Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ձգտելով երկու պետությունների տարածքներում քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության բնագավառում համագործակցության բազմակողմանի զարգացմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է այն անձանց վրա (այսուհետ` գործավորներ), որոնք Հայաստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են կամ էլ մշտական բնակության վայր ունեն այդ պետություններից մեկի տարածքում (այսուհետև` մեկնումի պետություն) և, ըստ աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) պայմանների, իրենց աշխատանքային գործունեությունն են իրականացնում, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում (այսուհետև` աշխատանքի տեղավորման պետություն), ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Տարիքը, որից սկսած թույլատրվում է գործավորներին աշխատանքի ընդունել, որոշվում է աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Մարմինները (այսուհետև` լիազոր մարմիններ), որոնց վրա դրվում է սույն Համաձայնագրի իրագործումը, հանդիսանում են`

հայկական Կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը,

ռուսական Կողմից` Ռուսաստանի Դաշնության միգրացիոն (գաղթային) ծառայությունը:

Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով լիազոր մարմինները ստեղծում են համատեղ աշխատանքային խումբ` գործավորների` սույն Համաձայնագրով նախատեսված իրավունքների ապահովման հարցերը քննարկելու և ծագող հիմնախնդիրների լուծման հանձնարարականներ նախապատրաստելու համար:

Լիազոր մարմինները հաստատում են աշխատանքային խմբի աշխատակարգը և նրա կանոնադրությունը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Գործավորի ժամանումը աշխատանքի տեղավորման պետություն, այնտեղ մնալը և աշխատանքային գործունեությունը կարգավորվում են այդ պետության օրենսդրությամբ:

Գործավորի աշխատանքային գործունեությունը ձևակերպվում է գործատուի (վարձատուի) հետ կնքված աշխատանքային պայմանագրով (կոնտրակտով)` աշխատանքի տեղավորման պետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:

Գործատուն (վարձատուն) կնքված պայմանագրերը (կոնտրակտները) գրանցում է լիազոր մարմինների որոշած հիմնարկություններում:

Եթե աշխատանքային պայմանագիրը (կոնտրակտը) լուծվում է` կապված ձեռնարկության, հիմնարկության, կազմակերպության լուծարման, գործավորների թվաքանակի կամ հաստիքների կրճատման հետ, աշխատանքի տեղավորման պետության լիազոր մարմինը պարտավոր է, որքանով դա հնարավոր է, գործավորին մեկ այլ համարժեք աշխատանք տալ նախապես կնքված աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) գործողության ժամկետով:

Աշխատանքի տեղավորելու անհնարինության դեպքում գործավորի վրա տարածվում են այն երաշխիքներն ու փոխհատուցումները, որոնք աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ նախատեսված են հիշյալ պատճառներով աշխատանքից ազատվող գործավորների համար:

Գործավորին գործազուրկի կարգավիճակ է տրվում մեկնումի պետության կողմից` նրա օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Աշխատանքի շուկաներում իրավիճակի փոփոխության դեպքում Կողմերը կարող են, փոխադարձ պայմանավորվածության հիման վրա, մտցնել գործավորների ընդունման սահմանափակումներ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Գործավորներն օգտվում են այն իրավունքներից և կատարում են այն պարտականությունները, որոնք սահմանված են աշխատանքի տեղավորման պետության աշխատանքային օրենսդրությամբ (ներառյալ աշխատանքային հարաբերությունների, կոլեկտիվ պայմանագրերի, աշխատանքի վարձատրության, աշխատաժամանակի և հանգստի ժամանակի պայմանակարգի, աշխատանքի պաշտպանության ու պայմանների հարցերը և այլն):

Գործավորների աշխատանքային ստաժը, ներառյալ արտոնյալ կարգով հաշվարկվող ստաժը և ըստ մասնագիտության աշխատանքի ստաժը, որը ձեռք է բերվել երկու պետությունների տարածքներում աշխատանքային գործունեության հետ կապված, Կողմերը փոխադարձաբար ճանաչում են:

Գործավորների աշխատանքային ստաժի հաշվարկը կատարվում է աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Գործավորների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական սոցիալական ապահովագրության հարցերը, ինչպես նաև աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում գործավորի ստացած խեղման, պրոֆեսիոնալ հիվանդության կամ առողջության այլ վնասվածքների հետևանքով կրած վնասի հատուցման կարգերը կարգավորվում են առանձին համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Մի պետության տարածքում սույն Համաձայնագրի իրականացման նպատակով, սահմանված ձևով տրված փաստաթղթերը կամ դրանց` սահմանված կարգով վավերացված պատճենները մյուս պետության տարածքում ճանաչվում են առանց լեգալացման (օրինականացման):

Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են Կողմերի միջև անցկացվող խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է հնգամյա ժամկետով և ամեն անգամ ինքնաբերաբար կերկարաձգվի մեկ տարով, եթե Կողմերից ոչ մեկը համապատասխան ժամանակաշրջանն ավարտվելուց առնվազն 6 ամիս առաջ գրավոր ծանուցման միջոցով չհայտարարի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում դրա դրույթները գործատուների (վարձատուների) հետ գործավորների կնքած աշխատանքային պայմանագրերի (կոնտրակտների) նկատմամբ ուժի մեջ են մնում մինչև պայմանագրերի ժամկետների ավարտը:

Սույն Համաձայնագրում Կողմերի համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու օրվանից:

 

Կատարված է Երևան քաղաքում 1994 թվականի հուլիսի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ համազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի հուլիսի 19-ից:

 

 

pin
Ռուսաստանի Դաշնություն
Համաձայնագիր