Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ...

 

 

i

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Թուրքմենստանը, այսուհետ` Բարձր պայմանավորվող կողմեր,

ճանաչելով Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պետական անկախության անքակտելի իրավունքը,

հաստատակամորեն նվիրված լինելով իրենց տարածքներում ժողովրդավարական իրավական պետությունների կառուցմանը,

համարելով, որ միմյանց հետ բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը համապատասխանում են երկու պետությունների ժողովուրդների արմատական շահերին և ծառայում խաղաղության ու անվտանգության գործին,

հաստատելով իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության այլ փաստաթղթերի սկզբունքներին ու նպատակներին,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում են միմյանց որպես ինքնիշխան պետություններ` միջազգային իրավունքի սուբյեկտներ: Նրանք պարտավորվում են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնաս պատճառել մյուս Բարձր պայմանավորվող կողմի պետական ինքնիշխանությանը, և իրենց հարաբերություններում ղեկավարվել միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը երաշխավորում է իր տարածքում բնակվող բոլոր անձանց` անկախ նրանց ազգությունից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքներից, քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներ և ազատություններ` համընդհանուր ճանաչում գտած միջազգային նորմերին և իր օրենսդրությանը համապատասխան:

Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է աջակցել իր տարածքում բնակվող Բարձր պայմանավորվող մյուս կողմի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը` միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան նրանց համակողմանի օգնություն ցուցաբերելու հարցում:

Այդ նպատակով Բարձր պայմանավորվող կողմերը կկնքեն հյուպատոսական կոնվենցիա, քաղաքացիական, ընտանեկան ու քրեական գործերում իրավական օգնության մասին պայմանագիր և այլ համաձայնագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում են, որ Բարձր պայմանավորվող կողմերի սեփականության, այդ թվում` Կողմերից մեկի իրավաբանական անձանց և քաղաքացիների` մյուս Կողմի տարածքում գտնվող ունեցվածքի իրավական կարգավիճակը որոշվում է սեփականության գտնվելու վայրի Բարձր պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Բարձր պայմանավորվող կողմերը իրավահավասար և փոխշահավետ համագործակցություն կզարգացնեն քաղաքականության, տնտեսության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, գիտության, տեխնիկայի, ինֆորմատիկայի, առևտրի, հումանիտար և այլ բնագավառներում, կաջակցեն լայն տեղեկատվական փոխանակմանը:

Բարձր պայմանավորվող կողմերն անհրաժեշտ են համարում համապատասխան պայմանագրեր կնքել այդ բնագավառներում համագործակցության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Բարձր պայմանավորվող կողմերի տնտեսական հարաբերությունները կարգավորվում են համապատասխան պայմանագրերով:

Բարձր պայմանավորվող կողմերը համաձայնեցին, որ միջպետական հարաբերությունների, առևտրափոխանակման, կապի և բեռնափոխադրումների բոլոր տեսակների կոնկրետ մեխանիզմները կկարգավորվեն համապատասխան համաձայնագրերով: Կողմերը միակողմանի կերպով չեն կիրառի մյուս Կողմի շուկան ապակայունացնող տնտեսական միջոցառումներ, ինչպես նաև չեն մասնակցի երրորդ կողմի համանման գործողություններին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Բարձր պայմանավորվող կողմերը միջկառավարական պայմանագրեր կկնքեն փոխադարձ մատակարարումների և ծառայությունների, արժեթղթերի շրջանառության վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Բարձր պայմանավորվող կողմերը ապահովում են տարանցիկ տրանսպորտային փոխադրումները իրենց տարածքում տեղակայված ցանկացած վերերկրյա տրանսպորտային ցանցի, օդային, ծովային և գետային կայանների, գլխավոր խողովակաշարերի միջոցով:

Տարանցիկ տրանսպորտային փոխադրումների իրականացման պայմաններն ու կարգը որոշվում են Բարձր պայմանավորվող կողմերի միջև կնքված առանձին համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Բարձր պայմանավորվող կողմերը նպատակահարմար են համարում միջպետական մակարդակով համաձայնեցված գործողությունները` հետևյալ հարցերում.

մասնակցություն միջազգային տնտեսական տարածքի ձևավորմանն ու զարգացմանը և համագործակցություն մշակույթի, արվեստի, զբոսաշրջության և սպորտի բնագավառներում,

ինֆորմատիկայի և կապի բնագավառի զարգացման,

մասնակցություն շրջակա միջավայրի պաշտպանության և բնապահպանական համապարփակ միջազգային համակարգի ստեղծմանը,

համագործակցություն խորհրդատվությունների և կարծիքների փոխանակման միջոցով,

խաղաղության պահպանման և անվտանգության ամրապնդման գործում` ինչպես երկկողմ հիմունքներով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում,

պայքար կազմակերպված հանցագործությունների դեմ` ինչպես Բարձր պայմանավորվող կողմերի տարածքում, այնպես էլ ավելի լայն միջազգային մասշտաբով,

մարդու իրավունքների պաշտպանության` միջազգային իրավունքի նորմերին և ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Բարձր պայմանավորվող կողմերը հատուկ ուշադրություն կդարձնեն երկու պետությունների խորհրդարանների և պատգամավորների միջև շփումներին և համագործակցությանը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Բարձր պայմանավորվող կողմերի սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունները չեն տարածվում երրորդ երկրների վրա և չեն սահմանափակում երրորդ կողմի հետ պայմանագիր կնքելու Բարձր պայմանավորվող կողմերի իրավունքը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Բարձր պայմանավորվող կողմերը, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, միջպետական հանձնաժողովի մակարդակով կանցկացնեն երկկողմ խորհրդակցություններ և բանակցություններ` սույն Պայմանագրի կատարման հարցերի վերաբերյալ:

Սույն Պայմանագրի դրույթների կիրառման և մեկնաբանման ժամանակ ծագած վեճերը Բարձր պայմանավորվող կողմերը կլուծեն բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը իրեն վերապահում է սույն Պայմանագրի կամ դրա առանձին հոդվածների գործողությունը շարունակելու նպատակահարմարության մասին բանակցություններ անցկացնելու իրավունք: Սույն Պայմանագրի հոդվածները կարող են լրացվել կամ փոփոխվել Բարձր պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակման օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Պայմանագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով: Նրա գործողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամկետով յուրաքանչյուր անգամ, եթե Բարձր պայմանավորվող կողմերից ոչ մեկը Պայմանագրի ժամկետի ավարտից ոչ պակաս, քան վեց ամիս առաջ մյուս Բարձր պայմանավորվող կողմին գրավոր չի ծանուցում դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Աշգաբատ քաղաքում 1993 թվականի օգոստոսի 24-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և թուրքմեներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի հունիսի 1-ից:

 

 

pin
Թուրքմենստանի Հանրապետություն
24.08.1993
Միջազգային պայմանագիր