Սեղմել Esc փակելու համար:
ՀՐԴԵՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՐԴԵՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ...

 

 

326.0978.291203

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         12           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32603425

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

31 հոկտեմբերի 2003 թվականի N 978-Ն

 

i

ՀՐԴԵՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի կատարումն ապահովելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հրդեհների և դրանց հետևանքների պետական հաշվառման կանոնները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի աշխատակազմի պետ, գնդապետ Գալուստ Գալստյանին`

- սույն կանոնները ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

արտակարգ իրավիճակների

վարչության պետի

2003 թ. հոկտեմբերի 31-ի

978-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված հրդեհների, դրանց պատճառած նյութական վնասի, հրդեհների ժամանակ տուժած քաղաքացիների հաշվառման միասնական համակարգը: Սույն կանոններում ամրագրված դրույթները կիրառվում են միայն հրդեհների և դրանց հետևանքների հաշվառման նպատակով:

2. Հրդեհներ չեն համարվում`

ա) փորձերի ժամանակ փորձագիտական սարքերում կատարվող այրումը, եթե դա նախատեսված է հատուկ գիտահետազոտական փորձարարական աշխատանքների անցկացման պայմաններով.

բ) ծխեցման վաննաներում, ձյութաեռ կաթսաներում, էլեկտրաշարժիչներում և էլեկտրաբաշխիչ վահանակներում կատարվող այրումը, եթե այրումը նշված սարքավորումներից դուրս տարածում չի գտել.

գ) աղբաոչնչացման համար նախատեսված հատուկ վայրերում կատարվող այրումը.

դ) պայթյունները, որոնց չի ուղեկցել և չի հաջորդել այրումը.

ե) վերահսկվող այլ այրումները:

3. Նյութական վնասի չափից կախված, հրդեհները բաժանվում են երեք խմբի`

ա) հրդեհներ` եթե պատճառված նյութական վնասը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկը.

բ) խոշոր հրդեհներ` եթե պատճառված նյութական վնասը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 6000-ապատիկը.

գ) առավել խոշոր հրդեհներ` եթե պատճառված նյութական վնասը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 6000-ապատիկը:

4. Հրդեհների հետևանքներ են` առաջացած մարդկային զոհերը, մարդկանց պատճառված առողջական և մարմնական վնասվածքները, թունավորումները, շրջակա միջավայրին հասցված վնասները, շենքերի, շինությունների, հիմնական միջոցների, փոքրարժեք արագամաշ առարկաների, պատմական և մշակութային արժեք ներկայացնող առարկաների, փաստաթղթերի և այլ գործերի ոչնչացումն ու փչացումը:

5. Հրդեհի զոհեր համարվում են այն անձինք, ովքեր զոհվել են հրդեհից այրվածքներ, թունավորումներ, վնասվածքներ ստանալուց, որը հաստատվում է իրավասու առողջապահական կազմակերպությունների կողմից:

Հրդեհից վնասվածքներ ստացած են համարվում այն անձինք, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ և թունավորումներ, ինչը առաջ է բերել աշխատունակության կորուստ, մեկ օրից ոչ պակաս հոսպիտալացում կամ առաջին բուժօգնությունից հետո ամբուլատոր բուժման անհրաժեշտություն:

6. Հրդեհից փրկված (բացառությամբ հրդեհի վայրից ինքնուրույն դուրս եկածներից) համարվում են անձինք, որոնք հրդեհի վայրից տեղափոխվել են անվտանգ վայր` համապատասխան ծառայությունների կամ քաղաքացիների օգնությամբ:

7. Շենքերը, շինությունները, հիմնական միջոցները, փոքրարժեք արագամաշ ապրանքները և այլ նյութական արժեքները համարվում են փրկված, եթե դրանք գտնվելով հրդեհի տարածման գոտում, հրդեհից չեն վնասվել և կարող են օգտագործվել իրենց սկզբնական նշանակությամբ:

 

II. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնակավայրերում և օբյեկտներում տեղի ունեցած հրդեհների վերաբերյալ հաշվառումն իրականացնում են`

ա) պետական հրդեհային հսկողության մարմինները,

բ) պետական կառավարման մարմինները»

գ) կազմակերպությունները:

9. Հաշվառվում են բոլոր հրդեհները` անկախ դրանց առաջացման վայրից և հետևանքից:

