Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՇՐՋԱՆԱՌՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀՈՒՇ ...

03.07.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.03.1997  -ից մինչեւ   03.07.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 17.07.00 թիվ 186 որոշում)

i

050.0053.240297

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 փետրվարի 1997թ. թիվ 53

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «Է» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շրջանառության մեջ հուշադրամներ դնելու» կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

1997 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի

ԹԻՎ 53 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ ԴՆԵԼՈՒ

 

1. Հուշադրամների շարքին են դասվում ՀՀ արժույթ հանդիսացող հատուկ հատված այն մետաղադրամները, որոնց պատրաստման համար օգտագործվել են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներ, ձեռնարկվել դրամահատման տեխնոլոգիայի և գեղարվեստական ձևավորման բարդ մեթոդներ, որոնց շնորհիվ հուշադրամները ձեռք են բերել առանձնահատուկ հատկանիշներ և հնարավորություն ստացել շրջանառության մեջ հանդես գալ`

ա) որպես վճարման միջոց` անվանական արժեքով,

բ) որպես հավաքածուի, նվիրատվության առարկա (անվանական արժեքից տարբերվող արժեքից):

Առաջին դեպքում հուշադրամը հանդես է գալիս որպես շրջանառության մեջ գործող մետաղադրամ, իսկ երկրորդ դեպքում` դրամագիտական արժեք: Դրամագիտական արժեք ներկայացնող հուշադրամները միևնույն ժամանակ կարող են հանդես գալ որպես օրինական վճարամիջոց` իրենց անվանական արժեքով:

2. ՀՀ կենտրոնական բանկին է պատկանում ՀՀ հուշադրամների թողարկման բացառիկ իրավունքը: Հուշադրամների արտադրությունը կազմակերպում և դրանք շրջանառության մեջ է դնում ՀՀ կենտրոնական բանկը, որը տալիս է հուշադրամների հատման պատվերներ, հսկում է դրամահատարանների կողմից յուրաքանչյուր պատվերի ժամանակին և որակով կատարումը, տալիս է տեղեկատվություն շրջանառության մեջ հուշադրամներ դնելու, նրանց տպաքանակի, տեխնիկական հատկանիշների, վաճառքի գների մասին, կազմակերպում է հուշադրամների իրացումը:

3. Երբ ոչ թանկարժեք մետաղից հատված հուշադրամները շրջանառության մեջ հանդես են գալիս մետաղադրամների տեսքով, ապա ՀՀ կենտրոնական բանկում պահվելիս նրանք իրենց անվանական արժեքով մուտքագրվում են «Մետաղադրամներ դրամապահոցում» արտահաշվեկշռային 9051 հաշվին ու շրջանառության մեջ են դրվում ու շրջանառությունից հանվում համաձայն ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 129 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շրջանառության մեջ կանխիկ դրամ բաց թողնելու և այն շրջանառությունից հանելու մասին» թիվ 2 հրահանգի:

4. Շրջանառության համար դրամահատարաններից ստացված մետաղադրամների տեսքով հանդես եկող թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամներն իրենց անվանական արժեքով մուտքագրվում են «Մետաղադրամներ դրամապահոցում» արտահաշվեկշռային 9051 հաշվին` իրենց ինքնարժեքով կապիտալացվելով հաշվեկշռային 2712 հաշվում: Թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամների կապիտալացված ինքնարժեքը ենթակա է վերագնահատման` թղթակցելով «Կապիտալ և պահուստներ» բաժնի «Այլ արժեքների վերագնահատման պահուստ» 5515 հաշվի հետ: Թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամները շրջանառության մեջ են դրվում և շրջանառությունից հանվում` համաձայն սույն կարգի 3-րդ կետում նշված հրահանգի: Շրջանառության մեջ դրված թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների կապիտալացված արժեքը դուրս է գրվում ՀՀ կենտրոնական բանկի ծախսերով: ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստներից ՀՀ կենտրոնական բանկի դրամարկղ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների փոխանցման ժամանակ տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

1) դ-տ 1011` ՀՀ կենտրոնական բանկի դրամարկղ,

կ-տ 3012` շրջանառության մեջ դրված մետաղադրամներ.

