատճառով ազատվածների, աշխատանքից ազատված անձանց, որոնք աշխատանքի տեղավորման նպատակով զբաղվածության պետական ծառայությանն են դիմել աշխատանքից ազատվելու օրվանից երեսուն օրվա ընթացքում, նշանակվում է նպաստ` գործազրկության բազային նպաստի չափով:

Իրենց նախաձեռնությամբ աշխատանքից ազատված անձանց, ինչպես նաև այն անձանց, ովքեր չեն բավարարում սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված պայմանին, նշանակվում է նպաստ` գործազրկության բազային նպաստի 80 տոկոսի չափով:

Աշխատանքային կարգապահության խախտման պատճառով աշխատանքից ազատված անձանց նշանակվում է նպաստ` գործազրկության բազային նպաստի 60 տոկոսի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 24. ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ

 

Զբաղվածության պետական ծառայության ուղեգրով վերամասնագիտացման կամ որակավորման բարձրացման ուղարկվող գործազուրկ անձինք ուսման ամբողջ ընթացքում ստանում են կրթաթոշակ` գործազրկության բազային նպաստի 120 տոկոսի չափով:

 

i
ՀՈԴՎԱԾ 25. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գործազրկության նպաստները նշանակվում են զբաղվածության պետական ծառայության կողմից` անձին գործազուրկի կարգավիճակ տալու օրվանից:

Գործազրկության նպաստի տևողությունը սահմանվում է 5 ամիս:

Ոչ պակաս, քան 5 տարի ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձանց գործազրկության նպաստների վճարման ժամկետները երկարացվում են յուրաքանչյուր 5 տարվա համար` մեկ ամսով:

Գործազրկության նպաստները նշանակվում են ոչ ավելի, քան 12 ամիս:

i

Սույն օրենքի 23 հոդվածի երկրորդ մասով 12 ամիս գործազրկության նպաստ ստանալու իրավունք ունեցող այն գործազուրկներին, որոնց տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալը մնացել է մինչև մեկ տարի, իրենց համաձայնությամբ կարող է տրվել վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու իրավունք:

Եթե անձը գործազուրկի կարգավիճակ է ստանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նա գործազրկության նպաստի ստացման իրավունք կարող է ձեռք բերել, եթե զբաղվածության պետական ծառայությանը դիմելուն նախորդած վերջին մեկ աշխատանքային տարում ունի առնվազն յոթ ամսվա աշխատանքային ստաժ:

 

ՀՈԴՎԱԾ 26. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ԿԱՍԵՑՈՒՄՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Եթե գործազրկության նպաստի ստացման ժամանակաշրջանում ինքնուրույնաբար տեղավորվում է ժամանակավոր աշխատանքի` տեղեկացնելով զբաղվածության պետական ծառայությանը, ապա վերջինիս կողմից գործազրկության նպաստի վճարումը կասեցվում է ժամանակավոր աշխատանքի տևողությանը համապատասխան ժամկետով:

Զբաղվածության պետական ծառայության կողմից երկու ամիս ժամկետով կասեցվում է գործազրկության նպաստի վճարումը, եթե գործազուրկը թեկուզ մեկ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղափոխման առաջարկից:

Զբաղվածության պետական ծառայությունը դադարեցնում է գործազրկության նպաստի վճարումը, եթե`

ա/ գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից.

բ/ գործազուրկն անհարգելի պատճառով երկու անգամ անընդմեջ զբաղվածության պետական ծառայության հրավերով նախապես տեղեկացված ժամկետում չի ներկայացել` աշխատանքի տեղավորման առաջարկ ստանալու համար.

գ/ գործազուրկն առանց զբաղվածության պետական ծառայությանը տեղեկացնելու, գործազրկության նպաստ ստանալու ընթացքում տեղավորվել է աշխատանքի, ներառյալ` ժամանակավոր.

դ/ գործազրկության նպաստի վճարումը կասեցնելիս պարզվում է, որ դրա ստացման ժամկետը լրանում է ժամանակավոր աշխատանքի ժամկետից ավելի շուտ կամ միաժամանակ:

 

ԳԼՈՒԽ 5
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

ՀՈԴՎԱԾ 27. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 6
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

i
ՀՈԴՎԱԾ 28. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

i

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից:

 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1991 թվականի դեկտեմբերի 27-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

26 դեկտեմբերի 1996 թ.

ՀՕ-93

 

 

pin
ՀՀ 03.12.1996
N ՀՕ-93 օրենք