Տրանսպորտային միջոցներում տեղի ունեցած հրդեհները հաշվառվում են այն քաղաքի (տարածաշրջանի) պետական հրդեհային հսկողության մարմնի կողմից, որտեղ տեղի է ունեցել դեպքը: Պաշտպանության և ազգային անվտանգության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների օբյեկտներում, մետրոպոլիտենի, երկաթգծի շարժակազմերում և օդային տրանսպորտում, անտառներում, ստորգետնյա հանքերում տեղի ունեցած հրդեհները հաշվառվում են տվյալ բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի, կազմակերպության կողմից:

10. Յուրաքանչյուր հրդեհի վերաբերյալ պետական հրդեհային հսկողության մարմնի պաշտոնատար անձի կողմից ղեկավարվող և ոչ պակաս, քան 3 անձից բաղկացած հանձնաժողովը 10 օրվա ընթացքում կազմում է ակտ հրդեհի մասին:

Հրդեհի մասին ակտը կազմվում է 3 օրինակից ոչ պակաս:

Այն հրդեհի դեպքում, երբ մարմանը հրշեջ ստորաբաժանումները չեն մասնակցել, և որի մասին (բանավոր կամ գրավոր) հայտարարությունը քաղաքացիներից, իրավապահ և ապահովագրական մարմիններից կամ այլ աղբյուրներից ստացվել է ուշացումով, ակտը կազմվում է տեղեկություն ստանալուց` 10 օրվա ընթացքում:

11. Պետական հրդեհային հսկողության մարմինը յուրաքանչյուր հրդեհի առաջացման պայմանների և պատճառների ուսումնասիրության հիման վրա 10 օրվա ընթացքում կազմում է հրդեհի հաշվառման քարտ:

12. Պաշտպանության և ազգային անվտանգության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների օբյեկտներում, մետրոպոլիտենի, երկաթգծի շարժակազմերում և օդային տրանսպորտում, անտառներում, ստորգետնյա հանքերում տեղի ունեցած հրդեհների մասին ակտերը կազմվում են համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից:

13. Շենքերը, շինությունները, հիմնական միջոցները, փոքրարժեք արագամաշ ապրանքները և այլ արժեքները համարվում են վնասված, եթե դրանք վերանորոգման միջոցով կարող են բերվել իրենց սկզբնական նշանակության համար պիտանի վիճակի: Հակառակ դեպքում դրանք համարվում են ոչնչացված:

14. Պետական հրդեհային հսկողության մարմինները հրդեհից պատճառված նյութական վնասը հաշվառում են կազմակերպության, հիմնարկի ղեկավարության, ապահովագրական կազմակերպության, քաղաքացու կողմից տրված տեղեկանքի (ակտի) հիման վրա:

Տեղեկանքում (ակտում) պարտադիր նշվում է ընդհանուր վնասի գումարը, ինչպես նաև առանձին շինությունների, սարքավորումների և այլ գույքի վնասի գումարի չափը: Նշված տեղեկությունների հավաստիության համար պատասխանատու են փաստաթղթերը ստորագրող անձինք:

15. Հրդեհների, դրանց պատճառած նյութական վնասների և տուժած անձանց հաշվառման ամբողջականության, ինչպես նաև հաշվետվային ամփոփ տվյալների հավաստիության և ժամանակին ներկայացնելու համար պատասխանատվություն է կրում պետական հրդեհային հսկողության մարմնի ղեկավարը:

16. Պետական հրդեհային հսկողության մարմինների ղեկավարները պարտավոր են յուրաքանչյուր ամիս կատարել հրդեհների մասին տեղեկությունների համեմատում` առողջապահական (մարդկանց զոհվելու կամ վնասվելու վերաբերյալ) և ապահովագրական (հրդեհների վնասների չափի վերաբերյալ) կազմակերպությունների տվյալների հետ:

17. Պետական հրդեհային հսկողության մարմինը հսկում է հրդեհների և դրանց հետևանքների ճիշտ հաշվառումը` իր տարածքային ստորաբաժանումների գործունեության ստուգման միջոցով:

Ստուգումների ժամանակ հայտնաբերված չհաշվառված հրդեհների դեպքերը և դրանց հետևանքները հաշվառվում են սույն կանոնների համաձայն:

 

 

pin
Արտակարգ իրավիճակների վարչություն
31.10.2003
N 978-Ն
Հրաման