2) դ-տ` համապատասխան ծախսային հաշիվ,

կ-տ 2712` իրեր թանկարժեք մետաղներից, մետաղադրամներ:

Դրամարկղ փոխանցվող գումարը դուրս է գրվում արտահաշվեկշռային 9051 հաշվից:

5. Դրամահատարաններից ստացված դրամագիտական արժեք ներկայացնող հուշադրամները (թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից հատված) մուտքագրվում են ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստներ և իրենց ինքնարժեքով հաշվառվում են 2712 հաշվում` առանձին անալիտիկ հաշիվներով, ըստ մետաղների տեսակների և հատված դրամի տեսակի:

6. Դրամական պահուստներում դրամագիտական արժեք ներկայացնող հուշադրամները պահվում են մյուս մետաղադրամներից և արժեքներից առանձին:

7. ՀՀ հուշադրամները թողարկվում և շրջանառության մեջ դրվում են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված հուշադրամների թողարկման ծրագրի համաձայն:

8. Դրամագիտական արժեք ներկայացնող հուշադրամները շրջանառության մեջ են դրվում յուրաքանչյուր հուշադրամի համար ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով սահմանված վաճառքի գնով: ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստներից հուշադրամները շրջանառության մեջ դրվելու ժամանակ տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

ռ-տ 2612` ներքին դեբիտորներ.

կ-տ 2712` իրեր թանկարժեք մետաղներից, մետաղադրամներ:

9. Իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են իրականացնել հուշադրամների առք ու վաճառք և այլ գործարքներ, եթե դրանք չեն հակասում ՀՀ օրենսդրությանը: Առևտրային բանկերը հաճախորդների հետ դրամագիտական արժեք ներկայացնող հուշադրամներով գործարքներ կատարելիս ինքնուրույն են սահմանում դրանց գները: Հուշադրամների գնման և վաճառքի գինը սահմանվում է` ելնելով նրանց պահպանվածության աստիճանից: Ցածր պահպանվածության աստիճան ունեցող հուշադրամների հետ գործարքներում կարող են օգտագործվել կարգավորող գործակիցներ` գնման և վաճառքի գների նկատմամբ հուշադրամի այս կամ այն պահպանվածության աստիճանին համապատասխան (հավելված թիվ 1, կցվում է):

10. Դրամագիտական արժեք ներկայացնող հուշադրամների վաճառքի դեպքում հուշադրամների ինքնարժեքը դուրս է գրվում «Ներքին դեբիտորներ» հաշվեկշռային 2612 հաշվից: Միաժամանակ, վաճառքի գնի և ինքնարժեքի միջև եղած տարբերությունը մուտքագրվում է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հաշվին:

ՀՀ կենտրոնական բանկի ծախսերով, ինչպես նաև որպես նվիրատվություն հուշադրամների տրամադրման ժամանակ 2612 հաշվարկային հաշվից դուրս է գրվում միայն հուշադրամների ինքնարժեքի գումարը` տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

դ-տ` ծախս,

կ-տ 2612` ներքին դեբիտորներ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

1997 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի

ԹԻՎ 53 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Մետաղադրամների գնահատման համար, հիմնվելով նրանց ֆիզիկական բնութագրերի վրա, մշակվել են մի շարք համընդհանուր ճանաչում ստացած ցուցանիշներ, որոնք արտացոլում են` մի կողմից մետաղադրամի հատման տեխնոլոգիայի առանձնահատկությունները (հատման որակը), մյուս կողմից` նրա ֆիզիկական պահպանվածության աստիճանը, այսինքն` մետաղադրամի մակերևույթի վրա այս կամ այն չափով նշանակալի վնասվածքների առկայությունը, որոնք մետաղադրամը ձեռք է բերում հատման, պահեստավորման և շրջանառության ընթացքում: Ֆիզիկական բնութագրերը, հանդիսանալով միակը մետաղադրամի ցանկացած տիպի համար, կարող են կիրառվել ինչպես ՀՀ արժույթ ներկայացնող մետաղադրամի, այնպես էլ դրամագիտական արժեք ներկայացնող մետաղադրամի համար:

 

1. Մետաղադրամների հատման որակը

 

«ՊՐՈՒՖ»: Մետաղադրամի հատման բարձրագույն որակն է, որը ստացվում է հատման համար հատուկ հաստոցներ և վերամշակման հատուկ ձևեր օգտագործելիս: Մետաղադրամները պատրաստվում են անհատական ռեժիմով, ձեռքի աշխատանքի մեծ բաժնով: Պատրաստի մետաղադրամները անմիջապես փակվում են թափանցիկ պարկուճների մեջ: «Պրուֆ» որակի մետաղադրամներն ունեն բացարձակ հարթ, հայելային մակերևույթ և, որպես կանոն, ուռուցիկ նկար: Բարձրաքանդակը (ռելիեֆը) պետք է լինի պարզ, ունենա լավ երևացող մանրնմասեր (դետալներ): Մետաղադրամի վրա չպետք է լինեն անզեն աչքով տեսանելի խազեր, քերվածքներ, անհարթություններ, մակերևույթի մանրագույն անհավասարություններ (օրինակ` ալիքաձև կամ նարնջի կեղև հիշեցնող մասեր), դրամաշուրթի անհամաչափ տեղադրման և ձեռքի հպման հետքեր:

«ԼԱՎԱՑՎԱԾ ՈՐԱԿ»: Վերաբերում է այն մետաղադրամներին, որոնք հատված են սովորական հաստոցներով, սակայն, օգտագործելով ավելի լավ մշակված գործիքներ և կիսաֆաբրիկատ: Կիսաֆաբրիկատները մինչև հաստոց տեղափոխվում են ավտոմատ ձևով, իսկ պատրաստի մետաղադրամները հանվում են աշխատանքային գոտուց ձեռքով` ոչ բարդ հարմարանքների օգնությամբ, որը բացառում է մետաղադրամների հետ ձեռքի շփումը և նրանց վրա վնասվածքների գոյացումը: «Լավացված» որակով մետաղադրամներն ունեն հարթ, փայլուն մակերևույթ, նկարի պարզ և հստակ գծեր: Մետաղադրամի վրա չպետք է լինեն անզեն աչքով տեսանելի խազեր, մատների հետքեր և այլն: Նշված մետաղադրամները հատումից հետո տեղադրվում են փափուկ կամ կոշտ թափանցիկ պլաստիկ կափարիչների մեջ, երբեմն նաև հուշանվերային տուփերի մեջ:

 

2. Մետաղադրամների պահպանվածության մակարդակները

 

«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԵՂԱԾ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐ»: Շրջանառությամբ պայմանավորված վնասվածքներ չունեցող մետաղադրամներն են, որոնք, սակայն, կարող են ունենալ տեխնոլոգիական վնասվածքներ (անզեն աչքով տեսանելի շատ փոքր խազեր): Այդպիսի վնասվածքներ առաջանում են մետաղադրամները մեկը մյուսի հետ շփումից` հաստոցների ավտոմատ վերահաշվող մեքենայով անցնելու, ինչպես նաև մետաղադրամները արտադրամասից պահեստ տեղափոխելու ժամանակ: Նշված մետաղադրամները, որպես կանոն, ողջ մակերևույթով ունեն խամրած մետաղյա փայլ:

«ԲԱՑԱՐՁԱԿ ԼԱՎ ՊԱՀՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ»: Վերաբերում է այն մետաղադրամներին, որոնք շրջանառության մեջ եղել են կարճ ժամանակ: Բացի վերը նշված սովորական տեխնոլոգիական վնասվածքներից, այս մետաղադրամները բարձրաքանդակի վերին մասերում ունեն անզեն աչքով տեսանելի տարբեր աստիճանի թեթևակի մաշվածություններ: Նկարների գծագրությունները հստակ են, բոլոր մանրամասերը պահպանված են: Թարմ մետաղյա փայլը մակերևույթի մեծ մասի վրա բացակայում է: Խորը խազեր և այլ թերություններ չկան:

«ՇԱՏ ԼԱՎ ՊԱՀՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ»: Այս մետաղադրամները շրջանառության մեջ եղել են ավելի երկար ժամանակ և բարձրաքանդակի բարձր մասերում ունեն նկատելի մաշվածություն, ամենամանր մասերն արդեն վնասված են, բայց նկատվում են, նկարների գծագրությունները դեռ բավականին ընդգծված են, մետաղադրամի ընդհանուր տեսքը լավ է: Մետաղյա փայլը բացակայում է նույնիսկ առանձին հատվածներում: Ինչպես վերը նշված կատեգորիաներում` թույլատրելի են փոքր խազեր: Խորը խազեր և այլ լուրջ վնասվածքներ չկան:

«ԼԱՎ ՊԱՀՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ»: Վերաբերում է այն մետաղադրամներին, որոնք շրջանառության մեջ գտնվում են բավականին երկար ժամանակ և ունեն նշանակալի մաշվածքներ ողջ մակերևույթով: Բարձրաքանդակի որոշ մանրամասեր ջնջված են ամբողջությամբ, գծագրերը կորցրել են հստակությունը, բայց բարձրաքանդակը և գրերը հեշտությամբ տարբերվում են: Թույլատրվում են թեթև խազեր և սովորական տեխնոլոգիական վնասվածքներից մի փոքր ավելի լուրջ վնասվածքներ:

«ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՎԱՐԱՐ ՊԱՀՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ»: Վերաբերում է ողջ մակերևույթի նշանակալի մաշվածք ունեցող մետաղադրամներին: Հնարավոր է տարբերել միայն նկարների խոշոր մասերը: Դեկորատիվ զարդանախշերի մանր դրվագներ (հացահատիկ, տերև, կետեր, աստղեր և այլն) ջնջվել են ամբողջությամբ:

«ԲԱՎԱՐԱՐ ՊԱՀՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ»: Վերաբերում է այն մետաղադրամներին, որոնց վրա հնարավոր է տարբերել միայն հիմնական նկարների գծագրերը: Գծերը և տարեթվերը դժվարությամբ են տարբերվում:

«ԼՈՒՐՋ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐ»: Համարվում են մետաղյա ջարդոն, ունեն ավելի լուրջ վնասվածքներ.

- դիտավորյալ հասցված խորը խազեր

- սղոցվածք, քերվածք

- անցքեր, ձուլվածք, քիմիական նյութերից քայքայվելու հետքեր

- մակերևույթի ձևախախտում

- մետաղի շերտավորում

- մաշվածության մեծ աստիճան, որի դեպքում հնարավոր չէ կարդալ գրերը և

ամսաթիվը

- կեղծ մետաղադրամներ, անկախ նրանց վիճակից և պահպանվածության

աստիճանից:

«Լավացված» և «պրուֆ» որակի մետաղադրամները, եթե դրանք եղել են շրջանառության մեջ առանց պաշտպանիչ պարկուճների կամ այլ փաթեթների և ձեռք են բերել մաշվածքներ ու այլ վնասվածքներ, գնահատվում են ըստ պահպանվածության աստիճանի` ինչպես հասարակ մետաղադրամներ:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
24.02.1997
N 53
Որոշում